Սեղմել Esc փակելու համար:
ԶԱԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (2-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԶԱԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԶԱԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(2-րդ մաս)

 

(Գանգատ թիվ 36894/04 և 3521/07)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

17 մարտի 2016թ.

 

101. Ե.Մ.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 21-ին ինքն անձամբ է առաջին դիմումատուին հասցրել զորամասի հրամանատարի առանձնասենյակ: Երկրորդ դիմումատուն արդեն այնտեղ է եղել: Այնուհետև ժամանել են իրավապահ մարմինների ծառայողները, և ինքը ստիպված է եղել հեռանալ: Ոչ ոք իր ներկայությամբ վատ չի վերաբերվել դիմումատուներին:

102. Ա.Գ.-ն նշել է, որ ինքը ներկա է գտնվել Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում երկրորդ դիմումատուի հարցաքննությանը, և երկրորդ դիմումատուն քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի կամ ռազմական ոստիկանության ծառայող Ա.Բ.-ի կողմից ծեծի կամ բռնության չի ենթարկվել: Ինքը երկրորդ դիմումատուի մոտ որևէ վնասվածք կամ հատակին արյան հետքեր չի նկատել:

103. Մ.Ա.-ն նշել է, որ ինքը ներկա է գտնվել հանցագործության` երկրորդ դիմումատուի կողմից 2004 թվականի ապրիլին կատարված վերարտադրմանը: Հանցագործության վերարտադրումը նկարահանվել է քննիչ Ա.Հ.-ի կողմից: Երկրորդ դիմումատուն հանգիստ վիճակում է եղել և վատ վերաբերմունքի կամ բռնության չի ենթարկվել:

104. 2005 թվականի մայիսի 18-ին Սյունիքի մարզի դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել սպանության կատարման մեջ և նրանց դատապարտել նրանց ազատազրկման` 15 տարի ժամկետով: Այս դատավճիռը հիմնված է եղել, inter alia, երկրորդ դիմումատուի խոստովանական ցուցմունքի վրա: Ինչ վերաբերում է դիմումատուների` վատ վերաբերմունքի մասին հայտարարություններին, ապա մարզային դատարանը դրանք համարել է անհիմն` հետևյալ հիմքերով: Առաջինը` դիմումատուները նման բողոքներ չեն ներկայացրել 2004 թվականի ապրիլի 21-ին իրենց` որպես վկաներ հարցաքննության ժամանակ, 2004 թվականի ապրիլի 24-ին և 26-ին իրենց` որպես կասկածյալներ և մեղադրյալներ հարցաքննության ու երկու առերեսումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել իրենց պաշտպանների ներկայությամբ, կամ 2004 թվականի ապրիլի 29-ին հանցագործության հանգամանքների վերարտադրման ժամանակ: Երկրորդ` երկրորդ դիմումատուն նման պնդումներ չի արել նույնիսկ 2004 թվականի մայիսի 18-ին իր լրացուցիչ հարցաքննության ժամանակ, այլ նման պնդումներ է արել միայն իր` 2004 թվականի հունիսի 10-ի միջնորդությամբ, որին հաջորդել են առաջին և երրորդ դիմումատուների կողմից 2004 թվականի հունիսի 16-ին ներկայացված համանման միջնորդությունները, որոնք բոլորն էլ մերժվել են զինվորական դատախազի կողմից` որպես անհիմն: Երրորդ` այն փաստը, որ դիմումատուների նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել, հաստատվել է իրավապահ մարմինների ծառայողներ Ա.Հ.-ի, Ս.Տ.-ի, Վ.Կ.-ի, Ա.Բ.-ի և Ա.Կ.-ի, երրորդ ու չորրորդ գումարտակների հրամանատարներ Ե.Մ.-ի և Ի.Վ.-ի ու ծառայող Մ.Ա.-ի փաստարկների միջոցով: Մարզային դատարանը եզրահանգել է, որ դիմումատուների և նրանց պաշտպանների` քննիչ Ա.Հ.-ի անկողմնակալությունը վիճարկող միջնորդություններն ու նրանց` վատ վերաբերմունքի, սպառնալիքների և հոգեբանական ճնշման մասին հայտարարությունները նպատակաուղղված են եղել օգնելու դիմումատուներին` խուսափել քրեական պատասխանատվությունից:

 

2. Վերաքննիչ վարույթները

 

105. 2005 թվականի հունիսի 1-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել Սյունիքի մարզի դատարանի դատավճռի դեմ: Իրենց բողոքում նրանք մանրամասն ներկայացրել են, որ իրենք ապօրինաբար զրկվել են ազատությունից` 2004 թվականի ապրիլի 21-ից մինչև 24-ը, և իրենց նկատմամբ այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ցուցաբերվել է վատ վերաբերմունք: Նրանք այնուհետև բողոքել են, որ իշխանությունները քննության չեն առել իրենց` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները` թույլ տալով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Ավելին, քրեական գործի հարուցումը կարգադրելու փոխարեն մարզային դատարանը որոշել է կանչել և որպես վկա քննել ենթադրյալ կատարողներին և հիմնվել նրանց ցուցմունքների վրա` մեղադրական դատավճիռը հիմնավորելու համար:

106. Չպարզված ամսաթվին վարույթն սկսվել է Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում: Դիմումատուները Վերաքննիչ դատարանում մանրամասն կրկնել են վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունները: Նրանք նաև ավելացրել են, որ Երևանի ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան ընդունվելիս իրենք ունեցել են տարբեր մարմնական վնասվածքներ` ներառյալ վնասված ծնոտ, կապտած աչք և մեջք: Նրանց մերկացրել և զննել են, բայց բժշկական անձնակազմի անդամը, ով կազմել է համապատասխան արձանագրությունները, նշում չի կատարել այդ վնասվածքների մասին: Իրենք ստորագրել են զննությունների արդյունքում կազմված արձանագրությունները` առանց դրանք կարդալու:

107. Դրա հետ կապված` Վերաքննիչ դատարանը կանչել և հարցաքննել է բուժակ Կ.Գ.-ին, ով մասնակցել է դիմումատուների մարմինների զննությանը ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում: Կ.Գ.-ն նշել է, որ դիմումատուներին ընդունել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան իր հերթապահության ժամանակ: Նրանք զննության են ենթարկվել վկաների ներկայությամբ, և մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնք ստորագրվել են նաև դիմումատուների կողմից: Այնուհետև Կ.Գ.-ն նշել է, որ իր համար անհնար կլիներ հայտնաբերված որևէ վնասվածք չարձանագրելը, քանի որ ինքն անձամբ պատասխանատվություն կկրեր նման բացթողման համար: Հնարավոր չէր նաև, որ երկրորդ դիմումատուն վնասված ծնոտ ունենար, քանի որ դա լուրջ վնասվածք է, որն ինքը չէր կարող անուշադրության մատնել:

