Սեղմել Esc փակելու համար:
ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (1-ԻՆ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(1-ին մաս)

(Գանգատ թիվ 56717/08)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

1 հունիսի 2017թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Կշիշտոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],

Քսենյա Տուրքովիչ [Ksenija Turkovi?],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo]

Յովան Իլևսկի [Jovan Ilievski]` դատավորներ

և Աբել Կամպոս [Abel Campos]` Բաժանմունքի քարտուղար,

2017 թվականի մայիսի 9-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանի քաղաքացի տկն Սիլվարդ Այվազյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2008 թվականի նոյեմբերի 20-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 56717/08) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Կ. Թումանյանը: Հայաստանի Կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ իր եղբայր Սեյրան Այվազյանին կյանքից զրկել են ոստիկանության ծառայողները` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում համարվող հանգամանքներում, և որ համապատասխան մարմինները նրա մահվան կապակցությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել:

4. 2011 թվականի սեպտեմբերի 6-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Ռուսաստանի կառավարությունը չի իրականացրել Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին մասով միջամտելու իր իրավունքը:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1951 թվականին և բնակվում է Դոնի Ռոստովում` Ռուսաստանի Դաշնությունում: Նա 1961 թվականին ծնված և 2006 թվականի մարտի 6-ին ոստիկանության ծառայողների կողմից կյանքից զրկված Սեյրան Այվազյանի քույրն է: Նա ունեցել է հոգեկան հիվանդություն (պարանոիդ շիզոֆրենիա) և տվյալ ժամանակահատվածում բնակվել է մենակ` Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում:

 

Ա. Սեյրան Այվազյանի մահվան` քննությամբ պարզված հանգամանքները

 

6. Սեյրան Այվազյանի վրա արձակված մահացու կրակոցի հանգամանքները, որոնք պարզվել են քննիչի կողմից քննության ավարտից հետո 2016 թվականի հոկտեմբերի 3-ին կայացված որոշմամբ, (տե՛ս ստորև ներկայացված 30-րդ պարբերությունը) հետևյալն են:

7. 2016 թվականի մարտի 6-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Սեյրան Այվազյանն այցելել է տարածքի խանութներից մեկը, որտեղ նա դանակ է հանել և առանց պատճառի դրանով հարվածել խանութի աշխատակից Հ. Չ.-ի ձեռքին և խանութ մտած հաճախորդներից մեկի` Ե.Պ.-ի այտին: Այնուհետև նա գնացել է տուն:

8. Որոշ ժամանակ անց Օձունի բժշկական ամբուլատորիայից Թումանյան քաղաքի մոտակա ոստիկանության բաժին կատարած հեռախոսազանգից հետո ոստիկանության չորս ծառայողներ` Ա.Ա.-ն, Վ.Բ.-ն Ա.Ե.-ն և Մ.Վ.-ն ժամանել են Սեյրան Այվազյանի տուն: Երբ նրանք մոտեցել են, Սեյրան Այվազյանը գտնվել է այգում և, ոստիկանության ծառայողներին տեսնելով, վազել է դեպի տուն: Ոստիկանության ծառայողները հետևել են նրան: Երբ Սեյրան Այվազյանը մտել է տուն և պատրաստվել է փակել դուռը, ոստիկանության ծառայող Վ.Բ.-ն հասել է նրան և սկսել է հրելով բացել դուռը: Այդ պահին Սեյրան Այվազյանը կիսաբաց դռնից դանակով հարվածել է Վ.Բ.-ի ձեռքին ու այտին, և նրան հաջողվել է փակել դուռը: Վ.Բ.-ին մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, մինչ Ա.Ա.-ն և Ա.Ե.-ն, որոնք մնացել են տանը, զանգահարել են Թումանյանի ոստիկանության բաժին և հաղորդել պատահարի մասին: Այնուհետև, նրանք փորձել են Սեյրան Այվազյանին համոզել դուրս գալ, բայց վերջինս հրաժարվել է` սպառնալով կյանքից զրկել ցանկացածի անձի, ով կփորձի մոտենալ տանը` բոլորի առջև սրելով դանակները: Նրանք կապ են հաստատել Սեյրան Այվազյանի` նույն գյուղում բնակվող քույրերից մեկի հետ, բայց նա հրաժարվել է գալ: Ա.Ա.-ի և Ա.Ե.-կողմից հեռախոսազանգ ստանալով` ևս 9 ոստիկանության ծառայողներ, այդ թվում` Ա.Ս.-ն, Ն.Ն.-ն, Գ.Մ.-ն, Ռ.Մ.-ն Հ.Գև.-ն ու Հ.Գրի.-ն ժամանել են տան մոտ` Թումանյանի ոստիկանության բաժնի պետի` մայոր Ա.Բ.-ի ուղեկցությամբ, և շրջապատել են տունը: Նրանք նաև զանգահարել են Օձունի գյուղապետին, շտապօգնություն և հրշեջ ծառայություն: Սեյրան Այվազյանի` միևնույն գյուղում բնակվող ազգականներին դեպքի վայր կանչելու մեկ այլ փորձ է կատարվել, որպեսզի նրան համոզեն հանձնվել, սակայն նրանք հրաժարվել են գալ: Այնուհետև, ոստիկանության ծառայողները մոտավորապես հինգ ժամ փորձել են Սեյրան Այվազյանին համոզել հանձնվել, բայց նա շարունակել է դրսևորել միևնույն վտանգ սպառնացող վարքագիծը` ինչպես դրանից առաջ: Միևնույն ժամանակ ոստիկանության ծառայողները կապ են հաստատել Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի հետ, որի կողմից նրանք տեղեկացվել են, որ Սեյրան Այվազյանին հնարավոր է հանդարտ վիճակի բերել միայն դիսպանսերում:

9. Մոտավորապես ժամը 17:00-ին որոշվել է Սեյրան Այվազյանին վնասազերծել և բերման ենթարկել` հրշեջ մեքենայի փողրակից նրա վրա ջուր լցնելով: Հրշեջ փողրակը միացնելուց հետո ոստիկանության վեց ծառայողներ` Ա.Ս.-ն. Ն.Ն.-ն, Գ.Մ.-ն, Ռ.Մ.-ն, Հ.Գև.-ը և Ա.Ա.-ն, Թումանյանի ոստիկանության բաժնի պետի հրամանով հրելով բացել են դուռը և մտել տուն: Հ.Գև.-ը, որն առաջինն է մուտք գործել, դանակով հարձակումից պաշտպանվելու համար փոքր փայտե սեղան է պահել իր առջև: Ոստիկանության ծառայողները տուն մուտք գործելուց հետո տեսել են, որ նա միջանցքից սենյակ տանող ճանապարհը շրջափակել է կահույքով: Ոստիկանության ծառայողներն անմիջապես որոշել են դուրս գալ տնից, և ամբողջ խումբը դուրս է եկել: Տեսնելով, որ ոստիկանության ծառայողները դուրս են գալիս` Սեյրան Այվազյանը, յուրաքանչյուր ձեռքում պահելով մեկ դանակ, շարժվել է նրանց ուղղությամբ, հասել է Հ. Գև.-ին նախամուտքի դռան մոտ, և դանակներից մեկով հարվածել նրա գլխին: Հ.Գև.-ը հարվածի հետևանքով անմիջապես վայր է ընկել: Երբ նա պառկած է եղել հատակին, Սեյրան Այվազյանը փորձել է կրկին հարվածել նրան, սակայն այդ պահին ոստիկանության մեկ այլ ծառայող` Հ. Գրի.-ն, որը հսկել է մուտքը, իր ավտոմատ հրացանից մեկ նախազգուշական կրակոց է արձակել օդում և, տեսնելով, որ Սեյրան Այվազյանը դեռ փորձում է հարվածել Հ. Գև.-ին, կրակել է Սեյրան Այվազյանի ոտքերին: Միևնույն ժամանակ և այդ գործողություններից անկախ, ոստիկանության ծառայողներ Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն և Ռ.Մ.-ն, տեսնելով, որ Հ. Գև.-ը հարձակման հետևանքով վայր է ընկել, և որ Սեյրան Այվազյանը փորձում է նրան կրկին հարվածել, սկսել են իրենց ատրճանակներից կրակ արձակել Սեյրան Այվազյանի ոտքերին: Ա.Ս.-ն արձակել է ութ կրակոց, մինչդեռ Ա.Ա.-ն և Ռ.Մ.-ն` առանձին-առանձին երեք կրակոց: Կրակոցի հետևանքով Սեյրան Այվազյանը վիրավորվել է, վայր է ընկել և մահացել:

10. Տեղում կատարված հետագա քննության ընթացքում նախամուտքում հայտնաբերվել է երկու դանակ, ինչպես նաև մեկ ձեռքի նռնակ ու ևս մեկ դանակ` միջանցքում:

11. Սեյրան Այվազյանի հագուստի զննության ընթացքում հայտնաբերվել է ևս երկու դանակ և մեկ բժշկական լանցետ:

12. Սեյրան Այվազյանի կողմից հարձակման հետևանքով, քաղաքացիներ Հ.Չ.-ն և Ե.Պ.-ն, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ Վ.Բ.-ն ու Հ.Գ.-ն մանր և միջին ծանրության, սակայն կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ են ստացել:

13. Դիմումատուն վիճարկել է այդ փաստերը և պնդել, որ Սեյրան Այվազյանն իրականում չի վտանգել ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի կյանքը, և որ ոստիկանության ծառայողները պարզապես կյանքից զրկել են նրան` իրենց գործընկերներից մեկին վնասելու համար վրեժխնդիր լինելու նպատակով:

 

Բ. Սեյրան Այվազյանի զինված հարձակման առնչությամբ քրեական գործով վարույթը

 

14. Պատահարի օրը Լոռու մարզի դատախազությունը որոշում է կայացրել, մասնավորապես` քաղաքացիների և ոստիկանության ծառայողների վրա Սեյրան Այվազյանի կողմից կատարված զինված հարձակման առնչությամբ թիվ 55200706 քրեական գործը հարուցելու մասին` Քրեական օրենսգրքի (ՔՕ) 104-րդ հոդվածի համաձայն սպանության փորձի հիմքով` 34-րդ հոդվածի հետ համատեղ:

 

1. Քննչական և այլ դատավարական միջոցառումներ

 

15. Նույն օրն անցկացվել է դեպքի վայրի զննություն և կազմվել է արձանագրություն, որը ներառում է տեղանքի քարտեզը: Տունն ունեցել է երկու սենյակ, որոնք գտնվել են մեկը մյուսի հետևում ու եղել են պատով բաժանված, իսկ աջ կողմում գտնվել է միջանցքը: Տան ամբողջ առջևի հատվածում եղել է 3x1.8 մետր չափսերով նախամուտք: Նախամուտքի ձախ կողմում առկա են եղել պատուհաններ, իսկ գլխավոր մուտքը գտնվել է աջ կողմում` վերը նշված միջանցքի առջևում: Տունը պատուհաններ է ունեցել նաև աջ կողմում: Տեղանքի քարտեզում նշված է եղել նաև պատահարի ժամանակ Սեյրան Այվազյանի և ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի դիրքերը: Ըստ երևույթին, Սեյրան Այվազյանը գտնվել է նախամուտքում` անմիջապես գլխավոր մուտքի դիմաց, իսկ ոստիկանության ծառայող Հ.Գև.-ը` նրա կողքին: Ոստիկանության ծառայողներ Հ.Գրի.-ն և Ռ.Մ.-ն նույնպես գտնվել են նախամուտքում` գլխավոր մուտքից ձախ, մինչդեռ ոստիկանության ծառայողներ Ա.Ս.-ն և Ա.Ա.-ն գտնվել են նախամուտքից դուրս ընկած հատվածում` գլխավոր մուտքի դիմաց:

16. 2007 թվականի մարտի 7-ին կատարվել է դիահերձում: Ըստ արդյունքների, Սեյրան Այվազյանը վնասվածքներ է ստացել թվով տասը գնդակից, որոնցից ինը հարվածել են սրունքի հետևի մասին, ազդրերին ու ձախ նախաբազուկին, իսկ մեկը` կրծքավանդակին: Սեյրան Այվազյանի վրա հետևից արձակել են վեց գնդակ: Սեյրան Այվազյանի մահվան անմիջական պատճառը եղել է ուժեղ ներքին արյունահոսությունը, որն առաջացել է կրծքավանդակի հրազենային վնասվածքից, ինչի հետևանքով վնասվել է սրտի ստորին հատվածը և թոքը: Մահը վրա է հասել Սեյրան Այվազյանի վիրավորվելուց անմիջապես հետո:

17. 2006 թվականի ապրիլի 11-ին Ան.Ա.-ին` Սեյրան Այվազյանի չորս քույրերից մեկին, հարուցված քրեական գործով շնորհվել է տուժողի կարգավիճակ: Այդ որոշման մեջ նշվել է, որ հանցագործության հետևանքով Սեյրան Այվազյանին պատճառվել է ֆիզիկական վնաս, մասնավորապես` մահ:

18. 2006 թվականի ապրիլի 18-ին անցկացվել է դեպքի ուսումնասիրությունից հետո ձեռք բերված պարկուճների և գնդակների հրազենագիտական փորձաքննություն: Հաստատվել է, որ դրանք ընդգրկված են ոստիկանության սպառազինության մեջ: Գործադրված զենքերը եղել են երեք «Մակարով» տեսակի ատրճանակ և մեկ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ հրացան:

19. 2006 թվականի հունիսի 16-ի դատական փորձաքննությամբ եզրահանգում է կատարվել այն մասին, որ հինգ դանակը և բժշկական լանցետը չեն որակվում որպես «սառը զենք»: Բոլոր դանակները, բացի մեկից, պատրաստված են եղել տան պայմաններում:

20. 2006 թվականի հունիսի 22-ին տրվել է դատական փորձաքննության եզրակացություն: Եզրակացության համաձայն` Սեյրան Այվազյանի հագուստը վնասված է եղել մոտ տարածությունից արձակված առնվազն տասներկու գնդակից:

21. 2006 թվականի օգոստոսի 10-ին բժիշկ-փորձագետը Սեյրան Այվազյանի հոգեկան հիվանդության մասին տվել է եզրակացություն, որի համաձայն, Սեյրան Այվազյանի մոտ առկա է եղել հոգեկան հիվանդություն` պարանոիդ շիզոֆրենիա, և 1993 թվականից սկսած տարբեր հոգեբուժական հիվանդանոցներում իր վիճակի համար բուժում է ստացել:

2. Ոստիկանության ծառայողների հարցաքննությունը

ա) Ձերբակալման գործընթացում և մահացու կրակոցների մեջ ներգրավված ոստիկանության ծառայողները

22. Քննիչը ցուցմունք է վերցրել ձերբակալման գործընթացում և մահացու կրակոցների մեջ ներգրավված ոստիկանության յոթ ծառայողներից հինգից (Ա.Ս., Հ.Գև., Հ.Գրի., Ն.Ն., Ա.Ա., Գ.Մ. և Ռ.Մ.): Ոստիկանության չորս ծառայողներից երեքը` Ա.Ս.-ն, Հ.Գրի.-ն և Ա.Ա.-ն, որոնք կրակոցներ էին արձակել, հարցաքննվել են, համապատասխանաբար, 2006 թվականի մարտի 6-ին, 14-ին և 16-ին, մինչդեռ Հ.Գև.-ը (ով վնասվածք էր ստացել պատահարի ընթացքում) և Ն.Ն.-ն հարցաքննվել են, համապատասխանաբար,2006 թվականի մարտի 7-ին և 15-ին: Ոստիկանության ծառայողներին խնդրել են պատահարի մասին հաշվետվություն ներկայացնել:

