Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ԶԱՐԻԿՅԱՆՑՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ԶԱՐԻԿՅԱՆՑՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ԶԱՐԻԿՅԱՆՑՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 43242/05)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

13 նոյեմբերի 2014թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմաններում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի գործով,

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով`

 

Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]` Նախագահ,

Ալվինա Գյուլումյան,

Յան Շիկուտա [Jan Sikuta],

Լուիս Լոպես Գերրա [Luis Lցpez Guerra],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Յոհաննես Սիլվիս [Johannes Silvis],

Վալերիու Գրիցկո [Valeriu Gritco]` դատավորներ, և

Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2014 թվականի հոկտեմբերի 21-ի դռնփակ նիստում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն ամսաթվին:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Վարույթը հարուցվել է 2005 թվականի դեկտեմբերի 1-ին` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պրն Սեդրակ Բաղդասարյանի և տկն Տատյանա Զարիկյանցի (»դիմումատուներ») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված գանգատի (թիվ 43242/05) հիման վրա:

2. Դիմումատուներին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Ա. Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2007 թվականի նոյեմբերի 21-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:

4. 2011 թվականի նոյեմբերի 15-ին Դատարանը որոշեց Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետի համաձայն, գանգատի մի մասը հանել քննության ենթակա գործերի իր ցանկից, իսկ գանգատի մյուս մասը համարել անընդունելի:

5. 2012 թվականի հուլիսի 10-ին Դատարանն ընդունեց որոշում` գանգատի մի մասը քննության ենթակա գործերի իր ցանկում վերականգնելու վերաբերյալ` Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

6. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1953 և 1961 թվականներին և բնակվում են Երևանում:

7. Դիմումատուներին և երրորդ անձին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում էր քաղ. Երևան, Բյուզանդի փող. 25 հասցեում գտնվող, 55.7 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանը:

8. 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունեց թիվ 1151-Ն որոշումը, որով հաստատեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի վարչական սահմանում պետության կարիքների համար քաղաքաշինական նպատակներով վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները` 345,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Բյուզանդ փողոցը ներառված էր օտարման գոտիներում ընդգրկված փողոցների ցանկում: Կառուցապատման ծրագրերի իրականացման գործընթացը կառավարելու նպատակով ստեղծվել էր հատուկ մարմին` Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը (այսուհետ` Գրասենյակ):

9. 2004 թվականի սեպտեմբերի 7-ին Գրասենյակի պահանջով դիմումատուների բնակարանը գնահատվել է գնահատող կազմակերպության կողմից: Բնակարանի շուկայական արժեքը սահմանվել է 20,080 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար):

10. 2005 թվականի հունվարին Գրասենյակը դիմումատուներին տեղեկացրել է, որ նրանց բնակարանը ենթակա է օտարման և, որ այն գնահատվել է 20,080 ԱՄՆ դոլար: Որպես ֆինանսական խրախուսանք` նրանց առաջարկվել է հավելյալ գումար` 14,734.70 ԱՄՆ դոլարի չափով, եթե նրանք պայմանագիրը կնքեին հինգ օրվա ընթացքում;

11. Դիմումատուները չեն ընդունել առաջարկը, քանի որ նրանց չի գոհացրել առաջարկվող փոխհատուցման գումարի չափը:

12. 2005 թվականի հունվարի 20-ին Գրասենյակը դիմումատու Սեդրակ Բաղդասարյանի դեմ հայց է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել նրան կնքելու պայմանագիր` խնդրո առարկա բնակարանը պետության կարիքների համար հանձնելու վերաբերյալ, և վտարել նրան ու այդ բնակարանում ապրող այլ անձանց:

13. 2005 թվականի մարտի 10-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գրասենյակի հայցը` կարգադրելով դիմումատուներին պայմանագիր կնքել 20,080 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

14. 2005 թվականի մարտի 24-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել:

15. 2005 թվականի մայիսի 17-ին վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա բավարարել է Գրասենյակի հայցը:

16. 2005 թվականի մայիսի 31-ին դիմումատուները վճռաբեկ բողոք են ներկայացրել օրենքի միատեսակ կիրառելիության վերաբերյալ` մասնավորապես վիճարկելով, inter alia, որ իրենց գույքից զրկելը սահմանված չէ օրենքով, ինչպես դա պահանջվում է Սահմանադրության 28-րդ հոդվածով, և որ նրանց` իրենց գույքից զրկելու հարցում որևէ հանրային շահ առկա չի եղել:

17. 2005 թվականի հուլիսի 7-ին վճռաբեկ դատարանը որոշում ընդունեց դիմումատուների բողոքը մերժելու վերաբերյալ:

18. Չհստակեցված ամսաթվին դիմումատուներին վճարվել է սահմանված գումարը:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

19. Համապատասխան ներպետական դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] գործով վճիռը (թիվ 27651/05, §§ 23-25, 2009 թվականի հունիսի 23):

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

20. Դիմումատուները բողոք են ներկայացրել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում` առ այն, որ իրենց բնակարանից զրկելը օրենքով սահմանված չի եղել: Դատարանը գտնում է, որ նրանց գանգատը պետք է քննվի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո, որը, այնքանով, որքանով վերաբերում է սույն գործին, սահմանում է հետևյալը`

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»:

 

Ա. Ընդունելիություն

 

21. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննություն

 

22. Դիմումատուները պնդել են, որ իրենց գույքից զրկելը չի կատարվել օրենքով նախատեսված պայմանների համաձայն, քանի որ այդ ամենը կատարվել է Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված երաշխիքների խախտմամբ:

23. Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուների բնակարանի օտարումը չէր իրականացվել օրենքով սահմանված պայմանների համաձայն, և դա թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում է:

24. Դատարանը վերահաստատում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելուն պետական մարմինների կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ գույքից զրկելը թույլատրվում է միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով», իսկ երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ պետություններն իրավասու են իրականացնելու վերահսկողություն գույքի օգտագործման նկատմամբ` կիրարկելով «օրենքներ»: Ավելին, իրավունքի գերակայությունը, լինելով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին (տե՛ս Հունաստանի նախկին թագավորը և մյուսներն ընդդեմ Հունաստանի [Former King of Greece and Others v. Greece] [GC], թիվ 25701/94, § 79, ՄԻԵԿ 2000-XII): Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով» արտահայտությամբ առաջին հերթին պահանջվում է համարժեքորեն հասանելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական դրույթների առկայություն և կիրառության ապահովում (տե՛ս Լիթգոուն և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության [Lithgow and Others v. the United Kingdom], 1986 թվականի հուլիսի 8, § 110, շարք «Ա», թիվ 102):

25. Դատարանը նշում է, որ Հայաստանի դեմ մի շարք գործերի շրջանակում այն արդեն քննել է նմանատիպ բողոքներ ու փաստարկներ և եկել է եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե՛ս, օրինակ` վերևում նշված Մինասյանը և Սեմերջյանը [Minasyan and Semerjyan], §§ 69-77, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի [Tunyan and Others v. Armenia], թիվ 22812/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9, և Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի [Danielyan and Others v. Armenia], թիվ 25825/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9): Դատարանը սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում:

26. Համապատասխանաբար, խախտվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

27. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, արդարացի փոխհատուցում տրամադրել տուժած կողմին»:

 

Ա. Վնաս

 

28. Դիմումատուները պնդել են, որ որպես փոխհատուցում, իրենք պետք է ստանան բնակարանի շուկայական արժեքին համարժեք գումար, ինչն իրենց խոստացվել էր Կառավարության չիրագործված միակողմանի հայտարարությամբ: Խնդրո առարկա բնակարանի մակերեսը կազմել է 117.5 քառակուսի մետր, և մեկ քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը կազմել է 3,000 ԱՄՆ դոլար: Դիմումատուները հետագայում ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պահանջել են 70,000 եվրո:

29. Կառավարությունն առարկություն է ներկայացրել նյութական վնասի փոխհատուցումը հաշվարկելու համար առաջարկված մեթոդի դեմ և նշել, որ նման փոխհատուցումը պետք է հիմնված լինի բացահայտված խախտման, այլ ոչ թե Կառավարության` միակողմանի հայտարարության մեջ արված առաջարկի վրա: Կառավարությունն այնուհետև, պնդել է, որ ոչ նյութական վնասի համար պահանջվող գումարը չափազանց մեծ է եղել:

30. Դատարանը համաձայնել է Կառավարության հետ այն հարցում, որ նյութական վնասը պետք է հաշվարկվի բացահայտված խախտման հիման վրա: Այն նշում է, որ համանման իրավիճակում նախկինում տրամադրել է նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը Դատարանը գտնում է ամբողջությամբ կիրառելի սույն գործում: Կիրառելով միևնույն մոտեցումը և տալով գնահատական իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերի հիման վրա` Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 32,000 եվրո և որոշում է տրամադրել այս գումարը բոլոր դիմումատուներին համատեղ` մերժելով նրանց պահանջի մնացած մասը: Այնուհետև այն որոշում է յուրաքանչյուր դիմումատուին տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում` 6,000 եվրոյի չափով:

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

31. Դիմումատուները չեն ներկայացրել ծախսերի և ծախքերի փոխհատուցման որևէ պահանջ, իրավաբանական ծառայությունները նրանց տրամադրվել են անվճար հիմունքներով:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք

 

32. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է դիմումատուներին բնակարանից զրկելու վերաբերյալ պահանջն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ`

ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով` վճարման ամսաթվին գործող փոխարժեքով.

(i) նյութական վնասի դիմաց` 32,000 եվրո (երեսուներկու հազար եվրո) բոլոր դիմումատուներին համատեղ` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,

(ii) ոչ նյութական վնասի դիմաց` 6,000 եվրո (վեց հազար եվրո)` յուրաքանչյուր դիմումատուի` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս` պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուների` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի նոյեմբերի 13-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

 

Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]  Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]

 

      Քարտուղարի տեղակալ                   Նախագահ

 

 

pin
Եվրոպական դատարան
13.11.2014
N 43242/05
Վճիռ