Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1392.181018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1392-Լ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան`

1. Հաստատել`

1) Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Պետական պահպանության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 18-ի

N 1392-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Ազգային անվտանգության ծառայության գրասենյակ է և պետական պահպանություն իրականացնող մարմինն է:

2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Ծառայության անվանումն է`

1) հայերեն` Պետական պահպանության ծառայություն.

2) ռուսերեն` Սլուժբա գօսուդառստվեննօյ օխռանի

3) անգլերեն` State Protection Service.

4) ֆրանսերեն` Service de la protection de l'Etat:

5. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթղթեր: Ծառայությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Ծառայության կառուցվածքում ընդգրկվում են ծառայության պետի, ծառայության պետի առաջին տեղակալի, ծառայության պետի տեղակալի, ծառայության պետի օգնականի պաշտոնները և կառուցվածքային (այդ թվում` պահպանական, ապահովման և սպասարկման գործառույթներ իրականացնող) ստորաբաժանումները:

7. Ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0019, Պռոշյան 1-ին փակուղի, 20:

 

2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Ծառայության նպատակներն ու խնդիրներն են`

1) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսումը և բացահայտումը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումների իրականացումը.

2) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովումը` նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում` երթևեկության ընթացքում.

3) իր իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպման և իրականացման ապահովումը.

4) իր իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը.

5) պահպանվող օբյեկտների պաշտպանությունը.

6) պահպանվող օբյեկտներում հանցագործությունների և այլ իրավախախտումների բացահայտումը, կանխումը և խափանումը.

7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմի և կարգի ապահովումը.

8) իր իրավասության շրջանակներում անվտանգության ապահովման մյուս պետական մարմինների հետ համագործակցությունը և պետական պահպանության ոլորտում նրանց գործունեության համակարգումը.

9) սեփական անվտանգության ապահովումը.

10) ծառայության անձնակազմի հետ տարվող աշխատանքների և ծառայողների մասնագիտական պատրաստականության կատարելագործումը, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության ապահովումը:

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Ծառայության գործառույթներն են`

1) պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների դեմ ուղղված հակաիրավական ոտնձգությունների բացահայտումը, կանխումը և խափանումը.

2) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական, ռեժիմային, տեխնիկական և այլ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

3) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանման ապահովումը` նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, պետական պահպանության իրականացմանը խոչընդոտող արգելքների վերացումը.

4) անհրաժեշտության դեպքում, այն ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցման ապահովումը, որոնցով երթևեկում են պետական պահպանության օբյեկտները.

5) իր իրավասության շրջանակներում, իր գործունեության համար անհրաժեշտ կապի համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը և իրականացումը, դրա հուսալիության, տեղեկատվական անվտանգության ու օպերատիվության ապահովումը.

6) ծածկագրային աշխատանքների իրականացումը.

7) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, պահպանվող օբյեկտներում օպերատիվ-տեխնիկական զննումների, իսկ համապատասխան ծառայությունների ներգրավմամբ` նաև սանիտարահիգիենիկ, ռադիացիոն և հակահամաճարակային վերահսկողության կազմակերպումը և իրականացումը.

8) իր գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովման իրականացումը.

9) պետական պահպանության բնագավառի մասնագետների պատրաստման, ծառայողների վերապատրաստման ու որակավորման բարձրացման կազմակերպումը և իրականացումը.

10) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը.

11) համագործակցելով համապատասխան մարմինների հետ` պահպանվող օբյեկտների տեխնիկական միջոցներից տեղեկատվական արտահոսքը կանխելուն ուղղված միջոցառումների իրականացումը.

12) անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական միջոցառումների նախապատրաստման և իրականացման նպատակով անհրաժեշտ ուժերի և միջոցների ներգրավումը.

13) օպերատիվ-հետախուզական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը.

14) պահպանվող օբյեկտներ մուտքի և ելքի ժամանակ պաշտոնատար անձանց և քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգումը, նրանց, ինչպես նաև նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող իրերի զննումը, այդ թվում` տեխնիկական միջոցների կիրառմամբ.

15) փաստերի և իրադարձությունների փաստաթղթավորումը, լուսանկարումը, ձայնագրումը և տեսանկարահանումը.

16) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած այն անձանց ձերբակալումը և համապատասխան մարմիններին հանձնումը, ովքեր խոչընդոտել են պետական պահպանության մարմնի օրինական պահանջների կատարմանը, ինչպես նաև ապօրինաբար մուտք են գործել կամ փորձ են արել ապօրինաբար մուտք գործել պահպանվող օբյեկտներ.

17) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովումը` համագործակցելով պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ, պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգությանն սպառնացող պատճառների և պայմանների վերացման համար պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին միջնորդությունների ներկայացումը.

18) անարգել մուտքը բնակելի տարածքներ, շենքեր, շինություններ, հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության համար:

Եթե սույն ենթակետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով, ապա ծառայությունը դրա մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին.

19) անհրաժեշտության դեպքում, տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների` որոշակի վայրերում և օբյեկտներում գտնվելու արգելումը, ինչպես նաև այդ վայրերից տրանսպորտային միջոցների տեղափոխումը.

20) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության անվճար ստացումը.

21) ծառայության զինծառայողներին, օրենքով սահմանված կարգով, հրազեն և հատուկ միջոցներ պահելու, կրելու, օգտագործելու թույլատրումը.

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պայմանագրային հիմունքներով ծառայությունների մատուցումը.

23) իր իրավասության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցությունը, օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանակումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման կարգի և պայմանների մասին պայմանավորվածությունների ձեռքբերումը.

24) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը մասնակցությունը.

25) պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը:

 

4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Ծառայության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

11. Ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

12. Ազգային անվտանգության ծառայության տնօրենը`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում ծառայության պետի կողմից ներկայացված ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի թիվը, ինչպես նաև դրանց փոփոխությունները.

2) իր իրավասության սահմաններում լսում է ծառայության հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

3) իր իրավասության սահմաններում հանձնարարականներ և ցուցումներ է տալիս ծառայության պետին.

4) օրենքով նախատեսված դեպքում սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության շրջանակները` ծառայության պետի ներկայացմամբ հաստատելով դրանց կանոնադրությունները.

5) հաստատում է ծառայության պետի և տեղակալների գործառնական պարտականությունները.

6) ծառայության պետի ներկայացմամբ նշանակումներ է կատարում ծառայության սպայական կոչումներով (բացառությամբ կրտսեր սպայականի) համալրվող պաշտոններում, ազատում է պաշտոնից, այդ ծառայողներին շնորհում է կոչումներ և արձակում զինվորական ծառայությունից.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

8) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության զինծառայողներին:

13. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը:

14. Ծառայության պետի պաշտոնն ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն է:

15. Ծառայության պետն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնն ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:

16. Ծառայության պետի առաջին տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ:

17. Ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ծառայության պետի ներկայացմամբ:

18. Ծառայության պետն ապահովում է ծառայության նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացումը և պատասխանատու է ծառայության գործունեության բնագավառում ռազմավարության մշակման ու իրականացման համար:

19. Ծառայության պետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին:

20. Ծառայության պետը`

1) կազմակերպում և ղեկավարում է ծառայության գործունեությունը.

2) պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար.

3) սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների անձնակազմի գործառնական պարտականությունները.

4) Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հաստատմանն է ներկայացնում ծառայության պետի տեղակալների գործառնական պարտականությունները, կատարում է պարտականությունների բաշխում իր և իր տեղակալների միջև.

5) Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հաստատմանն է ներկայացնում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

6) ներկայացնում է ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.

7) ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ծառայության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ծառայության համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.

9) Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

10) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության զինծառայողներին (կրտսեր սպայական և ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում) և քաղաքացիական անձնակազմին, շնորհում է զինվորական կոչումներ` մինչև կապիտանի կոչումը ներառյալ, արձակում է զինվորական ծառայությունից.

11) Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ներկայացնում է միջնորդություններ սպայական կոչումներով (բացառությամբ կրտսեր սպայականի) համալրվող պաշտոններում նշանակումներ կատարելու և ազատելու, այդ ծառայողներին կոչումներ շնորհելու և զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ.

12) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելու համար Ազգային անվտանգության ծառայության տնօրենին է ներկայացնում ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի թիվը, ինչպես նաև դրանց փոփոխությունները.

13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության զինծառայողներին.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները (նաև արտարժութային).

15) ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում` արտարժութային) կարգադրիչն է.

16) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սահմանված կարգով, զինվորական ծառայության է ընդունում ծառայությունում, ինչպես նաև ծառայությունում զինվորական ծառայության է ընդունում զինապարտներին ու պահեստազորում չգտնվող կանանց.

17) առաջարկություններ է ներկայացնում Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ծառայության կանոնադրության, կառուցվածքի, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի թվի, ինչպես նաև հաստիքացուցակի փոփոխությունների վերաբերյալ.

18) որոշում է ծառայության զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի գործուղման հետ կապված հարցերը.

19) օրենքի համաձայն, իր իրավասության սահմաններում, ծառայության աշխատողների համար սահմանում է սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ` կապված նրանց ծառայության առանձնահատկությունների հետ.

20) վերահսկողություն է իրականացնում ծառայության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի նկատմամբ.

21) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից.

22) ծառայության ծառայողներին թույլատրում է սովորել հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում.

23) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

21. Ծառայության պետի բացակայության ժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետի գիտությամբ` նրան փոխարինում է ծառայության պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ծառայության պետի միջնորդությամբ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով` ծառայության պետի պարտականությունները կատարում է ծառայության պետի տեղակալներից մեկը:

22. Ծառայության պետի տեղակալը համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում և կատարում ծառայության պետի հանձնարարականները:

23. Ծառայության պետի տեղակալն անմիջական ենթակա և հաշվետու է ծառայության պետին:

24. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը:

 

5. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

25. Ծառայության կառուցվածքը հրապարակման ենթակա չէ:

26. Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են դրանց կանոնադրություններով:

 

6. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Ծառայության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:

28. Ծառայության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է հատուկ հոդված:

29. Ծառայությունը հաշվապահական հաշվառումը վարում և ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն:

30. Ծառայության հաշվապահական հաշվառումն իրականացվում, ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում և ներկայացվում են «Հաշվապահական հաշվառման մասին» և «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքների պահանջներին համապատասխան:

31. Ծառայության ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` նրա կողմից հաստատված ձևաչափով և ժամկետներում:

 

7. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

32. Ծառայության նյութատեխնիկական ապահովումը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի բնակարանային, կենցաղային, սննդի, նյութական օգնության, խրախուսման և սոցիալական այլ պահանջմունքների բավարարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների, այդ թվում` պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող միջոցների հաշվին:

 

8. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԸ

 

33. Ծառայության հիմնական կադրերը նրա զինծառայողներն են: Ծառայություն պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ): Ծառայության զինծառայողները (սպաներ և ենթասպաներ) ազգային անվտանգության մարմինների զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները: Ծառայության զինծառայողներն արձակվում են Ազգային անվտանգության ծառայության կամ զինված ուժերի պահեստազոր:

34. Ծառայության քաղաքացիական անձնակազմի պարտականությունները, իրավունքները և արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և Ազգային անվտանգության ծառայության ակտերով:

35. Ծառայության զինծառայողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.10.2018
N 1392-Լ
Որոշում