Սեղմել Esc փակելու համար:
ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (2-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(2-րդ մաս)

(Գանգատ թիվ 56717/08)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

1 հունիսի 2017թ.

 

74. Ի կատարումն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նպատակներից մեկի` պետության համապատասխան մարմինների կողմից ուժի գործադրումը կարող է արդարացվել սույն դրույթի համաձայն, եթե այն հիմնված է այնպիսի բարեխիղճ համոզմունքի վրա, որը ողջամիտ հիմքերով տվյալ պահին համարվում է օրինական, սակայն հետագայում պարզվում է, որ սխալ է եղել: Այլ որոշում կայացնելը կենթադրեր ոչ իրատեսական բեռ դնել պետության և դրա իրավապահ մարմինների անձնակազմի վրա` իրենց պարտականությունների կատարման հարցում, հավանաբար` ի վնաս իրենց և մյուսների կյանքի (տե՛ս McCann-ը և այլք` վերևում հիշատակված, § 200, Andronicou-ն և Constantinou-ն` վերևում հիշատակված, § 192, ու Wasilewska-ն և Ka?ucka-ն` վերևում հիշատակված, § 42):

75. Եթե դիտավորությամբ գործադրվել է մահաբեր ուժ, ապա պետք է հաշվի առնել ոչ միայն պետության այն մարմինների գործողությունները, որոնք իրականում կիրառել են այդ ուժը, այլ նաև դրանց ուղեկցող բոլոր հանգամանքները, այդ թվում` այնպիսի հարցեր, ինչպիսիք քննության առարկա գործողությունների պլանավորումը և վերահսկողությունն են (տե՛ս McCann-ը և այլք` վերևում հիշատակված, § 150): Այսպիսով, երբ որոշվում է գործադրված ուժի` 2-րդ հոդվածին համապատասխանության հարցը, կարող է գործին վերաբերելի լինել այն հանգամանքը, թե արդյոք իրավապահ մարմինների գործողությունները պլանավորվել և վերահսկվել են այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի մահաբեր ուժի հավանական գործադրումը կամ կյանքի պատահական կորստի հնարավորությունը (տե՛ս Bubbins-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 50196/99, § 136, ՄԻԵԴ 2005-II (քաղվածքներ)):

76. Դատարանը, այնուհետև, վերահաստատում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը պարունակում է դրա նյութաիրավական ասպեկտի մասով ենթադրյալ խախտումների արդյունավետ քննություն իրականացնելու ընթացակարգային պարտավորություն (Համապատասխան ընդհանուր սկզբունքների համառոտ նկարագրություններին ծանոթանալու համար տե՛ս Armani Da Silva-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] (թիվ 5878/08, §§ 229 և հաջորդող պարբերություններ, ՄԻԵԴ 2016) գործով Մեծ պալատի կազմով` վերջերս կայացված վճիռը):

բ) Վերը նշված սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

i) Ընթացակարգային կողմը

77. Դատարանն անհրաժեշտ է համարում, նախ և առաջ, բողոքի ընթացակարգային ասպեկտին անդրադառնալ 2-րդ հոդվածի շրջանակներում:

78. Այն ի սկզբանե նշում է, որ և՛ Սեյրան Այվազյանի վրա արձակված մահացու կրակոցից անմիջապես հետո հարուցված քրեական գործը, և՛ դրանից հետո անցկացված քննությունը, առնվազն պաշտոնապես, ավելի շատ ուղղված են եղել նախքան մահը նրա կողմից կատարված ենթադրյալ իրավախախտումների, մասնավորապես` երկու քաղաքացիների և ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման, քան նրա մահվան դեպքի քննությանը: Նրա գործողությունները որակվել են որպես սպանության փորձ, և Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց վրա հիմնված են եղել գործերը, այդպիսի արարքների համար պատիժ նախատեսող հոդվածներն են: Դատարանը նշում է, որ դրանից կարող է հարց առաջանալ, թե արդյոք այդպիսի շինությունում իրականացված քննությունը per se (որպես այդպիսին) կարող է համարվել այնպիսի քննություն, որի նպատակը եղել է Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքների ճշգրիտ ու լիարժեք քննությունը և այդ նպատակով ապացույցներ հավաքելը:

79. Այնուամենայնիվ, պարզ է դառնում, որ այդ քննության շրջանակներում ձեռնարկված մի շարք քննչական միջոցառումներով ուսումնասիրվել են Սեյրան Այվազյանի վրա արձակված մահացու կրակոցի հանգամանքները. վերջապես, որոշում է կայացվել մերժել ներգրավված ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործի հարուցումը: Դատարանն ընդունում է, որ տեղի է ունեցել պաշտոնական քննություն (տե՛ս Mustafa Tunc-ը և Fecire Tunc-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ 24014/05, § 171, 2015 թվականի ապրիլի 14): Մնում է դիտարկել այն հարցը, թե արդյոք այդպիսի քննությունն արդյունավետ է եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով: Այս համատեքստում, Դատարանը համաձայնում է Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ այն մասով, որ առկա են եղել մի շարք լուրջ թերություններ` հանգեցնելով այն եզրակացությանը, որ Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ քննությունը պատշաճ չի իրականացվել (տե՛ս վերևում` 45-46-րդ պարբերությունները):

80. Նախ և առաջ, քննություն իրականացնող մարմնի կողմից ոչ մի ջանք չի գործադրվել` պատահարում ներգրավված ոստիկանության ծառայողների հավանական հանցավոր համաձայնությունը կանխելու համար: Մասնավորապես, ներգրավված ոստիկանության յոթ ծառայողներից ոչ մեկը պատահարից հետո առանձին չի պահվել, և միայն նրանցից երկուսը` Ա.Ս.-ն և Հ.Գև.-ն են հարցաքննվել միևնույն կամ հաջորդ օրը: Մյուս երեքը` Հ.Գրի.-ն, Ն.Ն.-ն և Ա.Ա.-ն հարցաքննվել են զգալի ուշացումներով, որոնք կազմել են համապատասխանաբար` ութ, ինը և տասը օր (տե՛ս վերևում` 22-րդ պարբերությունը): Թեև առկա չեն ապացույցներ` ենթադրելու համար, որ այդ ծառայողները գործել են միմյանց կամ Թումանյանի ոստիկանության ուժերի` իրենց գործընկերների հետ համաձայնեցված գործողություններով, այնուամենայնիվ, զուտ այն հանգամանքը, որ նման համաձայնեցված գործողությունների վտանգը նվազեցնելուն ուղղված անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել, վկայում է քննության պատշաճ ընթացքի մեջ առկա թերությունների մասին (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ramsahai-ը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ], թիվ 52391/99, § 330, ՄԻԵԴ 2007-II):

81. Երկրորդ, պատահարում ներգրավված ոստիկանության ծառայողներից երկուսը` Գ.Մ.-ն և Ռ.Մ.-ն, ընդհանրապես չեն հարցաքննվել (տե՛ս վերևում` 22-րդ պարբերությունը): Այս հարցին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռ.Մ.-ն եղել է ոստիկանության այն չորս ծառայողներից մեկը, որը կրակ է արձակել Սեյրան Այվազյանի վրա:

82. Երրորդ, հաշվի առնելով այդ հարցաքննությունների կատարման եղանակը, Դատարանը նկատում է, որ ոստիկանության ծառայողներից պարզապես պահանջվել է հաշվետվություն ներկայացնել պատահարի մասին, և նրանց շատ քիչ թվով հարցեր են ուղղել` չնայած նրանց ցուցմունքներում առկա են եղել բազմաթիվ ակնհայտ հակասություններ և անհամապատասխանություններ (տե՛ս վերևում` 23-28-րդ պարբերությունները): Նույնիսկ այն մի քանի հարցերը, որոնք տրվել են նրանց, կա՛մ բավականաչափ հավատաքննչական բնույթի և մանրամասն չեն եղել, կա՛մ դրանցով հնարավոր չի եղել պարզել մահացու կրակոցի հանգամանքները (տե՛ս վերևում` 28-րդ պարբերությունը): Մի շարք` գործին չափազանց վերաբերելի փաստեր անտեսվել են, և քննիչն առանց պատշաճ պարզաբանման զուտ ընդունել է այն ոստիկանության ծառայողների հաշվետվությունները, որոնք չէին կարող հանդես գալ որպես անաչառ վկաներ: Որևէ փորձ չի կատարվել` պարզելու, inter alia, այնպիսի հարցեր, ինչպիսիք են` ինչու են տասը գնդակից վեցն արձակվել Սեյրան Այվազյանի մեջքի ուղղությամբ, եթե ոստիկանության բոլոր ծառայողները ենթադրաբար նշան են բռնել նրա ոտքերին. պարզվել է, որ նրանցից առնվազն մեկը կրակ է արձակել ավելի բարձր` կրծքավանդակի հատվածի ուղղությամբ (տե՛սmutatis mutandis, Karandja-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 69180/01, § 66, 2010 թվականի հոկտեմբերի 6): ՈՒստի պարզվում է, որ տվյալ հարցաքննությունները զուտ ձևական բնույթ են կրել, և Դատարանը չի կարող դրանք համարել որպես կատարված մահացու կրակոցի հանգամանքները պարզելու լուրջ և մանրակրկիտ ուսումնասիրության փորձ:

83. Չորրորդ, որևէ ցուցմունք չի վերցվել ոստիկանության ուժերին չպատկանող անձանցից, որոնք ձերբակալման գործընթացի ժամանակ ակնհայտորեն գտնվել են տան շրջակայքում, ինչպես օրինակ` գյուղապետը, հրշեջ ծառայության աշխատակիցները և շտապօգնության բժիշկները: Ճշմարիտ է, որ Վճռաբեկ դատարանը հայտնել է, որ ոստիկանության ծառայողներից բացի, կրակոցի ականատեսներ չեն եղել, սակայն պարզ չէ, թե ինչ ապացույցների վրա է հիմնված եղել այդ հայտարարությունը: Անհերքելի է այն փաստը, որ պատահարը տեղի է ունեցել դրսում` նախամուտքում, և տեսանելի է եղել նույնիսկ այն ոստիկանության ծառայողների համար, որոնք ներգրավված չեն եղել ձերբակալման գործընթացում և մահացու կրակոցներին (տե՛ս վերևում` 29-րդ պարբերությունը): Վերը նշված անձանցից ոչ մեկին, այնուամենայնիվ, հարցաքննության չեն կանչել` պարզելու, թե արդյոք նրանք ականատես են եղել և ինչ չափով են ականատես եղել պատահարին: Քննիչը նույնպես չի փորձել հաստատել այն գյուղացիների ինքնությունը, որոնք, մի քանի ոստիկանության ծառայողների ցուցմունքների համաձայն (տե՛ս վերևում` 29-րդ պարբերությունը), չնայած գտնվելով որոշակի հեռավորության վրա, հավաքված են եղել դեպքի վայրում և հավանաբար հնարավորություն են ունեցել լույս սփռել գործի հանգամանքների վրա:

