Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 հուլիսի 2018 թվականի N 348-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասով և հիմք ընդունելով Կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» N 580-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2018 թվականի հուլիսի 16-ի

N 348-Լ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ` նախարարություն) ենթակա մարմին է:

2. Ծառայությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Ծառայությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Ծառայության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն,

2) ռուսերեն` Ուգօլօվնօ իսպօլնիտելնայա սլուժբա Մինիստերստվա Յուստիցիի Ռեսպուբլիկի Արմենիա,

3) անգլերեն` Penitentiary Service of the Ministry of Justice of the Republic of Armenia,

4) ֆրանսերեն` Service Penitentiaire de la Ministere de la Justice de la Republique d'Armenie:

5. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն, ռուսերենով, անգլերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Ծառայությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Ծառայությունում ընդգրկվում են Ծառայության ղեկավարի (այսուհետ` Ծառայության պետ), Ծառայության պետի առաջին տեղակալի, Ծառայության պետի տեղակալների, գլխավոր քարտուղարի, Ծառայության պետի օգնականների, պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց 63:

 

1. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ծառայության նպատակը քրեակատարողական քաղաքականության իրականացման ապահովումն է:

10. Ծառայության խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները կատարելը` օրենքով սահմանված կարգով.

2) անձանց` օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահելը.

3) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը.

4) քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը.

5) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը.

6) կալանավորվածների և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական ու հոգևոր զարգացման պատշաճ պայմաններ ապահովելը.

7) կալանավորվածների և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ կազմակերպելը.

8) քրեակատարողական հիմնարկների ու մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների զարգացում ապահովելը.

9) կալանավորվածների և դատապարտյալների զբաղվածությունն ապահովելը.

10) քրեակատարողական հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով դեպքի վայրը պահպանելը.

11) օրենքով նախատեսված այլ խնդիրներ:

 

1. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Ծառայությունը`

1) օրենքով սահմանված կարգով ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժների կատարումը.

2) ապահովում է օրենքով սահմանված հիմքերով և կարգով անձանց կալանքի տակ պահելը.

3) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը.

4) քրեակատարողական հիմնարկներում ապահովում է օրինականություն, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ.

5) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունը.

6) ապահովում է կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական և հոգևոր զարգացման համար պատշաճ պայմաններ.

7) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ.

8) ապահովում է քրեակատարողական հիմնարկների և մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների բարելավումը.

9) ապահովում է կալանավորված անձանց և դատապարտյալների զբաղվածությունը.

10) դատարանների դատավճիռների համաձայն` յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար սահմանված առավելագույն լրակազմին համապատասխան` կազմակերպում է դատապարտյալների տեղաբաշխման աշխատանքները.

11) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու, առողջապահական մարմինների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու համար.

12) քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումներին ցուցաբերում է մեթոդական և գործնական աջակցություն.

13) վարում է Ծառայության արխիվային քարտադարանը, ապահովում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցների մասին տվյալների համակարգչային մուտքագրումն ու պահպանումը, իրականացնում է նրանց հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված այլ գործառույթներ.

14) կազմակերպում և իրականացնում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ, ուսումնասիրում և վերլուծում է այդ աշխատանքների կատարման ընթացքը, թերությունները վերացնելու համար ձեռնարկում է միջոցներ և նշված խնդիրների լուծման համար կատարում է այլ գործառույթներ.

15) իրականացնում է Ծառայությանը վերաբերող փաստաթղթերի` ժամանակին և պատշաճ ընդունման, հաշվառման, առաքման և պահպանման գործընթացը.

16) ամփոփում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ներկայացված հայտ-պահանջագրերը, դրանց հիման վրա կազմում է գնումների անվանացանկը և ներկայացնում է ծառայության համապատասխան բաժին, դրա հիման վրա կազմում է գնման հայտեր.

17) իրականացնում է վերահսկողություն դատարանների կողմից դատավճիռների և քրեական գործերով կայացված որոշումների պատշաճ կատարման, քրեակատարողական հիմնարկներում կանոնակարգի պահպանման նկատմամբ.

18) իրականացնում է մշտական վերահսկողություն քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ, բացասական հետևանքներ առաջացնող և իրավիճակը վատթարացնող արտակարգ իրավիճակների ժամանակ ձեռնարկում է անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ` իրավիճակը կայունացնելու համար, անցկացնում է ծառայողական ստուգումներ կամ քննություններ, պարզում ու վերլուծում է դրանց պատճառները, ինչպես նաև մշակում և իրականացնում է միջոցառումներ` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով.

19) դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ օրինապահ վարքագիծ ձևավորելու նպատակով մշակում և իրականացնում է հոգեբանական, սոցիալական, մանկավարժական և այլ ծրագրեր` համագործակցելով հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ.

20) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկում է միջոցներ.

21) իրականացնում է քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, ձեռնարկում է միջոցներ դրանց պահպանության, կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, նրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման և նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման և անվտանգության ապահովման համար.

22) կազմում է Ծառայության ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրեր, կատարված աշխատանքների մասին պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություն.

23) սահմանված կարգով կազմակերպում է համաներման և ներման ակտերի կատարումը.

24) կազմակերպում է Ծառայության և քրեակատարողական հիմնարկների ֆինանսական և նյութատեխնիկական, այդ թվում` ինժեներատեխնիկական, պահպանության և կապի միջոցներով, զենքով, զինամթերքով, հատուկ և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, ինչպես նաև հսկողություն է իրականացնում դրանց բաշխման, պահպանման, օգտագործման նկատմամբ.

25) ընդհանրացնում և վերլուծում է քրեական պատիժների կատարման, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների մասին վիճակագրական ու տեղեկատվական բնույթի տվյալները.

26) կազմակերպում և անցկացնում է քրեակատարողական ծառայողների ատեստավորումը.

27) կազմակերպում է փոխադրվելու, ինչպես նաև կոչումների շնորհման գործընթացը.

28) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային և սանիտարահիգիենիկ պարագաներով, կենցաղային սպասարկման սարքավորումներով, խոհանոցային պարագաներով և գույքով, ինչպես նաև համակարգի անձնակազմին` ծառայողական հանդերձանքով.

29) իրականացնում է հսկողություն անձնակազմի կողմից հանդերձանք կրելու կանոնների պահպանման նկատմամբ.

30) մասնակցում է քրեակատարողական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին:

 

1. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Ծառայության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` նախարար):

13. Նախարարը`

1) հաստատում է Ծառայության կանոնադրությունը և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) հաստատում է Ծառայության հաստիքացուցակը.

3) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է Ծառայության գործունեության հիմնական ուղղությունները.

4) իրականացնում է Ծառայության գործունեության վերահսկողությունը.

5) լսում է Ծառայության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

6) հաստատում է Ծառայության հաստիքացուցակը.

7) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

8) հաստատում է տարեկան հաշվեկշիռը:

14. Ծառայությունը ղեկավարում է Ծառայության պետը:

15. Ծառայության պետին անմիջական հաշվետու են Ծառայության պետի առաջին տեղակալը և Ծառայության պետի տեղակալները, գլխավոր քարտուղարը, իր օգնականները և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերը:

16. Ծառայության պետին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Ծառայության պետը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և նախարարին:

18. Ծառայության պետը`

1) պատասխանատու է Ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

3) օրենքով կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև Ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալի հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ Ծառայության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին.

5) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

6) կասեցնում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների պետերի և քրեակատարողական հիմնարկների պետերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, ցուցումները և հանձնարարականները.

7) կասեցնում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող անհատական հրամանները և հանձնարարականները.

8) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

19. Ծառայության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ծառայության պետի առաջին տեղակալը, կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` Ծառայության պետի տեղակալներից առավել երկար ծառայության ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

20. Ծառայության պետի առաջին տեղակալը կամ տեղակալը`

1) գործում է Ծառայության պետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին և քրեակատարողական հիմնարկներին փոխանցում է Ծառայության պետի հանձնարարականները, ապահովում է ըստ իր համակարգման ոլորտի կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների կողմից Ծառայության պետի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Ծառայության պետին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է Ծառայության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Ծառայության պետի առաջին տեղակալը և տեղակալները կարող են ունենալ օգնականներ, որոնց անմիջական ղեկավարը համապատասխան տեղակալն է, և որն անմիջական հաշվետու է համապատասխան տեղակալին:

22. Ծառայությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է Ծառայության լիազորությունների իրականացման կազմակերպական, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) Ծառայության պետին ներկայացնում է Ծառայության տարեկան հաշվեկշիռը.

4) Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

5) Ծառայության պետին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները.

6) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է Ծառայության պետի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է Ծառայության պետի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Ծառայության պետին.

8) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

9) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ և տալիս հանձնարարականներ:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

27. Ծառայությունը բաղկացած է Ծառայության կենտրոնական մարմնից:

28. Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժինը,

2) կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժինը

3) կենտրոնական մարմնի օպերատիվ բաժինը,

4) կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը,

5) կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը,

6) կենտրոնական մարմնի բժշկական սպասարկման բաժինը,

7) կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժինը,

8) կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժինը,

9) կենտրոնական մարմնի իրավաբանական բաժինը,

10) կենտրոնական մարմնի կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժինը,

11) կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժինը,

12) կենտրոնական մարմնի առաջին բաժանմունքը,

13) կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժինը,

14) կենտրոնական մարմնի կենցաղային ապահովման բաժինը,

15) կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժինը:

29. Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) կենտրոնական մարմնի ֆինանսական բաժինը,

2) կենտրոնական մարմնի նյութատեխնիկական ապահովման բաժինը,

3) կենտրոնական մարմնի ընդհանուր բաժինը:

30. Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը սահմանում է նախարարը:

 

VII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

31. Ծառայությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

32. Ծառայության գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

33. Ծառայությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:

34. Ծառայությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

35. Ծառայության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

36. Ծառայությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

37. Ծառայության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

38. Ծառայության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

39. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, ով իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունները:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
16.07.2018
N 348-Լ
Հրաման