040.0974.060918
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2018 թվականի N 974-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԷԿՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` ՀՀ 2302, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Գործարանային 1 հասցեում գտնվող տարածքում` համաձայն հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, մշակող արդյունաբերության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 05.01.2023 թիվ 28-Ա որոշում)
2. Սահմանել`
i
1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրական և տեխնիկակիրառական` մշակող արդյունաբերության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում.
2) ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի.
3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը` 25 տարի:
(2-րդ կետը փոփ. 05.01.2023 թիվ 28-Ա որոշում)
3. Ճանաչել «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար` 286.120.990482) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:
4. Հաստատել`
i
1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն NN 1 և 1.1 հավելվածների.
2) «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
(4-րդ կետը փոփ. 12.12.2019 թիվ 1805-Ա որոշում)
5. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առավելագույնը 1 տարվա ընթացքում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կատարելուց հետո` Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան եզրակացության հիման վրա:
6. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 30-ի
N 974-Ա որոշման

Հավելված N 1.1
i
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 30-ի
N 974-Ա որոշման

(1.1-ին հավելվածը լրաց. 12.12.2019 թիվ 1805-Ա, 05.01.2023 թիվ 28-Ա որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 30-ի
N 974-Ա որոշման
ԷԿՈՍ
ԲԱՐՁՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՈՒՄ
ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ
Բովանդակություն
._____________________________________________________________________.
|1 |Տերմիններ և սահմանումներ | 1|
|______|___________________________________________________________|__|
|2 |Հայաստանում ԱՏԳ ստեղծման նախադրյալները | 3|
|______|___________________________________________________________|__|
|2.1 |Բլոկչեյն-տնտեսության նախադրյալները | 3|
|______|___________________________________________________________|__|
|2.2 |Արտադրական ուղղության ստեղծման նախադրյալները | 4|
|______|___________________________________________________________|__|
|2.3 |Հայաստանի Հանրապետության տարածքում ԱՏԳ ստեղծման | 5|
| |նախադրյալները | |
|______|___________________________________________________________|__|
|3 |Նախագծի էությունը և համառոտ նկարագրությունը | 6|
|______|___________________________________________________________|__|
|3.1 |Նախագծի նախաձեռնությունը | 6|
|______|___________________________________________________________|__|
|3.2 |ԱՏԳ նպատակները, խնդիրները և գործունեության ուղղությունները| 7|
|______|___________________________________________________________|__|
|4 |ԱՏԳ-ի կազմակերպչական կառուցվածքը |10|
|______|___________________________________________________________|__|
|4.1.1 |ԱՏԳ կազմակերպիչը |11|
|______|___________________________________________________________|__|
|4.1.2 |Ակսելերատոր |13|
|______|___________________________________________________________|__|
|4.1.3 |Կրթական կլաստեր |14|
|______|___________________________________________________________|__|
|4.1.4 |Հետազոտական կլաստեր |15|
|______|___________________________________________________________|__|
|4.1.5 |Մայնինգ-կենտրոն |16|
|______|___________________________________________________________|__|
|4.1.6 |Լաբորատորիա |17|
|______|___________________________________________________________|__|
|4.1.7 |Ծառայություններ մատուցող ընկերություններ |18|
|______|___________________________________________________________|__|
|5 |Մարքեթինգային ռազմավարությունը և ԱՏԳ լոգոն |19|
|______|___________________________________________________________|__|
|5.1 |Մարքեթինգային ռազմավարությունը |19|
|______|___________________________________________________________|__|
|5.2 |ԱՏԳ լոգո |20|
|______|___________________________________________________________|__|
|6 |ԱՏԳ աշխարհագրությունը |21|
|______|___________________________________________________________|__|
|7 |ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆ |23|
|______|___________________________________________________________|__|
|8 |ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, |25|
| |ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԱՏԳ ՏԱՐԱԾՔՈՒՄ | |
|______|___________________________________________________________|__|
|9 |ԱՏԳ օպերատորներին ներկայացվող պահանջները |26|
|______|___________________________________________________________|__|
|10 |Համագործակցությունը ԱՏԳ-ում |28|
|______|___________________________________________________________|__|
|11 |ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԼԱՆ |30|
|______|___________________________________________________________|__|
|11.1 |Արտահանման կանխատեսվող ծավալները, մլն ԱՄՆ դոլար |30|
|______|___________________________________________________________|__|
|11.2 |Նոր աշխատատեղերի կանխատեսվող քանակը |30|
|______|___________________________________________________________|__|
|11.2.1|ԱՏԳ Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի քանակը |31|
|______|___________________________________________________________|__|
|11.3 |Ներդրումների ընդհանուր ծավալը | |
|______|___________________________________________________________|__|
|11.3.1|ԱՏԳ օպերատորների ներգրավում |31|
|______|___________________________________________________________|__|
|11.3.2|ԱՏԳ Կազմակերպչի ներդրումների ծավալը |32|
|______|___________________________________________________________|__|
|11.4 |Կանխատեսվող շահագործողների քանակ և նկարագրություն |32|
|______|___________________________________________________________|__|
|11.5 |Կանխատեսվող եկամուտ |32|
|______|___________________________________________________________|__|
|11.6 |Ներդրման և ֆինանսավորման ընդհանուր ծավալը |32|
|______|___________________________________________________________|__|
|12 |ԱՏԳ-ում պլանավորվող գործունեության տեսակները |33|
|______|___________________________________________________________|__|
|13 |ԱՏԳ ինֆրաստրուկտուրան |39|
._____________________________________________________________________.
