Սեղմել Esc փակելու համար:
ԴՈՄԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴՈՄԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԴՈՄԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 22558/07)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

25 փետրվարի 2016թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Դոմազյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`

Միրյանա Լազարովա Տրայկովսկա Mirjana Lazarova Trajkovska` Նախագահ,

Լեդի Բիանկու Ledi Bianku,

Քրիստինա Պարդալոս Kristina Pardalos,

Ալեշ Պեյչալ Ales AlesAlesPejchal,

Ռոբերտ Սպանո Robert Spano,

Արմեն Հարությունյան Armen Harutyunyan,

Պաուլին Կոսկելո Pauliine Koskelo` դատավորներ,

և Անդրե Ուամպաշ Andre Wampach` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2016 թվականի փետրվարի 2-ին` դռնփակ խորհրդակցությամբ

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի քաղաքացի տկն Թամարա Դոմազյանի (դիմումատու) կողմից` ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի մայիսի 29-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 22558/07) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Ա. Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ ինքը զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից քաղաքացիական այն վարույթի շրջանակներում, որում ինքը ներգրավված էր, քանի որ իր փաստաբանի կողմից իր անունից ներկայացված հակընդդեմ հայցն անհիմն մերժվել է:

4. 2010 թվականի սեպտեմբերի 15-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1954 թվականին և ապրում է Սանկտ Պետերբուրգում:

6. Նա ունեցել է 21 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակ և փոքր պահեստ («շինություն») Երևանում, որոնք ակնհայտորեն կառուցել է առանց թույլտվության:

7. 2005 թվականի հուլիսի 22-ին Երևանի քաղաքապետն ընդունել է որոշում, որով, inter alia, ճանաչվել է շինության նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը, և դրանով ծանրաբեռնված հողակտորը հատկացվել է նրան` վարձակալության իրավունքով:

8. 2005 թվականի օգոստոսի 26-ին Երևանի քաղաքապետի և դիմումատուի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր` մինչև 2010 թվականի հուլիսի 22-ը վավերականության ժամկետով:

9. 2005 թվականի սեպտեմբերի 5-ին քաղաքապետի` 2005 թվականի հուլիսի 22-ի որոշման հիման վրա դիմումատուն շինության նկատմամբ ստացել է սեփականության իրավունքի գրանցման վկայական:

10. Պարզվում է, որ 2006 թվականի հունիսի 19-ին Երևանի քաղաքապետն ընդունել է մեկ այլ որոշում, որով անվավեր է ճանաչվել 2005 թվականի հուլիսի 22-ի որոշումն այն մասով, որը վերաբերում էր շինության նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքի ճանաչմանը:

11. Հիմնվելով 2006 թվականի հունիսի 19-ի որոշման հիման վրա` 2006 թվականի հուլիսի 20-ին Երևանի քաղաքապետը դիմումատուի դեմ հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարան` պահանջելով անվավեր ճանաչել շինության նկատմամբ նրա սեփականության վկայականը և վարձակալությունը:

12. 2006 թվականի հոկտեմբերի 20-ին դիմումատուն փաստաբան Գ-ին տվել է լիազորագիր` լիազորելով նրան ներկայացնել իրեն դատարանում: Այնուհետև լիազորագիրը ստորագրվել և կնքվել է Գ-ի կողմից:

13. Վարչական շրջանի դատարանում առաջին նիստը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 24-ին: Այդ նիստի արձանագրության մեջ, inter alia, նշվում է հետևյալը.

«... [դիմումատուն] չի ներկայացել. փաստաբան Գ-ն հանդես է եկել նրա անունից` նշելով, որ ինքը ներկայացնում է պատասխանողին և խնդրել է իրեն ժամանակ տրամադրել` գործի նյութերն ուսումնասիրելու համար և ներկայացրել է դիմումատուի կողմից ստորագրված, սակայն նոտարի կողմից չհաստատված լիազորագիր:

...

Դատարանը որոշում է գործի քննությունը հետաձգել մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը` ժամը 12:00-ն, որպեսզի [դիմումատուն] ներկայացնի գրավոր պատասխան և օրենքով սահմանված կարգով` պատշաճ լիազորագիր:

...»:

14. 2006 թվականի նոյեմբերի 1-ին Գ-ն դիմումատուի անունից ներկայացրել է հակընդդեմ հայց` պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետի` 2006 թվականի հունիսի 19-ի որոշումը, քանի որ այն կայացվել էր ներպետական օրենսդրության խախտմամբ:

15. Միևնույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կայացրել է հակընդդեմ հայցը վարույթ չընդունելու և այն վերադարձնելու վերաբերյալ որոշում: Վարչական շրջանի դատարանի որոշման համապատասխան հատվածները ունեն հետևյալ բովանդակությունը.

«Ուսումնասիրելով ... ներկայացված լիազորագիրը` դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցը ... պետք է վերադարձվի` հաշվի առնելով, որ լիազորագիրը տրվել է [Քաղաքացիական դատավարության օրենսգրքի] 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի խախտմամբ: Համաձայն այդ հոդվածի` ներկայացուցչի լիազորությունները պետք է ամրագրվեն օրենքին համապատասխան տրված և ձևակերպված լիազորագրում. քաղաքացու կողմից տրված լիազորագիրը հաստատվում է նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից, իսկ փաստաբանի լիազորությունները հաստատվում են օրենքով սահմանված կարգով: Սույն գործում փաստաբանի Գ-ի կողմից ներկայացված լիազորագիրը տրվել է օրենսդրական պահանջների խախտմամբ:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին ... համապատասխան ... դատարանը որոշում է վերադարձնել [Գ-ի] հակընդդեմ հայցը:

Հակընդդեմ հայցը վերադարձնելու որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` եռօրյա ժամկետում հայցվորի կողմից ստանալուց հետո»:

16. Նույն օրը վարչական շրջանի դատարանը նաև քննել է քաղաքապետի հայցը և բավարարել այն: Այդ վճռի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«... Պատասխանողը [դիմումատուն] պատշաճ կերպով ծանուցվել է դատական նիստի օրվա և վայրի մասին, սակայն չի ներկայացել դատարան, իսկ դատարանը չի ընդունել նրա անունից, որպես իր ներկայացուցիչ ներկայացած, փաստաբանի լիազորությունն այն հիմքով, որ լիազորագիրը պատշաճ կերպով չի վավերացվել:

...

Հաշվի առնելով այն, որ վարձակալության պայմանագիրը կնքելու և սեփականության իրավունքը գրանցելու հիմքն [քաղաքապետի 2005 թվականի հուլիսի 22-ի որոշումն] այլևս գոյություն չունի, դատարանը գտնում է, որ ... դիմումատուի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված հողի վարձակալության պայմանագիրը պետք է դադարեցվի և նրա սեփականության/օգտագործման [ու] անշարժ գույքի վարձակալության իրավունքը հաստատող վկայականն անվավեր ճանաչվի:»:

17. 2006 թվականի նոյեմբերի 8-ին վարչական շրջանի դատարանն իր վճռի պատճենը փոստով ուղարկել է դիմումատուին: Փոստային ծրարից երևում է, որ վճռի պատճենն առաքվել է դիմումատուի տեղական փոստային գրասենյակ 2006 թվականի նոյեմբերի 18-ին, և դիմումատուն այն ստացել է 2006 թվականի նոյեմբերի 20-ին:

18. 2006 թվականի նոյեմբերի 15-ին փաստաբան Գ-ն վարչական շրջանի դատարանի կողմից հակընդդեմ հայցը վարույթ չընդունելու վերաբերյալ որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Նա պնդել է, որ քաղաքացիական օրենսդրությամբ չի պահանջվում փաստաբանին տրված լիազորագրի նոտարական վավերացում: Նա հավելել է, որ նման պահանջ սահմանելը սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ նոտարը` որպես հանրային ծառայող, միջամտում է փաստաբանի և վստահորդի հարաբերություններին, և դատական վարույթ սկսելու հնարավորությունը պայմանավորվում է նրա նախնական համաձայնությամբ:

19. 2006 թվականի նոյեմբերի 28-ին Գ-ն դիմումատուի անունից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջի հետ միասին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան` վարչական շրջանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 1-ի վճռի դեմ` պնդելով, որ վճռի պատճենը դիմումատուին հանձնվել է բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:

20. 2006 թվականի դեկտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը Գ-ի կողմից հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը վարույթ չի ընդունել` հիմքերի բացակայության պատճառով: Այդ որոշման համապատասխան հատվածները սահմանում են հետևյալը.

«Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, ... ուսումնասիրելով 2006 թվականի նոյեմբերի 1-ի որոշման դեմ ... [դիմումատուի] ներկայացուցչի [Գ-ի] կողմից բերված բողոքը ... գտել է, որ այն պետք է վերադարձվի հետևյալ պատճառներով.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը պետք է պարունակի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որևէ մեկը:

... սույն վճռաբեկ բողոքը պարունակում է միայն 231.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տարրերը, այնուամենայնիվ, բողոք ներկայացրած անձը դրանց առնչությամբ պատշաճ և բավարար փաստարկներ չի ներկայացրել. այդ իսկ պատճառով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ... 230-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետի պահանջները չեն բավարարվել:

Նման հանգամանքներում վերոնշյալ պահանջների խախտումները վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք են:

...

Հաշվի առնելով վերը նշված պատճառաբանությունը` ... Վճռաբեկ դատարանը որոշում է վերադարձնել 2006 թվականի նոյեմբերի 1-ի ... որոշման դեմ [դիմումատուի] ներկայացուցչի [Գ-ի] կողմից բերված վճռաբեկ բողոքը ...»:

21. 2007 թվականի հունվարի 19-ին Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջը և 2006 թվականի նոյեմբերի 1-ի վճռի դեմ բերված բողոքը թողել առանց քննության` նշելով հետևյալը.

«Ուսումնասիրելով սույն գործով պատասխանողի ներկայացուցչի [Գ-ի] կողմից բերված վերաքննիչ բողոքը և բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջը` [Վերաքննիչ դատարանը] գտել է, որ ... 2006 թվականի նոյեմբերի 28-ին վերաքննիչ բողոք է բերվել ... 2006 թվականի նոյեմբերի 1-ի ... վճռի դեմ ... [դիմումատուի] ներկայացուցիչ Գ-ի կողմից, ով չի պահպանել օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետը:

Վերաքննիչ բողոք ներկայացրած անձը պահանջել է ... վերականգնել վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը` հաշվի առնելով այն փաստը, որ վարչական շրջանի դատարանը տվյալ վճռի պատճենը պատասխանողին է հանձնել ուշացումով:

Դատարանը գտնում է, որ պահանջը պետք է մերժվի և բողոքը վարույթ չընդունվի, քանի որ բողոք ներկայացրած անձը որևէ փաստաթղթային ապացույց չի ներկայացրել, որը կհիմնավորեր այդ պնդումը. ավելին, ... գործի նյութերում առկա է փոստային անդորրագիր ... համաձայն որի, վերոնշյալ վճռի պատճենն ուղարկվել է [դիմումատուին] 2006 թվականի նոյեմբերի 8-ին` պատվիրված նամակով` Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ... սահմանված կարգով և ժամկետներում:

...»:

22. 2007 թվականի հունվարի 26-ին Գ-ն սույն որոշման դեմ դիմումատուի անունից վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Նա, մասնավորապես, պնդել է, որ գործի նյութերում որևէ ապացույց չի եղել, ինչպես օրինակ` ստացման մասին ծանուցումը, որով կհիմնավորվեր, որ պատասխանողը վճռի պատճենը ստացել է ժամանակին: Այնպիսի հանգամանքներում, երբ որոշումները ժամանակին հանձնելը դատարանների պարտականությունն է, Վերաքննիչ դատարանը չպետք է վճիռն ուշ ստանալու հանգամանքն ապացուցելու պարտականությունը դնի դատավարության կողմի վրա:

23. 2007 թվականի փետրվարի 15-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի` հիմքերի բացակայության պատճառով: Նման որոշում կայացնելիս այն, մասնավորապես, նշել է.

«Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, ... ուսումնասիրելով [դիմումատուի] վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 2007 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ [Գ-ի] կողմից բերված վճռաբեկ բողոքը, գտել է, որ այն պետք է վերադարձվի` հետևյալ պատճառներով.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բերված վճռաբեկ բողոքում բացակայում են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդունելիության չափանիշները: Բացի այդ` բողոք բերած անձը չի ներկայացրել քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան ձևակերպված լիազորագիր

...

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ տրամադրել:

... Վճռաբեկ դատարանը [դիմումատուի] վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 2007 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ [Գ-ի] կողմից բերված վճռաբեկ բողոքը որոշում է վերադարձնել...»:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 1-ից)

 

24. Տվյալ ժամանակահատվածում գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Քաղ. դատ. օր.) համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

ՀՈԴՎԱԾ 40. Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում

 

«Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած քաղաքացի, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն:»

 

ՀՈԴՎԱԾ 41. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը

 

«1. Ներկայացուցչի լիազորությունները պետք է ամրագրվեն օրենքին համապատասխան տրված և ձևակերպված լիազորագրում:

2. Քաղաքացու տված լիազորագիրը հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

...

4. Փաստաբանի լիազորությունները հաստատվում են օրենքով սահմանված կարգով:»

 

ՀՈԴՎԱԾ 77. Դատավարական ժամկետների վերականգնումը

 

«1. Դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, ... դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:»

 

ՀՈԴՎԱԾ 78. Դատական ծանուցագրերը

 

«2. Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):»

 

ՀՈԴՎԱԾ 92. Հայցադիմումը վերադարձնելը

 

«1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե` ... 2) հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ...

4. Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»

 

ՀՈԴՎԱԾ 96. Հակընդդեմ հայց հարուցելը

 

«1. Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`

...

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:»

 

ՀՈԴՎԱԾ 138. Վճռի հրապարակումը

 

«1. Վճիռը կայացնելուց անմիջապես հետո նախագահողը դատական նիստում հրապարակում է վճռի եզրափակիչ մասը և հայտարարում, թե գործին մասնակցող անձինք երբ կարող են ծանոթանալ վճռի բնագրին: ...

2. Վճռի բնագրի կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով, իսկ բացառիկ դեպքերում, առանձնապես բարդ գործերով` ոչ ավելի, քան յոթ օրով:»

 

ՀՈԴՎԱԾ 139. Վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

«Դատարանի վճիռը, այն կազմելուց անմիջապես հետո, պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:»

 

ՀՈԴՎԱԾ 207. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

 

«Վերաքննիչ բողոքը բերվում է առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:»

 

ՀՈԴՎԱԾ 230. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

 

«1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`

...

4.1) սույն օրենսգրքի 231.2-րդ հոդվածի առաջին կետի որևէ ենթակետի հիմնավորումները.

...:»

 

ՀՈԴՎԱԾ 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

 

«1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի և 231.2-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին, կամ բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»

«1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե` 1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ 2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ 3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ 4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ:»:

25. 2007 թվականի նոյեմբերի 28-ին փոփոխված և 2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Քաղ. դատ. օր-ի 41-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

 

ՀՈԴՎԱԾ 41. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը և հաստատումը

 

«1. Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

...»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

26. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ դատարանի մատչելիության իր իրավունքը խախտվել է վարչական շրջանի դատարանի կողմից իր հակընդդեմ հայցի քննությունն այն հիմքով մերժելու արդյունքում, որ իր ներկայացուցչի ներկայացրած լիազորագիրը չի համապատասխանել օրենքի պահանջներին: Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... [որևէ] դատարանի կողմից .... արդարացի ... դատաքննության իրավունք:»:

 

Ա. Ընդունելիությունը

 

27. Կառավարությունը պնդել է, որ 6-րդ հոդվածը սույն գործով կիրառելի չէ, քանի որ վարչական շրջանի դատարանի կողմից դիմումատուի հակընդդեմ հայցը վարույթ չընդունելու մասին որոշումը չի առնչվում նրա քաղաքացիական իրավունքների որոշմանը:

28. Դիմումատուն նշել է, որ Կառավարության` 6-րդ հոդվածը կիրառման ենթակա չլինելու վերաբերյալ փաստարկը որևէ կերպ պատճառաբանված և հիմնավորված չէ:

29. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված է «դատարան դիմելու իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Golder v. the United Kingdom] գործը, 1975 թվականի փետրվարի 21,»36, ժողովածու Ա, թիվ 18): Դատարան դիմելու իրավունքը տարածվում է միայն այն «քաղաքացիական իրավունքների և պարտականությունների» շուրջ ծագած «վեճերի» (ֆրանսերեն բնագրում` «առարկություններ» [contestations]) վրա, որոնք, կարելի է ասել թեկուզև վիճելի հիմքերով, ճանաչվում են ներպետական օրենսդրությամբ: «Վեճը» պետք է լինի իրական և լուրջ. այն կարող է վերաբերել ոչ միայն իրավունքի փաստացի առկայությանը, այլև դրա շրջանակին և կիրառման եղանակին: Վարույթի արդյունքը պետք է ուղղակիորեն որոշիչ լինի տվյալ իրավունքի հարցում (տե՛ս Աթանասողլուն և այլոք ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Athanassoglou and Others v. Switzerland [GC]] գործը, թիվ 27644/95, §43, ՄԻԵԴ 2000-IV):

30. Դատարանը նկատում է, որ Կառավարության պնդմամբ վարչական շրջանի դատարանի կողմից դիմումատուի հակընդդեմ հայցը վարույթ չընդունելը չի առնչվում նրա քաղաքացիական իրավունքներին:

31. Դատարանը նկատում է, որ դիմումատուն Երևանի քաղաքապետի կողմից իր դեմ բերված քաղաքացիական վարույթում ներգրավված է եղել որպես պատասխանող, որով վերջինս պահանջում էր անվավեր ճանաչել շինության նկատմամբ նրա սեփականության իրավունքը և դրանով ծանրաբեռնված հողակտորի նկատմամբ վարձակալությունը` 2006 թվականի հունիսի 19-ի իր որոշման հիման վրա: Միևնույն վարույթի շրջանակներում դիմումատուն հակընդդեմ հայց է ներկայացրել` պահանջելով քաղաքապետի 2006 թվականի հունիսի 19-ի որոշումը` որպես ոչ իրավաչափ ակտ, անվավեր ճանաչել, որը բավարարվելու դեպքում կբացառեր նրա դեմ ներկայացված հիմնական պահանջի բավարարումը:

32. Դատարանը նշում է, որ օրենքը որևէ հատուկ կանոն չի սահմանում հակընդդեմ հայցերը վարույթ ընդունելու և քննելու վերաբերյալ. այնուամենայնիվ, պարզ է դառնում, որ հակընդդեմ հայցերը հիմնական վարույթի շրջանակներում դիտարկվում են որպես առանձին պահանջներ` քաղաքացիական հայցերի ընդունման և լուծման վերաբերյալ Քաղ. դատ. օր-ի համապատասխան դրույթներին համապատասխան (տե՛ս վերևում` 15-րդ պարբերությունը): Այդ եզրահանգումը հետագայում հաստատվել է այն հանգամանքով, որ հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին որոշումը Վճռաբեկ դատարանում առանձին բողոքարկման առարկա է եղել (տե՛ս նույն տեղում): Հետևաբար Դատարանը գտնում է, որ չնայած հակընդդեմ հայցը բերվել էր հիմնական վարույթի շրջանակներում, և, եթե այն վարույթ ընդունվեր, ապա, ըստ էության, կլուծվեր հիմնական հայցի հետ` միևնույն վճռով, հակընդդեմ հայցն առանձին հայց էր, որն իր հերթին նույնպես առնչվում էր դիմումատուի «քաղաքացիական իրավունքների և պարտականությունների» որոշմանը: Համապատասխանաբար, դիմումատուն իր հակընդդեմ հայցի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան քննության իրավունք ուներ: Հետևաբար, Կառավարության առարկությունը պետք է մերժվի:

33. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Այնուհետև [Դատարանը] նշել է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

34. Դիմումատուն նշել է, որ դատարանի մատչելիության իր իրավունքի սահմանափակումը եղել է ոչ իրավաչափ և որևէ օրինական նպատակ չի հետապնդել: Նա պնդել է, որ իր հակընդդեմ հայցը վարույթ ընդունելը մերժելիս վարչական շրջանի դատարանը չի նշել օրենքի այն պահանջը, որը ենթադրաբար չի պահպանվել և հիմք է ծառայել եզրահանգելու, որ Գ-ի լիազորագիրն անվավեր է: Նա նշել է, որ ինքն օրենքով որևէ պարտավորություն չուներ Գ-ին տրամադրելու պետական նոտարի կողմից վավերացված լիազորագիր, եթե դա է հիմք հանդիսացել վարչական շրջանի դատարանի համար լիազորագիրն օրենքի պահանջներին ոչ համապատասխան ճանաչելու համար: Նա նշել է, որ Քաղ. դատ. օր-ի 41-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսվում է, որ ներկայացուցչի լիազորությունները պետք է նշվեն օրենքով սահմանված կարգով ձևակերպված և վավերացված լիազորագրում, սակայն օրենքում, այդ թվում` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, լիազորագիրը վավերացնելու համար հատուկ ընթացակարգ սահմանող որևէ դրույթ չկա:

35. Կառավարությունը նշել է, որ վարչական շրջանի դատարանը նրա հակընդդեմ հայցի ընդունելիության վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առել դիմումատուի գործի առանձնահատուկ հանգամանքները: Մասնավորապես, հաշվի առնելով, որ դիմումատուն բնակվում էր արտերկրում և Գ-ի կողմից ներկայացված լիազորագրում առկա էր հասարակ ստորագրություն, վարչական շրջանի դատարանի դատավորին անհրաժեշտ էր հավաստիանալ` արդյոք փաստաթուղթն իսկական էր: Ըստ Կառավարության` նոտարական վավերացումը դիմումատուի համար հասանելի տարբերակներից միայն մեկն էր` հավաստելու, որ նա, իսկապես, լիազորել էր Գ-ին` ներկայացնել իրեն վարույթի ընթացքում: Ավելին, վարչական շրջանի դատարանը, դատաքննությունը մեկ շաբաթով հետաձգելով, դիմումատուին հնարավորություն էր տվել ներկայացնելու պահանջվող փաստաթուղթը, սակայն նա չէր ներկայացրել այն: Կառավարությունը, ի վերջո, նշել է, որ դիմումատուն հնարավորություն ուներ` գործով վարույթի շրջանակներում ներկայացնելու գործի բոլոր հանգամանքների վերաբերյալ իր փաստարկները, այդ թվում` իր հակընդդեմ հայցում բարձրացված հարցերը: Բացի այդ` նա կարող էր հակընդդեմ հայցն անձամբ ներկայացնել, որի համար նա ուներ մեկ շաբաթ, սակայն նա չէր օգտագործել այդ հնարավորությունը:

 

2. Դատարանի գնահատականը

 

36. Դատարանը կրկին նշում է, որ «դատարան դիմելու իրավունքը», որի մի մասն է կազմում մատչելիության իրավունքը, բացարձակ չէ. այն ենթակա է անուղղակի սահմանափակումների, քանի որ իր բնույթից ելնելով պետք է կարգավորվի պետության կողմից, որն այս առնչությամբ ունի հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ: Այնուամենայնիվ, կիրառվող սահմանափակումները չպետք է անձի` դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակեն կամ նվազեցնեն այնպես կամ այն չափով, որ խախտվի իրավունքի բուն էությունը. վերջապես, նման սահմանափակումները չեն համապատասխանի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ ողջամիտ համաչափության հարաբերակցություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Լևաժ պրեստասիոնս սերվիսն ընդդեմ Ֆրանսիայի [Levages Prestations Services v. France] գործը, 1996 թվականի հոկտեմբերի 23, §40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-V, հղում կատարելով Աշինգդանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Ashingdane v. the United Kingdom] գործին, 1985 թվականի մայիսի 28, §57, Շարք Ա, թիվ 93, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության [Tolstoy Miloslavsky v. the United Kingdom] գործը, 1995 թվականի հուլիսի 13, §59, Շարք Ա, թիվ 316-B և Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Stanev v. Bulgaria [GC]] գործը, թիվ 36760/06, §230, ՄԻԵԴ 2012):

37. Ներպետական դատարանների դերը ստանձնելը` Դատարանի խնդիրը չէ: Ներպետական օրենսդրության մեկնաբանությանն առնչվող հարցերը լուծելու խնդիրը, նախևառաջ, ներպետական իշխանությունների, մասնավորապես, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների խնդիրն է (տե՛ս Միրագալլ Էսկոլանոն և այլոք ընդդեմ Իսպանիայի [Miragall Escolano and Others v. Spain] գործը, թիվ 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, §33, ՄԻԵԴ 2000-I): Դատարանի դերը սահմանափակվում է` ստուգելով, թե արդյոք այդպիսի մեկնաբանության հետևանքները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարանների կողմից դատավարական բնույթի կանոնների մեկնաբանությանը (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Նովինսկին ընդդեմ Լեհաստանի [Nowinski NowinskiNowinski v. Poland] գործը, թիվ 25924/06, §32, 2009 թվականի հոկտեմբերի 20):

38. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ դիմումատուն, որը բնակվում էր արտերկրում և ներկայացվել էր փաստաբան Գ-ի կողմից, փորձել էր հակընդդեմ հայց ներկայացնել` պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետի` 2006 թվականի հունիսի 19-ի որոշումը, որի հիման վրա վերջինս քաղաքացիական հայց էր ներկայացրել իր դեմ: Վարչական շրջանի դատարանը վերադարձրել էր Գ-ի կողմից ներկայացված հակընդդեմ հայցն այն հիմքով, որ վերջինիս ներկայացրած լիազորագիրը չէր համապատասխանում օրենքի պահանջներին, մասնավորապես` Քաղ. դատ. օր.-ի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերին: Դատարանն այնուհետև նշում է, որ վարչական շրջանի դատարանը չի հստակեցրել, թե նշված որ իրավական դրույթի պահանջը չի պահպանվել, որի արդյունքում Գ-ի լիազորագիրը ճանաչվել է առոչինչ: Այնուամենայնիվ, Կառավարության կողմից Դատարան ներկայացված` վարչական շրջանի դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 24-ի նիստի արձանագրությունից պարզ է դառնում, որ Գ-ի լիազորագրին առնչվող խնդիրը նոտարի կողմից վավերացված չլինելն էր:

39. Դատարանը միևնույն ժամանակ գտնում է, որ Վճռաբեկ դատարանը, ըստ երևույթին ընդունել է Գ-ի ներկայացրած լիազորագիրը, քանի որ այն իր 2006 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման մեջ վերջինիս մասին նշել է որպես դիմումատուի «ներկայացուցիչ» (տե՛ս վերևում` 20-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի վճռաբեկ բողոքը, քանի որ գտել է, որ վճռաբեկ բողոքի ընդունելիության չափանիշները չեն պահպանվել: Ավելին, Վճռաբեկ դատարանի քննությանը հանձնվել է դիմումատուի հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին վարչական շրջանի դատարանի որոշումը, այլ ոչ հենց հակընդդեմ հայցը: ՈՒստի, չի կարելի համարել, որ Վճռաբեկ դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով որոշել է դիմումատուի քաղաքացիական իրավունքները, թեև թվում է, որ ընդունել է Գ-ի լիազորությունները:

40. Դատարանը նշում է, որ համապատասխան ժամանակահատվածում Քաղ. դատ. օր-ի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով նախատեսվում էր, որ լիազորագիրը պետք է հաստատվի նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից, և որ փաստաբանի լիազորությունները պետք է հաստատվեն օրենքով սահմանված կարգով:

41. Դատարանն այնուհետև նշում է, որ թե՛ Կառավարությունը, և թե՛ ներպետական դատարանները չեն նշել տվյալ ժամանակահատվածում գործող որևէ իրավական դրույթ, որում ամրագրված կլիներ դատարաններում ներկայացուցչության համար տրված լիազորագիրը նոտարի կողմից վավերացնելու պարտավորություն: Ավելին, Կառավարությունը չի պնդել, որ օրենքով նման հատուկ պարտավորություն գոյություն ուներ: Փոխարենը` նրանք պնդել են, որ նոտարական վավերացումը դիմումատուի համար հասանելի տարբերակներից միայն մեկն էր, որը նրան հնարավորություն էր տալիս ապացուցելու, որ Գ-ի կողմից ներկայացված լիազորագիրն իսկական էր: Դատարանը, այնուամենայնիվ, չի կարող ընդունել նման փաստարկները` հաշվի առնելով այն, որ վարչական շրջանի դատարանի համապատասխան որոշման ձևակերպմամբ հստակորեն նշվել է, որ դիմումատուն չի պահպանել օրենքի պահանջը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա հակընդդեմ հայցը չընդունելու համար` չհստակեցնելով այն օրենքի դրույթը կամ պահանջը, որը, ըստ դատարանի, չէր պահպանվել:

42. Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը գտնում է, որ տվյալ ժամանակահատվածում օրենքում չեն եղել հստակ կանոններ, որոնցով կսահմանվեր, թե անձի կողմից փաստաբանին տրված լիազորագիրն ինչ եղանակով պետք է ձևակերպվեր, այդ թվում` այն վավերացնելու ընթացակարգը: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմումատուի հակընդդեմ հայցն ըստ էության քննության չընդունելու վերաբերյալ վարչական շրջանի դատարանի որոշման համար տվյալ ժամանակահատվածում գործող ներպետական օրենսդրությամբ ամրագրված չի եղել որևէ հստակ իրավական հիմք: Ի վերջո, Դատարանը նշում է, որ Քաղ. դատ. օր-ի համապատասխան դրույթների 2008 թվականի հունվարի 1-ի փոփոխությունների արդյունքում ներկայումս օրենքում ամրագրված է, որ փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

43. Նախորդ դիտարկումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ դիմումատուի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումն իր բնույթով իրավաչափ նպատակ չի հետապնդել, ոչ էլ կարելի է ասել, որ այն համաչափ է եղել այդպիսի նպատակին` պայմանավորված այն հանգամանքով, որ Կառավարությունը ներպետական օրենսդրությամբ սահմանված որևէ իրավական հիմք չի ներկայացրել, որի վրա հիմնվելով ներպետական դատարանը կարող էր դիմումատուից պահանջել ներկայացնել նոտարի կողմից վավերացված կամ օրենքով սահմանված մեկ այլ ընթացակարգին համապատասխանող լիազորագիր: Մերժելով դիմումատուի հակընդդեմ հայցն այդ հիմքով` ներպետական դատարաններն այդ կերպ կասկածի տակ են դրել դիմումատուի դատարան դիմելու իրավունքը, որը երաշխավորված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով:

44. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

45. Ի վերջո, դիմումատուն ներկայացրել է մի շարք այլ բողոքներ` հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածների և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի վրա:

46. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, և այնքանով, որքանով այդ բողոքները իր իրավասության սահմաններում են` Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Այստեղից հետևում է, որ գանգատի այդ մասը պետք է մերժվի` ակնհայտ անհիմն լինելու հիմքով` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

 

48. Դիմումատուն պահանջել է 7,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

49. Կառավարությունը պնդել է, որ պահանջվող ոչ նյութական վնասի և դիմումատուի` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ենթադրյալ խախտման միջև որևէ պատճառահետևանքային կապ չկա: Բացի այդ` դիմումատուն որևէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ ինքը ոչ նյութական վնաս է կրել:

50. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3,600 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

51. Դիմումատուն այս մասով որևէ պահանջ չի ներկայացրել:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

52. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելու մասին բողոքն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը` անընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

3. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի 3,600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)` որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է փոխարկվի Հայաստանի Հանրապետության դրամով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային միավոր.

4. Մերժում է դիմումատուի` արդարացի հատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի փետրվարի 25-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

    Անդրե Ուամպաշ                        Միրյանա Լազարովա Տրայկովսկա

 

      Քարտուղարի տեղակալ                   Նախագահ

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
25.02.2016
N 22558/07
Վճիռ