Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 356-ՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 356-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՍԴ1/0033/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ1/0033/01/16

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

դատավորներ` Ա. Ազարյան

Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ` դատախազ    Բ. Բախշիյանի

 

2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռազմիկ Գարեգինի Չանախչյանի պաշտպան Ա.Քարամյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունվարի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90850216 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 28-ի որոշմամբ Ռազմիկ Չանախչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ռ.Չանախչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

2016 թվականի մարտի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 13-ի դատավճռով Ռազմիկ Չանախչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով, և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:

3. Մեղադրող Բ.Բախշիյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 13-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է ու ամբաստանյալ Ռ.Չանախչյանին դատապարտել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռ.Չանախչյանի պաշտպան Ա.Քարամյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

4.1. 2018 թվականի մարտի 17-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ռ.Չանախչյանի դիմումը, որով վերջինս խնդրել է իր վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել` հաշվի առնելով, որ գործի ողջ քննության ընթացքում չի խուսափել քննությունից կամ դատից, և լրացել են ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Ռ.Չանախչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(...) Նա հանդիսանալով ՊԲ 47455 զորամասի 3-րդ հրետանային դիվիզիոնի 8-րդ մարտկոցի 3-րդ հաշվարկի համար, կոչումով շարքային, 2015 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 12:00-13:00-ն, չպահպանելով ՀՀ զինված ուժերի Ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 41-րդ հոդվածների պահանջները` հրամանատարի հրամանը անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում կատարելու փոխարեն հանդուգն կերպով հրաժարվել է կատարել նույն դիվիզիոնի հրամանատար, մայոր Արմեն Սմբատի Սանթրյանի օրինական և սահմանված կարգով իրեն տրված հրամանը` իրեն հատկացված տարածքը մաքրելու վերաբերյալ, դրանով իսկ հեղինակազրկելով հրամանատարի դերը ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում և խաթարելով պետ (հրամանատար)-ստորադաս (ենթակա) սահմանված կանոնադրային հարաբերությունները, որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 111-112):

5.1. Նախաքննական մարմնի կողմից կազմված մեղադրական եզրակացությունում նշվում է. «(...) 2015 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ 47455 զորամասի 3-րդ հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Արմեն Սմբատի Սանթրյանը զորամասի շարահրապարակում նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Տիգրան Ղազարյանին և շարքայիններ Նարեկ Կարապետյանին, Հայկ Մինասյանին և Ռազմիկ Չանախչյանին 8-րդ մարտկոցին հատկացված տարածքը մաքրելու վերաբերյալ օրինական և սահմանված կարգով հրաման է տվել, որից հետո վերջիններս սկսել են մաքրության աշխատանքը, իսկ մայոր Ա.Սանթրյանի գնալուց հետո շարքային Ռ.Չանախչյանը դադարեցրել է այն կատարել: Շուրջ 30 րոպե անց մայոր Ա.Սանթրյանը վերադարձել է շարահրապարակ և տեսնելով, որ մաքրության աշխատանքը թերի է կատարված, իր մոտ է կանչել Տ.Ղազարյանին, Ն.Կարապետյանին, Հ.Մինասյանին և Ռ.Չանախչյանին ու կրկին օրինական և սահմանված կարգով վերջիններիս հրաման տվել շարունակել մաքրության աշխատանքը, որից անմիջապես հետո Տ.Ղազարյանը, Ն.Կարապետյանը և Հ.Մինասյանը շարունակել են այն կատարել, իսկ Ռ.Չանախչյանը բացահայտ կերպով հրաժարվել և չի կատարել մայոր Ա.Սանթրյանի կողմից տրված բանավոր հրամանը` մաքրության աշխատանք կատարելու վերաբերյալ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 127-128):