1. Տերմիններ և սահմանումներ
1. Կրիպտոակտիվ - թվային նշան (տոկեն), որն օգտագործվում է միջազգային շրջանառության մեջ որպես փոխանակման ունիվերսալ միջոց:
2. Մայնինգ - սեփական թվային նշանների (տոկենների) ստեղծումից տարբերվող գործունեություն, որն ուղղված է գործարքների բլոկների ռեեստրի (բլոկչեյնի) գործունեության ապահովմանը` այդպիսի ռեեստրում կատարված գործառնությունների մասին տեղեկություններ պարունակող նոր բլոկների ստեղծման միջոցով: Մայնինգ իրականացնող անձը դառնում է իր մայնինգի գործունեության արդյունքում առաջացած (ձեռք բերված) թվային նշանների (տոկենների) սեփականատեր, և կարող է ստանալ թվային նշաններ (տոկեններ)` որպես պարգևատրում բլոկչեյնի ապակենտրոնացված ցանցին (գործարքների բլոկների ռեեստր) աջակցելու համար: Կրիպտոարժույթի շրջանառության օպերատոր - ընկերություն, որը ինքնակարգավորման ռեժիմում աշխատող տեղեկատվական համակարգերի և (կամ) ծրագրային-տեխնիկական ամբողջությունների օգտագործման միջոցով, իր անունից և իր շահերից ելնելով իրականացնում է մի տեսակի թվային նշանների (տոկենների) փոխանակում մեկ այլ տեսակի թվային նշաններով (տոկեններով), դրանց գնում և վաճառք:
3. Կրիպտոհարթակի օպերատոր - ընկերություն, որը, տեղեկատվական համակարգի օգտագործման միջոցով, ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում միմյանց հետ և (կամ) կրիպտոհարթակի օպերատորի հետ իրականացնել հետևյալ գործարքները (գործառնությունները)`
1) Արժույթի կամ էլեկտրոնային դրամի դիմաց օտարել, ձեռք բերել թվային նշաններ (տոկեններ),
2) Փոխանակել մի տեսակի թվային նշանները (տոկենները) մեկ այլ տեսակի թվային նշաններով (տոկեններով):
4. Թվային նշանների (տոկենների) տեղաբաշխում - իրավաքաղաքացիական գործարքների կամ այլ իրավաբանական նշանակության գործարքների կատարում, որոնք ուղղված են թվային նշանները (տոկենները) այդպիսի թվային նշանները (տոկենները) ԱՏԳ օպերատորի միջոցով ստեղծող անձի կողմից սահմանված պայմաններով իրենց առաջին սեփականատիրոջը հանձնելուն:
5. Կանոնակարգ - Ազատ տնտեսական գոտու օպերատորների գրանցման կարգի վերաբերյալ Կանոնակարգ:
6. Տրանզակցիայի բլոկների ռեեստր (բլոկչեյն) - կառուցված է տեղեկատվության պաշտպանման կրիպտոգրաֆիկ մեթոդները, այդպիսի համակարգում կատարվող գորածառույթների մասին տեղեկատվությունով բլոկների հերթականությունը օգտագործող բաշխված ապակենտրոնացված տեղեկատվական համակարգում տրված ալգորիթմի հիման վրա:
7. Սմարթ-պայմանագիր - ծրագրային ծածկագիր, որը նախատեսված է տրանզակցիայի բլոկների ռեեստրում (բլոկչեյն), այլ բաշխված տեղեկատվական համակարգում գործարքները կամ այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործարքները ավտոմատացված կերպով իրականացնելու և/կամ կատարելու գործառության համար:
8. Թվային նշան (տոկեն) - գրառում տրանզակցիաների բլոկների ռեեստրում (բլոկչեյն), այլ բաշխված տեղեկատվական համակարգում, որը վավերացնում է թվային նշանի (տոկենի) սեփականատիրոջ իրավունքները քաղաքացիական իրավունքների օբյեկտների նկատմամբ և/կամ հանդիսանում է կրիպտոակտիվ:
2. Հայաստանում ԱՏԳ ստեղծման նախադրյալները
2.1 Բլոկչեյն-տնտեսության նախադրյալները
Բաշխված ռեեստրների (բլոկչեյն) տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը վերջնականապես մտել է բարձր տեխնոլոգիաների («հայ-թեք») ընդհանուր տնտեսության մեջ:
«Թվային ակտիվները» ևս աստիճանաբար մտնում են աշխարհի շատ տնտեսությունների իրավական դաշտ: Չնայած, որ կոնկրետ ռեժիմը և կարգավորող գործիքակազմը կարող են տարբեր լինել, տնտեսապես և քաղաքականապես կայուն իրավասությունների մեծամասնությունը աշխատում են կամ այս կամ այն չափով պատրաստվում են աշխատել թվային ակտիվներով:
Բլոկչեյն տեխնոլոգիան հանդիսանում է աշխարհի ամենաարագ աճող և հեռանկարային բարձր տեխնոլոգիական սեկտորներից մեկը: Բլոկչեյն տեխնոլոգիան ամբողջ աշխարհում մասսայականորեն ներդրվում է պետական ծառայությունների ոլորտում, էներգետիկայի, ֆինանսների և այլ ճյուղերում: ICO շուկայում դա առաջացրեց կապիտալի շեշտակի ներհոսք, ձևավորեց բարձր մարժա, որի չափը կազմում է տարեկան 1000%:
(նկար)
Բլոկչեյնի տեխնոլոգիայի հիման վրա պրոդուկտներ զարգացնող ընկերությունների ճնշող մեծամասնությունը համագործակցում են միմյանց հետ և իրենց կոնտրագենտների հետ` վճարելով թվային ակտիվներով (կամ գլոբալ կոնտեքստի կամ տեղական կոնտեքստի, ինչպիսիք են օրինակ այդ ընկերությունների կողմից ստեղծված նախագծերի «տոկենները» կամ «ժետոնները»): Այդպիսի վճարային միջավայրը (այդ թվում նաև նախագծերի զարգացման համար միջոցների ներգրավման դեպքում) համարվում է առավել ընդունելի այս` զարգացվածության մակարդակով նոր տնտեսության ձեռնարկատերերի և մասնակիցների մեծամասնության համար:
Բլոկչեյնի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել նոր և էականորեն մոդիֆիկացնել առկա բիզնես-մոդելները և պետական կառավարման մոդելները:
Բլոկչեյնի տեխնոլոգիայի ունիկալությունը և ունիվերսալությունը թույլ են տալիս այն օգտագործել առօրյա կյանքի բոլոր հնարավոր ոլորտներում` բժշկության, մանրածախ առևտրի, ֆինանսական ծառայությունների, կրթության, սեփականության ռեգիստրների, պետական ծառայությունների և շատ այլ ոլորտներում, հեշտացնելով և արագացնելով ամենօրյա խնդիրների իրագործումը և արդյունավետություն ու թափանցիկություն մտցնելով գործընթացներում:
Աղյուսակ. Վերնագիր
._____________________________________________________________________.
|Ընկերություններ |Նախագծի նկարագրություն |
|______________________|______________________________________________|
|Walmart, Nestle, |Արտադրանքի մանրածախ առևտրով /պրոդուկտային |
|Unilever, Dole (ԱՄՆ) |ռիթեյլ/ զբաղվող ընկերությունները տեսնում են |
| |Blockchain-ի ներուժը իրենց մատակարարումների |
| |շղթան պարզեցնելու մեջ` այնպիսի կարևոր |
| |տեղեկատվության ստացման գործընթացների |
| |ավտոմատացման միջոցով, ինչպիսիք են` ապրանքների |
| |որակը, ջերմաստիճանը, խոնավությունը փոխադրման |
| |ընթացքում, մատակարարման և պիտանելիության |
| |ժամկետները, ինչպես նաև անվտանգությունը |
| |հաստատող անհրաժեշտ սերտիֆիկատների և |
| |փաստաթղթերի առկայությունը: |
|______________________|______________________________________________|
|Boeing (ԱՄՆ) |Boeing ընկերության կողմից առաջարկվել է |
| |հեղափոխական տեխնոլոգիա, որն իր մեջ |
| |ներառում է IoT, Blockchain և ամպային |
| |հաշվարկների տեխնոլոգիա: Այս սինթետիկ |
| |տեխնոլոգիայի օգնությամբ նախատեսվում է ապահովել|
| |ինքնաթիռների սովորական սպասարկման գործընթացը, |
| |թռիչքների արդյունավետության մոնիտորինգը, |
| |օդանավի համակարգերի վերահսկումը, ընթացիկ և |
| |կապիտալ վերանորոգումը: |
|______________________|______________________________________________|
|ԱՄՆ փոստային |Դիտարկում է բլոկչեյնի ներդրումը այնպիսի |
|ծառայություն |ոլորտներում, ինչպիսիք են` ծանրոցների |
| |նույնականացումը, հաճախորդների, գործընկերների |
| |և կապալառուների կոորդինացումը: Ներկա պահին |
| |իրականացվում է ներդրման առաջին փուլը` հաշիվ |
| |ապրանքագրերը ավտոմատ կերպով վճարվում են բեռը |
| |ստանալու պահին: |
|______________________|______________________________________________|
|Մ. Վիդեո և Խնայբանկ |Մատակարարումները, որոնք համակարգ է ներբեռնում |
|(ՌԴ) |Մ-Վիդեո-ն, կոդավորվում են և ստուգվում են |
| |Խնայբանկ Ֆակտորինգ-ի տվյալների հետ |
| |մատակարարների հետագա ֆինանսավորման համար: |
|______________________|______________________________________________|
|S7 և AlfaBank (ՌԴ) |Բլոկչեյն-հարթակի ներդրում ավիատոմսերի գնման |
| |գործընթացների ավտոմատացման համար |
._____________________________________________________________________.