23. Ոստիկանության ծառայող Ա.Ս.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը: Սեյրան Այվազյանը գտնվել է երկրորդ (հետևի) սենյակում, երբ ոստիկանության վեց ծառայողներ մտել են տուն: Դուռը շրջափակված է եղել բազկաթոռով և զգեստապահարանով: Մուտք գործելիս նա Սեյրան Այվազյանին առաջարկել է դուրս գալ սենյակից, սակայն նա այնպես է պահել դանակը, կարծես ցանկացել է նետել այն և շարունակել է սպառնալ, որ կհարվածի նրան: Գիտակցելով, որ հնարավոր չէ նրան սենյակից դուրս հանել, և որ նա կարող է վնաս հասցնել որևէ մեկին` Ա.Ս.-ն ոստիկանության մյուս հինգ ծառայողներին ասել է, որ նրանք բոլորը պետք է դուրս գնան և գտնեն Սեյրան Այվազյանին վնասազերծելու մեկ այլ եղանակ: Նրանք դուրս են եկել տնից. վերջին դուրս եկողը եղել է Հ.Գև.-ը, որը սեղան է պահել իր առջև`` դանակ նետելու դեպքում ինքնապաշտպանվելու նպատակով: Ա.Ս.-ն իջել է նախամուտքից և արդեն գտնվել է բակում, երբ այնտեղ հավաքված իր գործընկերները բղավել են. «Նա դուրս է եկել և հարձակվել»: Հ. Գև.-ը սեղան է պահել իր առջև` Սեյրան Այվազյանից ինքնապաշտպանվելու նպատակով: Ա.Ս.-ն վազել է դեպի նրանց և տեսել, թե ինչպես է Սեյրան Այվազյանը հարվածում Հ.Գև.-ի գլխին, ուստի նա կրակոց է արձակել նրա ոտքերին: Սեյրան Այվազյանը ընկել է և, պառկած լինելով հատակին, նույն դանակը նետել է Հ.Գև.-ի վրա: Այնուհետև նա հանել է մեկ այլ դանակ և այն նետել ոստիկանության ծառայողների վրա: Ա.Ս.-ն կրկին կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Այնուհետև Սեյրան Այվազյանը հանել է երրորդ դանակը, բղավելով շրջել է այն` փորձելով նետել Ա.Ս.-ի ուղղությամբ: Ա.Ս.-ն կրկին կրակոց է արձակել, և Սեյրան Այվազյանը վայր է գցել դանակը: Ոստիկանության ծառայողները մոտեցել են և ձեռնաշղթաներ հագցրել նրան:

24. Ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը: Երբ ոստիկանության վեց ծառայողներ տուն են մտել, Սեյրան Այվազյանը սպառնացել է նրանց` հրամայելով դուրս գալ: Նրանք դուրս են եկել, այսինքն` նա նկատել է որ մյուսներն արդեն դուրս են գնացել: Նա, գիտակցելով, որ մենակ է, փորձել է սեղանը պահած դուրս գալ տնից: Նա դեռ չի հասել դռան մոտ, երբ հանկարծ Սեյրան Այվազյանը բղավել է և դանակը ձեռքին վազել նրա ուղղությամբ: Դա տեսնելով` նա փորձել է ավելի արագ շարժվել դեպի դուռը: Սեյրան Այվազյանը հասել է նրան և դանակով հարվածել գլխին: Դա տեղի է ունեցել դռան մուտքի մոտ: Սեյրան Այվազյանին հաջողվել է հարվածել Հ.Գև.-ին, քանի որ նա (այսինքն` Սեյրան Այվազյանը) ավելի բարձրահասակ է` չնայած նրան (այսինքն` Հ.Գև.-ին) որոշ չափով հաջողվել է Սեյրան Այվազյանին սեղանով հետ հրել: Նա վայր է ընկել նախամուտքում: Երբ նա պառկած է եղել կողքի վրա` դեմքով դեպի դուռը, և արնահոսել, տեսել է, թե ինչպես է Սեյրան Այվազյանը փորձում երկրորդ անգամ նույն դանակով կրկին հարվածել իր գլխին: Սեյրան Այվազյանը դեռևս եղել է կանգնած վիճակում` մեկ մետր հեռավորության վրա, մինչդեռ ինքը (այսինքն` Հ.Գև.-ը) շարունակել է սեղանն օգտագործել ինքնապաշտպանվելու համար: Սեյրան Այվազյանի` երկրորդ անգամ նրան հարվածելու փորձից հետո նա լսել է մի շարք կրակոցներ, բայց չի կարողացել մտաբերել` քանիսն է լսել: Նա տեսել է, որ կրակոցները դիպել են Սեյրան Այվազյանի ոտքերին: Վերջինս վայր է ընկել` պառկելով այնպես, որ նրա ոտքերը Հ.Գև.-ի ոտքերի կողքին են հայտնվել: Այնուհետև Սեյրան Այվազյանը հանել է մեկ այլ դանակ: Սեյրան Այվազյանը պետք է առաջին դանակը գցած լիներ կամ նրա ուղղությամբ, կամ նրա հետևում գտնվողների ուղղությամբ, սակայն Հ. Գև.-ը չի կարողացել նշել, թե որքան հեռու է նետվել դանակը: Այնուհետև Սեյրան Այվազյանը ցանկացել է վեր կենալ և կրկին հարվածել իրեն, սակայն հետո ինքը լսել է այլ կրակոցների ձայներ: Սեյրան Այվազյանը բարձրաձայն բղավել է, սակայն մինչ արձակվել են կրակոցները, մյուսները իրեն հեռացրել են Սեյրան Այվազյանի մոտից և տեղափոխել հիվանդանոց:

25. Ոստիկանության ծառայող Հ.Գրի.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը: Սեյրան Այվազյանը դանակը ձեռքին թաքնվել է զգեստապահարանի հետևում և կյանքից զրկելու սպառնալիքներ հնչեցրել, երբ ոստիկանության վեց ծառայողները փորձել են մոտենալ նրան: Այդ ժամանակ նա հրացանով կանգնած է եղել նախամուտքի պատուհանների կողքին: Հետո նա լսել է, թե ինչպես է Սեյրան Այվազյանը բղավում և տեսել, թե ինչպես են մյուսները տանից դուրս գալիս, իսկ Սեյրան Այվազյանը դանակը ձեռքին վազել է դեպի Հ.Գև.-ը (որը եղել է վերջին դուրս եկողը), հասել է նրան ու հարվածել գլխին: Հ.Գև.-ը կծկվել է և սկսել է արնահոսել: Սեյրան Այվազյանը ևս մեկ անգամ փորձել է նույն դանակով հարվածել Հ.Գև.-ին, որն այդ պահին պառկած է եղել հատակին: Նա նախազգուշական կրակոց է արձակել օդում, սակայն տեսնելով, որ Սեյրան Այվազյանը կրկին փորձում է հարվածել Հ.Գև.-ին, կրակել է Սեյրան Այվազյանի ձախ ոտքին` նրան վնասազերծելու նպատակով: Նրա կրակոցից հետո Սեյրան Այվազյանը վայր չի ընկել, սակայն դանակը ձեռքին սայթաքելով հետ է գնացել: Ոստիկանության ծառայողներից մեկին այդ պահին հաջողվել է Հ.Գև.-ին հեռացնել Սեյրան Այվազյանի մոտից, որն այնուհետև դանակ է նետել նրանց վրա և հանել է մեկ այլ դանակ` կրկին նետելու համար: Սեյրան Այվազյանը դեռևս գտնվել է կանգնած վիճակում: Հ.Գրի.-ն լսել է մի շարք այլ կրակոցների ձայներ, սակայն չի կարող նշել, թե ովքեր են դրանք արձակել, քանի կրակոց է արձակվել, և Սեյրան Այվազյանի մարմնի որ մասերի ուղղությամբ են դրանք արձակվել: Ինքը, բացի վերը նշված երկուսից, որևէ այլ կրակոց չի արձակել: Այնուհետև, ոստիկանության մյուս ծառայողներին հաջողվել է մոտենալ Սեյրան Այվազյանին և զինաթափել նրան, որն արդեն հատակին է պառկած եղել:

26. Ոստիկանության ծառայող Ն.Ն.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը: Ոստիկանության ծառայող Հ.Գև.-ը առաջինն է մտել տուն` սեղանը որպես վահան պահած, քանի որ Սեյրան Այվազյանը, բռնելով դանակի շեղբից, սպառնացել է նետել այն: Նա և մյուսները, որոնք հետևել են Հ.Գև.-ին, մտել են առաջին սենյակ: Սեյրան Այվազյանը նահանջել է երկրորդ սենյակ և դուռը շրջափակել բազկաթոռով, ինչը նրանց խանգարել է մուտք գործել երկրորդ սենյակ: Սեյրան Այվազյանը հրաժարվել է հանձնվել և դանակ գործադրելու սպառնալիքով նրանց թույլ չի տվել առաջանալ: Նրանք ստիպված են եղել տնից դուրս գալ: Քանի դեռ նրանք գտնվել են նախամուտքում, ինքը` Ն.Ն.-ն, լսել է, թե ինչպես են մյուսներն ասում. «Նա գալիս է»: Նա շրջվել է և տեսել, որ Սեյրան Այվազյանը, որը տնից դուրս է եկել, դռան մուտքի մոտ դանակով հարվածել է Հ.Գև.-ի գլխին: Հ.Գև.-ն անմիջապես սկսել է արնահոսել: Նա փորձել է ինքնապաշտպանվել սեղանով, սակայն Սեյրան Այվազյանին հաջողվել է դրա վրայով ձեռքը մեկնել և հարվածել վայր ընկած Հ.Գև.-ին: Այնքանով, որքանով մտաբերում է Ն.Ն.-ն, Սեյրան Այվազյանն այնուհետև վայր է ընկել. վայր ընկնելուց հետո նա դանակը նետել է նրանց վրա: Այնուհետև Սեյրան Այվազյանը հանել է մեկ այլ դանակ և ցանկացել է կրկին հարվածել Հ.Գև.-ին: Այդ պահին Ն.Ն.-ն լսել է կրակոցների ձայներ, սակայն չի տեսել կրակողին: Այնուհետև, նրանց հաջողվել է ձեռնաշղթաներ հագցնել Սեյրան Այվազյանին:

27. Ոստիկանության ծառայող Ա.Ա.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը: Հրշեջ մեքենան գործարկելուց անմիջապես հետո, նրանք կոտրել են դուռը և մտել տուն: Հ.Գև.-ը եղել է առաջին մտնողը, իսկ ավելի ստույգ` նրանք բոլորը միասին են մտել` պաշտպանության նպատակով իրենց առջև փոքր սեղան պահելով: Այդ պահին հրշեջ մեքենան ջուր է լցրել Սեյրան Այվազյանի վրա, որն իրեն շրջափակել է զգեստապահարանով և տեղաշարժել այն այնպես, որ իրեն պաշտպանի ջրից: Սեյրան Այվազյանը նաև բազկաթոռ է տեղադրել երկու սենյակների միջև այնպես, որ նրանք չկարողանան մտնել երկրորդ սենյակ: Նրանք փորձել են համոզել նրան վայր դնել դանակը, սակայն նա շարունակել է սպառնալ: Քանի որ Սեյրան Այվազյանը դուրս չի եկել և հրաժարվել է հանդարտվել, Ա.Ա.-ն հրաման է ստացել դուրս գալ տնից` այլընտրանքային պլան մշակելու համար: Ոստիկանության վեց ծառայողների դուրս գալու ժամանակ, Սեյրան Այվազյանը, բարձրաձայն բղավելով, անսպասելիորեն վազել է դեպի նրանց: Ա.Ա.-ն չի կարողացել տեսնել, թե արդյոք Սեյրան Այվազյանի մոտ առկա է դանակ, քանի որ նա (այսինքն` Ա.Ա.-ն) կանգնած է եղել դեմքով դեպի գլխավոր մուտքը: Նա լսել է, թե ինչպես է դրսից ինչ-որ մեկն ասում. «ՈՒշադիր եղի՛ր, նա պատրաստվում է հարվածել»: Այնուհետև նա դուրս է թռել տնից դեպքի բակ` անցնելով նախամուտքով: Նախքան գլորվելը` նա լսել է երկու կրակոցի ձայն և տեսել է, որ Հ.Գև.-ը մեջքի վրա պառկած է նախամուտքում` դեմքով դեպի գլխավոր մուտքը: Սեյրան Այվազյանը դանակը ձեռքին կծկվել է և փորձել է հարվածել Հ.Գև.-ին, որն արդեն իսկ վիրավոր է եղել: Կարծելով, որ ավելի վաղ արձակած կրակոցները չեն դիպել Սեյրան Այվազյանին, և որ եթե նա կրակ չարձակի, ապա Սեյրան Այվազյանը կրկին կհարվածի ու կյանքից կզրկի Հ.Գև.-ին` նա հանել է իր զենքը, Սեյրան Այվազյանի ոտքերին նշան է բռնել և երեք կրակոց է արձակել նրա ոտքերին: Կրակոց արձակելիս նա լսել է այլ կրակոցների ձայներ և տեսել է, որ Սեյրան Այվազյանն ընկնում է Հ.Գև.-ի կողքին: Այնուհետև նա Սեյրան Այվազյանի ձեռքին երկու դանակ է տեսել:

28. Քննիչը երկուսից չորս հարց է ուղղել ոստիկանության ծառայողներից յուրաքանչյուրին: Ա.Ս.-ին հարցրել են` ա) արդյոք հնարավոր կլինի Սեյրան Այվազյանին վնասազերծել առանց հրազենի գործադրման (պատասխանը` բացասական), և բ) քանի հրազեն է գործադրվել այդ նպատակով (երեք): Հ.Գև.-ին հարցրել են, թե որքան ժամանակ է անցել նրանց կողմից տուն մուտք գործելուց մինչև հարված հասցնելը (երեքից չորս րոպե): Հ.Գրի.-ին հարցրել են, թե կրակ արձակելու ժամանակ ով է եղել նրա կողքին (ոստիկանության ծառայող Ա.Ս.-ն) և քանի դանակ է ունեցել Սեյրան Այվազյանը (առնվազն երեք): Ն.Ն.-ին և Ա.Ա.-ին հարցրել են, թե արդյոք նրանք տուն մտնելուց առաջ ստացել են կրակ արձակելու հրաման (երկուսն էլ` բացասական): Ա.Ա.-ին նաև հարցրել են` ա) կրակ արձակելու ժամանակ ով է եղել նրա կողքին (նա չի կարողացել մտաբերել), և բ) խնդրել են լրացուցիչ մանրամասներ տրամադրել կրակոցի միջադեպի մասին: Հ.Գև.ին, Հ.Գրի.-ին, Ն.Ն.-ին և Ա.Ա.-ին նաև հարցրել են, թե արդյոք նրանք Սեյրան Այվազյանի ձեռքերում նռնակ են նկատել կամ արդյոք նա նռնակով սպառնացել է (բոլոր չորսը` բացասական):

բ) Ոստիկանության այլ ծառայողներ, որոնք ներկա են գտնվել դեպքի վայրում

29. 2006 թվականի մարտի 20-ի և հուլիսի 30-ի միջև ընկած ժամանակահատվածում քննիչը ցուցմունք է վերցրել ոստիկանության վեց այլ ծառայողներից, որոնք ներկա են գտնվել դեպքի վայրում: Ոստիկանության ծառայողներ Հ.Գրիգ.-ին և Լ.Կ.-ին, որոնք ականատես են եղել կրակոցի միջադեպին, խնդրել են ներկայացնել հաշվետվություն: Ոստիկանության ծառայող Դ.Կ.-ն նշել է, որ, ի թիվս այլնի (inter alia), հարևանները և մյուս համագյուղացիները ներկա են գտնվել և տեսել ամբողջ պատահարը. սա հաստատվել է Հ.Գրիգ.-ի կողմից: Ոստիկանության ծառայող Ս.Ա.-ն նշել է, որ, inter alia, դեպքի վայրում գտնվել են տասից քսան ոստիկանության ծառայողներ: Վերը նշված բոլոր ոստիկանության ծառայողները նշել են, որ դեպքի վայր է կանչվել հրշեջ ծառայություն և շտապօգնություն: Այնուհետև, Լ.Կ.-ն նշել է, որ տեսել է, թե ինչպես է մեկ այլ ոստիկանության ծառայող Ա.Տ.-ն տեսագրում պատահարը, սակայն համոզված չէ, թե արդյոք նա կրակոցի ժամանակ տեսագրել է կատարվածը: Երբ Ա.Տ.-ին տեսաձայնագրության մասին հարց են ուղղել, նա նշել է, որ որևէ նյութ առկա չէ, քանի որ ինքը սխալմամբ տեսագրել է առանց տեսախցիկի մեջ ժապավեն դնելու, ինչն ավելի ուշ է հայտնաբերել:

