Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՂՈՔԱԲԵՐԻ ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՈՂՈՔԱԲԵՐԻ ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԱՐԴ1/0012/11/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ1/0012/11/16

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ

                   դիմողի ներկայացուցիչ       Գ. Գրիգորյանի

 

2018 թվականի մարտի 20-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Հ.Քյասինյանը որոշում է կայացրել Արթուր Բեգանյանի ինքնասպանության վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:

2016 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Ա.Սիմոնյանը որոշում է կայացրել վերոհիշյալ որոշման դեմ Ա.Բեգանյանի քրոջ Վերգինե Բեգանյանի բողոքը մերժելու մասին` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2. Դիմող Վ.Բեգանյանը և նրա ներկայացուցիչ Կ.Ղոնյանը բողոք են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Հ.Քյասինյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2016 թվականի օգոստոսի 15-ի որոշումը և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին հարուցել քրեական գործ:

Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ դիմող Վ.Բեգանյանի և նրա ներկայացուցիչ Կ.Ղոնյանի բողոքը բավարարել է, վերացրել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2016 թվականի օգոստոսի 15-ի որոշումը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Վ.Բեգանյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ առանց քննության է թողել դատախազ Ա.Դոլինյանի վերաքննիչ բողոքը` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է 2017 թվականի հունիսի 29-ին, Արմավիրի մարզի դատախազությունում այն ստացվել է 2017 թվականի հուլիսի 6-ին: Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա.Դոլինյանը 2017 թվականի հուլիսի 13-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 157-160, 166-173):

6. Առաջին ատյանի դատարանն իր որոշման եզրափակիչ մասում նշել է. «(...) Որոշումը ենթակա է բողոքարկման Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարան` այն հրապարակելու պահից տասնօրյա ժամկետում» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 160):

7. Վերաքննիչ դատարանը բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ արձանագրել է. «(...) Քննության առնելով ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա.Դոլինյանի բերած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի վարույթ ընդունելու հարցը, այդ կապակցությամբ ուսումնասիրելով թիվ ԱՐԴ1/0012/11/16 նյութերը, բերված վերաքննիչ բողոքի փաստարկներն ու պատճառաբանությունները, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ դատախազի վերաքննիչ բողոքը` որպես ժամկետանց, պետք է թողնել առանց քննության` հետևյալ պատճառաբանությամբ.

(...)

Բողոք բերած անձը չի ներկայացրել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, սակայն իր բողոքում նշել է, որ Դատարանի 29.06.2017թ. որոշման պատճենը ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում ստացվել է նույն տարվա հուլիսի 6-ին, հետևաբար բողոքաբերի վերաքննիչ բողոքը` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, պետք է թողնել առանց քննության» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 176):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 և ՀՀ վճռաբեկ դատարանի` Տ.Հովհաննիսյանի վերաբերյալ 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական և հիմնավորված չէ:

Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 29-ի որոշումը դատախազությունում ստացվել է 2017 թվականի հուլիսի 6-ին, իսկ վերաքննիչ բողոք է ներկայացվել 2017 թվականի հուլիսի 13-ին, այսինքն` օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետի պահպանմամբ: Սակայն Վերաքննիչ դատարանը, սխալ եզրահանգման գալով, նշել է, որ դատախազության կողմից բաց է թողնվել վերաքննիչ բողոք բերելու օրենսդրությամբ սահմանված ժամկետը, և բողոք բերած անձը չի ներկայացրել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ինչն էլ հիմք է հանդիսացել բողոքն առանց քննության թողնելու համար:

Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով Առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբ է դիտել որոշումը հրապարակելու օրը, այլ ոչ թե այն ստանալու պահը, ինչն էլ հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներով ձևավորված նախադեպային պրակտիկային:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 24-ի որոշումը, և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետը, անձի կամքից անկախ հանգամանքներով բաց թողնելու դեպքում, իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու կառուցակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. բողոքաբերի կամքից անկախ հանգամանքներով բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում իրավաչա՞փ է արդյոք վերաքննիչ դատարանի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը` միջնորդություն չներկայացնելու պատճառաբանությամբ:

12. ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...)»:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի (...) քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում է առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատություններում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (...)»:

Մեջբերված իրավանորմերը Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ հանդիսանում է այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց ու երաշխիք: Դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչ է հանդիսանում նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը: Դատական որոշումների վերանայման և ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական դատավարության խնդիրներով և դատական սխալների ու անօրինական դատական ակտերի բացառման և կանխման օբյեկտիվ, անընդհատ գոյություն ունեցող պահանջով:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախ և առաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար: Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է նաև այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները, մասնավորապես` այդ ժամկետների սկիզբը հաշվելու վերաբերյալ կարգավորումները լիարժեք կերպով չեն երաշխավորում իրենց շահերին առնչվող դատական ակտերը վերադաս դատարան բողոքարկելու` դատավարության մասնակիցների իրավունքը:

ՀՀ քրեադատավարական օրենքն առաջին ատյանի դատարանի (...) գործն ըստ էության չլուծող մյուս դատական ակտերի բողոքարկման համար սահմանում է տասնօրյա ժամկետ` բողոքարկման ժամկետի սկիզբ համարելով դատական ակտի հրապարակման պահը: Նման կարճ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու օրենսդրի կամքով: Մյուս կողմից, սակայն, բողոքարկման ժամկետների սկիզբը դատական ակտի հրապարակման պահից համարելու պայմաններում նման կարճ ժամկետները կարող են խոչընդոտել շահագրգիռ անձի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացմանը:

Անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, մասնավորապես` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Մինչդեռ դատական ակտը հրապարակելուց հետո մինչև շահագրգիռ անձի կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը կարող է անձի կամքից անկախ հանգամանքներում հանգեցնել սահմանված ժամկետից ուշ կամ ակնհայտ անհիմն, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող բողոքի ներկայացմանը:

Հետևաբար (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա` «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը:

(...) Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկն սկսվում է դատական ակտը շահագրգիռ անձին հանձնելու և ոչ թե այն դատական նիստերի դահլիճում հրապարակելու պահից (տե՛ս Տիգրան Վարազդատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 17-18-րդ և 22-24-րդ կետերը):

13. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է, որ դատավարության կողմերը պետք է կարողանան օգտվել իրենց բողոքարկման իրավունքից այն պահից, երբ փաստացի ծանոթացել են դատական որոշումների հետ, որոնք կարող էին խախտել իրենց օրինական իրավունքները կամ շահերը, այլապես դատարանները կարող են էականորեն կրճատել բողոքարկման ժամկետը, անգամ դատական ակտի հանձնումը ձգձգելով անհնարին դարձնել դրա բողոքարկումը» (տե՛ս Miragall Escolano and Others v. Spain, 2000 թվականի մայիսի 25-ի վճիռը, գանգատներ թիվ 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 1487/98, 41509/98, կետ 37):

14. ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտը բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետի հաշվարկման, այն` անձի կամքից անկախ հանգամանքներով բաց թողնելու իրավահարաբերությունները կարգավորող նորմերի սահմանադրականության հարցերին` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները.

i

- «Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշման 7-րդ կետը):

- «Ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար:

(...) Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը (...): Մինչդեռ օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով բողոքարկման ժամկետների հաշվարկի սկիզբ համարելով բողոքարկվող դատական ակտի հրապարակման պահը` օրենսդիրը ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը կախվածության մեջ է դնում դատական հայեցողությունից` բաց թողնված ժամկետը հարգելի կամ անհարգելի համարելու առումով:

(...) Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հիմնավորված չի համարում բողոքարկվող դատական ակտի փաստացի ուշ ստանալու հիմքով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարաններին լայն հայեցողական լիազորության տրամադրումը: Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա և տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, առավել ևս, որ օրենսդիրը մի շարք դեպքերում ոչ միայն չի բացառում, այլև որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկի սկիզբ ուղղակիորեն նախատեսում է տվյալ դատական ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու պահը:

(...) ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով նշված դեպքերում բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով /ex jսre/ պետք է համարվի հարգելի, ինչը կերաշխավորի անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշման 8-9-րդ կետերը):

- «Երբ բողոքաբերի կողմից հստակ փաստարկված ու հիմնավորված է, որ դատական ակտը դատարանի թերացման արդյունքում օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի` առանց միջնորդության ձևական պահանջի ու դրա հայեցողական քննարկումների» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշման 12-րդ կետը):

15. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտը շահագրգիռ անձի կամքից անկախ պատճառներով նրան հասանելի չդարձվելու հանգամանքը հիմք է այդ ակտը վերաքննության կարգով բողոքարկելու` օրենքով սահմանված և ակտի հրապարակման պահից հաշվարկվող 10-օրյա ժամկետի բացթողումն իրավունքի ուժով /ex jure/ վերականգնելու համար: Այդ դեպքում պարտադիր չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու համար օրենսդրությամբ սահմանված միջնորդություն ներկայացնել, այլ բավարար են բողոքաբերի կողմից բերված անհրաժեշտ ապացույցներն այն մասին, որ վերջինս դատարանի թերացման (կոնկրետ դեպքում` դատական ակտն ուշ ուղարկելու) արդյունքում է ուշ ստացել դատական ակտը, կամ այդ փաստը (դատական ակտն ավելի ուշ ստանալու) հաստատված համարվի գործում առկա նյութերով: Տվյալ իրավիճակներից որևէ մեկի առկայությունը դատարանին փաստացի հիմք է տալիս դատական ակտը բողոքարկելու բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով /ex jure/ վերականգնելու` առանց միջնորդության ձևական պահանջի:

Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդրությունն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական որոշ ակտերը շահագրգիռ անձանց հանձնելու համար ժամկետներ չի բովանդակում, սակայն սահմանում է վերոհիշյալ ակտերի բողոքարկման կարճ ժամկետներ (հրապարակման պահից 10-օրյա ժամկետ), ինչի արդյունքում էլ հնարավոր է դատական ակտը հրապարակելու օրն այն շահագրգիռ անձին չհանձնվի, իսկ վերջինս օբյեկտիվորեն զրկվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և ներկայացնելու հնարավորությունից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը բողոքարկելու համար բաց թողնված ժամկետի վերականգնման վերաբերյալ ներկայացված դիրքորոշումները չեն կարող անսահմանափակ բնույթ կրել և այն վերաբերում է միայն շահագրգիռ անձի կամքից անկախ պատճառներով դատական ակտը նրան հասանելի չլինելու դեպքերին (մասնավորապես, երբ դատական ակտը դատարանի թերացման կամ առաքման այլ պատճառներով չի հանձնվել կամ ուշ է հանձնվել շահագրգիռ անձին), իսկ այն պարագայում, երբ դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողումը կապված է անձի հիվանդության, անհաղթահարելի ուժի և այլ դեպքերի հետ, ապա տվյալ պարագայում պահանջվում է, որ բողոքաբերի կողմից ներկայացվի հիմնավորված միջնորդություն` կից ապացույցներով, որոնք հնարավորություն կընձեռեն դատարաններին ըստ հավուր պատշաճի, մանրամասն հետազոտելու բողոքարկման ժամկետների բաց թողնման պատճառները և համապատասխան եզրահանգման գալու:

16. Սույն գործի փաստերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2017 թվականի հունիսի 29-ին, իսկ դատախազությունն այն ստացել է 2017 թվականի հուլիսի 6-ին: Վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազ Ա.Դոլինյանը 2017 թվականի հուլիսի 13-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ներկայացրած բողոքը ժամկետանց է և պետք է թողնել առանց քննության` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը չի ներկայացրել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, այլ իր բողոքում միայն փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2017 թվականի հունիսի 29-ին, իսկ որոշման պատճենը ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում ստացվել է 2017 թվականի հուլիսի 6-ին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը շահագրգիռ անձի կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու պարագայում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու: Տվյալ իրավիճակում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ուշադրություն դարձնել բողոքաբերի կողմից ներկայացված այն փաստարկին, որ վերջինս դատական ակտի պատճենը ստացել է դատական ակտի հրապարակման պահից ավելի ուշ: Մինչդեռ, վերաքննիչ դատարանը, առանց պատշաճ ուսումնասիրելու տվյալ հանգամանքը (մասնավորապես` կողմի ներկայացրած ապացույցները), եկել է սխալ եզրահանգման առ այն, որ կողմի ներկայացրած բողոքը ժամկետանց է, և բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում է կայացրել` բողոքարկման ժամկետը բաց թողնելը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելու պատճառաբանությամբ:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կամքից անկախ հանգամանքներով բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը` միջնորդություն չներկայացնելու պատճառաբանությամբ:

18. Ամփոփելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերը վերաքննիչ բողոք է ներկայացրել օրենքով նախատեսված ժամկետում, այն է` դատական ակտը ստանալու պահից տասնօրյա ժամկետում, հետևաբար Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և այն նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վերգինե Բեգանյանի և նրա ներկայացուցիչ Կ.Ղոնյանի բողոքը բավարարելու վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 29-ի որոշման դեմ դատախազ Ա.Դոլինյանի բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2018
N ԱՐԴ1/0012/11/16
Որոշում