Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                ԼԴ/0026/11/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0026/11/17

 

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

              նախագահությամբ              Ս. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

              քարտուղարությամբ            Մ. Պետրոսյանի

 

              մասնակցությամբ`             դիմողի ներկայացուցիչ

                                          Ա. Սուքիասյանի

 

2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ դիմող Էդիկ Անատոլիի Թումանյանի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Պ.Գրիգորյանը 2017 թվականի հունիսի 29-ին որոշում է կայացրել թիվ 19200217 քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Նախաքննության մարմնի վերոնշյալ որոշման դեմ Էդիկ Թումանյանի ներկայացրած բողոքը Լոռու մարզի դատախազի` 2017 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ մերժվել է:

Նախաքննության մարմնի և դատախազի վերոնշյալ որոշումների դեմ դիմող Էդիկ Թումանյանի բողոքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ մերժվել է:

Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Էդիկ Թումանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Է.Թումանյանի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Դիմող Էդիկ Թումանյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը հրապարակվել է 2017 թվականի հոկտեմբերի 12-ին, այդ որոշմամբ պարզաբանվել է, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից տասնօրյա ժամկետում (տե՛ս նյութեր, թերթեր 79-81, 90):

Էդիկ Թումանյանը Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը ստացել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին (տե՛ս նյութեր, թերթեր 95-96, 118):

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ դիմող Էդիկ Թումանյանը վերաքննիչ բողոք է բերել (բողոքը փոստին է հանձնել) 2017 թվականի հոկտեմբերի 31-ին (տե՛ս նյութեր, թերթեր 109-116, 119):

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԼԴ/0026/11/17 որոշումը գործն ըստ էության չլուծող դատական ակտ է, որը հրապարակվել է 2017 թվականի հոկտեմբերի 12-ին, իսկ դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 24:00-ին (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածը):

Սույն դատական գործի նյութերից երևում է, որ դիմող Էդիկ Անատոլիի Թումանյանը հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, այսինքն` վերաքննիչ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ:

Բողոքի հեղինակը թեև բողոքին կից ներկայացրել է դատական ակտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստանալու հանգամանքը հավաստող ծրարը, սակայն համապատասխան միջնորդություն չի ներկայացրել և որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարց չի բարձրացրել ինչպես այդ դատական ակտը կայացրած դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի առջև:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«Այն դեպքում, երբ (...) բողոքը ժամկետանց է (...), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

Վերը նշվածի հիման վրա, նաև ՀՀ սահմանադրական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 և 2016 թվականի փետրվարի 9-ի թիվ ՍԴՈ-1254 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների, ինչպես նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 150 որոշմամբ արձանագրված պարզաբանման տրամաբանության հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ ԼԴ/0026/11/17 որոշման դեմ բերված սույն վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով:

(...)» (տե՛ս նյութեր, թերթեր 122-125):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով թույլ է տվել դատական սխալ, որը հիմք է այդ դատական ակտը բեկանելու համար:

Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը կարևորել է որոշման բողոքարկման` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բացակայության հանգամանքը, փոխանակ կարևորելու Էդիկ Թումանյանի խախտված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը: Ընդ որում, վերաքննիչ բողոքին կից ներկայացված է եղել Առաջին ատյանի դատարանի որոշումը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստանալը հավաստող նամակի ծրարը, որով հիմնավորվել է, որ վիճարկվող որոշումը ստացվել է հրապարակման օրվանից 15 օր անց և ստանալուց հետո 4-րդ օրը ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Վճռաբեկ բողոքի հեղինակն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստանալը հավաստող նամակի ծրարը վերաքննիչ բողոքին կից ներկայացնելն ինքնանպատակ չի եղել և դա վկայել է այն մասին, որ բողոք բերողը գիտակցել է իր կողմից ժամկետ բաց թողնելու հանգամանքը և Առաջին ատյանի դատարանից ստացված ծրարը Վերաքննիչ դատարանին ներկայացնելով ցանկացել է ցույց տալ ժամկետն իր կամքից անկախ բաց թողնելու հանգամանքը:

Բողոքի հեղինակը գտնում է, որ վերը նշված հանգամանքի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը պետք է նամակի ծրարը ներկայացնելը համարեր բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությանը փոխարինող (համարժեք) գործողություն:

Բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է առավել մեծ ուշադրություն դարձներ բողոք բերողի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը, իսկ ժամկետի բացթողումը համարեր հարգելի` միջնորդության փոխարեն ներկայացված նամակի ծրարի հիման վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«Այն դեպքում, երբ (...) բողոքը ժամկետանց է (...), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

i

ՀՀ սահմանադրական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշման մեջ նշված է հետևյալը` «(...) ելնելով նաև անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների առավել արդյունավետ իրացման երաշխավորվածությունից, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ, որպես ընդհանուր կանոն, այն պարագայում, երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը: Միևնույն ժամանակ, որպես հատուկ կանոն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը բաց թողնելը պայմանավորված չէ անձի կամքով, առաջացել է անձից անկախ պատճառներով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշյալ դեպքերում ներկայացված միջնորդությունը բավարարելը համապատասխան դատական ատյանի պարտականությունն է հանդիսանում:

Ըստ այդմ, սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով /ex jure/` համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով»:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքն առանց քննության է թողնվել ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 24:00-ին, իսկ դիմող Էդիկ Թումանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, ու թեև բողոքի հեղինակը բողոքին կից ներկայացրել է դատական ակտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստանալու հանգամանքը հավաստող ծրարը, սակայն բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարց չի բարձրացրել: ՈՒստի և Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա և ՀՀ սահմանադրական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին կայացված թիվ ՍԴՈ-1394 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները`

«(...) ելնելով մարդու իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման ու իրավակիրառական պրակտիկայում առկա հակասական մոտեցումների հաղթահարման անհրաժեշտությունից, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ.

ա/ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա վերադաս դատական ատյան բողոք բերելու համար հիմք պետք է ընդունել օրենքով նախատեսված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման,

բ/ նման պարագայում, երբ բողոքաբերի կողմից հստակ փաստարկված ու հիմնավորված է, որ դատական ակտը դատարանի թերացման արդյունքում օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի` առանց միջնորդության ձևական պահանջի ու դրա հայեցողական քննարկումների,

(...)»:

Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի` թիվ ՍԴՈ-1394 որոշման մեջ արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումները`

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Էդիկ Անատոլիի Թումանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2018
N ԼԴ/0026/11/17
Որոշում