Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-40-Ո-110

2018 թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով 96-րդ հոդվածի 1-ին մասը, 101-րդ հոդվածը, 102-րդ հոդվածը, 106-րդ հոդվածի 5-րդ մասը, 107-րդ հոդվածի 4-9-րդ մասերը, 108-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն հավելվածի 1-ի:

2. Հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի կազմակերպման և անցկացման ժամանակ գնահատման ենթակա հատկանիշների հարցաթերթի ձևը` համաձայն հավելվածի 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. սեպտեմբերի 27

ք. Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. սեպտեմբերի 27-ի

թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման շրջանակում հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց (այսուհետ` հավակնորդներ) հետ Բարձրագույն դատական խորհրդում (այսուհետ` Խորհուրդ) հարցազրույց կազմակերպելու և անցկացնելու մանրամասները:

2. Հարցազրույցը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 108-րդ հոդվածով սահմանված կարգով հավակնորդների հետ անցկացվող զրույցն է, որի նպատակն է բացահայտել հավակնորդների` դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայությունը և նպաստել լավագույն հավակնորդների ընտրությանը:

 

2. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

i

3. Հարցազրույցի անցկացման վայրը և ժամանակացույցը` ըստ քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացումների, սահմանում է Խորհուրդը:

4. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարցազրույց անցկացնելու ժամանակի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հարցազրույցի օրվանից առնվազն 10 օր առաջ:

5. Հարցազրույցի անցկացման ժամանակի և վայրի մասին Դատական դեպարտամենտն իրազեկում է հավակնորդին` ուղարկելով նաև էլեկտրոնային ծանուցում նրա` որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

6. Հարցազրույցի կազմակերպումը, այդ թվում` հարցազրույց անցկացնելու համար նյութերի նախապատրաստումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

7. Դատական դեպարտամենտը հավակնորդներին տրամադրում է վկայական (այսուհետ` Վկայական), որն առնվազն պետք է պարունակի`

1) հավակնորդի անունը,

2) հավակնորդի լուսանկարը,

3) Վկայականի համարը,

4) նշում` հարցազրույցի վայրի, օրվա և ժամի մասին,

5) Դատական դեպարտամենտի կնիքը:

8. Հարցազրույցի անցկացման ժամանակի և վայրի մասին Դատական դեպարտամենտը էլեկտրոնային փոստի միջոցով իրազեկում է նաև Օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հարցազրույցին ներկա լինելու և դրա ընթացքին հետևելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` «Դիտորդ»):

9. Դիտորդի կարգավիճակը հավաստելու համար Դատական դեպարտամենտը նրան տրամադրում է անվանաքարտ, որը պետք է պարունակի`

1) «ԴԻՏՈՐԴ» բառը,

2) Դիտորդի անունը և լուսանկարը,

3) այն մարմնի կամ կազմակերպության անվանումը, որի ներկայացուցիչն է Դիտորդը,

4) Դատական դեպարտամենտի կնիքը:

10. Հավակնորդների միասնական համալրված ցուցակը Օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հրապարակելուց հետո երկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտն ստանում և հավակնորդների անձնական գործերին է կցում.

1) հավակնորդի վերաբերյալ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից ստացված տեղեկատվությունը, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ,

2) հավակնորդի վերաբերյալ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով այլ անձանցից ստացված փաստաթղթավորված տեղեկատվությունը, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ,

3) Օրենսգրքի 107-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով հավակնորդի կողմից ներկայացված գրավոր աշխատանքների օրինակները, որոնք կարող են հավաստել նրա մասնագիտական աշխատանքի փորձառությունը և նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների գնահատմանը հարցազրույցի ժամանակ:

11. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` միասնական համալրված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը Խորհուրդ է ներկայացնում յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման ստուգմանը մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքով ստացած միավորները և սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

12. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` հարցազրույցին մասնակցող հավակնորդն իրավունք ունի դիմելու և դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու Խորհրդում գտնվող իր անձնական գործին և ներկայացնելու գրավոր նկատառումներ` անձնական գործի լրիվության և/կամ սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկությունների վերաբերյալ: Հավակնորդի գրավոր նկատառումները ևս կցվում են նրա անձնական գործին:

13. Խորհրդի նիստում հավակնորդների անձնական գործը և մասնագիտական փորձը ներկայացնելու համար զեկուցողների ընտրությունը կատարվում է հավասարաչափ բաշխման և պատահական ընտրության սկզբունքով` Խորհրդի դռնբաց նիստում կազմակերպված վիճակահանության կարգով, և ձևակերպվում է Խորհրդի աշխատակարգային որոշմամբ:

14. Դատական դեպարտամենտը Խորհրդի բոլոր անդամների համար ապահովում է հավակնորդների անձնական գործերի մատչելիությունը:

15. Հավակնորդների միասնական համալրված ցուցակը Օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հրապարակելուց հետո երկշաբաթյա ժամկետում Խորհրդի որոշմամբ ընտրվում է (են) հոգեբան (հոգեբաններ), որին (որոնց) հանձնարարվում է մշակել հավակնորդների` դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական անձնական հատկանիշները (մասնավորապես` ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, պատասխանատվության զգացում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն) բացահայտելուն ուղղված հոգեբանական հարցեր:

16. Դատական դեպարտամենտը հոգեբանին պարզաբանում է հոգեբանական հարցերի բովանդակությունը գաղտնի պահելու, դրանց բարեհաջող պատասխանելու հարցում հավակնորդին որևէ այլ ձևով չաջակցելու, հարցազրույցին անձամբ մասնակցելու և մասնագիտական եզրակացություն տալու անհրաժեշտության մասին:

17. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիպոթետիկ խնդիրների և 3-րդ մասով նախատեսված հակիրճ իրավական հարցերի մշակումն ապահովում է Դատական դեպարտամենտը` ապահովելով դրանց գաղտնիությունը:

 

3. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

18. Հարցազրույցն անցկացվում է Խորհրդի` այդ նպատակով հրավիրված նիստում:

19. Յուրաքանչյուր հավակնորդ և Դիտորդ նախապես հայտարարված ժամին ներկայանում է հարցազրույցի անցկացման վայր անձը հաստատող փաստաթղթով և Վկայականով/անվանաքարտով:

20. Ներկայացած հավակնորդների և Դիտորդների ինքնության ստուգումն ու գրանցումն իրականացնում է Դատական դեպարտամենտի ներկայացուցիչը:

21. Անձը հաստատող փաստաթուղթ և Վկայական/անվանաքարտ չներկայացրած հավակնորդի/Դիտորդի մասնակցությունը հարցազրույցին չի թույլատրվում:

22. Բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից, Դիտորդներից և Դեպարտամենտի ներկայացուցչից, այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում:

23. Դատական դեպարտամենտն ապահովում է հարցազրույցի ամբողջ ընթացքի

ուղիղ հեռարձակումը հարցազրույցի անցկացման սենյակից դուրս գտնվող տարածքում, որտեղ հարցազրույցի ընթացքին կարող է հետևել ցանկացած անձ` առանց տեսաձայնագրելու կամ առցանց հեռարձակելու հնարավորության: Սույն կետի պահանջները խախտելու դեպքում Դատական դեպարտամենտի ներկայացուցիչն իրավասու է համապատասխան անձից պահանջել դադարեցնելու տեսաձայնագրմանը կամ առցանց հեռարձակմանն ուղղված գործողությունները, իսկ պահանջին չենթարկվելու կամ այն կրկին խախտելու դեպքում` հեռացնել նրան համապատասխան տարածքից` այդ մասին կազմելով արձանագրություն:

24. Հարցազրույցի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է Դատական դեպարտամենտի կողմից:

25. Դատական դեպարտամենտը Դիտորդներին ապահովում է քննության ընթացքին հետևելու համար անհրաժեշտ պայմաններով` այնպես, որ չխաթարվի դրա բնականոն ընթացքը:

26. Նախքան հարցազրույցը սկսելը Խորհրդի նիստը նախագահողը Դիտորդներին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները` ներառյալ առանց Խորհրդի նիստը նախագահողի թույլտվության ելույթներ ունենալու, ռեպլիկներ անելու, փաստաթղթեր կամ այլ նյութեր վերցնելու, հարցազրույցի ամբողջ ընթացքը կամ դրա մասը ձայնագրելու, տեսաձայնագրելու կամ առցանց հեռարձակելու, հավակնորդների հետ հաղորդակցվելու անթույլատրելիությունը: Խորհրդի նիստը նախագահողը Դիտորդներին պարզաբանում է նաև, որ Դիտորդի` հարցազրույցին ներկա գտնվելու և դրա ընթացքին հետևելու պայմանները խախտելու դեպքում համապատասխան Դիտորդը Խորհրդի որոշմամբ կարող է հեռացվել հարցազրույցի անցկացման սենյակից:

27. Հավակնորդները հարցազրույցի են հրավիրվում անհատապես` ըստ Խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցի:

28. Հարցազրույցի ժամանակ հավակնորդին չի թույլատրվում`

1) հարցազրույցի անցկացման սենյակ տանել նյութեր, պայուսակ, սննդամթերք, հեռահաղորդակցման և համակարգչային սարքեր, այդ թվում` բջջային հեռախոս, ձայնագրիչներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ կամ այլ պարագաներ.

2) օգտագործել իրավական ակտեր, մեկնաբանության գրքեր, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, նախապես կազմված գրառումներ կամ այլ նյութեր, այդ թվում` այդպիսի տեղեկություններ պարունակող կամ տրամադրող ձայնային կամ այլ տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ.

3) հարցազրույցի անցկացման սենյակում խոսել կամ ժեստերով և (կամ) որևէ այլ կերպ հաղորդակցվել Դիտորդի կամ այլ հավակնորդի հետ.

4) առանց թույլտվության դուրս գալ հարցազրույցի անցկացման սենյակից և, մուտք գործել այլ տարածք, բացի սանհանգույցից:

29. Հավակնորդը կարող է դուրս գալ հարցազրույցի անցկացման սենյակից միայն Խորհրդի նիստը նախագահողի թույլտվությամբ, որը պարտավոր է ողջամիտ միջոցներ ձեռնարկել այլ անձանց հետ հավակնորդի շփումը բացառելու նպատակով:

30. Սույն կարգի 28-րդ կետերի պահանջների խախտում թույլ տալու դեպքում հավակնորդը Խորհրդի որոշմամբ հեռացվում է հարցազրույցի անցկացման սենյակից: Այդ դեպքում համարվում է, որ հավակնորդը չի մասնակցել հարցազրույցին:

31. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկուկես ժամ է:

32. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առաջին մասում Խորհրդի համապատասխան անդամը հանդես է գալիս զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է հավակնորդի կենսագրությունը, ինչպես նաև նրա մասնագիտական փորձի, որակավորման քննության արդյունքների և սույն կարգի 10-րդ կետերով սահմանված կարգով նրա վերաբերյալ ստացված տեղեկությունները:

33. Խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, որից հետո հավակնորդին տրվում է իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու հնարավորություն:

34. Դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին սույն կարգի 41-րդ կետով սահմանված հատկանիշների, իսկ գիտությունների թեկնածու հավակնորդին` նաև նրա գիտական հետազոտությունների ոլորտի մասին:

35. Խորհրդի նիստին մասնակցող հոգեբանը (հոգեբանները) իր (իրենց) հարցադրումները հավակնորդին ներկայացնում է (են) գրավոր: Հավակնորդը պարտավոր է հատկացված ժամանակում, որը չի կարող պակաս լինել 15 րոպեից, գրավոր պատասխանել հոգեբանի բոլոր հարցադրումներին և իր պատասխանները հանձնել հոգեբանին:

36. Պատասխանները հոգեբանին հանձնելուց հետո Խորհրդի նիստը նախագահողը հարցազրույցի առաջին մասը հայտարարում է ավարտված` հավակնորդին առաջարկելով վիճակահանությամբ ընտրելու Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված մեկ խնդիր, իսկ միասնական ցուցակում որպես գիտական աստիճան ունեցող անձ ընդգրկված հավակնորդին` նաև Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկ հակիրճ իրավական հարց (այսուհետ` Հարցեր):

37. Սույն կարգի 36-րդ կետով նախատեսված հարցերին պատասխանելուն պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է 30 րոպե ժամանակ: Պատրաստ լինելուն պես հավակնորդն իրավունք ունի ներկայացնելու իր պատասխանը` անկախ պատրաստվելու համար հատկացված ժամանակը լրացած լինելու հանգամանքից:

38. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խնդրի` հավակնորդի կողմից ներկայացված պատասխանը պետք է պարունակի առաջադրված հարցի վերաբերյալ վերլուծություն և դիրքորոշում, որը հնարավորություն է տալիս գնահատելու կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու հավակնորդի կարողությունը, ինչպես նաև նրա գիտելիքները դատավորի վարքագծի համապատասխան կանոնների և դատավորին ներկայացվող համապատասխան պահանջների վերաբերյալ:

39. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցի պատասխանը պետք է պարունակի համապատասխան վերլուծություն ու դիրքորոշում, որը հնարավորություն է տալիս ստուգելու հավակնորդի` կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, հաղորդակցվելու, վերլուծություն կատարելու կարողությունները և դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ գիտելիքների առկայությունը:

40. Հավակնորդի կողմից հարցի պատասխանը ներկայացնելուց հետո Խորհրդի անդամները ներկայացված պատասխանի վերաբերյալ կարող են հարցեր տալ հավակնորդին:

41. Հարցազրույցի ժամանակ Խորհրդի անդամներին տրամադրվում է Խորհրդի որոշմամբ հաստատված ձևի հարցաթերթ, որտեղ նշվում են հավակնորդի գնահատման ենթակա հետևյալ հատկանիշները (չափորոշիչները).

1) մասնագիտական աշխատանքի փորձառությունը,

2) դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը,

3) դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը,

4) ինքնատիրապետումը,

5) վարվեցողությունը,

6) հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառումը,

7) պատասխանատվության զգացումը,

8) ունկնդրելու կարողությունը,

9) հաղորդակցվելու հմտությունները,

10) արդարամտությունը,

11) վերլուծական կարողությունները,

12) կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու կարողությունը,

13) դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ գիտելիքների առկայությունը (միասնական ցուցակում որպես գիտական աստիճան ունեցող անձ ընդգրկված հավակնորդի դեպքում):

42. Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ 5-միավորանոց համակարգով հավակնորդին գնահատում է սույն կարգի 41-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր չափորոշիչով` հարցաթերթում, ըստ անհրաժեշտության, նշելով նաև իր նկատառումները գնահատվող յուրաքանչյուր հատկանիշի վերաբերյալ:

43. Սույն կարգի 41-րդ կետի 4-10-րդ ենթակետերով նախատեսված չափորոշիչներով գնահատումն իրականացնելիս Խորհրդի անդամը հաշվի է առնում նաև հոգեբանի (հոգեբանների) եզրակացությունը, որը պետք է ներկայացվի Խորհրդի անդամներին ոչ ուշ, քան մինչև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկումը:

44. Հարցազրույցի` իրեն վերաբերող մասի ավարտից հետո հավակնորդը դուրս է հրավիրվում հարցազրույցի անցկացման սենյակից:

 

4. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՄՓՈՓՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

45. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացնում են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:

46. Հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկումն իրականացվում է դռնփակության պայմաններում` բացառապես Խորհրդի անդամների մասնակցությամբ:

47. Հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը հաջորդում է գաղտնի քվեարկությունը, որի արդյունքները հրապարակվում են Օրենսգրքի 101-րդ հոդվածի 3- րդ մասով սահմանված կարգով:

48. Դատական դեպարտամենտը պարտավոր է հավակնորդի դիմումով մեկշաբաթյա ժամկետում նրան տրամադրել հարցազրույցի` իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. սեպտեմբերի 27-ի

թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման

 

ՀԱՐՑԱԹԵՐԹ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|         Հավակնորդի անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտացում        |

|_____________________________________________________________________|

|Հատկանիշներ (չափորոշիչները)                      |Միավոր|Նկատառումներ|

|                                                 |(0-5) |            |

|_________________________________________________|______|____________|

|1. |Մասնագիտական աշխատանքի փորձառությունը        |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|2. |Դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը      |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|3. |Դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար     |      |            |

|   |իրավական ակտերի պահանջներին                  |      |            |

|   |տեղեկացվածությունը                           |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|4. |Ինքնատիրապետումը                             |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|5. |Վարվեցողությունը                             |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|6. |Հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառումը|      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|7. |Պատասխանատվության զգացումը                   |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|8. |Ունկնդրելու կարողությունը                    |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|9. |Հաղորդակցվելու հմտությունները                |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|10.|Արդարամտությունը                             |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|11.|Վերլուծական կարողությունները                 |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|12.|Կարճ ժամանակահատվածում հանպատրաստից          |      |            |

|   |կողմնորոշվելու կարողությունը                 |      |            |

|___|_____________________________________________|______|____________|

|13.|Դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար|      |            |

|   |անհրաժեշտ գիտելիքների առկայությունը          |      |            |

|   |(միասնական ցուցակում որպես գիտական աստիճան   |      |            |

|   |ունեցող անձ ընդգրկված հավակնորդի դեպքում)    |      |            |

._____________________________________________________________________.

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ` _____________________________

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
27.09.2018
N ԲԴԽ-40-Ո-110
Որոշում