ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ)
(Սահմանադրության տեքստը բերվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի
կողմից առ 23-ը հուլիսի 1975թ. մտցված բոլոր փոփոխություններով և լրացումներով)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՍՈՎԵՏՆԵՐԻ IX ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ 1937 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ՈՐՈՇՄԱՄԲ
(Հրապարակված է 1937թ. մարտի 26-ի
«Կոմունիստ» թերթի թիվ 69-ում)
ԳԼՈՒԽ I
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 1. Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը բանվորների և գյուղացիների սոցիալիստական պետություն է:
Հոդված 2. Հայկական ՍՍՀ քաղաքական հիմքն են կազմում աշխատավորների դեպուտատների սովետները, որոնք աճել ու ամրապնդվել են կալվածատերերի ու կապիտալիստների իշխանությունը տապալելու, հայ ժողովուրդը ցարիզմի և ռուսական իմպերիալիստական բուրժուազիայի ազգային ճնշումից ազատագրելու, դաշնակցական նացիոնալիստական հակահեղափոխությունը ջախջախելու և պրոլետարիատի դիկտատուրա նվաճելու հետևանքով:
Հոդված 3. Հայկական ՍՍՀ-ում ամբողջ իշխանությունը պատկանում է քաղաքի և գյուղի աշխատավորներին` հանձինս աշխատավորների դեպուտատների սովետների:
Հոդված 4. Հայկական ՍՍՀ տնտեսական հիմք են կազմում տնտեսության սոցիալիստական սիստեմը և արտադրության գործիքների ու միջոցների սոցիալիստական սեփականությունը, որոնք հաստատվել են տնտեսության կապիտալիստական սիստեմի լիկվիդացիայի, արտադրության գործիքների ու միջոցների մասնավոր սեփականության վերացման և մարդու կողմից մարդու շահագործումը ոչնչացնելու հետևանքով:
Հոդված 5. Հայկական ՍՍՀ-ում սոցիալիստական սեփականությունն ունի կամ պետական սեփականության ձև (համաժողովրդական ունեցվածք), կամ կոոպերատիվ-կոլտնտեսային սեփականության ձև (առանձին կոլտնտեսությունների սեփականություն, կոոպերատիվ միավորումների սեփականություն):
Հոդված 6. Հողը, իրա ընդերքը, ջրերը, անտառները, գործարանները, ֆաբրիկաները, հանքահորերը, հանքերը, երկաթուղային, ջրային ու օդային տրանսպորտը, բանկերը, կապի միջոցները, պետության կազմակերպած գյուղատնտեսական խոշոր ձեռնարկությունները (սովխոզները, մեքենատրակտորային կայանները և այլն), ինչպես նաև կոմունալ ձեռնարկությունները և բնակարանային հիմնական ֆոնդը քաղաքներում ու արդյունաբերական վայրերում, պետական սեփականություն են, այսինքն` համաժողովրդական ունեցվածք:
Հոդված 7. Կոլտնտեսությունների ու կոոպերատիվ կազմակերպությունների հանրային ձեռնարկություններն իրենց կենդանի ու մեռյալ ինվենտարով, կոլտնտեսությունների և կոոպերատիվ կազմակերպությունների թողարկած արտադրանքը, ինչպես նաև նրանց հանրային շինությունները, կազմում են կոլտնտեսությունների ու կոոպերատիվ կազմակերպությունների հանրային, սոցիալիստական սեփականությունը:
Յուրաքանչյուր կոլտնտեսականի տնտեսություն, բացի կոլտնտեսային հանրային տնտեսությունից ստացած հիմնական եկամտից, անձնական օգտագործման համար ունի տնամերձ ոչ մեծ հողամաս և որպես անձնական սեփականություն` օժանդակ տնտեսություն տնամերձ հողամասում բնակելի տուն, մթերատու անասուններ, թռչուններ և գյուղատնտեսական մանր ինվենտար` գյուղատնտեսական արտելի կանոնադրության համաձայն:
Հոդված 8. Կոլտնտեսությունների զբաղեցրած հողն ամրացվում է նրանց անվճար և անժամկետ օգտագործման համար, այսինքն` առհավետ:
Հոդված 9. Տնտեսության սոցիալիստական սիստեմի հետ միասին, որը տնտեսության տիրապետող ձևն է Հայկական ՍՍՀ-ում, օրենքով թույլատրվում է մենատնտես գյուղացիների ու տնայնագործների մանր մասնավոր տնտեսություն, որը հիմնված է անձնական աշխատանքի վրա և բացառում է ուրիշի աշխատանքի օգտագործումը:
Հոդված 10. Քաղաքացիների անձնական սեփականության իրավունքը աշխատանքային եկամուտների ու խնայողությունների, բնակելի տան և տնային օժանդակ տնտեսության, տնային տնտեսության և առօրյա գործածության առարկաների, անձնական սպառման ու հարմարության առարկաների նկատմամբ, ինչպես նաև քաղաքացիների անձնական սեփականությունը ժառանգելու իրավունքը, պահպանվում են օրենքով:
Հոդված 11. Հայկական ՍՍՀ տնտեսական կյանքը որոշում և նրան ուղղություն է տալիս պետական ժողովրդատնտեսական պլանը` հանրային հարստությունն ավելացնելու, աշխատավորների նյութական ու կուլտուրական մակարդակն անշեղորեն բարձրացնելու, սոցիալիստական պետության անկախությունն ամրապնդելու և նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով:
Հոդված 12. Հայկական ՍՍՀ-ում աշխատանքը աշխատանքի ընդունակ յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը և պատվի գործն է` համաձայն «ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքի:
Հայկական ՍՍՀ-ում իրագործվում է սոցիալիզմի սկզբունքը` «յուրաքանչյուրից` ըստ նրա ընդունակության, յուրաքանչյուրին` ըստ նրա աշխատանքի»:
ԳԼՈՒԽ II
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 13. Տնտեսական և քաղաքական, ինչպես նաև պաշտպանության գծով փոխադարձ օգնությունն իրագործելու նպատակով Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը կամավոր կերպով միավորվել է իրավահավասար հետևյալ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների` Ռուսաստանի ՍՖՍՀ, Ուկրաինական ՍՍՀ, Բելոռուսական ՍՍՀ, Ուզբեկական ՍՍՀ, Ղազախական ՍՍՀ, Վրացական ՍՍՀ, Ադրբեջանական ՍՍՀ, Լիտվական ՍՍՀ, Մոլդովական ՍՍՀ, Լատվիական ՍՍՀ, Կիրգիզական ՍՍՀ, Տաջիկական ՍՍՀ, Թուրքմենական ՍՍՀ, Էստոնական ՍՍՀ հետ որպես մի միութենական պետություն` Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն:
Ելնելով դրանից, Հայկական ՍՍՀ ապահովում է ՍՍՀ Միության համար` հանձինս նրա պետական իշխանության բարձրագույն մարմինների և պետական կառավարման մարմինների` ՍՍՀՄ սահմանադրության 14-րդ հոդվածով որոշված իրավունքները:
ՍՍՀՄ սահմանադրության 14-րդ հոդվածի սահմաններից դուրս Հայկական ՍՍՀ պետական իշխանությունն իրագործում է ինքնուրույն կերպով, լիովին պահպանելով իր սուվերեն իրավունքները:
Հոդված 14. Հայկական ՍՍՀ պահպանում է Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունից ազատ կերպով դուրս գալու իրավունքը:
Հոդված 14ա. Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը սահմանում է Հայկական ՍՍՀ վարչատերիտորիալ կառուցվածքը:
Հոդված 15. Հայկական ՍՍՀ տերիտորիան չի կարող փոփոխվել առանց Հայկական ՍՍՀ համաձայնության:
Հոդված 15ա. Հայկական ՍՍՀ իրավունք ունի անմիջական հարաբերությունների մեջ մտնելու օտարերկրյա պետությունների հետ, նրանց հետ համաձայնագրեր կնքելու և դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներ փոխանակելու:
Հոդված 15բ. Հայկական ՍՍՀ ունի իր հանրապետական զորային կազմավորումները:
Հոդված 16. Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության օրենքները պարտադիր են Հայկական ՍՍՀ տերիտորիայում:
Հոդված 17. Հայկական ՍՍՀ յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանում է ՍՍՀՄ քաղաքացի:
Հայկական ՍՍՀ տերիտորիայում միութենական մյուս բոլոր հանրապետությունների քաղաքացիներն օգտվում են Հայկական ՍՍՀ քաղաքացիների բոլոր իրավունքներից:
Հոդված 18. Հայկական ՍՍՀ իրավասությանը, հանձինս նրա պետական իշխանության և պետական կառավարման բարձրագույն մարմինների, ենթակա են`
ա) Հայկական ՍՍՀ սահմանադրության սահմանումը և նրա պահպանման վերահսկողությունը.
բ) Հայկական ՍՍՀ շրջանային բաժանման և շրջանների սահմանների որոշումը.
գ) գյուղական, ավանային և քաղաքային սովետների կազմումը և նրանց սահմանների որոշումը.
դ) Հայկական ՍՍՀ օրենքների հրատարակումը.
ե) պետական կարգի և քաղաքացիների իրավունքների պահպանությունը.
զ) Հայկական ՍՍՀ ժողովրդատնտեսական պլանի հաստատումը.
է) Հայկական ՍՍՀ պետական բյուջեի և նրա կատարման հաշվետվության հաստատումը.
ը) պետական և տեղական հարկերի, տուրքերի և ոչ հարկային եկամուտների սահմանումը` ՍՍՀՄ օրենսդրությանը համապատասխան.
թ) Հայկական ՍՍՀ շրջանների և քաղաքների տեղական բյուջեների իրագործման ղեկավարումը.
ժ) ապահովագրական և խնայողական գործի ղեկավարումը.
ի) միութենական-հանրապետական ենթակայության արդյունաբերության և շինարարության կառավարումը, հանրապետական ենթակայության բանկերի, արդյունաբերական, գյուղատնտեսական և առևտրական ձեռնարկությունների ու կազմակերպությունների կառավարումը, ինչպես նաև տեղական արդյունաբերության ղեկավարումը.
լ) միութենական ենթակայության ձեռնարկությունների վիճակի և կառավարման վերահսկումն ու հետևումը.
խ) հողից, ընդերքից, անտառներից ու ջրերից օգտվելու կարգի սահմանումը.
ծ) բնակարանային և կոմունալ տնտեսության, բնակարանային շինարարության և քաղաքների այլ բնակավայրերի բարեկարգման ղեկավարումը.
կ) հանրապետական նշանակության տրանսպորտի և կապի ղեկավարումը, ճանապարհային շինարարությունը.
հ) աշխատանքային օրենսդրությունը.
ձ) առողջապահության գործի ղեկավարումը.
ղ) սոցիալական ապահովության գործի ղեկավարումը.
ճ) տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթության գործի ղեկավարումը.
մ) Հայկական ՍՍՀ կուլտուր-լուսավորական և գիտական կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարումը և հանրապետական նշանակություն ունեցող կուլտուր-լուսավորական կազմակերպությունների ու հիմնարկների կառավարումը.
յ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործի ղեկավարումն ու կազմակերպումը.
ն) դատարանակազմության և դատավարության վերաբերյալ օրենսդրությունը, քաղաքացիական, քրեական և ուղղիչ աշխատանքային օրենսդրությունը.
շ) Հայկական ՍՍՀ քաղաքացիության իրավունք տալը.
ո) ամուսնության և ընտանիքի մասին օրենսդրությունը.
չ) Հայկական ՍՍՀ դատական մարմինների կողմից դատապարտված քաղաքացիներին ամնիստիա և ներում շնորհելը.
պ) միջազգային հարաբերություններում Հայկական ՍՍՀ ներկայացուցչության սահմանումը.
ջ) Հայկական ՍՍՀ զորային կազմավորումներ ստեղծելու կարգի սահմանումը:
Հոդված 19. Հայկական ՍՍՀ բաղկացած է Աբովյանի, Ազիզբեկովի, Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Արտաշատի, Գորիսի, Գուգարքի, Եղեգնաձորի, Էջմիածնի, Թալինի, Թումանյանի, Իջևանի, Կալինինոյի, Կամոյի, Կրասնոսելսկի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Ղափանի, Ղուկասյանի, Մասիսի, Մարտունու, Մեղրու, Նաիրիի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի, Վարդենիսի շրջաններից և հանրապետական ենթակայության Երևան, Լենինական, Կիրովական, Էջմիածին, Ղափան, Հրազդան, Հոկտեմբերյան, Ալավերդի, Դիլիջան, Կամո, Աբովյան, Գորիս, Արտաշատ, Իջևան, Ստեփանավան, Արթիկ, Սևան, Աշտարակ, Սպիտակ, Արարատ ու Ջերմուկ քաղաքներից:
ԳԼՈՒԽ III
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 20. Հայկական ՍՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմինը Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն է:
Հոդված 21. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն ընտրում են Հայկական ՍՍՀ քաղաքացիներն ըստ ընտրական օկրուգների, չորս տարի ժամանակով, հետևյալ նորմերով` մեկ դեպուտատ 8 հազար բնակչից:
Հոդված 22. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն իրագործում է Հայկական ՍՍՀ սահմանադրության 13-րդ և 18-րդ հոդվածներով Հայկական ՍՍՀ-ին վերապահված բոլոր իրավունքները, ինչ չափով որ դրանք, սահմանադրության համաձայն, չեն մտնում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին հաշվետու մարմինների` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ մինիստրությունների իրավասության մեջ:
Հոդված 23. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը Հայկական ՍՍՀ միակ օրենսդիր մարմինն է:
Հոդված 24. Օրենքը հաստատված է համարվում, եթե այն ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ:
Հոդված 25. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի ընդունած օրենքները հրապարակվում են Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի և քարտուղարի ստորագրությամբ:
Հոդված 26. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն ընտրում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահ և նրա երեք տեղակալներ:
Հոդված 27. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահը ղեկավարում է Գերագույն սովետի նիստերը և տնօրինում է նրա ներքին կարգը:
Հոդված 28. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն ընտրում է Գերագույն սովետի նախագահություն` բաղկացած Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահից, նրա երկու տեղակալներից, նախագահության քարտուղարից և նախագահության 15 անդամներից:
Հոդված 29. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը հաշվետու է Հայկական ՍՍՀ Գերագույն սսովետի առաջ իր ամբողջ գործունեության համար:
Հոդված 30. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը`
ա) գումարում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի սեսիաները.
բ) հրապարակում է հրամանագրեր.
գ) մեկնաբանում է Հայկական ՍՍՀ գործող օրենքները.
դ) կատարում է համաժողովրդական հարցում (ռեֆերենդում).
ե) վերացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներն ու կարգադրությունները, աշխատավորների դեպուտատների շրջանային ու քաղաքային (Հանրապետական ենթակայության) սովետների որոշումներն ու կարգադրությունները` օրենքին անհամապատասխան լինելու դեպքում.
զ) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջադրմամբ պաշտոնից ազատում և նշանակում է Հայկական ՍՍՀ առանձին մինիստրների, հետագայում ներկայացնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին` ի հաստատումն.
է) պարգևատրում է պատվոգրով և շնորհում է Հայկական ՍՍՀ պատվավոր կոչումներ.
ը) տալիս է Հայկական ՍՍՀ քաղաքացիության իրավունք.
թ) իրագործում է Հայկական ՍՍՀ դատական մարմինների կողմից դատապարտված քաղաքացիներին ներում շնորհելու իրավունքը.
ժ) նշանակում է Հայկական ՍՍՀ դիվանագիտական ներկայացուցիչներ օտարերկրյա պետություններում և ետ է կանչում նրանց.
ի) ընդունում է օտարերկրյա պետությունների` իրեն կից լիազորագրված դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերն ու ետ կանչման գրերը:
Հոդված 31. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի սեսիաները գումարում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը` տարեկան երկու անգամ:
Հերթից դուրս սեսիաները գումարում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունն իր հայեցողությամբ կամ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատների մեկ երրորդի պահանջով:
Հոդված 32. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն ընտրում է մանդատային հանձնաժողով, որը ստուգում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատների լիազորությունները:
Մանդատային հանձնաժողովի առաջադրմամբ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը որոշում է կամ ընդունել առանձին դեպուտատների լիազորությունները, կամ բեկանել նրանց ընտրությունները:
Հոդված 33. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, երբ անհրաժեշտ է գտնում, նշանակում է քննիչ ու վերստուգիչ հանձնաժողովներ ամեն մի հարցի վերաբերմամբ:
Բոլոր հիմնարկներն ու պաշտոնատար անձերը պարտավոր են կատարել այդ հանձնաժողովների պահանջները և նրանց ներկայացնել անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր:
Հոդված 34. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատը չի կարող դատական պատասխանատվության կանչվել կամ ձերբակալվել առանց Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի համաձայնության, իսկ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` առանց Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության համաձայնության:
Հոդված 35. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի լիազորությունները լրանալուց հետո Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը նշանակում է նոր ընտրություններ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի լիազորությունները լրանալուց հետո ամենաուշը երկու ամսվա ընթացքում:
Հոդված 36. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի լիազորությունները լրանալուց հետո Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը պահպանում է իր լիազորությունները մինչև Հայկական ՍՍՀ նորընտիր Գերագույն սովետը կազմի Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նոր նախագահություն:
Հոդված 37. Հայկական ՍՍՀ նորընտիր Գերագույն սովետը գումարվում է Հայկական ՍՍՀ նախկին գումարման Գերագույն սովետի նախագահության կողմից ամենաուշը ընտրություններից երեք ամիս հետո:
Հոդված 38. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը կազմում է Հայկական ՍՍՀ կառավարություն` Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ:
Հոդված 39. Հայկական ՍՍՀ օրենքները, ինչպես նաև Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերն ու մեկնաբանությունները, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներն ու կարգադրությունները հրատարակվում են հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով:
ԳԼՈՒԽ IY
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 40. Հայկական ՍՍՀ պետական իշխանության բարձրագույն գործադիր և կարգադրիչ մարմինը Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետն է:
Հոդված 41. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը պատասխանատու է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի առաջ և հաշվետու է նրան, իսկ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի սեսիաների միջև ընկած ժամանակամիջոցում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության առաջ, որին հաշվետու է:
Հոդված 42. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն այդ օրենքների, որոշումների ու կարգադրությունների` հրատարակում է որոշումներ ու կարգադրություններ և ստուգում է դրանց կատարումը:
Հոդված 43. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների կատարումը պարտադիր է Հայկական ՍՍՀ ամբողջ տերիտորիայում:
Հոդված 44. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը`
ա) միավորում և ուղղություն է տալիս Հայկական ՍՍՀ մինիստրությունների և իր գերատեսչությանը ենթակա տնտեսական ու կուլտուրական այլ հիմնարկների աշխատանքին.
