Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1287.191118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1287-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 15-ի

N 1287-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները:

2. Քաղաքացիական ծառայողի արձակուրդի տրամադրումը (այդ թվում' տեղափոխումը կամ արձակուրդից հետ կանչելը) իրականացվում է գլխավոր քարտուղարի անհատական իրավական ակտով, իսկ գլխավոր քարտուղարի արձակուրդի տրամադրումը' համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողին արձակուրդը տրամադրում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ Անվտանգության խորհրդի գրասենյակում' Անվտանգության խորհրդի քարտուղարը:

3. Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:

4. Քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:

5. Քաղաքացիական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունը' 4 աշխատանքային օր:

6. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում' ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին համապատասխան:

7. Արձակուրդի տրամադրման ժամանակացույցում ներառելու նպատակով' կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների հետ համաձայնեցված ժամանակացույցերը գլխավոր քարտուղարին են ներկայացնում մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը: Ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցում ներառվում են նաև նախորդ տարվա տեղափոխված արձակուրդի օրերը: Ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցում փոփոխությունները կատարվում են սույն կարգով նախատեսված հիմքերով ամենամյա արձակուրդի տեղափոխման դեպքերում, ինչպես նաև նոր ընդունված (այդ թվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով գործուղված) ծառայողների արձակուրդի տրամադրման ժամկետների նախատեսման նպատակով:

8. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել միասին կամ առանձին:

9. Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր:

10. Աշխատանքային առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը քաղաքացիական ծառայողին կարող է տրամադրվել տվյալ մարմնում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է սույն կարգի 7-րդ կետով նախատեսված կարգով կազմված ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին համապատասխան:

11. Եթե քաղաքացիական ծառայողը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով գործուղվել է, և մինչ այդ նրան չի տրամադրվել ամենամյա արձակուրդը կամ տրամադրվել է դրա մի մասը, ապա քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ չտրամադրված մասը, եթե այն հնարավոր չէ տրամադրել, տեղափոխվում է տվյալ աշխատանքային տարում այլ ժամանակ: Այս դեպքում ամենամյա արձակուրդի տրամադրման ժամկետը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված կարգով ներառվում է համապատասխան մարմնի արձակուրդի տրամադրման ժամանակացույցում, որտեղ գործուղվել է քաղաքացիական ծառայողը:

12. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով տեղափոխության կամ փոխադրման դեպքում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը տրամադրվում է ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին համապատասխան:

13. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը քաղաքացիական ծառայողի խնդրանքով ամենամյա արձակուրդը տրամադրվում է'

1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

14. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողները:

15. Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

16. Առանց աշխատանքից կտրվելու սովորող քաղաքացիական ծառայողներին ամենամյա արձակուրդը քաղաքացիական ծառայողի ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

17. Հիվանդին կամ հաշմանդամություն ունեցող անձին տանը խնամող քաղաքացիական ծառայողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն քաղաքացիական ծառայողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա, ամենամյա արձակուրդը տրամադրվում է իր նախընտրած ժամանակ:

18. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն քաղաքացիական ծառայողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Քաղաքացիական ծառայողի միջնորդությամբ ծառայողի ամենամյա արձակուրդն այլ ժամանակ տեղափոխելու դեպքում ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում:

19. Ամենամյա արձակուրդը տեղափոխվում է նաև այլ ժամանակ, եթե'

1) քաղաքացիական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ.

2) քաղաքացիական ծառայողը ձեռք է բերել Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.

3) քաղաքացիական ծառայողը մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին' անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:

20. Մինչև ամենամյա արձակուրդի սկսվելը, սույն կարգի 19-րդ կետով նախատեսված հիմքերը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր առաջանալու դեպքում, քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ, իսկ այն դեպքում, երբ այդ հիմքերն առաջանում են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:

21. Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն նրա համաձայնությամբ:

22. Ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում քաղաքացիական ծառայողին աշխատած օրերի համար վճարվում է աշխատավարձ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը (տեղափոխված արձակուրդը) հետագայում տրամադրելու դեպքում, անկախ այդ օրերի համար նախկինում վճարում կատարած լինելու հանգամանքից, քաղաքացիական ծառայողին այդ օրերի համար վճարվում է միայն միջին աշխատավարձը, լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար այլևս չի վճարվում:

23. Ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրվում են տվյալ աշխատանքային տարում' բացառությամբ սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերով նախատեսված դեպքերի:

