Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 360-ՐԴ, 361-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 360-ՐԴ, 361-ՐԴ, 358-ՐԴ, 66-ՐԴ ԵՎ 68-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՏԴ1/0077/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՏԴ1/0077/01/16

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

    Դատավորներ`        Ռ. Բարսեղյան

Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ` դատախազ`   Կ. Նազարյանի

                   պաշտպան`                   Մ. Մարգարյանի

                   ամբաստանյալ`               Գ. Սերոբյանի

 

2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանի և պաշտպան Մ.Մարգարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 90761516 քրեական գործը:

Նախաքննության մարմնի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 20-ին Գոռ Գրիգորի Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով, 358-րդ հոդվածի 1-ին մասով, 358-րդ հոդվածի 1-ին մասով և 361-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճռով ամբաստանյալ Գ.Սերոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով, 361-րդ հոդվածի 1-ին մասով, 358-րդ հոդվածի 1-ին մասով և 358-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 68-րդ հոդվածների կիրառմամբ նշանակված պատիժները և նախորդ դատավճռով սահմանված 1 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկումը մասնակիորեն գումարելու միջոցով, Գ.Սերոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Գ.Սերոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` հրամանատարության հսկողության հանձնելը, վերացվել է:

Նույն դատական ակտով դատապարտվել է նաև Գևորգ Պետրոսի Խաչատրյանը:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 25-ին վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճիռը պատժի կրման մասով բեկանել ու փոփոխել է. Գ.Սերոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 68-րդ հոդվածների կիրառմամբ նշանակված պատիժները և նախորդ դատավճռով նշանակված 1 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկումը մասնակիորեն գումարելու միջոցով Գ.Սերոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Ամբաստանյալ Գ.Սերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Գ.Սերոբյանը և պաշտպան Մ.Մարգարյանը: Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ոչ միայն կատարված հանցագործությունների բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները` այն, որ երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, Գևորգ Խաչատրյանի հետ հաշտվել են:

Գործով ամբաստանյալի պատասխանատվությունը ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել: Ինչ վերաբերում է ամբաստանյալի նախկին դատվածությանը, ապա դատարանն արձանագրում է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով վերջնականապես դատապարտվել է 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով փորձաշրջան: Սույն գործով իրեն մեղսագրված արարքները կատարել է նախքան առաջին դատավճիռը կայացնելը: Այսինքն, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի հիմքով նախորդ դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ մասնակիորեն պետք է գումարել սույն գործով նշանակվող պատժին:

Նշված հանգամանքների պայմաններում դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ` ՀՀ քրեական օրենսգրքի 66, 68 հոդվածների կիրառմամբ, և որ ուղղման առումով ամբաստանյալին հասարակությունից մեկուսացնելու կարիք չկա, ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով, 361 հոդվածի 1-ին մասով, 358 հոդվածի 1-ին մասով, 358 հոդվածի 1-ինմասով նախատեսված ազատազրկման ձևով պատիժը նշանակելիս այն պետք է պայմանականորեն չկիրառել և սահմանել որոշակի ժամկետով փորձաշրջան (...)» (տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 98):

5.1. Արդյունքում Առաջին ատյանի դատարանը վճռել է. «Ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանին (...) ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով (...) դատապարտել 2 (երկու) ամիս ժամկետով կալանքի, ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) ամիս ժամկետով կալանքի, ՀՀ քրեական օրենսգրքի358 հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) ամիս ժամկետով կալանքի, ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ինմասով` 3 (երեք) ամիս ժամկետով կալանքի:

ՀՀ քրեական օրենսգրքի 66, 68 հոդվածների կիրառմամբ նշանակված պատիժները և նախորդ դատավճռով նշանակված 1 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկումը մասնակիորեն գումարելու միջոցով վերջնականապես դատապարտել 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով փորձաշրջան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 98):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործով մեղադրող Կ.Նազարյանը` խնդրելով մասնակի բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվական մարտի 17-ի դատավճիռը և Գ.Սերոբյանին դատապարտել ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով (տե'ս քրեական գործ, հատոր 4, թերթ 7):

6.1. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանը (...) ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող հանգամանքներն` այն, որ երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, Գևորգ Խաչատրյանի հետ հաշտվել է:

Դատարանն արձանագրել է նաև, որ գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել:

Ինչ վերաբերում է ամբաստանյալի նախկին դատվածությանը, ապա դատարանն արձանագրել է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.12.2016թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով վերջնականապես դատապարտվել է 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով փորձաշրջան: Սույն գործով իրեն մեղսագրվող արարքները կատարել է նախքան առաջին դատավճիռը կայացնելը: Այսինքն, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի հիմքով նախորդ դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ մասնակիորեն պետք է գումարել սույն գործով նշանակվող պատժին:

(...)