2.2 Արտադրական ուղղության ստեղծման նախադրյալները
Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ՌԴ-ի ներկա սահմանափակումները, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացման խթանման նպատակով ցանկանում ենք ընդլայնել Էկոս ազատ տնտեսական գոտուն տրված գործունեության ոլորտները, և թույլ տալ տվյալ ազատ տնտեսական գոտում կազմակերպել նաև արտադրություն:
Ներկայիս իրավիճակում, երբ ՌԴ արտադրողների համար հումքի ներմուծումը բարդացել է, ՀՀ-ում գործող արտադրական կազմակերպությունները չեն ունենա հումքի ներմուծման և արտահանման խնդիր: Հաշվի առնելով, որ հարևան բոլոր երկրները փորձում են օգտվել տվյալ իրավիճակից, կարևոր է, որ ՀՀ արտադրող կազմակերպությունները, կարողանան օգտվել ազատ տնտեսական գոտիների տված արտոնություններից:
Պլանավորվում է ներգրավել ներդրումներ հիմնականում արդյունաբերական ապրանքների արտադրություններ հիմնելու նպատակով:
2.3 Հայաստանի Հանրապետության տարածքում ԱՏԳ ստեղծման նախադրյալները
Հայաստանի Հանրապետությունը ընդունում է տնտեսության կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ճյուղերի դինամիկ զարգացման անհրաժեշտությունը:
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանն ունի մի շարք առավելություններ ռուսալեզու գոտու երկրներից ֆինանսական և կադրային ռեսուրսներ ներգրավելու համար`
1) Բարենպաստ հարկային միջավայրը, այդ թվում նաև IT ընկերությունների համար;
2) Ենթակառուցվածքային հագեցվածությունը;
3) ԱՊՀ ռուսալեզու գոտուն մոտ գտնվելը.
3.1) Հաշվապահական հաշվառման համակարգ,
3.2) Ռուսալեզու մասնագետներ,
3.3) Առանց վիզայի ռեժիմ;
4) Բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը, այդ թվում, ՏՏ ոլորտի դասընթացների վերապատրաստում անցած, ովքեր ազատ տիրապետում են անգլերեն լեզվին:
Հավասարակշռված մոտեցումը, որ կարող է համաձայնեցնել բոլոր կողմերի շահերը (բլոկչեյն-ձեռնարկատերերի, բլոկչեյն-մշակողների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության հարկային և այլ իրավասու մարմինների, ներդրողների և այլն), ունի երկրում կլաստեր (էկոհամակարգ) ստեղծելու, զարգացնելու և երկրի տարածք բլոկչեյն-նախագծեր ներգրավելու բարձր ներուժ, մի շարք դրական տնտեսական (աշխատատեղերի ստեղծում, լրացուցիչ մուտքեր բյուջե ի թիվս հարկային հատկացումների) և որակական (բարձր որակավորում ունեցող երիտասարդության արտահոսքի նվազեցում, համաշխարհային ասպարեզում դրական իմիջի ամրապնդում, Սփյուռքի մոտիվացիա, գիտության և կրթության զարգացում) առավելություններ:
3. Նախագծի էությունը և համառոտ նկարագրությունը
3.1 Նախագծի նախաձեռնությունը
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ՏՏ-սեկտորը ստացել է լուրջ պետական աջակցություն և դարձել է երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը: Հայաստանի Հանրապետությունում ծրագրային ապահովման, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների մշակման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, կհանգեցնի ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը:
Հայաստանը միջազգային շուկայից ներդրումային ռեսուրսներ, բիզնես և տաղանդներ ներգրավելու համար ունի մի շարք առավելություններ, որոնք ներառում են (բայց չեն սահմանափակվում)`
1) Տեխնիկական և մասնագիտական կրթության որակի բարձր մակարդակը;
2) Գիտահետազոտական բազայի առկայությունը;
3) Միջազգային կապերի առկայությունը, այդ թվում սփյուռքի ներկայացուցիչները աշխարհի տարբեր երկրներում;
4) Տեխնոլոգիական ընկերությունների համար բարենպաստ հարկային պայմանները;
5) Շահավետ աշխարհագրական դիրքը` այլ տեխնոլոգիապես զարգացած շրջանների համեմատ:
Սույն նախագծի նպատակն է երկրում նպաստավոր պայմաններ ստեղծել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների զարգացման համար, այդ թվում` ձևավորել բլոկչեյնի տեխնոլոգիաների հիման վրա արտադրանքներ ստեղծող ընկերությունների ինդուստրիա, ինչպես նաև ներգրավել համաշխարհային մակարդակով բարձր որակավորում ունեցող մասնագետներ և փորձագետներ, կենտրոնացնել կադրային, գիտաարտադրական և ֆինանսաներդրումային պոտենցիալը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայուն զարգացման համար:
Նախագծի իրագործման շրջանակներում առաջարկվում է ստեղծել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների կլաստերների փոխներգործության ունիկալ համակարգ, որի համանմանը չկա աշխարհում, և ի վիճակի է Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել ընկերությունների կայուն զարգացումը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
«ԷԿՈՍ» ՓԲԸ հիման վրա բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնավոր նախաձեռնությամբ կգրանցվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ):
Նախագիծը կիրականացվի 25 տարվա ընթացքում: Ենթադրվում է երկու տեսակի մասնակիցների մուտք ԱՏԳ`
1. ԱՏԳ էկոհամակարգի մաս կազմող մասնակիցներ, որոնց գործունեությունն ապահովում է բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների զարգացումը և բիզնես պլանի ցուցանիշների ձեռքբերումը. Կրթական կլաստերի ձեռնարկություններ, բիզնես-ակսելերատոր, վենչուրային ֆոնդ, գիտահետազոտական լաբորատորիաներ, սերտիֆիկացման և արտոնագրման կենտրոններ, գործունեության իրավական, հաշվապահական և հարկային գործառույթների ուղղորդման ծառայություններ մատուցող ընկերություններ, մայնինգային ֆերմաներ, ֆինանսական ծառայություններ և գործիքներ տրամադրող ընկերություններ և այլն);
2. ԱՏԳ շրջանակներում տնտեսական գործունեությամբ զբաղվող մասնակիցներ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ, այդ թվում ստարտափեր: Տեխնոլոգիական ստարտափերը կգրանցվեն որպես ԱՏԳ օպերատորներ:
ԱՏԳ կազմակերպիչը կիրականացնի նաև հսկողական և ստուգիչ գործառույթներ ԱՏԳ կանոնակարգի հիման վրա (ԱՏԳ մասնակիցների հետ պայմանագրի հավելված):
Խոշոր ներդրումային նախագծերի իրագործումը և նորարարական /ինովացիոն/ ընկերությունների քանակի ավելացումը Հայաստանի Հանրապետության տարածքում կհանգեցնեն ծառայություններ մատուցող տեղական ընկերությունների ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին, որոնք պետք է պատրաստ լինեն նոր տեսակի ծառայությունների տրամադրմանը և նոր մասնագիտական կոմպետենցիաների զարգացմանը, ինչպիսիք են`
