Սեղմել Esc փակելու համար:
ԶԱԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԶԱԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԶԱԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(1-ին մաս)

 

(Գանգատ թիվ 36894/04 և 3521/07)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

17 մարտի 2016թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`

Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]` Նախագահ,

Լեդի Բիանկու [Ledi Bianku],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Ալեշ Պեյչալ [Ales Pejchal],

Ռոբերտ Սպանո [Robert Spano],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo]` դատավորներ,

Սիրանուշ Սահակյան [Siranush Sahakyan]` ad hoc (ժամանակավոր) դատավոր,

և Անդրե Ուամպաշ [Andre Wampach]` բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2016 թվականի փետրվարի 23-ին դռնփակ խորհրդակցությամբ

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի երեք քաղաքացիներ պրն Արայիկ Զալյանի (առաջին դիմումատու), պրն Ռազմիկ Սարգսյանի (երկրորդ դիմումատու) և պրն Մուսա Սերոբյանի (երրորդ դիմումատու) (միասին` դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 23-ին առաջին դիմումատուի կողմից և 2006 թվականի նոյեմբերի 9-ին բոլոր երեք դիմումատուների կողմից համատեղ Դատարան ներկայացված երկու գանգատների (թիվ 36894/04 և 3521/07) հիման վրա:

2. Դիմումատուներին ներկայացրել են Երևանում գործող փաստաբաններ պրն Հ. Ալումյանը և պրն Ս. Ոսկանյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուները, մասնավորապես, պնդել են որ 2004 թվականի ապրիլի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրենք ենթարկվել են խոշտանգումների, և վատ վերաբերմունքի վերաբերյալ իրենց հայտարարությունների մասով արդյունավետ քննություն չի իրականացվել: Առաջին դիմումատուն հետագայում պնդել է, որ իրեն` 2004 թվականի ապրիլի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար զրկել են ազատությունից, չեն հայտնել իրեն ազատությունից զրկելու պատճառները, իրեն անհապաղ չեն ներկայացրել դատավորին, և որ ինքն ի վիճակի չի եղել վարույթ հարուցել` իրեն ազատությունից զրկելու օրինականությունը վիճարկելու համար: Ի վերջո, առաջին դիմումատուն պնդել է, որ 2004 թվականի օգոստոսի 24-ի և նոյեմբերի 4-ի միջև ընկած ժամանակահատվածում իր կալանքն ապօրինի է եղել, և որ կալանքի տակ գտնվելու ժամանակ հացադուլի ընթացքում նրան անհրաժեշտ բժշկական օգնություն չի տրամադրվել:

4. 2007 թվականի հոկտեմբերի 11-ին դիմումատուների` ենթադրյալ վատ վերաբերմունքի և արդյունավետ քննություն չանցկացնելու մասով բողոքները, և առաջին դիմումատուի` կալանքի տակ գտնվելու ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնության ենթադրյալ բացակայության մասով, ինչպես նաև իր ձերբակալության և կալանքի մասով բողոքներն ուղարկվել են Կառավարություն, իսկ թիվ 36894/04 և 3521/07 գանգատների մնացած մասը հայտարարվել է անընդունելի: Որոշվել է նաև միացնել գանգատները:

5. Հայաստանի Հանրապետության դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու դատավարությանը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոն): Այդ պատճառով, Պալատի նախագահը որոշել է տկն Սիրանուշ Սահակյանին նշանակել ad hoc դատավոր (29-րդ կանոնի 1(բ) կետ):

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

6. Դիմումատուները ծնվել են 1985 թվականին և բնակվում են Վանաձորում ու Գյումրիում` Հայաստանում:

 

Ա. Գործի նախապատմությունը

 

7. 2003 թվականի մայիսին դիմումատուները զորակոչվել են հայկական բանակ և կցագրվել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ` Լեռնային Ղարաբաղ) (տե՛ս Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia [GC]], թիվ 13216/05, §28, 2015 թվականի հունիսի 16) Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում գտնվող թիվ 33651 զորամասի երրորդ հետևակային գումարտակին:

8. 2004 թվականի հունվարի 9-ին Մարտակերտի կայազորի դատախազությունը հարուցել է թիվ 90800104 քրեական գործը` նույն զորամասի երկու զինծառայողներ Ռ.Ե.-ի և Հ.Մ.-ի սպանության առնչությամբ, որոնց դիակները 2004 թվականի հունվարի 9-ին և 10-ին հայտնաբերվել էին մոտակա ջրանցքում: Նրանք սպանվել էին 2003 թվականի դեկտեմբերի 24-ին:

9. Հայաստանի զինվորական դատախազի հրամանով ստեղծվել է քննչական խումբ, որը գլխավորել է Հայաստանի զինվորական դատախազության քննիչ Ա.Հ.-ն: Քննչական խմբում ընդգրկված են եղել նաև Հայաստանի Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ Ս.Տ.-ն, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ Ա.Կ.-ն, Երևանի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալ Վ.Կ.-ն և Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի պետ Ա.Բ.-ն:

10. 2004 թվականի հունվարի 16-ին մի շարք զինծառայողներ ձերբակալվել են և, այնուհետև, մեղադրվել ու կալանավորվել սպանությունների կապակցությամբ: Ըստ երևույթին, այս մեղադրանքներն ավելի ուշ հանվել են ապացույցների բացակայության պատճառով:

11. Հայաստանի ռազմական ոստիկանության պետը 2004 թվականի մարտի 6-ի գրությամբ Հայաստանի զինվորական դատախազին տեղեկացրել է, որ երեք զինծառայողներ ցուցմունք են տվել երեք այլ զինծառայողների` Վ.Հ.-ի, Ս.Պ.-ի և Գ.Ե.-ի` հանցագործության մեջ ներգրավված լինելու մասին, բայց ավելի ուշ հրաժարվել են իրենց ցուցմունքներից` պնդելով, որ այդ հայտարարություններն արել են Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներից մեկի և նրանց զորամասի երկու ծառայողների գործադրած բարոյական և հոգեբանական ճնշման ներքո:

12. 2004 թվականի ապրիլի 16-ին առաջին և երկրորդ դիմումատուները նշանակվել են հսկելու մարտական հերթապահության դիրքերը:

13. 2004 թվականի ապրիլի 19-ին քննչական խումբը թիվ 33651 զորամասի ծառայողներից մեկից ստացել է դատարկ ծրար` վրան գրված որոշ անուններ, որը, ենթադրաբար, հայտնաբերվել էր դեպքի վայրում` 2003 թվականի դեկտեմբերի 25-ին:

14. 2004 թվականի ապրիլի 20-ին նույն զորամասի նախկին զինծառայող Կ.Ա.-ն այս առնչությամբ հարցաքննվել է երկրորդ դիմումատուի ծննդավայրում` Գյումրիում: Ըստ երևույթին, այս հարցաքննության ընթացքում է պարզվել, որ նշված ծրարը կապված է երկրորդ դիմումատուի հետ և դրված է եղել նրա ծնողների կողմից 2003 թվականի դեկտեմբերի վերջին նրան ուղարկված ծանրոցի մեջ: Հետագայում պարզ է դառնում, որ այս փաստը հաստատվել է երկրորդ դիմումատուի կրտսեր եղբոր հարցաքննության ժամանակ, որը տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 21-ին` ժամը 11:00-ից 13:10-ն ընկած ժամանակահատվածում:

 

Բ. 2004 թվականի ապրիլի 19-ից 24-ը դիմումատուների ենթադրյալ ազատազրկումը և նրանց նկատմամբ դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունքը

 

15. Դիմումատուները պնդել են, որ 2004 թվականի ապրիլի 19-ին իրենց հերթականությամբ տարել են իրենց զորամասի հրամանատար Մ.Ա.-ի առանձնասենյակ` սպանությունների կապակցությամբ հարցաքննելու համար: Հարցաքննությունն անցկացվել է քննիչներ Ա.Հ.-ի ու Ս.Տ.-ի և ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ի և Ա.Բ.-ի կողմից: Երրորդ և չորրորդ գումարտակների հրամանատարները` համապատասխանաբար Ե.Մ.-ն և Ի.Վ.-ն, նույնպես ներկա են եղել հարցաքննության մի մասի ընթացքում: Իրավապահ մարմինների ծառայողները սկսել են ծեծել, սպառնալ և վիրավորական արտահայտություններ հնչեցնել դիմումատուների հասցեին` ստիպելով նրանց խոստովանել սպանությունների կատարման փաստը: Նույն օրը հարցաքննությունից հետո, Հայաստանի զինվորական դատախազի հրամանով, իրավապահ մարմինների նույն ծառայողները նրանց տեղափոխել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն, որտեղ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակվել է, և որտեղ նրանց պահել են` մինչև լրացուցիչ հարցաքննության համար Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին տեղափոխելը:

16. Կառավարությունը վիճարկել է այս պնդումները և նշել, որ 2004 թվականի ապրիլի 19-ին և 20-ին առաջին ու երկրորդ դիմումատուները եղել են մարտական հերթապահության դիրքերում: Երկրորդ դիմումատուին` սպանությունների կապակցությամբ որպես վկա հարցաքննելու համար, զորամասի հրամանատար Մ.Ա.-ի առանձնասենյակ տարել են միայն 2004 թվականի ապրիլի 21-ին: Դրանից հետո` շատ չանցած, զորամասի հրամանատարը երրորդ գումարտակի հրամանատար Ե.Մ.-ին կարգադրել է ռազմական պահակակետից բերել նաև առաջին դիմումատուին` որպես վկա հարցաքննելու համար: Երրորդ դիմումատուն նույնպես տարվել է հարցաքննության: Հարցաքննությունն անցկացվել է զորամասի հրամանատարի առանձնասենյակում` զինվորական դատախազության և ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից: Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին դիմումատուներն ինքնակամ լքել են մարտական հերթապահության դիրքերը և գնացել Մատաղիս գյուղ: Սա համարվել է կարգապահական կոպիտ իրավախախտում, և զորամասի հրամանատարը որոշել է նրանց ենթարկել կարգապահական տույժի` տասնօրյա ժամկետով մեկուսացման ձևով: Նույն օրը, մասնավորապես, 2004 թվականի ապրիլի 21-ին, դիմումատուներին սկզբում տարել են Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն, իսկ ավելի ուշ` Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ նրանց տեղավորել են կարգապահական մեկուսարանում` կարգապահական տույժը կրելու համար:

17. Գործի նյութերից պարզ է դառնում, որ դիմումատուների առաջին հարցաքննությունն անցկացվել է իրենց զորամասում` հրամանատար Մ.Ա.-ի առանձնասենյակում, ուր նրանց տարել են հերթականությամբ: Հարցաքննությունն անցկացվել է քննիչներ Ա.Հ.-ի ու Ս.Տ.-ի և ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ի ու Ա.Բ.-ի կողմից: Ըստ երևույթին, չորրորդ գումարտակի հրամանատար Ի.Վ.-ն նույնպես ներկա է եղել հարցաքննության մի մասին: Դիմումատուներին հարցեր են ուղղել այն ծանրոցի մասին, որը երկրորդ դիմումատուն 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ստացել էր իր ծնողներից և որը պարունակում էր սնունդ, նամակներ և այլ պարագաներ, ինչպես նաև արդյոք նրանք Մատաղիսից ծանրոցը բերելուց հետո այդ ուտելիքը կերել են միասին, և եթե այդպես է, որտեղ և երբ: Այս հարցաքննության վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմվել:

18. Այնուհետև գործի նյութերից հետևում է, որ 2004 թվականի ապրիլի 21-ին զորամասի հրամանատար Մ.Ա.-ն արձակել է թիվ 112 հրամանը, որի համաձայն, դիմումատուները համարվել են մեկուսացված Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում և 2004 թվականի ապրիլի 22-ից զրկվել են իրենց օրապահիկից: Սույն հրամանը հիմնված է եղել մեկուսացման երեք գրությունների վրա` թվագրված 2004 թվականի ապրիլի 21-ով և ստորագրված հրամանատարի կողմից, որում նշված էր, որ դիմումատուները պետք է մեկուսացվեն տասնօրյա ժամկետով` «ԶԿԽ»-ի (զինվորական կանոնների խախտում) պատճառով և պետք է պահվեն ընդհանուր խցում: Մեկուսացման գրությունների` «Բժշկի եզրակացությունը» տողում առկա է «գործնականում առողջ է» նշումը` բժիշկ Ս.-ի ստորագրությամբ: Մեկուսացման գրությունների այն հատվածները, որտեղ պետք է ներառված լինեին կարգապահական մեկուսարանի պետի ստորագրությունը և կարգապահական մեկուսարան դիմումատուների ընդունման ու ազատման ժամի և ամսաթվի վերաբերյալ նրա նշումները, լրացված չէին:

19. 2004 թվականի ապրիլի 21-ին դիմումատուներին հարցաքննել են որպես վկաներ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում: Համապատասխան արձանագրությունների համաձայն` առաջին դիմումատուին հարցաքննել է քննիչ Ս.Տ.-ն` ժամը 14:50-ից մինչև 19:25-ը, երկրորդ դիմումատուին հարցաքննել է քննիչ Ա.Կ.-ն` ժամը 14:35-ից մինչև 19:40-ը, և երրորդ դիմումատուին հարցաքննել է քննիչ Ա.Հ.-ն` ժամը 14:05-ից մինչև 19:20-ը: Երկրորդ դիմումատուն հարցաքննության ժամանակ ընդունել է, որ ինքը և մյուս երկու դիմումատուներն իր ծնողներից ստացված ծանրոցում պարունակվող սնունդը կերել են զորամասից դուրս` ջրանցքի կողքին` 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Հարցաքննության ժամանակ առաջին դիմումատուին խնդրել են բացատրություն տալ այն մասին, թե նա ինչ է արել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Այնուհետև նրան հարցրել են` արդյոք նա ճանաչում էր զինծառայողներ Ռ.Ե.-ին և Հ.Մ.-ին, և արդյոք մոտակա խանութը դեռ բաց էր, երբ նա և մյուս երկու դիմումատուները կերել են ուտելիքը, ինչպես նաև երկու հարց` կապված ծանրոցով ուղարկված նամակի ծրարի հետ:

20. Այդ օրն ավելի ուշ` չպարզված ժամի, դիմումատուներին տարել են Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ ժամը 22:35-ից մինչև 00:10-ը երկրորդ դիմումատուն հարցաքննվել է որպես վկա քննիչ Ա.Հ.-ի կողմից: Հարցաքննությունը տեսանկարահանվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության բաժնի օպերատոր Ա.Գ.-ի կողմից:

21. Դիմումատուներին Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում պահել են մինչև 2004 թվականի ապրիլի 23-ը: Այդ օրը Հայաստանի զինվորական դատախազը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարին հետևյալ բովանդակությամբ գրություն է ուղղել` գրության պատճենն ուղարկելով Հայաստանի ռազմական ոստիկանության պետին, Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի պետին և թիվ 33651 զորամասի հրամանատարին.

«Հայաստանի զինվորական դատախազության քննչական բաժանմունքում քննվող թիվ 90800104 քրեական գործի շրջանակներում 2004 թվականի ապրիլի 21-ին [դիմումատուները], որոնք իրենց զինվորական ծառայությունն անցնում էին թիվ 33651 զորամասում, տարվել են Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն, այնուհետև` Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին:

Անհրաժեշտ է վերը նշված երեք զինծառայողներին տեղափոխել Երևանի թիվ 10724 զորամաս` նրանց մասնակցությամբ մի շարք քննչական գործողություններ կատարելու նպատակով:»:

22. Նույն օրը դիմումատուները տեղափոխվել են Երևան, երկրորդ դիմումատուն տեղափոխվել է առաջին և երրորդ դիմումատուներից առանձին: Ժամը 22:45-ին Հայաստանի ռազմական ոստիկանության բաժնի հերթապահ ծառայողը «Ընդունում» անվանմամբ արձանագրություն է կազմել, որում նշվել է, որ նա Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցներից ընդունել է առաջին և երրորդ դիմումատուներին:

23. Դիմումատուները պնդել են, որ Երևան տեղափոխվելուց առաջ` ամբողջ ժամանակահատվածում, իրենք բազմիցս հարցաքննվել են որպես վկաներ, չնայած արդեն կասկածվում էին հանցագործության կատարման մեջ: Նրանք շարունակաբար ենթարկվել են ծեծի, սպառնալիքների և վիրավորական արտահայտությունների` քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի, ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ի և Ա.Բ.-ի, ինչպես նաև Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի Մ. կեղծանունով մեկ այլ ծառայողի կողմից` խոստովանություն կորզելու նպատակով: Նրանց պահել են տարբեր իրավապահ մարմինների տարբեր սենյակներում և խցերում և ո՛չ սնունդ են տրամադրել, ո՛չ էլ թույլատրել են քնել: Նրանց տեղափոխել են մեկ իրավապահ մարմնից մյուսը` կապված աչքերով և ձեռնաշղթաներով: Երկրորդ դիմումատուն նաև պնդել է, որ ծառայողները սպառնացել են մահակով բռնաբարել իրեն և ձերբակալել իր մայրիկին ու կրտսեր եղբորը, եթե նա հրաժարվի խոստովանել:

24. Դիմումատուները հետագայում պնդել են, որ Երևան ժամանելուց հետո նրանք մնացել են ազատությունից զրկված, և չպարզված ժամանակ նրանց տեղավորել են թիվ 10724 զորամասում գտնվող քննչական մեկուսարանում, որը ղեկավարվում էր ռազմական ոստիկանության կողմից (այսուհետ` ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան (ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական մեկուսարան))` քննիչի ցուցումներին համապատասխան:

25. Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուները Երևան են տեղափոխվել զինվորական դատախազի պահանջով` 2004 թվականի ապրիլի 23-ին, բայց պնդել է, որ դա Քրեական դատավարության օրենսգրքի (Քր. դատ. օր.) 98-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոց էր: Նրանք հետագայում պնդել են, որ դիմումատուներին տեղավորել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում միայն 2004 թվականի ապրիլի 24-ին նրանց ձերբակալելուց հետո:

 

Գ. Դիմումատուների պաշտոնական ձերբակալումը 2004 թվականի ապրիլի 24-ին և նրանց մեղադրանք առաջադրելը

 

26. 2004 թվականի ապրիլի 24-ին ժամը 10:45-ից մինչև 15:10-ը երկրորդ դիմումատուն Հայաստանի զինվորական դատախազությունում հարցաքննվել է քննիչ Ա.Հ.-ի կողմից` որպես վկա: Այս հարցաքննությունը տեսանկարահանվել է: Հարցաքննության ժամանակ երկրորդ դիմումատուն խոստովանել է, որ ինքը և մյուս երկու դիմումատուներն են եղել սպանություն կատարողները: Նրա հայտարարության համաձայն` ինքը և մյուս երկու դիմումատուները 2003 թվականի դեկտեմբերի 24-ին լքել են իրենց զորամասը` իր ծնողների կողմից ուղարկված սնունդը ջրանցքի մոտ առանձին ուտելու համար: Այնտեղ իրենք հանդիպել են իրենց ծառայակից երկու ընկերներին: Վիճաբանություն է սկսվել, ինչը հանգեցրել է կռվի և դարձել մահացու մարմնական վնասվածքների պատճառ: Հասկանալով, որ իրենց ծառայակից երկու ընկերները մահացել են` ինքը և մյուս երկու դիմումատուները որոշել են նրանց դիակները նետել ջրանցքը:

27. Նույն օրը դիմումատուները պաշտոնապես ձերբակալվել են և ճանաչվել որպես կասկածյալներ: Առաջին դիմումատուի ձերբակալության արձանագրությունը կազմվել է ժամը 18:35-ին Երևանի ռազմական ոստիկանության բաժնում: Արձանագրության մեջ նշվել է, որ նա կասկածվում է երկու զինծառայողների սպանությանը հանցակից լինելու մեջ:

28. Ըստ երևույթին, քննիչ Ա.Հ.-ն դիմումատուներին ներկայացնելու նպատակով հրավիրել է փաստաբաններ Մ.Ա.-ին և Վ.Ե.-ին: Մ.Ա.-ն նշանակվել է որպես երկրորդ դիմումատուի ներկայացուցիչ, մինչ Վ.Ե.-ն` որպես առաջին և երրորդ դիմումատուների ներկայացուցիչ: Առաջին դիմումատուն գրավոր համաձայնություն է տվել, որ իր շահերը ներկայացնի փաստաբան Վ.Ե.-ն:

29. Այդ օրը` ավելի ուշ, դիմումատուներն առանձին-առանձին հարցաքննվել են որպես կասկածյալներ` իրենց պաշտպանների ներկայությամբ: Ավելին, երկու առանձին առերեսումներ են անցկացվել երկրորդ դիմումատուի և, համապատասխանաբար, առաջին ու երրորդ դիմումատուների միջև` երկուսն էլ պաշտպանների ներկայությամբ: Իր հարցաքննության և վերը նշված առերեսումների ընթացքում երկրորդ դիմումատուն հաստատել է իր կողմից ավելի վաղ արված խոստովանությունը, մինչդեռ մյուս երկու դիմումատուները հերքել են իրենց մեղքը և նրա կողմից տրված` դեպքերի նկարագրությունը:

30. Դիմումատուները պնդել են, որ վերոնշյալ փաստաբանները գործին մասնակցելու համար հրավիրվել են զինվորական դատախազության քննիչների կողմից, և նրանց` գործին ներգրավվելն ընդամենը ձևականություն է եղել և սահմանափակվել է արձանագրությունների ու այլ փաստաթղթերի ստորագրմամբ` օրինականության տպավորություն ստեղծելու նպատակով: Առաջին դիմումատուն նաև պնդել է, որ ինքն իր պաշտպանի հետ երբեք առանձին չի հանդիպել, իսկ երկրորդ դիմումատուն պնդել է, որ իր պաշտպան Մ.Ա.-ին ինքը չի ընտրել, և ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքը համաձայնություն չեն տվել տվյալ գործին տվյալ փաստաբանի մասնակցությանը:

31. Նույն օրը` չպարզված ժամի, ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանի հերթապահ ծառայողը յուրաքանչյուր դիմումատուի համար կազմել է արձանագրություն` անձին մարմնի զննության ենթարկելու մասին, որում նշվել է, որ ինքը` [ոստիկանության] երկու փոխարինող ծառայողների, երկու ընթերականեր Վ.Վ.-ի և Կ.Ա.-ի (համապատասխանաբար` տղամարդ և կին) և հերթապահ բուժակ Կ.Գ.-ի հետ միասին զննել է դիմումատուների մարմինները, և որ «[նրանց] վրա ոչինչ չի հայտնաբերվել»: Երկրորդ, երրորդ և առաջին դիմումատուների զննությունների ժամերը, համապատասխանաբար, նշվել են ժամը «21:55»-ը, «22:05»-ը և «22:10»-ը: Համապատասխան արձանագրությունները ստորագրվել են դիմումատուների և ներգրավված մյուս բոլոր անձանց կողմից: Կառավարությունը պնդել է, որ այս զննությունները կատարվել են դիմումատուներին ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան ընդունելուց անմիջապես հետո:

32. 2004 թվականի ապրիլի 26-ին դիմումատուները պաշտոնապես մեղադրվել են սպանության մեջ` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածին համապատասխան: Դիմումատուները հարցաքննվել են որպես մեղադրյալներ` պաշտպաններ Վ.Ե.-ի և Մ.Ա.-ի ներկայությամբ: Ավելի ուշ` նույն օրը, ըստ երևույթին, առաջին և երրորդ դիմումատուները հրաժարվել են պաշտպան Վ.Ե.-ի ծառայություններից:

33. Նույն օրը երրորդ դիմումատուին այցելել են նրա հայրը և զարմուհու ամուսինը` Հ.Մ.-ն: Ըստ երևույթին, այս այցելությունը տեղի է ունեցել քննիչ Ա.Հ.-ի առանձնասենյակում և տևել մի քանի րոպե:

34. Նույն օրը քննիչ Ա.Հ.-ն որոշում է կայացրել, որով դիմումատուներին արգելվել է հանդիպել իրենց բարեկամներին` այն հիմքով, որ դա «կարող է խոչընդոտել քրեական գործով քննության շահերին»:

 

Դ. Դիմումատուների կալանքը, նրանց քրեական գործի քննությունը և քննության ընթացքում ներկայացված` վատ վերաբերմունքին առնչվող նրանց բողոքները

 

35. 2004 թվականի ապրիլի 27-ին` չպարզված ժամի, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը քննել և բավարարել է դիմումատուների նկատմամբ նախնական կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունները: Ըստ երևույթին, միջնորդությունները [դատական] նիստերին ներկայացվել են գործը քննող քննիչների, առաջին դիմումատուի դեպքում` Ա.Հ.-ի կողմից: Դիմումատուները ներկա են գտնվել իրենց մասով կայացած նիստերին: Ըստ երևույթին, երկրորդ դիմումատուն, որին ներկայացրել է պաշտպան Մ.Ա.-ն, նիստի ժամանակ ընդունել է, որ ինքը և մյուսները ծեծել են իրենց երկու ծառայակից ընկերներին, սակայն նրանց սպանելու մտադրություն չեն ունեցել: Այնուհետև պարզ է դառնում, որ առաջին դիմումատուն իր առնչությամբ կայացած նիստին չի ներկայացվել: Նիստի արձանագրության մեջ նշվել է, որ պաշտպան Վ.Ե.-ն այդ մասին պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել: Դիմումատուների կալանքը պետք է հաշվարկվեր 2004 թվականի ապրիլի 24-ից, և տևեր երկու ամիս:

36. 2004 թվականի ապրիլի 29-ին երկրորդ դիմումատուին տարել են Մատաղիսում գտնվող դեպքի վայր` հանցագործության հանգամանքները վերարտադրելու համար, ինչը տեսանկարահանվել է:

37. 2004 թվականի մայիսի 11-ին երկրորդ դիմումատուն նամակ է հղել Հայաստանի զինվորական դատախազին, որում հրաժարվել է իր խոստովանությունից, պնդելով, որ ինքը և մյուս երկու դիմումատուները որևէ առնչություն չունեն այդ սպանությանը: Նա նշել է, որ այդ խոստովանությունն արել է այն պատճառով, որ քննիչ Ա.Հ.-ն իրեն տեղեկացրել է, որ իր մայրն ու կրտսեր եղբայրը ձերբակալվել են և նույնպես պահվում են Հայաստանի զինվորական դատախազությունում, և սպառնացել, որ նրանք «անախորժություններ կունենան»: Քննիչն այնուհետև սպառնացել է, որ նրա կրտսեր եղբոր զինվորական ծառայությունը կնշանակվի նույն զորամասում և նա «անախորժություններ կունենա»: Երկրորդ դիմումատուն պահանջել է, որ իրեն կրկին հարցաքննեն:

38. 2004 թվականի մայիսի 14-ին առաջին դիմումատուի ընտանիքը վարձել է փաստաբան Զ.Փ.-ին` նրա շահերը ներկայացնելու համար:

39. 2004 թվականի մայիսի 18-ին երկրորդ դիմումատուն պաշտպան Մ.Ա.-ի ներկայությամբ հարցաքննվել է քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի կողմից: Նրան հարցեր են ուղղվել 2004 թվականի մայիսի 11-ի իր նամակի վերաբերյալ, այդ թվում` արդյոք նրա գաղափարն է եղել այդ նամակը գրելը, ինչու նա այն ավելի շուտ չի գրել, արդյոք ինչ-որ մեկը թելադրել է նրան, արդյոք նա պաշտպանել է իր պնդումները և ինչու ավելի շուտ չի հրաժարվել իր խոստովանությունից, երբ նման այլ առիթներ է ունեցել: Երկրորդ դիմումատուն կրկին հերքել է սպանության մեջ իրենց ներգրավվածությունը և կրկնել իր այն պնդումը, որ այդ խոստովանությունն արել է, քանի որ իրեն տեղեկացրել են իր մոր ու կրտսեր եղբոր ձերբակալման մասին: Ի պատասխան քննիչի այն հարցին` արդյոք որևէ մեկը նրան ստիպել կամ հարկադրել է խոստովանություն անել, երկրորդ դիմումատուն պատասխանել է, որ իրեն ոչ ոք չի ստիպել: Ի պատասխան քննիչի այն հարցին, թե ինչու է նա սուտ խոստովանություն արել, դիմումատուն պատասխանել է, որ երբ նա ճշմարտությունն է ասել, քննիչները հրաժարվել են հավատալ իրեն:

40. Քննիչ Ա.Հ.-ն 2004 թվականի մայիսի 19-ի գրությամբ ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանի պետին տեղեկացրել է, որ առաջին դիմումատուի շահերը ներկայացնում է պաշտպան Զ.Փ.-ն:

41. 2004 թվականի մայիսի 21-ին դիմումատուներին քննել է հոգեբույժների խորհուրդը նրանց` դատարանում հանդես գալու ունակությունը գնահատելու նպատակով: Պարզվել է, որ նրանք հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չեն ունեցել ոչ հանցանքի պահին, ոչ էլ` ներկայումս ունեն:

42. 2004 թվականի մայիսի 25-ին ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանի պետը մեկուսարանի անձնակազմին հայտնել է, որ պաշտպան Զ.Փ.-ն իրավասու է ներկայացնելու առաջին դիմումատուին: Ըստ երևույթին, պաշտպանին թույլատրվել է այցելել առաջին դիմումատուին` մեկուսարան: Առաջին դիմումատուն պնդել է, որ մինչ պաշտպան Զ.Փ.-ի հետ իր առաջին հանդիպումը, նա զրկված է եղել արտաքին աշխարհի հետ որևէ կապից և որևէ իրավաբանական օգնությունից:

43. Նույն օրը առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել իշխանության տարբեր ներկայացուցիչներին, այդ թվում` գլխավոր դատախազին, զինվորական դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին` նշելով իր քրեական գործի համարը և տեղեկացնելով նրանց հետևյալի մասին.

«Ես` Արայիկ Զալյանս, և իմ երկու զինապարտ ընկերները` Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը, պահվում ենք ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում և անարդարացիորեն մեղադրվում ենք ծանր հանցագործության` [մասնավորապես] [զինծառայողներ Հ.Մ.-ի և Ռ.Ե.-ի] սպանության մեջ:

2004 թվականի ապրիլի 19-ին ես և Ռազմիկ Սարգսյանը մարտական հերթապահության դիրքերում էինք, երբ Ռազմիկը զորամասից զանգ ստացավ, և նրան ասվեց, որ իջնի ներքև, քանի որ իր ծնողներն էին եկել: Մոտ մեկ ժամ հետո ինձ նույնպես զանգեցին և ասացին, որ իմ ծնողները նույնպես եկել են, և կանչեցին զորամաս: Ես գնացի ներքև, որից հետո ինձ տարան հրամանատարի առանձնասենյակ: Միջանցքում տեսա Մուսա Սերոբյանին, որը կուչ եկած կանգնել էր անկյունում: Առանձնասենյակում չորս անծանոթ անձինք կային, որոնցից երկուսը, ինչպես ավելի ուշ պարզեցի, Հայաստանի զինվորական դատախազության քննիչներն [Ա.Հ.-ն և Ս.Տ.-ն] էին: Երրորդ գումարտակի հրամանատարը [Ե.Մ.-ն] և չորրորդ գումարտակի հրամանատարը [Ի.-ն], որի ազգանունը ես չեմ հիշում, նույնպես ներկա էին: Այդ երկու քննիչները [Ա.Հ.-ն և Ս.Տ.-ն] հարձակվեցին վրաս` ինձ կոչելով «մարդասպան», պահանջելով, որ ասեմ, թե ում հետ եմ կերել դեկտեմբերի 24-ին, ծեծելով և պահանջելով, որպեսզի բացատրեմ, թե ինչպես ենք սպանել զինծառայողներին [Հ.Մ.-ին և Ռ.Ե.-ին]: Ինձ այնքան ուժեղ ծեծեցին, որ քթիցս ուժեղ արնահոսություն սկսվեց: Հետո չորրորդ գումարտակի հրամանատարն [Ի.-ն] օգնեց ինձ և ուղեկցեց, որպեսզի մաքրեմ քիթս: Դրանից հետո ինձ, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին ստիպեցին մեր վերնաշապիկները հագցնել մեր գլխներին, նստեցրին մեքենա և տարան: Մենք ժամանեցինք ինչ-որ վայր, որն, ինչպես ավելի ուշ պարզեցի, Մարտակերտն էր: Ինձ տարան մի սենյակ, որտեղ ես մեկ ժամ կանգնեցի` վերնաշապիկս գլխիս հագցրած, և որտեղից լսվում էին Ռազմիկի և Մուսայի սարսափած ձայները և թե ինչպես էին մոտ մեկ ժամ շարունակ նրանց ծեծում: Հետո իմ հերթն էր: [Քննիչ Ս.Տ.-ն] եկավ իմ սենյակ, սկսեց հարցաքննել ինձ` ասելով որ իմ ընկերները խոստովանել են, որ մենք ենք կատարել սպանությունը, ինձ ասաց նույնը գրել և վախեցրեց` ասելով, որ ես այդ կերպ երկար չեմ կարող շարունակել և կդատապարտվեմ ցմահ ազատազրկման: Այդ պահին ինչ-որ մայոր մտավ սենյակ և ասաց, որ մահացածներն իր ընկերոջ երեխաներն էին, և եթե մենք չգրենք ճշմարտությունն այն մասին, որ մենք ենք սպանել նրանց, նա ինձ կտանի դուրս, կսպանի և կգցի փոսը ու կասի, որ ինձ սպանել են [թուրքերը]: Դրանից հետո, վերնաշապիկները նորից գլխներիս հագցրած, մեզ տարան ... և ժամանեցինք մի վայր, ... ուր ինձ տարել էին, ըստ երևույթին, ոստիկանության բաժին էր, որտեղ ես հարցաքննվել եմ ժամը 18:00-ից մինչև 03:00-ն: Ինձ հարցաքննել, հայհոյել, ծեծել, սպառնացել, համոզել և ասել են գրել, որ մենք ենք սպանել [Հ.Մ.-ին և Ռ.Ե.-ին]: Նրանք ծեծել և սպառնացել են մեզ մի ամբողջ օր և նույնիսկ խմելու ջուր չեն տվել: Այդ գիշեր` ժամը մոտ 03:30-ին, ինձ տարան Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի` կալանավորվածներին պահելու վայր, որտեղ երեք այլ անձինք կային ...: Ինձ, Մուսային և Ռազմիկին մինչև ապրիլի 23-ի առավոտյան պահել են այդ վայրում: Ռազմական ոստիկանության բաժնի մի ավագ լեյտենանտ ինձ և Մուսային միասին տարավ Երևան: Ես հասկացա, որ Մուսային դաժանորեն ծեծել են, քանի որ դեմքը պատված էր հարվածների` կարմիր և կապույտ հետքերով: 2004 թվականի ապրիլի 23-ի գիշերը մենք անցկացրեցինք Երևանում` ռազմական ոստիկանության տարածքի ինչ-որ վերահսկվող բաժնի սենյակում, որտեղ մնացինք մեկ գիշեր: Մուսան և Ռազմիկը նույնպես այնտեղ էին և պահվում էին առանձին սենյակներում: Հաջորդ օրը ինձ հարցաքննեցին նույն շենքում և հետո տարան Ռազմիկի հետ առերեսման: Երբ Ռազմիկին տեսա, դժվարությամբ կարողացա նրան ճանաչել, քանի որ ամբողջ դեմքն այտուցված էր: Հասկացա, որ նրան ծեծել էին, և որ նա սաստիկ վախեցած էր քննիչներից, այդ իսկ պատճառով սուտ ցուցմունք էր տվել:

Խնդրում եմ Ձեզ, քննություն կատարել և գտնել իրական հանցագործներին ...»:

44. 2004 թվականի հունիսի 8-ին պաշտպան Զ.Փ.-ն իշխանության նույն ներկայացուցիչներին մեկ այլ բողոք է ներկայացրել` նշելով, որ դիմումատուները 2004 թվականի ապրիլի 19-ի և 24-ի միջև ընկած ժամանակահատվածում ապօրինաբար ձերբակալվել են` առանց ձերբակալման որոշման, և բազմիցս հարցաքննվել են` սպանություն կատարելու կասկածանքի հիման վրա: Պաշտպանը, այնուհետև, մանրամասն բողոք է ներկայացրել այդ ընթացքում դիմումատուների նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին: Նա նաև բողոք է ներկայացրել առ այն, որ անկախ այն հանգամանքից, որ դիմումատուների նախնական կալանքը նշանակվել է դատարանի 2004 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ, դիմումատուները 2004 թվականի ապրիլի 23-ից մինչ այդ օրը պահվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում` օրենքի խախտմամբ: Այսպիսով, նրանք զրկված են եղել դատական համակարգի պաշտպանությունից և պահվել են ռազմական ոստիկանության հսկողության ներքո, որը, ավելին, սերտորեն համագործակցել է զինվորական դատախազության հետ: Նա պնդել է, inter alia, որ խախտվել են Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածները:

45. Զինվորական դատախազը, ի պատասխան առաջին դիմումատուի և նրա պաշտպանի ներկայացրած բողոքների, 2004 թվականի հունիսի 10-ի իր գրությամբ տեղեկացրել է.

«Առաջին քննչական գործողությունները, որոնցում [դիմումատուները] ներգրավված են եղել, կատարվել են 2004 թվականի ապրիլի 21-ին` Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում, որտեղ նրանք հարցաքննվել են որպես վկաներ: Հարցաքննությունից առաջ նրանց տեղեկացվել է իրենց դեմ ցուցմունք չտալու իրավունքի մասին ... երաշխավորված Սահմանադրության 42-րդ հոդվածով:

Նրանց հայտարարություններում առկա մի շարք անհամապատասխանությունների պարզաբանման նպատակով` 2004 թվականի ապրիլի 21-ին [դիմումատուները] տարվել են Հայաստանի պաշտպանության նախարարության Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին` առերեսումներ և լրացուցիչ հարցաքննություն անցկացնելու համար:

Ապրիլի 22-ին, իմ ցուցումի համաձայն, [երկրորդ դիմումատուն]` որպես քրեական գործով վկա, տեղափոխվել է Երևան, քանի որ նպատակահարմար չեմ գտել, որ նա զինվորական ծառայությունը շարունակի իր զորամասում: Երևանում նա մնացել է զորանոցում` Հայաստանի զինվորական դատախազության շենքը հսկող զինծառայողների հետ միասին:

[Առաջին և երրորդ դիմումատուները] Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել ապրիլի 23-24-ի գիշերը և առանց մեկուսացման մնացել են թիվ 10724 զորամասի` հերթապահ զինծառայողների համար նախատեսված սենյակում...

Ապրիլի 24-ին [երկրորդ դիմումատուն] կրկին հարցաքննվել է որպես վկա և կրկին տեղեկացվել Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված երաշխիքների մասին, ինչն էլ հաստատվել է հարցաքննության արձանագրության տակ դրված նրա ստորագրությամբ:

[Դիմումատուները] ձերբակալվել են 2004 թվականի ապրիլի 24-ին, և դրանից անմիջապես հետո նրանց պաշտպաններ են տրամադրվել:

Ձերբակալման պահից [դիմումատուների] նկատմամբ կատարվող բոլոր քննչական գործողությունները, ինչպես օրինակ` հարցաքննությունը, առերեսումները, գործը դատարան ուղարկելը և այլն, կատարվել են նրանց պաշտպանների ներկայությամբ:

[Քր. դատ. օր.-ին] համապատասխան` մեղադրյալները մասնակցել են կալանքի միջնորդության քննությանը, որի ընթացքում նրանք որևէ հայտարարություն չեն արել իրենց նկատմամբ «դրսևորված վատ վերաբերմունքի» առնչությամբ...

Մեղադրյալները պահվում են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում` Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 14-րդ հավելվածին համապատասխան:

Բժշկական զննություն, [առաջին դիմումատուի], ինչպես նաև մյուսների նկատմամբ, կարող է կատարվել, եթե համապատասխան պահանջ ներկայացվի:»:

46. 2004 թվականի հունիսի 10-ին երկրորդ դիմումատուի պաշտպան Մ.Ա.-ն միջնորդություն է ներկայացրել զինվորական դատախազին` վիճարկելով քննիչ Ա.Հ.-ի անկողմնակալությունը և պահանջելով, որ նա հեռացվի գործով վարույթից: Ինչպես երևում է, այս միջնորդությանը կցված է եղել երկրորդ դիմումատուի բողոքը, որում նա պնդել է, որ քննիչը և մյուսները Մարտակերտում ու Ստեփանակերտում ճնշել և ծեծել են իրեն, որի հետևանքով ինքը սուտ խոստովանություն է արել: Պաշտպանը պահանջել է, որպեսզի երկրորդ դիմումատուի բողոքում նշված անձինք հարցաքննվեն:

47. 2004 թվականի հունիսի 12-ին զինվորական դատախազը որոշել է մերժել միջնորդությունը` համարելով այն անհիմն, գտնելով, որ բոլոր քննչական գործողությունները, որոնցում երկրորդ դիմումատուն ներգրավված է եղել, կատարվել են քրեական դատավարության կանոններին համապատասխան: Ձերբակալության պահից սկսած` նրա պաշտպանը մասնակցել է բոլոր քննչական գործողություններին, բացի 2004 թվականի ապրիլի 29-ի [հանցագործության հանգամանքների] վերարտադրումից, որի ժամանակ պաշտպանը կամավոր է բացակայել: Երկրորդ դիմումատուի հարցաքննությունների մեծ մասը տեսանկարահանվել է, որով հետագայում ապացուցվել է, որ նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել: Ավելին, 2004 թվականի ապրիլի 27-ի կալանքի միջնորդության քննության ընթացքում նա նշել է, որ այդ հարցաքննությունների ժամանակ արված իր հայտարարությունները ճիշտ են եղել: 2004 թվականի մայիսի 11-ի իր բողոքից հետո, նա իր պահանջով լրացուցիչ հարցաքննվել է և նշել, որ նրան չեն ստիպել որևէ հայտարարություն անել:

48. 2004 թվականի հունիսի 14-ին առաջին դիմումատուի պաշտպան Զ.Փ.-ն նման միջնորդություն է ներկայացրել զինվորական դատախազին` վիճարկելով քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի անկողմնակալությունը և պահանջելով, որ նրանք հեռացվեն գործով վարույթից այն հիմքով, որ նրանք, inter alia, վատ են վերաբերվել դիմումատուներին:

49. 2004 թվականի հունիսի 16-ին երրորդ դիմումատուի նոր պաշտպան Ա.Ա.-ն նման միջնորդություն է ներկայացրել զինվորական դատախազին` վիճարկելով քննիչ Ա.Հ.-ի անկողմնակալությունը և պահանջելով, որ նա հեռացվի գործով վարույթից այն հիմքով, որ քննիչը, inter alia, Ստեփանակերտում վատ է վերաբերվել երրորդ դիմումատուին, այդ թվում` իր ատրճանակի բռնակով հարվածներ հասցնելով նրա գլխին:

50. 2004 թվականի հունիսի 17-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը քննել և բավարարել է դիմումատուների կալանքի ժամկետը մինչև 2004 թվականի օգոստոսի 24-ը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունները, որը պետք է ավարտվեր 2004 թվականի հունիսի 24-ին: Առաջին դիմումատուն դատական նիստի ժամանակ նշել է, որ ինքը և երկրորդ դիմումատուն ցուցմունքները տվել են ճնշման ներքո:

51. 2004 թվականի հունիսի 18-ին զինվորական դատախազը 2004 թվականի հունիսի 14-ի միջնորդությունը մերժելու մասին որոշում է կայացրել` համարելով այն անհիմն, գտնելով, որ առաջին դիմումատուն 2004 թվականի ապրիլի 21-ին հարցաքննվել է քրեական դատավարության բոլոր կանոններին համապատասխան, այդ թվում` տեղեկացված է եղել իր դեմ ցուցմունք չտալու իրավունքի մասին` երաշխավորված Սահմանադրության 42-րդ հոդվածով: 2004 թվականի ապրիլի 19-ին և 20-ին առաջին դիմումատուի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Նա ձերբակալվել է 2004 թվականի ապրիլի 24-ին, և նրան անմիջապես պաշտպան է տրամադրվել: Ո՛չ նա, ո՛չ երրորդ դիմումատուն վատ վերաբերմունքի մասին բողոք չեն ներկայացրել` մինչև երկրորդ դիմումատուի կողմից նման բողոք ներկայացնելը: Վերոնշյալը վկայում է, որ վատ վերաբերմունքի մասին մեղադրյալների և իրենց պաշտպանների հայտարարությունները անհիմն են, հորինված և նպատակ ունեն արդարացնելու փոխհամաձայնեցված մարտավարություն կիրառող մեղադրյալներին:

52. Նույն օրը զինվորական դատախազը նույն հիմքերով մերժել է երրորդ դիմումատուի 2004 թվականի հունիսի 16-ի միջնորդությունը:

53. 2004 թվականի հունիսի 25-ին առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել 2004 թվականի հունիսի 17-ի որոշման դեմ: Իր բողոքի մեջ նա մանրամասն ներկայացրել է, inter alia, որ իր և մյուս դիմումատուների նկատմամբ քննիչ Ա.Հ.-ի և իրավապահ մարմինների մյուս ծառայողների կողմից վատ վերաբերմունք է ցուցաբերվել: Առաջին դիմումատուն նույնպես բողոք է ներկայացրել այն մասին, որ ինքը և մյուս դիմումատուներն ապօրինաբար պահվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում:

54. 2004 թվականի հունիսի 29-ին և 30-ին երկրորդ դիմումատուն կրկին հարցաքննվել է: Սկզբում նրան հարցեր են ուղղվել 2004 թվականի հունիսի 10-ի նրա բողոքում բարձրացված` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների առնչությամբ. մասնավորապես, արդյոք նա որևէ վնասվածք ստացել է և արդյոք այդ պահին դեռ ունեցել է վնասվածքներ: Երկրորդ դիմումատուն նշել է, որ այտուցված է եղել միայն իր ծնոտը, որն ապաքինվել է մոտ երեքից չորս օրում, այն դեռևս նկատելի է եղել 2004 թվականի ապրիլի 24-ի իր ձերբակալության ժամանակ, սակայն նկատելի չի եղել, երբ 2004 թվականի ապրիլի 27-ին ինքը ներկայացել է դատավորին: Այդ ժամանակ նա որևէ վնասվածք չի ունեցել: Ծնոտի վնասվածքը հասցվել է Ս.Տ.-ի, Ա.Հ.-ի, ոստիկանության ծառայող Վ.Կ.-ի և Ստեփանակերտի ոստիկանության բաժնի ոստիկանության մի բարձրահասակ ծառայողի կողմից 2004 թվականի ապրիլի 21-ին Մատաղիսի զորամասի հրամանատարի առանձնասենյակում: Նույն անձինք շարունակել են նրա նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորել Մարտակերտի զինվորական դատախազությունում և Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում, որի հետևանքով ինքը ցավեր է ունեցել երիկամներում, ինչը տևել է մի քանի օր: Նա այլ վնասվածքներ չի ունեցել և Երևան տեղափոխվելուց հետո որևէ մեկը նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերել: Վատ վերաբերմունք ցուցաբերելիս` նրանից պահանջել են ասել ճշմարտությունը: Դիմումատուն ինքն է հորինել խոստովանությունը` առանց արտաքին միջամտության: Այնուհետև, երկրորդ դիմումատուին իր հայտարարությունների հետ կապված մի շարք հարցեր են ուղղել, այդ թվում` ինչու է նա իր խոստովանությունն արել Երևանում, եթե այնտեղ նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել, և ինչու նա վատ վերաբերմունքի մասին իր հայտարարություններն ավելի վաղ չի ներկայացրել: Վերջապես, մի շարք հարցեր են տրվել 2003 թվականի դեպքերի և սպանության մասին:

55. 2004 թվականի հուլիսի 5-ին դիմումատուների քրեական գործի քննությունն ավարտվել է:

56. 2004 թվականի հուլիսի 6-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է առաջին դիմումատուի 2004 թվականի հունիսի 25-ի բողոքը:

57. Նույն օրը զինվորական դատախազը գրություն է հղել ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանի պետին` նշելով, որ դիմումատուներին այլևս քննչական մեկուսարանում պահելու անհրաժեշտություն չկա, և պահանջելով, որ նրանց տեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

58. Նույն օրը դիմումատուները ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանից տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

59. 2004 թվականի հուլիսի 7-ին առաջին դիմումատուն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է բժշկական զննության, հետևյալ եզրակացությամբ.

«Մարմնական վնասվածքների և ծեծի թարմ հետքեր չեն հայտնաբերվել: Մաշկը և լորձաթաղանթը նորմալ գույն ունեն: Թոքերում առկա է վեզիկուլյար շնչառություն: Սրտի հնչյունը [(ոչ կայուն)] ... Որովայնը փափուկ է և ցավեր չկան: Վեներական հիվանդության արտաքին ախտանիշներ չկան:»:

60. Բացվել է թիվ 607 բժշկական քարտը: Բժշկական քարտի առաջին էջում «2004 թվականի ապրիլի 19» ամսաթիվը նշվել է որպես առաջին դիմումատուի կալանավորման ամսաթիվ:

61. Ըստ երևույթին, երկրորդ և երրորդ դիմումատուները նույնպես ենթարկվել են բժշկական զննության, և որևէ վնասվածք չի արձանագրվել:

62. 2004 թվականի հուլիսի 16-ին գլխավոր դատախազը մերժել է մեկ այլ միջնորդություն, որը ներկայացվել էր առաջին դիմումատուի կողմից` վիճարկելով և՛ զինվորական դատախազի, և՛ քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի անկողմնակալությունն այն հիմքով, որ, inter alia, վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները չեն հաստատվել: Դատական նիստերի ժամանակ դիմումատուների կողմից, իրենց կալանքի հետ կապված, նման հայտարարություններ չեն կատարվել, և նրանք միասին սկսել են նման բողոքներ բարձրացնել միայն 2004 թվականի մայիսի վերջին:

63. 2004 թվականի հուլիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը գլխավոր դատախազին տեղեկացրել է երկրորդ դիմումատուի կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ արված հայտարարությունների մասին: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, այնուհետև, նշել է, որ երկրորդ դիմումատուն 2004 թվականի ապրիլի 26-ից մինչև հուլիսի 6-ը պահվել է ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի և Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի խախտմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը պնդել է, որ այդ իրավական ակտերի համաձայն` կալանավորման մասին դատարանի որոշումը ստացվելուց հետո երկրորդ դիմումատուն չպետք է մեկուսարանում պահվեր 72 ժամից ավելի:

64. 2004 թվականի հուլիսի 26-ին գլխավոր դատախազությունը Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալին տեղեկացրել է, որ մեղադրյալները ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում պահվել են Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 14-րդ հավելվածի հիման վրա և տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այդ կանոնագրքում` 2004 թվականի ապրիլի 28-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և 2004 թվականի մայիսի 22-ին Նախագահի կողմից վավերացված փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո:

65. 2004 թվականի սեպտեմբերի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալն առաջին դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բողոքի հետ կապված գրություն է հղել գլխավոր դատախազին: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը մատնանշել է, որ վերը նշված բողոքը տեղափոխվել է զինվորական դատախազություն` այն իրավապահ մարմին, որի գործողությունները բողոքի առարկա են հանդիսացել, և այն նույն քննիչն է շարունակել վարել քրեական գործը, ով, ենթադրվում է, վատ վերաբերմունք է ցուցաբերել մեղադրյալների նկատմամբ:

 

Ե. Առաջին դիմումատուի կալանքը 2004 թվականի օգոստոսի 24-ից մինչև նոյեմբերի 4-ը և նրա հացադուլը

 

66. 2004 թվականի օգոստոսի 3-ին առաջին դիմումատուն գրավոր հայտարարություն է ներկայացրել` հայտնելով, որ պատրաստվում է հացադուլ անել` որպես բողոք իրավապահ մարմինների անօրինական գործողությունների դեմ: Նա պնդել է, որ իր և մյուսների դեմ ներկայացված մեղադրանքները շինծու են և հիմնված են հարկադրված խոստովանության վրա: Քանի որ այս առնչությամբ իր բոլոր բողոքները մնացել են անպատասխան, ինքը ցանկացել է շարունակել իր բողոքը հացադուլի միջոցով:

67. Առաջին դիմումատուի բժշկական քարտում արվել է հետևյալ արձանագրությունը.

«2004 թվականի օգոստոսի 11-ից սկսած հիվանդը եղել է հացադուլի մեջ և մշտական բժշկական հսկողության ներքո ...»:

68. 2004 թվականի օգոստոսի 5-ին առաջին դիմումատուին և իր պաշտպանին տրամադրվել են գործի նյութերը:

69. Նույն ամսաթվի գրությամբ քննիչը այդ մասին տեղեկացրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին և ավելացրել, որ առաջին դիմումատուի կալանքի ժամկետը կասեցվել է` Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:

70. 2004 թվականի օգոստոսի 24-ին առաջին դիմումատուի` կալանքի ժամկետը, որը երկարաձգվել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հունիսի 17-ի որոշմամբ, լրացել է:

71. 2004 թվականի սեպտեմբերի 9-ին առաջին դիմումատուն և իր պաշտպանն ավարտել են գործի նյութերին ծանոթանալը:

72. Նույն ամսաթվին առաջին դիմումատուն միջնորդություն է ներկայացրել քննիչին` պնդելով, որ 2004 թվականի օգոստոսի 24-ից հետո նրա կալանքը թույլատրող որոշում դատարանը չի կայացրել, և պահանջելով, որ իրեն ազատ արձակեն:

73. 2004 թվականի սեպտեմբերի 10-ին քննիչը որոշել է մերժել այդ միջնորդությունը` նշելով, որ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կալանքի տակ պահելու ժամկետը կասեցվել էր այն օրը, երբ առաջին դիմումատուին տրամադրվել էին գործի նյութերը, այն է` 2004 թվականի օգոստոսի 4-ը:

74. 2004 թվականի սեպտեմբերի 16-ին առաջին դիմումատուի մայրը նրան կալանավայրում տեսակցելու թույլտվություն է խնդրել: Նա մտահոգված էր դիմումատուի առողջությամբ, քանի որ դիմումատուն հացադուլի մեջ էր, բայց իրեն չի թույլատրվել տեսակցել նրան:

75. 2004 թվականի սեպտեմբերի 22-ին դատախազը գործի նյութերը փոխանցել է Սյունիքի մարզի [առաջին ատյանի] դատարան, որի նստավայրը Ստեփանակերտն էր` Լեռնային Ղարաբաղը:

76. Սյունիքի մարզի դատարանի դատավոր Մ.-ն չպարզված ամսաթվին որոշում է կայացրել գործը [վարույթ] ընդունելու մասին:

77. 2004 թվականի հոկտեմբերի 15-ի գրությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը տեղեկացրել է առաջին դիմումատուին, որ նրա կալանքի ժամկետը կասեցվել է, inter alia, զինվորական դատախազության 2004 թվականի օգոստոսի 5-ի գրությամբ` Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածին համապատասխան: Քրեակատարողական հիմնարկի պետն այնուհետև նշել է, որ զինվորական դատախազի 2004 թվականի սեպտեմբերի 22-ի գրության համաձայն` Սյունիքի մարզի դատարանը կալանքի ժամկետը հաշվարկվել է այդ օրվանից սկսած:

78. 2004 թվականի հոկտեմբերի 19-ին առաջին դիմումատուն տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց` հացադուլի հետևանքով առաջացած ընդհանուր հյուծվածության պատճառով:

79. Նույն ամսաթվին առաջին դիմումատուի պաշտպանը գրություն է ուղղել տարբեր պետական մարմինների` ներառյալ կալանավորվածներին պահելու վայրերի համար պատասխանատու դատախազին ու Դատապարտյալների հիվանդանոցի պետին` բողոք ներկայացնելով այն մասին, որ առաջին դիմումատուն ապօրինաբար կալանավորվել է` առանց դատարանի համապատասխան որոշման: Այնուհետև նա նշել է, որ առաջին դիմումատուի առողջական վիճակը ծայրահեղ է և ամբողջ հացադուլի ընթացքում նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն չի տրամադրվել: Պաշտպանը պահանջել է, որ առաջին դիմումատուին անմիջապես ազատ արձակեն:

80. 2004 թվականի հոկտեմբերի 21-ի գրությամբ Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալը տեղեկացրել է պաշտպանին, որ առաջին դիմումատուի օբյեկտիվ ստացիոնար զննությունից, նրա արյան և մեզի կլինիկական ու կենսաքիմիական անալիզից, և մի քանի գործիքային հետազոտումներից հետո ներքին օրգանների հիվանդություններ չեն հայտնաբերվել: Հետևաբար, դեղ տալու անհրաժեշտություն չի եղել: Առաջին դիմումատուն եղել է մշտական բժշկական հսկողության ներքո` իր հացադուլի և դրա հետևանքով առաջացած թեթև աստիճանի ընդհանուր հյուծվածության պատճառով:

81. 2004 թվականի հոկտեմբերի 25-ին պաշտպանը ներկայացրել է նման պահանջներ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի և Սյունիքի մարզի դատարաններ:

82. 2004 թվականի հոկտեմբերի 26-ի գրությամբ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է առաջին դիմումատուի պաշտպանին, որ նա կալանքից ազատ չի արձակվել` Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա:

83. 2004 թվականի հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 1-ին պաշտպանը կրկին պահանջ է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` առաջին դիմումատուին ազատ արձակելու վերաբերյալ: Նա նաև նշել է, որ ինքն այցելել է նրան Դատապարտյալների հիվանդանոցում` 2004 թվականի հոկտեմբերի 25-ին: Նա անշարժ պառկած է եղել անկողնում և անառողջ տեսք է ունեցել: Այնուհետև պաշտպանը պնդել է, որ հոգեբանն իրեն ասել է, որ եթե առաջին դիմումատուն շարունակի մնալ մեկուսացված կամ հացադուլի մեջ, նրա կյանքին կարող է լուրջ վտանգ սպառնալ: Ի վերջո նա բողոքել է, որ որպես վկա հարցաքննելիս [դիմումատուին] վատ են վերաբերվել:

84. 2004 թվականի հոկտեմբերի 27-ի գրությամբ համայնքների առաջին ատյանի դատարանը տեղեկացրել է առաջին դիմումատուի պաշտպանին, որ քննության ենթադրյալ անօրինական մեթոդների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով նա պետք է դիմի գործի ըստ էության քննությամբ զբաղվող մարմին: Համայնքների առաջին ատյանի դատարանը, սակայն, չէր իրականացնում առաջին դիմումատուի գործի ըստ էության քննություն:

85. 2004 թվականի նոյեմբերի 1-ին պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցի վարչակազմից պահանջել է տրամադրել առաջին դիմումատուին տրամադրված բժշկական օգնության վերաբերյալ մանրամասները:

86. 2004 թվականի նոյեմբերի 2-ի գրությամբ Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալը տեղեկացրել է նրան, որ առաջին դիմումատուն զննվել է, և ներքին օրգանների հիվանդություններ չեն հայտնաբերվել: Իր ընդհանուր հյուծվածության պատճառով 2004 թվականի հոկտեմբերի 22-ից ի վեր առաջին դիմումատուն ստացել է 5% գլյուկոզա և վիտամիններ պարունակող ներերակային ներարկումներ` ջրի և վիտամինների հավասարակշռությունը պահպանելու նպատակով: Նրա` այդ պահի առողջական վիճակը թույլատրում էր առաջին դիմումատուին տեղափոխել կալանավորվածներին պահելու վայր:

87. 2004 թվականի նոյեմբերի 2-ին առաջին դիմումատուն դուրս է գրվել Դատապարտյալների հիվանդանոցից և տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ` Ստեփանակերտ, դատաքննությանը մասնակցելու համար: Հիվանդության պատմության քաղվածքի համաձայն`

«[Առաջին դիմումատուն] տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց 2004 թվականի հոկտեմբերի 19-ին` ստացիոնար զննություն անցնելու նպատակով:

Կալանավորված անձն անցել է կլինիկական և լաբորատոր-գործիքային զննություն, որի արդյունքում ներքին օրգանների հիվանդությունների ախտանիշներ չեն հայտնաբերվել: Նրան զննել է հոգեբույժը, ով եզրակացրել է, որ նա հոգեբանական խանգարումներ չունի:

Հաշվի առնելով նրա` երկար ժամանակ ուտելուց հրաժարվելը, և նրա օրգանիզմի ընդհանուր հյուծվածությունը` կալանավորված անձին շիթով ներարկվել է գլյուկոզա և վիտամիններ:

Քանի որ ստացիոնար բուժումն այլևս անհրաժեշտ չէ, կալանավորված անձը դուրս է գրվում` մնալով կալանավորվածներին պահելու վայրի բժշկական անձնակազմի հետագա բժշկական հսկողության տակ:»:

88. 2004 թվականի նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի դատարանի դատավոր Մ.-ն որոշում է կայացրել գործով դատաքննություն նշանակելու և առաջին դատական նիստի օրը սահմանելու մասին, որը պետք է տեղի ունենար 2004 թվականի նոյեմբերին` չպարզված օրը: Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ առաջին դիմումատուի կալանքը պետք է մնա անփոփոխ:

89. 2004 թվականի նոյեմբերի 5-ին առաջին դիմումատուն ավարտել է իր հացադուլը:

90. 2004 թվականի նոյեմբերի 26-ին առաջին դիմումատուի պաշտպանը դիմել է Լեռնային Ղարաբաղի` նախնական կալանքի վայրի ղեկավարին` պնդելով, որ առաջին դիմումատուի առողջական վիճակը հացադուլից հետո անբավարար է, և պահանջելով, որ նրան զննի բժիշկը: Պարզ չէ` արդյոք այս պահանջն արձագանք ստացել է:

 

Զ. Դատական քննության ընթացքում վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հնչեցրած հայտարարությունները

 

1. Վարույթն առաջին ատյանի դատարանում

 

91. 2004 թվականի նոյեմբերին Սյունիքի մարզի դատարանում սկսվել են դիմումատուների քրեական գործով դատական լսումները:

92. Երկրորդ դիմումատուն Սյունիքի մարզի դատարանում նշել է, որ 2004 թվականի ապրիլի 19-ին իրեն տարել են զորամասի հրամանատար Մ.Ա.-ի առանձնասենյակ: Չորրորդ գումարտակի հրամանատար Ի.Վ-ն նույնպես ներկա է եղել: Հրամանատարը սկսել է նրան հարցեր տալ այն ծանրոցի մասին, որը նա ստացել էր իր ծնողներից` 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, ներառյալ այն մասին, թե որտեղ և ում հետ է նա կերել ծանրոցում պարունակվող ուտելիքը: Նա պատասխանել է, որ ինքը կերել է ուտելիքը մյուս երկու դիմումատուների հետ` զորամասում, սակայն հրամանատարը չի հավատացել իրեն: Այնուհետև քննիչներ Ս.Տ.-ն և Ա.Հ.-ն ու ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ն և Ա.Բ.-ն մտել են առանձնասենյակ և սկսել են ծեծել իրեն ու ստիպել, որ ընդունի, որ ինքն ու մյուս երկու դիմումատուներն են սպանել երկու զինծառայողներին: Այնուհետև ներս են բերել մյուս երկու դիմումատուներին և ենթարկել ծեծի: Վատ վերաբերմունքը շարունակվել է Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում և Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում: Ի վիճակի չլինելով դիմանալու վատ վերաբերմունքին` նա ստիպված է եղել պատմել կեղծ պատմություն` ընդունելով իր և մյուսների մեղքը: Ավելի ուշ նա գիտակցել է իր սխալը և խնդրել, որ իրեն կրկին հարցաքննեն, որի ընթացքում հրաժարվել է իր կողմից ավելի վաղ արված խոստովանությունից:

93. Առաջին և երրորդ դիմումատուները նշել են, որ իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի` համանման հանգամանքներում:

94. Սյունիքի մարզի դատարանը կանչել և քննել է քննիչներ Ա.Հ.-ին, Ս.Տ.-ին և Ա.Կ.-ին ու ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ին և Ա.Բ.-ին:

95. Քննիչ Ա. Հ.-ն նշել է, որ ինքը և քննչական խմբի մյուս անդամները 2004 թվականի ապրիլի 21-ին ժամանել են Մատաղիսի մոտակայքում գտնվող զորամաս: Իր հրահանգով երկրորդ դիմումատուին մարտական հերթապահության դիրքերից բերել են զորամաս, քանի որ անհրաժեշտ է եղել պարզել, թե որտեղ և ում հետ է նա կերել իր ծնողներից ստացված ծանրոցում պարունակվող ուտելիքը: Առաջին և երրորդ դիմումատուները նույնպես ավելի ուշ բերվել են հարցաքննության: Դեպքերի` դիմումատուների ներկայացրած տարբերակները ստուգելու համար վերջիններս տեղափոխվել են Մարտակերտ, ապա` Ստեփանակերտ, որտեղ կատարվել են լրացուցիչ հարցաքննություններ: Այնուհետև դիմումատուները տեղափոխվել են Երևան, որտեղ երկրորդ դիմումատուն խոստովանել է կատարած հանցագործությունը:

96. Քննիչ Ս.Տ.-ն և ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ն ու Ա.Բ.-ն ներկայացրել են համանման փաստարկներ:

97. Քննիչ Ա.Կ.-ն նշել է, որ ինքը հարցաքննել է երկրորդ դիմումատուին Մարտակերտի կայազորի դատախազությունում, բայց տեղյակ չէ հարցաքննության արդյունքի մասին, քանի որ քննիչ Ա.Հ.-ն և ռազմական ոստիկանության ծառայող Վ.Կ.-ն փոխարինել են իրեն, և ինքը հեռացել է:

98. Դիմումատուներն ի պատասխան նշել են, որ քննիչներ Ա.Հ.-ն և Ս.Տ.-ն ու ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ն և Ա.Բ.-ն իրենց վատ են վերաբերվել, ծեծել են և սպառնացել:

99. Մարզային դատարանը նաև կանչել և քննել է երրորդ ու չորրորդ գումարտակների հրամանատարներ Ե.Մ.-ին և Ի.Վ.-ին, օպերատոր Ա.Գ.-ին և թիվ 33651 զորամասի ծառայող Մ.Ա.-ին, ովքեր ներկա են գտնվել հանցագործության հանգամանքների վերարտադրմանը 2004 թվականի ապրիլի 29-ին:

100. Ի.Վ.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 21-ին ինքը ժամանակ առ ժամանակ ներկա է գտնվել դիմումատուների հարցաքննությանը, բայց իր ներկայությամբ ոչ ոք վատ չի վերաբերվել նրանց:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
17.03.2016
N 36894/04
Վճիռ