Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 22-Ն

 

i

ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 28-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2018 թ. հոկտեմբերի 18-ի

N 22-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փոխներարկումային բժշկական օգնության իրականացմանը ներկայացվող պահանջների ու պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է բուժական նպատակով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական կազմակերպություններում:

3. Արյան բաղադրամասերի փոխներարկումը պետք է լինի բուժական տեսանկյունից հիմնավորված և հնարավորինս անվտանգ: Փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության ապահովման նպատակով դոնորական արյունը պարտադիր հետազոտվում է` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկի, իրականացման կարգի ու մեթոդների համաձայն:

4. Արգելվում է փոխներարկել սահմանված կարգով չստուգված, ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր:

5. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունն ապահովում է արյան բաղադրամասերի պաշարների առկայությունը` ելնելով յուրաքանչյուր 10 (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և վերակենդանացման ուղղվածության) մահճակալին` չորս միավոր արյան բաղադրամաս համամասնության հաշվարկից:

6. Արյան բաղադրամասերի փոխներարկում իրականացնելու վերաբերյալ որոշումը կայացվում է բուժող բժշկի կողմից` հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ ռեցիպիենտի համար այդ բժշկական օգնության նպատակահարմարությունը և հնարավոր ռիսկերը:

7. Արյան բաղադրամասերի փոխներարկումը թույլատրվում է ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 15-ով հաստատված ռեցիպիենտի ծանուցման ձևի կամ բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) արդյունքում ընդունված որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում բժշկի կողմից` հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթում:

8. Արյան բաղադրամասերը փոխներարկվում են հետևյալ փուլերով`

1) արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնավորումից հետո բժշկի կողմից լրացվում է` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանի Հավելված 11-ով հաստատված արյան բաղադրամասերի պահանջագիրը, որը ներկայացվում է արյան բաղադրամասերի պատրաստմամբ և պահպանմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություն.

2) փոխներարկում իրականացնող բժիշկը պարտավոր է`

ա. ստուգել արյան բաղադրամասի պարկի ամբողջականությունը, պիտակի տեղեկատվության ճշտությունը, մակրոսկոպիկ գնահատել բաղադրամասի որակը.

բ. փոխներարկումից առաջ կրկնակի որոշել պացիենտի և փոխներարկվող արյան բաղադրամասի խմբային և ռեզուս պատկանելությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012թ. օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկի, իրականացման կարգի ու մեթոդների 8-րդ և 9-րդ կետերի համաձայն.

գ. կատարել փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն` առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով.

3) միջին բուժաշխատողների կողմից իրականացվում է փոխներարկվող արյան բաղադրամասի նախապատրաստում`

ա. թարմ սառեցված պլազմայի, կրիոպրեցիպիտատի հալեցում ջրային բաղնիքում կամ հալեցման համար նախատեսված հատուկ սարքերում, +35+37oC ջերմաստիճանի պայմաններում: Նշված սարքերի բացակայության դեպքում պլազմայի հալեցումը կատարվում է ջրով լցված տարայում: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի +35+37oC: Արգելվում է հալեցումը կատարել ոչ ջրային տարայում/արևի տակ, ձեռքերի մեջ, ջեռուցիչի վրա և այլն/: Փոխներարկումն անհրաժեշտ է անցկացնել պլազման հալեցնելուց անմիջապես հետո,

բ. էրիթրոցիտային զանգվածի տաքացում 18-25oC ջերմաստիճանում, 30-60 րոպեի ընթացքում: Գերադասելի է օգտագործել հատուկ տաքացուցիչներ: Անմիջապես փոխներարկումից առաջ էրիթրոցիտային զանգվածի ռեոլոգիական հատկությունների լավացման համար, դրա վրա կարելի է ավելացնել 50-100 մլ 0,9% նատրիումի քլորիդի լուծույթ.

4) արյան բաղադրամասը փոխներարկվում է միանգամյա օգտագործման ֆիլտրով` ներերակային, կաթիլային եղանակով.

5) փոխներարկում իրականացնող բժիշկը պարտավոր է անկախ փոխներարկվող բաղադրամասերի ծավալից` կատարել կենսաբանական համատեղելիության փորձ: Հիվանդին միանվագ ներարկվում է 10 մլ արյան բաղադրամաս` 2-3 մլ/րոպե (40-60 կաթիլ/րոպե) արագությամբ, որից հետո փոխներարկումն ընդհատվում է: Երեք րոպեի ընթացքում բժիշկը հսկում է ռեցիպիենտի ընդհանուր վիճակը, գնահատում է պուլսի և շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման, մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը: Այս գործողությունները պետք է կրկնվեն ևս 2 անգամ: Եթե այդ ժամանակահատվածում հայտնաբերվում է ստորև թվարկված կլինիկական ախտանիշներից (դող, սարսուռ, ցավեր գոտկատեղում, կրծոսկրի ետևում սեղմման զգացողություն, գլխացավ, սրտխառնոց կամ փսխում) որևէ մեկը, ապա անհրաժեշտ է անմիջապես ընդհատել տվյալ բաղադրամասի փոխներարկումը:

9. Ընդհանուր անզգայացման ժամանակ արյան բաղադրամասերի փոխներարկումից առաջացած բարդությունների մասին վկայում են վիրահատական վերքից չպատճառաբանված արյունահոսությունը, զարկերակային ճնշման անկումը, պուլսի հաճախացումը, միզապարկի կաթետրավորմամբ ստացված մեզի գույնի փոփոխությունը: Այդպիսի դեպքերում տվյալ բաղադրամասի փոխներարկումն անհրաժեշտ է ընդհատել:

10. Արյան բաղադրամասերի փոխներարկման ամբողջ ընթացքում փոխներարկման ենթարկվող պացիենտը գտնվում է բժշկի հսկողության տակ: Հսկվում են պացիենտի ընդհանուր վիճակը, անոթազարկը, շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը` հնարավոր բարդությունները վաղ ախտորոշելու և արագ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Բարդությունների առաջացման առաջին իսկ նշանների դեպքում փոխներարկումը դադարեցվում է: Փոխներարկումից հետո պացիենտն առնվազն 3 ժամ գտնվում է բժշկի հսկողության տակ:

11. Փոխներարկում իրականացնող բժշկի կողմից յուրաքանչյուր արյան բաղադրամասի փոխներարկման մասին գրառում է կատարվում հիվանդության պատմագրում` նշելով փոխներարկման ժամը, փոխներարկված արյան բաղադրամասի փաթեթի համարը, խմբային և ռեզուս համատեղելիության, կենսաբանական փորձի տվյալները, բարդությունները: Փոխներարկված արյան բաղադրամասի պիտակը փակցվում է հիվանդության պատմագրի մեջ:

12. Յուրաքանչյուր փոխներարկված արյան բաղադրամասի վերաբերյալ գրառում է կատարվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 14-ով հաստատված արյան բաղադրամասերի փոխներարկման մատյանում:

13. Փոխներարկված արյան բաղադրամասի պարկը և փոխներարկման համակարգը պահպանվում է սառնարանային պայմաններում` +2-+6oC, 48 ժամ:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
18.10.2018
N 22-Ն
Հրաման