1) Ընկերության ընթացիկ գործունեության գործառնական /օպերացիոն աջակցություն;
2) Իրավաբանական և հաշվապահական աջակցություն;
3) Մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանություն;
4) Ծրագրային ապահովման մշակման և փորձարկման ծառայություններ;
5) Մարքեթինգային և գովազդային ծառայություններ, մեդիա-կոնտենտի արտադրություն;
6) Դիզայն և 3D նախագծում;
7) Խորհրդատվական ծառայություններ, կադրերի փնտրում, հավաքագրում և պատրաստում;
8) Աշխատատեղերի և գրասենյակների վարձույթ և սպասարկում:
3.2 ԱՏԳ նպատակները, խնդիրները և գործունեության ուղղությունները
ԱՏԳ ստեղծման նպատակներն են` ստեղծել առավել բարենպաստ պայմաններ Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ճյուղերի ընկերությունների բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ծավալների աճի մրցունակության բարձրացման համար, ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետներին, փորձագետներին և բարձր տեխնոլոգիաների բնագավառի ձեռնարկատերերին, ինչպես նաև ներգրավել հայրենական և արտասահմանյան ներդրումներ` բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ինվեստիցիոն նախագծերի, կրթական և Հայաստանի Հանրապետության տարածքների սոցիալական զարգացման այլ նախագծերի իրագործման նպատակով:
Դրված նպատակներին հասնելու համար ԱՏԳ գործունեության շրջանակներում պետք է իրագործվեն հետևյալ խնդիրները`
1) Ստեղծվեն բարձր տեխնոլոգիական և IT ընկերությունների կլաստերներ, որոնց կազմի մեջ մտնում են գիտահետազոտական կազմակերպությունները և լաբորատորիաները, որոնք իրականացնում են արտադրանքների նոր տեսակների մշակում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունները, որոնց գործունեությունն ուղղված է նոր շուկայական նիշաների փնտրմանը, համաշխարհային շուկաներում կլաստերի արտադրանքի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը;
2) Ստեղծվի ընկերությունների նոր ինդուստրիա, որոնք արտադրանքներ են ստեղծում բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա, ներառյալ համաշխարհային մակարդակով մրցունակ նոր տեսակի արտադրանքի մշակման և տեխնոլոգիական կոմպետենցիաների մասնագիտացված կենտրոնների ստեղծումը;
3) Ստեղծվի կրթական կլաստեր, որը կապահովի բարձր տեխնոլոգիաների բնագավառում նոր ճյուղերի և ընկերությունների զարգացման համար անհրաժեշտ կադրերի ժամանակին մասնագիտական պատրաստումը;
4) Ստեղծվի ինժեներական և տեխնոլոգիական ինֆրաստրուկտուրա, որը կապահովի ձեռնարկությունների կայուն և դինամիկ զարգացումը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում;
5) Ստեղծվի ԱՏԳ կառավարման արդյունավետ կազմակերպչական կառուցվածքը, որը կարող է ապահովել ԱՏԳ գործունեության ուղղություններով դրված նպատակներին և խնդիրներին հասնելը:
ԱՏԳ գործունեության ուղղություններն են`
1) Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական արտադրանքի այլ տեսակների, բարձր և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների արտահանում;
2) տեխնոլոգիական ինֆրաստրուկտուրաների զարգացման նախագծերի իրականացման համար հայրենական և օտարերկրյա ներդրումների ներգրավման օժանդակում, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստարտափ-ընկերությունների գեներացիա, Հայաստանի Հանրապետության տարածքներում կրթական և այլ սոցիալական զարգացման նախագծերի իրականացում;
3) տեխնոլոգիական գործընկերությունների ստեղծման և զարգացման աջակցություն, մասնակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային գիտահետազոտական կոնսորցիումներին` գիտահետազոտական բազայի և ինֆրաստրուկտուրայի օբյեկտների ձևավորման նպատակով, որոնք անհրաժեշտ են համաշխարհային շուկաներում մրցունակ արտադրանքի նոր տեսակների ստեղծման համար;
4) աջակցություն տեխնոլոգիական ինֆրաստրուկտուրայի օբյեկտների ստեղծման և կառավարման նախագծերի իրագործմանը, որն անհրաժեշտ է բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում գործող ձեռնարկությունների զարգացման համար;
5) ազգային տնտեսության ինովացիոն զարգացման կադրային ապահովման աջակցություն, կրթության զարգացում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում;
6) կրիտիկական կարևոր տեխնոլոգիաների բնագավառում գիտական ներուժի, գույքային և տեխնիկական բազայի ձևավորման և զարգացման աջակցություն, որոնք անհրաժեշտ են բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրանքների կայուն զարգացման համար, այդ թվում նաև կրիպտոգրաֆիկ հաշվարկների, մեքենայական ուսուցման, նույնականացման համակարգերի և այլնի համար;
7) ինովացիոն գործունեությունը խթանող ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորում, այդ թվում նաև վենչուրային ֆինանսավորման համակարգի զարգացման աջակցություն, ստարտափ-շարժման զարգացում:
2018 թվականին Հրազդան ՋԷԿ-ի հարակից շրջանում սկսվեցին ազատ տնտեսական գոտու ստեղծման համար տարածքի նախապատրաստման աշխատանքները: Ազատ տնտեսական գոտին ոչ միայն կլուծի շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլև կնպաստի կապիտալի ներհոսքին, տարածքային զարգացմանը:
Հայաստանում ազատ տնտեսական գոտին գործի դնելը կնպաստի ներդրումների ներգրավմանը, միջազգային կազմակերպությունների ներգրավմանը, արտահանման խթանմանը, միջազգային շուկայում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ճանաչմանը և տարածմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Ազատ տնտեսական գոտին գործի դնելը, այդ թվում Կոտայքի մարզում, կնպաստի հավասարակշռված տարածաշրջանային զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ավելացմանը, ինչպես նաև երկրի միջազգային քաղաքականության մեջ ձեռքբերումների ավելի արդյունավետ օգտագործմանը` ի շահ երկրի կայուն տնտեսական զարգացման:
Նախագծի իրագործման համար ստեղծվել է «Էկոս» ՓԲԸ-ն:
4. ԱՏԳ-ի կազմակերպչական կառուցվածքը
Առաջարկվում է ստեղծել եռաստիճան էկոհամակարգ, որի մեջ կներառվեն`
1) ԱՏԳ կազմակերպիչը` «Էկոս» ՓԲԸ-ն.
