Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆ ...

 

 

020.1434.061118

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 6 նոյեմբերի 2018 թ.

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՉԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Հանրապետության նախագահի ներկայացուցիչ` Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Հովակիմյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի պետ Գ. Մելոյանի և նույն վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի հունվարի 17-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2018 թվականի հունվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև Սահմանադրական դատարանի մասին օրենք)` «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը» վերտառությամբ 17-րդ հոդվածի սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.

«1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում` Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2017 թվականի հունվարի 14-ին և ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 18-ից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև Ազգային ժողովի կանոնակարգ)` «Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը» վերտառությամբ 141-րդ հոդվածի սույն գործով վիճարկվող 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը սահմանում են.

«1. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում»,

«3. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը` Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում` Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում»,

«8. Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու»:

Վերոհիշյալ 141-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը լրացվել և փոփոխվել են Ազգային ժողովի կողմից ընդունված 17.01.18 թ. ՀՕ-50-Ն և 07.02.18 թ. ՀՕ-96-Ն օրենքներով:

Գործի քննության առիթը Հանրապետության նախագահի` 2018 թվականի հունիսի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով դիմողի և պատասխանողի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի և Ազգային ժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները, գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը փաստում է, որ Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության (ինչն ընդգրկում է նաև առաջադրումը) մանրամասներ (այդ թվում` ժամկետներ) սահմանված չեն և դրանք սահմանադիրը վերապահել է Սահմանադրական դատարանի մասին օրենքին և Դատական օրենսգրքին:

Սահմանադրության 166 և 167-րդ հոդվածների կարգավորումների շրջանակներում, վերլուծելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածը և Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածը, դիմողը գտնում է, որ.

- ի կատարումն Սահմանադրության 166-րդ հոդվածի պահանջի` Սահմանադրական դատարանի մասին օրենքով պետք է սահմանվեին Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մանրամասներ, սակայն այդ օրենքի համապատասխան կարգավորմամբ (17-րդ հոդվածով) առանցքային մանրամասներ չեն սահմանվել, այլ դրանք վերապահվել են Ազգային ժողովի կանոնակարգով սահմանելուն,

- Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի կազմավորման կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով, սակայն Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 1-ին մասով կարգավորվել է Սահմանադրական դատարանի կազմավորմանը վերաբերող հարց, որը, ըստ դիմողի, ուղղակիորեն դուրս է այդ օրենքի` Սահմանադրությամբ նախատեսված առարկայի շրջանակներից,

- Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումներ կատարող (այսուհետև` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող) մարմինների համար առաջադրման ժամկետներ սահմանված չեն, և, ըստ էության, դրանց սահմանման հարցը սահմանադիրը Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով վերապահել է Սահմանադրական դատարանի մասին օրենքին և Դատական օրենսգրքին: Սակայն, համապատասխան կարգավորումները սահմանվել են մեկ այլ սահմանադրական օրենքով` Ազգային ժողովի կանոնակարգով: Արդյունքում, ըստ դիմողի, օրենսդիրը գերազանցել է Սահմանադրությամբ սահմանված իրավասության տիրույթը,

- հստակ չէ, թե ինչ իրավաչափ և անհրաժեշտ նպատակ են հետապնդում Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումներ կատարելու (այսուհետ նաև` Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման) համար սահմանված ժամկետները: Օրենսդիրը մի դեպքում մեկամսյա ժամկետ է սահմանել, իսկ մեկ այլ` Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու դեպքում` տասնօրյա ժամկետ, որոնց սահմանադրաիրավական հիմքը, ինչպես նաև անհրաժեշտության և ողջամտության հիմնավորումը, դիմողի կարծիքով, բացակայում են:

Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, համաձայն որի` Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, չի բացառում, որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ` սոսկ քաղաքական շարժառիթներով Ազգային ժողովի կողմից խոչընդոտվի Սահմանադրական դատարանի կազմի համալրումը և արդյունքում հնարավոր է առաջանա Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության խնդիր: Դիմողը միաժամանակ գտնում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը` սահմանելով Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության ռեժիմ, չի նախատեսել որևէ առանձնահատկություն այն իրավիճակի դեպքում, երբ, օրինակ` Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի առկայությունը կհանգեցնի նիստերի իրավազորության խնդրին, ինչն օրենսդրական բաց է և կարող է առաջացնել իրավական անվտանգության խնդիր և խախտել ֆիզիկական և իրավաբանական անձանց` Սահմանադրական դատարան դիմելու սահմանադրական իրավունքը:

Վերոհիշյալի հիման վրա դիմողը սույն գործով բարձրացնում է Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասին, Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի` Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասին, 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերին, 167-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքի` Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով` Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին, 167-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին համապատասխանության հարցեր:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից բխում է, որ սահմանադիրը հստակ տարբերակում է Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրող և Սահմանադրական դատարանի դատավոր ընտրող պետական մարմիններին, ուստիև Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը չի ընդգրկում նրա առաջադրումը: Վկայակոչելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի այն կարգավորումը, համաձայն որի` դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով` պատասխանողը գտնում է, որ սահմանադրական այդ օրենքներով ենթակա են սահմանման ոչ թե ամբողջական ընթացակարգեր, այլ բացառապես այդ օրենքների կարգավորման առարկայի շրջանակներում դատավորների ընտրությանը և նշանակմանն առնչվող մանրամասներ:

Ըստ պատասխանողի` այնքանով, որքանով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը, այն վերջինիս գործառույթն է, ուստի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող կարգավորումները տրվում են Ազգային ժողովի կանոնակարգով, քանի որ Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան, իսկ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի իրավակարգավորումների շրջանակներում վերլուծելով Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի կարգավորումները` պատասխանողը փաստում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումը Հանրապետության նախագահի, Կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի գործառույթն է:

Վկայակոչելով իրավունքի բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` պատասխանողը չի վիճարկում, որ հնարավոր են դեպքեր, երբ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերն առաջացնեն Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության խնդիր: Սակայն, ըստ պատասխանողի, նշված խնդրի հաղթահարման մեխանիզմի սահմանումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակից դուրս է և պայմանավորված չէ իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ: Հետևաբար` դիմողի կողմից բարձրացված հարցի օրենսդրական մակարդակով համապատասխան կարգավորման բացակայությունը չի կարող որակվել որպես օրենսդրական բաց: Ավելին, զուտ ընթացակարգային առումով օրենսդիրը փորձել է, մասնավորապես, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսել հիշյալ խնդրի առաջացումը կանխող կարգավորումներ:

Վերոգրյալի հիման վրա պատասխանողը գտնում է, որ.

- Ազգային ժողովի կանոնակարգով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը վերաբերող իրավակարգավորումները համապատասխանում են Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու սահմանադրական գործառույթին և այդ գործառույթի իրացումը կարգավորող ընթացակարգային նորմեր են` դուրս չգալով Ազգային ժողովի կանոնակարգի կարգավորման առարկայի շրջանակից, հետևաբար` Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, որում հղում է արվում Ազգային ժողովի կանոնակարգին, համապատասխանում է Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև 166-րդ հոդվածի 9-րդ մասին,

- Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի այն հատվածները, որտեղ սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման, Սահմանադրական դատարանի կազմավորմանն առնչվող ընթացակարգային դրույթներ, չեն համապատասխանում Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի, 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի, 167-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին,

- Սահմանադրական դատարանի մասին օրենքն այնքանով, որքանով չի ամրագրում Սահմանադրական դատարանի կազմավորմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրական դատարանի գործունակությունը երաշխավորող կարգավորումներ, չի հակասում Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին և 167-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը գնահատելիս, նկատի ունենալով նաև սույն գործով կողմերի դիրքորոշումները, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

ա) սույն գործով վիճարկվող դրույթներով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մանրամասներն արդյո՞ք բխում են Սահմանադրության, մասնավորապես, 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության, 166-րդ հոդվածի 9-րդ մասի և 167-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող և ընտրող մարմինների գործունեության սահմանադրական կարգերից և արդյո՞ք ապահովում են նրանց սահմանադրաիրավական լիազորությունների պատշաճ իրականացումը,

բ) Սահմանադրական դատարանի մասին օրենքում արդյո՞ք առկա է օրենսդրական բաց` Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների, մասնավորապես` Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության ապահովման առանձնահատուկ երաշխիքների մասով:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության կարգը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կազմավորմանը վերաբերող սահմանադրական կարգավորումներն ամրագրված են Սահմանադրության` համապատասխանաբար «Դատավորների ընտրության և նշանակման կարգը» վերտառությամբ 166-րդ հոդվածով և «Սահմանադրական դատարանը» վերտառությամբ 167-րդ հոդվածով: Մասնավորապես.

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը` Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ»:

Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով»:

Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի կազմավորման կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Սույն գործի շրջանակներում անհրաժեշտ համարելով բացահայտել Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով սահմանելու նորմը չի ենթադրում, որ բացառապես հիշյալ օրենքներով պետք է սահմանվեն բոլոր մանրամասները և այդ առումով չեն կարող վերապահումներ նախատեսվել այլ սահմանադրական օրենքների իրավակարգավորումներին: Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի և, մասնավորապես, այդ նորմի «մանրամասներ» եզրույթի` Սահմանադրությամբ կանխորոշված բովանդակությունն անհրաժեշտ է դիտարկել սահմանադրական լուծումների ամբողջականության համատեքստում` ելնելով սահմանադրական կոնկրետ նպատակներից, հաշվի առնելով նաև իրավակարգավորման առարկայի շրջանակները, իրավասու մարմինների սահմանադրական կարգավիճակը, նրանց գործունեության սահմանադրական կարգերը և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարգավորող իրավական ակտի տեսակը և բնույթը: Ըստ այդմ` Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մանրամասները կարող են բովանդակել ինչպես էական (սկզբունքային), այնպես էլ դրանց իրականացումն ապահովող ընթացակարգային (կազմակերպական) իրավակարգավորումներ:

Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի, 167-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների համակարգային տրամաբանությունից բխում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը ներառում է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումը և, որպես միասնական գործընթաց, ուղղված է նույն սահմանադրական նպատակի իրականացմանը, այն է` Սահմանադրական դատարանի կազմավորմանը (կազմի համալրմանը), ըստ այդմ` նրա բնականոն գործունեության և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման ապահովմանը: Հիշյալ սահմանադրական նպատակի իրականացման վերջնարդյունքը, բնականաբար, Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման հնարավորության ստեղծումն է, որով ապահովվում է Սահմանադրության գերակայությունը:

Ինչ վերաբերում է մանրամասներ սահմանող իրավական ակտերի տեսակին և բնույթին, ապա Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված է, որ դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են սահմանադրական օրենքներով` Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով: Հարկ է նշել, որ Սահմանադրության` «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» վերտառությամբ 7-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից և, մասնավորապես, Սահմանադրության 166-րդ հոդվածից, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկություններից է բխում, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանադիրը տարանջատել և Սահմանադրական դատարանի մասին օրենքին է վերապահել Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մանրամասների սահմանումը, իսկ այլ դատարանների դատավորների ընտրության և նշանակման մանրամասների սահմանումը` Դատական օրենսգրքի կարգավորմանը: Ի դեպ, հարկ է նշել նաև, որ այս տարանջատումն իր հետագա օրենսդրական ամրագրումն է ստացել սահմանադրական օրենքի` Դատական օրենսգրքի 1-ին հոդվածում, համաձայն որի` Դատական օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի: Քննարկվող համատեքստում Դատական օրենսգրքով սահմանվում է միայն դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգը (75-րդ հոդված):

Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում անհրաժեշտ է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության անցկացման էական իրավակարգավորումներ բովանդակող մանրամասները սահմանադրական օրենքով, այն է` Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանելը սահմանադրական կարևորագույն երաշխիքներից է նաև Սահմանադրական դատարանի անկախության ապահովման տեսանկյունից (Սահմանադրության 167-րդ հոդված):

Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում անհրաժեշտ է ընդգծել նաև, որ Ազգային ժողովը` որպես Սահմանադրական դատարանի դատավորին ընտրող սահմանադրական մարմին, Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գործում է իր կանոնակարգին համապատասխան, որը ևս սահմանադրական օրենք է (Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասություն): Իսկ սահմանադրական օրենքների առումով առկա է Սահմանադրության ուղղակի պահանջ, այն է` սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից (Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասություն):

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մանրամասները Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանելու սահմանադրական պատվիրանն իրացրել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի հատկապես 17-րդ հոդվածում, որով, մասնավորապես, սահմանել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված ժամկետում` Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով (1-ին մաս): Իսկ այդ ժամկետը սահմանված է Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածով` մասնավորապես դրա 1-ին մասով, համաձայն որի` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքում, տվյալ դեպքում` 17-րդ հոդվածի 1-ին մասում Ազգային ժողովի կանոնակարգին հղում կատարելը ձևի առումով ինքնին սահմանադրականության խնդիր չի հարուցում: Ինչ վերաբերում է բովանդակային խնդրին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է Ազգային ժողովի կանոնակարգի իրավակարգավորմանը` սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է: Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 1-ին մասով վեցամսյա ժամկետ է սահմանվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության անցկացման համար, և, ինչպես դա բխում է նաև նույն հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումներից, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը կատարվում է ընտրության ժամկետի սահմաններում: Ընտրության արդյունքում, ինչպես վերը նշվել է, համալրվում է Սահմանադրական դատարանի կազմը, ըստ այդմ` ապահովվում է նրա բնականոն գործունեությունը և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացումը, ուստիև այնպիսի էական մանրամասը բովանդակող իրավակարգավորում է, որը պետք է սահմանվի Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Նույն տեսանկյունից վերլուծելով նաև Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի այլ դրույթները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ հոդվածի 3-րդ մասով, 7-րդ մասի երկրորդ նախադասությամբ և 8-րդ մասով ևս սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության անցկացմանը, ներառյալ` առաջադրմանը, պաշտոնի ստանձնմանը վերաբերող էական մանրամասներ բովանդակող իրավակարգավորումներ, մասնավորապես, թե ինչ հաջորդականությամբ են կատարվում Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները և ինչ ժամկետներում, երբ է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ստանձնում իր պաշտոնը` Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում, ինչ ժամկետում է առաջադրվում Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու` Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու դեպքում:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 4, 5, 6-րդ մասերի և 7-րդ մասի առաջին նախադասության (գաղտնի քվեարկության մասով) դրույթներին, ապա դրանցով սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության անցկացման, ներառյալ` առաջադրման, ընթացակարգային մանրամասներ բովանդակող իրավակարգավորումներ, ինչպես նաև դրանք վերաբերում են բացառապես Ազգային ժողովի լիազորությունների իրականացման, գործունեության կանոնակարգման հարցերին և, ելնելով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից` պետք է սահմանված լինեն հենց Ազգային ժողովի կանոնակարգով: Մասնավորապես, հիշյալ դրույթները սահմանում են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի` Ազգային ժողովի նախագահին ուղղված դիմումով առաջադրվելու կարգը, դիմումին ներկայացվող պահանջները, դիմումի վերադարձման կարգը, ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարության կարգը, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման և քվեարկության կարգը:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող` Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է Ազգային ժողովի կանոնակարգի իրավակարգավորմանը, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 7-րդ մասի երկրորդ նախադասությունը և 8-րդ մասը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց են: Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության, 166-րդ հոդվածի 9-րդ մասի և 167-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` այդ դրույթները պետք է սահմանվեն Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 4, 5, 6-րդ մասերը և 7-րդ մասի առաջին նախադասությունը (գաղտնի քվեարկության մասով) սահմանված լինելով Ազգային ժողովի կանոնակարգով` սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չեն, ավելին` դրանք Ազգային ժողովի կանոնակարգով սահմանելը բխում է Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից:

4.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բարձրացնում է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման համար Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերով սահմանված ժամկետների ողջամտության հարց: Դիմողը բարձրացնում է նաև հիշյալ մասերով սահմանված ժամկետների առումով միասնական մոտեցում ապահովելու հարց:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանը դատավորների թեկնածուների առաջադրումը կանոնակարգելու համար Սահմանադրությամբ սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրող մարմինների շրջանակը և նրանցից յուրաքանչյուրի կողմից Սահմանադրական դատարանի երեքական դատավոր առաջարկելու լիազորությունը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետի մասով Սահմանադրությամբ որևէ կարգավորում սահմանված չէ:

Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումը, նախ և առաջ, ենթադրում է Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին բավարարող թեկնածուների ընտրություն: Այդ պահանջները, մասնավորապես, ամրագրված են Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի` «Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»:

Ակնհայտ է, որ Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներից առնվազն մեկը` բարձր մասնագիտական որակների առկայությունը, գնահատման ենթակա է և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող մարմնից որոշակի ժամանակ է պահանջում:

Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերի վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը սահմանել է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումներ կատարելու տարբեր ժամկետներ: Այսպես` Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 3-րդ մասով, մասնավորապես, սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ առաջադրող մարմինները կատարում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում` Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի ինչպես 3-րդ մասով, այնպես էլ 8-րդ մասով նախատեսված դեպքերում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու ժամկետները չեն կարող կամայականորեն տարբերակվել միմյանցից: Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող մարմինը, ըստ էության, իրականացնում է առաջադրման նույն գործընթացը, ինչպես և նախորդ դեպքում, քանի որ այլ առանձնահատուկ գործընթաց օրենքով սահմանված չէ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները միասնական են և պայմանավորված չեն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման արդյունքներով:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող մարմինների կողմից առաջադրման կոնկրետ մոտեցումներին, ապա դրանք ենթակա են իրացման առաջադրող յուրաքանչյուր մարմնի կողմից իր սահմանադրաիրավական լիազորությունների շրջանակներում` հիմք ընդունելով սահմանադրաիրավական կարգավորումները, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացվող սահմանադրաիրավական պահանջները:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելն օրենսդիր մարմնի իրավասության հարց է: Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելիս օրենսդրի կողմից պետք է ամրագրվի Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ողջամիտ ժամկետ` Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետն այնքանով, որքանով էականորեն տարբերվում է նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մեկամսյա ժամկետից, խնդրահարույց է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացվող սահմանադրաիրավական պահանջներին բավարարող թեկնածու առաջադրելու սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու տեսանկյունից:

4.3. Սույն գործի շրջանակներում դիմողը բարձրացնում է նաև օրենսդրական բացի հարց`

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների, մասնավորապես` Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության ապահովման առանձնահատուկ երաշխիքների մասով:

Նախ հարկ է նշել, որ հանրային իշխանության մարմնի իրավազորությունը պայմանավորվում է իր իրավասության իրացման կարողունակությամբ: Իսկ տվյալ մարմնի իրավազորության առկայության և գործառույթների իրացման իրավաչափության նախադրյալը քվորումի առկայությունն է:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (այդ թվում` ՍԴՈ-1081 և ՍԴՈ-1384) հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել կոլեգիալ մարմնի նիստերի իրավազորության վերաբերյալ, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև սույն գործով: Մասնավորապես, Սահմանադրական դատարանն ամրագրել է, որ հանրային իշխանության իրականացումն ինչպես միանձնյա, այնպես էլ կոլեգիալ սկզբունքներով սահմանադրաիրավական պայման է, որն անմիջականորեն բխում է Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածի իրավակարգավորումից և պայմանավորված է կառավարման ժողովրդավարական սկզբունքների շարունակական իրացման անհրաժեշտությամբ:

Կոլեգիալ մարմնի գործունեության ապահովման տեսանկյունից առաջնահերթ կարևորվում է որոշում ընդունելու նպատակով օբյեկտիվ պատճառներով տվյալ մարմնի նիստին նրա բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում այդ մարմնի անդամների անհրաժեշտ այնպիսի թվաքանակի ներկայության ապահովումը, որով կերաշխավորվի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու կարողունակությունը:

Հարկ է արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում հանրային իշխանության կոլեգիալ մարմինների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իրավակարգավորումների հիմքում առավելապես դրված է այն տրամաբանությունը, որ.

ա) կոլեգիալ մարմնի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է կոլեգիալ մարմնի անդամների ընդհանուր թվի մեծամասնությունը կամ որակյալ մեծամասնությունը,

բ) կոլեգիալ մարմնում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների կամ կոլեգիալ մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կամ որակյալ մեծամասնությամբ:

Որքանո՞վ է Սահմանադրությունը կարգավորում Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության հարցը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս հարցն ստացել է հստակ կարգավորում: Սահմանադրական դատարանի որոշումների և եզրակացությունների ընդունման համար Սահմանադրական դատարանի դատավորների անհրաժեշտ ձայների քանակը սահմանված է Սահմանադրության 170-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն որի` Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հիշյալ սահմանադրական կարգավորումը որևէ բացառություն չի սահմանում, հետևաբար` օրենսդրական այնպիսի կարգավորումը, որով Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորությունն ապահովելու համար կսահմանվի Սահմանադրությամբ չնախատեսված թվով Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցություն, խնդրահարույց կլինի Սահմանադրության 170-րդ հոդվածի 5-րդ մասի տեսանկյունից, ուստի Սահմանադրական դատարանի մասին օրենքով (կամ որևէ այլ օրենքով) չեն կարող սահմանվել Սահմանադրական դատարանի նիստերի քվորումի հատուկ կանոններ:

Սահմանադրական դատարանն օրենսդրական բացի սահմանադրականության հարցին անդրադարձել է իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-917, ՍԴՈ-922, ՍԴՈ-933, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1154, ՍԴՈ-1255 որոշումներում: Սույն գործի շրջանակներում վերահաստատելով և զարգացնելով հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չէ օրենսդրական բաց բոլոր այն դեպքերում, երբ ենթադրյալ օրենսդրական բացին վերաբերող հարցերն ուղղակիորեն կարգավորվում են Սահմանադրությամբ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության ընդհանուր կանոն, համաձայն որի` «2. Նիստն իրավազոր է, եթե ապահովված է տվյալ գործով որոշում ընդունելու համար սույն օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված քվորումը»: Այսինքն` Սահմանադրական դատարանի որոշում կամ եզրակացություն ընդունելու համար անհրաժեշտ ձայների թվով դատավորների ներկայությունը նիստին բավարար է նիստն իրավազոր ճանաչելու համար:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը Սահմանադրական դատարանի նիստերի քվորումի ապահովման երաշխիքներ, ըստ էության, նախատեսել է Սահմանադրական դատարանի դատավորների` Սահմանադրական դատարանի նիստերին մասնակցության ապահովման և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով լիազորությունները դադարելու դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացը կազմակերպելու կարգավորումների շրջանակներում (Սահմանադրական դատարանի մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 17-րդ հոդվածի 2-րդ մաս):

Անդրադառնալով դիմողի այն մոտեցմանը, ըստ որի` Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության խնդիր կարող են առաջացնել սոսկ քաղաքական շարժառիթները, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության անցկացումը, ներառյալ` առաջադրումը, այն իրականացնող մարմինների պարտադիր, այլ ոչ թե հայեցողական սահմանադրական լիազորություններն են, որոնք Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չկատարելը, անկախ շարժառիթներից, կարող է խաթարել Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացումը, որով ապահովվում է Սահմանադրության գերակայությունը:

Սահմանադրական դատարանի կազմի համալրման, նրա բնականոն գործունեության և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման երաշխավորումը բխում է իրավական պետության հիմնարար սկզբունքներից, մասնավորապես, իրավունքի գերակայության, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներից, և կոչված է պաշտպանելու ողջ սահմանադրական կարգը:

Սույն խնդրի առումով դիմողը հայտնում է նաև այն մոտեցումը, որ «Սահմանադրական դատարանի մասին» նախկին օրենքով համապատասխան թափուր տեղերի համալրման գործընթացում որպես բացառություն սահմանված էին այն դեպքերը, երբ պաշտոնավարման տարիքը լրանալու պահին Սահմանադրական դատարանի անդամը մասնակցում էր մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննությանը, այդ դեպքում նրա լիազորությունները դադարում էին տվյալ գործի (գործերի) ավարտման օրը (բայց այդ գործընթացը չէր կարող տևել ավելի, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս), կարող է դիտարկվել նաև որպես օրենսդրի կողմից Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության ապահովման երաշխիք` մինչև համապատասխան համալրում իրականացնելը:

Սահմանադրական դատարանը նախ անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Սահմանադրական դատարանի դատավորներն ընտրվում են տասներկու տարի ժամկետով:

Միաժամանակ, Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում են մինչև յոթանասուն տարին լրանալը: Իսկ Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությամբ 16-րդ գլխի 213-րդ հոդվածը սահմանում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այսինքն, 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 70 տարին լրանալը (2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 117-րդ հոդվածի 13-րդ կետ), իսկ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո նշանակվածները պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը (2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 96-րդ հոդված): Ակնհայտ է, որ Սահմանադրության հիշյալ նորմերով և հատկապես «մինչև» եզրույթի կիրառմամբ սահմանադիրը որևէ բացառություն չի սահմանել:

Այսպիսով, վերոհիշյալ սահմանադրական նորմերի կարգավորումներից ուղղակիորեն բխում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու պահից անձը չի կարող զբաղեցնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն, և այս առումով Սահմանադրական դատարանի մասին օրենքով որևէ բացառություն սահմանվել չի կարող:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետն ավարտվելը և պաշտոնավարման տարիքը լրանալը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորության դադարման կանխատեսելի հիմքեր են, իսկ Սահմանադրական դատարանի մասին օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կարող են դադարել կամ դադարեցվել նաև ոչ կանխատեսելի հիմքերով, մասնավորապես, երբ նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, մահացել է, օրենքով սահմանված կարգով հրաժարական է ներկայացրել, պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի վերոհիշյալ մոտեցումը Սահմանադրական դատարանի մասին օրենքի նոր իրավակարգավորումների շրջանակներում չի կարող դիտարկվել որպես Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության ապահովման երաշխիք: Ի տարբերություն «Սահմանադրական դատարանի մասին» նախկին

(01.06.2006թ. ՀՕ-58-Ն) օրենքի` Սահմանադրական դատարանի մասին գործող օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով լիազորությունները դադարելուց առնվազն վեց ամիս առաջ Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունների գործընթացը կազմակերպելու նպատակով տեղյակ է պահում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող մարմիններին (17-րդ հոդվածի 2-րդ մաս) և, ըստ այդմ` սկսվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմամբ: Բացի այդ, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո` մեկօրյա ժամկետում, Սահմանադրական դատարանի նախագահը, սահմանված կարգով, այդ մասին տեղյակ է պահում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող մարմիններին: Այսինքն` օրենսդիրը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը կազմակերպելու և, ըստ այդմ, նաև Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորությունը երաշխավորելու նպատակով սահմանել է կարգավորումներ:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքով Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի առկայությամբ պայմանավորված` Սահմանադրական դատարանի նիստերի քվորումի հատուկ կանոնի բացակայությունը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, բխում է Սահմանադրության 170-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից, և այդ առումով Սահմանադրական դատարանի մասին օրենքում օրենսդրական բաց առկա չէ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.

 

i

1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորմանը` ճանաչել Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:

i

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը` Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով, համապատասխանում է Սահմանադրությանը:

4. Հիմք ընդունելով Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետը և 19-րդ մասը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասող ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի խոչընդոտներ Սահմանադրական դատարանի կազմի համալրման, ըստ այդմ, նրա բնականոն գործունեության և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար, որոնցով կխաթարվի վերոհիշյալ դրույթների վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը` սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի ապրիլի 1-ը` հնարավորություն տալով Ազգային ժողովին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 նոյեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1434

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.11.2018
N ՍԴՈ-1434
Որոշում