Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԱՔԵՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՎԱՔԵՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՎԱՔԵՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 39563/09)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

30 մարտի 2017թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով,

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով`

Լեդի Բիանկու [Ledi Bianku]` Նախագահ,

Ալեշ Պեյխալ [AleԾ Pejchal],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]` դատավորներ,

և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2017 թվականի մարտի 7-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի պրն Ավանես Ավաքեմյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2009 թվականի հուլիսի 11-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 39563/09) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Հ. Ալումյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ իշխանությունները չեն կատարել իր օգտին կայացված վերջնական վճիռները:

4. 2011 թվականի նոյեմբերի 17-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1947 թվականին և ապրում է Երևանում:

 

Ա. Վարույթների առաջին խումբը

 

6. Չպարզված օրը դիմումատուն հայց է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան ընդդեմ ֆիզիկական անձ Կ.-ի` պահանջելով որոշակի գումար վճարել իրեն: Ըստ երևույթին, նախքան դատարանի կողմից գործը քննելը, դիմումատուն և Կ.-ն պարտքի մարման վերաբերյալ համաձայնություն են կնքել, որով, inter alia (ի թիվս այլնի), սահմանվել է վճարման ժամանակացույց:

7. 2005 թվականի մայիսի 3-ին Վարչական շրջանի դատարանը կայացրել է վճիռ` բավարարելով պարտքը մարելու վերաբերյալ հայցը: Դատարանը նաև նշել է, որ վճիռը չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարման ծառայության միջոցով: Վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

8. Քանի որ Կ.-ն չի կատարել պարտքի մարման պայմանները, Վարչական շրջանի դատարանը տրամադրել է կատարողական թերթ, և 2005 թվականի հունիսի 13-ին հարկադիր կատարողը հարուցել է կատարողական վարույթ: Ըստ դիմումատուի, հարկադիր կատարողը Կ.-ին պատկանող դրամական որևէ միջոց կամ գույք չի գտել կատարողական վարույթի ընթացքում:

9. 2007 թվականի հունիսի 7-ի գրությամբ հարկադիր կատարողը դիմումատուին տեղեկացրել է, որ կատարողական վարույթի ընթացքում ինքը պարզել է, որ Կ.-ն տուն է ժառանգել, սակայն դրա նկատմամբ սեփականության իր իրավունքը չի գրանցել: Հարկադիր կատարողը դիմումատուին խորհուրդ է տվել հայց ներկայացնել Կ.-ի դեմ, որպեսզի ճանաչվի տան նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը:

 

Բ. Վարույթների երկրորդ խումբը

 

10. Ըստ երևույթին ավելի ուշ` 2007 թվականին, դիմումատուն հայց է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան` տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով:

11. 2007 թվականի հոկտեմբերի 24-ին Վարչական շրջանի դատարանը, հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի վրա, բավարարել է դիմումատուի պահանջը և Կ.-ին ճանաչել է քննարկման առարկա տան սեփականատեր: Վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

12. 2007 թվականի նոյեմբերի 19-ին հարկադիր կատարողը, գործելով Վարչական շրջանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա, վարույթ է հարուցել` 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը հարկադիր կատարելու նպատակով:

13. 2007 թվականի նոյեմբերի 22-ին հարկադիր կատարողը պահանջել է, որպեսզի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ճանաչի տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը, գրանցի այն և տա սեփականության վկայականի պատճենը:

14. Ի պատասխան այդ պահանջի` Անշարժ գույքի կադաստրը 2007 թվականի դեկտեմբերի 4-ին հարկադիր կատարողին տեղեկացրել է, որ տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է դրա վերաբերյալ Կ.-ի դիմումը, Վարչական շրջանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վճռի բնօրինակը և պետական տուրքի ու համապատասխան այլ վճարումների անդորրագրերը: Այն նաև նշել է, որ Կ.-ն ապօրինի ձևով մի հողատարածք էր զբաղեցնում, որի կարգավիճակն անորոշ էր:

15. 2008 թվականի փետրվարի 8-ին, հուլիսի 4-ին և օգոստոսի 4-ին, համապատասխանաբար, հարկադիր կատարողը համանման պահանջներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստր, որոնցում նա նշել է, որ Կ.-ի դիմումն անհրաժեշտ չէ` հղում կատարելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 22-րդ հոդվածին: Նա նաև նշել է, որ գրանցման հետ կապված վճարումների հարցը կլուծվի, երբ սկսվի գրանցման գործընթացը, և որ անդորրագրերը կներկայացվեն:

 

Գ. Վարույթների երրորդ խումբը

 

16. 2008 թվականին դիմումատուն Անշարժ գույքի կադաստրի և հարկադիր կատարողի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան` փորձելով պարտավորեցնել նրանց, համապատասխանաբար, գրանցել տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքն ու բռնագանձել տունը նրանից:

17. 2008 թվականի դեկտեմբերի 1-ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի հայցը` կարգադրելով Անշարժ գույքի կադաստրին գրանցել տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը, իսկ հարկադիր կատարողին` բռնագանձել տունը նրանից: Մասնավորապես, Վարչական դատարանը գտել է, որ թե՛ Անշարժ գույքի կադաստրի կողմից տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքի գրանցումը մերժելը, և թե՛ հարկադիր կատարողի կողմից` Կ.-ին պատկանող դրամական միջոցների բացակայությամբ պայմանավորված` 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը չկատարելը անհիմն են եղել, քանի որ տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը ճանաչվել է 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վերջնական վճռով: Ինչպես երևում է, Վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

18. Ըստ դիմումատուի, երեք վճիռներից ոչ մեկը չի կատարվել:

 

Դ. Հետագա վարույթները

 

19. 2010 թվականի փետրվարի 18-ին դիմումատուն Վարչական շրջանի դատարան ներկայացրած հայցով պահանջել է, որպեսզի Կ.-ն վճարի տոկոսները: 2011 թվականի մարտի 1-ին Վարչական շրջանի դատարանն ընդունել է նրա հայցը և Կ.-ին կարգադրել նրան վճարել 17 727 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2011 թվականի ապրիլի 1-ին: 2012 թվականի ապրիլի 2-ին դիմումատուն պահանջել է հարկադիր ձևով կատարել վճիռը, սակայն հարկադիր կատարողը մերժել է նրան, քանի որ նա չի կատարել վերջնական վճիռը կայացվելուց հետո մեկ տարի ժամկետում դրա համար դիմելու պահանջը: Այդ ժամկետը լրացել է 2012 թվականի ապրիլի 1-ին: Բացի այդ, դիմումատուն հարկադիր կատարողին նաև չի ներկայացրել լիազորագիր:

20. 2012 թվականի փետրվարի 10-ին Կ.-ն հարկադիր կատարողին ներկայացրել է պարտքի վճարման անդորրագիր, և վերջինս 2012 թվականի փետրվարի 13-ին ավարտել է կատարողական վարույթը:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենք

 

21. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով հարկադիր կատարողի կողմից կատարողական գործողություններն իրականացնելու համար սահմանվում է երկամսյա ընդհանուր ժամկետ:

 

Բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք

 

22. Քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

23. 1188-րդ հոդվածով սահմանվում է, որ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է:

 

Գ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք

 

24. 22-րդ հոդվածով նախատեսվում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխությունները չեն կարող կատարվել առանց սեփականատիրոջ համաձայնության, բացի այն դեպքերից, երբ փոփոխությունը կատարվում է դատարանի որոշումով, վճռով կամ դատավճռով:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

25. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել երեք խումբ վարույթներում իր օգտին կայացված վերջնական վճիռները: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, որոնք, այնքանով, որքանով վերաբերելի են, ունեն հետևյալ բովանդակությունը.

 

ՀՈԴՎԱԾ 6

 

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից .... արդարացի ... դատաքննության իրավունք:»

 

Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված

 

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում, ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:

26. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:

 

Ա. Ընդունելիությունը

 

27. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Դիմումատուն

 

28. Դիմումատուն նշել է, որ ինքը և իր ներկայացուցիչը բացառապես անտեղյակ են եղել, որ պարտքը վճարվել է: Եթե այն վճարվել է, ապա Կառավարությունը թերացել է պարզաբանելու հարցում, թե ինչու դիմումատուն չի ստացել որևէ վճար և թե ինչպես կարող էր այդպիսի չվճարումը հանգեցնել վճռի հարկադիր կատարման: Կատարողական վարույթը կասեցվել էր մինչև 2012 թվականի փետրվարի 13-ը, ինչը նշանակում էր, որ վճիռը, փաստորեն, «կատարվել է» դրա` յոթ տարի անկատար մնալուց հետո միայն, երբ գործը Դատարանի կողմից ուղարկվել է Կառավարություն:

 

բ) Կառավարությունը

 

29. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի կատարել վերջնական վճիռը կայացվելուց հետո մեկ տարի ժամկետում 2011 թվականի մարտի 1-ի վճիռը կատարման ներկայացնելու պահանջը: Այնուամենայնիվ, Հայաստանի օրենսդրությամբ նախատեսվում է լրացած ժամկետը վերականգնելու հնարավորություն, սակայն դիմումատուն չի օգտագործել իրավական պաշտպանության այդ միջոցը: Կառավարությունը պնդել է, որ ներպետական մարմիններն օգտագործել են իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները` դիմումատուին պարտքի վճարման մասին տեղեկացնելու համար: Ավարտված կատարողական վարույթի վերաբերյալ դիմումատուի` Երևանում գտնվող մշտական բնակության հասցեով ուղարկվել է երկու ծանուցագիր: Հետագայում հարկադիր կատարողը փորձել է դիմումատուին գտնել ոստիկանության օգնությամբ: Կառավարությունը նաև նշել է, որ Կ.-ի պարտքը դիմումատուին (32 500 ԱՄՆ դոլար) միակ խնդրահարույց հարցը չէր, քանի որ դիմումատուն նույնպես գումար էր պարտք Կ.-ին (57 500 ԱՄՆ դոլար): Երբ Կ.-ն վճարել էր դիմումատուին, հարկադիր կատարողն այդ գումարից հաշվանցել էր դիմումատուի պարտքը նրան: Այդ հանգամանքներում, Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պայմանները բավարարվել են, քանի որ Վարչական շրջանի դատարանի 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը կատարվել է: Հետևաբար, հարցը կարելի էր համարել լուծված:

 

2. Դատարանի գնահատականը

 

30. Դատարանը կրկին նշում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետով յուրաքանչյուրի համար ապահովվում է իր` քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող ցանկացած պահանջ դատարանի կամ տրիբունալի առջև ներկայացնելու իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը մնար չգործող` ի վնաս կողմերից մեկի: Անընդունելի կլիներ, որ հարկավոր լիներ 6-րդ հոդվածի 1-ին կետով մանրամասն նկարագրել դատավարության մասնակիցներին տրամադրվող ընթացակարգային երաշխիքները` վարույթ, որն արդար, հրապարակային և արագացված է` առանց դատական որոշումների իրականացումը պաշտպանելու: 6-րդ հոդվածը որպես բացառապես դատարանի մատչելիությանը և վարույթի իրականացմանը վերաբերող մեկնաբանելը հավանաբար կտաներ օրենքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների, որը պայմանավորվող երկրները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են ապահովել: 6-րդ հոդվածի նպատակներով, որևէ դատարանի կողմից կայացված վճռի կատարումն, այսպիսով, պետք է համարվի «դատավարության» անբաժանելի մասը (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II, և Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, § 34, ՄԻԵԴ 2002-III):

31. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին, Դատարանը նկատում է, որ Վարչական շրջանի դատարանը 2005 թվականի մայիսի 3-ին կայացրած վերջնական վճռով հաստատել է պարտքի մարման վերաբերյալ համաձայնությունը, ըստ որի` Կ.-ն համաձայնվել է դիմումատուին պարտքը վճարել: Վճիռը ենթակա էր ճանաչման և կատարման Հայաստանի իշխանությունների կողմից: Քանի որ Կ.-ն չի կատարել համաձայնության պայմանները, Վարչական շրջանի դատարանը տրամադրել է կատարողական թերթ, և 2005 թվականի հունիսի 13-ին հարկադիր կատարողը հարուցել է կատարողական վարույթ: Քանի որ հարկադիր կատարողը չէր կարողացել գտնել Կ.-ին պատկանող դրամական այլ միջոցներ կամ գույք` բացի այն տնից, որը նա ժառանգել էր, դիմումատուն նոր վարույթ է հարուցել Կ.-ի դեմ` տան նկատմամբ նրա սեփականությունն օրինական կերպով ճանաչելու նպատակով: 2007 թվականի հոկտեմբերի 24-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է դիմումատուի հայցը և հաստատել նշված տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը: Վերջապես, 2008 թվականին դիմումատուն Անշարժ գույքի կադաստրի և հարկադիր կատարողի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան` առաջինին պարտավորեցնելու գրանցել Կ.-ի սեփականությունը տան նկատմամբ, իսկ վերջինին` նրանից տունը բռնագրավել: 2008 թվականի դեկտեմբերի 1-ին Վարչական դատարանը վերջնական վճռով բավարարել է դիմումատուի հայցը:

32. Ներպետական օրենսդրության համաձայն` հարկադիր կատարողը, ընդհանուր առմամբ, ունի երկամսյա ժամկետ` կատարողական գործողություններն իրականացնելու համար (տե՛ս վերևում` 21-րդ պարբերությունը): Քանի որ սույն գործով 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը Կ.-ի կողմից կամովին չի կատարվել, 2005 թվականի հունիսի 13-ին հարուցվել է կատարողական վարույթ: Երկամսյա ժամկետը նշանակում էր, որ կատարողական վարույթը պետք է ավարտված լիներ 2005 թվականի օգոստոսի կեսին: Այնուամենայնիվ, հարկադիր կատարողը կատարողական գործողությունների ընթացքում չի կարողացել գտնել Կ.-ին պատկանող դրամական որևէ միջոց կամ գույք` բացի այն տնից, որը նա ժառանգել էր:

33. Հետագայում, տան նկատմամբ Կ.-ի սեփականության հարցը լուծվել է 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վերջնական վճռով: Վարչական դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 1-ի իր վճռով, մասնավորապես, գտել է, որ թե՛ Անշարժ գույքի կադաստրի կողմից տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքի գրանցումը մերժելը, և թե՛ հարկադիր կատարողի կողմից` Կ.-ին պատկանող դրամական միջոցների բացակայության պատճառով 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը չկատարելը եղել են անհիմն, քանի որ տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքն արդեն ճանաչվել էր 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վերջնական վճռով: Հետևաբար, պետք է համարել, որ ըստ Վարչական դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վճռից հետո 2005 թվականի մայիսի 3-ի վճռի կատարման համար խոչընդոտներ գոյություն չեն ունեցել:

34. Կողմերը համաձայնել են, որ 2005 թվականի մայիսի 3-ի, 2007 թվականի հոկտեմբերի 24-ի և 2008 թվականի դեկտեմբերի 1-ի վճիռները մնացել են անկատար` մինչև 2012 թվականի փետրվարի 10-ը, երբ Կ.-ն հարկադիր կատարողին ներկայացրել է պարտքի վճարման անդորրագիր, ով այնուհետև 2012 թվականի փետրվարի 13-ին դադարեցրել է կատարողական վարույթը: Ավելին, Դատարանը նշում է, որ կատարողական վարույթը դադարեցվել է միայն 2011 թվականի նոյեմբերի 17-ին գանգատը Կառավարություն ուղարկելուց հետո:

35. Հետևաբար, 2005 թվականի մայիսի 3-ի, 2007 թվականի հոկտեմբերի 24-ի և 2008 թվականի դեկտեմբերի 1-ի վճիռները, որոնք բոլորն էլ հօգուտ դիմումատուի էին, 2007 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2012 թվականի փետրվարի 13-ը մնացել են անկատար: Այդ ներպետական վճիռները չկատարելը, հետևաբար, տևել է չորս տարի և երեք ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ` այդ ուշացումը հիմնավորելու համար: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, վերջնական վճիռները կատարելու համար մի քանի տարի շարունակ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով, թույլ չեն տվել, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները սույն գործով իրենց արդյունավետ ողջ ուժով գործեն, և որ այն հանգամանքի պատճառով, որ նրա պահանջը անհիմն երկար ժամկետով մնացել է չբավարարված, նրանք չեն կարողացել ապահովել նրա` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքները (տե՛ս Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 56-57, 2009 թվականի հոկտեմբերի 15, և Մեմիշայն ընդդեմ Ալբանիայի [Memishaj v. Albania], թիվ 40430/08, § 33, 2014 թվականի մարտի 25):

36. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

37. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի մասով այն մասին, որ նա չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց` իր օգտին կայացված վերջնական վճիռները չկատարելու համար, քանի որ հարկադիր կատարողն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2005 թվականի մայիսի 3-ին կայացված վճիռը կատարելուն ուղղված որևէ գործողություն չեն ձեռնարկել:

38. Կոնվենցիայի 13-րդ հոդվածը շարադրված է հետևյալ կերպ`

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:»:

39. Կառավարությունը վիճարկել է այդ պնդումը:

 

Ա. Ընդունելիությունը

 

40. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

41. Դիմումատուն կոնկրետ մեկնաբանություն չի արել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի ենթադրյալ բացակայության վերաբերյալ:

42. Կառավարությունը շարունակել է պնդել, որ դիմումատուն ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, քանի որ 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը կատարվել է և պարտքը վճարվել է: Ավելին, դիմումատուն ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց` կարողանալով պահանջել և հասնել պարտքի տոկոսների վճարման, սակայն չի պահպանել ազգային օրենսդրության ընթացակարգային պահանջներն այնքանով, որքանով դրանք վերաբերում էին հարկադիր կատարմանը: Հայաստանի օրենսդրությամբ նախատեսվում է լրացած ժամկետը վերականգնելու հնարավորություն, սակայն դիմումատուն չի օգտագործել այդ հնարավորությունը:

 

2. Դատարանի գնահատականը

 

43. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը տալիս է Պետության` Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված պարտավորության անմիջական նկարագիրը` առաջին հերթին պաշտպանել մարդու իրավունքները և հետո միայն իրենց սեփական իրավական համակարգը: Հետևաբար այն պահանջում է, որ Պետությունները տրամադրեն Կոնվենցիային համապատասխան իրավական պաշտպանության ներպետական միջոցներ` «վիճարկելի բողոքի» էության հետ գործ ունենալու համար, և տրամադրեն դատական պաշտպանության արդյունավետ միջոց (տե՛ս Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի գործը` վերևում հիշատակված, § 63, և Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudla v. Poland [GC]], թիվ 30210/96, § 152, ՄԻԵԴ 2000-XI):

44. Պայմանավորվող պետությունների` Կոնվենցիայի 13-րդ հոդվածին համապատասխան պարտավորությունների շրջանակը փոփոխվում է` դիմումատուի բողոքի բնույթով պայմանավորված. սույն դրույթի իմաստով «իրավական պաշտպանության միջոցի» «արդյունավետությունը» չի ենթադրում դիմումատուի համար անկասկած դրական արդյունք: Միևնույն ժամանակ 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է «արդյունավետ» լինի ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության շրջանակներում` ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակական կատարումը կանխելու կամ արդեն իսկ կատարված ցանկացած խախտման համար պատշաճ փոխհատուցում տրամադրելու իմաստով: Նույնիսկ եթե մեկ իրավական պաշտպանության միջոցն ինքնին չի համապատասխանում 13-րդ հոդվածի պահանջներին, ապա ներպետական օրենսդրությամբ նախատեսված իրավական պաշտպանության միջոցների ամբողջությունը կարող է ապահովել դա (տե՛ս Յուրի Նիկոլայի Իվանովն ընդդեմ Ուկրաինայի` վերևում հիշատակված, § 64, Կուդլայի գործը` վերևում հիշատակված, §§ 157-158, և Վասերմանն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Wasserman v. Russia (no. 2)], թիվ 21071/05, § 45, 2008 թվականի ապրիլի 10):

45. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ապացուցել այն հանգամանքը, որ ներպետական օրենսդրությամբ պարտապանին, ինչպիսին դիմումատուն է, տրվում է հարկադիր կատարման վարույթի ձգձգումները վիճարկելու հնարավորություն: Նրանք նաև չեն ապացուցել հարկադիր կատարման վարույթը ձգձգելու համար փոխհատուցման պահանջի մասով հայց ներկայացնելու հնարավորությունը: Այն փաստը, որ դիմումատուն կարողացել է հասնել նրան, որ իր օգտին կայացվել է տոկոսագումարը վճարելու մասին հարկադիր կատարման ենթակա վճիռ, հարկադիր կատարման վարույթի ձգձգման մասով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ, քանի որ այդ ձգձգումը վերագրվում է ոչ թե Կ.-ին, այլ ներպետական մարմիններին:

46. Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն չի ունեցել կատարողական վարույթներն արագացնելու կամ այդ վարույթների ձգձգման հետևանքով առաջացած ցանկացած վնասի մասով փոխհատուցում ստանալու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով: Հետևաբար, տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

47. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

 

48. Դիմումատուն պահանջել է 25 000 եվրո` որպես նյութական վնասի հատուցում և 5 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

49. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի` նյութական վնասի մասով պահանջը պետք է մերժվի, քանի որ դա այն նույն գումարն է, ինչ դիմումատուին արդեն իսկ վճարված պարտքը: Կառավարությունը նշել է, որ ոչ նյութական վնասի մասով պահանջը նույնպես պետք է մերժվի, քանի որ տեղական մակարդակով դիմումատուն արդեն իսկ ստացել է փոխհատուցում: Երբ Դատարանն այլ դիրքորոշում է հայտնել, Կառավարությունը պնդել է, որ ոչ նյութական վնասի մասով պահանջը խելամիտ չէ` վեց տարի և ինն ամիս վճարումը ուշացնելու ժամկետի համեմատությամբ:

50. Դատարանը համաձայն է Կառավարության հետ այն հարցում, որ այլևս գոյություն չունի որևէ ժամկետանց պարտք, քանի որ այն արդեն վճարվել է դիմումատուին, և հետևաբար մերժում է դիմումատուի` նյութական վնասի մասով պահանջը: Մյուս կողմից, այն գտնում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն որոշ չափով ոչ նյութական վնաս է կրել: Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3 600 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

51. Դիմումատուն ծախսերի և ծախքերի մասով որևէ պահանջ չի ներկայացրել: Հետևաբար, Դատարանն այս մասով ոչինչ չի շնորհում:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

52. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում.

4. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարը, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

ոչ նյութական վնասի դիմաց` 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

5. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի մարտի 30-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

    Ռենատա Դեգեներ                       Լեդի Բիանկու

    Քարտուղարի տեղակալ                   Նախագահ

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
30.03.2017
N 39563/09
Վճիռ