Սեղմել Esc փակելու համար:
ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(1-ին մաս)

 

(Գանգատ թիվ 34334/04)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

15 հունիսի 2010թ.

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ

 

15/09/2010

 

Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`

Ժոզեփ Քասադևալ [Josep Casadevall]` Նախագահ,

Էլիզաբեթ Ֆուրա [Elisabet Fura],

Կոռնելյու Բոռսան [Corneliu Birsan],

Բոշտյան Մ. Ժուպանչիչ [Bostjan M. Zupancic],

Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],

Ինետա Զիմելե [Ineta Ziemele],

Լուիս Լոպես Գեռա [Luis Lցpez Guerra]` դատավորներ,

և Սանտիագո Կեսադա [Santiago Quesada]` Բաժանմունքի քարտուղար,

2010 թվականի մայիսի 25-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Աշոտ Հարությունյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 34334/04) հիման վրա:

2. Դիմումատուին, որն իրավաբանական օգնություն է ստացել, ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Հ. Ալումյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2006 թվականի դեկտեմբերի 7-ին Դատարանը գանգատը հայտարարել է մասնակիորեն անընդունելի և որոշել կալանքի ընթացքում դիմումատուին անհրաժեշտ բժշկական օգնություն ենթադրաբար չցուցաբերելու, բողոքարկման վարույթի ընթացքում դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելու, ինչպես նաև վկաներ կանչելու առնչությամբ կողմերի իրավահավասարության սկզբունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ գանգատն ուղարկել Կառավարություն: Դատարանը որոշել է նաև միևնույն ժամանակ ուսումնասիրել գանգատի ըստ էության քննության և ընդունելիության հարցերը (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ):

4. 2009 թվականի ապրիլի 2-ին դիմումատուի կինը և երկու երեխաները տեղեկացրել են Դատարանին, որ 2009 թվականի հունվարի 20-ին դիմումատուն մահացել է քրեակատարողական հիմնարկում: Նրա դուստրը` Արուսյակ Հարությունյանը, ցանկություն է հայտնել ներկայացնել գանգատը հոր անունից:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1952 թվականին: Մահվան պահին նա պատիժ էր կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

 

Ա. Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը

6. 2001 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խաբեությամբ սեփականություն ձեռք բերելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Դիմումատուն, որը նախկինում չէր դատապարտվել, կասկածվում էր իր գործընկեր Վ.Գ.-ին հասանելիք շահույթը յուրացնելու մեջ:

7. 2002 թվականի փետրվարի 8-ին քննություն իրականացնող մարմինը ձեռագրաբանական փորձագետին հանձնարարել է եզրակացություն պատրաստել: 2002 թվականի մայիսի 8-ին քննություն իրականացնող մարմինը հաշվապահական հաշվառման երկու փորձագետներ Վ.Ա.-ին և Ա.Մ.-ին հանձնարարել է հաշվապահական հաշվառման վերաբերյալ երկու փորձագիտական եզրակացություն պատրաստել:

8. 2002 թվականի հուլիսի 8-ին քննություն իրականացնող մարմինը Վ.Գ.-ին ճանաչել է որպես տուժող և քաղաքացիական հայցվոր:

9. 2003 թվականի մարտի 14-ին դիմումատուին վերոնշյալ հանցանքների համար պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, ինչպես նաև նոր մեղադրանք` հարկերից խուսափելու համար:

10. 2003 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դիմումատուին կալանավորելու որոշում է կայացրել:

11. 2003 թվականի հունիսի 12-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որն այնուհետև ներկայացվել է դատարան: Մեղադրական եզրակացությանը կից ներկայացվել է այն անձանց ցուցակը, որոնց պետք է կանչեին դատարան: Նշված ցուցակում ընդգրկված են եղել մեղադրյալը, տուժողը, տասը վկաները` ներառյալ դիմումատուի հաշվապահ Կ.Ս.-ն, գանձապահ Կ.Մ-ն և երկու հաշվապահ-փորձագետներ Վ.Ա.-ն և Ա.Մ-ն:

12. 2003 թվականի հունիսի 14-ին դիմումատուի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան:

13. 2003 թվականի դեկտեմբերի 3-ին տուժողը 34 159 008 ՀՀ դրամի և 119 000 ԱՄՆ դոլարի չափով պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել:

14. 2004 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում և դատապարտել յոթ տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը նաև ամբողջությամբ բավարարել է տուժողի` պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը: Դատարանը դատավճիռ կայացնելիս, inter alia (ի թիվս այլնի), հիմք է ընդունել դատարանում հարցաքննված տասը վկաների, այդ թվում` հաշվապահ Կ.Ս.-ի և գանձապահ Կ.Մ.-ի ցուցմունքները, հարկային մարմինների մասնագետների կողմից կազմված ակտը, դատարանի կողմից նշանակված` հաշվապահական հաշվառման վերաբերյալ փորձագիտական երկու եզրակացությունները, հաշվապահական հաշվառման փորձագետներ Վ.Ա.-ի և Ա.Մ.-ի ցուցմունքները և ձեռագրաբանական փորձագետի եզրակացությունը:

