Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 66256/11)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

10 նոյեմբերի 2015 թվական

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Սահակյանն ընդդեմ Հայաստանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը, հանդես գալով հետևյալ կազմով`

Լուիս Լոպես Գեռա [Luis Lցpez Guerra]` Նախագահ,

Ջոհաննես Սիլվիս [Johannes Silvis],

Վալերի Գրիցկո [Valeriu Gritco],

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Կարլո Ռանզոնի [Carlo Ranzoni],

Մարտինս Միտս [Martins MartinsMits],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]` դատավորներ

և Ստեֆեն Ֆիլիպս [Stephen Phillips]` Բաժանմունքի քարտուղար,

2015 թվականի հոկտեմբերի 20-ին դռնփակ խորհրդակցությամբ`

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է 2011 թվականի հոկտեմբերի 14-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Հայկ Սահակյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` Դատարան ներկայացված գանգատի (թիվ 66256/11) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Յ. Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ իրեն մերժել են հատուցում տրամադրել անօրինական կալանավորման հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար, և որ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չի եղել հայցի ուժով ոչ նյութական վնասի հատուցման իրավունք:

4. 2013 թվականի սեպտեմբերի 11-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1983 թվականին և ապրում է Երևանում:

6. 2007 թվականի օգոստոսի 30-ին դիմումատուն ձերբակալվել է, իսկ այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հիմքով:

7. 2007 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը բավարարել է քննիչի` դիմումատուի նկատմամբ նախնական կալանք կիրառելու միջնորդությունը:

8. 2007 թվականի սեպտեմբերի 28-ին նույն դատարանը, դիմումատուի միջնորդության հիման վրա, որոշում է կայացրել նրան գրավով կալանքից ազատելու մասին:

9. 2007 թվականի հոկտեմբերի 4-ին քննիչը որոշում է կայացրել գրավի ձևով ընտրված խափանման միջոցը վերացնելու և դիմումատուին կալանավորելու մասին` հիմք ընդունելով 2007 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը: Պարզվում է, որ նույն օրը դիմումատուի նկատմամբ նախնական կալանք է կիրառվել:

10. 2007 թվականի հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը, դիմումատուի բողոքի հիման վրա, որոշել է վերացնել քննիչի որոշումը և դիմումատուին ազատել կալանքից: Տվյալ վարչական շրջանի [ընդհանուր իրավասության] դատարանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն` կալանավորում կարող էր կիրառվել միայն դատարանի որոշմամբ, ինչը դատարանի բացառիկ իրավասությունն էր: Հետևաբար, քննիչը չարաշահել է իր լիազորությունները և, կիրառելով կալանավորում, սխալ է մեկնաբանել օրենքը: Օրենքը պահանջում էր, որ քննիչը պատճառաբանված միջնորդություն ներկայացներ դատարան, եթե առկա են եղել գրավը կալանավորմամբ փոխարինելու բավարար հիմքեր: Տվյալ վարչական շրջանի [ընդհանուր իրավասության] դատարանը գտել է, որ 2007 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման հիման վրա դիմումատուի նկատմամբ կալանավորում կիրառելով` խախտվել են դիմումատուի` inter alia (ի թիվս այլնի) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով ու Սահմանադրության 16-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները:

11. 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը դիմումատուի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացրել:

12. 2008 թվականի մարտի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանն այդ դատավճիռը թողել է անփոփոխ:

13. 2009 թվականի ապրիլի 21-ին դիմումատուն Ֆինանսների նախարարության դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել` պահանջելով իր դեմ հարուցված քրեական վարույթի, այդ թվում` իր կալանավորման մասով նյութական և ոչ նյութական վնասի հատուցում: Նյութական վնասի հատուցման պահանջը ներառում էր ենթադրյալ չստացված եկամուտներն ու կալանավայրում ստացած սննդի ծանրոցների և դիմումատուի հարազատների կրած տրանսպորտային ծախսերի հետ կապված ծախքերը: Դիմումատուն իր կրած ոչ նյութական վնասը գնահատել է 15,400 եվրո:

14. 2009 թվականի սեպտեմբերի 25-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել դիմումատուի նյութական վնասի հատուցման պահանջը և նրան տրամադրել 215,100 ՀՀ դրամի չափով (տվյալ պահի դրությամբ` մոտավորապես 380 եվրո) հատուցում: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջին, ապա տվյալ վարչական շրջանի [ընդհանուր իրավասության] դատարանը մերժել է այն` հղում կատարելով Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածին այն հիմքով, որ Հայաստանի օրենսդրությամբ հատուցման այդ տեսակը նախատեսված չէր:

15. 2009 թվականի հոկտեմբերի 26-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել:

16. Չհստակեցված ամսաթվին Ֆինանսների նախարարությունը նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել` վիճարկելով համապատասխան վճիռը` նյութական վնասի հատուցում տրամադրելու մասով:

17. 2009 թվականի դեկտեմբերի 4-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դիմումատուի բողոքը մերժելու և Ֆինանսների նախարարության բողոքը բավարարելու մասին` նյութական վնասի հատուցման գումարը նվազեցնելով մինչև 96,800 ՀՀ դրամ (տվյալ պահի դրությամբ` մոտավորապես 165 եվրո): Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջին, ապա Վերաքննիչ դատարանը վարույթը կարճելու որոշում է կայացրել այն հիմքով, որ Հայաստանի օրենսդրությամբ հատուցման այդ տեսակը նախատեսված չէ և, հետևաբար, դատարանը չէր կարող քննել այդ պահանջը:

18. 2009 թվականի դեկտեմբերի 14-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է բերել:

19. 2011 թվականի հուլիսի 1-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը մերժել և Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ թողնել:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Սահմանադրություն

 

20. 16-րդ հոդվածով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք:

 

Բ. Քաղաքացիական օրենսգիրք

 

21. 17-րդ հոդվածով նախատեսվում է, որ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վնասներն են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

22. 1064-րդ հոդվածով նախատեսվում է, որ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

 

Գ. Քրեական դատավարության օրենսգիրք

 

23. 66-րդ հոդվածով նախատեսվում է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալելու, կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտելու հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:

24. 136-րդ հոդվածով նախատեսվում է, որ կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ` դատարանում գործը քննելիս:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

25. Դիմումատուն բողոք է ներկայացրել, որ իրեն մերժել են անօրինական կալանավորման արդյունքում իր կրած ոչ նյութական վնասի դիմաց հատուցում տրամադրել: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը, որում ամրագրված է.

«5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:»:

 

Ա. Ընդունելիությունը

 

26. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

27. Դիմումատուն պնդել է, որ ոչ նյութական վնասի հատուցման իր պահանջի մերժմամբ խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված երաշխիքները:

28. Կառավարությունը պնդել է, որ ներպետական դատարանները, մերժելով դիմումատուի ոչ նյութական վնասի հատուցման պահանջը, գործել են ներպետական օրենսդրության համաձայն, որով հատուցման այդ տեսակը նախատեսված չի եղել: Համապատասխանաբար, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում տեղի չի ունեցել:

 

2. Դատարանի գնահատականը

29. Դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները համարվում են պահպանված այն դեպքում, երբ 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերի խախտմամբ ազատությունից զրկելու մասով հնարավոր է հատուցման պահանջ ներկայացնել: ՈՒստի, 5-րդ կետով սահմանված հատուցման իրավունքը ենթադրում է, որ ներպետական մարմնի կամ Կոնվենցիոն մարմինների կողմից հաստատվել է մյուս կետերից որևէ մեկի խախտումը (տե՛ս, ի թիվս այլոց, «Ն.Ս.»-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [N.C. v. Italy [GC]] գործը, թիվ 24952/94, § 49, ՄԻԵԴ 2002/X): Ավելին, 5-րդ հոդվածի 5-րդ կետը չպետք է մեկնաբանվի որպես բացառապես նյութական բնույթ ունեցող հատուցման իրավունք վերապահող դրույթ, այլ պետք է նաև վերապահի նման իրավունք` ցանկացած տառապանքի, անհանգստության և հիասթափության համար, որոնք անձը կարող է կրել 5-րդ հոդվածի այլ դրույթների խախտման հետևանքով (տե՛ս Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի [Khachatryan and Others v. Armenia] գործը, թիվ 23978/06, § 157, 2012 թվականի նոյեմբերի 27):

30. Սույն գործում ներպետական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ 2007 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 22-ը դիմումատուին կալանքի տակ պահելն իրականացվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի խախտմամբ (տե՛ս վերը նշված § 10-ը): ՈՒստի, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի է նրա գործում: Այնուամենայնիվ, ներպետական դատարանները մերժել են նրա` ոչ նյութական վնասի հատուցման քաղաքացիական հայցը, այն հիմքով, որ «ոչ նյութական վնասի հատուցումը» Հայաստանի օրենսդրությամբ որպես հատուցման տեսակ նախատեսված չի եղել:

31. Դատարանն արդեն իսկ գտել է, որ Հայաստանի օրենսդրությամբ ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն չնախատեսելը խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված երաշխիքները (տե՛ս վերը նշված Խաչատրյանը և այլոք վճիռը, §§ 158-159): Սույն գործում այդ եզրակացությունից շեղվելու որևէ պատճառ առկա չէ: Դրանից հետևում է, որ դիմումատուն, ըստ օրենքի կամ գործնականում, չի օգտվել այդ հոդվածի իմաստով հայցի ուժով հատուցման իրավունքից:

32. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

33. Դիմումատուն նույն հիմքով պնդել է, որ խախտվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որը սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք, ում` սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:»:

34. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:

35. Դատարանը նշում է, որ այս բողոքը կապված է վերը քննված բողոքի հետ, ուստի, պետք է նույնպես հայտարարվի ընդունելի:

36. Հաշվի առնելով 5-րդ հոդվածի 5-րդ կետի մասով արված եզրահանգումը (տե՛ս վերը նշված § 32-ը)` Դատարանը համարում է, որ սույն գործում Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման հանգամանքն ուսումնասիրելու անհրաժեշտությունը բացակայում է (տե՛ս Սմատանան ընդդեմ Չեխիայի Հանրապետության [Smatana v. the Czech Republic] գործը, թիվ 18642/04, § 145, 2007 թվականի սեպտեմբերի 27):

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

37. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, և եթե համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի հատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

38. Դիմումատուն պահանջել է 1,221,500 ՀՀ դրամ (տվյալ պահի դրությամբ` մոտավորապես 2,160 եվրո) և 15,400 եվրո` համապատասխանաբար, որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում:

39. Կառավարությունը պնդել է, որ պահանջվող նյութական վնասի և ենթադրյալ խախտումների միջև որևէ պատճառական կապ առկա չէ, իսկ ոչ նյութական վնասի դիմաց պահանջվող գումարն ուռճացված է:

40. Դատարանը որևէ պատճառական կապ չի տեսնում արձանագրված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. հետևաբար, այն մերժում է տվյալ պահանջը: Մյուս կողմից` Դատարանը գտնում է, որ դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս, որը չի հատուցվում ինքնին խախտման հայտնաբերմամբ: Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին հատկացնում է 3,000 եվրո գումար` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

41. Դիմումատուն ծախսերի և ծախքերի հատուցման պահանջ չի ներկայացրել:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

42. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում.

3. Վճռում է, որ բողոքը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի շրջանակներում քննելու անհրաժեշտություն առկա չէ.

4. Վճռում է, որ

ա) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է դիմումատուին վճարի 3,000 եվրո (երեք հազար եվրո)` ոչ նյութական վնասի դիմաց` ավելացրած գանձման ենթակա բոլոր հարկերը, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության տարադրամով` վճարման ամսաթվին գործող փոխարժեքով:

բ) վերը նշված եռամսյա ժամկետը լրանալուց հետո` մինչև վճարման օրը, պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս` պարտավորությունները չկատարելու ժամանակահատվածում, Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` ավելացրած երեք տոկոսային միավոր:

5. Մերժում է դիմումատուի` արդարացի հատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2015 թվականի նոյեմբերի 10-ին` Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

 

    Ստեֆեն Ֆիլիպս                          Լուիս Լոպես Գեռ

      Քարտուղար                              Նախագահ

 

 

pin
Եվրոպական դատարան
10.11.2015
N 66256/11
Վճիռ