6. Վկա Տիգրան Ղազարյանը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ. «(...) Դեկտեմբերի 26-ին է հրաման չկատարելու այդ դեպքը տեղի ունեցել ու դրա մասին իմացել է դիվիզիոնի հրամանատար, մայոր Սանթրյանից: Դեկտեմբերի 26-ին տողան էին կանգնած եղել, դրանից հետո գնացել են ավտոպարկ, որից հետո մաքրություն իրականացնելու համար բաժանվել են մասերի: Այդ ամենից հետո վերադարձել են «պլաց»: Այդտեղ են եղել ինքը, Ռազմիկ Չանախչյանը, Նարեկ Հայրապետյանը և Հայկ Մինասյանը` դիվիզիոնի հրամանատար մայոր Սանթրյանի հրամանի հիման վրա մաքրություն իրականացնելու համար: Ինքը մաքրություն է կատարել և չի նկատել, թե արդյոք եղել է որևէ մեկը, ով մաքրություն չի կատարել: Ինքը չի նկատել նաև, թե արդյոք Ռ.Չանախչյանը մաքրություն կատարել է, թե` ոչ, քանի որ նրան մեջքով է կանգնած եղել: Ռ.Չանախչյանի մոտ կանգնած է եղել Հայկ Մինասյանը: Յուրաքանչյուրի համար նախատեսված է եղել մաքրություն իրականացնելու որոշակի տարածք: Իրենց մաքրության աշխատանքը հետո ստուգել է մայոր Սանթրյանը: Հետո տեսել է, որ մայոր Սանթրյանը և Ռազմիկ Չանախչյանը իջնում են շտաբ: Դրանից հետո է միայն իմացել, որ դա կապված է եղել Ռ.Չանախչյանի կողմից մայոր Սանթրյանի հրամանը, տարածքը մաքրելու վերաբերյալ, չկատարելու հետ: Ինքը ստուգման պահին մայոր Սանթրյանի և Ռ.Չանախչյանի միջև դրա հետ կապված որևէ խոսակցություն չի լսել, քանի որ իր տարածքը մաքրելիս է եղել: Ինքը անձամբ չի տեսել, որ Ռ.Չանախչյանը չի կատարել մայոր Սանթրյանի հրամանը (...): Ինքը Ռազմիկ Չանախչյանի կողմից մաքրություն չկատարելու մասին իմացել է մայոր Սանթրյանից» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 175):

6.1. Վկա Նարեկ Կարապետյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ. «(...) 2015 թվականի դեկտեմբերի 26-ին դիվիզիոնի հավաքատնտեսային պլանի համաձայն պետք է մաքրվեր 8-րդ մարտկոցին հատկացված տարածքը: Շարահրապարակում մայոր Սանթրյանը իրեն, Տիգրան Ղազարյանին, Հայկ Մինասյանին և Ռազմիկ Չանախչյանին ցույց է տվել 8-րդ մարտկոցին հատկացված տարածքը: (...) Դրանից հետո մայոր Սանթրյանը սահմանված կարգով իրենց չորսին հրամայել է սկսել տարածքի մաքրությունը, այդ ժամանակ մայոր Սանթրյանը գնացել է: Դրանից հետո Չանախչյանը ավելը ձեռքից դրել է գետնին և կանգնել է այնտեղ, իսկ մինչ այդ երբ մայոր Սանթրյանը դեռ չէր գնացել, Չանախչյանը ավելով մաքրում էր անկյունաքարերի կողքերը: Իրենք գործը ավարտելուց հետո գնացել են վերև, մոտ 30 րոպե հետո` ժամը 13:00-ի սահմաններում, իրենց տեղեկացրել են, որ մայոր Սանթրյանը շարահրապարակում է և իր մոտ է կանչում շարահրապարակը մաքրող 4 զինվորներին: Իրենք չորսով գնացել են շարահրապարակ: Մայոր Սանթրյանը ասել է, որ մաքրությունը լավ չի արված և սահմանված կարգով բոլորին հրամայել է, որ յուրաքանչյուրը իրենց հատկացված տարածքը կրկին մաքրեն: Սկսել են մաքրությունը և չանցած 2 րոպե ինքը նկատել է, որ մայոր Սանթրյանի և Ռ.Չանախչյանի միջև առաջացել է վիճաբանություն` ինչ որ կոնֆլիկտային իրավիճակ, որը տևել է շատ կարճ, մի քանի վայրկյան և զգացել է, որ նրանք միմյանց չեն հասկանում, ձայները չեն բարձրացրել, միմյանց չեն հայհոյել, չեն քաշքշել և չեն հարվածել: Ինքը կոնկրետ չի լսել, թե ինչ թեմայի շուրջ են խոսել, քանի որ բարձր չէին խոսում և այդպես մի քանի վայրկյան խոսելուց հետո մայոր Սանթրյանը և Չանախչյանը գնացել են զորամասի շտաբ: Ինքը նույն օրը մայոր Սանթրյանից տեղեկացել է, որ վերը նշված վիճաբանության ընթացքում ինքը հրամայել է մաքրություն կատարել մի քանի անգամ, իսկ Չանախչյանն էլ հրաժարվել է մաքրություն կատարելուց (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 77-78):

6.2. Վկա Հայկ Մինասյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ. «(...) 2015 թվականի դեկտեմբերի 26-ին դիվիզիոնի հավաքատնտեսային պլանի համաձայն պետք է մաքրվեր 8-րդ մարտկոցին հատկացված տարածքը: Շարահրապարակում մայոր Սանթրյանը իրեն, Տիգրան Ղազարյանին, Նարեկ Կարապետյանին և Ռազմիկ Չանախչյանին ցույց է տվել 8-րդ մարտկոցին հատկացված տարածքը: (...) Դրանից հետո մայոր Սանթրյանը սահմանված կարգով իրենց չորսին հրամայել է սկսել տարածքի մաքրությունը, այդ ժամանակ իրենք չորսով վերցրել են ավելները և սկսել մաքրությունը: Մայոր Սանթրյանի գնալուց հետո իրենք բոլորը շարունակել են գործը: Վերջացնելուց հետո գնացել են լվացվելու, այնուհետև իրենց կանչել է մայոր Սանթրյանը ասելով, որ տարածքը լավ չի մաքրվել և նորից սկսել են մաքրությունը: Որոշ ժամանակ անց իրենք տեղեկանում են, որ իրենց կանչել է մայոր Սանթրյանը: Նրան ներկայանալուց հետո նա հարցրել է, թե ինչ դեպք է տեղի ունեցել քիչ առաջ շարահրապարակում և ինքը պատասխանել է, որ ոչ մի բան չի նկատել: Ինքը կոնկրետ չի հիշում մայոր Սանթրյանի գնալուց հետո Չանախչյանը շարունակել է տարածքը մաքրել, թե ոչ, քանի որ ինքը զբաղված էր տարածքի մաքրությամբ և ուշադրություն չի դարձրել: Երբ 2-րդ անգամ մայոր Սանթրյանը իրենց հրամայել է կատարել տարածքների մաքրությունը, ինքը սկսելով մաքրել տարածությունը չի նկատել Չանախչյանը կատարում է մաքրություն, թե ոչ, որից հետո ինքը նկատել է, որ մայոր Սանթրյանը և Չանախչյանը գնացել են շարահրապարակից: Դա եղել է իրենց գործը սկսելուց մի քանի րոպե հետո և ինքը չգիտի, թե նրանց միջև ինչ խոսակցություն է տեղի ունեցել և ինչու են գնացել, քանի որ զբաղված է եղել իր աշխատանքով: Այդ մաքրությունը ավարտելուց հետո մայոր Սանթրյանը իրենց 3-ին կանչել է իր սենյակ և հարցրել, թե տեսել են արդյոք ինչ է տեղի ունեցել շարահրապարակում մաքրություն կատարելու ժամանակ, այն որ իր ներկայությամբ Չանախչյանը հրաժարվել է մաքրություն կատարել և ինքը պատասխանել է, որ ուշադիր չի եղել, թե նրանց միջև ինչ խոսակցություն է եղել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 88-89):

