Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0258/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0258/01/16

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

դատավորներ` Ռ. Մխիթարյան

Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ`

                   ամբաստանյալ                Գ. Սարգսյանի

 

2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Գագիկ Գուրգենի Սարգսյանի պաշտպան Մարինե Թովմասյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 15129216 քրեական գործը:

2016 թվականի սեպտեմբերի 27-ին Գագիկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

2016 թվականի հոկտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճռով Գ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով` շինարարական գործունեությամբ զբաղվելիս ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Գ.Սարգսյանի պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճիռը թողել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ.Սարգսյանի պաշտպան Մ.Թովմասյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա, 2006թ. նոյեմբերի 13-ից աշխատելով «Հորիզոն-95» ՍՊ ընկերությունում` որպես ավագ աշխղեկ և աշխատանքային պայմանագրով ստանձնած լինելով աշխատանքային և արտադրական կարգապահության, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովության պահանջների, անվտանգության տեխնիկական պահանջների պահպանման և վերահսկման, աշխատողների անվտանգության ապահովման հնարավոր ռիսկի գնահատման պարտականություն, կրելով աշխատողների աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ անմիջական պատասխանատվություն, չի պահպանել անվտանգության տեխնիկայի ընդհանուր կանոնները, խախտել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 01.10.2001թ. «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» թիվ 82 հրամանով հաստատված «ՍՆԻՊ lll-4-80 *` Շինարարությունում տեխնիկայի անվտանգության» շինարարական նորմերի` «Շինարարական հրապարակի, աշխատանքային տեղամասի և աշխատատեղի կազմակերպում» 2-րդ գլխի 2.5 * և 2.26 * կետերի, նույն նորմատիվ ակտի 1.11 * կետի պահանջները, «Հորիզոն-95» ՍՊ ընկերության հյուսն Լյովա Վիլհելմի Խաչատրյանի արտադրական վտանգավոր գործոններով օժտված աշխատավայրը` փայտամածը, նախապաշտպանական պաշտպանիչ, ազդանշանային կամ ժամանակավոր փակոցներով չի կահավորել, Լ.Խաչատրյանին նախապաշտպանական անվտանգության գոտիներով, ինչպես նաև պաշտպանիչ սաղավարտով չի ապահովել, ինչի հետևանքով 2016թ.հուլիսի 07-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Լ.Խաչատրյանը Երևանի Ամիրյան 1 հասցեում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի հետնամասում գտնվող կիսակառույց շինության վրա փայտամածի կառուցման շինարարական աշխատանքներ կատարելիս փայտամածից վայր է ընկել և ստանալով փակ գանգուղեղային վնասվածք` մահացել» (1):

_________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 150-152:

 

5.1 Պաշտպան Մ.Թովմասյանի հարցմանն ի պատասխան` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ա.Ղուլարյանը` 2016 թվականի հոկտեմբերի 7-ի գրությամբ հայտնել է, որ. «(...) ՍՆԻՊ III-4-80 * «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» շինարարական նորմերը Հայաստանի Հանրապետությունում չեն մշակվել և ներկայումս նշված նորմերի հայկական տարբերակը գոյություն չունի: [Դրանք] հանդիսանում [են] նախկին ԽՍՀՄ նորմեր:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՍՆԻՊ III-4-80 * «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» շինարարական նորմերը փոխարինել են 1970 թվականի ՍՆԻՊ III-A-II.70 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» նորմերին և հաստատվել ԽՍՀՄ Պետշինի 1980 թվականի հուլիսի 9-ի թիվ 82 հրամանով» (2):

__________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 104:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Գնահատելով դատաքննությամբ հետազոտված վերոնշյալ ապացույցները` Դատարանը հաստատված համարեց այն, որ ամբաստանյալ Գագիկ Սարգսյանը, հանդիսանալով տեխնիկայի անվտանգության կանոնները պահպանելու համար պատասխանատու անձ, խախտել է այդ կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է տուժող Ա.Խաչատրյանի մահ, այսինքն` կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, հետևաբար` նա քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է այդ հոդվածի վերոնշյալ մասով:

(...)

