Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 179-ՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 179-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԿԴ3/0006/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ3/0006/01/17

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

դատավորներ` Ս. Համբարձումյան

Կ. Ղազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ` դատախազ    Ա. Գասպարյանի

 

2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Գարիկ Նիկոլայի Հայրապետյանի պաշտպան Գայանե Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է թիվ 20184016 քրեական գործը:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Սեդրակյանը 2017 թվականի մարտի 25-ին որոշում է կայացրել Գարիկ Նիկոլայի Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելու մասին:

2017 թվականի ապրիլի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Արագացված կարգով դատական քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի մայիսի 18-ին վճռել է` «Գարիկ Նիկոլայի Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով` Գարիկ Նիկոլայի Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:

(...)

Գարիկ Նիկոլայի Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

(...)»:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 6-ին որոշել է`

«Մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 18-ի դատավճիռը` Գարիկ Նիկոլայի Հայրապետյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, փոփոխել Գ.Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատժի մասով:

Գարիկ Նիկոլայի Հայրապետյանի նկատմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 18-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացնել, և թողնել կրելու պատիժ ազատազրկման ձևով` 5 (հինգ) տարի ժամկետով:

Ամբաստանյալ Գ.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պահպանել` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

(...)»:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Գ.Հայրապետյանի պաշտպան Գայանե Սարգսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունվարի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 25-ի որոշմամբ Գարիկ Նիկոլայի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա «(...) հանդիսանալով «Գարիկ Հայրապետյան» ԱՁ-ի տնօրենը և Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/73 հասցեում գտնվող շինությունում զբաղվելով արտարժույթի առք ու վաճառքով, 2016թ. հուլիսի 28-ին` ժամը 14-ի սահմաններում, նշված աշխատավայրում յուրացման եղանակով Վարդան Վոլոդիայի Հարոյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 4.270.000 ՀՀ դրամ գումար:

Այսպես.

Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ Վարդան Վոլոդիայի Հարոյանը 2016թ.-ի հուլիսի 28-ին գումարի փոխանակման նպատակով գնացել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի, Հատիսի փողոցի թիվ 1/73 հասցեում գործող «Գարիկ Հայրապետյան» ԱՁ-ին պատկանող արտարժույթի փոխանակման կետ, որտեղ առաջարկել է իր ծանոթ` հիշյալ ընկերության տնօրեն Գարիկ Հայրապետյանին 4.270.000 ՀՀ դրամը փոխանակել ԱՄՆ դոլարով: Վ.Հարոյանը Գ.Հայրապետյանից տեղեկանալով, որ փոխանակման կետում այդքան գումար չկա, վերոնշյալ գումարը թողել է նրա մոտ, պայմանով, որ երկու օրից կվերադառնա և կվերցնի արդեն փոխանակված գումարը: Գ.Հայրապետյանը իր և Վ.Հարոյանի միջև բանավոր համաձայնությամբ օժտված լինելով այդ գումարի պահպանման և դա փոխանակելու լիազորությամբ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, օգտվել է նշված լիազորություններից և դիտավորությամբ ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 4.270.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և հաջորդող ժամանակահատվածում ծախսել է այն իր անձնական կարիքների համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 210-213):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռում արձանագրված է հետևյալը. «(...) դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գարիկ Նիկոլայի Հայրապետյանի կողմից կատարված հանցավոր արարքի համար նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակվի ազատազրկման ձևով` առանց գույքի բռնագրավման, սակայն հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, դրական բնութագիրը, առողջական վիճակը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով, եկավ այն համոզման, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կարելի է պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան, նկատի ունենալով, որ Գարիկ Նիկոլայի Հայրապետյանի ուղղվելը հնարավոր է նաև առանց նշանակված պատիժը փաստացի կրելու:

(...)

Ինչպես երևում է գործի նյութերից, ամբաստանյալ Գարիկ Նիկոլայի Հայրապետյանը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չի եղել, բժշկական էպիկրիզի, վերջինիս մոտ ախտորոշվել է ՍԻՀ Սրտամկանի սուր ինֆարկտ, Հետինֆարկտային կարդիոսկլերոզ հիվանդությունը, ունի հաշմանդամության 3-րդ կարգ, աջակցել է հանցագործության բացահայտելուն, կատարած հանցանքի վերաբերյալ խոստովանական ցուցմունքներով հանդես է եկել, 64 տարեկան է և կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջացել է:

Դատարանը փաստում է, որ ամբաստանյալի անձը դրականորեն բնութագրող տվյալների և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքների կողքին Գարիկ Նիկոլայի Հայրապետյանի արարքում բացակայում է պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանք:

Հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող վերը նշված տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել:

(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 64-70):

7. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ արձանագրված է հետևյալը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գարիկ Հայրապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելիս թեև Դատարանը փաստել է, որ հաշվի է առնում վերջինիս կողմից կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, սակայն Գ.Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում վերլուծության չի ենթարկել հանցագործությամբ պատճառված վնասի չափը, մասնավորապես այն, որ Գ.Հայրապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման արդյունքում տուժող Վ.Հարոյանին պատճառվել է 4.270.000 ՀՀ դրամի չափով վնաս, որը գերազանցում է հափշտակությունների համար նախատեսված առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմը:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ երևում է, որ ամբաստանյալ Գ.Հայրապետյանը թեև առաջին ատյանի դատարանում ընդունել է մեղքը և խնդրել է կիրառել արագացված դատական քննության կարգ ու պարտավորվել է տուժողին հատուցել հանցագործությամբ պատճառված նյութական վնասը, սակայն տուժող Վ.Հարոյանին հանցագործության հետևանքով պատճառած առանձնապես խոշոր չափերի` 4.270.000 ՀՀ դրամի նյութական վնասը հատուցելու ուղղությամբ, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննությունների ընթացքում որևէ միջոց չի ձեռնարկել, ինչն էական նշանակություն ունի ամբաստանյալ Գ.Հայրապետյանի կողմից կատարած հանցագործության` հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման համար:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի համոզմամբ ամբաստանյալ Գ.Հայրապետյանի կողմից տուժող Վ.Հարոյանին տրված բոլոր խոստումներն ու ստանձնած պարտավորությունները` հանցագործությամբ պատճառված առանձնապես խոշոր չափերի նյութական վնասը հատուցելու ուղղությամբ, հեռու են իրականությունից, կրում են սոսկ վերացական բնույթ:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գույքային բնույթի հանցագործություններում արարքի վտանգավորության վրա ազդող հիմնական և կարևոր գործոնը հենց պատճառված վնասն է և այն վերականգնված լինելու կամ չլինելու հանգամանքը, ինչը սույն գործով ամբաստանյալ Գ.Հայրապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելիս որևէ գնահատականի չի արժանացել Դատարանի կողմից:

Վերոգրյալից բացի` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, ինչը Դատարանը հաշվի է առել որպես ամբաստանյալ Գ.Հայրապետյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, անհիմն է (...):

(...) Դատարանի կողմից չի պատճառաբանվել, թե հանցագործության բացահայտմանն աջակցելն ամբաստանյալ Գ.Հայրապետյանի հատկապես ո՞ր գործողություններով է դրսևորվել:

Այսինքն` Դատարանի կողմից չեն մատնանշվել կոնկրետ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին քննարկվող մեղմացնող հանգամանքի առկայությունը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանցագործությունը բացահայտելուն աջակցելու մեղմացնող հանգամանքն իրական չէ, իսկ դրա առկայությունը հերքվում է գործի նյութերով:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից արձանագրված ամբաստանյալ Գ.Հայրապետյանի անձը բնութագրող տվյալներին (...) և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությանը, որոնք Դատարանը հաշվի առնելով` գտել է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է նաև ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով, ապա Վերաքննիչ դատարանի համոզմամբ հանցագործությամբ պատճառված նյութական վնասը վերականգնված չլինելու պարագայում, հանցավորի անձը բնութագրող տվյալների, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, ամբաստանյալ Գ.Հայրապետյանի ուղղվելը հնարավոր չէ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի սանկցիայով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու միջոցով:

(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 132-137):

8. 2017 թվականի դեկտեմբերի 12-ին ամբաստանյալ Գարիկ Հայրապետյանի պաշտպան Գայանե Սարգսյանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել տուժող Վարդան Հարոյանի հայտարարությունն այն մասին, որ պատճառված գույքային վնասը Գարիկ Հայրապետյանի կողմից հատուցվել է, նրա նկատմամբ որևէ պահանջ չունի և Վճռաբեկ դատարանին խնդրում է վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Տուժողի վերոնշյալ հայտարարության տակ կատարված ստորագրության իսկությունը հաստատված է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ռ.Տոնոյանի կողմից (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 165, 166):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի դատավճիռը հիմնավորված է և օրինական, իսկ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումն անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, այն կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով:

Վճռաբեկ բողոքի հեղինակն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Գ.Հայրապետյանը որևէ միջոց չի իրականացրել պատճառված վնասը հատուցելու կապակցությամբ: Բողոքաբերն ընդգծել է, որ իր պաշտպանյալը գումարը վերադարձնելու համար միջոցներ ձեռնարկել է, ավելին` տուժող Վ.Հարոյանի և ամբաստանյալ Գ.Հայրապետյանի միջև ձեռք էր բերվել համաձայնություն առ այն, որ վերջինս պարտավորվում է մաս-մաս վճարել գումարը, և այդ կապակցությամբ Վ.Հարոյանը դիմում էր ներկայացրել Առաջին ատյանի դատարան` հայտնելով, որ Գ.Հայրապետյանի նկատմամբ բողոք, պահանջ չունի, քանի որ վերջինս պարտավորվել է վերադարձնել գումարը:

Բողոքի հեղինակը նշել է, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը և Առաջին ատյանի դատարանի առջև միջնորդել է արագացված դատական քննություն անցկացնել, իսկ Վերաքննիչ դատարանը դա հաշվի չի առել որպես մեղմացնող հանգամանք:

Բողոքի հեղինակը գտնում է, որ ամբաստանյալ Գարիկ Հայրապետյանի` դրականորեն բնութագրվելը, նախկինում դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չլինելը, վատառողջ լինելն ու հաշմանդամության 3-րդ կարգ ունենալը, հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, կատարած հանցանքի վերաբերյալ խոստովանական ցուցմունքներով հանդես գալը, 64 տարեկան լինելը և կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալն այն հանգամանքներն են, որոնք վկայում են առանց պատիժը կրելու Գարիկ Հայրապետյանի ուղղվելու հնարավորության մասին:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 18-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ ամբաստանյալ Գ.Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն իրավաչափ չէ:

11. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու խնդրին, իր որոշումներում մշտապես ընդգծել է, որ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազման տեսանկյունից հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի (տե՛ս, mutatis mutandis, Ա.Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08, Գ.Պետրոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0126/01/10 որոշումները):

Ա.Հովհաննեսյանի վերաբերյալ կայացված որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է`»(...) Որքան ծանր է վրա հասած հետևանքը, մեծ` վնասի չափը, այնքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը: Վերջինս հակադարձ համեմատական է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հնարավորությանը: Այլ խոսքով` որքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, այնքան ցածր է դրա համար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը (...)» (տե՛ս Արամայիս Դերենիկի Հովհաննեսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 15-րդ կետը):

Ս.Հովսեփյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...)Հափշտակությունների և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքում պատճառված նյութական վնասը հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող կարևոր գործոն է, ինչը դատարանի կողմից պատիժ նշանակելու գործընթացում պետք է պատշաճ գնահատականի արժանանա: Մասնավորապես, որքան մեծ է հանցագործությամբ պատճառված վնասի չափը, այնքան բարձր է արարքի հանրային վտանգավորության աստիճանը, հետևաբար վնասը վերականգնված չլինելու պարագայում ինքնին նվազում է պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը: ՈՒստի քննարկվող հանցագործություններով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը որոշելիս դատարանը պետք է, ի թիվս այլ հանգամանքների, գնահատման ենթարկի հանցագործությամբ պատճառված վնասը, դրա չափը, ինչպես նաև` որքանով է այն մոտ կոնկրետ հանցակազմի հասարակ կամ որակյալ տեսակի առավելագույն կամ նվազագույն չափին, վնասը վերականգնված լինելու կամ չլինելու կամ մասնակի վերականգնված լինելու հանգամանքը և այլն: Միևնույն ժամանակ, հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնված չլինելու պարագայում հանցավորի անձը բնութագրող տվյալները (տարիք, առողջական վիճակ և այլն), ինչպես նաև առկա մեղմացնող հանգամանքները սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափ սահմանելու հիմք են:

Վերոնշյալ դիրքորոշումը նաև պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գույքային բնույթի հանցագործություններում սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է ապահովել պատճառված վնասի համարժեք հատուցմամբ և նախքան հանցագործությունը եղած իրադրության հնարավորինս վերականգնմամբ, իսկ քանի դեռ հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը չի հատուցվել, խոսք չի կարող լինել սոցիալական արդարությունը վերականգնված լինելու մասին: ՈՒստի հանցանք կատարած անձի նկատմամբ պետք է ընտրվի այնպիսի ներգործության միջոց, որը կապահովի սոցիալական արդարության վերականգնումը, ինչպես նաև հանցավորի ուղղումը և նոր հանցագործությունների կանխումը» (տե՛ս Սամվել Անդրանիկի Հովսեփյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԼԴ/0193/01/10 որոշման 21.1-րդ կետը):

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

ա) ամբաստանյալ Գարիկ Հայրապետյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշված դատավճռով որոշվել է Գ.Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

բ) Վերաքննիչ դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ բավարարել է մեղադրողի վերաքննիչ բողոքը և Առաջին ատյանի դատարանի դատավճռով Գ.Հայրապետյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացրել, թողնելով կրելու ազատազրկման ձևով պատիժը: Վերաքննիչ դատարանի համոզմամբ` հանցագործությամբ պատճառված նյութական վնասը վերականգնված չլինելու պարագայում ամբաստանյալ Գ.Հայրապետյանի ուղղվելը հնարավոր չէ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

գ) 2017 թվականի դեկտեմբերի 12-ին ամբաստանյալ Գարիկ Հայրապետյանի պաշտպան Գայանե Սարգսյանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել տուժող Վարդան Հարոյանի հայտարարությունն այն մասին, որ պատճառված գույքային վնասը Գարիկ Հայրապետյանի կողմից հատուցվել է, նրա նկատմամբ որևէ պահանջ չունի և Վճռաբեկ դատարանին խնդրում է վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Տուժողի վերոնշյալ հայտարարության տակ կատարված ստորագրության իսկությունը հաստատված է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ռ.Տոնոյանի կողմից (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

13. Նկատի ունենալով տուժող Վարդան Հարոյանին պատճառված վնասն ամբաստանյալ Գարիկ Հայրապետյանի կողմից ամբողջությամբ հատուցված լինելու, տուժողի կողմից նրա նկատմամբ այլևս որևէ պահանջ չունենալու, ինչպես նաև վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու խնդրանքով տուժողի կողմից Վճռաբեկ դատարանին դիմելու հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գույքային բնույթի հանցագործություններում արարքի հանրության համար վտանգավորության աստիճանի վրա ազդող հիմնական և կարևոր գործոնը հենց պատճառված վնասն է և այն վերականգնված լինելու կամ չլինելու հանգամանքը, ինչը յուրաքանչյուր դեպքում արդարացի պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելիս պետք է համարժեք գնահատականի արժանանա: ՈՒստի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է գնահատական տա ամբաստանյալ Գարիկ Հայրապետյանի կողմից պատճառված վնասը վերականգնված լինելու հանգամանքին և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների հաշվառմամբ գա եզրահանգման Գարիկ Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելու կամ չկիրառելու առնչությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գարիկ Նիկոլայի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Գարիկ Հայրապետյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2018
N ԿԴ3/0006/01/17
Որոշում