2) Ինֆրաստրուկտուրայի մաս կազմող ԱՏԳ մասնակիցները`
1. Ակսելերատոր - մասնագիտացված ընկերություն, որն իրականացնում է վաճառահանման միջազգային շուկաներ դուրս գալու պոտենցիալ ունեցող ստարտափ - ընկերությունների ընտրում և հետագա բիզնես-աքսելերացիա (բիզնեսի արագ սկսում և զարգացում) բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում; իրականացնում է նախագծերի տեխնոլոգիական և ֆինանսական աջակցություն:
2. Կրթական կլաստեր (կամ Blockchain Open University) - բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում նաև բլոկչեյն տեխնոլոգիաների բնագավառի ընկերությունների համար կադրերի մասնագիտական պատրաստման և հավաստագրման ծրագրեր իրականացնող կրթական կազմակերպությունների ցանց; իրականացնում է նաև կրթական ծրագրերի արտահանում և բարձր տեխնոլոգիաների և բլոկչեյնի ոլորտում կոմպետենցիաների համաշխարհային կենտրոնների հետ մասնագիտական կապերի զարգացում;
3. Հետազոտական կլաստեր - բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում նաև բլոկչեյն տեխնոլոգիաների բնագավառում տեխնոլոգիական բազայի կատարելագործմանը և նոր արտադրատեսակների ստեղծմանն ուղղված ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ իրականացնող գիտահետազոտական լաբորատորիաների, սերտիֆիկացման կենտրոնների, կոմպետենցիաների մասնագիտացված կենտրոնների ցանց; ԱՏԳ ռեզիդենտ - ընկերությունների և արտաքին կազմակերպությունների պատվերով իրականացնում է կիրառական գիտահետազոտական մշակումներ:
4. Դրամապանակ - դրամապանակի ռեեստրում գրանցված ընկերություններին տրամադրում է կրիպտոակտիվներով գործարքների և կրիպտոակտիվների մնացորդների հաշվառման և վերահսկման համար ծրագրային ապահովում:
5. Մայնինգ ֆերմա - գործարքների բլոկների ռեեստրի (բլոկչեյնի) գործունեության ապահովում, հոսթինգի ծառայություններ:
6. Marketplace - տեղեկատվական համակարգի օգտագործման միջոցով ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում միմյանց հետ և (կամ) կրիպտոհարթակի օպերատորի հետ իրականացնել կրիպտոակտիվների փոխանակման, առքի/վաճառքի գործարքներ:
7. Նույնականացման կենտրոն - իրականացնում է անցկացվող միջոցառումների մասնակիցների նույնականացում:
8. Ռեյտինգային կենտրոն - իրականացնում է ԱՏԳ-ի կազմի մեջ մտնող ընկերությունների գործունեության գնահատում` ԱՏԳ գործունեության արդյունավետության գնահատման և մոնիտորինգի հաստատված չափանիշների համաձայն:
9. Ծառայություններ մատուցող ընկերություններ - մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերությունների համար, որոնք իրականացնում են նախատեսված գործունեության մեկ կամ մի քանի տեսակներ և/կամ ԱՏԳ օպերատորների համար մատուցում են մի շարք ծառայություններ, ներառյալ իրավաբանական, հաշվապահական և հարկային աջակցման ծառայությունները, գովազդի կազմակերպման, մարկետինգի, PR-ի և առաջխաղացման ծառայությունները, ինչպես նաև այլ տեսակի ծառայությունները:
10. Ներդրումային ֆոնդ - իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի կամ նմանատիպ այլ պայմանագրերի հիման վրա ստեղծված ակտիվների ամբողջություն, որոնք ստեղծվել են և (կամ) գործում են (օգտագործվում են) հետևյալ նպատակով կամ հետևյալ հիմնական նպատակներից որևէ մեկով լ ներդրողներին ապահովել արժեթղթերի և (կամ) այլ ակտիվների, այդ թվում թվային ակտիվների, տոկենների և այլ թվային գործիքների մեջ կոլեկտիվ ներդրումների միջոցով, միասնական ներդրումային քաղաքականության շրջանակներում ներդրողներից հավաքագրված գումարների վերադարձելիություն` կապիտալի, շահաբաժինների և (կամ) այլ ֆինանսական եկամտի ավելացման ձևով` նրանց կողմից իրավաբանական անձի կապիտալում (ակտիվների ամբողջությունում) կատարված ներդրումներին համապատասխան, և կախված այդ ներդրումների կառավարման արդյունքներից:
ԱՏԳ մասնակիցներ - ԱՏԳ-ի գործունեության մասնագիտացման (ռազմավարության) պրոֆիլին համապատասխանող ընկերություններ, որոնք իրականացնում են բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում /այդ թվում նաև բաշխված ռեեստրների տեխնոլոգիաների (բլոկչեյն) հիման վրա ստեղծվող/ բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծման և միջազգային շուկաներում առաջմղման գործունեություն:
Էկոհամակարգի բաղադրիչները կկատարեն հետևյալ գործառույթները`
4.1.1 ԱՏԳ կազմակերպիչը
Ստեղծվող էկոհամակարգի շրջանակներում նախատեսվում է ԱՏԳ Կազմակերպչի կողմից հետևյալ վերահսկողական գործառույթների իրականացումը`
Ստուգող (աուդիտոր) կազմակերպության աշխատանքի կարգն ու պատասխանատվությունը:
«մայներների» հաշվառման և ռեեստրի վարման կարգը:
Տեխնոլոգիական ինֆրաստրուկտուրային որոշումների հաստատման կարգը (դրամապանակ, marketplace, նույնականացման կենտրոն):
ինֆրաստրուկտուրայի մասնակիցների կողմից հաշվետվության ներկայացման կարգը (դրամապանակ, marketplace, աուդիտոր, ռեյտինգային գործակալություն):
ԱՏԳ մասնակիցների հետ պայմանագրերի կնքման և դադարեցման կարգը:
Բացի այդ, ԱՏԳ Կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության վերադաս իրավասու մարմնին կներկայացնի համաձայնեցված ձևաչափով հաշվետվություններ:
ԱՏԳ Կազմակերպչի խնդիրները ներառում են նաև ԱՏԳ-ի կառավարման համակարգի ստեղծման և զարգացման գործառույթները, մասնավորապես`
1) ԱՏԳ տարածքում գործող կազմակերպությունների կազմակերպչական կառուցվածքի և կառավարման համակարգի մշակումը, որոնք այդ թվում նաև
կարող են նպատակային ձևով համախմբված լինել մասնագիտացված կլաստերների մեջ;
2) ԱՏԳ-ի առաջխաղացման ռազմավարության մշակում և իրականացում` ԱՏԳ ռազմավարության իրականացման և բիզնես պլանի ցուցանիշներին հասնելու համար անհրաժեշտ բարձր որակավորում ունեցող մասնագետների, ներդրումային ռեսուրսների ներգրավման և մասնագիտական կոնտակտների ցանցի ընդլայնման նպատակով;
3) ԱՏԳ մասնակիցների համագործակցության կազմակերպում և փոխգործակցության կոորդինացում` ԱՏԳ տարածքում գործող բարձր տեխնոլոգիական ճյուղերի և կլաստերների զարգացման համատեղ նախագծերի իրականացման շրջանակներում;
4) Իշխանությունների ներկայացուցիչների հետ փոխգործակցության և կանոնավոր հաղորդակցության համակարգի կազմակերպում, Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ` թվային ակտիվների ոլորտում պետական կարգավորման արդյունավետ համակարգի ապահովման և զարգացման հարցերի վերաբերյալ:
ԱՏԳ նոր արտադրական ֆունկցիոնալով գործարկման համար Էկոս ԱՏԳ կազմակերպիչը կապահովի ԱՏԳ-ին ներկայացվող պահանջները, որոնք են`
1) բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղի
2) Կառավարության հաստատած սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանով սահմանազատվածություն.
