Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1432.301018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 30 հոկտեմբերի 2018 թ.

 

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հողային օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2001 թվականի մայիսի 2-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2001 թվականի հունիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 15-ից:

Օրենսգրքի «Հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմքերը» վերտառությամբ 102-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող նորմը սահմանում է.

«Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, հետևյալ հիմքերով`

...

5) հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելը և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելը...»:

Գործի քննության առիթն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հունիսի 15-ի ԱՎԴ2/1791/02/17 գործով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները, վերջիններիս հետ փոխկապակցված օրենսդրության այլ նորմերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Հղումներ կատարելով Սահմանադրության 60-րդ հոդվածի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության նորմերին, վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, դիմողը գտնում է, որ հողի հարկը չվճարելու պատճառաբանությամբ սեփականությունից զրկելը «...պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված նպատակին հասնելու համար` անձի սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտության տեսանկյունից, առկա է առավել բարենպաստ միջոց` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման վերաբերյալ վարույթը»: Դիմողը նաև գտնում է, որ «...Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, ... լիազորված մարմինը պարտավոր է հողի հարկը գանձելու նպատակով ընտրել անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման վերաբերյալ վարույթ հարուցելու հնարավոր իրավաչափ լուծումը և ոչ թե սեփականությունից զրկումը»: Դիմողն այն կարծիքին է, որ «...հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու պատճառաբանությամբ սեփականազրկումը չի կարող արդարացված համարվել, քանի որ այն աղերս չունի հանրության շահի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ, այստեղ առկա չէ արդար հավասարակշռություն հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև, անձի կողմից հողի հարկի չվճարման դեպքում հասարակության ընդհանուր որևէ շահ չի խախտվում...»:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի` վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված սեփականության իրավունքի սահմանափակումը` որպես պատասխանատվության միջոց, «...առավել քան օրինաչափ նպատակ է հետապնդում, ինչպես նաև համաչափ է պետության գոյության անհրաժեշտ պայմանի ու միջոցի առկայությամբ պայմանավորված պետության հատկանիշի` հետևաբար նաև հասարակության բոլոր անդամների հանրային շահերի ապահովման նկատառումների համատեքստում, որը միտված է արդար հավասարակշռություն ապահովել հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների և պաշտպանության միջև»: Հղումներ կատարելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Սահմանադրության մի շարք հոդվածներին, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներ, պատասխանողը եզրահանգում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորմամբ «... ապահովված է ... իրավական տրամաբանության միասնականությունը, քանզի վիճարկվող դրույթով ամրագրված սեփականության իրավունքի սահմանափակման հիմքը բխում է պետության և հասարակության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից և հանդիսանում է հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռվածության ապահովման միջոց, որը ոչ միայն չի զիջում, այլ նաև գերակայում է դիմողի կողմից մատնանշված` Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 9-րդ կետերով ամրագրված դրույթների հետապնդած նպատակին»:

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս պարզել.

- արդյո՞ք Օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված նորմը Սահմանադրության 60 և 78-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում համաչափ միջոց է մասնավոր և հանրային շահերի արդարացի հավասարակշռությունն ապահովելու համար,

- սույն գործով վիճարկվող, ինչպես նաև սեփականության իրավունքի իրացումն ապահովող օրենսդրության այլ նորմերի հետ համակարգային առումով փոխկապակցվածության շրջանակներում լիարժեք երաշխավորվու՞մ է արդյոք անձի` դատական պաշտպանության իրավունքը` ելնելով այն հանգամանքից, որ այդ իրավունքի իրացման արդյունավետությունն ու մատչելիությունն օբյեկտիվորեն պայմանավորված են անձի իրավունքների` այդ թվում նաև սեփականության իրավունքի պաշտպանության իրավական հնարավորությամբ,

- արդյո՞ք հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու դեպքում հողամասի նկատմամբ իրավունքների դատական կարգով դադարելը բխում է անձի` Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի էությունից ու բովանդակությունից:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև` որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն: Այն միջազգային իրավական ամրագրում է ստացել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդված 17-րդ), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Միաժամանակ, հիշյալ արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ մասն արտոնում է օրենքով նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք պայմանավորված են հանրային շահերով կամ անհրաժեշտ են հարկերի, տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ իրավապայմանները ելակետային նշանակություն ունեն ներպետական իրավահամակարգում սեփականության իրավունքի օրենսդրական կանոնակարգման համար:

i

Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

i

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

Այսպիսով, ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը` ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, մասնավորապես.

առաջին` առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի,

երկրորդ` երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,

երրորդ` Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,

չորրորդ` երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում` դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը:

i

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-650, ՍԴՈ-667, ՍԴՈ-669, ՍԴՈ-735, ՍԴՈ-815, ՍԴՈ-901, ՍԴՈ-903, ՍԴՈ-1009, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1189, ՍԴՈ-1203, ՍԴՈ-1210 և այլն) անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, այդ իրավունքի պաշտպանության, հնարավոր սահմանափակման խնդիրներին` իրավական դիրքորոշումներ է արտահայտել սեփականության իրավունքի էության, այդ իրավունքի սահմանափակման, դադարման հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման սահմանադրականության վերաբերյալ` կարևորելով այդ բնագավառում սահմանադրական կարգի սկզբունքներից բխող իրավական միջոցների գործադրման անհրաժեշտությունը, միաժամանակ բացահայտելով սեփականությունից զրկելու սահմանադրական եզրույթի բովանդակությունն ու միջազգային իրավական պրակտիկայում դրա ընկալման և կիրառման փորձը:

Ելնելով սույն գործով դիմումում բարձրացված հարցերի բովանդակությունից և վերջինիս շրջանակներում վերահաստատելով իր արտահայտած դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում գնահատել նաև սեփականության և մասնավորապես` հողի նկատմամբ այդ իրավունքի հնարավոր դադարեցմանն ուղղված իրավական միջոցների համաչափության խնդիրը, կապված հողի հարկի վճարման պարտավորության մասով պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող վճարումների կատարումն ապահովելու հետ:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է գտնում Օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս նախ` այն դիտարկել Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված պարտադիր վճարի տեսակով պայմանավորված պարտականության կատարման, ինչպես նաև` հողի, որպես անշարժ գույքի տեսակ հանդիսացող սեփականության օբյեկտի իրավական կարգավիճակի բովանդակային վերլուծության շրջանակներում, ելնելով ինչպես Քաղաքացիական օրենսգրքի, այնպես էլ Հարկային օրենսգրքի, Հողի հարկի մասին օրենքի իրավակարգավորումների ընդհանուր տրամաբանությունից:

4.2. Օրենսգրքի ինչպես վիճարկվող, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված նույն օրենսգրքի այլ նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ.

- հողն անշարժ գույքի տեսակ է, որը, ինչպես նաև վերջինիս կարգավիճակը (ներառյալ` դրա նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները) օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման (Օրենսգրքի 5-րդ, 53-րդ հոդվածի 1-ին մաս),

- հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը սեփականատիրոջ կողմից իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքն է` օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ (Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մաս, 109-րդ հոդված),

- հողամասի նկատմամբ իրավունքների (այդ թվում` սեփականության իրավունքի) սահմանափակումները սահմանվում են անմիջականորեն` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով (Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մաս),

- սահմանված են հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման և սահմանափակման դեպքերը, այդ թվում` հողամասի վրա դրա սեփականատիրոջ պարտավորություններով պայմանավորված բռնագանձում տարածելիս (Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մաս, ինչպես նաև` 101-րդ, 102-րդ, 103-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածներ),

- սահմանված են հողամասերի սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում կապված` պարտադիր վճարումների կատարման հետ (Օրենսգրքի 109 և 110-րդ հոդվածներ, ինչպես նաև` 110-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ, 111 և 112-րդ հոդվածներ):

Հողամասի նկատմամբ որպես հարկման օբյեկտով պայմանավորված իրավունքների իրացման և պարտականությունների կատարման առնչությամբ` Հողի հարկի մասին օրենքի, Քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաև Հարկային օրենսգրքի իրավակարգավորումների համադրված վերլուծությունն իր հերթին, վկայում է, որ.

- հողի հարկը որպես պարտադիր վճար վճարվում է ինչպես հողի սեփականատերերի, այնպես էլ` պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողների կողմից որոշակի չափով ու կարգով (Հողի հարկի մասին օրենքի 1-ին, 2-րդ, 3-9-րդ հոդվածներ),

- ինչպես և հարկման այլ օբյեկտների դեպքում, նախատեսված են հողի հարկի վճարման արտոնություններ (Հողի հարկի մասին օրենքի 10 և 11-րդ հոդվածներ),

- սահմանված են հողի հարկը պետական և համայնքային բյուջեներ վճարելու ընդհանուր կարգն ու պայմանները (Հողի հարկի մասին օրենքի 4-րդ գլուխ),

- նախատեսված են հողի հարկի վճարման գծով խախտումների համար պատասխանատվության և դրանից ազատելու ընդհանուր սկզբունքները (Հողի հարկի մասին օրենքի 18-րդ հոդված):

Այսպիսով, համադրելով Օրենսգրքի վերոթվարկյալ կարգավորումները` գույքային, սեփականության իրավունքի, պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերություններ կարգավորող Քաղաքացիական օրենսգրքի և Հողի հարկի մասին օրենքի համապատասխան նորմերի հետ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հողամասը լինելով քաղաքացիական իրավունքների օբյեկտ և անշարժ գույքի տեսակ (Քաղ. օր.-ի 132 և 134-րդ հոդվածներ) հետևաբար նաև` հարկման օբյեկտ (Հարկային օրենսգրքի 10-րդ հոդված), օժտված է նույնպիսի ընդհանուր իրավակարգավիճակով, ինչպիսին սահմանված է սեփականության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի այլ տեսակների համար` այն առանձնահատկություններով, որոնք նախատեսված են Հողային օրենսգրքով: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ նորմատիվ կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը, մասնավորապես` հողի հարկի վճարման պարտականության մասով, օբյեկտիվորեն միտված է Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի իրավական պատվիրանի կատարմանը և սկզբունքային տարբերակում չի նախատեսում:

4.3. Անդրադառնալով Օրենսգրքի 102-րդ հոդվածի վիճարկվող և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի այլ նորմերով նախատեսված իրավակարգավորումներին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 20-րդ գլխում` հողամասերի նկատմամբ իրավունքների դադարման գործող կարգի հիմքում դրված է այն հայեցակարգը, համաձայն որի.

- հստակեցված են իրավաբանական փաստի ուժով դատական կարգով հողամասերի նկատմամբ անձանց սեփականության իրավունքի դադարման հիմքերը, այդ թվում` հողամասի վրա դրա սեփականատիրոջ պարտավորություններով բռնագանձում տարածելիս (100-րդ հոդվածի 1-ին մաս, նույն մասի 8-րդ կետ, 101-րդ հոդված),

- սահմանված են դատական կարգով հողամասերի նկատմամբ անձանց սեփականության իրավունքի հարկադիր դադարման հիմքերը (102-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածներ), այդ թվում` սույն գործով վիճարկվող հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հիմքով (102-րդ հոդվածի 5-րդ կետ):

Այսպիսով, ի տարբերություն հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման վերոթվարկյալ ընդհանուր այլ հիմքերով նախատեսված ընթացակարգերի, վիճարկվող նորմն իր իրավական բովանդակությամբ որպես սեփականության իրավունքի դատական կարգով հարկադիր դադարման անառարկելի փաստ է նախատեսում երեք տարվա ընթացքում պետական կամ համայնքային բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունը չկատարելը և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելը, որով անկախ պարտավորությամբ պայմանավորված պարտքի չափից անձն ըստ էության ամբողջությամբ զրկվում է հարկման ենթակա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, բացառվում է հարկային պարտավորության կատարման հնարավորությունը տվյալ անձի սեփականություն հանդիսացող այլ գույքի (շարժական, անշարժ) հաշվին` վերջինիս վրա բռնագանձում տարածելու կամ հարկային պարտավորության կատարումը պատշաճ վարչարարությամբ օրենքով նախատեսված կարգով ապահովելու միջոցով:

4.4. Անդրադառնալով հարկերի վճարումն ապահովելու նպատակով սեփականության իրավունքին միջամտության մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մի շարք գործերով դատարանը կարևորել է պետությունների` այնպիսի օրենքներ ընդունելու և կիրառելու իրավունքը, որն անհրաժեշտ է ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար (մասնավորապես, տե՛ս Gasus Dosier-und Fordertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 60(1): Միաժամանակ, հաստատված նախադեպային իրավունքի շրջանակներում Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ պարագրաֆը պետք է մեկնաբանել նույն հոդվածի 1-ին պարագրաֆում սահմանված սկզբունքի լույսի ներքո: Հետևաբար, միջամտությունը պետք է սահմանի «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև: Այս հավասարակշռության հասնելու նկատառումն արտահայտված է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ամբողջ կառուցվածքում, ներառյալ` երկրորդ պարագրաֆը, համաձայն որի պետք է առկա լինի ողջամիտ հարաբերակցություն կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս նույն տեղում, § 62, ինչպես նաև` National & Provincial Building Society, Leeds Permanent Building Society et Yorkshire Building Society, 117/1996/736/933-935, 23.10.1997, § 80(2): Ըստ դատարանի դիրքորոշման` սահմանելու համար, թե արդյո՞ք այս պահանջը պահպանվել է, անհրաժեշտ է, որպեսզի Պայմանավորվող պետությունը հարկման ոլորտում քաղաքականություն մշակելիս և կիրառելիս ունենա լայն հայեցողության շրջանակ, և դատարանը պետք է հարգի այս հարցերում օրենսդրի գնահատականը, եթե այն զուրկ չէ ողջամիտ հիմքից (տե՛ս Gasus Dosier-und Fordertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 60):

_________________

1) http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57918

2) http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58109

3) http://hudoc.echr.coe.int/eng?i=001-141365

4) http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57418

 

Միկրոինտելեկտ ՍՊԸ-ն ընդդեմ Բուլղարիայի 2014 թվականի մարտի 4-ի վճռում (Microintelect OOD v. Bulgaria, 34129/03, § 36(3), որը վերաբերում է վարչական մարմնի որոշմամբ անձի գույքի` արտադատական կարգով բռնագանձմանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ բռնագանձման իրականացումը վարչական մարմնի կողմից վերահսկողություն է սեփականության օգտագործման նկատմամբ (տե՛ս AGOSI v. the United Kingdom, 24 October 1986, § 51(4), Bowler International Unit v. France, no. 1946/06, § 41, 23 July 2009) և հանդիսանում է հարկերի և տուգանքի վճարման ապահովման միջոց (տե՛ս Gasus Dosier-und Fordertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 59):

Եվրոպական դատարանը նաև նշել էր, որ անձի ունեցվածքի բռնագանձման դեպքում հատկապես կարևորվում է նման որոշման դեմ բողոք բերելու արդյունավետ միջոցների ապահովումը, չնայած Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով ուղղակիորեն նախատեսված չէ նման պահանջ (տե՛ս Microintelect OOD v. Bulgaria, 34129/03, § 44):

Հիմնական եզրահանգումն այն է, որ օրենքով նախատեսված իրավաչափ պարտավորությունների կատարման համար վարչական միջոցների համաչափ գործադրումը չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքի ոտնահարում կամ սեփականությունից զրկում: Էականը` վարչական միջամտության դեմ դատական բողոք բերելու արդյունավետ միջոցի երաշխավորումն է:

4.5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ հողի, ինչպես և անշարժ գույքի մյուս տեսակների տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սույն որոշման 4.2.-րդ կետում արձանագրված` քաղաքացիական իրավունքի օբյեկտների հարկման հիմնական սկզբունքների միասնականությունից բխում է, որ օրենքով պետք է երաշխավորվեն այդ իրավունքների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ ընդհանուր կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ելնելով ինչպես սահմանադրական իրավունքների և ազատությունների իրացման ազատության երաշխավորման անհրաժեշտությունից, այնպես էլ` սահմանադրական պարտականությունների անվերապահ կատարման սահմանադրաիրավական պահանջից: Սույն գործով քննության առարկայի շրջանակներում դա, մասնավորապես, ենթադրում է, որ Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության իրավունքն անշարժ գույքի` այդ թվում հողի նկատմամբ, հարկման հետ կապված հարաբերությունների շրջանակներում պետք է իրացվի ընդհանուր սկզբունքներին համապատասխան: Մասնավորապես, Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին համապատասխան հարկեր (այդ թվում` հողի հարկ), տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելու անձանց պարտականությունը նույն հոդվածի սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակության շրջանակներում ենթադրում է, որ անձն այդ պարտականության կատարման համար, օրենքով նախատեսված որոշ բացառություններով, որպես կանոն, պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով` առանց այդ գույքի առարկայական (սեփականություն հանդիսացող օբյեկտների) տարբերակման, ինչը որպես քաղաքացիական պարտականությունների կատարումն ապահովող իրավակարգավորման ընդհանուր սկզբունք ամրագրված է նաև Քաղաքացիական օրենսգրքի մի շարք նորմերում (60-րդ, 74-րդ, 75-րդ, 77-րդ, 83-րդ, 90-րդ, 95-րդ և այլ հոդվածներ): Միաժամանակ, Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից բխում է, որ անձն օրենքով սահմանված, այդ թվում` հարկային պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու դեպքերում, սեփականությունից կարող է զրկվել բացառապես դատական կարգով` իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ քննության արդյունքում, ինչը ենթադրում է նաև, որ գործի (հարկային պարտավորության խախտման) հանգամանքների բազմակողմ, օբյեկտիվ և լրիվ գնահատմամբ է որոշելի տվյալ անձին պատկանող սեփականություն հանդիսացող գույքի (շարժական, անշարժ) այն տեսակը, որի նկատմամբ կարող է կամ բռնագանձում պետք է տարածվի:

Ելնելով վերոշարադրյալից, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետում նախատեսված նորմը Սահմանադրության 60 և 78-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում համաչափ և արդյունավետ միջոց չէ հանրային իրավահարաբերություններ կարգավորելու համար: Նման իրավակարգավորմամբ լիարժեք հաշվի չեն առնվում արդար դատաքննության շրջանակներում տվյալ հողամասի սեփականատեր հանդիսացող անձի` իր հարկային պարտավորության կատարման հետ կապված օբյեկտիվ կամ այլ հանգամանքների լրիվ ու բազմակողմ ուսումնասիրման և գնահատման անհրաժեշտությունը կամ այդ պարտավորության կատարումը սեփականություն հանդիսացող այլ գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով ապահովելու հնարավորությունը, լիարժեք չի երաշխավորվում անձի` արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, ինչը սույն գործով դիմողի ներկայացրած փաստարկների շրջանակներում հիմնավոր է: Այդ իրավունքի իրացման արդյունավետությունն ու մատչելիությունն օբյեկտիվորեն պայմանավորված է անձի իրավունքների, այդ թվում նաև` սեփականության իրավունքի պաշտպանության լիարժեք իրավական հնարավորությամբ, ինչն էական է ոչ միայն հանրային, այլև` մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման արդյունավետության ապահովման շրջանակներում: Հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հիմքով հողամասի նկատմամբ իրավունքների դատական կարգով անվերապահ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ իրավակարգավորումը չի բխում անձի` Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի էությունից ու բովանդակությունից, ինչպես նաև` այդ իրավունքի պաշտպանությունը երաշխավորելու հանրային իշխանության սահմանադրաիրավական հանձնառության էությունից, հետևաբար և միտված չէ արդար հավասարակշռություն ապահովել հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև: Հողի հարկի` որպես պարտադիր վճարի, կամավորության հիմքով պարտավորության չկատարումն ինքնին օբյեկտիվորեն հանգեցնում է պետության կողմից դրա իրավական հարկադրանքի միջոցով պարտքի գանձմանը, որն իրավաչափ է, հետապնդում է Սահմանադրությամբ հետապնդվող նպատակ, սակայն, Սահմանադրության 60-րդ հոդվածի համատեքստում չի կարող դիտարկվել որպես սեփականությունից զրկում, ինչը կառուցակարգային առումով մասամբ իրացված է օրինակ, Օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ կետում, համաձայն որի` հողամասի վրա բռնագանձում կարող է տարածվել պայմանավորված դրա սեփականատիրոջ պարտավորություններով:

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջների համատեքստում վիճարկվող դրույթում ամրագրված սեփականության իրավունքի դադարման հիմքն անմիջականորեն չի բխում պետության և հասարակության` անձի սեփականության իրավունքի հանդեպ գերակայող շահերի ապահովման անհրաժեշտությունից և անհրաժեշտ միջոց չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված նպատակին հասնելու համար, համարժեք չէ սահմանափակվող իրավունքի նշանակությանը, արդարացի միջոց չէ հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից: Հողի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարեցումը` հողօգտագործումից բխող հարկային պարտավորությունների չկատարման հիմքով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, այնպիսի ծայրահեղ միջոց է, որը պետք է կիրառվի պետության և հասարակության գերակա շահերով պայմանավորված նպատակին հասնելու բոլոր պիտանի և անհրաժեշտ իրավական այլ միջոցները սպառելու դեպքում: Մասնավորապես, հողի հարկի վճարման պարտականության չկատարումը կարող է հիմք հանդիսանալ հողի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարման, եթե այլ կերպ, այդ թվում` հարկատու անձի սեփականություն հանդիսացող այլ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու արդյունքում, հարկային այդ պարտավորության կատարումը հարկային պարտքին համարժեք չի ապահովվել: Վերջինս կարևոր է նաև հողի նկատմամբ բռնագանձում տարածելիս և (կամ) վերոհիշյալ հիմքով հողի նկատմամբ սեփականության իրավունքը հարկադիր դադարեցնելիս, քանի որ չի կարող գույքի, այդ թվում` հողի բռնագանձվող մասը, կամ` ամբողջությունը գերազանցել հարկային պարտավորության չկատարման արդյունքում պետական կամ համայնքային բյուջեներ վճարման ենթակա պարտքի (գումարի) չափը:

Հետևաբար, օրենսդրի պարտականությունն է, ելնելով Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից, ինչպես նաև` Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջից, հողի հարկի վճարման պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովող նորմատիվ կարգավորումներ սահմանելիս երաշխավորել արդյունավետ ընթացակարգեր` մի կողմից սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության, մյուս կողմից` անհրաժեշտության դեպքում, պետական կամ համայնքային բյուջեի նկատմամբ հողի հարկի վճարման պարտավորության կատարումը պատշաճ վարչարարության շրջանակներում ապահովելու և հարկատուի սեփականություն հանդիսացող այլ գույքի նկատմամբ դատական կարգով արդարացի ու հարկային պարտավորությանը համարժեք բռնագանձում տարածելու եղանակով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը ճանաչել Սահմանադրության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1432

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.10.2018
N ՍԴՈ-1432
Որոշում