 

3. Քննության արդյունքը և դատախազին ներկայացված բողոքները

 

30. 2006 թվականի հոկտեմբերի 3-ին Լոռու մարզի դատախազության քննիչը որոշում է կայացրել թիվ 55200706 քրեական գործը կարճելու մասին` Սեյրան Այվազյանի մահվան փաստի հիմքով: Միևնույն որոշմամբ քննիչը հրաժարվել է քրեական գործ հարուցել ոստիկանության ծառայողներ Ա.Ս.-ի, Ա.Ա.-ի, Ռ.Մ.-ի և Հ.Գրի.-ի դեմ: Որոշման ձևակերպման մեջ առաջինն ընդգծվել են քննությամբ հաստատված հանգամանքները (տե՛ս վերևում` 7-12-րդ պարբերությունները), որով եզրակացություն է կատարվել այն մասին, որ ոստիկանության ծառայողներն իրենց ծառայողական զենքը գործադրել են իրադրության անհրաժեշտությունից ելնելով` ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի նկատմամբ կյանքի համար վտանգավոր հարձակումը հետ մղելու նպատակով: Այսպիսով, նրանց գործողությունները օրինական են եղել, քանի որ դրանք ձեռնարկվել են «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի և 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

31. Չպարզված օրը դիմումատուն Ան.Ա.-ի և նրա մյուս երկու քույրերի հետ միասին բողոք է ներկայացրել Լոռու մարզի դատախազին` ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը մասնակի բեկանելու պահանջով:

32. 2006 թվականի նոյեմբերի 16-ին Լոռու մարզի դատախազը նրանց գրությամբ տեղեկացրել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանելու համար իրավական հիմքեր առկա չեն, քանի որ այն կայացվել է գործի հանգամանքների ճշգրիտ իրավական գնահատականի հիման վրա:

33. Այնուհետև, դիմումատուն և նրա երեք քույրերը համանման բողոք են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն:

34. 2007 թվականի հունվարի 19-ին Գլխավոր դատախազությունը նրանց տեղեկացրել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանելու համար հիմքեր առկա չեն, քանի որ մանրամասն և օբյեկտիվ քննության համաձայն որոշվել է, որ ոստիկանության ծառայողների գործողություններն օրինական են եղել:

 

Գ. 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման օրինականության վերաբերյալ դատական վարույթը

 

35. 2007 թվականի հունիսի 27-ին Ան.Ա.-ն` որպես տուժող, 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Լոռու մարզի դատարան` պահանջելով անվավեր ճանաչել իր եղբորը կյանքից զրկելու համար` ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման մի մասը: Նա, մասնավորապես, բողոքել է, որ չնայած այն փաստին, որ իր եղբորը դիտավորությամբ կյանքից զրկել են ոստիկանության ծառայողները, առանձին քրեական գործ չի հարուցվել և նրան կյանքից զրկելու փաստի առթիվ քրեական գործով քննություն չի իրականացվել: Նա նաև բողոքել է, որ ոստիկանության ծառայողները կրակ են արձակել Սեյրան Այվազյանի վրա այնպիսի իրավիճակում, երբ նրանցից որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնացել: Ինչ վերաբերում է Սեյրան Այվազյանի տանը նռնակ գտնելու պնդմանը, ապա Ան.Ա.-ն նշել է, որ դրանով չեն արդարացվում ոստիկանության ծառայողների գործողությունները, քանի որ այն հայտնաբերվել է ճակատագրական դեպքը տեղի ունենալուց միայն հետո, և իր եղբայրը ոստիկանության ծառայողներին բացարձակապես չի սպառնացել, որ կգործադրի այն:

36. 2007 թվականի հունիսի 29-ին Լոռու մարզի դատարանը քննության է ընդունել բողոքը, որը ներկայացված է եղել Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 185-րդ և 263-րդ հոդվածներին համապատասխան:

37. 2007 թվականի սեպտեմբերի 12-ին Լոռու մարզի դատարանը, հիմնվելով քննությամբ պարզված հանգամանքների վրա, ուսումնասիրել է բողոքը և որոշում է կայացրել այն մերժելու մասին` գտնելով, որ ոստիկանության ծառայողների կողմից հրազենի գործադրումն արդարացված է, քանի որ նրանք կրակ են արձակել Սեյրան Այվազյանի անօրինական բռնի գործողությունները կանխելու և դրանցից ինքնապաշտպանվելու համար: Այն եզրակացրել է, որ ոստիկանության ծառայողները գործել են ՔՕ-ի 42-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետին և 33-րդ հոդվածին համապատասխան: Ավելին, Մարզային դատարանը նշել է, որ առկա չէ Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ առանձին քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն, քանի որ այդ դեպքի քննությունն իրականացվել է Սեյրան Այվազյանի անօրինական գործողությունների մասով հարուցված քրեական գործի շրջանակներում: Բացի այդ, Մարզային դատարանը գտել է, որ քրեական գործ հարուցելը մերժելու դեմ բողոքը ներկայացվել է ՔԴՕ-ի 290-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո:

38. 2007 թվականի սեպտեմբերի 27-ին Ան.Ա.-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել Մարզային դատարանի որոշման դեմ` առաջադրելով այն նույն փաստարկները, որոնք նշվել են դատարան ներկայացված իր սկզբնական բողոքում: Նա նաև պնդել է, որ ինքն իր բողոքը ներկայացրել է ընթացակարգային կանոններին համապատասխան, քանի որ ՔԴՕ-ի` կիրառելի հոդվածներից ոչ մեկով, մասնավորապես, 185-րդ և 263-րդ հոդվածներով (տվյալ ժամանակահատվածում գործող), բողոք ներկայացնելու համար որևէ ժամկետ նախատեսված չէ:

39. 2007 թվականի հոկտեմբերի 23-ին Քրեական վերաքննիչ դատարանն իրականացրել է վերաքննիչ բողոքի` ըստ էության քննությունը և մերժել է այն` անփոփոխ թողնելով Մարզային դատարանի` ոստիկանության ծառայողների գործողությունների օրինականության մասին եզրահանգումները: Այնուհետև, այն ուսումնասիրել է Ան.Ա.-ի` դատարան ներկայացրած բողոքի` ընթացակարգային կանոններին համապատասխանության հարցը և գտել է, որ այն չի ներկայացվել ՔԴՕ-ի 290-րդ հոդվածին համապատասխան:

40. 2008 թվականի փետրվարի 1-ին Ան.Ա.-ն Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել` առաջադրելով նույն փաստարկները, որոնք վերաբերում են և՛ դատարան ներկայացված բողոքի ընդունելիությանը, և՛ ըստ էության քննությանը:

41. 2008 թվականի մարտի 4-ին Վճռաբեկ դատարանը բողոքը ճանաչել է ընդունելի:

42. 2008 թվականի մայիսի 23-ին Վճռաբեկ դատարանը քննել է վճռաբեկ բողոքը: Անդրադառնալով ներպետական օրենսդրությամբ նախատեսվող ժամկետներին համապատասխանության հարցին` այն գտել է, որ Ան.Ա.-ն բողոքարկման ընթացակարգը նախաձեռնելիս իսկապես ղեկավարվել է 263-րդ հոդվածի 2-րդ մասով, որով տվյալ ժամանակահատվածում ժամկետներ նախատեսված չեն եղել` դատախազի մերժումը դատարանում վիճարկելու համար: Այնուամենայնիվ, 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը նրա դեպքում կիրառելի է եղել: Վճռաբեկ բողոքը ներկայացվել է միայն 2007 թվականի հունիսի 27-ին, մասնավորապես` այդ մեկամսյա ժամկետը լրանալուց հետո: Այսպիսով, և՛ Մարզային դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը սահմանազանցել են իրենց ժամանակային իրավազորությունը` ըստ էության քննելով Ան.Ա.-ի բողոքը: Թեև դա ինքնին բավարար հիմք է` բողոքը մերժելու համար, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը դա անհրաժեշտ է համարել` հաշվի առնելով այն փաստը, որ ա) երկու դատարաններն էլ իրականացրել են գործի` ըստ էության քննությունն ու եզրահանգումները կատարել են գործի հանգամանքների հիման վրա և բ) այն կոչված է եղել ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը` խնդրի վերաբերյալ մի շարք իրավական դիրքորոշումներ արտահայտելու համար, որոնք համանման դեպքերում կարող են ուղեցույց ծառայել ստորին ատյանի դատարանների համար:

43. Վճռաբեկ դատարանը սկզբում ուսումնասիրել է այն հարցը, թե արդյոք հարուցվել է որևէ քրեական գործ, և արդյոք Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ քննություն է իրականացվել: Հղում կատարելով ՔԴՕ-ի 27-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, 175-րդ և 182-րդ հոդվածների 1-ին և 2-րդ մասերին` Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ այդ հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ: Մասնավորապես, մի շարք գործոններից կարելի է ենթադրել, որ թիվ 55200706 քրեական գործը հարուցվել է ոչ թե Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու, այլ նրա կողմից կատարված արարքների մասով: Նախ և առաջ, գործը հարուցվել է միայն 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ՔՕ-ի 34-րդ հոդվածի հետ համակցությամբ (մասնավորապես, երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և, հետևաբար, չի կարող իրավական տեսանկյունից կիրառելի լինել նրան կյանքից զրկելու նկատմամբ: Երկրորդ, վարույթը կարճելու մասին որոշման ձևակերպումը ներառել է նաև այն ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործ հարուցելու մերժում, որոնք մասնակից են եղել նրա վրա արձակված կրակոցներում, որով էլ հաստատվել է, որ տվյալ դեպքի առնչությամբ ոչ մի քրեական գործ չի հարուցվել:

44. Մյուս կողմից, մի շարք գործոններից կարելի է ենթադրել, որ հարուցված գործերը հիմնված են եղել նաև այն փաստի վրա, որ նրան կյանքից զրկել են, և այդ կապակցությամբ անցկացվել է քննություն: Այսպիսով, գործ հարուցելու մասին որոշման ձևակերպման նկարագրական մասում նշվել է այն փաստը, որ Սեյրան Այվազյանին տարել են հիվանդանոց, և նա մահացել է: Ավելին, Սեյրան Այվազյանի քրոջը` Ան.Ա.-ին քննիչի որոշմամբ քրեական գործի շրջանակներում տրվել է տուժողի կարգավիճակ, և, բացի այդ, այդ որոշման մեջ նշվել է, որ Սեյրան Այվազյանին իր կյանքից զրկել են «հանցագործության հետևանքով»: Վերջապես, քրեական գործի ընթացքում ձեռնարկված որոշակի քննչական միջոցառումներ ուղղված են եղել Սեյրան Այվազյանի մահվան վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելուն. դրանք ներառում են` դեպքի վայրի զննությունը, Սեյրան Այվազյանի մարմնի և նրա հագուստի զննումը, դիահերձումը, նրա հագուստի դատական փորձաքննությունը, ինչպես նաև ոստիկանության այն ծառայողների հարցաքննությունը, որոնք կրակ են արձակել Սեյրան Այվազյանի վրա կամ ականատես են եղել կրակոցներին: Դրանից կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ, նրա մահվան կապակցությամբ որոշակի քննություն իրականացվել է: Հանգելով տվյալ եզրակացությանը` Վճռաբեկ դատարանը որոշել է ցանկացած դեպքում ուսումնասիրել քննության պատշաճ լինելու հարցը:

45. Վճռաբեկ դատարանը նախ և առաջ նշել է, որ կրակոցներին ներկա չեն գտնվել ոստիկանության ծառայող չհամարվող ականատեսներ: Այնուամենայնիվ, ոչ այն բոլոր ոստիկանության ծառայողներն են հարցաքննվել, որոնք ականատես են եղել կրակոցներին: Հատկապես, վեց ծառայողներից երկուսը, որոնք ներկա են գտնվել կրակոցներին, մասնավորապես` Գ.Մ.-ն և Ռ.Մ.-ն, չեն հարցաքննվել: ՈՒստի, քննություն իրականացնող մարմինը չի ապահովել դեպքի առնչությամբ բոլոր ապացույցների առկայությունը: Ինչ վերաբերում է հարցաքննված ծառայողներին, ապա Հ.Գրի.-ն հարցաքննվել է պատահարից ութ, Ն.Ն.-ն` ինը և Ա.Ա.-ն` տասը օր հետո: Միևնույն ժամանակ միջոցներ չեն ձեռնարկվել` նրանց միմյանցից մեկուսացնելու համար: Թեև առկա չեն եղել ապացույցներ` ենթադրելու համար որ ոստիկանության ծառայողները գործել են համաձայնեցված գործողությունների միջոցով, այնուամենայնիվ, այն փաստը, որ այդպիսի վտանգը նվազագույնին հասցնելու համար քայլեր չեն ձեռնարկվել, համարվում է քննության մեջ թույլ տրված էական թերություն: Բացի այդ, չի կատարվել Սեյրան Այվազյանի վրա արձակված գնդակների ուղղության պատշաճ գնահատում: Մասնավորապես, քննությամբ չի տրվել որևէ հիմնավոր բացատրություն այն փաստի մասով, որ Սեյրան Այվազյանի վրա վեց գնդակ է արձակվել հետևից:

46. Հիմնվելով այդ եզրահանգումների վրա` Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ քննությունը պատշաճ չի իրականացվել: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել վճռաբեկ բողոքն այն հիմքով, որ ո՛չ Լոռու մարզի դատարանը, ո՛չ Քրեական վերաքննիչ դատարանը չեն ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ բերված բողոքը քննելու ժամանակային իրավասություն:

47. Չպարզված օրը Սեյրան Այվազյանի քույրը` Ան.Ա.-ն մահացել է:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Քրեական դատավարության օրենսգիրքը (տվյալ ժամանակահատվածում գործող)

 

48. 182-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվում է, որ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին: Այդպիսի որոշման մեջ պետք է նշվեն, inter alia, գործ հարուցելու հիմքը, Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը:

49. 185-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսվում է, որ քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այդ որոշումը կարող է բողոքարկվել` օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգի համաձայն: Այդպիսի բողոքի հիման վրա վերադաս դատախազը կամ վերացնում է բողոքարկվող որոշումը և հարուցում քրեական գործ, կամ հաստատում է այն: Տվյալ որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:

50. Տվյալ ժամանակահատվածում 263-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ձևակերպմամբ նախատեսվում է, որ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում տուժողի կողմից կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Այդպիսի բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը կարող է բողոքարկվել դատարան: 2007 թվականի ապրիլի 7-ին ուժի մեջ է մտել փոփոխություն, որով փոփոխվել է 263-րդ հոդվածի 2-րդ մասը` դատախազներին պարտավորեցնելով որոշում կայացնել յուրաքանչյուր այդպիսի բողոքի վերաբերյալ, որը կարող է դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում բողոքարկվել դատարան:

51. 290-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսվում է, որ կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, տուժողը, քրեական դատավարության մասնակիցները, այլ անձինք, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են, իրավունք ունեն բողոքարկելու հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` տվյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում: Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետը լրանալու օրվանից` մեկամսյա ընթացքում:

 

Բ. Քրեական օրենսգիրք (ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)

 

52. 34-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այն կատարողի կամ կատարողների կամքից անկախ հանգամանքներով:

53. 42-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով նախատեսվում է, որ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է ոտնձգություն կատարողի դեմ ուղղված` անհրաժեշտ պաշտպանության վիճակում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Կյանքի համար վտանգավոր բռնությունը կանխելիս կարող է պատճառվել ցանկացած աստիճանի առողջական վնաս, այդ թվում` մահ: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի գործադրումը` զինված անձի հարձակումից պաշտպանվելու համար:

54. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսվում է, որ երկու կամ ավելի անձանց սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

 

Գ. «Ոստիկանության մասին» օրենք (ուժի մեջ է 2001 թվականի հունիսի 10-ից)

 

55. Օրենքի 29-34-րդ հոդվածներով կարգավորվում է ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը:

56. Տվյալ ժամանակահատվածում գործող 29-րդ հոդվածով սահմանվում է, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է պատշաճ կերպով նախազգուշացնել դրանք գործադրելու մասին` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

