Սեղմել Esc փակելու համար:
«ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1265.151118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2018 թվականի N 1265-Լ

 

i

«ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 8-ի

N 1265-Լ որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ 2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 3. ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ 4. ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՍՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ 5. ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Սույն հայեցակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

 

2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

2. Հայաստանում քիմիական արդյունաբերությունը ձևավորվել է դեռևս 20-րդ դարի 30-ական թվականներին`

1) 1933 թվականից գործարկվել է Վանաձորի քիմիական կոմբինատը, որտեղ արտադրվել են կարբիդ, կիր, ամոնիակ, ազոտական թթու, ցիանամիդ, կարբամիդ, մելամին, սինթետիկ կորունդ և այլ քիմիական նյութեր.

2) 1935 թվականից գործել է Ալավերդու պղնձարջասպի գործարանը, իսկ 1942 թվականից` ծծմբական թթվի, հետագայում` նաև սուպերֆոսֆատի արտադրամասերը.

3) 1943 թվականին հիմնադրվել են Երևանի ավտոդողերի և «Պոլիվինիլացետատ» գործարանները: Վերջինս, օգտագործելով Երևանի քիմիական կոմբինատի ացետիլենային գազը, արտադրել է վինիլացետատ և պոլիմերացման պլաստիկներ, պոլիվինիլային սպիրտ, իսկ հետագայում նաև` քացախաթթու, վինիլացետատ, պոլիվինիլբուտիրալ և բուտաֆոլ թաղանթներ, վինիֆլեքս խեժեր, նատրիումի ացետատ, դիացետիլ ու բամբակի թաղանթանյութեր, ինչպես նաև պոլիվինիլացետատային դիսպերսիա, պոլիվինիլսպիրտ և այլն.

4) 1962 թվականին շահագործման է հանձնվել Վանաձորի արհեստական մանրաթելերի գործարանը, որը հանդիսացել է միակը տարածաշրջանում ծխախոտի զտիչների համար նախատեսված ացետատային մանրաթելերի արտադրության բնագավառում.

5) 20-րդ դարի 60-70-ական թվականներին գործարկվել են փոքր քիմիայի մի շարք ձեռնարկություններ` Երևանի քիմիական ռեակտիվների, Երևանի վիտամինների, Երևանի կենցաղային քիմիայի, Երևանի ռետինատեխնիկական իրերի, Չարենցավանի «Լիզին» գործարանները, Վանաձորի «Պոլիմեր-սոսինձ» գիտարտադրական միավորումը.

6) Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա 1940 թվականին հիմնադրվել է Երևանի քիմիական կոմբինատը և արտադրել քլորոպրենային կաուչուկ, իսկ 1976 թվականին գործարանը վերակազմավորվել է որպես «Նաիրիտ» գիտարտադրական միավորում` ներառելով իր կազմում նաև պոլիմերների գիտահետազոտական ու նախագծային ինստիտուտների գիտական ներուժը և ընդլայնել արտադրանքի տեսականին.

7) «Նաիրիտը» համարվում էր Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի համակարգաստեղծ համալիրը, որը տիրապետում էր ավելի քան 20 մակնիշի քլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրության տեխնոլոգիաների` ինչպես ացետիլենային (ացետիլենի ստացման համար որպես հումք օգտագործելով բնական գազը), այնպես էլ` բութադիենային տեխնոլոգիաների.

8) «Նաիրիտը», բացի կաուչուկից, արտադրել է շուրջ 34 տեսակ քիմիական արտադրանք (կարբինոլ, լաք էտինոլ, կաուստիկ սոդա, նատրիումի հիպոքլորիդ և այլն): 1989 թվականին գործարանը դադարեցրել է արտադրական գործունեությունը բնապահպանական նկատառումներով և մասամբ վերագործարկվել 1992-93 թվականներին: Հետագայում, աշխատելով ընդհատումներով, ֆինանսական խնդիրների պատճառով 2016 թվականին ճանաչվել է սնանկ և դադարեցրել գործունեությունը.

9) փաստորեն, Հայաստանը 20-րդ դարի երկրորդ կեսին հանդիսացել է քիմիական արդյունաբերության հզոր կենտրոն, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո ճյուղի մի շարք ձեռնարկություններ, կորցնելով շուկաները, ստիպված էին կտրուկ նվազեցնել արտադրանքի ծավալներն ու տեսականին կամ դադարեցրեցին գործունեությունը:

3. Սույն հայեցակարգի նպատակը քիմիական նյութերի` մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովումն է:

4. Սույն հայեցակարգի մշակման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշումը, որի առաջին հավելվածով «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգի ընդունումը սահմանված է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի միջոցառում:

5. Քիմիական նյութերի գործածությունը պետք է կարգավորվի այնպես, որպեսզի ապահովի մարդկանց (մասնավորապես, քիմիական նյութերի գործածության մեջ ներգրավված աշխատողների) առողջությունը, շրջակա միջավայրի պահպանությունը:

6. Սույն հայեցակարգը չի տարածվում`

1) այն քիմիական նյութերի վրա, որոնք կորցրել են սկզբնական սպառողական հատկությունները և վեր են ածվել թափոնների: Վերջիններս կարգավորվում են թափոնների ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ.

2) մթնոլորտային օդի պահպանության շրջանակներում կանոնակարգվող, մթնոլորտ արտանետվող քիմիական նյութերի, գազերի և գազային խառնուրդների վրա, որոնք կարգավորվում են մթնոլորտային օդի պահպանության նորմերով.

3) թմրամիջոց համարվող քիմիական նյութերի և հոգեմետ նյութերի վրա.

4) սննդամթերքում և անասնակերում օգտագործվող քիմիական նյութերի և հավելումների վրա.

5) միջուկային և ռադիոակտիվ նյութերի վրա.

6) դեղերի և դեղագործական նյութերի վրա:

 

3. ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

7. Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի գործածության բնագավառում ընդունված են բավականին մեծ թվով իրավական ակտեր: Սրանք հիմնականում բխում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և կարգավորում են քիմիական նյութերի բնագավառի առանձին, երբեմն միմյանց հետ չկապակցվող իրավահարաբերություններ: Հարկ է նշել, որ քիմիական նյութերի գործածության բնագավառում ընդունված և՛ միջազգային կոնվենցիաները, և՛ ներպետական օրենսդրությունը, և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված իրավական ակտերը հիմնականում կարգավորում են որոշ քիմիական նյութերի արգելման, ներմուծման և արտահանման գործընթացները կամ կարգավորում են սահմանափակ թվով քիմիական նյութերի (օրինակ` կայուն օրգանական աղտոտիչների) գործածությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի գրանցման, մակնշման հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն:

 

3.1. ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

8. Քիմիական նյութերի գործածության ոլորտում վավերացվել և ընդունվել են հետևյալ կոնվենցիաները և իրավական ակտերը`

1) ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» կոնվենցիան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է 2003 թվականի հոկտեմբերի 22-ին: Այն կարգավորում է կայուն օրգանական աղտոտիչ (այսուհետ` ԿՕԱ) համարվող ինչպես քիմիական նյութերի, այնպես էլ թափոնների հետ կապված իրավահարաբերությունները: Կոնվենցիայի համապատասխան հավելվածներով սահմանված են կոնվենցիայի կարգավորման առարկա ԿՕԱ-ները: Կոնվենցիայի 6-րդ հոդվածն անդամ պետություններին պարտավորեցնում է կոնվենցիայի համապատասխան հավելվածներում նշված քիմիական նյութերից բաղկացած կամ այդպիսի նյութեր պարունակող պաշարները և թափոնները, դրանք պարունակող կամ դրանցով աղտոտված ապրանքները և արտադրանքը, որոնք վեր են ածվել թափոնի, կարգավորվեն այնպես, որպեսզի վնաս չպատճառեն մարդու առողջությանը, շրջակա միջավայրին.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2003 թվականի հոկտեմբերի 22-ին վավերացրել է «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիան: Կոնվենցիայի նպատակն է առանձին վտանգավոր քիմիական նյութերի միջազգային առևտրում նպաստել դրանց պոտենցիալ վտանգավոր ազդեցությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցում ընդհանուր պատասխանատվության և Կողմերի համատեղ ջանքերի ապահովմանը, ինչպես նաև աջակցել այդ նյութերի էկոլոգիապես հիմնավորված օգտագործմանը` դրանց հատկությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը խթանելու ու հեշտացնելու և ազգային մակարդակով դրանց ներմուծման և արտահանման վերաբերյալ որոշումներ ընդունելու և այդ որոշումները Կողմերի միջև տարածելու գործընթացն ապահովելու միջոցով: Կոնվենցիան տարածվում է արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերի և խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդների վրա.

3) Հայաստանի Հանրապետությունը 1999 թվականի ապրիլի 28-ին վավերացրել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը: Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածության բնագավառում կարգավորված են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը, ներմուծման անհատական չափաքանակների սահմանումը, հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը, ներմուծման համար լիցենզիայի տրամադրման գործընթացը.

4) 1992 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՕ-43 Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանված են Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները քիմիական նյութերի կիրառման բնագավառում.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշումը, որով սահմանվել են Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկը և Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքների կանոնակարգման և սահմանափակումների ենթակա ապրանքների լիցենզավորման գործընթացը համակարգող` Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների ցանկը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշումը, որով սահմանվել է`

ա. օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկը, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված է,

բ. վտանգավոր թափոնների ցանկը, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք, կամ որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն արգելվում է,

գ. օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում,

դ. վտանգավոր թափոնների ցանկը, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և (կամ) ներմուծման դեպքում,

ե. թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ցանկը, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում,

զ. որոշմամբ հաստատված ապրանքատեսակների լիցենզիայի և լիցենզիա ստանալու համար ներկայացվող հայտի ձևերը.

7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 11-ի «Կենցաղային քիմիայի ապրանքներին և լաքաներկերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.018-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 25-ի N 117-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 59-Ն հրամանը, որով սահմանված են կենցաղային քիմիայի ապրանքների և լաքաներկանյութերի անվտանգությանը, սպառողական մակնշմանը, ինչպես նաև լաքաներկանյութերի արտադրությանը և փաթեթվածքին ներկայացվող պահանջները.

8) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Արտադրական նշանակության քիմիական և նավթաքիմիական արտադրանքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.021-14 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 62-Ն հրամանը, որը սահմանում է արտադրական նշանակության քիմիական և նավթաքիմիական արտադրանքի անվտանգության չափանիշները և վտանգավորության գնահատման ընթացակարգը.

9) Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականի հոկտեմբերի 19-ին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, որի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2018 թվականի մարտի 13-ին: Այս ուղղությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր դեռևս չեն ընդունվել.

10) Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո թվով 51 թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի համար Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում սահմանվել է Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման լիցենզավորման ընթացակարգ (N 90-Ն և N 1524-Ն որոշումներ).

11) 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2018 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-313-Ն օրենքով: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է այլոց շարքում նաև քիմիական նյութերի կառավարման ոլորտում աստիճանաբար մոտարկել իր օրենսդրությունը Եվրոպական միության օրենսդրությանը և միջազգային փաստաթղթերին: Այսպես, քիմիական նյութերի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության իրավական ակտերին.

12) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի N 19 որոշմամբ հաստատվել է «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը, որը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կիրառման և կատարման համար միասնական պարտադիր պահանջներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող քիմիական արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև դրա համապատասխանության գնահատման կանոնները և ձևերը, նույնականացման կանոնները, տերմինաբանությանը, մակնշմանը և դրա կիրառման կանոններին ներկայացվող պահանջները:

9. Բացի վերը նշվածներից, քիմիական նյութերի գործածության ոլորտում ընդունվել են նաև մի շարք Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումներ, որոնք չնայած առավելապես խորհրդատվական բնույթ են կրում, սակայն օգտակար տեղեկություններ են պարունակում և կարող են օգտակար լինել քիմիական նյութերի գործածության մեջ ներգրավված անձանց համար: Դրանք են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 8-ի «Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ազգային ակնարկին (պրոֆիլ) հավանություն տալու մասին» N 26 արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 8-ի N 26 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 8 արձանագրային որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոնների կառավարման ուղեցույցին հավանություն տալու մասին» N 41 արձանագրային որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Մաքուր արտադրության հայեցակարգին հավանություն տալու մասին» N 49 արձանագրային որոշումը:

 

3.2. ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

 

10. Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)` բնապահպանական հարկը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է:

11. Համաձայն Օրենսգրքի 164-րդ հոդվածի` բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների`

1) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը.

2) ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը:

12. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում`

1) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար`

ա. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար` այդ ապրանքների մաքսային արժեքը,

բ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար` Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող` ԱԱՀ-ով հարկման բազան (առանց այդ ապրանքների համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի).

2) ներմուծող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար` այդ ապրանքների արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի.

3) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար` այդ ապրանքների արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի.

4) ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների անհատույց կամ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից էականորեն ցածր արժեքով օտարման դեպքերում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան` առանց ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարների:

 

3.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

13. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են քիմիական ոլորտի շուրջ 314 փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, գիտահետազոտական և փորձարարական կազմակերպություններ, որոնք 2017 թվականին արտադրել են (համադրելի գներով) 51.62 մլրդ դրամի արտադրանք: Ճյուղի արտադրանքը հանրապետության մշակող արդյունաբերության արտադրանքի կառուցվածքում կազմել է 5.04%:

14. Հայաստանի ներկայիս քիմիական արդյունաբերության ճյուղը կարելի է պայմանական տարանջատել երեք ենթաճյուղերի`

1) դեղագործական մթերքի արտադրություն.

2) քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն.

3) ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն:

15. Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության (հիմնային օրգանական և անօրգանական, ացիկլիկ և ցիկլիկ սպիրտների, արդյունաբերական գազերի, պարարտանյութերի և ազոտական միացությունների, ներկանյութերի և գունանյութերի, օճառի և մաքրող ու լվացող նյութերի, պայթուցիկ նյութերի, սոսինձների, նախնական ձևերով պլաստմասսաների արտադրություն) ենթաճյուղում գործող շուրջ 95 ձեռնարկությունները 2017 թվականին արտադրել են (համադրելի գներով) 10.89 մլրդ դրամի արտադրանք:

16. Դեղագործական մթերքի արտադրության (հիմնային դեղագործական մթերքի արտադրություն, դեղագործական պատրաստուկների և նյութերի արտադրություն) ենթաճյուղում գործող շուրջ 24 ձեռնարկությունները 2017 թվականին արտադրել են (համադրելի գներով) 9.41 մլրդ դրամի արտադրանք:

17. Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության ենթաճյուղում գործող շուրջ 195 ձեռնարկությունները 2017 թվականին արտադրել են (համադրելի գներով) 31.3 մլրդ դրամի արտադրանք:

18. Հանրապետությունում քիմիական արտադրության զարգացման և վերջնական արդյունք ստանալու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ներմուծել քիմիական նյութերի բավականին լայն տեսականի: 2016 թվականին Հայաստան է ներմուծվել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի շուրջ 800 անուն ընդհանուր առմամբ 244 հազ. տոննա` 328.19 մլն ԱՄՆ-ի դոլարի մաքսային արժեքով արտադրանք:

19. Ուսումնասիրելով 2016 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված հիմնական քիմիական նյութերի վերաբերյալ վիճակագրական տվյալները, կարելի է փաստել, որ հայաստանյան շուկան մեծ պահանջարկ ունի նատրիումի սուլֆիդների, ցիանիդների և ցիանիդ օքսիդների, պոլիվինիլքլորիդի, եթերային յուղերի, ծծմբաօրգանական միացությունների, հանքային կամ քիմիական պարարտանյութերի, գունանյութերի, կոսմետիկական կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների, լվացող և մաքրող միջոցների և այլն:

20. 2016 թվականին Հայաստանից արտահանվել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի շուրջ 180 անուն ընդհանուր առմամբ 10.8 հազ. տոննա` 17.37 մլն ԱՄՆ-ի դոլարի մաքսային արժեքով արտադրանք: Նույն տարում Հայաստանի Հանրապետությունից արտահանված հիմնական քիմիական նյութերն են` ածխածնի երկօքսիդը, ցինկի սուլֆատը, ամոնիումի հիդրօքսիդը և աղերը, քինոնները, դեղամիջոցները, բամբակը, թանզիֆը և այլ վիրակապային միջոցները, արհեստական ներկերը և լաքերը, ապակու մածիկը, ծեփանյութը, մաշկի խնամքի կամ դիմահարդարման միջոցները, լվացող պատրաստուկները, սոսինձը, ձուլակաղապարների արտադրության մեջ օգտագործվող պատրաստի կապակցանյութ նյութերը:

21. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը վերապահվել են բնապահպանության նախարարությանը:

22. Համաձայն վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 733-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրության` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում` կիրառում է պատասխանատվության միջոցներ վտանգավոր նյութերի` Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար սահմանված պահանջների պահպանման ուղղությամբ:

23. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «ՄԱԿ-ի` 2001 թվականի մայիսի 23-ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին» N 1483-Ն որոշման 1-ին կետի` տեղեկատվության փոխանակման համար Ստոկհոլմի կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված ազգային համակարգող կենտրոնի իրավասությունները վերապահվել են բնապահպանության նախարարությանը:

24. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «ՄԱԿ-ի` 1998 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված Ռոտերդամի կոնվենցիայից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման մասին» N 1508-Ն որոշման` Ռոտերդամի կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանված` վարչարարական գործառույթներ իրականացնող ազգային մարմնի իրավասությունները վերապահվել են բնապահպանության նախարարությանը:

25. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 31-ի «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմիններ նշանակելու և կապի կետ ստեղծելու մասին» N 261 որոշման` կոնվենցիայի քարտուղարության հետ տեղեկատվության փոխանակումն իրականացնում է բնապահպանության նախարարությունը` իրազեկելով արտակարգ իրավիճակների նախարարությանը և իրավասու մյուս նախարարություններին ու գերատեսչություններին:

26. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո քիմիական նյութերի մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման, բնապահպանության նախարարությանն են վերապահվել երրորդ երկրներից թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող որոշ տեսակի թունավոր նյութերի, օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման լիցենզիաների տրամադրումը:

27. Քիմիական նյութերի գործածության հետ կապված հարցերն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են տարբեր պետական մարմինների, այդ թվում` առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, գյուղատնտեսության նախարարության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներին և կանոնակարգվում են այդ ոլորտների օրենքներով ու այլ իրավական ակտերով:

 

4. ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՍՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ

 

28. Սույն հայեցակարգով առաջարկվող քաղաքականության հիմնական նպատակը քիմիական նյութերի` մարդու առողջության (մասնավորապես, քիմիական նյութերի գործածության մեջ ներգրավված աշխատողների) և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության` արտադրության, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման, ոչնչացման և օգտահանման գործընթացների ապահովումն է: Այս նպատակին հասնելու համար ընտրված գործիքակազմը «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, դրանից բխող այլ իրավական ակտերի ընդունումն է, որով կկարգավորվեն քիմիական նյութերի անվտանգ շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում, դրանց գրանցման համակարգի ստեղծումը, մակնշման պահանջի սահմանումը, դասակարգումը, քիմիական նյութերի գործածության օրենսդրության խախտման համար պատասխանատվության սահմանումը, քիմիական նյութերի գործածության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունների սահմանումը և հստակ տարանջատումը, քիմիական նյութերի գործածության մեջ ներգրավված անձանց իրավունքների և պարտականությունների սահմանումը:

 

5. ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ

 

29. Հայաստանի Հանրապետությունում բացակայում է քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգը, և ներկայումս քիմիական նյութերի կարգավորման բնագավառում առաջնային լուծում պահանջող խնդիրը քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգի ստեղծումն է, քանի որ քիմիական նյութերի հատկությունների, քանակության, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, քիմիական նյութեր արտադրողների, ներմուծողների, իրացնողների վերաբերյալ տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս պետական մարմիններին արդյունավետ կարգավորել բնագավառը:

30. Միասնական գրանցման համակարգը պետք է համապարփակ տվյալներ պարունակի Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (անհրաժեշտության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետությունից արտահանվող), իրացվող քիմիական նյութերի կազմի, հատկությունների, քանակի, դրանք արտադրող, ներմուծող (արտահանող), իրացնող սուբյեկտների վերաբերյալ:

31. Միասնական գրանցման համակարգում գրանցելու նպատակով քիմիական նյութերի հատկությունների, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ունեցած ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան կարգով սահմանված անհրաժեշտ այլ տվյալների տրամադրումը, այդ տվյալների իսկությունը և ճշմարտացիությունը պետք է ապահովեն քիմիական նյութեր արտադրողները, ներմուծողները և իրացնողները և պետք է կրեն իրենց կողմից գործածության մեջ դրված քիմիական նյութերի կառավարման ռիսկերը: Ընդ որում` համապատասխան նորմատիվ իրավական ակտով պետք է սահմանվի, որ քիմիական նյութերի հատկությունների, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ունեցած ազդեցության վերաբերյալ սխալ տվյալների տրամադրման կամ տվյալների չտրամադրման հետևանքով մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին պատճառված վնասն ամբողջ ծավալով պետք է հատուցեն քիմիական նյութերի վերաբերյալ տվյալների տրամադրման պարտականությունը կրող անձինք:

32. Հայաստանի Հանրապետությունում բացակայում է քիմիական նյութերի դասակարգման համակարգը: Քիմիական նյութերի դասակարգման համակարգը քիմիական նյութերի դասակարգումն է` ելնելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վտանգավորության աստիճանից:

33. Քիմիական նյութերի գործածության բնագավառում չափազանց կարևոր է քիմիական նյութերի հատկությունների, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ունեցած ազդեցության վերաբերյալ վերջնական սպառողներին, քիմիական նյութերի գործածության մեջ ներգրավված աշխատողներին, ազդակիր այլ անձանց իրազեկելը: Այս նպատակով անհրաժեշտ է օրենքով քիմիական նյութերի հատկությունների և ազդեցությունների վերաբերյալ քիմիական նյութերի մակնշման պահանջներ սահմանել, ինչը կապահովի քիմիական նյութերի հատկությունների և ազդեցությունների վերաբերյալ արդյունավետ իրազեկումը և ռիսկերի նվազեցումը:

34. Պետությունը պետք է խթանի արտադրվող կամ ներմուծվող առավել վտանգավոր քիմիական նյութերի փոխարինումը նվազ վտանգավոր տեսակներով: Այս տեսանկյունից արդեն նշվեց, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը բնապահպանական հարկով հարկման օբյեկտ է համարում նաև շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը և ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը: Օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանվել են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը, որոնցում առկա են ինչպես ապրանքներ, այնպես էլ` քիմիական նյութեր: Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի սահմանումը վնաս պատճառող ապրանքների ցանկի ճիշտ կազմման և այլ կարգավորումների կատարելագործման դեպքում կարող է ծառայել որպես արտադրվող կամ ներմուծվող առավել վտանգավոր քիմիական նյութերի նվազ վտանգավոր տեսակներով փոխարինման մեխանիզմ:

35. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվել է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար, քիմիական նյութերի գործածության ոլորտում պետական կառավարման մարմինների իրավասությունները պետք է բխեն օրենքից:

36. Վերը նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է`

1) մշակել և ընդունել «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կոնվենցիաների և այլ միջազգային համաձայնագրերի, որով`

ա. կստեղծվի և կսկսի գործել քիմիական նյութերի գրանցման միասնական համակարգը,

բ. կսահմանվի քիմիական նյութերի դասակարգման պահանջը,

գ. կսահմանվի քիմիական նյութերի մակնշման պահանջը, որով կապահովվի քիմիական նյութերի վտանգավոր հատկությունների վերաբերյալ վերջնական սպառողին իրազեկելու արդյունավետ համակարգը,

դ. համապարփակ կկարգավորվի քիմիական նյութերի ներմուծման և արտահանման համակարգը,

ե. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին համահունչ օրենքով կսահմանվեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, պարտականությունները, քիմիական նյութերի գործածության մեջ ներգրավված անձանց իրավունքները և պարտականությունները.

2) «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մշակել և ընդունել օրենքից բխող նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև գործող օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտեր.

3) քիմիական նյութերի գործածությունը կարգավորող օրենսդրության արդյունավետ կիրառման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանել պատասխանատվություն` քիմիական նյութերի գրանցման, դասակարգման և մակնշման պահանջները խախտելու համար:

 

6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

37. Քիմիական նյութերի գործածության ոլորտում ֆինանսական տեսանկյունից մեծ ազդեցություն կունենա քիմիական նյութերի գրանցման համակարգի ներդրումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քիմիական նյութերի գրանցման համակարգում նախատեսվում է առավելագույնս կիրառել նորագույն տեխնոլոգիաներ` տնտեսվարողների համար վարչարարությունը և ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով: Գրանցման համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2018
N 1265-Լ
Որոշում