Հարկ է արձանագրել, որ նախկինում` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.12.2016թ. դատավճռով Գոռ Գրիգորի Սերոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 67, 68 հոդվածների կիրառմամբ ի վերջո դատապարտվել է 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով փորձաշրջան:

Հարկ է արձանագրել նաև, որ որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք առկա է հանցանք կատարելու ռեցիդիվ:

(...) Քննության առնելով ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի հարցն այն պայմանականորեն չկիրառելու առնչությամբ, վերաքննիչ դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, կատարման հանգամանքները, վիճարկվող դատական ակտում շարադրված հանցավորի անձը բնութագրող տվյալներն, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը:

(...)

(...) Ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ վիճարկվող դատական ակտով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

(...)

(...) Ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ինմասով, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.12.2016թ. դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել:

(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել է ոչ ճիշտ եզրակացության, ինչը հանգեցրել է նյութական իրավունքի այնպիսի խախտման, որը հիմք է վիճարկվող դատական ակտն այդ մասով բեկանելու և փոփոխելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 81-82):

6.2. Արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշել է. «(...) Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ (...) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 17.03.2017թ. դատավճիռը պատժի կրման մասով բեկանել և փոփոխել:

Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ պատիժ նշանակել. ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ինմասով` կալանք 2 (երկու) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` կալանք 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով` կալանք 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով` կալանք 3 (երեք) ամիս ժամկետով:

Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.12.2016թ. դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 68-րդ հոդվածների կիրառմամբ նշանակված պատիժները և նախորդ դատավճռով նշանակված 1 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկումը մասնակիորեն գումարելու միջոցով Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

(...)

Դատավճիռը մնացած մասերով թողնել անփոփոխ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 83):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակները գտել են, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անտեսել է Վճռաբեկ դատարանի` Արթուր Խուրշուդյանի, Գեղամ Ղազարյանի և Իլլարիոն Նունուշյանի վերաբերյալ գործերով որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Մասնավորապես բողոքաբերները նշել են, որ մեղադրողն իր վերաքննիչ բողոքում չի խնդրել վերացնել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատժի պայմանական չկիրառելը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանական չկիրառելը վերացրել է և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ ու 68-րդ հոդվածների կիրառմամբ նշանակված պատիժները և նախորդ դատավճռով նշանակված 1 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկումը մասնակիորեն գումարելու միջոցով Գ.Սերոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում` այն պարագայում, երբ առաջին ատյանի դատարանն արդեն իսկ ազատազրկման ձևով պատիժ էր սահմանել 1 տարի 6 ամիս ժամկետով:

Ըստ բողոքաբերների` Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները և վերացնելով նախորդ դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանական չկիրառելը, կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, քանի որ Գ.Սերոբյանը սույն քրեական գործով իրեն մեղսագրվող արարքները կատարել է ոչ թե նշված դատավճռով սահմանված փորձաշրջանի ընթացքում, այլ ավելի վաղ` մինչև սույն դատական ակտը կայացնելը:

Բողոքի հեղինակները գտել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների չկիրառումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերապահ բեկանմանը հանգեցնող դատավարական իրավունքի խախտում չէր, հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր դուրս գալու վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից:

7.1. Բողոք բերած անձինք գտել են նաև, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի և 79-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, քանի որ որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի չի առել Գ.Սերոբյանի հիվանդությունը` այն, որ տառապում է կրկնվող իրավիճակային ռեակցիաներ էմոցիոնալ անկայուն տիպի անձի մոտ, օրգանական անբավարար ֆոն հոգեկան հիվանդությամբ: Վերջինս ՀՀ ՊՆ 08.04.2013թ. թիվ 410 հրամանի 8բ հոդվածի 1-ին սյունակի համաձայն, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար` խաղաղ ժամանակ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Գ.Սերոբյանը մինչև զինվորական ծառայության անցնելը երբևէ չի դատապարտվել, անբասիր վարքագիծ է դրսևորել, երիտասարդ է, իրեն մեղսագրվող արարքները կատարել է միայն զինվորական ծառայության ընթացքում, իսկ բժշկական հետազոտությունների արդյունքում էլ պարզվել է, որ զինվորական ծառայությունը վատ է անդրադառնում նրա վրա, և որ նա չի կարողանում այլևս ծառայությունը շարունակել: Պարզվել է նաև, որ Գ.Սերոբյանը աֆեկտիվ անկայուն է, իսկ նախքան բանակ զորակոչվելը զինկոմիսարիատի ուղեգրով հետազոտվել է «Նորք» հոգեբուժական կլինիկայում: Ըստ քրեական գործի նյութերի` Գ.Սերոբյանը 2016 թվականի նոյեմբերի 8-ին զորամասն ինքնակամ լքել է, իսկ հիվանդանոց է ընդունվել 2016 թվականի նոյեմբերի 13-ին, այսինքն` այդ արարքը կատարելուց անմիջապես հետո նրա վիճակը կտրուկ վատացել է, որպիսի հանգամանքը վկայում է այն մասին, որ սույն քրեական գործով արարքների կատարման պահին Գ.Սերոբյանի մոտ արդեն առկա են եղել առողջական խնդիրներ, որոնք նշված հանցանքների հանգամանքներով պայմանավորված խորացել են:

Բողոքաբերների կարծիքով Վերաքննիչ դատարանը պարտավոր էր պարզել` արդյոք Գ.Սերոբյանի հիվանդությունը չի խոչընդոտում պատիժը կրելուն, որը չի արել:

8. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճռին կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով լուծելու սույն քրեական գործով ամբաստանյալ Գ.Սերոբյանին պատժի կրումից ազատելու հարցը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավասո՞ւ էին արդյոք ստորադաս դատարանները Գ.Սերոբյանի նկատմամբ պատիժ նշանակելու հանցանքների համակցության կանոններով այն դեպքում, երբ նրա նկատմամբ նախորդ` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

2. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, գումարելիս վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին:

3. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության կամ միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասը տարին:

4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով:

(...)

6. Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցանքների համակցությամբ (...) պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման մեկ օրվան համապատասխանում է`

1) կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու մեկ օրը.

2) (...)

3) հանրային աշխատանքների երեք ժամը:

2. Տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով պատիժները կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

«6. Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում չարամտորեն խուսափում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, ինչպես նաև անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու վերացման հարցը լուծում է դատարանը:

7. Փորձաշրջանի ընթացքում անձի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը և պատիժ նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում նաև նոր անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում, եթե դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը»:

Մեջբերված քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանը համակարգված վերլուծության է ենթարկել Անդրեյ Համզոյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) Հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս դատարանն իրավասու է լրիվ կամ մասնակիորեն գումարել համակցության մեջ մտնող յուրաքանչյուր հանցանքի համար ազատազրկման, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու, հանրային աշխատանքների, տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով նշանակված պատիժները: Ընդ որում, ազատազրկման, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու, հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարվում են դրանց գումարման ժամանակային միավորներին համապատասխան, իսկ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ի կատար են ածվում առանձին:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ մոտեցումը բխում է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդհոդվածով նախատեսված` հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու, 68-րդ հոդվածով նախատեսված` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները գումարելու կանոններից, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` քրեական օրենքն անալոգիայով կիրառելու արգելքից:

(...)

(...) Հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս կիրառելի գումարման կանոնները հստակ սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անձի նկատմամբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվում է, որ նա մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը կատարվել է նախքան առաջին դատավճռի կայացումը, անձի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելիս դատարանը պարտավոր է ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդհոդվածի 1-ին մասով և լրիվ կամ մասնակիորեն գումարել համակցության մեջ մտնող յուրաքանչյուր հանցանքի համար նշանակված ռեալ պատիժները:

(...)

(...) Պատիժը պայմանականորեն չկիրառելը կարող է վերացվել այն դեպքում, երբ`

ա) դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում չարամտորեն խուսափում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց,

բ) դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք է կատարում,

գ) դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցանք է կատարում:

Պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու վերոնշյալ հիմքերը սպառիչ են, ինչը նշանակում է, որ անձի պայմանական դատապարտումը նշված հիմքերից բացի որևէ այլ հիմքով վերացվել չի կարող:

(...)

(...) ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնը կիրառելի է այն դեպքում, երբ առաջին գործով կայացված դատավճռով անձի նկատմամբ նշանակվել է ռեալ պատիժ: Այլ խոսքով` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը կիրառելի չէ այն դեպքում, երբ անձի նկատմամբ դատավճիռ է կայացվում և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշված դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, սակայն հետագայում պարզվում է, որ անձը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը կատարվել է նախքան առաջին գործով դատավճռի կայացումը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս անձի նկատմամբ նշանակված փորձաշրջանը չի հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակ և ներառված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ թվարկված այն պատժատեսակների շարքում, որոնց նկատմամբ կիրառելի են լրիվ կամ մասնակիորեն գումարման կանոնները: Միևնույն ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չի նախատեսում պայմանական դատապարտումը վերացնելու հնարավորություն այն դեպքում, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվում է, որ այդ անձը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը կատարել է նախքան առաջին դատավճռի կայացումը:

Հետևաբար, այն դեպքում, երբ անձի նկատմամբ դատավճիռ է կայացվում և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդհոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, սակայն հետագայում պարզվում է, որ անձը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը կատարել է նախքան առաջին գործով դատավճռի կայացումը, երկրորդ դատավճռով դատարանը պետք է ինքնուրույն պատիժ նշանակի` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կիրառման, ինչը ենթադրում է, որ առաջին և երկրորդ դատավճիռները պետք է կատարվեն առանձին: (...)» (տե'ս Անդրեյ Համզոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴ3/0046/01/13 որոշման 14-19-րդ կետերը):

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի մարտի 17-ի դատավճռով Գ.Սերոբյանին դատապարտել է կալանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով` 2 (երկու) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) ամիս ժամկետով: Այնուհետև, գտնելով, որ Գ.Սերոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է կիրառվի ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածը, և անտեսելով այն, որ նախորդ դատավճռով Գ.Սերոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել` Առաջին ատյանի դատարանը նշանակված պատժին մասնակիորեն գումարել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով նրա նկատմամբ նշանակված 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում` 1 տարի 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառել (տե՛ս սույն որոշման 2-րդ և 5.1-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ինչպես սույն գործով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճռով, այնպես էլ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմքեր չեն եղել, հետևաբար պատիժը պայմանականորեն չկիրառելը ենթակա է վերացման: Արդյունքում Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 68-րդ հոդվածների կիրառմամբ նշանակված պատիժները և նախորդ դատավճռով նշանակված 1 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկումը մասնակիորեն գումարելու միջոցով Գ.Սերոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6.2-րդ կետերը):

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Սերոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը և արդյունքում նրա նկատմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով նշանակված և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառված` 1 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկումը: Մասնակիորեն գումարման կանոնը կիրառելիս ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս անձի նկատմամբ նշանակված փորձաշրջանը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակ չէ և ներառված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ թվարկված այն պատժատեսակների շարքում, որոնց նկատմամբ կիրառելի են լրիվ կամ մասնակիորեն գումարման կանոնները:

Բացի այդ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով Գ.Սերոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով` Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստը, որ նշված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ և վերաքննության առարկա չի հանդիսանում: Արդյունքում խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը, քանի որ որպես Գ.Սերոբյանի պայմանական դատապարտության վերացման հիմք նշել է այնպիսի հանգամանքներ, որոնք ներառված չեն պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սպառիչ թվարկված հիմքերի շարքում:

13. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավասու չէին Գ.Սերոբյանի նկատմամբ պատիժ նշանակելու հանցանքների համակցության կանոններով այն դեպքում, երբ նրա նկատմամբ նախորդ` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

Այս առումով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը, 70-րդ հոդվածի 6-7-րդ մասերը, ինչը հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով Գ.Սերոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով` Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու պահանջը, ինչը հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեադատավարական օրենքի էական խախտում:

14. Հիմք ընդունելով վերը շարադրված եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես` խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ և 70-րդ հոդվածի 6-7-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Նշված հանգամանքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի հիման վրա հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

15. Ինչ վերաբերում է սույն գործով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճռով Գ.Սերոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման հիմնավորվածությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները վերացնելուց հետո:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում, սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելու պայմաններում, Առաջին ատյանի դատարանը պետք է համապատասխան իրավական գնահատականի արժանացնի վճռաբեկ բողոքում բարձրացված` ամբաստանյալ Գ.Սերոբյանի հիվանդության վերաբերյալ փաստարկները (տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 398-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Գոռ Գրիգորի Սերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2018
N ՏԴ1/0077/01/16
Որոշում