3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով ու տեխնիկական միջոցներով ապահովվածություն.
4) տարածքի անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով ապահովվածություն.
5) անխափան ջրամատակարարման և ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության և կապի միջոցների (հեռախոսային կապի և ինտերնետի) ապահովվածություն.
6) սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով ապահովվածություն.
7) կարանտինային սպասարկման տարածքի առկայություն.
8) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով և այլ միջոցներով ապահովվածություն:
ԱՏԳ-ի բիզնես պլանի ցուցանիշներին հասնելու ապահովման նպատակով ստեղծվող էկոհամակարգի շրջանակներում իրականացվում է մասնագիտացված կլաստերների` ԱՏԳ Օպերատորների կանոնավոր փոխգործակցության ծրագիր:
Կառուցվածքում կներառվեն նաև ստորև թվարկված ԱՏԳ Օպերատորները:
4.1.2 Ակսելերատոր
Ստեղծվող էկոհամակարգի շրջանակներում կստեղծվի մասնագիտացված ընկերություն կամ ընկերությունների խումբ, որն իրականացնում է վաճառահանման միջազգային շուկաներ դուրս գալու պոտենցիալ ունեցող ստարտափ-ընկերությունների ընտրում և հետագա բիզնես-ակսելերացիա (բիզնեսի արագ սկսում և զարգացում) բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ներառյալ բլոկչեյնը: Գործունեության նշված ուղղվածության շրջանակներում Ակսելերատորն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Արտահանման գնահատման կազմակերպում և վաճառահանման համաշխարհային շուկաներ դուրս գալու պոտենցիալ ունեցող և ԱՏԳ Կանոնակարգի պահանջներին համապատասխանող բարձր տեխնոլոգիական ընկերությունների հավաքագրում;
2) Ակսելերացիոն ծրագրերի կազմակերպում և իրականացում` ստարտափ - ընկերությունների նոր բիզնես-նախագծերի գործարկման արագացման նպատակով, նախագծերի տեխնոլոգիական, խորհրդատվական և ֆինանսական աջակցության տրամադրում;
3) Ստարտափ-ընկերությունների գործունեության արդյունավետության և Ակսելերատորի բիզնես-նախագծերի զարգացման առանցքային ցուցանիշների իրականացման կանոնավոր մոնիտորինգի անցկացում, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ փորձագիտական աջակցության և խորհրդատվությունների կազմակերպում;
4) Աշխատանքային տարածքների տրամադրում (գրասենյակային տարածքներ, քովորքինգներ, բանակցային և շնորհանդեսային /պրեզենտացիոն/ ռեսուրսներ և այլն);
5) Միջազգային փորձաքննության ներգրավում գործարար կապերի զարգացման և Ակսելերատորի ընկերությունների միջազգային շուկաներ ելքը ապահովելու համար;
6) Ներդրողների և պոտենցիալ գործընկերների համար մարքեթինգային միջոցառումների, ճանապարհային ցուցադրումների /ռոուդշոու/ և տպավորիչ ելույթների /փիչ/ կազմակերպում` ներդրումների ներգրավման և Ակսելերատորի ընկերությունների միջազգային շուկաներում առաջխաղացմանն աջակցելու նպատակով:
Արդյունքը`
Ամբողջ աշխարհից հեռանկարային ստարտափերի ներգրավում, խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծում և դրանց դուրս բերում համաշխարհային շուկա;
Կապիտալի ներգրավում, վենչուրային համակարգի զարգացում արտաքին ֆոնդերի, համալսարանների և այլ ակսելերատորների հետ համագործակցության շնորհիվ;
Հայաստանի Հանրապետության դիրքավորում որպես առաջադեմ զարգացող երկիր (ոչ թե ռեսուրսային բազա):
4.1.3 Կրթական կլաստեր
ԱՏԳ կայուն աճի համար հիմնական ռեսուրսներից մեկը ստեղծվող Կրթական կլաստերն է, որը ներառում է կրթական կազմակերպությունների ցանց, ներառյալ Blockchain Open University-ն, որոնք իրականացնում են բարձր տեխնոլոգիաների, IT, բլոկչեյնի և այլ առաջադեմ տեխնոլոգիական ուղղությունների ոլորտի մասնագետների լրացուցիչ կրթության, մասնագիտական պատրաստման և հավաստագրման ծրագրեր: Կրթական ծրագրերի ցանկը և բովանդակությունը, կրթական կլաստերի հիման վրա վերապատրաստված մասնագետների կոմպետենցիաներին ներկայացվող պահանջները համաձայնեցվում են ԱՏԳ-ի մասնակից ընկերությունների և տեխնոլոգիական գործընկերների հետ: Գործունեության նշված ուղղվածության շրջանակներում Կրթական կլաստերի ընկերություններն իրականացնում են հետևյալ գործառույթները`
1) Բարձր տեխնոլոգիաների բնագավառի համաշխարհային առաջատարների և բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումների առաջատար մշակողների հետ համատեղ լրացուցիչ կրթության կիրառական ուսուցողական ծրագրերի մշակում և իրականացում;
2) Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, այդ թվում նաև բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրանքներ մշակողների, հավաստագրման ծրագրերի մշակում և իրականացում;
3) Փոխգործակցության ստեղծում գործող կրթական համակարգերի` Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, տաղանդավոր երեխաների և պատանիների դպրոցների հետ, օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ, հեռակա ուսուցման համակարգերի մշակում, համաշխարհային ճանաչում ունեցող ուսուցիչների հրավիրում Հայաստանի Հանրապետություն, օժանդակություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին` դպրոցականների, ուսանողների և ասպիրանտների ընտրության հարցում;
4) Հայաստանի Հանրապետությունում բլոկչեյն տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագիտական կրթության համակարգի զարգացման ինտեգրացում և օժանդակություն, ներառյալ դպրոցական, միջնակարգ և բարձրագույն կրթության համար ուսուցողական ծրագրերի զարգացումը;
5) Միջազգային փորձագիտական և մեթոդական միջոցառումների, ֆորումների, ամառային /ձմեռային դպրոցների, գիտելիքների յուրացման խորացված դասընթացների, մեթոդական ծրագրերի, դասընթացավարների համար թրեյնինգների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության` որպես նոր միջազգային տեխնոլոգիական առաջատարի դրական կերպար ձևավորող այլ միջոցառումների անցկացում;
6) Կրթական ծրագրերի արտահանման կազմակերպում և մասնագիտական կապերի զարգացում բարձր տեխնոլոգիաների և բլոկչեյնի ոլորտի համաշխարհային մակարդակի համալսարանների, կոմպետենցիաների համաշխարհային կենտրոնների հետ;