108. 2005 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ իրենց գործը դեռ քննվում էր Վերաքննիչ դատարանում, դիմումատուները մեկ այլ բողոք են ներկայացրել գլխավոր դատախազին` մանրամասն պնդումներ ներկայացնելով այն մասին, որ 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև 24-ը իրենք ապօրինաբար զրկվել են ազատությունից, և իրենց նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք` հարկադրելու տալ խոստովանական ցուցմունքներ: Նրանք մատնանշել են քննիչներ Ա.Հ.-ին ու Ս.Տ.-ին և ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ին, Ա.Բ.-ին և Մ.-ին` որպես կատարողներ, և պահանջել, որ նրանց դեմ քրեական գործ հարուցվի: Դիմումատուները, մասնավորապես, պնդել են, որ վատ վերաբերմունքի հետևանքով երկրորդ դիմումատուն ստացել է ծնոտի վնասվածք, առաջին դիմումատուն քթից արյունահոսություն է ունեցել, իսկ երրորդ դիմումատուն ծեծի է ենթարկվել և եղել է կեղտոտ հագուստով, քանի որ նրան գցել են գետնին և ոտքով բազմիցս հարվածել: Ավելին, երկրորդ դիմումատուին մերկացրել են, հենել պատին և սպառնացել, որ եթե հրաժարվի խոստովանելուց, նրան կբռնաբարեն մահակով: Այնուհետև նրան ստիպել են կախված մնալ աթոռների վրա տեղադրված ձողից և սպառնացել են մահակներով ու զենքերով: Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի պետ Ա. Բ.-ի առանձնասենյակում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ ծեծի ենթարկվելիս երկրորդ դիմումատուի քթից մեծ քանակությամբ արյուն է հոսել հատակին, և նրան հրամայել են լիզել այն: Դիմումատուները վերջապես պնդել են, որ իրենք ապօրինաբար պահվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում մինչև 2004 թվականի հուլիսի 6-ը` հետագա սպառնալիքների և վիրավորանքների ենթարկելու համար:

109. 2005 թվականի դեկտեմբերի 26-ի գրությամբ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է դիմումատուներին, որ նրանց դեմ հարուցված քրեական գործի դատական քննության ժամանակ Սյունիքի մարզի դատարանը, ղեկավարվելով Քր. դատ. օր.-ի 17-րդ հոդվածի 4-րդ մասով, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ` ստուգելու նրանց հայտարարություններն այն մասին, թե նրանք քննության ժամանակ քննիչների կողմից ենթարկվել են հարկադրանքի, և դրանք իր` 2005 թվականի մայիսի 18-ի դատավճռով համարել է անհիմն:

110. 2006 թվականի հունվարի 8-ին դիմումատուները պահանջ են ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածի համաձայն` բողոքելով, որ դատախազությունը, հիմնվելով Սյունիքի մարզի դատարանի իրականացրած քննության վրա, մերժել է քրեական գործ հարուցել: Սակայն, Սյունիքի մարզի դատարանն իրավասու չէր իր կողմից քննվող քրեական գործի սահմաններից դուրս քննություն իրականացնել: Ենթադրյալ կատարողները չեն ներգրավվել որպես մեղադրյալներ և մարզային դատարան են ներկայացել միայն որպես վկաներ: Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների մասով արդյունավետ քննություն իրականացնելու համար անհրաժեշտ էր հարուցել քրեական գործ` Քր. դատ. օր.-ի 181-րդ հոդվածի համաձայն: Նրանք պահանջել են [նշված] համայնքների դատարանից գլխավոր դատախազին պարտավորեցնել այդպիսի վարույթ հարուցել:

111. 2006 թվականի փետրվարի 1-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է պահանջը, գտնելով, որ գլխավոր դատախազի պատասխանը եղել է օրենքին համապատասխան և չի խախտել դիմումատուների իրավունքները: Առաջին ատյանի դատարանը, մասնավորապես, նշել է, որ քրեական վարույթի ընթացքում օրինականության ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքները, Քր. դատ. օր.-ի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, պետք է մանրակրկիտ քննվեն գործն ըստ էության քննող մարմնի կողմից, մինչդեռ հանցագործության մասին դատական նիստի ընթացքում արված հայտարարությունները, Քր. դատ. օր.-ի 177-րդ հոդվածի համաձայն, պետք է մտցվեն դատական նիստի արձանագրության մեջ:

112. 2006 թվականի փետրվարի 14-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել` բերելով 2006 թվականի հունվարի 8-ի` իրենց բողոքում հնչեցրած փաստարկներին համանման փաստարկներ:

113. 2006 թվականի մարտի 14-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը` գտնելով, որ վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունները քննվել են Սյունիքի մարզի դատարանում իրականացված վարույթի ընթացքում, և ձեռք բերված ապացույցները գնահատվել են կայացված դատավճռով: Գործն այդ ժամանակ ըստ էության քննվում էր Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից, որը բողոքով սահմանափակված չէր և իրավասու էր քննելու գործն ամբողջ ծավալով` ներառյալ ցանկացած նոր ապացույց: Դիմումատուների այն փաստարկը, որ մարզային դատարանը և Վերաքննիչ դատարանը իրավասու չէին վարույթ իրականացնելու այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված չէին որպես մեղադրյալներ, սխալ էր, քանի որ դատարանները, իրենց դատավճիռները կայացնելիս, քրեական դատավարության օրենսդրության համաձայն, պարտավորված էին ստուգել և գնահատել` արդյոք ձեռք բերված ապացույցն ընդունելի ու վերաբերելի է և, արդյոք այն ձեռք է բերվել բռնության, սպառնալիքների և ոստիկանության ծառայողների այլ անօրինական գործողությունների միջոցով` ինչպես պնդել են դիմումատուներն իրենց բողոքում: Քր. դատ. օր.-ի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանները, իրենց կողմից քննվող գործի նյութերի հիման վրա, իրավունք ունեին պահանջելու, որ դատախազը երրորդ անձանց դեմ քրեական գործ հարուցելու որոշում կայացնի: Քանի որ գործն այդ ժամանակ դեռևս քննվում էր Վերաքննիչ դատարանում, դիմումատուների բողոքը պետք է մերժվեր:

114. 2006 թվականի մարտի 28-ին դիմումատուները ներկայացրել են վճռաբեկ բողոք` համանման փաստարկներ բերելով: Նրանք նաև բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենց դատավարական իրավունքները խախտվել են, քանի որ իշխանությունները հրաժարվել են կատարել Քր. դատ. օր.-ի 180-րդ և 181-րդ հոդվածների պահանջները:

115. 2006 թվականի մայիսի 30-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը կայացրել է դիմումատուների քրեական գործն ըստ էության լուծող դատավճիռ: Այն դիմումատուներին մեղավոր է ճանաչել և նշանակված պատիժը փոխել ավելի ծանր պատժատեսակով` նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման: Վերաքննիչ դատարանը հիմնվել է, inter alia, երկրորդ դիմումատուի խոստովանական ցուցմունքի վրա: Ինչ վերաբերում է դիմումատուների` վատ վերաբերմունքի մասին հայտարարություններին, ապա Վերաքննիչ դատարանը դրանք համարել է անհիմն: Այդ անելով, Վերաքննիչ դատարանն առաջին հերթին վկայակոչել է մարզային դատարանում իրավապահ մարմինների ծառայողներ Ա.Հ.-ի, Ս.Տ.-ի, Վ.Կ.-ի, Ա.Բ.-ի և Ա.Կ.-ի, երրորդ և չորրորդ գումարտակների հրամանատարներ Ե.Մ-ի և Ի.Վ.-ի, ծառայող Մ.Ա.-ի և օպերատոր Ա.Գ.-ի ներկայացրած փաստարկները: Վերաքննիչ դատարանն այնուհետև վկայակոչել է հանցագործության հանգամանքների վերարտադրման տեսագրությունը, որում որևէ մարմնական վնասվածք երկրորդ դիմումատուի մոտ չէր երևում, ով ազատ շարժվում և խոսում էր, ինչպես նաև անձի մարմնի զննման արձանագրությունները` կազմված ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում` 2004 թվականի ապրիլի 24-ին:

116. 2006 թվականի հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել 2006 թվականի մարտի 28-ի բողոքն առանց քննության թողնելու մասին: Այն մասնավորապես գտել է, որ դիմումատուները բողոք են ներկայացրել Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածի համաձայն` դատախազի` մինչդատական վարույթին վերաբերող գործողությունների դեմ: Այնուամենայնիվ, քանի որ Վճռաբեկ դատարանը գերագույն դատական ատյանն էր, և Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն` կոչված էր ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, դրա սահմանադրական կարգավիճակը խոչընդոտում էր դատախազի` մինչդատական վարույթին վերաբերող որոշումների և գործողությունների դեմ ներկայացված բողոքները քննելը: Վճռաբեկ դատարանն այդպիսի բողոքներ կարող էր քննել բացառիկ դեպքերում, եթե դրանցով բարձրացվում էր դատական պրակտիկայի համար մեծ կարևորություն ունեցող հարց: Այդպիսի հանգամանքներում բողոքը պետք է թողնվեր առանց քննության, քանի որ այն ներկայացվել էր մի որոշման դեմ, որը ենթակա չէր բողոքարկման վճռաբեկության կարգով:

 

3. Վճռաբեկ վարույթները

 

117. Դիմումատուները 2006 թվականի հունիսի 9-ին վճռաբեկ բողոք են ներկայացրել Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 30-ի դատավճռի դեմ:

118. Չպարզված ամսաթվին, սպանված զինծառայողներից մեկի հայրը որպես տուժող նույնպես վճռաբեկ բողոք է ներկայացրել այդ դատավճռի դեմ: Իր վճռաբեկ բողոքում նա ներկայացրել է, որ քրեական գործը վարել են դատավարական խախտումներով, որի արդյունքում երեք անմեղ զինծառայողներ մեղավոր են ճանաչվել, մինչդեռ իրական հանցագործներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել:

119. 2006 թվականի օգոստոսի 7-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է դիմումատուների բողոքը` պահանջելով նրանցից, որ վերացնեն թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնեն` Քր. դատ. օր.-ի նոր ընդունված փոփոխություններին համապատասխան:

120. 2006 թվականի սեպտեմբերի 11-ին առաջին և երկրորդ դիմումատուները կրկին ներկայացրել են իրենց վճռաբեկ բողոքները` պահանջելով, որ իրենց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը բեկանվի և իրենց արդարացնեն: Ըստ երևույթին, չպարզված ամսաթվին երրորդ դիմումատուն նույնպես հետևել է նրանց օրինակին: Դիմումատուները մանրամասն բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենց ապօրինաբար զրկել են ազատությունից 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև 24-ը, և իրենց նկատմամբ այդ ժամանակահատվածի ընթացքում ցուցաբերել են վատ վերաբերմունք: Այնուհետև նրանք բողոքել են, որ իշխանության մարմինները չեն քննել վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունները:

121. 2006 թվականի հոկտեմբերի 9-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դիմումատուների բողոքները քննության ընդունելու մասին: Չպարզված ամսաթվին տուժողի բողոքը նույնպես ընդունվել է քննության:

122. 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել դիմումատուների բողոքները, բայց բավարարել տուժողի բողոքը` բեկանելով 2005 թվականի մայիսի 18-ի և 2006 թվականի մայիսի 30-ի դատավճիռները և գործն ուղարկելով լրացուցիչ քննության: Վճռաբեկ դատարանը գտել է, որ քննություն իրականացնող մարմինը չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները գործի հանգամանքների օբյեկտիվ գնահատման համար և պատշաճորեն չի ստուգել պաշտպանության կողմի` դիմումատուների անմեղությանը և արդարացնող ապացույցների գոյությանը վերաբերող ցուցմունքները, ինչպես նաև վարույթի ընթացքում օրինականության խախտման մասին նրանց պնդումները: Այդպիսի հանգամանքներում դիմումատուների` արդարացում պահանջող բողոքները չէին կարող բավարարվել, քանի որ անհրաժեշտ էր կատարել գործի լրացուցիչ քննություն:

123. Ինչ վերաբերում է մասնավորապես երկրորդ դիմումատուի խոստովանական ցուցմունքին, ապա Վճռաբեկ դատարանը գտել է, որ այս ցուցմունքը չի հաստատվել գործով առկա այլ օբյեկտիվ ապացույցներով: Ավելին, երկրորդ դիմումատուն հրաժարվել է իր ցուցմունքից` պնդելով, որ ինքը ցուցմունք է տվել վախի, բռնության և խոշտանգումների հետևանքով: ՈՒստի, անհրաժեշտ է եղել ստուգել երկրորդ դիմումատուի խոստովանական ցուցմունքի արժանահավատությունը:

124. Ինչ վերաբերում է դիմումատուներին ազատությունից զրկելու հարցին և վատ վերաբերմունքի մասին նրանց հայտարարություններին, ապա Վճռաբեկ դատարանը նշել է.

«Գործի նյութերից հետևում է, որ [դիմումատուները] կալանավորվել են 2004 թվականի ապրիլի 24-ին: Վճռաբեկ բողոքներում նշվել է, որ հինգ օր անընդմեջ [դիմումատուները], ունենալով վկայի կարգավիճակ, ենթարկվել են բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, որի հետևանքով [երկրորդ դիմումատուից] կորզվել է խոստովանական ցուցմունք:

Թիվ 33651 զորամասի հրամանատարի 2004 թվականի ապրիլի 21-ի թիվ 112 հրամանի 5-րդ պարբերության համաձայն` [երրորդ դիմումատուն] «համարվել է մեկուսացված»` Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից և զրկվել է իր օրապահիկից` թիվ 99 մեկուսացման գրության հիման վրա:

Նույն հրամանի 6-րդ պարբերության համաձայն` [երկրորդ և առաջին դիմումատուները], ովքեր մարտական հերթապահության էին, «համարվել են մեկուսացված Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից» և զրկվել են իրենց օրապահիկներից` թիվ 100 և թիվ 101 մեկուսացման գրությունների հիման վրա:

Լրացուցիչ քննության ընթացքում անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ է նշանակում «համարել» վերոնշյալ զինվորներին «մեկուսացված` Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից» մեկուսացման գրությունների հիման վրա, և որն է այդպիսի մեկուսացման էությունը: Արդյոք դա չի հանգեցրել զինված ուժերում սովորաբար կիրառվող միջոցներին ոչ հատուկ անօրինական սահմանափակումների և ազատությունից զրկելուն:

Անհրաժեշտ է նաև մանրամասն ստուգել պաշտպանության կողմի ներկայացրած բողոքներում առկա փաստարկները [դիմումատուներին] այդ օրերի ընթացքում բռնության և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ:»:

125. Վճռաբեկ դատարանը նաև որոշում է կայացրել խափանման միջոցը վերացնելու և դիմումատուներին կալանքից ազատելու մասին:

 

Է. Լրացուցիչ քննությունը

 

126. 2007 թվականի փետրվարի 6-ին դիմումատուների քրեական գործով քննությունը հանձնարարվել է զինվորական դատախազության մեկ այլ քննիչի` Վ.Ս.-ին: Հայաստանի Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ Ս.Գ.-ն նշանակվել է որպես նրա օգնական:

127. 2007 թվականի փետրվարի 19-ին դիմումատուները ներկայացել են հարցաքննության որպես մեղադրյալներ, բայց հրաժարվել են ցուցմունք տալուց` նշելով, որ իրենք իրենց համարում են տուժողներ, այլ ոչ թե` մեղադրյալներ: Նրանք նշել են, որ իրենք կցանկանային ցուցմունք տալ խոշտանգումների մասին իրենց հայտարարությունների մասով, եթե առանձին քրեական գործ հարուցվի, և իրենք ճանաչվեն որպես տուժողներ:

128. Նույն օրը պաշտպան Զ.Փ.-ն, ով այդ փուլում ներկայացնում էր բոլոր երեք դիմումատուներին, վիճարկել է զինվորական դատախազության աշխատակիցների անկողմնակալությունը` պնդելով, որ նրանք ի վիճակի չեն եղել օբյեկտիվ քննություն իրականացնելու, ինչն ապացուցվում է գործով ավելի վաղ ցուցաբերված ամբողջ անօրինականությամբ, և պահանջելով, որ նրանք հեռացվեն գործով վարույթից: Այս պահանջը մերժվել է գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից` որպես անհիմն:

129. 2007 թվականի փետրվարի 27-ին պաշտպան Զ.Փ.-ն միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն` պահանջելով, որ առանձին քրեական գործ հարուցվի: Նա պնդել է, որ տվյալ քրեական գործը հարուցվել է սպանության մասով և դիմումատուները ներգրավվել են որպես մեղադրյալներ: Այդ քրեական գործի շրջանակներում հնարավոր չէր իրականացնել խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների մասով քննություն: Դիմումատուները երեք տարի հետևողականորեն բողոքներ են ներկայացրել այն խոշտանգումների առնչությամբ, որոնց ենթարկվել են, և մատնանշել են կատարողների անունները, բայց իշխանությունները հրաժարվել են իրենց պնդումների վերաբերյալ պատշաճ գնահատում կատարել:

130. 2007 թվականի փետրվարի 28-ին քննիչ Վ.Ս.-ն մերժել է միջնորդությունը` գտնելով, որ հանցագործության մասին բոլոր հաղորդումները չէ, որ քրեական գործ հարուցելու համար ինքնին բավարար են: Այդպիսի որոշում կայացնելու համար դեռևս բավարար նյութեր ձեռք չեն բերվել:

131. 2007 թվականի մարտին և ապրիլին քննիչները հարցաքննել են մի քանի անձանց` ներառյալ քննիչներ Ա.Հ.-ին և Ս.Տ.-ին ու ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ին, Ա.Բ.-ին և Մ.-ին, դիմումատուի զորամասի հրամանատար Մ.Ա.-ին, Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի երեք ռազմական ոստիկանության ծառայողներին և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մեկ ծառայողի, ովքեր դիմումատուներին տեղափոխել են Ստեփանակերտից Երևան, պաշտպաններ Մ.Ա.-ին և Վ.Ե.-ին ու երրորդ դիմումատուի զարմուհու ամուսնուն` Հ.Մ.-ին, ով նրա հոր հետ այցելել էր նրան կալանքի ընթացքում` 2004 թվականի ապրիլի 26-ին:

132. Քննիչներ Ա.Հ.-ն և Ս.Տ.-ն ներկայացրել են դեպքերի իրենց նկարագրությունը և ժխտել, որ իրենք վատ են վերաբերվել դիմումատուներին: Նրանց հարցաքննությունների գրավոր տարբերակները` ներառյալ հարցերն ու պատասխանները, պարունակել են տեքստեր, որոնք բառացի կրկնօրինակված են եղել: Ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ն և Ա.Բ.-ն նույնպես ժխտել են, որ իրենք վատ են վերաբերվել դիմումատուներին: Ռազմական ոստիկանության ծառայող Մ.-ն նշել է, որ ինքը բացակայել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնից այն ժամանակահատվածի ընթացքում, երբ դիմումատուներին տարել են այնտեղ, և որ ինքը երբեք նրանց չի հանդիպել: Զորամասի հրամանատար Մ.Ա.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 21-ին ինքը դիմումատուներին ենթարկել է կարգապահական կալանքի` զորամասից ինքնակամ բացակայելու պատճառով և կարգադրել է, որ նրանք այն կրեն Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում: Նա չի իմացել, թե քննիչներն ինչ հարցեր են առաջադրել դիմումատուներին իր առանձնասենյակում, որովհետև դա արվել է առանձին: Իր ներկայությամբ բռնություն չի գործադրվել: Ծառայողները, ովքեր տեղափոխել են դիմումատուներին, նշել են, որ դիմումատուներին ձեռնաշղթաներ չեն հագցրել, և որ նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել նրանց տեղափոխման ժամանակ: Իրենք որևէ մարմնական վնասվածք չեն նկատել, և դիմումատուները իրենց առողջության հետ կապված բողոքներ չեն ներկայացրել:

133. Փաստաբաններ Մ.Ա.-ն և Վ.Ե.-ն նշել են, որ 2004 թվականի ապրիլի 24-ին իրենք հեռախոսազանգեր են ստացել քննիչ Ա.Հ.-ից, ով իրենց հրավիրել է զինվորական դատախազություն` ստանձնելու դիմումատուների պաշտպանությունը, քանի որ պաշտպանի մասնակցությունը պարտադիր էր այն գործերով, որոնցում ներգրավված էին զինծառայողներ: Նրանց ներկայացրել են երկրորդ դիմումատուին, ում խնդրել են, որ ընտրություն կատարի իրենց միջև, այսպիսով, նա ընտրել է փաստաբան Մ.Ա.-ին: Փաստաբան Մ.Ա.-ն նշել է, որ, այդ պահից սկսած, ինքը մասնակցել է բոլոր հարցաքննություններին և առերեսումներին, որոնցում ներգրավված է եղել երկրորդ դիմումատուն: 2004 թվականի ապրիլի 27-ին ինքը հանդիպել է նրա ծնողների հետ և պայմանագիր ստորագրել: Փաստաբան Վ.Ե.-ն նշել է, որ ինքը ներկայացրել է առաջին և երրորդ դիմումատուներին մինչև 2004 թվականի ապրիլի 26-ը: Այդ օրը ինքը հանդիպել է առաջին և երրորդ դիմումատուների ծնողներին, ովքեր չեն ցանկացել, որ ինքը շարունակի ներկայացնել նրանց: Երկու փաստաբաններն էլ նշել են, որ իրենք որևէ վնասվածք չեն նկատել դիմումատուների մոտ, իրենց ներկայությամբ դիմումատուների նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել, դիմումատուները որևէ բողոք չեն ներկայացրել վատ վերաբերմունքի մասին, ոչ էլ դիմումատուների վրա ճնշում է գործադրվել քննիչի կողմից: Փաստաբան Մ.Ա.-ն ավելացրել է, որ երկրորդ դիմումատուն վատ վերաբերմունքի մասին հայտարարություններ է արել միայն 15 օր հետո, երբ իրենք առանձին հանդիպում են ունեցել ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում: Ինքն այդ ժամանակ խորհուրդ է տվել երկրորդ դիմումատուին բողոք ներկայացնել զինվորական դատախազին:

134. Հ.Մ.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 24-ին երրորդ դիմումատուի հայրն իրեն ասել է, որ իր որդուն տարել են զինվորական դատախազություն: Քանի որ ինքը ճանաչում էր քննիչ Ա.Հ.-ին, ով ապրում էր իր հարևանությամբ, ինքը խոստացել է պարզել երրորդ դիմումատուի ձերբակալման պատճառները: Հաջորդ օրը ինքը բակում պատահաբար հանդիպել է Ա.Հ.-ին և նրան ներկայացրել երրորդ դիմումատուի հորը: Իրենք նրան հարցրել են երրորդ դիմումատուի ձերբակալման պատճառների մասին, որին Ա.Հ.-ն պատասխանել է, որ ինքը սպանության գործ է քննում, և երրորդ դիմումատուն ձերբակալվել է դրա առնչությամբ: Այնուհետև իրենք խնդրել են Ա.Հ.-ին մի քանի րոպեով երրորդ դիմումատուի հետ տեսակցելու հնարավորություն տալ իրենց, որին Ա.Հ.-ն պատասխանել է, որ հաջորդ օրն ինքը պատրաստվում է զինվորական դատախազությունում կատարել որոշ քննչական գործողություններ, որոնցում ներգրավված է երրորդ դիմումատուն, և կարող է նրանց թույլ տալ մի քանի րոպեով տեսնել նրան: Հաջորդ օրը իրենք գնացել են զինվորական դատախազություն և Ա.Հ.-ի առանձնասենյակում մի քանի րոպեով հանդիպել երրորդ դիմումատուի հետ: Ի պատասխան քննիչի հարցին, թե արդյոք նա տեսել է որևէ վնասվածք երրորդ դիմումատուի մոտ կամ նրանից ստացել որևէ բողոք վատ վերաբերմունքի մասին` Հ.Մ.-ն նշել է, որ ինքը որևէ վնասվածք չի նկատել կամ ստացել նման բողոքներ: Ավելին, քանի որ քննիչը նրանց մի քանի րոպեով մենակ է թողել, երրորդ դիմումատուն, իր կարծիքով, գոնե իր հորը պատմած կլիներ վատ վերաբերմունքի մասին:

135. 2007 թվականի ապրիլի 2-ին քննիչը որոշել է դիմումատուների նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետներից պահանջվել է պատասխանել հետևյալ հարցերին` ա) արդյոք դիմումատուների մարմինների վրա եղել են կամ կային վնասվածքներ և, եթե այո, որն էր դրանց ծագման աղբյուրը, բ) եթե այո, արդյոք դրանք կարող էին առաջանալ 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում և տեսանելի չլինել երեք օր անց` մասնավորապես 2004 թվականի ապրիլի 27-ին, և գ) արդյոք դիմումատուները տառապել են որևէ հիվանդությամբ, եթե այո, արդյոք դրա պատճառը եղել է ենթադրյալ վատ վերաբերմունքը:

136. 2007 թվականի սեպտեմբերի 10-ին դատաբժշկական փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունները: Նրանք եզրակացրել են, որ, դիմումատուների բժշկական քարտերի համաձայն, նրանք տվյալ ժամանակահատվածում որևէ վնասվածք չեն ունեցել կամ տառապել որևէ հիվանդությամբ: Հնարավոր չի եղել պարզել` արդյոք դիմումատուներն ունեին որևէ վնասվածք կամ հիվանդություն տվյալ պահին, քանի որ նրանք զննության չեն ներկայացել: Փորձագետներն ավելացրել են, որ մաշկի, ոսկորների և հոդերի վնասվածքները, ինչպիսիք վերքերը, կապտուկները, քերծվածքները, կոտրվածքները և հոդախախտումներն են, սովորաբար տեսանելի են լինում երեք օր անց:

137. 2007 թվականի հոկտեմբերի 1-ին գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է քրեական գործ չհարուցել ենթադրյալ վատ վերաբերմունք դրսևորողների նկատմամբ` հանցակազմի բացակայության պատճառով: Այս որոշումն առաջին հերթին վերաբերել է Վճռաբեկ դատարանի` նախքան 2004 թվականի ապրիլի 24-ը դիմումատուներին ենթադրաբար ազատությունից զրկելուն և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքները ուսումնասիրելու հրահանգին: Ինչ վերաբերում է ազատությունից զրկելուն, այն համարվել է զորամասի հրամանատարի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կիրառված կարգապահական պատասխանատվության օրինական միջոց: Այնուհետև համարվել է, որ քննչական խումբը դիմումատուներին որպես վկաներ հարցաքննելու իրավունք է ունեցել, և նրանք տեղափոխվել են այդ նպատակով: Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում նրանց տեղավորել են կարգապահական մեկուսարանում և շարունակել հարցաքննել, բայց հետո անհրաժեշտ է եղել նրանց տեղափոխել Երևան` ելնելով քննության նպատակներից: Այնտեղ երկրորդ դիմումատուն արել է իր խոստովանությունը, որից հետո դիմումատուները ձերբակալվել են: Նրանց տրամադրվել են պաշտպաններ և նրանց կալանավորել են դատարանի 2004 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ: Այսպիսի հանգամանքներում, ազատությունից ապօրինաբար զրկվելու և վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունները հերքվել են գործով ձեռք բերված ապացույցներով:

138. 2007 թվականի հոկտեմբերի 25-ին դիմումատուները բողոք են ներկայացրել այս որոշման դեմ: Նրանք մանրամասն բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենք ապօրինաբար զրկվել են ազատությունից 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև 24-ը` վկաների քողի ներքո, մինչդեռ իրենց արդեն իսկ կասկածում էին հանցագործության մեջ: Սա արվել է իրենց` մեղադրյալին օրենքով տրամադրվող երաշխիքներից, ինչպիսիք պաշտպան ունենալու և ցուցմունք չտալու իրավունքներն են, զրկելու և խոստովանություն անելուն հարկադրելու համար: Իրենք երբեք որպես վկա չեն կանչվել, ինչպես օրենքն է պահանջում, փոխարենը` իրենց ստիպողաբար տարել են իրենց զորամասից և տեղափոխել կիլոմետրեր հեռու` մեկ իրավապահ մարմնից մյուսը, որտեղ նրանք պահվել են տարբեր սենյակներում ու խցերում և անընդմեջ ենթարկվել վատ վերաբերմունքի: Իրենց ազատությունից զրկելն արդարացնող ոչ մի ողջամիտ կասկած չի եղել, և իրենք ձերբակալվել են հենց այն ժամանակ, երբ հարկադրանքի միջոցով ապահովվել էր խոստովանությունը: Ապա նրանց տեղավորել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում, որտեղ քննիչները շարունակել են ճնշում գործադրել, և այն նպատակով, որ կոծկեն վատ վերաբերմունքի ցանկացած հետք: Իրենց չեն տեղեկացրել ազատությունից զրկելու պատճառների մասին և իրենց ներկայացրել են դատարան` ութ օր ուշացումով: Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի որոշումը եղել է անօրինական և չհիմնավորված: Նա օրենքի համաձայն պարտավոր էր վատ վերաբերմունքի մասով առանձին քրեական գործ հարուցել, ճանաչել նրանց որպես տուժողներ և, քննություն իրականացնելուց հետո, պատշաճ գնահատական տալ Վճռաբեկ դատարանի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 22-ի իր որոշման մեջ բարձրացված հարցերին: Ավելի քան չորս տարի իրենք հետևողականորեն հնչեցրել են վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունները և մատնանշել կատարողների անունները, սակայն արդյունավետ քննություն երբևէ չի իրականացվել: Դիմումատուները հիմնվել են, inter alia, Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների վրա:

139. 2007 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Որոշումն ունի հետևյալ բովանդակությունը.

«Ուսումնասիրելով բողոքը և քրեական գործի նյութերը` դատարանը գտնում է, որ վիճարկվող գործողությունները կատարվել են օրենքի պահանջներին համապատասխան, և անձի իրավունքների ու ազատությունների խախտում տեղի չի ունեցել:»:

140. Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել:

141. 2008 թվականի հունվարի 18-ին զինվորական դատախազը որոշում է կայացրել քրեական վարույթ հարուցելու մասին` այն հարցը քննելու նպատակով, թե արդյոք այն փաստը, որ առաջին դիմումատուի կալանքն սկսվելու ամսաթիվը նրա բժշկական քարտում նշվել է որպես «2004 թվականի ապրիլի 19», պաշտոնական փաստաթղթի կեղծում է: Մի քանի անձինք հարցաքննվել են և պարզվել է, որ տվյալ նշումը սխալմամբ կատարվել է բուժծառայության ղեկավարի կողմից` առաջին դիմումատուի բանավոր հայտարարության հիման վրա: Այս պատճառով որոշում է կայացվել ավարտել քրեական վարույթը` հանցավոր արարքի բացակայության պատճառով:

142. Չպարզված ամսաթվին դիմումատուների դատաքննությունը վերսկսվել է Շիրակի մարզի դատարանում: Ըստ դիմումատուների, իրենց զորամասի մի քանի նախկին զինծառայողներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք ցուցմունք են տվել դատական քննության ժամանակ այն մասին, որ իրենց բանտարկել են Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում և Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում 2004 թվականի սկզբին` տարբեր ժամանակահատվածներում և հարցաքննել սպանությունների առնչությամբ: Նրանցից շատերը նշել են, որ այդ ժամանակահատվածում իրենց նվաստացրել են և ցուցաբերել դաժան վերաբերմունք իրենց նկատմամբ, որպեսզի իրենք խոստովանեն հանցագործությունը:

143. 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի դատարանը, լսելով բազմաթիվ վկաների և ուսումնասիրելով առկա ապացույցները, գտել է, որ դիմումատուների մեղավորությունը հիմնավորված չէ, և որոշել է արդարացնել նրանց: Ըստ երևույթին, այս դատավճռի դեմ որևէ բողոք չի ներկայացվել:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Սահմանադրությունը

 

144. Տվյալ ժամանակահատվածում 18-րդ հոդվածով նախատեսվում էր, որ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

145. 19-րդ հոդվածով նախատեսվում էր, որ ոչ ոքի չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի:

146. 42-րդ հոդվածով նախատեսվում էր, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ:

147. 2005 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին: Այդ փոփոխությունների արդյունքում 92-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ դատարանին նոր դեր է վերապահվել, այն է` ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը:

 

Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը (տվյալ ժամանակահատվածում գործող)

 

1. Քրեական գործ հարուցելը

 

148. 175-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել:

149. 176-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական գործ հարուցելու առիթները ներառում են` 1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին կամ դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի կամ դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, կամ հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:

150. 177-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել բանավոր կամ գրավոր: Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ:

151. 180-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից տասն օրվա ընթացքում: Այս ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ կամ այլ նյութեր, կարող է կատարվել դեպքի վայրի զննություն և նշանակվել փորձաքննություն:

152. 181-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, կամ 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

153. 184-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ` առանց մեղադրյալի մասնակցության:

154. 185-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսվում է, որ քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած անձին: Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը վերացնում է որոշումը կամ հաստատում այն: Եթե որոշումը վերացվում է, ապա դատախազը պարտավոր է հարուցել քրեական գործ:

 

2. Ձերբակալումը

 

155. 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ ձերբակալումն անձին արգելանքի վերցնելն է, նրան հետաքննության մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելն է` օրենքով որոշված վայրերում և պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:

156. 129-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի:

157. 130-րդ հոդվածով նախատեսվում է, որ եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով արգելված արարք, ընդ որում, նա գտնվում է այլ տեղանքում կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել այդ անձին ձերբակալելու մասին:

158. 132-րդ հոդվածով նախատեսվում է, որ ձերբակալված անձը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, պետք է ազատ արձակվի, եթե, inter alia, չի հաստատվել հանցանք կատարելու մասին կասկածը կամ լրացել է ձերբակալման` օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:

 

3. Կալանավորումը

 

159. 134-րդ հոդվածով նախատեսվում է, որ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Խափանման միջոցները, inter alia, ներառում են կալանավորումը, որը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:

160. 136-րդ հոդվածով նախատեսվում է, որ կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս:

161. 137-րդ հոդվածով նախատեսվում է, որ կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Կալանավորված անձը չի կարող երեք օրվանից ավելի պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

162. 138-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել երկու ամսից ավելի, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ մեղադրյալը կամ նրա պաշտպանը ծանոթանում են գործի նյութերին:

163. 139-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսվում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը կամ դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց տասն օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով:

164. 141-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսվում է, որ կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր է, inter alia, անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանքի տակ պահվող, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց:

165. 277-րդ հոդվածով նախատեսվում է, որ հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է:

166. 291-րդ հոդվածով նախատեսվում է, որ դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում, և համապատասխան որոշում է կայացվում:

167. 292-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից տասնհինգ օրվա ընթացքում, inter alia, կայացնում է դատական քննություն նշանակելու մասին որոշում:

168. 293-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ դատական քննություն նշանակելու մասին որոշումը, inter alia, պարունակում է խափանման միջոցները վերացնելու կամ փոխելու կամ այդ միջոցներն ընտրելու մասին որոշում:

 

4. Վկաները

 

169. 86-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով նախատեսվում է, որ վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք: Վկան պարտավոր է ցուցմունքներ տալու կամ քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով:

170. 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվում է, որ վկան կանչվում է ծանուցագրով, որն իրեն հանձնվում է իր ստորագրությամբ: Վկան կարող է կանչվել նաև հեռագրի, հեռախոսային հաղորդագրության կամ ֆաքսի միջոցով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչ դատավարական վիճակով, ինչպես նաև ուր ու երբ (ներկայանալու օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը:

171. 206-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվում է, որ վկային կարելի է հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի և այլ վկաների մասին: Վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:

 

5. Այլ վերաբերելի դրույթներ

 

172. 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների և անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:

173. 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:

174. 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ դատարանն իրավունք ունի օրենսգրքով սահմանված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու:

175. 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետով նախատեսվում է, որ մեղադրյալը, օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի բողոքարկելու հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումներ:

176. 98-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը կամ իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք: Պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման: 98.1 հոդվածում, ի թիվս այլ միջոցների, որպես պաշտպանության միջոց նշվում է ծառայության վայրը փոփոխելը:

177. 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվում է, որ բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով ձեռք բերված նյութերը քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել կամ որպես ապացույց օգտագործվել:

178. 243-րդ հոդվածով նախատեսվում է, որ փորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի բնագավառներում հատուկ գիտելիքներ:

179. 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի կամ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: 290-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ նույն անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` օրենսգրքով նախատեսված դեպքերում: 290-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ եթե բողոքը ճանաչվում է հիմնավորված, ապա դատարանը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին:

 

Գ. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը (ուժի մեջ է 2002 թվականի ապրիլի 1-ից)

 

180. 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ձերբակալվածներին պահելու վայրում անձին պահելու հիմքը Քր. դատ. օր.-ին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումն է: Կալանավորվածներին պահելու վայրում անձին պահելու հիմքը Քր. դատ. օր.-ին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

181. 4-րդ հոդվածով սահմանվում է, որ ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը գործում են պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում:

182. 21-րդ հոդվածով սահմանվում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու դեպքում տվյալ հիմնարկի բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:

183. 29-րդ հոդվածով սահմանվում է, որ ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը` ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում:

 

Դ. ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված` ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը

 

184. 51-րդ կետով նախատեսվում է, որ զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման համար զինծառայողն իր հրամանատարի կողմից անձամբ ենթարկվում է կարգապահական պատասխանատվության:

185. 54-րդ կետում որպես այդպիսի տույժերից մեկը նշվում է ժամկետային ծառայության զինվորների մեկուսացումը և կարգապահական մեկուսարանում պահումը` մինչև տասն օր:

186. 106-րդ կետի համաձայն` կարգապահական մեկուսարանում պահելը ներգործության ծայրահեղ միջոցներից մեկն է և կիրառվում է կարգապահական կոպիտ զանցանքներ կատարելու կամ այն դեպքում, երբ հրամանատարի (պետի) ձեռնարկած մյուս միջոցներն անարդյունավետ են: Զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքների ցանկը և նրանց կարգապահական մեկուսարանում պահելու տույժն ի կատար ածելու կարգը սահմանված է սույն Կանոնադրության 5-րդ հավելվածի 1-6-րդ կետերում:

187. 5-րդ հավելվածի 1-ին կետում ինքնակամ բացակայությունը նշվում է որպես կարգապահական կոպիտ զանցանք:

188. 5-րդ հավելվածի 2-րդ կետի համաձայն` մեկուսացման և կարգապահական մեկուսարանում պահելու տույժի ի կատար ածումը հանձնարարվում է` ... վաշտի (անձնախմբի) ավագին:

189. 5-րդ հավելվածի 7-րդ կետի համաձայն` մեկուսացվածներին կարգապահական մեկուսարան ուղարկելու, հանձնելու, ընդունելու, ու կարգապահական մեկուսարանում պահելու և ազատելու կարգը սահմանված է կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքով:

 

Ե. 1996 թվականի դեկտեմբերի 3-ի օրենքով ընդունված` ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը

 

190. 14-րդ հավելվածի վերաբերելի դրույթները` մինչև 2004 թվականի ապրիլի 28-ին ընդունված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2004 թվականի հունիսի 12-ին, ունեին հետևյալ բովանդակությունը:

191. 1-ին կետով նախատեսվում էր, որ կարգապահական տույժի կարգով զինծառայողներին մեկուսացնելու համար ստեղծվում է հատուկ շինություն` կարգապահական մեկուսարան, որը կարող է լինել կայազորային կամ զորամասային:

192. 2-րդ կետով նախատեսվում էր, որ կարգապահական մեկուսարանում, բացի կարգապահական կարգով մեկուսացված զինծառայողներից, կարող են պահվել նաև օրենքով սահմանված կարգով ձերբակալված զինծառայողները:

193. Վերը նշված փոփոխությունները կատարելուց հետո, 1-ին և 2-րդ կետերով նախատեսվում է, որ և՛ ձերբակալված և՛ կալանավորված զինծառայողները կարող են պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում, սակայն 72 ժամից ոչ ավելի ժամկետով:

194. 6-րդ կետով նախատեսվում էր, որ կարգապահական կարգով մեկուսացվածները մեկուսարան են ուղևորվում մեկուսացման գրությամբ:

195. 12-րդ հոդվածով նախատեսվում էր, որ կայազորի մեկուսարան են ընդունվում կարգապահական մեկուսարանի պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պահակախմբի պետի կողմից, իսկ զորամասային մեկուսարան են ընդունվում զորամասի հերթապահի միջոցով:

196. 13-րդ հոդվածով նախատեսվում էր, որ մեկուսարանի պետը կամ զորամասի հերթապահը զինվորներին ընդունելիս նրանց մոտ ստուգում է իրերի առկայությունը, անցկացնում է անձնական զննում, պահպանման է վերցնում գոտեփոկերը և այն իրերը կամ արժեքները, որոնք խցում պահել չի թույլատրվում, ինչպես նաև ծառայողական փաստաթղթերը` դրանք պահպանելու և մեկուսացման գրության մեջ պարունակվող բոլոր տվյալները մեկուսացվողների գրքում և անվանացուցակում գրառելու համար: 13-րդ կետում այնուհետև ներառված են այդ փաստաթղթերի նմուշները, ինչպիսիք են մեկուսացվողների անվանացուցակը, կարգապահական մեկուսարանում պահվողների գիրքը և մեկուսացվածների ընդունման ստացականը:

197. Մեկուսացվողների անվանացուցակը ներառել է այնպիսի բաժիններ, ինչպիսիք են մեկուսացվողի զինվորական կոչումը և անունը, այն խուցը, որտեղ պետք է նա պահվի, մեկուսացվելու և ազատելու ժամանակը, ինչպես նաև կարգապահական մեկուսարանի պետի կամ զորամասի հերթապահի ստորագրությունը:

198. Կարգապահական մեկուսարանում պահվողների գիրքը ներառել է այնպիսի բաժիններ, ինչպիսիք են մեկուսացվածի զինվորական կոչումը և անունը, զորամասի անվանումը կամ համարն, ու՞մ կողմից է մեկուսացվել և ինչ հիմքով, մեկուսացման ժամկետը, այն խուցը, որտեղ պետք է նա պահվի, մեկուսացման և ազատման ժամանակը, ինչպես նաև մեկուսացման ժամանակ բռնագրավված իրերի, փաստաթղթերի և դրամի ստանալը հավաստող ստորագրությունը:

199. Մեկուսացվածների ընդունման ստացականը ներառել է այնպիսի բաժիններ, ինչպիսիք են մեկուսացվածի զինվորական կոչումը և անունը, նրա ստորագրությունը, նրա ընդունման ժամանակը, նրա մնալու ժամկետը, ինչպես նաև կարգապահական մեկուսարանի պետի կամ զորամասի հերթապահի ստորագրությունը:

 

Զ. ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1015 որոշումը` ՀՀ արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին

 

200. Համաձայն սույն Որոշման` Արդարադատության նախարարության համակարգում ստեղծվել է քրեակատարողական ծառայություն, որին ենթակա են նախկինում Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր քրեակատարողական հիմնարկները (կալանավորվածներին պահելու վայրերը և ուղղիչ հիմնարկները): Որոշումը ներառում է բոլոր այդպիսի հիմնարկների ցանկը, որոնք չեն ներառում թիվ 10724 զորամասը:

 

Է. «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը (ուժի մեջ է եղել 2003 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2005 թվականի օգոստոսի 27-ը)

 

201. 2-րդ հոդվածով սահմանվում էր, որ քրեակատարողական ծառայությունը գործում էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

202. 5-րդ հոդվածով սահմանվում էր, որ քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից մեկը օրենքով սահմանված հիմքերով և կարգով անձանց կալանքի տակ պահելն էր:

203. 6-րդ հոդվածով սահմանվում էր, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն էր, որը ղեկավարում և վերահսկում էր քրեակատարողական հիմնարկները:

204. 8-րդ հոդվածով սահմանվում էր, որ քրեակատարողական հիմնարկները ներառել են կալանավորվածներին պահելու վայրերը և ուղղիչ հիմնարկները:

 

Ը. Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը

 

205. Սույն գործին չառնչվող մեկ այլ գործով Սահմանադրական դատարանն ուսումնասիրել է Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածի սահմանադրականության հարցը: Սահմանադրական դատարանը, inter alia, գտել է, որ այդ դրույթով, ի տարբերություն պետական մարմնի «որոշումների և գործողությունների», նրա «անգործությունը» դատարանում վիճարկելու հնարավորության մասին հստակ շարադրված չէր, և որ այդ հնարավորությունը ստեղծվել էր միայն ներպետական գործելակերպի միջոցով: Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ այդ դրույթով սահմանված` մինչև դատարան դիմելն առաջինը դատախազին դիմելու և վերջինիս կողմից այդ բողոքները մերժվելուց հետո միայն դատարան դիմելու պահանջով չհիմնավորված սահմանափակում է դրվել դիմումատուի` դատարանի մատչելիության [իրավունքի] վրա, և հետևաբար այն ոչ սահմանադրական էր:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
17.03.2016
N 36894/04
Վճիռ