24. Սույն կարգի 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով (բացառությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի) քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը կամ ամենամյա արձակուրդը տվյալ աշխատանքային տարում չտրամադրելու դեպքում, այն տրամադրվում է հաջորդ աշխատանքային տարում, սակայն ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում սկսած այն աշխատանքային տարվա ավարտից, որի համար քաղաքացիական ծառայողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:

25. Քաղաքացիական ծառայողի արձակուրդը սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով չտրամադրելու դեպքում քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ այն կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

26. Ամենամյա արձակուրդի համար քաղաքացիական ծառայողին վճարվում է միջին աշխատավարձ և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար: Ընդ որում, լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը քաղաքացիական ծառայողին յուրաքանչյուր աշխատանքային տարվա արձակուրդի համար տրվում է մեկ անգամ: Ամենամյա արձակուրդի համար միջին աշխատավարձը հաշվարկվում է Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով:

27. Ամենամյա արձակուրդի համար վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու' քաղաքացիական ծառայողի դիմումում նշված ժամկետից հետո' երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե քաղաքացիական ծառայողի համար հաշվարկված աշխատավարձը (միջին աշխատավարձը և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը) սույն կետով սահմանված ժամկետում չի վճարվում քաղաքացիական ծառայողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար: Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի երկարաձգումն ամրագրվում է նրան արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով:

28. Քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու, ինչպես նաև լիազորությունները դադարելու դեպքում, չօգտագործված ամենամյա արձակուրդը, քաղաքացիական ծառայողի ցանկությամբ, տրամադրվում է ազատման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման կամ լիազորությունները դադարելու օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:

29. Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված դրույթը չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքերի վրա, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ կամ 16-րդ կետերով նախատեսված հիմքերով լիազորությունները դադարելու դեպքերի վրա: Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված դրույթը չի տարածվում նաև սույն կետում չնշված այն դեպքերի վրա, երբ քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատվելուց կամ լիազորությունները դադարելուց հետո անցնում է այլ աշխատանքի կամ գրանցվում է կադրերի ռեզերվում:

30. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքից ազատվելու պատճառով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած քաղաքացիական ծառայողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդը, կամ քաղաքացիական ծառայողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Դրամական հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

31. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված կարգով քաղաքացիական ծառայողին արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը վճարվում է ամենամյա արձակուրդի առաջին մասը տրամադրելու ժամանակ:

32. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար քաղաքացիական ծառայողին կարող է տրամադրվել լրացուցիչ վճարովի արձակուրդ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն արձակուրդի տևողությունը:

33. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քաղաքացիական ծառայողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ' ոչ ավելի, քան երեսուն օր' անկախ տվյալ մարմնում աշխատանքային ստաժի տևողությունից:

34. Քաղաքացիական ծառայողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է'

1) եթե քաղաքացիական ծառայողի կինը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.

2) եթե քաղաքացիական ծառայողը հաշմանդամություն ունի կամ խնամում է ընտանիքի հիվանդ անդամին, որի համար չվճարվող արձակուրդը տրամադրվում է բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում.

3) քաղաքացիական ծառայողի ամուսնության համար' երեք աշխատանքային օր.

4) քաղաքացիական ծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում ոչ պակաս երեք

օրից.

5) աշխատանքային օրենսգրքով նախատեսված ուսումնական արձակուրդի համար' համապատասխան օրերի քանակով:

35. Սույն կարգի 34-րդ կետում չնշված դեպքերում քաղաքացիական ծառայողի միջնորդությամբ չվճարվող արձակուրդ կարող է տրամադրվել նրան արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ:

36. Սույն կարգի 34-րդ և 35-րդ կետերում նշված դեպքերում և կարգով քաղաքացիական ծառայողին տրամադրվող արձակուրդի տևողությունը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն կարգի 33-րդ կետով սահմանված ժամկետը:

37. Սույն կարգի 34-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայողին չվճարվող արձակուրդը տրամադրվում է համապատասխանաբար քաղաքացիական ծառայողի կնոջ հղիության և ծննդաբերության կամ մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթը, իր հաշմանդամությունը վկայող փաստաթուղթը կամ ընտանիքի անդամի հիվանդության վերաբերյալ բժշկական եզրակացությունը, ուսումնական հաստատության միջնորդությունը ներկայացնելու դեպքում:

38. Քաղաքացիական ծառայողի հղիության և ծննդաբերության, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի, ինչպես նաև պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար արձակուրդների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2018
N 1287-Ն
Որոշում