7) ԱՏԳ-ի զարգացման Ռազմավարության և ռազմավարության շրջանակներում ԱՏԳ-ի Օպերատորի գործունեության արդյունքների անկախ փորձաքննության կազմակերպում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք թվային ակտիվների միջոցով ներդրումներ ներգրավող նախագծեր փնտրելուն և ներգրավելուն, ինչպես նաև ռիսկայնության մակարդակի և հեռանկարայնության անկախ փորձաքննության անցկացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում;
8) Իշխանությունների ներկայացուցիչների հետ փոխգործակցության և կանոնավոր հաղորդակցության համակարգի կազմակերպում, Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ` թվային ակտիվների ոլորտում պետական կարգավորման արդյունավետ համակարգի ապահովման և զարգացման հարցերի վերաբերյալ:
Արդյունքը`
Կադրերի պատրաստում` արտահանման ուղղվածություն ունեցող բարձր տեխնոլոգիական ընկերությունների կայուն զարգացումն ապահովելու համար;
Ակտիվ աջակցություն ժամանակակից կրթական համակարգի զարգացմանը; Երկրում տեխնոլոգիական զարգացման ընդհանուր մակարդակի բարձրացում;
Միջազգային փորձաքննության և փորձի ներգրավում` Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ճյուղերի զարգացման համար;
Արտահանման եկամուտների աճ` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ միջազգային կրթական ծրագրերի իրականացման և բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրանքի մշակման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար պրակտիկ փորձի արդյունավետ փոխանակման կազմակերպման և լավագույն համաշխարհային փորձերի ներդրման նպատակով բարձր տեխնոլոգիաների բնագավառում /այդ թվում` բաշխված ռեեստրների տեխնոլոգիաների (բլոկչեյն)/ թվային ակտիվների և մայնինգի, ներդրումային ֆոնդերի և մասնավոր ներդրողների, հաջողակ ձեռնարկատերերի, տեխնոլոգիական հարթակների ստեղծողների, աշխարհի տարբեր երկրներում թվային տնտեսության զարգացման ծրագրերի լիդերների մասնագետների միջազգային փորձագիտական ցանցի ձևավորում:
Ամբողջ աշխարհից հեռանկարային ստարտափերի ներգրավում, խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծում և դրանց դուրս բերում համաշխարհային շուկա:
Կապիտալի ներգրավում, վենչուրային համակարգի զարգացում արտաքին ֆոնդերի, համալսարանների և այլ ակսելերատորների հետ համագործակցության շնորհիվ:
Հայաստանի Հանրապետության դիրքավորում որպես առաջադեմ զարգացող երկիր (ոչ թե ռեսուրսային բազա):
4.1.4 Հետազոտական կլաստեր
ԱՏԳ ռեզիդենտ ընկերությունների կողմից ստեղծվող բարձր տեխնոլոգիական արտադրանքների մրցունակությունն ապահովելու համար էկոհամակարգի կազմի մեջ են մտնում բարձր տեխնոլոգիաների, այդ թվում բլոկչեյնի, ոլորտի տարբեր գիտահետազոտական լաբորատորիաներ, ինովացիոն արտադրանքի սերտիֆիկացման կենտրոններ, ինչպես նաև կոմպետենցիաների մասնագիտացված կենտրոններ: Հետազոտական կլաստերի կազմակերպությունների գործունեության հիմնական խնդիրներն են`
1) Ֆունդամենտալ և կիրառական հետազոտությունների ծրագրերի իրականացում` ընկերությունների արտադրանքների մրցունակությունը և տեխնիկական ու տեխնոլոգիական կատարելագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների պատվերով;
2) Հետազոտական կլաստերի ներդրումային ծրագրերի զարգացման կազմակերպում` գիտական պոտենցիալի անընդհատ զարգացման, ԱՏԳ տեխնոլոգիական և նյութատեխնիկական բազայի կատարելագործման նպատակով;
3) կիրառական գիտահետազոտական մշակումների իրականացում ԱՏԳ ռեզիդենտ-ընկերությունների և արտաքին կազմակերպությունների պատվերով;
4) Միջազգային գիտական կապերի զարգացում բարձր տեխնոլոգիաների բնագավառում առաջատար համալսարանների և հետազոտական ինստիտուտների հետ, բլոկչեյն կոմպետենցիաների կենտրոնների և բաշխված ռեեստրների տեխնոլոգիաների (բլոկչեյն) վրա հիմնված հարթակային լուծումների մշակողների հետ;
Արդյունքը`
ԱՏԳ ռեզիդենտ ընկերությունների կողմից արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացում, ձեռնարկությունների արտահանման եկամուտների ավելացում;
Երկրում տեխնոլոգիական զարգացման ընդհանուր մակարդակի բարձրացում;
Միջազգային գիտական և տեխնոլոգիական փորձաքննության և փորձի ներգրավում` Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ճյուղերի զարգացման համար;
Արտահանման եկամուտների ավելացում` բարձր տեխնոլոգիաների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում պատվիրված կիրառական հետազոտությունների իրականացման շնորհիվ;
Կապիտալի ներգրավում, վենչուրային համակարգի զարգացում արտաքին ֆոնդերի, համալսարանների և այլ ակսելերատորների հետ համագործակցության շնորհիվ;
Հայաստանի Հանրապետության դիրքավորում որպես առաջադեմ զարգացող երկիր (ոչ թե ռեսուրսային բազա):
4.1.5 Մայնինգ-կենտրոն
Ենթադրվում է դատա-կենտրոնի ներգրավում/ստեղծում, որը կներառի տրանզակցիաների ստուգման և առկա ցանցի պահպանման համար նախատեսված ապարատային հաշվողական կենտրոններ և տեխնիկական հարթակներ, թեստավորում և գիտահետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ, այդ թվում նաև.
1) Մայնինգ կենտրոնների շինարարություն` սարքավորումների խոշորագույն արտադրողների հետ համատեղ;
2) Դատա-կենտրոնների շինարարություն;
3) Մասնագիտացված հաշվողական սարքավորման օրինական մատակարարման կազմակերպում;
4) Նախագծերի տարածքում իրացվող սպասարկում;
5) Հաշվողական սարքավորման մշակում և արտադրություն:
Արդյունքը`
Լիարժեք ապարատային տեխնիկական ինֆրաստրուկտուրա, որն ի վիճակի է ապահովել ցանկացած մասշտաբի նախագծի աշխատունակություն;
Նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծում, էներգասպառման կայուն մակարդակի ապահովում:
4.1.6 Լաբորատորիա
Առաջարկվում է ներգրավել տեղեկատվական կրթական հարթակը, որը` բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար եզակի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով միավորում է լավագույն ընկերություններին, մասնագետներին և ձեռնարկատերերին.