Դատարանը նաև փաստում է, որ «ՍՆԻՊ lll-4-80 *` Շինարարությունում տեխնիկայի անվտանգության» շինարարական նորմերը, որոնք ձևավորվել էին դեռևս ԽՍՀՄ օրոք և գործել նաև ՀԽՍՀ տարածքում, հաստատվել են Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, ՀՀ քաղաքաշինության նախարարության 2001թ. հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» թիվ 82 հրամանով, հետևաբար` կիրառելի են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` նաև քննվող դեպքի ժամանակահատվածում: Նման պայմաններում իբր իրավական ուժը կորցնելու փաստարկով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ պաշտպանական կողմի վիճարկումներն անհիմն են և մերժման ենթակա» (3):

_________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 105-113:

 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Դատաքննությամբ և գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա վերլուծելով գործի փաստական տվյալները, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Գագիկ Սարգսյանի կողմից կատարված հանցանքը հիմնավորված և նրա մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է ճիշտ հետևության և հաստատված է համարել Գագիկ Սարգսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, իսկ պաշտպանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները հերքվում են նաև հետևյալով:

(...)

- Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N 351 որոշման հիման վրա ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված (ընդունված) հանրապետական, ինչպես նաև միջազգային շինարարական նորմերը, որի մեջ ներառված է նաև «ՍՆԻՊ lll-4-80 *` - անվտանգության տեխնիկան շինարարությունում»:

Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վերոգրյալ շինարարական նորմերի խախտման համար, որոնք նորմատիվատեխնիկական բնույթի են, դրանք որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես նախկին ԽՍՀՄ օրենքներ կամ իրավական ակտեր, որոնց գործունեությունը 2006 թվականի հունիսի 28-ի ՀՀ օրենքով դադարեցվել է, առավել ևս, որ այդ նորմերը ՀՀ քաղաքաշինության նախարարի N 82 հրամանով ներառվել են ՀՀ տարածքում գործող քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկում և այն գործում է նաև ներկայումս (...)» (4):

____________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 42-65:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 13-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որոնց պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

8.1 Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Գ.Սարգսյանի կողմից կատարված արարքը հանցագործություն չէ, քանի որ այն սահմանված չէ «օրենքով»: Այսպես` բողոք բերած անձը, հղում կատարելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին և վերջինիս վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք գործերով արտահայտած իրավական դիրքորոշումներին, հայտնել է, որ Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՍՆԻՊ կանոնների խախտման համար, որոնք ձևավորվել են այլ պետությունում, կազմվել են օտար լեզվով, օրենքով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում չեն հրապարակվել և իրավական նորմի հատկանիշներ ձեռք չեն բերել: Նման պայմաններում բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանները կիրառել են ՍՆԻՊ կանոնները` որպես իրավունքի նորմ, որոնք կիրառման ենթակա չեն եղել, քանի որ այդ կանոնները չեն համապատասխանել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության որակական հատկանիշներին:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ` ճանաչելով և հռչակելով Գ.Սարգսյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Գագիկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու մեջ մեղավոր ճանաչելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել (...)»:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի» 7-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:

(...)»:

12. Վերոնշյալ իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ. «(...) Անձին հանցագործություն (հանցագործություններ) կատարելու մեջ մեղավոր ճանաչելու և այդ հանցագործության (հանցագործությունների) համար պատիժ նշանակելու միակ հիմքն է կատարման պահին նրա արարքն օրենքով հանցագործություն համարվելը և այդ հանցագործության համար պատիժ նախատեսված լինելը: Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով:

(...) «Չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է» (5):

____________________

5) Տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 13-րդ կետը:

 

Զարգացնելով Վ.Ավետիսյանի գործով արտահայտված վերոհիշյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Դ.Սիմիդյանի գործով նշել է. «(...) Միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (...): Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է «օրենք» հասկացությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը (...): Որակական այս պահանջները պետք է ապահովվեն ինչպես հանցագործության, այնպես էլ դրա համար պատժի նշանակման ժամանակ (...): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար (...):

(...) Օրենքի` իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար պատիժը, իսկ դատարանների խնդիրն է` օրենսդրի կողմից սահմանված արարքի էությանը համապատասխան մեկնաբանել նորմերը` ապահովելով դրանց համապատասխանությունը զարգացող հասարակական հարաբերություններին: (...)» (6):

___________________

6) Տե՛ս Դավիթ Սիմիդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշման 16-18-րդ կետերը:

 

12.1 Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Հ.Գրիգորյանի և Է.Սարիբեկյանի գործով արձանագրել է. «Արարքի հանցավորությունն ու պատժելիությունն իրավական որոշակիության չափանիշին համապատասխանող «օրենքով» նախատեսելու պահանջն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է, որն ունի հիմնարար նշանակություն` անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս օրինականության սկզբունքն ապահովելու համար: Հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ) ամրագրող այդպիսի օրենքը մի կողմից ապահովում է դրանում ամրագրված պահանջների հասցեագրումը համապատասխան վարքագծի դրսևորման ակնկալիք ունեցող անձանց, մյուս կողմից` բացառում է կամայականորեն քրեական հետապնդման ենթարկվելու ցանկացած հնարավորություն` երաշխավորելով օրենքի միատեսակ կիրառությունը սահմանված նորմատիվ պահանջներին հակասող վարքագիծ դրսևորող անձի նկատմամբ:

Այսինքն` նշված սկզբունքի ներքո իրավական պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել որդեգրած քրեական քաղաքականության արտացոլումն այնպիսի «օրենքում», որում նկարագրված կանոնները և դրանց խախտման դեպքում վրա հասնող իրավական հետևանքները բովանդակային առումով այնքան որոշակի կլինեն, որ հնարավորություն կտան իրավունքի հիմնական կրողին դրսևորելու սահմանված պահանջներին համապատասխանող վարքագիծ: Վերջինս կարող է ապահովված լինել «իրավական որոշակիության» երկու բաղադրիչներին, այն է` «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին համապատասխանող «օրենքի» առկայության պարագայում, որոնք ունեն հետևյալ բովանդակային նշանակությունը.

- «օրենքի» համապատասխանությունը «հասանելիության» չափանիշին պարզելիս անհրաժեշտ է գնահատել, թե այն օրենքը, որով սահմանված պահանջների խախտումը մեղսագրվում է անձին, արդյո՞ք եղել է պատշաճ կերպով հրապարակված, ողջամտորեն հասանելի, թե ոչ: Այսինքն` «օրենքը» կարող է համապատասխանել հասանելիության չափանիշին, եթե այն, պետական իշխանությունների կողմից լինելով հրապարակված, նվազագույն ջանքերի գործադրմամբ եղել է հասանելի: Որպես այդպիսին, «օրենքը» կարող է հրապարակվել ինչպես դրա տպագիր տարբերակն անձանց հասանելի դարձնելու, այնպես էլ դրա առցանց տարբերակը համապատասխան պաշտոնական էլեկտրոնային հարթակներում տեղադրելու միջոցով (տե՛ս mutatis mutandis Kokkinakis v. Greece գործով Եվրոպական դատարանի` 1993 թվականի մայիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 14307/88, 40-րդ կետ; G. v. France գործով Եվրոպական դատարանի` 1995 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 15312/89 գանգատը, 25-րդ կետ; Korbely v. Hungary GC գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 9174/02, 74-75-րդ կետեր),

- «օրենքի» համապատասխանությունը «կանխատեսելիության» չափանիշին պարզելիս անհրաժեշտ է գնահատել, թե այն օրենքը, որով սահմանված պահանջների խախտումը մեղսագրվում է անձին, արդյո՞ք բովանդակային առումով ողջամտորեն ընկալելի է եղել անձանց համար: Այլ կերպ` արդյո՞ք քրեական պատասխանատվության ենթարկվող սուբյեկտը, տեղեկանալով «օրենքով» նախատեսված պահանջների մասին, ծանոթանալով դրանց վերաբերյալ նորմատիվ վարքագծի կանոնների բովանդակությանը, դրանց վերաբերյալ տրված դատական մեկնաբանություններին և անհրաժեշտության դեպքում` ստանալով համապատասխան իրավական խորհրդատվություն, կարող էր կանխատեսել, թե որ գործողության/անգործության դրսևորումը կհանգեցնի քրեական պատասխանատվության և պատժի նշանակմանը: Այդ հանգամանքը պարզելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան կանոններն ամրագրող փաստաթղթի բովանդակությունը, ոլորտը, որի կարգավորմանն ուղղված է այդ փաստաթուղթը, ինչպես նաև այն անձանց շրջանակն ու կարգավիճակը, որոնց հասցեագրված է այն (տե՛ս mutatis mutandis Cantoni v. France գործով Եվրոպական դատարանի` 1996 թվականի նոյեմբերի 11-ի վճիռը, գանգատ թիվ 17862/91, 29-րդ կետը; Mkrtchyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի` 2007 թվականի հունվարի 11-ի վճիռը, գանգատ թիվ 6562/03, 39-րդ կետը; Kafkaris v. Cyprus GC գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի փետրվարի 12-ի վճիռը, գանգատ թիվ 21906/04, 140-րդ կետը; Kononov v. Latvia GC գործով Եվրոպական դատարանի` 2010 թվականի մայիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36376/04, 235-րդ կետը; Del Rio Prada v. Spain GC գործով Եվրոպական դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 42750/09, 79-րդ կետը):

(...) Վերոնշյալ չափանիշների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս «օրենքը», լինելով «հասանելի» և «կանխատեսելի», պետք է հնարավորություն ընձեռի այդ օրենքի հասցեատիրոջը գիտակցելու իր իրավունքների և ազատությունների իրացման թույլատրելի շրջանակները, հարմարեցնելու իր վարքագիծն այդ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին և գնահատելու իր վարքագծի իրավաչափությունը` կանխատեսելով ոչ իրավաչափ վարքագծի դրսևորելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշվածը վերաբերում է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած նկարագրական դիսպոզիցիայով ամրագրված հանցագործության պարտադիր և լրացուցիչ հատկանիշներին, այնպես էլ բլանկետային դիսպոզիցիայով նկարագրված հանցագործության հատկանիշները բացահայտող այլ իրավական ակտերի նորմերին, որոնց պահանջների խախտումը ևս հանգեցնում է քրեական պատասխանատվության: Միայն այդ դեպքում անձի համար կարող է երաշխավորվել իր իրավունքների և ազատությունների իրացման դիսպոզիտիվության թույլատրելի շրջանակներն ընկալելու հնարավորությունը: Հակառակ պարագայում այն իրավական նորմը, որի ենթադրյալ խախտումը մեղսագրվում է անձին, չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանի իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չի լինի բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (տե՛ս Վարդան Ղազարյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշման 20-րդ կետը, ՀՀ սահմանադրական դատարանի` 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ 630 որոշման 11-րդ կետը, 2015 թվականի հունիսի 9-ի թիվ ՍԴՈ-1213 որոշման 9-րդ կետը)» (7):

_______________

7) Տե՛ս Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշման 14-15-րդ կետերը:

 

13. ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն` «1. Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն` պատժվում է (...):

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է (...)»:

Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Ա.Մանուկյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Աշխատողի անվտանգությունը և առողջությունն աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգ է, և պետությունը պարտավոր է`

ա) սահմանել աշխատողի անվտանգության և առողջության պահպանման իրավական կանոններ` ամրագրելով դրանք օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով,

բ) նախատեսել համապատասխան քաղաքացիական, վարչական, քրեական սանկցիաներ, որոնք կոչված են կանխելու աշխատողի անվտանգության և առողջության պահպանման կանոնների խախտումները:

Շարադրված վերլուծության հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը այն հասարակական հարաբերություններն են, որոնք ուղղված են մարդու` անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքի ապահովմանը, իսկ լրացուցիչ օբյեկտ են հանդիսանում մարդու կյանքը և առողջությունը:

(...)

ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն օբյեկտիվ կողմից բնութագրվում է ինչպես գործողությամբ, այնպես էլ անգործությամբ, որը դրսևորվում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելով:

Անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցակազմն առկա է այն դեպքում, երբ`

1) խախտվել են ՀՀ կառավարության, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, հիմնարկների և առանձին գործատուների կողմից սահմանված` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնները,

2) առաջացել են հանրորեն վտանգավոր այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են տուժողի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի կամ մասնագիտական հիվանդության պատճառումը (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մաս) կամ մահվան առաջացումը (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մաս),

3) առկա է պատճառական կապ արարքի (գործողության կամ անգործության) և վրա հասած հետևանքների միջև (...)» (8):

__________________

8) Տե՛ս Ատոմ Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԿԴ/0032/01/12 որոշման 13-14-րդ կետերը:

 

Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Հ.Գրիգորյանի և Է.Սարիբեկյանի գործով փաստել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից հետևում է, որ այն նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով. քրեական պատասխանատվություն նախատեսելով օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման համար` այն չի սահմանում այդ կանոնները և, ըստ այդմ, ենթադրում է հղում նորմատիվ իրավական այլ ակտի (ակտերի), որը պետք է ամրագրի դրանք: Դրանից հետևում է, որ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել դրանք սահմանող համապատասխան նորմատիվ իրավական ակտերի օգնությանը, որոնք պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի` (...) «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին» (9):

_________________

9) Տե՛ս Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշման 17-րդ կետը:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չի պահպանել անվտանգության տեխնիկայի ընդհանուր կանոնները, խախտել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 01.10.2001թ. «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» թիվ 82 հրամանով հաստատված «ՍՆԻՊ lll-4-80 *` Շինարարությունում տեխնիկայի անվտանգության» շինարարական նորմերի` «Շինարարական հրապարակի, աշխատանքային տեղամասի և աշխատատեղի կազմակերպում» 2-րդ գլխի 2.5 * և 2.26 * կետերի, նույն նորմատիվ ակտի 1.11 * կետի պահանջները, ինչի հետևանքով 2016 թվականի հուլիսի 7-ին` ժամը 11: 00-ի սահմաններում, Լ.Խաչատրյանը Երևանի Ամիրյան 1 հասցեում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի հետնամասում գտնվող կիսակառույց շինության վրա փայտամածի կառուցման շինարարական աշխատանքներ կատարելիս փայտամածից վայր է ընկել և ստանալով փակ գանգուղեղային վնասվածք` մահացել (10):

________________________

10) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով դատական ակտում հաստատված է համարել, որ Գ.Սարգսյանը, հանդիսանալով տեխնիկայի անվտանգության կանոնները պահպանելու համար պատասխանատու անձ, խախտել է այդ կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է տուժող Ա.Խաչատրյանի մահ, հետևաբար նա ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի: Միևնույն ժամանակ, դատարանը փաստել է, որ «ՍՆԻՊ lll-4-80 *` Շինարարությունում տեխնիկայի անվտանգության» շինարարական նորմերը, որոնք ձևավորվել էին դեռևս ԽՍՀՄ օրոք և գործել նաև ՀԽՍՀ տարածքում, հաստատվել են Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, ՀՀ քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» թիվ 82 հրամանով, հետևաբար կիրառելի են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` նաև քննվող դեպքի ժամանակահատվածում (11):

__________________

11) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին, հաստատված համարելով Գ.Սարգսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, հայտնել է, որ պաշտպանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները հերքվում են նաև այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N 351 որոշման հիման վրա ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված (ընդունված) հանրապետական, ինչպես նաև միջազգային շինարարական նորմերը, որի մեջ ներառված է նաև «ՍՆԻՊ lll-4-80 *` - անվտանգության տեխնիկան շինարարությունում» (12):

_______________

12) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Գագիկ Սարգսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել, թե այն նորմատիվ պահանջները, որոնց խախտումը մեղսագրվել է Գ.Սարգսյանին, արդյո՞ք համապատասխանում են իրավական որոշակիության սկզբունքի` «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին:

Մասնավորապես, Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «ՍՆԻՊ lll-4-80 *` - անվտանգության տեխնիկան շինարարությունում» շինարարական նորմերի` «Շինարարական հրապարակի, աշխատանքային տեղամասի և աշխատատեղի կազմակերպում» 2-րդ գլխի 2.5 * և 2.26 * կետերի, նույն նորմատիվ ակտի 1.11 * կետի պահանջները խախտելու համար: Նշված շինարարական նորմերը հաստատվել են ԽՍՀՄ Պետշինի 1980 թվականի հունիսի 9-ի որոշմամբ և ուղղված են եղել նոր հաստատությունների, շենքերի և շինությունների շինարարության, գործող հաստատությունների, շենքերի և շինությունների վերանորոգման, ընդլայնման և տեխնիկական վերազինման ժամանակ շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացման, նոր շինարարական նախագծերի մշակման ոլորտի համակարգմանը: ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» թիվ 82 հրամանով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված (ընդունված) հանրապետական, ինչպես նաև միջպետական շինարարական նորմերը, որում ներառված է նաև «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80 * ՍՆԻՊ-ը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն, որ վերոնշյալ ՍՆԻՊ կանոններն անձանց համար հասանելի եղանակով պաշտոնական որևէ աղբյուրում հրապարակված չեն, այդ կանոնները կարելի է գտնել միայն համացանցային տիրույթում առկա ոչ պաշտոնական կայքէջերում, ինչը չի երաշխավորում դրանց համապատասխանությունը բնօրինակին և առաջացնում է ողջամիտ կասկած դրանցով սահմանված աշխատանքի պաշտպանության կանոնների արժանահավատության վերաբերյալ: Ընդ որում, հարկ է նաև ընդգծել, որ այդ կանոններն ի սկզբանե կազմված են եղել օտար լեզվով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որևէ աղբյուրում: Այդ առումով ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատման չի ենթարկվել նաև ամբաստանյալի պաշտպան Մ.Թովմասյանի կողմից Առաջին ատյանի դատարանին ներկայացված` ՀՀ քաղաքաշինության նախարարություն կատարած հարցման պատասխանն այն մասին, որ «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80 * ՍՆԻՊ կանոնները Հայաստանի Հանրապետությունում չեն մշակվել և հայերեն չեն թարգմանվել (13):

____________________

13) Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:

 

Ավելին` ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2001 թվականի թիվ 82 հրամանը, որով Հայաստանի Հանրապետությունում հաստատվել են «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80 * ՍՆԻՊ կանոնները, ոչ թե ամրագրում է անվտանգության տեխնիկայի նորմեր կամ վերարտադրում այդ կանոնների ամբողջությունը մայր աղբյուրից, այլ ընդամենը կից ցանկում հղում է կատարում ԽՍՀՄ Պետշինի 1980 թվականի հունիսի 9-ի որոշմամբ ընդունված ՍՆԻՊ կանոնների վերնագրերին: Այսինքն` թեև նշված հրամանը հաստատում է ՍՆԻՊ կանոնների գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն այն չի պարունակում ո՛չ այդ կանոնների բովանդակությունը, ո՛չ էլ համապատասխան հղում այդ կանոնները գտնելու պատշաճ աղբյուրին:

Վերոնշյալ հանգամանքների համակցությունը ցույց է տալիս, որ «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80 * ՍՆԻՊ կանոնները պետական իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հրապարակված չլինելու պայմաններում ապահովված չի եղել նվազագույն ջանքերի գործադրմամբ դրանք գտնելու և ընթերցելու հնարավորությունը: ՈՒստի» Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80 * ՍՆԻՊ կանոնները, որոնց խախտումը մեղսագրվում է Գագիկ Սարգսյանին, չեն համապատասխանել «հասանելիության» չափանիշին: Նման պայմաններում դրանք չեն համապատասխանել նաև «կանխատեսելիության» չափանիշին:

Հետևաբար «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80 * ՍՆԻՊ կանոնները չեն կարող համարվել «օրենք», քանի որ դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին: Այդ պայմաններում Գագիկ Սարգսյանին «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ թիվ lll-4-80 * ՍՆԻՊ կանոնների խախտման համար դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (Nullum crimen, nulla poena sine lege) սկզբունքի խախտման:

16. Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու մեջ մեղավոր ճանաչելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գ.Սարգսյանին մեղավոր ճանաչելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 5-րդ և 157-րդ հոդվածների սխալ կիրառում, հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա են բեկանման:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գագիկ Սարգսյանի նկատմամբ պետք է հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:

Նման պայմաններում Գագիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, Գագիկ Գուրգենի Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված անշարժ գույքերի վրա դրված արգելանքը ենթակա է վերացման, իսկ որպես իրեղեն ապացույց ճանաչված սաղավարտը ենթակա է վերադարձման «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գագիկ Գուրգենի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 13-ի որոշումը բեկանել և փոփոխել:

2. Գագիկ Գուրգենի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճել:

3. Գագիկ Գուրգենի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնել:

4. Գագիկ Գուրգենի Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված անշարժ գույքերի վրա դրված արգելանքը վերացնել:

5. Որպես իրեղեն ապացույց ճանաչված սաղավարտը վերադարձնել «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2018
N ԵԿԴ/0258/01/16
Որոշում