6.3. Վկա Խաչիկ Աղաբեկյանը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ. «(...) Ինքը ընդհանուր խոսակցություններից լսել է, որ շարահրապարակում Ռազմիկ Չանախչյանը չի կատարել մայոր Սանթրյանի հրամանը` կապված տարածքի մաքրության հետ: (...) Ինքը անձամբ ականատես չի եղել Ռազմիկ Չանախչյանի կողմից մայոր Սանթրյանի հրամանի չկատարմանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 175):

6.4. Վկա Արմեն Սանթրյանը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ. «(...) Ինքը որպես հրամանատար Ռազմիկ Չանախչյանին և ևս 3 զինծառայողներին խնդիր է առաջադրել տարածքի մաքրություն իրականացնելու վերաբերյալ` տարածքը բաժանելով հավասար մասերի: Մի որոշ ժամանակ հետո վերադարձել է և տեսել, որ տարածքում ոչ մեկը չկա ու տարածքը մաքրված է մասամբ` Ռազմիկ Չանախչյանին հանձնված տարածքը մաքրված չի եղել: Դրանից հետո նորից նրանց կանչել է շարահրապարակ և կրկին բոլորին խնդիր է առաջադրել մաքրել ամբողջ տարածքը և կանգնել է այնտեղ ու հետևել աշխատանքին: Այդ ընթացքում նկատել է, որ բոլորը կատարում են մաքրություն, բացի Ռազմիկ Չանախչյանից: Նրանից հարցրել է, թե ինչու չի կատարում հրամանը, նա էլ պատասխանել է. «Ինչ կա, եկել ես գլխիս կայնել ես, էս ինչ ձև ա»: Դրանից հետո ինքը նորից նրան հրամայել է, որ կատարի նրա տարածքի մաքրությունը, սակայն նա ասել է, որ հրաժարվում է կատարել: Այդ ամենից հետո ինքը նրան ներկայացրել է հրամանատարությանը` նրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 175-176):

6.5. Ամբաստանյալ Ռազմիկ Չանախչյանը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ. «(...) Դեպքի օրից մի երեք օր առաջ գտնվել է բուժկետում ջերմության պատճառով: Ինքը կարող է լավ մաքրած չլիներ տարածքը, բայց մաքրություն իրականացրել է: Ինքը գտնվել է բուժկետում, երբ որ Նարեկ Կարապետյանն եկել է այնտեղ և ասել, որ մայոր Սանթրյանը նորից իրենց կանչում է շարահրապարակ: Սանթրյանը իրեն ասել է, թե ինչու չի մաքրել իր տարածքը, ինքն էլ նրան ասել է, թե այդ ինչ ձև է խոսում իր հետ, բայց մայոր Սանթրյանի կողմից ասված արտահայտություններն իր կողմից չեն հնչեցվել: (...) Սանթրյանը կոնկրետ հրաման չի տվել: Եթե նրա ասածը հրաման է եղել, ուրեմն ինքը մեղավոր է, որ թերի է կատարել, բայց կատարել է: (...) Շարահրապարակի մաքրություն իրականացնելու հանձնարարությունը տալու ժամանակ ներկա են եղել մոտ 15 հոգի զինծառայող և բոլորն էլ անցել են մաքրության գործին: Ինքը թերի է կատարել մաքրությունը, քանի որ իրեն լավ չի զգացել: Սանթրյանը սահմանված կարգով հրաման չի տվել, այլ ասել է. «Գործ արեք, արա»: Իր համար դա հրաման չի հանդիսանում: Ինքը մայոր Սանթրյանին չի ասել, որ իրեն լավ չի զգում: (...) Ինքը մաքրել է մոտ 3-4 մետր ու զգացել է, որ լավ չի իրեն զգում ու գնացել է բուժկետ: (...) Շարահրապարակը ընդհանուր մաքուր է եղել և հնարավոր չէր լինի ակնհայտ ասել, որ դրա որևէ հատվածը մաքուր չէ: (...) 1-ին անգամ մաքրությունը կիսատ է թողել, քանի որ լավ չի զգացել իրեն, իսկ 2-րդ անգամ «արա» բառը լսելուց հետո չի կատարել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 174-175):

7. Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ռ.Չանախչյանին ճանաչելով մեղավոր, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատարանը գտնում է, որ Դատավճռ[ում (...) շարադրված թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար համակցությամբ ապացուցված է, որ.

(...)

Ռազմիկ Չանախչյանի կողմից պատշաճ չի կատարվել հրամանի պահանջները.

Այսպես, չնայած ի սկզբանե Ռ.Չանախչյանի կողմից որոշակի մաքրության աշխատանքներ կատարվել են, սակայն դրանք թերի են կատարվել, իսկ երբ մայոր Արմեն Սանթրյանը աշխատանքների կատարումը ստուգելուց հետո պահանջել է պատշաճ կարգով կատարել մաքրությունը, Ռ.Չանախչյանը, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 41-րդ հոդվածների պահանջները բացահայտ հրաժարվել է նշված պահանջը կատարելուց, այսինքն` հրաժարվել է կատարել հրամանը:

Ռազմիկ Չանախչյանի կողմից բացահայտ կերպով Ա.Սանթրյանի կողմից տրված հրամանի չկատարումը հանգեցրել է ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում հրամանատարի դերի հեղինակազրկմանը և պետ-ստորադաս սահմանված կանոնադրային հարաբերությունների խաթարմանը, ինչով էական վնաս է պատճառվել ծառայության շահերին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Դատարանը հաստատված է համարում Ռազմիկ Չանախչյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը և նրան մեղավոր է ճանաչում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով:

(...)

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ռազմիկ Չանախչյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանքներն ու նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող վերը նշված հանգամանքները, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Ռազմիկ Չանախչյանի ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, այսինքն` կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 178-179):

8. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է. «(...) Ռազմիկ Չանախչյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությանը նախորդող և ուղեկցող մի շարք հանգամանքներ, ինչպես նաև այն, որ ամբաստանյալը նախկինում երկու անգամ դատապարտվել է նույնաբնույթ հանցավոր արարքներ կատարելու համար:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ռազմիկ Չանախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ չէ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 58):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել դատական սխալ, այն է` խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, որոնք ազդել են գործի ելքի վրա և հանգեցրել օրենքի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն:

Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոքաբերը, ի թիվս այլոց, նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել ամբաստանյալի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները հաստատող ապացույցները բարեխիղճ գնահատելու իր պարտականությունը: Ինչ վերաբերում է Ռ.Չանախչյանի ուղղվելու, սոցիալական արդարությունը վերականգնելու և նոր հանցագործությունների կատարումը կանխելու պատժի նպատակների իրագործմանը, ապա ըստ պաշտպանի` պատժի նպատակներն իրագործվում են, քանի որ նա իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունք, աջակցել է նախաքննությանը, ինչպես նաև ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում և իրավաբանական ֆակուլտետում սովորելու առկայությունը բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Բացի այդ, ամբաստանյալն այս ընթացքում որևէ նոր հանցավոր արարք չի կատարել:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, փոփոխել այն և բեկանված մասով կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, այն է` կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները, և 1 տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը և հաշվի առնելով այդ կապակցությամբ Մ.Էլոյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները (տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը)` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչ բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Ռ.Չանախչյանին մեղսագրված արարքի որակման հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրաման չկատարելու հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մաս) կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախ պետք է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցը. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ռ.Չանախչյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան ձևակերպված է հետևյալ բովանդակությամբ. «Պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին (...)»:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվություն զինծառայողները կրում են հանցագործություն կատարելու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությանը համապատասխան»:

Նույն օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` «Հրամանատարի (պետի) հրամանը պետք է կատարվի անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում (...)»:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Զինվորական կարգապահությունը յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու զինված ուժերում գործող այլ կանոնագրքերով, ինչպես նաև հրամանատարների (պետերի)` իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամաններով սահմանված պարտականությունների և կարգուկանոնի խստիվ ու ճշգրիտ պահպանումն է»:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կարգապահական խախտում (զանցանք) է համարվում զինվորական ծառայության կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար սույն օրենքով նախատեսված է կարգապահական պատասխանատվություն (...)»:

Նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն (...)»:

Մեջբերված իրավանորմերի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը նյութական է, և արարքը ենթակա է որակման քրեաիրավական այդ նորմով, եթե դրանով էական վնաս է պատճառվել ծառայության շահերին: Այն դեպքում, երբ էական վնասի պատճառումը բացակայում է, հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հրամանի չկատարումը ոչ բոլոր դեպքերում կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն. ելնելով առանձին տարրերի բացակայությունից` այն կարող է դիտարկվել որպես կարգապահական խախտում` հանգեցնելով կարգապահական պատասխանատվության:

13.1. Այսպիսով, հրաման չկատարելու` կարգապահական զանցանքի և զինվորական հանցագործության տարբերակման հիմքում ընկած է արարքի հանրային վտանգավորության աստիճանը (մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը): Արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով որակելու համար անհրաժեշտ տարրը` ծառայության շահերին պատճառված էական վնասը, կարող է կրել ինչպես նյութական (ֆիզիկական, գույքային), այնպես էլ ոչ նյութական (բարոյահոգեբանական, կազմակերպչական և այլն) բնույթ:

Նյութական վնասը կարող է արտահայտվել, օրինակ, զինծառայողների կամ այլ անձանց առողջությանը վնաս պատճառելով (ֆիզիկական վնաս) կամ ռազմական գույքին, տեխնիկային կամ այլ գույքին վնաս պատճառելով (գույքային վնաս): Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:

13.2. Առանձնակի բարդություն է ներկայացնում կատարվածի արդյունքում ծառայության շահերին էական վնաս պատճառելն արձանագրելն այն դեպքում, երբ այն ոչ նյութական բնույթ է կրում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ որպես այդպիսին կարող են համարվել, ի թիվս այլոց, մարտական կոնկրետ խնդիրների կատարման դժվարեցումը, զորամասի, ստորաբաժանման օրակարգի լուրջ խախտումը (այդ թվում` անձնակազմի ուսուցման, ռազմական տեխնիկայի սպասարկման համար ծրագրված միջոցառումների խափանումը), մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտումը, զինծառայողների օրինական շահերի խախտումը (ինչը կարող է դրսևորվել, օրինակ, այլ զինծառայողների վրա բեռի ավելացմամբ, տվյալ անձի կողմից կատարման ենթակա պարտականությունները այլ զինծառայողների կողմից իրականացմամբ), հրամանատարի (պետի) հեղինակության կորուստը, զորամիավորումներում զինվորական կարգապահության էական անկումը:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ հրաման չկատարելը, որպես կանոն, ծառայության շահերին ոչ նյութական վնաս է պատճառում: Մասնավորապես, որոշակիորեն ազդում է հրամանատարի հեղինակության վրա, ինչ-որ առումով նվազեցնում զինվորական կարգապահության մակարդակը և այլն: Սակայն քրեորեն պատժելի է միայն այնպիսի վնասի պատճառումը, որն էական է համարվում զինվորական ենթակայության կարգի համար: Հետևաբար հրամանի չկատարման հետևանքով ոչ նյութական էական վնասի առաջացման հարցը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև հրամանի բնույթը, բովանդակությունը, հրամանի տրման իրադրությունը: Այլ կերպ` հրաման չկատարելը կարող է առաջացնել էական վնաս, եթե հրամանը տրվել է էական այնպիսի հարցի վերաբերյալ, որի չկատարելն առաջացրել է, օրինակ, լուրջ խոչընդոտ զորամասի, ստորաբաժանման մարտական հերթապահության կամ զինվորական այլ պարտականությունների կատարմանը, անհնարին դարձրել ստորաբաժանման առջև դրված խնդիրների կատարումը, ինքնին հեղինակազրկել հրամանատարի դերը, հանգեցրել զինվորական կարգապահության էական անկման և այլն:

13.3. Վերոգրյալի համատեքստում հարկ է ընդգծել, որ առանձին զինծառայողների ներկայությամբ հրաման չկատարելն ինքնին չի կարող հանգեցնել հրամանատարի հեղինակության կորստի և ազդել զինվորական կարգապահության վիճակի վրա այն աստիճան, որ ծառայության շահերին պատճառված վնասն էական գնահատվի: Ծառայության շահերին պատճառված վնասն էական գնահատելու համար ինքնին բավարար չէ զինծառայողի կողմից որևէ աշխատանք կատարելուց հրաժարվելը, եթե բացակայում են այլ հանգամանքներ, որոնք կվկայեին զինվորական ենթակայության շահերին էական վնաս պատճառելու մասին:

14. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 13-13.3.-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծառայության շահերին պատճառված այս կամ այն վնասը որպես էական գնահատելը կախված է գործի կոնկրետ հանգամանքներից: Յուրաքանչյուր դեպքում արարքում քննարկվող հանցակազմի առկայությունն ապացուցելու համար պետք է փաստել ոչ միայն էական վնասի առկայությունը, այլև այն, թե տվյալ գործով կոնկրետ ինչում է վերջինս դրսևորվել` համապատասխան ապացույցների հիման վրա մատնանշելով այդ մասին վկայող փաստական հանգամանքները: Այլ կերպ` դատական ակտ կայացնելիս դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է կատարի գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրություն` էական վնասի առկայության կամ բացակայության փաստը պատճառաբանված եզրահանգումների տեսքով արձանագրելու համար:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռ.Չանախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպահպանելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 41-րդ հոդվածների պահանջները, հրամանատարի հրամանը անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում կատարելու փոխարեն հանդուգն կերպով հրաժարվել է կատարել նույն դիվիզիոնի հրամանատար, մայոր Ա.Սանթրյանի օրինական և սահմանված կարգով իրեն տրված հրամանը` իրեն հատկացված տարածքը մաքրելու վերաբերյալ` դրանով իսկ հեղինակազրկելով հրամանատարի դերը ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում և խաթարելով պետ (հրամանատար) - ստորադաս (ենթակա) սահմանված կանոնադրային հարաբերությունները, որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ռ.Չանախչյանին ճանաչելով մեղավոր, իր դատավճռում, ի թիվս այլոց, նշել է, որ Ռ.Չանախչյանի կողմից բացահայտ կերպով Ա.Սանթրյանի կողմից տրված հրամանի չկատարումը հանգեցրել է ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում հրամանատարի դերի հեղինակազրկմանը և պետ-ստորադաս սահմանված կանոնադրային հարաբերությունների խաթարմանը, ինչով էական վնաս է պատճառվել ծառայության շահերին: Իսկ արդյունքում Առաջին ատյանի դատարանը հանգել է այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, այսինքն` կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Ռ.Չանախչյանի կատարած արարքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններին, պատժի մասով բեկանել և փոփոխել է ստորադաս դատարանի դատավճիռը` փաստելով, որ Ռ.Չանախչյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանն անհիմն է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և թույլ է տվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

16. Նախորդ, ինչպես նաև սույն որոշման 6.1.-6.5.-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքներն իրենց համակցության մեջ գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թեև արձանագրել են, որ ամբաստանյալի կողմից Սանթրյանի հրամանի չկատարման արդյունքում ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում հրամանատարի դերի հեղինակազրկման և պետ (հրամանատար) - ստորադաս (ենթակա) սահմանված կանոնադրային հարաբերությունների խաթարման տեսքով ծառայության շահերին պատճառվել է էական վնաս, սակայն չեն վկայակոչել որևէ ապացույց, ինչը կվկայեր էական վնասի դրսևորման այդ ձևի սույն գործում առկայության մասին: Այլ կերպ` սույն գործով ձեռքբերված ապացույցների` իրենց համակցության մեջ վերլուծությունը վկայում է, որ առկա չէ որևէ փաստական տվյալ, ինչը կհիմնավորեր, թե հրամանի չկատարման արդյունքում ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում հրամանատարի դերի հեղինակազրկումը կոնկրետ ինչպես կամ ինչում է արտահայտվել: Մասնավորապես, դեպքին ականատես զինծառայողների, տվյալ գործով վկաներ Տիգրան Ղազարյանի, Նարեկ Կարապետյանի և Հայկ Մինասյանի ցուցմունքներից փաստացի հետևում է, որ վերջիններս չեն տեսել, թե ինչ է տեղի ունեցել շարահրապարակում մաքրություն կատարելու ժամանակ, քանի որ զբաղված են եղել իրենց աշխատանքով, ինչպես նաև չեն տեսել, թե ինչպես է Ռ.Չանախչյանը մայոր Ա.Սանթրյանի ներկայությամբ հրաժարվել մաքրություն կատարել, և ուշադիր չեն եղել, թե վերջիններիս միջև ինչ խոսակցություն է եղել: Բացի այդ, ըստ էության, նշել են նաև, որ մայոր Սանթրյանից են տեղեկացել, որ վերջինս Ռ.Չանախչյանին հրամայել է մաքրություն կատարել, իսկ Ռ.Չանախչյանը հրաժարվել է այն կատարելուց (տե՛ս սույն որոշման 6-6.2-րդ կետերը): Իսկ դեպքին ոչ ականատես վկա Խաչիկ Աղաբեկյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն ընդհանուր խոսակցություններից է լսել, որ շարահրապարակում Ռ.Չանախչյանը չի կատարել մայոր Սանթրյանի հրամանը` կապված տարածքի մաքրության հետ (տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը):

Վերոգրյալ պայմաններում փաստելը, որ հրամանի չկատարման արդյունքում տեղի է ունեցել հրամանատարի դերի հեղինակազրկում ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի բխում սույն գործի նյութերից: Ասվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ առանձին զինծառայողների ներկայությամբ հրաման չկատարելն ինքնին չի կարող հանգեցնել հրամանատարի հեղինակության կորստի և ազդել զինվորական կարգապահության վիճակի վրա այն աստիճան, որ ծառայության շահերին պատճառված վնասն էական գնահատվի: Ծառայության շահերին պատճառված վնասն էական գնահատելու համար ինքնին բավարար չէ զինծառայողի կողմից որևէ աշխատանք կատարելուց հրաժարվելը, եթե բացակայում են այլ հանգամանքներ, որոնք կվկայեին զինվորական ենթակայության շահերին էական վնաս պատճառելու մասին (տե՛ս սույն որոշման 13.3-րդ կետը):

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ռ.Չանախչյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Նշված խախտումները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը, ճանաչելու Ռ.Չանախչյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ռ.Չանախչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, հարկավոր է վերացնել:

19. Ինչ վերաբերում է բողոքաբերի և ամբաստանյալ Ռ.Չանախչյանի` համապատասխանաբար սույն որոշման 9-րդ և 4.1-րդ կետերում բարձրացրած փաստարկներին, ապա հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Ռ.Չանախչյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացնող հիմքով ենթակա է դադարեցման` Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում դրանց անդրադառնալը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ռազմիկ Գարեգինի Չանախչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 13-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի որոշումը բեկանել և փոփոխել:

2. Ռազմիկ Գարեգինի Չանախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով և քրեական գործի վարույթը կարճել:

3. Ռազմիկ Գարեգինի Չանախչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2018
N ՍԴ1/0033/01/16
Որոշում