1) Հայաստանի Հանրապետությունում բլոկչեյն տեխնոլոգիաների ուղղությամբ պրոֆեսիոնալ կրթական համակարգի զարգացում ինչպես միջնակարգ և բարձրագույն կրթության մակարդակով, այնպես էլ ընթացիկ կրթական համակարգերի` Հայաստանի ԲՈՒՀ-երի, դպրոցների տաղանդավոր երեխաների և պատանիների, արտասահմանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության ստեղծում, հեռավար ուսուցման համակարգի մշակում, համաշխարհային ճանաչում ունեցող դասախոսներին Հայաստանի Հանրապետություն հրավիրում, օժանդակում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին դպրոցականներ, ուսանողներ և ասպիրանտներ ընտրելիս;
2) Հայաստանի Հանրապետության Կառավարությանը խորհրդակցում թվային ակտիվների պետական կարգավորման համակարգի ապագայում առավել էֆեկտիվ համակարգի ստեղծման ապահովման նպատակով;
3) Աշխարհին Հայաստանի Հանրապետության հնարավորությունները որպես նոր միջազգային տեխնոլոգիական ակսելերատոր մասսայականացնելու և տեղեկացնելու հետ կապված միջազգային միջոցառումների անցկացում;
4) Հայաստանի Հանրապետության տարածքում թվային ակտիվների միջոցով ձևավորված և ներդրումներ ներգրավող նախագծերի հեռանկարային և անվտանգության անկախ գնահատման ապահովում:
Արդյունքը`
Ակտիվ օժանդակում ժամանակակից ուսումնական համակարգ ստեղծելու գործընթացին;
Երկրում տեխնոլոգիական զարգացման ընդհանուր մակարդակի բարձրացում; Միջազգային փորձաքննության և փորձի ներգրավում;
Տեղական ձեռնարկատերերի և ընկերությունների համար նոր գլոբալ հնարավորությունների բացահայտում;
Թվային տեխնոլոգիաների ներդրում, տնտեսության թվայնացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծում:
4.1.7 Ծառայություններ մատուցող ընկերություններ
ԱՏԳ զարգացման ռազմավարության իրացման և բիզնես պլանի տնտեսական ցուցանիշներին հասնելու նպատակով ԱՏԳ տարածքում պետք է ստեղծվեն բավարար քանակով մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ծառայություններ կմատուցեն նախատեսված գործունեության տեսակներից մեկը կամ մի քանիսը իրականացնող ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություններին և/կամ ընկերություններին` ԱՏԳ Օպերատորներին, հետևյալ ուղղություններով.
1) Ձեռնարկությունների ընթացիկ գործունեության իրավական, հաշվապահական և հարկային գործառույթների ուղղորդման ոլորտում;
2) Գովազդի, մարքեթինգի, PR և առաջխաղացման /այդ թվում արտասահմանյան շուկաներում/ կազմակերպման ծառայությունների մատուցում;
3) Պոտենցիալ ներդրողների համար նախագծերի «փաթեթը» ապահովող ներդրումային բրոկերների, իրավաբանների, մարքեթոլոգների ծառայություններ;
4) ԱՏԳ ռեզիդենտ ընկերությունների բիզնեսի ընթացիկ գործունեությունը և զարգացումը ապահովող այլ ծառայություններ:
Արդյունքը`
Ներդրումների /այդ թվում օտարերկրյա/ ներգրավման, բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանումից ստացած հասույթի աճի, հայտնաբերության պատենտի /այդ թվում միջազգային/ քանակի աճի մասով ԱՏԳ բիզնես պլանի ցուցանիշների ապահովում;
Բիզնեսի զարգացման և ապրանքաշրջանառության միջազգային շուկաներ դուրս գալու համար իրականացվող սպասարկման մակարդակով և որակով ԱՏԳ ռեզիդենտ ընկերությունների բավարարվածության ստաբիլ բարձր ցուցանիշների ապահովում:
5. Մարքեթինգային ռազմավարությունը և ԱՏԳ լոգոն
5.1 Մարքեթինգային ռազմավարությունը
ԱՏԳ կազմակերպիչը «ԷԿՈՍ ԱՏԳ» բրենդի առաջքաշման համար իր հերթին սերտորեն կհամագործակցի ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր նախաձեռնողների հետ և կիրականացնի հետևյալ միջոցառումները.
1. Համագործակցություն մասնագիտացված և պրոֆեսիոնալ ԶԼՄ-երի հետ /ներառյալ համացանցի հարթակները/;
2. Մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին և պրոֆեսիոնալ թեմատիկ ժողովներին;
3. Ուղիղ կապի ստեղծում հասարակության հետ /էջ համացանցում, էջեր սոցիալական ցանցերում և այլն/;
4. Մասնակցություն տարբեր միջոցառումներին, ֆորումներին և ժողովներին;
5. Շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցություն;
6. Նախագծողների /մշակողների/ ֆորումների կազմակերպում և մասնակցություն;
7. Բրենդինգ;
8. Գովազդ /այդ թվում համացանցային գովազդ/;
9. Մարքեթինգային վերլուծություն /տվյալների հավաքագրում, վերլուծություն և մշակում/;
10. Որոնման մարքեթինգ / որոնման և համատեքստային օպտիմալացում/:
Արտադրական ուղղվածության գործարկման մասով մարքեթինգային ռազմավարությունն իրականացվելու է հետևյալ կերպ. փնտրելու և գտնելու ենք, շահագրգիռ անձանց ինչպես ՌԴ-ից, այնպես էլ երրորդ երկրներից, որոնց կգրավեն ԷԿՈՍ ազատ տնտեսական գոտու առավելությունները, այն է` չկա գործարան կառուցելու տարածքային սահմանափակումներ, կան բոլոր կոմունիկացիաները, չկա աշխատուժի խնդիր, միջազգային կազմակերպությունները հումքի ներմուծման մասով չեն ստեղծի խոչընդոտներ, արդեն արտադրված ապրանքները կարող են վաճառել ինչպես ՌԴ-ում, այնպես էլ մյուս պետություններում:
Վերոնշյալ մասով արդեն իսկ կան գործարարներ, ում հետաքրքիր է Էկոս ազատ տնտեսական գոտու տարածքում արտադրության կազմակերպումը: Մինչև 2025 թվականը պլանավորվում է ներգրավել այնպիսի ներդրողների, ովքեր հետաքրքրված են ՀՀ-ում հիմնել երկաթյա ձողերի արտադրություն, էլեկտրական տրանսֆորմատորների արտադրություն և այլն:
Գործընթացը սկսելու է ինֆրաստրուկտուրաների կառուցումից:
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում