Սեղմել Esc փակելու համար:
ՂԱՍԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՂԱՍԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

i

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՂԱՍԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 23566/05)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

2014 թվականի նոյեմբերի 13

 

i

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմաններում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Ղասաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`

Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]` Նախագահ,

Ալվինա Գյուլումյան,

Յան Շիկուտա [Jan Sikuta],

Լուիս Լոպես Գերրա [Luis Lցpez Guerra],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Յոհաննես Սիլվիս [Johannes Silvis],

Վալերիու Գրիցկո [Valeriu Gritco]` դատավորներ, և

Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ.

2014 թվականի հոկտեմբերի 21-ի դռնփակ նիստում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն ամսաթվին.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

i

1. Վարույթը հարուցվել է 2005 թվականի հունիսի 28-ին` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պրն Լևոն Ղասաբյանի, տկն Գոհար Ղասաբյանի, պրն Արսեն Ղասաբյանի և տկն Լիլիթ Գրիգորյանի (»դիմումատուներ») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված գանգատի (թիվ 23566/05) հիման վրա:

2. Դիմումատուներին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Ա. Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2007 թվականի դեկտեմբերի 3-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:

i

4. 2011 թվականի նոյեմբերի 15-ին Դատարանը որոշեց Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետի համաձայն, գանգատի մի մասը հանել քննության ենթակա գործերի իր ցանկից, իսկ գանգատի մյուս մասը թողնել առանց քննության:

5. 2012 թվականի հուլիսի 10-ին Դատարանն ընդունեց որոշում` գանգատը քննության ենթակա գործերի իր ցանկում վերականգնելու վերաբերյալ` Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

6. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1945, 1981, 1971 և 1972 թվականներին և բնակվում են Երևանում:

7. Դիմումատու Լևոն Ղասաբյանին (այսուհետ` առաջին դիմումատու) սեփականության իրավունքով պատկանում էր քաղ. Երևան, Բուզանդի փող. 25 հասցեում գտնվող, 57 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանը: Մնացած երեք դիմումատուները` առաջին դիմումատուի ընտանիքի անդամները, որոնք բնակվում էին այդ նույն բնակարանում, պնդում են, որ նրանք տվյալ բնակարանի նկատմամբ ունեցել են օգտագործման իրավունք:

i

8. 2002թ. օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունեց թիվ 1151-Ն որոշումը, որով հաստատեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի վարչական սահմանում պետության կարիքների համար քաղաքաշինական նպատակներով վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները` 345,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Բուզանդի փողոցը ներառված էր օտարման գոտիներում ընդգրկված փողոցների ցանկում: Կառուցապատման ծրագրերի իրականացման գործընթացը կառավարելու նպատակով ստեղծվել էր հատուկ մարմին` Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը (այսուհետ` Գրասենյակ):

9. 2004 թվականի դեկտեմբերի 1-ին Գրասենյակի պահանջով առաջին դիմումատուի բնակարանը գնահատվել է գնահատող կազմակերպության կողմից: Բնակարանի շուկայական արժեքը սահմանվել է 23,640 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար):

10. 2005 թվականի հունվարի 14-ի գրությամբ Գրասենյակն առաջին հայտատուին տեղեկացրել է, որ նրա բնակարանը ենթակա է օտարման, որ այն գնահատվել էր 23,640 ԱՄՆ դոլար, և որպես փոխհատուցում` նրան առաջարկել է այդ գումարը: Որպես ֆինանսական խրախուսանք` նրան առաջարկվել է հավելյալ գումար` 14,827.01 ԱՄՆ դոլարի չափով, եթե նա պայմանագիրը կնքեր հինգ օրվա ընթացքում:

11. 2005 թվականի հունվարի 18-ի գրությամբ առաջին դիմումատուն հայտնել է պայմանագիր կնքելու վերաբերյալ իր համաձայնությունը, սակայն չի համաձայնել առաջարկվող փոխհատուցման գումարի չափի շուրջ:

12. 2005 թվականի հունվարի 20-ին Գրասենյակն առաջին դիմումատուի դեմ հայց է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել նրան կնքելու պայմանագիր` իր բնակարանը պետության կարիքների համար հանձնելու վերաբերյալ, և վտարել նրան ու նրա ընտանիքի անդամներին:

13. 2005 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գրասենյակի հայցը` կարգադրելով առաջին դիմումատուին պայմանագիր կնքել 23,640 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, և վտարել նրան ու նրա ընտանիքի անդամներին:

14. 2005 թվականի մարտի 15-ին առաջին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել: Մյուս երեք դիմումատուները պնդել են, որ իրենք ապարդյուն փորձել են ճանաչվել որպես վարույթի կողմ` չնայած այն հանգամանքին, որ նրանք խնդրո առարկա բնակարանի նկատմամբ ունեցել են օգտագործման իրավունք, և ընդհանուր իրավասության դատարանը կարգադրել է իրենց վտարումը:

15. 2005 թվականի ապրիլի 12-ին քաղաքացիական վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա բավարարել է Գրասենյակի հայցը, իսկ առաջին դիմումատուի հայցը` մերժել:

16. 2005 թվականի ապրիլի 27-ին դիմումատուները համատեղ վճռաբեկ բողոք են ներկայացրել:

17. 2005 թվականի մայիսի 26-ին վճռաբեկ դատարանը քննել է բողոքը միայն առաջին դիմումատուին վերաբերող մասով և որոշում է ընդունել այն մերժելու վերաբերյալ:

18. Չհստակեցված ամսաթվին դիմումատուին վճարվել է սահմանված գումարը:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

i

19. Համապատասխան ներպետական դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը (թիվ 27651/05, §§ 23-25, 2009 թվականի հունիսի 23):

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

i

20. Դիմումատուները բողոք են ներկայացրել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում առ այն, որ իրենց բնակարանից զրկելը օրենքով սահմանված չի եղել: Դատարանը գտնում է, որ նրանց գանգատը պետք է քննվի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի լույսի ներքո, որը, այնքանով, որքանով վերաբերում է սույն գործին, սահմանում է հետևյալը`

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»:

 

Ա. Ընդունելիություն

 

i

21. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննություն

 

i

22. Դիմումատուները պնդել են, որ իրենց գույքից զրկելը չի կատարվել օրենքով նախատեսված պայմանների համաձայն, քանի որ այդ ամենը կատարվել է Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված երաշխիքների խախտմամբ:

23. Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուներ Գոհար Ղասաբյանը, Արսեն Ղասաբյանն ու Լիլիթ Գրիգորյանը թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով ունեցել են գույք` բնակարանի օգտագործման իրենց իրավունքի ուժով: Նրանք, այնուհետև, ընդունել են, որ դիմումատուների բնակարանի օտարումը չի իրականացվել օրենքով սահմանված պայմանների համաձայն, և դա թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում է:

24. Դատարանը վերահաստատում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելուն պետական մարմինների կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ գույքից զրկելը թույլատրվում է միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով», իսկ երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ պետություններն իրավասու են իրականացնելու վերահսկողություն գույքի օգտագործման նկատմամբ` կիրարկելով «օրենքներ»: Ավելին, իրավունքի գերակայությունը, լինելով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին (տե՛ս Հունաստանի նախկին թագավորը և մյուսներն ընդդեմ Հունաստանի [Former King of Greece and Others v. Greece] [GC], թիվ 25701/94, § 79, ՄԻԵԿ 2000-XII): Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով» արտահայտությամբ առաջին հերթին պահանջվում է համարժեքորեն հասանելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական դրույթների առկայություն և կիրառության ապահովում (տե՛ս Լիթգոուն և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության [Lithgow and Others v. the United Kingdom], 1986 թվականի հուլիսի 8, § 110, շարք «Ա», թիվ 102):

i

25. Դատարանը նշում է, որ Հայաստանի դեմ մի շարք գործերի շրջանակում այն արդեն քննել է նմանատիպ բողոքներ ու փաստարկներ և եկել է եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե՛ս, օրինակ` վերևում նշված Մինասյանը և Սեմերջյանը [Minasyan and Semerjyan], §§ 69-77, Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Shiroyan v. Armenia], թիվ 5065/06, §§ 42-47, 2010 թվականի հուլիսի 20, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի, թիվ 22812/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9, և Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի [Danielyan and Others v. Armenia], թիվ 25825/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9): Դատարանը սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում:

26. Համապատասխանաբար, խախտվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

i

27. Երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուները բողոքարկել են, որ իրենց չեն ներգրավել որպես օտարման վերաբերյալ վարույթի կողմ, և որ իրենց անօրինական ձևով վտարել են իրենց տնից: Նրանք վկայակոչել են Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածները, որոնք, այնքանով, որքանով վերաբերում են սույն գործին, սահմանում են հետևյալը`

 

Հոդված 6

 

«Յուրաքանչյուր ոք, իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները որոշելու ընթացքում, ... ունի արդար ... դատաքննության իրավունք»:

 

Հոդված 8

 

«Յուրաքանչյուր ոք ունի իր ... բնակարանի ... նկատմամբ հարգանքի իրավունք:

Չպետք է լինի պետական մարմինների կողմից որևէ միջամտություն այդ իրավունքի իրականացմանը` բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

 

28. Կառավարությունը վիճարկել է այդ հայտարարությունները:

i

29. Հաշվի առնելով գործի փաստերը, կողմերի դիրքորոշումներն ու դիմումատուներին բնակարանից զրկելու մասով թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը խախտված համարելու մասին իր որոշումը` Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը: Հետևաբար, այն եզրակացնում է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուների գանգատներով առանձին վճիռ կայացնելու անհրաժեշտություն չկա` համաձայն Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների (տե՛ս mutatis mutandis, Կամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [Kamil Uzun v. Turkey], թիվ 37410/97, § 64, 2007 թվականի մայիսի 10):

 

i

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

30. Դիմումատուները նաև մի շարք այլ պահանջներ են ներկայացրել` համաձայն Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի:

31. Իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը հաշվի առնելով և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր դատազորության ներքո` Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների առերևույթ խախտման որևէ դեպք: Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:

 

i

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

32. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, արդարացի փոխհատուցում տրամադրել տուժած կողմին»:

 

Ա. Վնաս

 

33. Դիմումատուները պնդել են, որ, որպես փոխհատուցում, իրենք պետք է ստանան բնակարանի շուկայական արժեքին համարժեք գումար, ինչն իրենց խոստացվել էր Կառավարության` չիրագործված միակողմանի հայտարարությամբ: Խնդրո առարկա բնակարանի մակերեսը կազմել է 117.7 քառակուսի մետր, և մեկ քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը կազմել է 3,000 ԱՄՆ դոլար: Դիմումատուները հետագայում ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պահանջել են 140,000 եվրո:

34. Կառավարությունն առարկություն է ներկայացրել նյութական վնասի փոխհատուցումը հաշվարկելու համար առաջարկված մեթոդի դեմ և նշել, որ նման փոխհատուցումը պետք է հիմնված լինի բացահայտված խախտման, այլ ոչ թե Կառավարության` միակողմանի հայտարարության մեջ արված առաջարկի վրա: Կառավարությունն այնուհետև, պնդել է, որ ոչ նյութական վնասի համար պահանջվող գումարը չափազանց մեծ է եղել:

i

35. Դատարանը համաձայնել է Կառավարության հետ այն հարցում, որ նյութական վնասը պետք է հաշվարկվի բացահայտված խախտման հիման վրա: Այն նշում է, որ համանման իրավիճակում նախկինում տրամադրել է նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը Դատարանը գտնում է ամբողջությամբ կիրառելի սույն գործում: Կիրառելով միևնույն մոտեցումը և տալով գնահատական իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերի հիման վրա` Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 40,000 եվրո: Ավելին, քանի որ օգտագործման իրավունքի արժեքն այդ պահի դրությամբ համարժեք է եղել բնակարանի` դրա նկատմամբ իրավունք ունեցող անձի համապատասխան մասնաբաժնի շուկայական արժեքին (նույն տեղում, § 20), Դատարանը որոշում է այս գումարը տրամադրել բոլոր դիմումատուներին համատեղ (տե՛ս նաև վերոհիշյալ Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի և Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործերը)` մերժելով նրանց պահանջի մյուս մասը: Այնուհետև, այն որոշում է յուրաքանչյուր դիմումատուին տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում` 6,000 եվրոյի չափով:

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

36. Դիմումատուները չեն ներկայացրել ծախսերի և ծախքերի փոխհատուցման որևէ պահանջ, իրավաբանական ծառայությունները նրանց տրամադրվել են անվճար հիմունքներով:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք

 

37. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է դիմումատուներին բնակարանից զրկելու վերաբերյալ պահանջն ընդունելի,

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

3. Վճռում է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուների` Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների շրջանակներում ներկայացրած գանգատներով առանձին վճիռ կայացնելու անհրաժեշտություն չկա, և գանգատի մնացած մասը հայտարարում է անընդունելի,

4. Վճռում է, որ`

i

ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով` վճարման ամսաթվին գործող փոխարժեքով.

(i) նյութական վնասի դիմաց` 40,000 եվրո (քառասուն հազար եվրո) բոլոր դիմումատուներին համատեղ` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,

(ii) ոչ նյութական վնասի դիմաց` 6,000 եվրո (վեց հազար եվրո) յուրաքանչյուր դիմումատուի` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս` պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

5. Մերժում է դիմումատուների` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի նոյեմբերի 13-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

 

Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]
Քարտուղարի տեղակալ
Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]
Նախագահ
  

                         

 

 

pin
Եվրոպական դատարան
13.11.2014
N 23566/05
Վճիռ