ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
7 մայիսի 2012 թվականի N 341-Ա
i
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Ազգային» կարգավիճակ շնորհելու հայտերի ընդունման, ուսումնասիրման և քննարկման նպատակով`
1) ստեղծել մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Ազգային» կարգավիճակ շնորհելու հարցերով հանձնաժողով.
2) հաստատել մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Ազգային» կարգավիճակ շնորհելու հարցերով հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը` համաձայն N 1 և N 2 հավելվածների.
3) սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 176-Ն որոշմամբ սահմանված կարգով`
ա. թատերական, երաժշտական, պարարվեստի և ֆիլմարվեստի ոլորտների ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը ընդունում և ուսումնասիրում է նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչությունը.
բ. թանգարանային, գրադարանային և արխիվային ոլորտների ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը ընդունում և ուսումնասիրում է նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալներ Ա. Պողոսյանին և Ա. Սամուելյանին:
Հավելված N 1
ՀՀ մշակույթի նախարարի
2012 թ. մայիսի 7-ի
N 341-Ա հրամանի
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հասմիկ Պողոսյան ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Արթուր Պողոսյան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահի տեղակալ)
Արև Սամուելյան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահի տեղակալ)
Ավետիս Բերբերյան ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Սեյրանուհի ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից
Գեղամյան արվեստի վարչության պետ
Արմենակ Սարգսյան ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային
ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության
պետ
Հակոբ Ղազանչյան ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության
նախագահ (համաձայնությամբ)
Դավիթ Մուրադյան կինոգետ, թատերագետ, գրող, հրապարակախոս
(համաձայնությամբ)
Լևոն Անանյան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայաստանի
գրողների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ռոբերտ Ամիրխանյան ՀՀ ժողովրդական արտիստ, «Հայաստանի կոմպոզիտորների
և երաժշտագետների միություն» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Ռուբեն Գևորգյանց ՀՀ ժողովրդական արտիստ, «Հայաստանի
կինեմատոգրաֆիստների միություն» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Կարեն Գևորգյան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայաստանի
ազգային պարարվեստի և պարագետների միություն»
ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Դավիթ Ղազարյան «Հայաստանի երաժշտական ընկերություն» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Անելկա Գրիգորյան «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի
պաշտոնակատար
Հասմիկ Մանուկյան ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր
մասնագետ
Հավելված N 2
ՀՀ մշակույթի նախարարի
2012 թ. մայիսի 7-ի
N 341-Ա հրամանի
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Ազգային» կարգավիճակ շնորհելու հարցերով հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթները, աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգը:
2. Հանձնաժողովը ստեղծվում և նրա անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Հանձնաժողովը կազմված է 15 անդամից և գործում է 3 տարի ժամկետով:
3. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել շահագրգիռ պետական մարմինների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի բնագավառի գործիչներ, փորձագետներ:
4. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 176-Ն որոշմամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 176-Ն որոշմամբ սահմանված կարգով «Ազգային» կարգավիճակ ստանալու համար մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացված հայտերը և տալիս է եզրակացություն «Ազգային» կարգավիճակ շնորհելու կամ մերժելու վերաբերյալ:
6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են նախարարի կողմից` ըստ անհրաժեշտության:
7. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալներից և անդամներից:
8. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
9. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:
10. Հանձնաժողովի անդամներն ունեն հավասարազոր իրավունքներ:
11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
12. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա տեղակալներից մեկը:
13. Հանձնաժողովի նիստին մասնակցելու համար անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև համապատասխան ոլորտների մասնագետներ:
14. Հանձնաժողովի եզրակացությունները ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում վճռական է նախագահի ձայնը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
15. Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ հատուկ կարծիքներն ընդունվում են գրավոր և կցվում արձանագրությանը:
III. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
16. Հանձնաժողովի նիստ հրավիրելու դեպքում, նախարարի հանձնարարությամբ, սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված կառուցվածքային ստորաբաժանումները նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստի հրավիրման, տեղի, ժամանակի մասին` նրանց առաքելով նիստի օրակարգը և համապատասխան նյութերը, որոնք հասցեատիրոջն են տրամադրվում առձեռն կամ էլեկտրոնային փոստի կամ ֆաքսիմիլային կապի միջոցով:
17. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
18. Հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է նախարարության աշխատակազմը:
IV. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
19. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում են սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված կառուցվածքային ստորաբաժանումները:
20. Նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց անունը, ազգանունը.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված եզրակացությունները:
21. Հանձնաժողովի նիստի արձանագրություններն ու եզրակացությունները ստորագրում է հանձնաժողովի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալներից մեկը:
22. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են նախարարության աշխատակազմում:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23. Հանձնաժողովի նախագահը`
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.
4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
24. Հանձնաժողովի նախագահի տեղակալները`
1) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգում են հանձնաժողովի աշխատանքները.
2) հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում կամ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ փոխարինում են հանձնաժողովի նախագահին:
25. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
1) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել բանավոր կամ գրավոր կարծիք.
2) մասնակցել եզրակացությունների ընդունման համար քվեարկությանը:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
26. Սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված կառուցվածքային ստորաբաժանումները հանձնաժողովի նիստերի արձանագրությունները կամ դրանց քաղվածքները և հանձնաժողովի եզրակացությունները նիստից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են հանձնաժողովի բոլոր անդամներին:
27. Հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունները տեղադրվում են նախարարության ինտերնետային կայքում: