Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-13-Ո-24

2018 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

121. Հայտարարությունը քննարկվում է դատավորի մասնակցությամբ` դրա հնարավորության դեպքում: Նիստի ընթացքում դատավորը Հայտարարության առնչությամբ ներկայացնում է համապատասխան բացատրություններ և պատասխանում Խորհրդի անդամների` Հայտարարությանն առնչվող հարցերին:

122. Խորհուրդը Հայտարարության հիման վրա քննարկում է ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ իրավասու մարմին դիմելու հիմնավորվածության հարցը: Հայտարարության առնչությամբ միջնորդությամբ իրավասու մարմին դիմելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում համապատասխան միջնորդությունը Խորհրդի նախագահի կողմից ուղարկվում է իրավասու մարմին, որում արտացոլվում է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան Խորհրդին անհապաղ գրավոր տեղեկացնելու պարտավորության մասին:

123. Միջնորդության քննարկման արդյունքներով ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր պատասխանը, Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավասու մարմնի ձեռնարկած միջոցառումների իրավաչափության տեսանկյունից, քննարկվում է այն ստանալու հաջորդ օրը:

124. Իրավասու մարմնի ձեռնարկած ոչ իրավաչափ միջոցառումների, ինչպես նաև ողջամիտ ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու կապակցությամբ Խորհուրդը կայացնում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու մասին որոշում: Պաշտոնական հայտարարությունը հրապարակվում է Դատական իշխանության պաշտոնական կայքում և զանգվածային լրատվության միջոցներով:

125. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողությունները կատարելիս, դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի միջամտության մասին ահազանգերը Խորհրդում քննարկվում են Օրենքի 91-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, անհապաղ, սակայն ոչ ուշ, քան համապատասխան տեղեկատվությունն ստանալու հաջորդ օրը:

126. Խորհրդի կողմից դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի միջամտության առերևույթ փաստի առկայության վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելու պարագայում Խորհրդի նախագահը համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին:

127. Գլխավոր դատախազից կամ քննչական մարմնի ղեկավարից ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում Խորհուրդը կայացնում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու մասին որոշում: Պաշտոնական հայտարարությունը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում և զանգվածային լրատվության միջոցներով:

 

ԳԼՈՒԽ 12. ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

128. Դատարանների աշխատակազմերը նախապատրաստում և Դեպարտամենտի ղեկավարին են ուղարկում միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջետային հայտի նախագծերը` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրի և պետական բյուջեի հայտի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցով` միջնաժամկետ ծախսերի ծրագիր և պետական բյուջեի հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

129. Դեպարտամենտի ղեկավարը` դատարանների աշխատակազմերի նախապատրաստած միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջետային հայտի նախագծերի հիման վրա կազմում է Դատարանների և Խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջետային հայտի նախագծերը, որոնք միջնաժամկետ ծախսերի ծրագրի և պետական բյուջեի հայտի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցով` միջնաժամկետ ծախսերի ծրագիր և պետական բյուջեի հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետից առնվազն 10 օր առաջ ներկայացնում է Խորհուրդ:

130. Խորհուրդը Դատարանների և Խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը հաստատում և բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացնում է ՀՀ կառավարություն:

131. Խորհրդի պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության հարց ծագելու դեպքում Դեպարտամենտի կենտրոնական մարմինը 5-օրյա ժամկետում եզրակացություն է ներկայացնում Խորհուրդ, որը 10-օրյա ժամկետում քննարկում է եզրակացությունը և դիմում ՀՀ կառավարություն:

132. Խորհուրդն իր և դատարանների ծախսերի նախահաշիվները հաստատում է Դեպարտամենտի կողմից ներկայացրած համապատասխան եզրակացության քննարկման արդյունքներով:

 

ԳԼՈՒԽ 13. ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

133. Խորհրդի կողմից շրջանառության մեջ դրված որոշման և այլ իրավական փաստաթղթերի նախագծերի առնչությամբ գրավոր առաջարկներն ամփոփում և Խորհուրդ է ներկայացնում Դեպարտամենտի կենտրոնական մարմինը: Ամփոփաթերթում հերթական համարով նշվում է առաջարկությունը և առաջարկության հեղինակը: Ամփոփաթերթն առաջարկությունների առնչությամբ իր եզրակացություններով, լրացնում է նախագիծը պատրաստած Խորհրդի անդամը կամ անդամները: Խորհրդի նախագահի հանձնարարությամբ առաջարկությունների առնչությամբ եզրակացություն մշակելու աշխատանքներին կարող են ներգրավվել Խորհրդի այլ անդամներ, Դեպարտամենտի աշխատակիցներ, ինչպես նաև փորձագետներ:

134. Շրջանառության մեջ դրված որոշման նախագծի վերաբերյալ կազմված ամփոփաթերթը փոխանցվում է Խորհրդի անդամներին:

135. Այն առաջարկը, որին Խորհրդի անդամներից որևէ մեկը չի առարկում, համարվում է ընդունված` առանց քվեարկության: Այն առաջարկը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկին, քվեարկության չի դրվում: Նախագծի միևնույն մասի վերաբերյալ իրարամերժ առաջարկները քվեարկվում են մրցակցության սկզբունքով` հետևյալ կարգով.

1) եթե քվեարկության է դրվել երկու առաջարկ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով «կողմ» ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած առաջարկը նորից է դրվում քվեարկության,

2) եթե քվեարկության են դրվել երկուսից ավելի առաջարկներ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության են դրվում առավել շատ ձայներ ստացած երկու առաջարկները,

3) եթե մեկից ավելի առաջարկ ստացել է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած առաջարկը,

4) եթե մեկից ավելի առաջարկ ստացել է ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ «կողմ» ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած առաջարկը:

Սույն կետով սահմանված կանոնը կիրառելի է նաև Խորհրդի կողմից ընդունվող մյուս որոշումների քվեարկության պարագայում:

136. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ մասով սահմանված լիազորությունն իրականացնելիս` դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից կոնկրետ առաջարկների մշակումը` Խորհրդի աշխատակարգային որոշմամբ կարող է հանձնարարվել Խորհրդի մեկ կամ մի քանի անդամների:

137. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից առաջարկները նախապես քննարկվում են Խորհրդի նիստում: Քննարկման արդյունքներով կայացվում է աշխատակարգային որոշում, որով առաջարկը` «Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու մասին» Խորհրդի որոշմանը համապատասխան, դրվում է շրջանառության մեջ կամ մերժվում է շրջանառության մեջ դնելը կամ վերադարձվում է լրամշակման: Խորհրդի նիստին ներկայացվող առաջարկներին կցվում է նախագծերի հիմնավորվածության վերաբերյալ Դեպարտամենտի կենտրոնական մարմնի եզրակացությունը:

138. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից առաջարկների մշակման համար պատասխանատու անդամի կամ անդամների կողմից նախապես քննարկվում են ստացված առաջարկությունները և եզրակացությունները, որոնց վերաբերյալ ամփոփաթերթը կազմում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը: Քննարկման արդյունքներով լրացված ամփոփաթերթը ներկայացվում է Խորհուրդ` նիստում քննարկելու համար: Ամփոփաթերթում ներառված առաջարկությունը չընդունելու դեպքում մերժումը պետք է ուղեկցվի հստակ ու սպառիչ հիմնավորումներով:

139. Իրավասու պետական մարմիններին դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից առաջարկները ներկայացվում են Խորհրդի նախագահի կողմից իրավասու պետական մարմնին ուղղված համապատասխան գրությամբ, որին կցվում են համապատասխան նախագծերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերը: Իրավասու պետական մարմիններին ուղարկվող փաստաթղթերի փաթեթում կարող են ներառվել նաև միջազգային կամ ներպետական կառույցների փորձագիտական եզրակացությունները, նորմատիվ իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումները և այլն:

140. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված հիմքերով դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը Խորհուրդ մուտք լինելուց հետո 15-օրյա ժամկետում, եթե նախագիծն ուղարկողն օրենքով սահմանված կարգով այլ ժամկետ չի նշել, կազմակերպվում է դրանց քննարկումն ու պաշտոնական կարծիք կազմելը: Առանձին դեպքերում, Խորհրդի հիմնավորված որոշմամբ, կարող է միջնորդություն ներկայացվել նախագիծն ուղարկած իրավասու պետական մարմին` ժամկետը երկարացնելու համար:

141. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը քննարկվում և պաշտոնական կարծիք է կազմվում դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ Խորհրդի կողմից կոնկրետ առաջարկների մշակման և ներկայացման համար` Աշխատակարգով նախատեսված կարգով:

 

ԳԼՈՒԽ 14. ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

142. Աշխատակարգով կամ Խորհրդի որոշումներով սահմանված ժամկետները հաշվարկվում են օրացուցային տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային): Տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը:

143. Տարիներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

144. Ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը: Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

145. Շաբաթներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

146. Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Օրերով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսին: Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է` բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների:

147. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Եթե այդ գործողությունը պետք է կատարվի Խորհրդում կամ Դեպարտամենտում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ նշված մարմիններում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները: Եթե փաստաթղթերը կապի կազմակերպությանն են տրվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը համարվում է պահպանված: Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

148. ժամերով որոշվող ժամկետն սկսվում է այն իրադարձության վրա հասնելու հաջորդ ժամից, որով որոշված է ժամկետի սկիզբը: ժամերով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ժամի վերջին վայրկյանին:

149. ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի, օրվա կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

150. ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշմամբ, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:

151. Սույն գլխով նախատեսված ժամկետների կասեցումը, ժամկետները բաց թողնելու դեպքում` դրանց վերականգնումը, ինչպես նաև ժամկետների երկարաձգումը կատարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխի նորմերով:

 

ԳԼՈՒԽ 15. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

152. Խորհրդի նիստերից Խորհրդի անդամների բացակայությունները հաշվառում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը:

153. Դեպարտամենտի կենտրոնական մարմինը յուրաքանչյուր նիստի ավարտից հետո` 5-օրյա ժամկետում, Խորհրդի որևէ անդամի բացակայության դեպքում, վերջինիս պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկում է համապատասխան ծանուցում` նիստից բացակայությունը հարգելի համարելու վերաբերյալ հիմքերը Խորհրդի նախագահին ներկայացնելու մասին: Բացակայությունը հարգելի կամ անհարգելի ճանաչելու հարցի առնչությամբ որոշում է կայացնում Խորհուրդը:

154. Դեպարտամենտի կենտրոնական մարմինը տարվա ընթացքում Խորհրդի նիստերին առերևույթ անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու փաստը արձանագրելու պահից` 5-օրյա ժամկետում, Խորհրդի նախագահին է ներկայացնում նիստերից բացակայած Խորհրդի անդամի վերաբերյալ տեղեկանք, որին կցվում են բացակայություններն անհարգելի համարելու հիմքերը: Տեղեկանքը քննարկվում և որոշում է կայացվում Խորհրդում:

 

ԳԼՈՒԽ 16. ԴԱՏԱՎՈՐԻՆ ՄԵԿ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

155. Դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը քննարկվում է նախատեսված գործուղումից առնվազն 15 օր առաջ:

156. Օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցի քննարկման համար Դեպարտամենտի կենտրոնական մարմինը Խորհուրդ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) գործուղման անհրաժեշտությունը հիմնավորող միջնորդությունները կամ փաստաթղթերը` դրանց առկայության դեպքում,

2) Դեպարտամենտի կենտրոնական մարմնի տեղեկանքը` դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով համապատասխան դատարանի բնականոն գործունեությունը ապահովելու հնարավորության վերաբերյալ,

3) գործուղվելու առնչությամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման` գործուղման ենթակա դատավորի գրավոր համաձայնությունը,

4) տեղեկանք այն մասին, որ գործուղման ենթակա դատավորը նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին չի գործուղվել:

157. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` այլ դատարան գործուղման վերաբերյալ Խորհրդի կողմից որոշումը կայացնելուց հետո` գործուղման և դրան նախորդող 10-օրյա ժամանակահատվածով, տվյալ դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցանկից, իսկ գործուղման ժամանակահատվածի ավարտից մեկ ամիս առաջ` գործուղված դատավորի անուն-ազգանունը հանվում է գործուղման վայրի դատարանի գործերի բաշխման ցանկից:

 

ԳԼՈՒԽ 17. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

158. Արձակուրդի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և Աշխատակարգով:

159. Խորհրդի անդամներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրվում է Խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան: Խորհրդի դատավոր անդամների մասով հերթական արձակուրդի ժամանակացույցը համաձայնեցվում է Խորհրդի նախագահի հետ: Առանձին հրատապ ու անհետաձգելի դեպքերում, Խորհրդի նախագահի կողմից Խորհրդի անդամը` իր համաձայնությամբ, կարող է հետ կանչվել հերթական արձակուրդից: Արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:

160. Առանձին հրատապ աշխատանքների կատարման անհրաժեշտությունից ելնելով` Խորհրդի նախագահի կողմից կարող են կատարվել արձակուրդի ժամանակացույցից շեղումներ:

161. Խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամն ունի ամենամյա հերթական արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, որը կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավելի, քան` երեք մասով:

162. Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով` Խորհրդի նախագահն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին կարող է տրամադրել չվճարվող արձակուրդ` տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ:

163. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին կարող է հատկացվել մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդ:

 

ԳԼՈՒԽ 18. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ

 

164. Խորհրդի անդամի կողմից գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքի կատարումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կանոնակարգմանը համապատասխան: Այդպիսի աշխատանքը պետք է լինի ողջամիտ ծավալով, որպեսզի չխոչընդոտի Խորհրդի անդամի լիազորությունների իրականացմանը: Այդպիսի աշխատանքում ներգրավված լինելը չի կարող հարգելի պատճառ համարվել Խորհրդի նիստերից բացակայելու համար:

165. Խորհրդի բնականոն աշխատանքն ապահովելու համար Խորհրդի անդամը Խորհրդի նախագահին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող աշխատանքի մասին: Խորհրդի նախագահը Խորհրդի նիստերը կազմակերպում է այնպիսի ժամանակացույցով, որպեսզի հնարավորինս գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքների իրականացման համար Խորհրդի անդամների համար սահմանված ժամանակացույցը չխաթարվի:

 

ԳԼՈՒԽ 19. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆԸ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԵՏ

 

166. Խորհրդի անդամը սահմանված կարգով իրեն տրված կոնկրետ հանձնարարականի շրջանակներում անմիջականորեն փոխհարաբերվում է Դեպարտամենտի այն ծառայողների հետ, որոնք, տրված հանձնարարականով կամ իրենց պարտականությունների բնույթից ելնելով, պատասխանատու են նշված հանձնարարականի կատարմանն օժանդակելու համար:

167. Կոնկրետ հանձնարարականի բացակայության դեպքում Խորհրդի անդամը` իր լիազորությունների բնականոն իրականացման նպատակով համապատասխան օժանդակություն ցուցաբերելու հանձնարարությամբ դիմում է Դեպարտամենտի ղեկավարին: Տրված հանձնարարության իրավաչափության կամ նպատակահարմարության առնչությամբ Դեպարտամենտի ղեկավարը իրազեկում է Խորհրդի անդամին, եթե վերջինս պնդում է տրված հանձնարարության իրավաչափությունը, ապա հարցը քննարկվում է Խորհրդի նախագահի կողմից:

 

ԳԼՈՒԽ 20. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ

 

168. Ազգային ժողովի կողմից ընտրված Խորհրդի անդամին պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի համար ծառայողական վկայականը տրվում է Ազգային ժողովի նախագահի կողմից:

169. Խորհրդի դատավոր անդամին պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի համար, որպես Խորհրդի անդամի, ծառայողական վկայականը տրվում է Հանրապետության նախագահի կողմից:

 

ԳԼՈՒԽ 21. ՀՐԱՏԱՊ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

170. Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասով, 52-րդ հոդվածի 1-ին մասով, 53-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 69-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 91-րդ հոդվածի 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 8-րդ մասով, 161-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված և այլ անհետաձգելի դեպքերում Խորհրդին ուղղված հրատապ ծանուցումները Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից անհապաղ տրամադրվում են Խորհրդի նախագահին և անդամներին:

171. Ծանուցումներն ուղարկվում են Խորհրդի նախագահի և անդամների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներով, որոնք ստանալիս` վերջիններս անհապաղ ուղարկում են ստանալու փաստը հավաստող հաղորդագրություն: Խորհրդի նախագահին և անդամներին հրատապ ծանուցումներ ուղարկելու պահից առնվազն 1 ժամվա ընթացքում ծանուցումն ստանալու փաստը հավաստող հաղորդագրություններ չստանալու դեպքում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից իրազեկումը կատարվում է բջջային հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների միջոցով:

 

ԳԼՈՒԽ 22. ՌԵԵՍՏՐԸ, ԽՈՐՀՐԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

172. Խորհրդում շրջանառության մեջ դրված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը Դեպարտամենտի կողմից գրանցվում են ռեեստրում, որը տեղադրվում է դատական իշխանության պաշտոնական կայքում:

173. Ռեեստրում գրանցված նախագծի 1-ին էջի վերևի ձախ անկյունում դրվում է փաստաթղթային կոդ, որը կազմված է միմյանցից գծիկներով բաժանված հետևյալ մասերից.

1) Ռեեստրում հերթական համարը.

2) շրջանառության մեջ դրվելու օրը, ամիսը և տարին:

174. Խորհրդի կողմից ընդունված որոշումների և արձանագրությունների հաշվառման գործընթացն ապահովում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը:

175. Խորհրդի կողմից ընդունված որոշումների և արձանագրությունների գրանցման հերթական համարը տվյալ բնույթի որոշումների և արձանագրությունների ժամանակագրական առումով հաշվառվող աճողական հերթական համարն է: Օրացուցային տարին ավարտվելուց հետո տարեսկզբին նոր կայացված որոշումների և արձանագրությունների գրանցման հերթական համարը սկսվում է 1-ից:

176. Խորհրդի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև նիստերի արձանագրությունները, քվեաթերթիկները, ներկայացված հատուկ կարծիքները (առկայության դեպքում) և այլ փաստաթղթերը պահվում են Դեպարտամենտում:

177. Քվեաթերթիկները պահպանվում են 1 տարի ժամկետով, որից հետո Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից կազմված հանձնաժողովի կողմից ոչնչացվում են:

178. Եթե ներկայացվում է նորմատիվ իրավական ակտի նախագծի լրամշակված տարբերակ, ապա փաստաթղթային կոդում նշվում է նաև լրամշակված տարբերակը պաշտոնապես ներկայացնելու ամսաթիվը, իսկ ռեեստրում տեղադրվում է լրամշակված նախագծի տեքստը:

179. Ռեեստրում ընդգրկված նախագծի անվանումը հիշատակելիս (արտահայտելիս, այլ փաստաթղթում նշելիս, հղումներ կատարելիս), այդ թվում` նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություններ կամ առաջարկություններ ներկայացնելիս, նախագիծը Խորհրդի նիստի օրակարգերի նախագծերում ընդգրկելիս, ինչպես նաև նախագիծն իրավասու մարմիններ ուղարկելիս նշվում է նաև փաստաթղթային կոդը:

180. Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարանում շրջանառելուն, հաշվառելուն ու պահպանելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Աշխատակարգով և Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ հոդվածին համապատասխան հաստատված` «Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարանում շրջանառելու» կարգով:

 

ԳԼՈՒԽ 23. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԸ

 

181. Օտարերկրյա պետություն կամ միջազգային կազմակերպություն գործուղման մեկնած Խորհրդի անդամը և պատվիրակությունները վերադառնալուց հետո` 10-օրյա ժամկետում`

1) Խորհրդին ներկայացնում են գրավոր հաղորդում, որը տեղադրվում է դատական իշխանության պաշտոնական կայքում,

2) արդյունքները լուսաբանում են զանգվածային լրատվության միջոցներով:

182. Խորհուրդը յուրաքանչյուր տարվա ավարտին` մեկ ամսվա ընթացքում, ամփոփում և պաշտոնական կայքում տեղադրում է միջազգային կապերի վերաբերյալ տեղեկանք:

 

ԳԼՈՒԽ 24. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

183. Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնում` Խորհրդի կողմից հաստատված կարգով:

 

ԳԼՈՒԽ 25. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԽՈՐՀՐԴՈՒՄ

 

184. Խորհրդում գործավարությունն իրականացվում է Օրենքով, այլ օրենսդրական ակտերով, Աշխատակարգով և Խորհրդի որոշումներով:

 

ԳԼՈՒԽ 26. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ

 

185. Խորհրդի դռնբաց նիստերը կարող են հեռարձակվել դատական իշխանության պաշտոնական կայքում: Առցանց հեռարձակումը կազմակերպում է Դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

186. Զանգվածային լրատվության միջոցներով Խորհրդի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը` Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն` Խորհրդի կողմից հաստատված «Զանգվածային լրատվության միջոցների հետ իր և դատարանների փոխհարաբերության կանոններին» համապատասխան:

187. Խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումն ապահովում է Դեպարտամենտի կենտրոնական մարմինը` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
04.06.2018
N ԲԴԽ-13-Ո-24
Որոշում