բ) միջոցներ է ձեռք առնում ժողովրդատնտեսական պլանն իրագործելու.
գ) միջոցներ է ձեռք առնում Հայկական ՍՍՀ պետական և տեղական բյուջեներն իրագործելու.
դ) միջոցներ է ձեռք առնում հասարակական կարգն ապահովելու, պետության շահերը պաշտպանելու և քաղաքացիների իրավունքները պահպանելու.
ե) ղեկավարում և ստուգում է աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործադիր կոմիտեների աշխատանքը.
զ) անհրաժեշտ դեպքերում կազմում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին կից տնտեսական ու կուլտուրական շինարարության գործերի հատուկ կոմիտեներ և գլխավոր վարչություններ.
է) իրականացնում է ղեկավարությունն օտարերկրյա պետությունների հետ Հայկական ՍՍՀ հարաբերությունների ասպարեզում, ելնելով միութենական հանրապետությունների և օտարերկրյա պետությունների փոխհարաբերությունների վերաբերյալ ՍՍՀ Միության սահմանած ընդհանուր կարգից.
ը) ղեկավարում է Հայկական ՍՍՀ զորային կազմավորումների ստեղծումը:
Հոդված 45. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետն իրավունք ունի կասեցնելու աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների որոշումներն ու կարգադրությունները, վերացնելու աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործադիր կոմիտեների որոշումներն ու կարգադրությունները:
Մինիստրների սովետն իրավունք ունի վերացնելու Հայկական ՍՍՀ մինիստրների հրամաններն ու հրահանգները:
Հոդված 46. Հայկական ՍՍՀ կառավարությունը կամ այն մինիստրը, որին ուղղված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատի հարցապնդումը, պարտավոր են երեք օրից ոչ ուշ բանավոր կամ գրավոր պատասխան տալ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետում:
Հոդված 47. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը կազմվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից հետևյալ կազմով.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալներ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահի տեղակալներ.
Հայկական ՍՍՀ մինիստրներ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի պետական պլանային կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի գների պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի մակերեսային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանման պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր պետական անվտանգության կոմիտեի նախագահ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր կենտրոնական վիճակագրական վարչության պետ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի գազիֆիկացման գլխավոր վարչության պետ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների գլխավոր վարչության պետ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի գունավոր մետալուրգիայի վարչության պետ.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի երկրաբանության վարչության պետ.
Գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի, հանքային պարարտանյութերի և նյութատեխնիկական այլ միջոցների վաճառման, կոլտնտեսություններում ու սովխոզներում մեքենաների նորոգման և օգտագործման կազմակերպման` Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի հանրապետական միավորման նախագահ:
Հոդված 48. Հայկական ՍՍՀ մինիստրները ղեկավարում են պետական կառավարման այն ճյուղերը, որոնք մտնում են Հայկական ՍՍՀ իրավասության մեջ:
Հոդված 49. Հայկական ՍՍՀ մինիստրները համապատասխան մինիստրությունների իրավասության սահմաններում` ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների և միութենական-հանրապետական մինիստրությունների հրամանների ու հրահանգների հիման վրա և ի կատարումն այդ օրենքների, որոշումների, կարգադրությունների, հրամանների ու հրահանգների` հրատարակում են հրամաններ ու հրահանգներ և ստուգում են դրանց կատարումը:
Հոդված 50. Հայկական ՍՍՀ մինիստրությունները լինում են միութենական-հանրապետական կամ հանրապետական:
Հոդված 51. Հայկական ՍՍՀ միութենական-հանրապետական մինիստրությունները ղեկավարում են Հայկական ՍՍՀ պետական կառավարման իրենց հանձնարարված ճյուղերը, ենթարկվելով, ինչպես Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, այնպես էլ ՍՍՀՄ համապատասխան միութենական-հանրապետական մինիստրություններին:
Հոդված 52. Հայկական ՍՍՀ հանրապետական մինիստրությունները ղեկավարում են պետական կառավարման իրենց հանձնարարված ճյուղերը, անմիջականորեն ենթարկվելով Հայկական ՍՍՀ Մինիստրությունների սովետին:
Հոդված 52ա. Հանված է:
Հոդված 53. Հայկական ՍՍՀ միութենական-հանրապետական մինիստրությունների թվին են պատկանում Հայկական ՍՍՀ հետևյալ մինիստրությունները.
Անտառային և փայտամշակման արդյունաբերության,
Առողջապահության,
Առևտրի,
Արդարադատության,
Արդյունաբերական շինարարության,
Արտաքին գործերի,
Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության,
Գյուղական շինարարության,
Գյուղատնտեսության,
Թեթև արդյունաբերության,
Լուսավորության,
Կապի,
Կուլտուրայի,
Մելիորացիայի և ջրային տնտեսության,
Մթերումների,
Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության,
Ներքին գործերի,
Շինանյութերի արդյունաբերության,
Պաշտպանության,
Սննդի արդյունաբերության,
Ֆինանսների:
Հոդված 54. Հայկական ՍՍՀ հանրապետական մինիստրությունների թվին են պատկանում Հայկական ՍՍՀ հետևյալ մինիստրությունները.
Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման,
Ավտոմոբիլային տրանսպորտի,
Բնակչության կենցաղային սպասարկման,
Կոմունալ տնտեսության,
Սոցիալական ապահովության,
Տեղական արդյունաբերության:
ԳԼՈՒԽ Y
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 55. Պետական իշխանության մարմինները շրջաններում, քաղաքներում, ավաններում և գյուղերում աշխատավորների դեպուտատների սովետներն են:
Հոդված 56. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, խոշոր քաղաքներում` շրջանային և ավանային ու գյուղական սովետներում ընտրվում են համապատասխանորեն շրջանի, քաղաքի, ավանի և գյուղի աշխատավորների կողմից` երկու տարի ժամանակով:
Հոդված 57. Աշխատավորների դեպուտատների սովետները (շրջանի, քաղաքի, քաղաքային շրջանի, գյուղի) ղեկավարում են իրենց տերիտորիայի կուլտուր-քաղաքական և տնտեսական շինարարությունը, սահմանում են տեղական բյուջեն, ղեկավարում են կառավարման իրենց ենթակա մարմինների գործունեությունը, ապահովում են պետական կարգի պահպանումը, աջակցում են երկրի պաշտպանունակության ուժեղացմանը, ապահովում են օրենքների կատարումը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
Հոդված 58. Աշխատավորների դեպուտատների սովետները որոշումներ են ընդունում և կարգադրություններ են անում ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով իրենց տրված իրավունքների սահմաններում:
Հոդված 59. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքային-շրջանային, ավանային և գյուղական սովետների գործադիր և կարգադրիչ մարմիններն են նրանց կողմից ընտրվող գործադիր կոմիտեները` կազմված նախագահից, նախագահի տեղակալներից, քարտուղարից և անդամներից:
Հոդված 60. Հանված է:
Հոդված 61. Աշխատավորների դեպուտատների սովետների (շրջանի, քաղաքի, քաղաքային շրջանի, ավանի, գյուղի) գործադիր կոմիտեներն իրենց տերիտորիայի կուլտուր-քաղաքական և տնտեսական շինարարությունը ղեկավարում են աշխատավորների դեպուտատների համապատասխան սովետների և վերադաս պետական մարմինների որոշումների հիման վրա:
Հոդված 62. Աշխատավորների դեպուտատների շրջանային սովետների գործադիր կոմիտեները շրջանային սովետների սեսիաներ են գումարում տարեկան ոչ պակաս, քան վեց անգամ:
Հոդված 63. Աշխատավորների դեպուտատների քաղաքային, քաղաքներում` շրջանային, գյուղական և ավանային սովետների սեսիաները գումարում են նրանց գործադիր մարմինները` տարեկան ոչ պակաս, քան վեց անգամ, իսկ շրջանային բաժանում ունեցող քաղաքներում աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետների սեսիաները` տարեկան ոչ պակաս, քան չորս անգամ:
Հոդված 64. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքային-շրջանային, գյուղական և ավանային սովետներն իրենց սեսիայի ժամանակ սեսիայի նիստերը վարելու համար ընտրում են նախագահ և քարտուղար:
Հոդված 65. Հանված է:
Հոդված 66. Աշխատավորների դեպուտատների սովետների գործադիր մարմիններն անմիջականորեն հաշվետու են, ինչպես աշխատավորների դեպուտատների այն սովետի առաջ, որն ընտրել է նրանց, այնպես էլ աշխատավորների դեպուտատների վերադաս սովետի գործադիր մարմնի առաջ:
Հոդված 67. Աշխատավորների դեպուտատների վերադաս սովետների գործադիր կոմիտեներն իրավունք ունեն վերացնելու ստորադաս սովետների գործադիր կոմիտեների որոշումներն ու կարգադրությունները և կասեցնելու աշխատավորների դեպուտատների ստորադաս սովետների որոշումներն ու կարգադրությունները:
Հոդված 68. Աշխատավորների դեպուտատների վերադաս սովետներն իրավունք ունեն վերացնելու աշխատավորների դեպուտատների ստորադաս սովետների և նրանց գործադիր կոմիտեների որոշումներն ու կարգադրությունները:
Հոդված 69. Պետական կառավարման առանձին ճյուղերն անմիջականորեն ղեկավարելու համար աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային և քաղաքային-շրջանային սովետները Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հաստատմամբ կազմում են գործադիր կոմիտեների բաժիններ կամ վարչություններ:
Հոդված 70. Հանված է:
Հոդված 71. Հանված է:
Հոդված 72. Աշխատավորների դեպուտատների շրջանային սովետների գործադիր կոմիտեների բաժիններն իրենց գործունեության մեջ ենթարկվում են, ինչպես աշխատավորների դեպուտատների շրջանային սովետին և նրա գործադիր կոմիտեին, այնպես էլ Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությանը:
Հոդված 73. Հանված է:
Հոդված 74. Աշխտատավորների դեպուտատների քաղաքային և քաղաքային-շրջանային սովետների գործադիր կոմիտեների բաժիններն իրենց գործունեության մեջ ենթարկվում են, ինչպես աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի և նրա գործադիր կոմիտեին, այնպես էլ աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի համապատասխան բաժնին կամ անմիջականորեն Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությանը:
Հոդված 75. Հանրապետական ենթակայության քաղաքների աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետների գործադիր կոմիտեների բաժիններն իրենց գործունեությամբ ենթարկվում են, ինչպես աշխատավորների դեպուտատների համապատասխան քաղաքային սովետներին և նրանց գործադիր կոմիտեներին, այնպես էլ Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությանը անմիջականորեն:
Հոդված 76. Աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետների լիազորությունները լրանալուց հետո նրանց գործադիր և կարգադրիչ մարմինները պահպանում են իրենց լիազորությունները` մինչև նորընտիր սովետների կողմից գործադիր ու կարգադրիչ նոր մարմինների կազմելը:
ԳԼՈՒԽ YI
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ
Հոդված 77. Հայկական ՍՍՀ պետական բյուջեն կազմում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը և ներկայացնում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին` ի հաստատումն:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատած Հայկական ՍՍՀ պետական բյուջեն հրապարակվում է ի գիտություն ընդհանուրի:
Հոդված 78. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն ընտրում է բյուջետային հանձնաժողով, որը զեկուցում է Գերագույն սովետին իր եզրակացությունը Հայկական ՍՍՀ պետական բյուջեի մասին:
Հոդված 79. Հայկական ՍՍՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը և հրապարակում է ի գիտություն ընդհանուրի:
Հոդված 80. Շրջանային, քաղաքային և գյուղական սովետների բյուջեների մեջ մտցվում են տեղական տնտեսությունից ստացված եկամուտները, նրանց տերիտորիայի վրա ստացվող պետական եկամուտներից մասհանումները, ինչպես նաև տեղական հարկերից և տուրքերից գոյացած մուտքերը` ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ սահմանված չափերով:
ԳԼՈՒԽ YII
ԴԱՏԱՐԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Հոդված 81. Արդարադատությունը Հայկական ՍՍՀ-ում իրագործում են Հայկական ՍՍՀ գերագույն դատարանը, ՍՍՀՄ գերագույն սովետի որոշմամբ ստեղծվող` ՍՍՀՄ հատուկ դատարանները, ժողովրդական դատարանները:
Հոդված 82. Գործերի քննարկումը բոլոր դատարաններում իրագործվում է ժողովրդական ատենակալների մասնակցությամբ, բացի օրենքով հատկապես նախատեսված դեպքերից:
Հոդված 83. Հայկական ՍՍՀ գերագույն դատարանը Հայկական ՍՍՀ դատական բարձրագույն մարմինն է: Հայկական ՍՍՀ գերագույն դատարանի վրա դրվում է Հայկական ՍՍՀ բոլոր դատական մարմինների դատական գործունեության հսկողությունը:
Հոդված 84. Հայկական ՍՍՀ գերագույն դատարանը ընտրում է Հայկական ՍՍՀ գերագույն սովետը հինգ տարի ժամանակով:
Հոդված 85. Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորներն ընտրվում են շրջանի (քաղաքի) քաղաքացիների կողմից ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ` հինգ տարի ժամանակով:
Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական ատենակալներն ընտրվում են ըստ իրենց աշխատանքի կամ բնակության վայրի` բանվորների, ծառայողների և գյուղացիների ընդհանուր ժողովներում, զինվորական ծառայողների ընդհանուր ժողովներում ըստ զորամասերի` բաց քվեարկությամբ, երկու տարի ժամանակով:
Հոդված 86. Հայկական ՍՍՀ-ում դատավարությունը կատարվում է հայերեն լեզվով, իսկ բնակչության ռուսական կամ ադրբեջանական մեծամասնություն ունեցող շրջաններում` համապատասխանորեն` ռուսերեն կամ ադրբեջաներեն լեզուներով, այդ լեզվին չտիրապետող անձերի համար ապահովելով լիակատար ծանոթացում գործի նյութերին թարգմանի միջոցով, ինչպես նաև դատարանում մայրենի լեզվով հանդես գալու իրավունք:
Հոդված 87. Գործերի քննությունը Հայկական ՍՍՀ բոլոր դատարաններում, որչափով օրենքը բացառություններ չի նախատեսում, կատարվում է դռնբաց, ապահովելով մեղադրյալի պաշտպանության իրավունքը:
Հոդված 88. Դատավորներն անկախ են և միայն օրենքին են ենթարկվում:
Հոդված 89. Հայկական ՍՍՀ տերիտորիայի վրա Հայկական ՍՍՀ բոլոր մինիստրությունների և նրանց գերատեսչությանը ենթակա հիմնարկների, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից օրենքի ճշգրիտ կատարման բարձրագույն հսկողությունն իրագործում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը, ինչպես անմիջականորեն, այնպես էլ Հայկական ՍՍՀ դատախազի միջոցով:
Հոդված 90. Հայկական ՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը` հինգ տարի ժամանակով:
Հոդված 91. Շրջանային և քաղաքային դատախազներին նշանակում է Հայկական ՍՍՀ դատախազը, ՍՍՀՄ գլխավոր դատախազի հաստատումով, հինգ տարի ժամանակով:
Հոդված 92. Դատախազության մարմիններն իրենց ֆունկցիաներն իրագործում են տեղական որևէ մարմնից անկախ, ենթարկվելով միայն ՍՍՀՄ գլխավոր դատախազին:
ԳԼՈՒԽ YIII
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 93. Հայկական ՍՍՀ քաղաքացիներն ունեն աշխատանքի իրավունք, այսինքն` ապահովված աշխատանք ստանալու իրավունք, իրենց աշխատանքի քանակին ու որակին համապատասխան վարձատրումով:
Աշխատանքի իրավունքն ապահովվում է ժողովրդական տնտեսության սոցիալիստական կազմակերպումով, սովետական հասարակության արտադրողական ուժերի անշեղ աճումով, տնտեսական ճգնաժամերի հնարավորության վերացումով և գործազրկության լիկվիդացիայով:
Հոդված 94. Հայկական ՍՍՀ քաղաքացիներն ունեն հանգստի իրավունք:
Հանգստի իրավունքն ապահովվում է բանվորների և ծառայողների համար 7-ժամյա աշխատանքային օր սահմանելով և աշխատանքային օրը կրճատելով մինչև 6 ժամի` աշխատանքի ծանր պայմաններ ունեցող մի շարք պրոֆեսիաների համար և մինչև 4 ժամի` աշխատանքի առանձնապես ծանր պայմաններ ունեցող արտադրամասերում, բանվորների ու ծառայողների համար սահմանելով ամեն տարի տրվող արձակուրդ, նրանց աշխատավարձի պահպանումով, աշխատավորներին սպասարկելու համար սանատորիաների, հանգստյան տների, ակումբների լայն ցանց տրամադրելով:
Հոդված 95. Հայկական ՍՍՀ քաղաքացիները նյութական ապահովության իրավունք ունեն ծերության, ինչպես նաև հիվանդության և աշխատունակությունը կորցնելու դեպքում:
Այդ իրավունքն ապահովվում է բանվորների ու ծառայողների` պետության հաշվին կատարվող սոցիալական ապահովագրության լայն ծավալումով, աշխատավորներին ձրի բժշկական օգնություն ցույց տալով, աշխատավորներին` օգտագործման համար կուրորտների լայն ցանց տրամադրելով:
Հոդված 96. Հայկական ՍՍՀ քաղաքացիներն ունեն կրթության իրավունք:
Այդ իրավունքն ապահովվում է ընդհանուր պարտադիր ութամյա կրթությամբ, միջնակարգ ընդհանուր պոլիտեխնիկական կրթության, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության լայն զարգացմամբ` ուսուցումը կյանքի հետ, արտադրության հետ կապելու, երեկոյան և հեռակա կրթությունն ամեն կերպ զարգացնելու հիման վրա, ձրի կրթության բոլոր տեսակներով, պետական թոշակների սիստեմով, դպրոցներում մայրենի լեզվով ուսուցմամբ, գործարաններում, սովխոզներում ու կոլտնտեսություններում աշխատավորների արտադրական, տեխնիկական և ագրոնոմիական ձրի ուսուցման կազմակերպմամբ:
Հոդված 97. Կնոջը Հայկական ՍՍՀ-ում տղամարդուն հավասար իրավունքներ են տրվում տնտեսական, պետական, կուլտուրական և հասարակական-քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում:
Կանանց այդ իրավունքների իրականացման հնարավորությունն ապահովվում է կնոջը տղամարդուն հավասար իրավունք տալով աշխատանքի, աշխատանքի վարձատրման, հանգստի, սոցիալական ապահովագրության ու կրթության ասպարեզում, մոր ու մանկան շահերի պետական պահպանությամբ, բազմազավակ և միայնակ մայրերին ցույց տրվող պետական օգնությամբ, կնոջը հղիության ժամանակ արձակուրդ տալով` աշխատավարձի պահպանումով, ծննդատների, մանկամսուրների ու մանկապարտեզների լայն ցանցով:
Հոդված 98. Հայկական ՍՍՀ քաղաքացիների իրավահավասարությունը տնտեսական, պետական, կուլտուրական ու հասարակական-քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում, անկախ նրանց ազգությունից ու ռասայից, անխախտ օրենք է:
Իրավունքների որևէ ուղղակի կամ անուղղակի սահմանափակումը կամ, ընդհակառակն, ռասայական ու ազգային պատկանելությունից ելնելով` քաղաքացիների համար ուղղակի կամ անուղղակի առավելություններ սահմանելը, ինչպես նաև ռասայական ու ազգային բացառիկության կամ ատելության ու արհամարհանքի ամեն տեսակ քարոզ պատժվում են օրենքով:
Հոդված 99. Քաղաքացիների համար խղճի ազատություն ապահովելու նպատակով եկեղեցին Հայկական ՍՍՀ-ում անջատված է պետությունից և դպրոցը` եկեղեցուց: Կրոնական պաշտամունքների կատարման ազատությունը և հակակրոնական պրոպագանդայի ազատությունը ճանաչվում է բոլոր քաղաքացիների համար:
Հոդված 100. Աշխատավորների շահերին համապատասխան և սոցիալիստական կարգերն ամրապնդելու նպատակով Հայկական ՍՍՀ քաղաքացիների համար օրենքով ապահովվում է`
ա) խոսքի ազատություն,
բ) մամուլի ազատություն,
գ) ժողովների ու միտինգների ազատություն,
դ) փողոցային երթերի ու ցույցերի ազատություն:
Քաղաքացիների այդ իրավունքներն ապահովում են` աշխատավորներին և նրանց կազմակերպություններին տրամադրելով տպարաններ, թղթի պաշարներ, հասարակական շենքեր, փողոցներ, կապի միջոցներ և աշխատավորների այդ իրավունքներն իրագործելու համար անհրաժեշտ նյութական այլ պայմաններ:
Հոդված 101. Աշխատավորների շահերին համապատասխան և ժողովրդական մասսաների կազմակերպական ինքնագործունեությունն ու քաղաքական ակտիվությունը զարգացնելու նպատակով Հայկական ՍՍՀ քաղաքացիների համար ապահովվում է հասարակական կազմակերպությունների`պրոֆեսիոնալ միությունների, կոոպերատիվ միավորումների, երիտասարդության կազմակերպությունների, սպորտային և պաշտպանական կազմակերպությունների, կուլտուրական, տեխնիկական ու գիտական ընկերությունների մեջ միավորվելու իրավունք, իսկ բանվոր դասակարգի, աշխատավոր գյուղացիների և աշխատավոր ինտելիգենցիայի շարքերից առավել ակտիվ ու գիտակից քաղաքացիները կամավոր կերպով համախմբվում են Սովետական Միության կոմունիստական կուսակցության մեջ, որն աշխատավորներից առաջավոր ջոկատն է կոմունիստական հասարակարգի կառուցման համար նրանց մղած պայարում և իրենից ներկայացնում է աշխատավորների, ինչպես հասարակական, այնպես էլ պետական բոլոր կազմակերպությունների ղեկավարման կորիզը:
Հոդված 102. Հայկական ՍՍՀ քաղաքացիների համար ապահովվում է անձի անձեռնմխելիություն: Ոչ ոք չի կարող ձերբակալվել այլ կերպ, քան դատարանի որոշմամբ կամ դատախազի սանկցիայով:
Հոդված 103. Քաղաքացիների բնակարանի անձեռնմխելիությունն ու նամակագրության գաղտնիությունը պահպանվում են օրենքով:
Հոդված 104. Հայկական ՍՍՀ ապաստանի իրավունք է վերապահում օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք հետապնդվում են աշխատավորների շահերը պաշտպանելու կամ գիտական գործունեության, կամ ազգային-ազատագրական պայքարի համար:
Հոդված 105. Հայկական ՍՍՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պահպանել Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության սահմանադրությունը և Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմանադրությունը, կատարել օրենքները, պահպանել աշխատանքի կարգապահությունը, ազնվորեն վերաբերվել հասարակական պարտքին, հարգել սոցիալիստական համակեցության կանոնները:
Հոդված 106. Հայկական ՍՍՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պահպանել ու ամրապնդել հանրային, սոցիալիստական սեփականությունը, որպես սովետական կարգերի սրբազան և անձեռնմխելի հիմք, որպես հայրենիքի հարստության ու հզորության աղբյուր, որպես բոլոր աշխատավորների ունևոր և կուլտուրական կյանքի աղբյուր:
Հանրային սոցիալիստական սեփականության դեմ ոտնձգություն անող անձինք ժողովրդի թշնամիներ են:
Հոդված 107. Ընդհանուր զինվորական պարտականությունն օրենք է:
Զինվորական ծառայությունը ՍՍՀՄ զինված ուժերի շարքերում Հայկական ՍՍՀ քաղաքացիների պատվավոր պարտականությունն է:
Հոդված 108. Հայրենիքի պաշտպանությունը Հայկական ՍՍՀ յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է: Հայրենիքին դավաճանելը` երդումը խախտելը, թշնամու կողմն անցնելը, պետության ռազմական հզորությանը վնաս հասցնելը, լրտեսությունը, պատժվում են օրենքի ամբողջ խստությամբ, որպես ամենածանր չարագործություն:
ԳԼՈՒԽ IX
ԸՆՏՐԱԿԱՆ ՍԻՍՏԵՄԸ
Հոդված 109. Աշխատավորների դեպուտատների բոլոր սովետների` Հայկական ՍՍՀ գերագույն սովետի, աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային ու գյուղական սովետների դեպուտատների ընտրությունները կատարում են ընտրողներն ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 110. Դեպուտատների ընտրություններն ընդհանուր են. Հայկական ՍՍՀ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները, անկախ ռասայական ու ազգային պատկանելությունից, սեռից, դավանանքից, կրթական ցենզից, նստակեցությունից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից և անցյալ գործունեությունից, իրավունք ունեն մասնակցելու դեպուտատների ընտրություններին, բացառությամբ օրենքով սահմանված կարգով խելագար ճանաչված անձանց:
Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատ կարող է ընտրվել Հայկական ՍՍՀ 21 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ռասայական ու ազգային պատկանելությունից, սեռից, դավանանքից, կրթական ցենզից, նստակեցությունից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից և անցյալ գործունեությունից:
Տեղական սովետի դեպուտատ կարող է ընտրվել Հայկական ՍՍՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ռասայական ու ազգային պատկանելությունից, սեռից, դավանանքից, կրթական ցենզից, նստակեցությունից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից և անցյալ գործունեությունից:
Հոդված 111. Դեպուտատների ընտրությունները հավասար են. յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայն, բոլոր քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:
Հոդված 112. Կանայք ընտրելու և ընտրվելու իրավունքից օգտվում են տղամարդկանց հետ հավասարապես:
Հոդված 113. ՍՍՀՄ զինված ուժերի շարքերում գտնվող քաղաքացիներն ընտրելու և ընտրվելու իրավունքից օգտվում են բոլոր քաղաքացիների հետ հավասարապես:
Հոդված 114. Դեպուտատների ընտրություններն ուղղակի են. աշխատավորների դեպուտատների բոլոր սովետների ընտրությունները, սկսած աշխատավորների դեպուտատների գյուղական ու քաղաքային սովետից մինչև Հայկական ՍՍՀ գերագույն սովետը, քաղաքացիները կատարում են անմիջականորեն, ուղղակի ընտրությունների միջոցով:
Հոդված 115. Դեպուտատների ընտրության ժամանակ քվեարկությունը գաղտնի է:
Հոդված 116. Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների տեղական սովետների ընտրությունները կատարվում են ըստ ընտրական օկրուգների` «Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային սովետների ընտրությունների կանոնադրությամբ» սահմանվող նորմաներով:
Հոդված 117. Ընտրությունների ժամանակ թեկնածուներն առաջադրվում են ըստ ընտրական օկրուգների:
Թեկնածուներ առաջադրելու իրավունքն ապահովվում է հասարակական կազմակերպությունների և աշխատավորների ընտրությունների, կոմունիստական կուսակցական կազմակերպությունների, պրոֆեսիոնալ միությունների, կոոպերատիվների, երիտասարդական կազմակերպությունների, կուլտուրական ընտրությունների համար:
Հոդված 118. Յուրաքանչյուր դեպուտատ պարտավոր է ընտրողների առաջ հաշիվ տալ իր աշխատանքի և աշխատավորների դեպուտատների սովետի աշխատանքի մասին և կարող է ամեն ժամանակ ետ կանչվել ընտրողների մեծամասնության որոշմամբ, օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ X
ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ, ԳԵՐԲԸ, ԴՐՈՇԱԿԸ ԵՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ
Հոդված 119. Հայկական ՍՍՀ պետական լեզուն հայերենն է:
Հայկական ՍՍՀ տերիտորիայում բնակվող ազգային փոքրամասնությունների համար ապահովվում է նրանց մայրենի լեզվի զարգացումը և գործածությունն, ինչպես կուլտուրական, այնպես էլ պետական հիմնարկներում:
Հոդված 120. Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետական գերբը բաղկացած է Մեծ և Փոքր Արարատների պատկերից, որի վերևում մուրճ ու մանգաղ` ճառագայթներով շրջապատված հնգաթև աստղի վրա: Լեռների ստորոտում` խաղողի վազ` ողկույզով ու տերևներով, աջ ու ձախ կողմից` ցորենի հասկեր: Գերբի շուրջը` եզերքում մակագրություն հայերեն լեզով` «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն», ներքևում` կարմիր ֆոնի վրա մակագրություն հայերեն և ռուսերեն լեզուներով` «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»:
Հոդված 121. Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշակը կազմված է կարմիր գույնի կտորից` մեջտեղում, դրոշակի ամբողջ երկայնքով անցնող կապույտ շերտով: Կապույտ շերտը կազմում է դրոշակի լայնքի մեկ քառորդ մասը: Դրոշակի կտորի վերին կարմիր մասում, ձողի մոտ, պատկերված է ոսկյա մուրճ ու մանգաղ և նրանց վերևում հնգաթև կարմիր աստղ` շրջանակված ոսկյա եզրազարդով: Դրոշակի լայնության և երկարության հարաբերությունն է 1:2:
Հոդված 122. Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքն է Երևան քաղաքը:
ԳԼՈՒԽ XI
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 123. Հայկական ՍՍՀ սահմանադրության փոփոխումը կատարվում է միայն Հայկական ՍՍՀ գերագույն սովետի որոշմամբ` ընդունված նրա ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ: