Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԿԴ3/0019/12/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ3/0019/12/17

 

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

              նախագահությամբ              Ս. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

              քարտուղարությամբ            Մ. Պետրոսյանի

 

              մասնակցությամբ` դատախազ     Մ. Սողոմոնյանի

 

2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Հայկ Հակոբի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Հակոբի Հարությունյանին պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հոկտեմբերի 30-ին որոշել է Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ դատախազ Մ.Սողոմոնյանի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

4. Դատապարտյալ Հ.Հարությունյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2017 թվականի սեպտեմբերի 22-ին, այդ որոշմամբ պարզաբանվել է, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից տասնօրյա ժամկետում (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 108-112):

5. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի դատական ակտը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ վերաքննիչ բողոքը բերվել է 2017 թվականի հոկտեմբերի 9-ին:

6. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ «(...) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բողոքարկվող որոշումը գործն ըստ էության չլուծող դատական ակտ է, որը հրապարակվել է 2017 թվականի սեպտեմբերի 22-ին, իսկ դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 24:00-ին (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածը):

Սույն դատական գործի նյութերից երևում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Մ.Սողոմոնյանը հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 2017 թվականի հոկտեմբերի 9-ին, այսինքն` վերաքննիչ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ:

Բողոքի հեղինակը թեև ակնարկել է, որ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումն իրեն հասու է դարձել 2017 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն համապատասխան միջնորդություն չի ներկայացրել և որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարց չի բարձրացրել ինչպես այդ դատական ակտը կայացրած դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի առջև:

Վերը նշվածի հիման վրա, ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 150 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում արձանագրված պարզաբանման հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի` դատապարտյալ Հ.Հարությունյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ բերված սույն վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով:

(...)» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 141-143):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավացիորեն Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբ է դիտել որոշումը հրապարակելու օրը` 2017 թվականի սեպտեմբերի 22-ը, այլ ոչ թե այն կողմին հասանելի լինելու օրը:

Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքարկման ժամկետը դատախազի կողմից բաց թողնված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը չի կարող իրավաչափ համարվել, հաշվի առնելով այն, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ դրա դեմ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2017 թվականի հոկտեմբերի 9-ին` այսինքն դատական ակտը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:

8. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատախազ Մ.Սողոմոնյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«Այն դեպքում, երբ (...) բողոքը ժամկետանց է (...), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

ՀՀ սահմանադրական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշման մեջ նշված է հետևյալը` «(...) ելնելով նաև անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների առավել արդյունավետ իրացման երաշխավորվածությունից, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ, որպես ընդհանուր կանոն, այն պարագայում, երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը: Միևնույն ժամանակ, որպես հատուկ կանոն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը բաց թողնելը պայմանավորված չէ անձի կամքով, առաջացել է անձից անկախ պատճառներով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշյալ դեպքերում ներկայացված միջնորդությունը բավարարելը համապատասխան դատական ատյանի պարտականությունն է հանդիսանում:

Ըստ այդմ, սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով /ex jure/`համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով»:

i

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքն առանց քննության է թողնվել ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 24:00-ին, իսկ դատախազ Մ.Սողոմոնյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 2017 թվականի հոկտեմբերի 9-ին, ու թեև բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը ստացել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարց չի բարձրացրել: ՈՒստի և Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա և ՀՀ սահմանադրական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով:

i

12. ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին կայացված թիվ ՍԴՈ-1394 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները`

«(...) ելնելով մարդու իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման ու իրավակիրառական պրակտիկայում առկա հակասական մոտեցումների հաղթահարման անհրաժեշտությունից, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ.

ա/ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա վերադաս դատական ատյան բողոք բերելու համար հիմք պետք է ընդունել օրենքով նախատեսված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման,

բ/ նման պարագայում, երբ բողոքաբերի կողմից հստակ փաստարկված ու հիմնավորված է, որ դատական ակտը դատարանի թերացման արդյունքում օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի` առանց միջնորդության ձևական պահանջի ու դրա հայեցողական քննարկումների,

(...)»:

13. Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի` թիվ ՍԴՈ-1394 որոշման մեջ արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Հայկ Հակոբի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2018
N ԿԴ3/0019/12/17
Որոշում