57. 32-րդ հոդվածով կարգավորվում են այն իրավիճակները, որոնց դեպքում ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հրազեն գործադրելու: 2-րդ ենթապարբերությամբ նախատեսվում է, որ ոստիկանության ծառայողները կարող են հրազեն գործադրել հարձակումը հետ մղելու համար, երբ նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում:

58. 33-րդ հոդվածով նախատեսվում է, որ ոստիկանության զինված ծառայողն իրավունք ունի մերկացնելու և մարտական վիճակի բերելու հրազենը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում կարող է, տվյալ օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան, հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջանալ:

59. 34-րդ հոդվածով նախատեսվում է, որ անձնական անվտանգության ապահովման համար ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ` ՏՈՒԺՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

60. Դատարանը վերահաստատում է, որ այն անձը, որի մերձավոր ազգականները, այդ թվում` քույրերը և եղբայրները, որոնց մահվան համար ենթադրաբար պատասխանատվություն է կրում պետությունը, կարող են պնդել, որ իրենք Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման անուղղակի զոհն են դարձել, որի պայմաններում իրենց` մահացածի օրինական ժառանգները համարվելու հարցը վերաբերելի չէ գործին (տե՛սYa?a-ն ընդդեմ Թուրքիայի, 1998 թվականի սեպտեմբերի 2, § 66, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VI, Velikova-ն ընդդեմ Բուլղարիայի (որոշում), թիվ 41488/98, ՄԻԵԴ 1999-V (քաղվածքներ), և Van Colle-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 7678/09, § 86, 2012 թվականի նոյեմբերի 13): Դատարանն այն կարծիքին է, որ դիմումատուն, որը` որպես քույր, տուժել է Սեյրան Այվազյանի մահվան հետևանքով, կարող է իր եղբորը կյանքից զրկելու մասով հայցել տուժողի կարգավիճակ` Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով (տե՛սիelikbilek-ն ընդդեմ Թուրքիայի (որոշում), թիվ 27693/95, 1999 թվականի հունիսի 22, և Renolde-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 5608/05, § 69, 2008 թվականի հոկտեմբերի 16):

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

61. Դիմումատուն բողոքել է, որ իր եղբորը կյանքից զրկել են բացարձակ անհրաժեշտությունից չբխող հանգամանքներում, և որ համապատասխան մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել նրա մահվան առնչությամբ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որը շարադրված է հետևյալ բովանդակությամբ`

«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից` բացառությամբ դատարանի` այն հանցագործության համար նրան դատապարտելու դատավճռով, որի համար օրենքով նախատեսված է այդ պատիժը:

2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն բխում է այնպիսի ուժի գործադրումից, ինչն ավելի քան բացարձակ անհրաժեշտ է`

ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,

գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրինական կարգով ձեռնարկված գործողություն իրականացնելու համար:»:

62. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:

 

Ա. Ընդունելիությունը

 

63. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես, չեն պահպանվել ներպետական ընթացակարգային պահանջները` հաշվի առնելով, որ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ բողոքը չի ներկայացվել ՔԴՕ-ի 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում, ինչը հաստատվել է ներպետական դատարանների կողմից:

64. Դիմումատուն պնդել է, որ այն ժամանակ, երբ Գլխավոր դատախազությունը մերժել է 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ, մասնավորապես` 2007 թվականի հունվարի 19-ին բերված բողոքը, ՔԴՕ-ի` այս դեպքում կիրառելի 263-րդ հոդվածով այդպիսի մերժումը վիճարկելու համար որևէ ժամկետ սահմանված չի եղել: 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը կիրառելի չի եղել: Ավելին, այդ հոդվածներով սահմանված ժամկետների միջև առկա են եղել անհամապատասխանություններ. այն փաստը, որ այդ անհամապատասխանություններն առկա են եղել, ավելի ուշ հաստատվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ: Վերջապես, քանի որ գործն առնչվում է սպանությանը, որի համար վաղեմության ժամկետը 15 տարի է, համապատասխան մարմինները չէին կարող մերժել պաշտոնական հիմունքներով պատշաճ քննության անցկացումը:

65. Դատարանը վերահաստատում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը չի կարող մեկնաբանվել ի վնաս դիմումատուի, եթե, չնայած օրենքով սահմանված ձևական պահանջները վերջինիս կողմից պահպանված չլինելու հանգամանքին, իրավասու մարմինը, այնուամենայնիվ, քննել է պահանջի էությունը (տե՛ս Skarka-ն ընդդեմ Լեհաստանի (որոշում), թիվ 43425/98, 2002 թվականի հոկտեմբերի 3, Dzhavadov-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 30160/04, § 27, 2007 թվականի սեպտեմբերի 27, և Akulinin-ն ու Babich-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5742/02, § 33, 2008 թվականի հոկտեմբերի 2): Սույն գործով պարզվել է, որ քննիչի` 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ բողոքը ներկայացվել է համապատասխան դատարաններ` ՔԴՕ-ի 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո: Չնայած այս հանգամանքին` ներպետական դատարանները բոլոր երեք դատական ատյանների մակարդակով քննել են վերը նշված բողոքի էությունը (տե՛ս վերևում` 37-րդ, 39-րդ և 41-46-րդ պարբերությունները): Այսպիսի հանգամանքներում, ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը պետք է մերժել:

66. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

67. Դիմումատուն պնդել է, որ իրականում ոստիկանության ծառայողները Սեյրան Այվազյանին կյանքից զրկել են, որպեսզի նրան պատժեն իրենց գործընկերներից մեկին ավելի վաղ վնասելու համար: Նա իրական և անմիջական վտանգ չի ներկայացրել որևէ մեկի կյանքի համար: Իր տանը շրջապատված լինելով ոստիկանության ծառայողներով և փրկարար ծառայություններով` նա չէր կարող վնաս հասցնել որևէ մեկին: Եթե Սեյրան Այվազյանն այնքան մոտ գտնվեր ոստիկանության ծառայողին, որ իրական վտանգ ներկայացներ, ապա այդ ծառայողն անկասկած կվնասվեր Սեյրան Այվազյանի վրա արձակվելիք բազմաթիվ կրակոցներից: Փաստորեն, Սեյրան Այվազյանն, իր վրա արձակված առաջին կրակոցից հարված ստանալով ոտքին, վայր ընկնելով, այլևս չէր կարող վտանգ ներկայացնել: Ավելին, տասը գնդակներից վեցը Սեյրան Այվազյանի վրա են արձակվել «հետևից առաջ» ուղղությամբ, ինչը ենթադրում է նրա` մեջքով կանգնած լինելը ոստիկանության ծառայողների նկատմամբ, որոնք այդ դիրքից չէին կարող որոշել, թե արդյոք նրա մոտ առկա է որևէ զենք, թե ոչ:

68. Դիմումատուն, այնուհետև, պնդել է, որ ձերբակալման ժամանակ գործադրվել են չորս տարբեր տեսակի մարտական զենքեր` չնայած այն հանգամանքին, որ Սեյրան Այվազյանը զինված է եղել միայն տան պայմաններում պատրաստված դանակներով: Նռնակը գտնվել է միայն պատահարից հետո, և դրանով չէր կարող արդարացվել ուժի գործադրումը, քանի որ Սեյրան Այվազյանը բացարձակապես չէր սպառնացել գործադրել այն: Ոստիկանության ծառայողները բավականաչափ պատրաստված չեն եղել այնպիսի հատուկ միջոցներ օգտագործելու համար, ինչպիսիք սաղավարտը և պաշտպանական վահանակն են, որպեսզի կարողանան նրան ձերբակալել առանց մարտական զենք օգտագործելու և նրա կյանքը վտանգելու: Նրանք չեն ունեցել այս սարքավորումներից որևէ մեկը և ստիպված են եղել որպես պաշտպանական վահանակ փոքր սեղան օգտագործել: Ավելին, ոստիկանությանը հայտնի է եղել, որ նրա մոտ առկա է եղել պարանոիդ տեսակի շիզոֆրենիա և բազմիցս հոսպիտալացվել է: Հետևաբար, նրան հատուկ միջոցներով վնասազերծելու համար նրանք պետք է հոգեբույժի հրավիրած լինեին: Այն փաստարկը, որ նրանք «բժիշկ հրավիրել են, սակայն նա չի եկել» չի կարող արդարացնել նրան կյանքից զրկելու «բացարձակ անհրաժեշտությունը»: Սեյրան Այվազյանի վրա արձակված բազմաթիվ կրակոցները չէին կարող համարվել նաև ինքնապաշտպանություն: Ամփոփելով, հարկ է նշել, որ կյանքից զրկելը 2-րդ հոդվածի իմաստով «բացարձակ անհրաժեշտություն» չի համարվել:

69. Դիմումատուն նաև վիճարկել է, որ Սեյրան Այվազյանի մահվան կապակցությամբ չի իրականացվել օբյեկտիվ, մանրամասն և անկախ քննություն: Այդ մասով քրեական գործ չի հարուցվել, իսկ հարուցված գործերն ավելի շատ ուղղված են եղել նրա կողմից կատարված արարքների, քան նրա մահվան դեպքի քննությանը: ՈՒստի, որևէ կերպ քննություն չի իրականացվել: Չնայած այն հանգամանքին, որ քննիչին հայտնի է եղել այն անձանց ինքնությունը, որոնք կյանքից զրկել են Սեյրան Այվազյանին, նրանցից ոչ մեկը չի մեղադրվել և դատարանի առջև չի կանգնել: Ինչ վերաբերում է հարուցված գործի շրջանակներում իրականացված քննությանը, ապա այդ քննության մեջ մի շարք թերությունների առկայությունը, ինչպես նաև դրա ոչ պատշաճ լինելու հանգամանքը հաստատվել է Վճռաբեկ դատարանի կողմից (տե՛ս վերևում` 45-46-րդ պարբերությունները): Ոստիկանության ծառայողները եղել են միակ վկաները, և համապատասխան մարմինները բավարար միջոցներ չեն ձեռնարկել` փաստերը ճշգրտորեն հաստատելու համար: Ավելին, քննությունն իրականացրել է Լոռու մարզի դատախազության քննիչը, և հետագայում դատախազական հսկողություն է իրականացվել նույն դատախազության դատախազի կողմից: Այսպիսով, անկախ և օբյեկտիվ մարմնի կողմից քննություն չի իրականացվել: Քննիչի գործողությունների կամ անգործության վերաբերյալ նրա կամ նրա քրոջ բոլոր բողոքներն ուղարկվել են նույն դատախազների քննությանը:

բ) Կառավարությունը

70. Կառավարությունը պնդել է, որ կիրառված ուժը «բացարձակ անհրաժեշտություն» է համարվել: Ոստիկանության ծառայողները սկզբում հրազեն գործադրելու մտադրություն չեն ունեցել, սակայն ստիպված են եղել այդպես գործել իրադրության լարվածությունից ելնելով: Ոստիկանության ծառայողները ստիպված են եղել արագ որոշում կայացնել, քանի որ ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի կյանքին իրական և անմիջական վտանգ է սպառնացել, ինչպես նաև հաշվի է առնվել հոգեկան հիվանդության պատճառով Սեյրան Այվազյանի վարքագծի անկանխատեսելիությունը: Ոստիկանության ծառայողները, գնահատելով բոլոր ռիսկերը, համարել են, որ ուժի գործադրումը խելամիտ և անհրաժեշտ քայլ է` նրա կողմից սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու համար: Չնայած այն հանգամանքին, որ Սեյրան Այվազյանի դանակները պատրաստված են եղել տան պայմաններում, չորս անձ միջին ծանրության վնասվածքներ է ստացել: Հետևաբար, ոստիկանության գործողությունները կատարվել են ներպետական օրենսդրությանը, մասնավորապես` «Ոստիկանության մասին» օրենքին համապատասխան: Ավելին, սույն գործի հանգամանքները նման են Andronicou-ն և Constantinou-ն ընդդեմ Կիպրոսի գործի հանգամանքներին (1997 թվականի հոկտեմբերի 9, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-VI), որի դեպքում համանմանորեն գործադրվել է մեծ չափերի հրազենային ուժ, սակայն ոչ մի բռնություն չի հայտնաբերվել:

71. Կառավարությունն այնուհետև անդրադարձել է ոստիկանության կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներին` վիճարկելով, որ ձերբակալման գործընթացն իրականացվել է այնպես, որ նվազագույնի հասցվի ցանկացած այնպիսի միջոցի կիրառում, որով կվտանգվեր Սեյրան Այվազյանի կյանքը: Սկզբում նրանք մոտավորապես հինգ ժամ համոզել են նրան հանձնվել: Այդ իսկ պատճառով, նրանք զանգահարել են Օձունի գյուղապետին, Թումանյանի ոստիկանության բաժնի պետին և Սեյրան Այվազյանի ազգականներին: Նրանք նաև կապ են հաստատել Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենի հետ, որպեսզի տեղեկատվություն ձեռք բերեն Սեյրան Այվազյանի հոգեկան հիվանդության և այն մասին, թե ինչպես է հնարավոր նրան հանդարտ վիճակի բերել: Նրանք նաև անվտանգության նկատառումներով զանգահարել են շտապօգնություն և հրշեջ ծառայություն, մինչդեռ այն բժիշկը, որին նույնպես զանգահարել են, ոչ թե հրաժարվել է գալ, այլ պարզապես հայտնել է, որ Սեյրան Այվազյանին հնարավոր կլինի հանդարտ վիճակի բերել միայն դիսպանսերում: Այս տեղեկատվությունն ստանալով` ոստիկանության ծառայողները զանգահարել են Սեյրան Այվազյանի քրոջը` Ա.Մ.-ին, որը հրաժարվել է գալ, ինչից հետո նրանք որոշել են հրշեջ մեքենայի փողրակից ջուր լցնելու միջոցով զինաթափել Սեյրան Այվազյանին:

72. Կառավարությունը նաև վիճարկել է, որ համապատասխան մարմինները կատարել են արդյունավետ և մանրամասն քննություն իրականացնելու իրենց պարտավորությունը: Հանգամանքները պարզելու համար ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցառումներ` դեպքի վայրի, Սեյրան Այվազյանի մարմնի և նրա հագուստի զննում, դիահերձում, հրազենագիտական փորձաքննություն, ինչպես նաև վկաների և տուժող կողմերի հարցաքննություն: Լոռու մարզի դատախազությունը աստիճանակարգային և ինստիտուցիոնալ կառուցվածքով գործնականում համարվում է այն պաշտոնատար անձանցից անկախ գործող մարմին, որոնք ներգրավված են եղել տեղի ունեցած դեպքերում: Այն փաստը, որ Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքները պարզելու համար մի շարք քննչական միջոցառումներ են ձեռնարկվել, հաստատվել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից: Միևնույն ժամանակ, այն` որպես ստորին ատյանի դատարաններին ուղղորդելու համար կոչված մարմին, գտել է որ քննության մեջ առկա են եղել որոշ թերություններ: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն ի վիճակի չի եղել վերականգնել խախտված իրավունքները և շտկել իրավիճակը, քանի որ դիմումատուն ժամանակին չի ներկայացրել բողոքը:

2. Դատարանի գնահատականը

ա) Ընդհանուր սկզբունքները

73. Դատարանը վերահաստատում է, որ ամբողջությամբ վերցրած

2-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքերին, այլ նաև այն իրավիճակներին, երբ թույլատրվում է «ուժ գործադրել», ինչը կարող է հանգեցնել կյանքից զրկելուն` որպես չնախատեսված հետևանք: Ցանկացած ուժի գործադրում չպետք է ենթադրի ավելին, քան «բացարձակ անհրաժեշտություն» և պետք է լինի խիստ համաչափ` «ա»-ից «գ» ենթակետերով սահմանված մեկ կամ ավելի նպատակների իրականացմանը (տե՛ս McCann-ը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995 թվականի սեպտեմբերի 27, §§ 148-149 և 200, Ա սերիա թիվ 324, Andronicou-ն և Constantinou-ն` վերևում հիշատակված, § 171, McKerr-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 28883/95, § 110, ՄԻԵԴ 2001-III, և Wasilewska-ն և Karucka-ն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28975/04 և 33406/04, § 42, 2010 թվականի փետրվարի 23):

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
01.06.2017
N 56717/08
Վճիռ