15. 2004 թվականի փետրվարի 10-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Դիմումատուն քաղաքացիական հայցի վերաբերյալ նաև գրավոր բացատրություն է ներկայացրել, որով Վերաքննիչ դատարանից պահանջել է որպես վկա հրավիրել և հարցաքննել տուժողի հաշվապահ Ս.Հ.-ին: Նա նաև պահանջել է, որ հաշվապահ Կ.Ս.-ին և գանձապահ Կ.Մ.-ին կանչեն լրացուցիչ հարցաքննության: Դիմումատուն նաև խնդրել է կանչել երեք այլ անձանց` Կ.-ին, Հ.-ին և Զ.-ին: Հաշվապահներ Ս.Հ.-ին և Կ.Ս.-ին կանչելու և հարցաքննելու վերաբերյալ իր պահանջը հիմնավորելու նպատակով դիմումատուն դատարան է ներկայացրել վերջիններիս կողմից պատրաստված երկու հաշվապահական հաշվետվությունները, որոնք, ըստ նրա, պարունակում են արդարացնող տեղեկություններ:

16. 2004 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի առաջին նիստը: Դատական նիստերի դահլիճում դիմումատուն պահվել է մոտ 3 քմ մակերեսով մետաղյա ճաղավանդակում: Դիմումատուին ներկայացրել են երկու պաշտպան: Նիստի ընթացքում դիմումատուի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան` պնդելով, որ բազմաթիվ մարդկանց, այդ թվում` հարազատների և ընկերների ներկայությամբ դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելը նվաստացնող վերաբերմունք է և ստորացնում է նրան: Բացի այդ, խախտվում է կողմերի իրավահավասարության սկզբունքը, քանի որ դիմումատուն, լինելով ճաղավանդակում, չի կարող իրեն դատավարության մյուս կողմի հետ հավասար պայմաններում զգալ: Այն փաստը, որ դիմումատուն կալանավորված է եղել, բավարար արդարացում չէ` դատական նիստերի ժամանակ նրան մետաղյա ճաղավանդակում պահելու համար: Եվ ոչ էլ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որևէ դրույթով է սահմանվում կալանավորված անձին դատական նիստերի դահլիճում ճաղավանդակի մեջ պահելը: Պաշտպանը դատարանից պահանջել է դիմումատուին դուրս բերել մետաղյա ճաղավանդակից և թույլ տալ նստել դատավարության կողմերի համար նախատեսված նստարանին, մասնավորապես` իր փաստաբանի կողքին:

17. Դատախազն առարկել է միջնորդության դեմ` պնդելով, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չի նախատեսվում ամբաստանյալին մետաղյա ճաղավանդակից դուրս բերելու վերաբերյալ որևէ դրույթ: Բացի այդ, ամբաստանյալը պետք է նստի իր համար նախատեսված տեղում և դա չի կարող համարվել արժանապատվության ոտնահարում: Տուժողի ներկայացուցիչը նույնպես առարկել է միջնորդության դեմ` պնդելով, որ դիմումատուն կալանավոր է, հետևաբար պետք է պահվի մետաղյա ճաղավանդակում: Բացի այդ, դատական նիստերի դահլիճն ապահովված չի եղել անվտանգության անհրաժեշտ միջոցներով:

18. Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը` անհիմն լինելու պատճառով` եզրակացնելով, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալին իր համար նախատեսված վայրում պահելը չի խախտում պաշտպանության կողմի վկայակոչած իրավունքները: Դատարանը նաև նշել է, որ իր որոշումը հիմնված է անվտանգության նկատառումների վրա:

19. Վերաքննիչ դատարանում ընթացող դատավարության ամբողջ ընթացքում դիմումատուն պահվել է մետաղյա ճաղավանդակում: Դատավարությունը տևել է մոտ երկու ամիս և ներառել առնվազն տասներկու նիստ: Ըստ դիմումատուի` նիստերի տևողությունը միջինը չորս ժամ է եղել: Նիստերին ներկա են գտնվել դիմումատուի երեխաները, կինը, եղբայրներն ու քույրերը, ընկերները և այլ անձինք:

20. 2004 թվականի մայիսի 21-ի նիստի ժամանակ դիմումատուն պնդել է իր` վկաներ կանչելու մասին նախկին գրավոր բացատրություններում նշված պահանջը: Վերաքննիչ դատարանը մերժել է այն` հիմնավորելով, որ հաշվապահ Կ.Ս.-ն և գանձապահ Կ.Մ.-ն արդեն հարցաքննվել են և տվել են մանրամասն ցուցմունքներ գործի քննության և Վարչական շրջանի դատարանում ընթացող վարույթի շրջանակներում: Ինչ վերաբերում է հաշվապահ Ս.Հ.-ին, ապա դատարանը նշել է, որ այդ գործով նրան հրավիրելու անհրաժեշտություն չկա: Իսկ Կ.-ի, Հ.-ի և Զ.-ի կապակցությամբ դատարանը նշել է, որ վերջիններիս ինքնությունը պարզված չէ:

21. 2004 թվականի մայիսի 25-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դիմումատուի պատիժը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը միայն մասնակի է բավարարել տուժողի քաղաքացիական հայցը` դիմումատուին շնորհելով 23 063 108 ՀՀ դրամ և 119 000 ԱՄՆ դոլար:

22. 2004 թվականի հունիսի 4-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել:

23. 2004 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը և դատավճիռը թողել անփոփոխ:

 

Բ. Դիմումատուի առողջական վիճակը և կալանքի ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնություն ենթադրաբար չցուցաբերելը

24. Պարզվում է, որ մինչև կալանավորումը դիմումատուն ունեցել է մի շարք հիվանդություններ, այդ թվում` տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոց և շաքարային դիաբետ: Բացի այդ, պարզվել է, որ 2001 թվականին դիմումատուն ստացել է սրտի կաթված:

25. 2003 թվականի մայիսի 6-ին դիմումատուն տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

26. 2003 թվականի մայիսի 7-ին` քրեակատարողական հիմնարկ բերվելուց հետո, դիմումատուին զննել է բժիշկը: Արձանագրվել է, որ դիմումատուն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լեղապարկի քարեր և շաքարային դիաբետ:

27. 2003 թվականի հունիսի 20-ին դիմումատուն ենթարկվել է բժշկական զննման քրեակատարողական հիմնարկի վիրաբույժի կողմից, որին նա գանգատվել է մարմնի էպիգաստրալ շրջանի ցավերից, որոնք սրվում են գիշերը և թուլանում սնունդ ընդունելուց հետո: Դիմումատուն նաև գանգատվել է քաշի կորստից և հաճախակի փսխումներից: Վիրաբույժն արձանագրել է, որ նախքան կալանավորումը դիմումատուի մոտ ախտորոշվել է տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոց և խորհուրդ է տվել կատարել վիրահատություն: Դիմումատուն վիրահատության վերաբերյալ գրավոր համաձայնություն է տվել:

28. 2003 թվականի հունիսի 26-ին դիմումատուն տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո մշակված բուժման ծրագրի համաձայն` դիմումատուն պետք է անցներ արյան և մեզի հետազոտություններ, Էլեկտրասրտագրություն և գաստրոսկոպիա, ինչպես նաև ստանար սրտաբանի և ներզատաբանի խորհրդատվություն:

29. Դիմումատուի բժշկական քարտից պարզ է դառնում, որ վերջինս գտնվել է կանոնավոր բժշկական հսկողության ներքո:

30. 2003 թվականի հունիսի 27-ին ու 28-ին արյան և մեզի հետազոտություններ են անցկացվել:

31. 2003 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 4-ին դիմումատուն անցել է էնդոսկոպիա և գաստրոսկոպիա: Տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոցի ախտորոշումը հաստատվել է: Պարզվում է, որ ավելի ուշ դիմումատուն նաև խոցի հեմոստատիկ (արյունականգային) բուժում է ստացել:

32. 2003 թվականի հուլիսի 3-ին դիմումատուն անցել է որովայնային խոռոչի և միզուղիների ուլտրաձայնային հետազոտություն:

33. 2003 թվականի հուլիսի 7-ին դիմումատուի աղեստամոքսային խնդիրները սրվել են` հանգեցնելով գլխապտույտի և ուշագնացության: Նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն:

34. 2003 թվականի հուլիսի 8-ի գրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը տեղեկացրել է դիմումատուի գործը քննող դատավորին, որ դիմումատուն տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոցի ախտորոշմամբ շտապ տեղափոխվել է հիվանդանոց: 2003 թվականի հուլիսի 4-ին իրականացվել է գաստրոսկոպիա, որը զուգորդվել է հեմոստատիկ թերապիայով: Դիմումատուն շարունակել է բուժօգնություն ստանալ և որոշ ժամանակ ի վիճակի չի եղել մասնակցելու դատական քննությանը:

35. 2003 թվականի հուլիսի 11-ին կատարվել է էլեկտրասրտագրություն:

36. 2003 թվականի հուլիսի 23-ին դիմումատուին զննել է ներզատաբանը: Նա խորհուրդ է տվել դիմումատուի հետագա բուժման հարցը որոշելու նպատակով անցկացնել գլիկեմիայի մակարդակի լրացուցիչ հետազոտություն` դատարկ ստամոքսով:

37. 2003 թվականի հուլիսի 29-ին դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ: Հիվանդանոցի պետ Մ.Գ.-ի և վիրաբուժական ստորաբաժանման պետ Ա.Դ.-ի կողմից կազմված Էպիկրիզի համաձայն`

«Ստորաբաժանումում անցկացված համապատասխան ստուգումներից և խորհրդատվություններից հետո [դիմումատուի մոտ] ախտորոշվել է խոց, տասներկումատնյա աղիքի սուր արնահոսող խոց, շաքարային դիաբետ (2-րդ տիպ, միջին աստիճան, սուբկոմպենսացված փուլ) և դիաբետիկ անգիոպաթիա, որի համար [դիմումատուն], համապատասխան բուժում ստանալուց բացի, 2003 թվականի հուլիսի 4-ին խոցի հեմոստատիկ թերապիա է անցել և դուրս գրվել 2003 թվականի հուլիսի 29-ին: Պացիենտը պետք է ենթարկվի պարբերական բժշկական զննումների»:

38. Նույն օրը դիմումատուի բժշկական քարտում նշվել է, որ վերջինս դուրս է գրվել համապատասխան բուժում ստանալուց հետո և գտնվում է բավարար առողջական վիճակում:

39. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն հիվանդանոցում նաև ենթարկվել է այն վիրահատությանը, որը նրան խորհուրդ էր տրվել: Դիմումատուն վիճարկել է այս պնդումը և նշել, որ որևէ վիրահատություն չի եղել:

40. 2003 թվականի օգոստոսի 5-ին առողջական վիճակի վատթարացման հետևանքով դիմումատուն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում` հետագա բուժում ստանալու նպատակով: Բժշկական ստորաբաժանումում դիմումատուին զննել է բժիշկը, որին նա գանգատվել է, inter alia, կրծքավանդակի ցավերից, բերանի չորությունից, թուլությունից, գլխացավից, գլխապտույտներից և պարբերաբար կրկնվող փսխումներից: Անցկացվել են արյան և մեզի հետազոտություններ:

41. Դիմումատուի բժշկական քարտում առկա գրառումների համաձայն` 2003 թվականի օգոստոսի 11-ից մինչև 29-ը դիմումատուն գտնվել է կանոնավոր բժշկական հսկողության ներքո և ստացել է համապատասխան դեղորայք: Պարբերական ստուգումներն անցկացվել են երկուսից երեք օրը մեկ: Այս ընթացքում արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը տատանվում է կայունից դեպի վատ:

42. 2003 թվականի օգոստոսի 14-ին շտապ օգնություն է կանչվել դատական նիստերի դահլիճ` դիմումատուի սրտի աշխատանքի վատթարացման պատճառով: Նրան զննել է սրտաբանը, որն ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն, հետկաթվածային կարդիոսկլերոզ և ստենոկարդիա: Նշանակվել է էլեկտրասրտագրություն, ինչպես նաև դեղորայք, այդ թվում` վալիդոլ, անալգին և դիմեդրոլ:

43. 2003 թվականի օգոստոսի 22-ին նույն պատճառով շտապ օգնություն է կանչվել դատական նիստերի դահլիճ: Դիմումատուի սրտի ախտորոշումը հաստատվել է, խորհուրդ է տրվել անցնել ստացիոնար հետազոտություն և բուժում:

44. 2003 թվականի օգոստոսի 22-ի գրությամբ գործը քննող դատավորը տեղեկացրել է քրեակատարողական հիմնարկի պետին 2003 թվականի օգոստոսի 14-ի ու 22-ի դեպքերի մասին և հարցում է արել դիմումատուի առողջական վիճակի և նրան ցուցաբերվող անհրաժեշտ բուժօգնության մասին:

45. 2003 թվականի օգոստոսի 28-ի գրությամբ քրեակատարողական հիմնարկի պետը տեղեկացրել է դատավորին, որ դիմումատուն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարվածություն և ստենոկարդիա, հետկաթվածային կարդիոսկլերոզ, շաքարային դիաբետ, դիաբետիկ անգիոպաթիա և տասներկումատնյա աղիքի արնահոսող խոց: Գրության մեջ նաև նշվել է, որ դիմումատուն մշտապես գտնվել է բժշկական հսկողության ներքո և բուժում է ստացել:

46. 2003 թվականի սեպտեմբերի 9-ին դիմումատուի պաշտպանը դիմել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` նշելով, որ դիմումատուի առողջական վիճակը պահանջում է պարբերական բժշկական ստուգումներ, և խնդրել է վերջինիս տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` բուժում ստանալու համար: Պարզվում է, որ այդ բողոքը մնացել է անպատասխան:

47. 2003 թվականի հոկտեմբերի 13-ին դիմումատուն բժշկական ստորաբաժանումից տեղափոխվել է բանտախուց:

48. Դիմումատուն պնդել է, որ քրեակատարողական հիմնարկում բանտախուց տեղափոխվելու պահից մինչև 2004 թվականի օգոստոսի 13-ին ուղղիչ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը, ինքը երբեք չի զննվել բժշկի կողմից: Ինքը մի քանի անգամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից բանավոր խնդրել է բժշկական օգնություն, սակայն իրեն որևէ բուժօգնություն չի ցուցաբերվել և դեղորայք կամ հատուկ սննդակարգ չի նշանակվել: Անհրաժեշտ դեղամիջոցներն ու սննդամթերքն իրեն պարբերաբար մատակարարվել են բարեկամների կողմից:

49. Կառավարությունը հաստատել է, որ դիմումատուն վերոնշյալ ժամանակահատվածում բանավոր դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին բժշկական օգնության համար, սակայն պնդել է, որ դիմումատուին բոլոր դեպքերում էլ ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, այդ թվում` տրամադրվել են անհրաժեշտ դեղամիջոցներ և նշանակվել է հատուկ սննդակարգ: Նա պարբերաբար ստուգվել է բժշկի կողմից և որևէ ախտանիշի բացահայտման դեպքում անմիջապես ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը բաղկացած է եղել հետևյալ մասնագետներից` երկու թերապևտ, մեկ հոգեբույժ-նևրոլոգ, մեկ մաշկաբան, մեկ ատամնաբույժ, տուբերկուլյոզի մեկ մասնագետ, ինչպես նաև լաբորատորիայի մեկ օգնական և բժշկի վեց օգնականներ: Վերջիններս ամեն օր այցելել են կալանավորներին` նրանց առողջական վիճակը ստուգելու նպատակով, իսկ խնդիրներ լինելու դեպքում անմիջապես տեղեկացրել են բժիշկներին:

50. Այդ պնդումը հիմնավորելու համար Կառավարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բուժօգնության բաժնի գլխավոր մասնագետ Ա.Հ.-ի կողմից 2006 թվականի հունիսի 27-ին կազմված տեղեկանքը: Այդ տեղեկանքի համաձայն` 2003 թվականի հոկտեմբերից մինչև 2004 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պարբերաբար դիմել է քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմին և ստացել բժշկական խորհրդատվություն և ամբուլատոր բուժում սրտի իշեմիկ հիվանդության, լարվածության և ստենոկարդիայի, շաքարային դիաբետի և տասներկումատնյա աղիքի խոցի համար: Նշանակվել է համապատասխան դեղորայք` ներառյալ անալգինի լուծույթը, պապավերին, դիբազոլ, ֆուրոսեմիդ, վալիդոլ, ռանիտիդին, նիտրոնգ և դիաբետոն, որոնք քրեակատարողական հիմնարկը ստացել է եռամսյակը մեկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:

51. 2003 թվականի դեկտեմբերի 18-ին դիմումատուն անցել է որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն` իր հարազատների հրավիրած բժշկի կողմից:

52. 2004 թվականի փետրվարի 9-ին, ինչպես պարզ է դառնում համապատասխան տեղեկանքից, բժշկի կողմից զննվելուց հետո դիմումատուի վիճակը գնահատվել է որպես աշխատանքի համար պիտանի:

53. 2004 թվականի ապրիլի 13-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է դիմումատուի անբավարար առողջական վիճակի պատճառով:

54. 2004 թվականի հունիսի 17-ին դիմումատուի պաշտպանը դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին` բողոքելով, որ ընդհանուր խցում պահվելը վտանգավոր է դիմումատուի առողջական վիճակի համար: Նա նաև բողոքել է, որ չնայած այդ հանգամանքին` դիմումատուն վերջերս տեղափոխվել է մեկ այլ խուց, որի պայմաններն ավելի վատն են եղել: Պաշտպանը խնդրել է, որ դիմումատուն անհապաղ տեղափոխվի հիվանդանոց` բուժում ստանալու նպատակով:

55. 2004 թվականի հուլիսի 17-ին դիմումատուի պաշտպանը դիմել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` բողոքելով, որ դիմումատուին պահում են ընդհանուր խցում` չնայած վերջինիս առողջական վիճակին: Նա նաև բողոքել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը դիմումատուին հիվանդանոց չի տեղափոխել և չի ապահովել վերջինիս բուժումը:

56. 2004 թվականի հուլիսի 27-ին` ժամը 13:20-ին, քրեակատարողական հիմնարկ շտապօգնություն է կանչվել, քանի որ դիմումատուն սրտի կաթված է ստացել:

57. 2004 թվականի հուլիսի 28-ին դիմումատուի պաշտպանը ներկայացրել է 2004 թվականի հուլիսի 17-ի բողոքի նման մեկ այլ բողոք` պատճենն ուղարկելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին:

58. 2004 թվականի հուլիսի 29-ի գրությամբ Քրեակատարողական վարչության պետը պատասխանել է պաշտպանի` 2004 թվականի հուլիսի 17-ի բողոքին` նշելով, որ դիմումատուն արդեն երկու անգամ` 2003 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 29-ը և 2003 թվականի օգոստոսի 5-ից մինչև հոկտեմբերի 13-ը, հոսպիտալացվել է բուժօգնություն ստանալու համար: Գրության մեջ նշվել է նաև, որ դիմումատուն այդ պահին գտնվել է բժշկական անձնակազմի հսկողության ներքո, և նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

59. 2004 թվականի օգոստոսի 11-ին և 12-ին դիմումատուի պաշտպանը ներկայացրել է երկու բողոք` Քրեակատարողական վարչության պետին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` պատճենն ուղարկելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին, որտեղ նշվել է, որ դիմումատուի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է, սակայն որևէ միջոց չի ձեռնարկվում: Նա նշել է, որ դիմումատուի առողջական վիճակը պահանջում է հատուկ սննդակարգ, պարբերական բժշկական ստուգումներ և համապատասխան դեղորայք: Այնուամենայնիվ, դիմումատուն պահվել է նշվածներից զուրկ պայմաններում:

60. 2004 թվականի օգոստոսի 13-ի գրությամբ Քրեակատարողական վարչության պետը պատասխանել է փաստաբանի` 2004 թվականի հուլիսի 28-ի բողոքին` նշելով, որ 2004 թվականի հուլիսի 29-ի գրությամբ արդեն իսկ ներկայացվել են բարձրացված հարցերի պատասխանները:

61. 2004 թվականի օգոստոսի 13-ին` բարձրագույն դատական ատյանի կողմից մեղադրական դատավճիռն անփոփոխ թողնելուց հետո, դիմումատուն պատիժը կրելու համար տեղափոխվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ:

62. 2004 թվականի օգոստոսի 14-ին` քրեակատարողական հիմնարկ բերվելուց հետո, բժիշկը զննել է դիմումատուին: Վերջինս գանգատվել է թուլությունից, գլխապտույտներից և էպիգաստրալ շրջանում ու մեջքի ձախ հատվածում ցավերից: Նրա ընդհանուր առողջական վիճակը գնահատվել է բավարար: Նշանակվել է դեղորայք:

63. 2004 թվականի օգոստոսի 20-ի գրությամբ Քրեակատարողական վարչության պետը պատասխանել է պաշտպանի` 2004 թվականի օգոստոսի 12-ի բողոքին` նշելով, որ դիմումատուն մի քանի անգամ բուժում է ստացել տարբեր հիմնարկներում, և որ նա այդ պահին կրում է իր պատիժը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Գ. Հետագա զարգացումները

64. 2006 թվականի դեկտեմբերի 29-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է դիմումատուի` պայմանական վաղաժամկետ ազատվելու մասին պահանջը` եզրակացնելով, որ օրենսդրությամբ նա չունի նման պահանջ անմիջապես դատարան ներկայացնելու իրավունք առանց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով հանձնաժողովի նախնական համաձայնության:

65. Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք չհստակեցված ամսաթվին:

66. 2007 թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը վերանայել է Մարզային դատարանի որոշումը և որոշել է քննել ու բավարարել ազատելու վերաբերյալ դիմումատուի պահանջը` հաշվի առնելով նրա դրական վարքագիծը:

67. Այդ որոշումը, թեև կարող էր բողոքարկվել վճռաբեկության կարգով, ենթակա է եղել անհապաղ կատարման, հետևաբար դիմումատուն ազատ է արձակվել:

68. 2007 թվականի հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանը դատախազի բողոքի հիման վրա բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը և կարճել է գործի վարույթը նույն հիմքով, ինչ հիմքով` Մարզային դատարանը:

69. Դիմումատուն վերադարձել է քրեակատարողական հիմնարկ:

70. 2009 թվականի հունվարի 20-ին դիմումատուն մահացել է քրեակատարողական հիմնարկում` սրտի կաթվածից:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

71. 13-րդ հոդվածի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված անձը, inter alia, ունի առողջության պահպանման, այդ թվում` բավարար սնունդ ստանալու և անհետաձգելի բժշկական օգնության իրավունք:

72. 21-րդ հոդվածի համաձայն` ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների կատարումը: Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացում ունեցող առնվազն մեկ բժիշկ: Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը փոխադրվում է հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն:

 

Բ. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք

1. Անմեղության կանխավարկած

73. 18-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

2. Վկաներ կանչելը

74. 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:

75. 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն` մեղադրյալն իրավունք ունի հարուցել միջնորդություններ:

76. 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո:

77. 271-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մեղադրական եզրակացությանը կցվում է դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակը: Ցուցակում քննիչը նշում է կանչման ենթակա անձանց գտնվելու տեղը և գործի այն էջերը, որոնք պարունակում են նրանց ցուցմունքները կամ եզրակացությունները:

78. 277-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է:

79. 292-րդ հոդվածի համաձայն` քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում է որոշում, inter alia, դատական քննություն նշանակելու մասին:

80. 293-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվի, inter alia, դատական նիստին կանչման ենթակա անձանց ցանկը:

81. 331-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` նախապատրաստական փուլում նախագահողը հարցնում է մեղադրանքի կողմին և պաշտպանության կողմին, թե արդյոք նրանք նոր ապացույցներ պահանջելու և գործին կցելու մասին ունեն միջնորդություններ: Յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքները: Եթե այն հանգամանքները, որոնց բացահայտման համար հարուցված է միջնորդությունը, կարող են նշանակություն ունենալ գործի համար, դատարանը բավարարում է միջնորդությունը: Միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:

82. 391-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` կողմերն իրավունք ունեն նոր վկաներ կանչելու մասին միջնորդություններ ներկայացնելու Վերաքննիչ դատարան:

 

III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Ա. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) 3-րդ ընդհանուր զեկույցը CPT/Inf(93)12

83. Զեկույցի համապատասխան քաղվածքներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«ա. Բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությունը

... 34. Անազատության մեջ գտնվելու ընթացքում բանտարկյալները պետք է ցանկացած պահի բժշկական օգնությունից օգտվելու հնարավորություն ունենան` անկախ իրենց ազատազրկման ռեժիմից... Առողջապահական ծառայությունը պետք է այնպես կազմակերպված լինի, որ հնարավորություն ընձեռվի բժշկական խորհրդատվության վերաբերյալ պահանջները բավարարել առանց անհարկի հետաձգումների: ...

35. Քրեակատարողական հիմնարկի առողջապահական ծառայությունը պետք է առնվազն հնարավորություն ընձեռի տրամադրել պարբերական ամբուլատոր խորհրդատվություն և անհետաձգելի բժշկական օգնություն (իհարկե, դրանից բացի, հաճախ կարող է առկա լինել հիվանդանոցի նման ստորաբաժանում` մահճակալներով): ... Ավելին, քրեակատարողական հիմնարկի բժիշկները պետք է հնարավորություն ունենան դիմելու մասնագետների ծառայություններին: ...

Ամբուլատոր բուժման նկատմամբ պետք է պատշաճ վերահսկողություն սահմանվի բուժանձնակազմի կողմից. շատ դեպքերում բավարար չէ, որ հետագա բուժումն իրականացվի միայն բանտարկյալների նախաձեռնությամբ:

36. Պետք է հասանելի լինեն բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովված հիվանդանոցային ծառայություններ` և՛ քաղաքացիական, և՛ դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցներում: ...

37. Եթե բանտարկյալներն ունեն հիվանդանոց տեղափոխվելու կամ հիվանդանոցում մասնագետի կողմից զննվելու կարիք, ապա նրանք պետք է տեղափոխվեն կամ զննվեն իրենց առողջական վիճակով պայմանավորված արագությամբ և մեթոդով:

բ. Առողջապահական խնամքի համարժեքությունը

i) ընդհանուր բժշկական օգնություն

38. Քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունը պետք է հնարավորություն ընձեռի ապահովելու բժշկական օգնություն և բուժքույրի խնամք, ինչպես նաև համապատասխան սննդակարգեր, ֆիզոթերապիա, վերականգնողական կամ ցանկացած այլ հատուկ անհրաժեշտ հարմարություններ` այնպիսի պայմաններով, որոնք հասանելի են պացիենտներին արտաքին աշխարհում: Բժշկական, բուժքույրերի և տեխնիկական անձնակազմով ապահովված լինելը, ինչպես նաև անհրաժեշտ շինությունները, սարքավորումներն ու սարքերը պետք է լինեն պատշաճ մակարդակի:

Պետք է պատշաճ վերահսկողություն իրականացվի դեղագործության և դեղամիջոցների բաշխման նկատմամբ: Ավելին, դեղամիջոցների պատրաստումը միշտ պետք է վերապահվի որակավորված անձնակազմին (դեղագործներ/բուժքույրեր և այլն):

39. Յուրաքանչյուր պացիենտի համար պետք է կազմվի հատուկ բժշկական քարտ, որը կպարունակի ախտորոշիչ տեղեկատվություն, ինչպես նաև պացիենտի առողջական վիճակի և նրա անցած բոլոր հատուկ հետազոտությունների վերաբերյալ ընթացիկ գրառումներ: Պացիենտին տեղափոխելու դեպքում բժշկական քարտը պետք է ուղարկվի ընդունող հաստատության բժիշկներին:

Դրանից բացի, բուժանձնակազմը պետք է վարի ամենօրյա գրառումներ, որոնցում պետք է նշվեն պացիենտներին վերաբերող առանձնահատուկ դեպքերը: Նման գրառումներն օգտակար են, քանի որ դրանցով ներկայացվում է քրեակատարողական հիմնարկներում առողջապահական իրավիճակի ընդհանուր բնութագիրը` միաժամանակ ընդգծելով այն առանձնահատուկ խնդիրները, որոնք կարող են առաջանալ:

40. Առողջապահական ծառայության բնականոն աշխատանքը ենթադրում է, որ բժիշկներն ու բուժքույրերը պետք է հնարավորություն ունենան պարբերաբար հանդիպելու և կազմելու աշխատանքային խումբ` ծառայության համար պատասխանատու ավագ բժշկի վերահսկողության ներքո»:

 

Բ. 2002 թվականին Հայաստան կատարած այցելության վերաբերյալ ԽԿԿ-ի զեկույցը` CPT/Inf(2004)25

84. Զեկույցի համապատասխան քաղվածքներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«բ. առողջապահական ծառայությունները` այցելված քրեակատարողական հիմնարկներում [(չորս հաստատություն` ներառյալ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը)]

i. անձնակազմը և հարմարությունները

106. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի լրիվ աշխատաժամանակով աշխատող բուժանձնակազմը բաղկացած է եղել 7 բժիշկներից (գլխավոր բժիշկ, ներքին հիվանդությունների գծով մասնագետ, վիրաբույժ, ատամնաբույժ, մաշկավեներոլոգ, ճառագայթաբան, հոգեբույժ), 5 բուժակից, լաբորատորիայի օգնականից, ռենտգենի բնագավառում տեխնիկական աշխատողից և ատամնաբուժության բնագավառում տեխնիկական աշխատողից: Օգնություն տրամադրում էին մի քանի բանտարկյալ-սանիտարներ:

...

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բուժակի ներկայությունն ապահովված է եղել օրը 24 ժամ: ...

107. Ինչ վերաբերում է բժիշկներով ապահովված լինելուն, ապա իրավիճակը «Նուբարաշեն» ... [քրեակատարողական հիմնարկում] կարող է համարվել բավարար: ...

...

108. ԽԿԿ-ն հատկապես մտահոգված է չորս հիմնարկներում որակավորում ստացած բուժակների փոքր թվով և մասնագիտացված բուժքույրերի բացակայությամբ: Հաշվի առնելով բանտարկյալների թիվն ու կազմը (բանտարկյալների արագ փոփոխումը երկու նախնական կալանքի հաստատություններում և երկու գաղութներում տարեց բանտարկյալների զգալի թվաքանակը)` ԽԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ բուժաշխատողների թվաքանակը (այն է` բուժակներ ու բուժքույրեր) չորս հիմնարկներում մեծացվի:

ԽԿԿ-ն ցանկանում է նաև շեշտել, որ քրեակատարողական հիմնարկի տարածքում մշտապես, այդ թվում` գիշերները և հանգստյան օրերին, պետք է ներկա գտնվի առաջին օգնություն ցուցաբերելու ունակ անձնավորություն, ցանկալի է` ճանաչված հաստատության կողմից տրված բուժքրոջ որակավորմամբ:

109. ԽԿԿ-ի կարծիքով, բանտարկյալներին որպես սանիտար աշխատեցնելը պետք է դիտարկել որպես վերջին միջոց, և բանտարկյալները ոչ մի պարագայում չպետք է ներգրավված լինեն դեղամիջոցների բաշխման մեջ: Ավելին, այդ անձանց համար չպետք է հասանելի լինեն բժշկական փաստաթղթերը, և ոչ էլ նրանք պետք է ներկա գտնվեն բժշկական զննումներին: Կոմիտեն խորհուրդ է տալիս, որ «Նուբարաշեն» ... [քրեակատարողական հիմնարկում] (ինչպես նաև Հայաստանի այլ քրեակատարողական հիմնարկներում) բանտարկյալների` որպես սանիտար աշխատելու հարցը վերանայվի` հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները:

110. Պատվիրակությունը շատ քիչ բողոքներ ստացավ բժշկի (կամ, ինչպես օրինակ Գյումրիում` բուժակի) ծառայություններից օգտվելու հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, չորս քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալները բողոքել են բուժումների և խնամքի որակից, մասնավորապես, նշանակվող դեղամիջոցների տեսականու և ատամնաբուժական ծառայությունների որակից (որը, ինչպես պարզվեց, սահմանափակվում էր միայն ատամ հեռացնելով): Բոլոր հիմնարկներում էլ ասվեց, որ բանտարկյալների տեղափոխումը Երևանի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, վերջիններիս առողջական իրավիճակով պայմանավորված լինելու պարագայում, խնդիրներ չի առաջացնում:...

...

113. Անհրաժեշտ դեղամիջոցներն ու մյուս նյութերը ծայրահեղ անբավարար էր յուրաքանչյուր հիմնարկում: Սա զարմանալի չէ` հաշվի առնելով այդպիսի իրեր ձեռք բերելու համար նախատեսված խիստ սահմանափակ բյուջեն: Այս տեսանկյունից, առողջապահական ծառայությունները զգալիորեն կախված էին նվիրաբերություններից և բանտարկյալների սեփական ռեսուրսներից:

Արդեն իսկ անդրադարձ է կատարվել պետության` ազատազրկված անձանց խնամքը նույնիսկ լուրջ տնտեսական դժվարությունների ժամանակահատվածում ապահովելու պարտավորությանը ... ԽԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ միջոցներ ձեռնարկեն` այցելված քրեակատարողական հիմնարկները և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի այլ քրեակատարողական հիմնարկներն անհրաժեշտ դեղամիջոցներով և համապատասխան նյութերով ապահովելու համար»:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Եվրոպական դատարան
15.09.2010
N 34334/04
Վճիռ