84. Ինչ վերաբերում է այլ քննչական միջոցառումներին, ապա Դատարանը նշում է, որ համապատասխան մարմինները հրազենագիտական փորձաքննության կամ այլ միջոցով ստույգ չեն պարզել կրակոցի ժամանակ հրազեն գործադրած ծառայողների հստակ գտնվելու դիրքերը: Հետևաբար, առկա է եղել պարզ հակասություն կրակոցի ժամանակ ոստիկանության ծառայող Ա.Ս.-ի` ոստիկանության ծառայող Հ.Գրի.-ի կողքին գտնվելու վերաբերյալ վերջինիս ցուցմունքի և պատահարի տեղանքի քարտեզի միջև, որի համաձայն, Հ.Գրի.-ն գտնվել է նախամուտքում, իսկ ոստիկանության ծառայող Ս.Մ.-ն` նրա կողքին (տե՛ս վերևում` 15-րդ և 28-րդ պարբերությունները): Գնդակների հստակ հետագիծը որոշելու որևէ փորձ չի կատարվել, ինչպես նաև չի իրականացվել կատարված դեպքի վերարտադրություն: Հրազենագիտական փորձաքննությամբ նույնպես չի պարզաբանվել կարևոր տեղեկատվություն այն մասին, թե ում կողմից է արձակվել մահացու կրակոցը: Ավելին, ոստիկանության ծառայողների միջև առերեսումներ չեն իրականացվել: Առանց այդպիսի քննչական միջոցառումներ ձեռնարկելու, ձերբակալումն իրականացնող ոստիկանության ծառայողների հաշվետվությունները` դեպքերի մասին, անհնարին է եղել ստուգել: Հարկ է նաև նշել, որ որևէ գնահատում չի իրականացվել այն մասով, թե արդյոք ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի կյանքին սպառնացող ենթադրյալ վտանգին` ոստիկանության ծառայողի արձագանքը համաչափ է եղել. գնահատում չիրականացնելը հատկապես զարմանալի է` հաշվի առնելով արձակված կրակոցների (տասնհինգ, որից տասը դիպել են թիրախին) թիվը և այն փաստը, որ Սեյրան Այվազյանը զինված է եղել ոչ թե հրազենով, այլ միայն դանակով:

85. Վերոնշյալից հետևում է, որ Դատարանը չի կարող չհանգելգալ այն եզրակացության, որ համապատասխան մարմինները չեն իրականացրել գործի հանգամանքները պարզելու, ինչպես նաև քննության արդյունավետ արդյունքի հասնելու համար կենսական նշանակություն ունեցող ապացույցների` ժամանակին, պատշաճ և օբյեկտիվ հավաքում ու գնահատում: ՈՒստի նրանք չեն կատարել պատշաճ և արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտավորությունը:

86. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում:

ii) Նյութաիրավական ասպեկտը

a) Ոստիկանության ծառայողների գործողությունները

87. Դատարանը նշում է, որ, ինչպես պարզվել է ներպետական մակարդակում անցկացված քննությամբ, դիմումատուն վիճարկել է Սեյրան Այվազյանի վրա մահացու կրակոցի հանգամանքները: Նա պնդել է, որ Սեյրան Այվազյանն իրականում չի վտանգել որևէ մեկի կյանքը, և ոստիկանության ծառայողները նրան կյանքից զրկել են` իրենց գործընկերներից մեկին վնաս հասցնելու համար վրեժխնդիր լինելու նպատակով:

88. Դատարանը զգուշորեն է մոտենում իր դերակատարման` երկրորդական լինելու հարցին և ընդունում է, որ պետք է շրջահայաց գտնվի առաջին ատյանի դատական մարմնի դերը ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ` ելնելով որոշակի գործի հանգամանքներից: Որպես կանոն, Դատարանի խնդիրը չէ ներպետական մակարդակով վարույթներ անցկացվելու դեպքում փաստերի վերաբերյալ իր գնահատականը փոխարինել ներպետական դատարանների գնահատականով, և վերջինիս խնդիրն է այդ փաստերը հաստատել դրանց ներկայացված ապացույցների հիման վրա: Թեև Դատարանի համար պարտադիր չեն ներպետական դատարանների եզրահանգումները, և այն ազատ է ներկայացված ամբողջ նյութի լույսի ներքո իր սեփական գնահատականը տալու հարցում, այնուամենայնիվ, բնականոն պայմաններում պահանջվում են համոզիչ փաստարկներ` ներպետական դատարանների կողմից` փաստերի վերաբերյալ կատարված եզրահանգումներից շեղում կատարելու համար (տե՛ս Giuliani-ն և Gaggio-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 23458/02, § 180, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), և Mustafa Tunc-ը և Fecire Tunc-ը ընդդեմ Թուրքիայի` վերևում հիշատակված, § 182): Այնուամենայնիվ, եթե պնդումները ներկայացվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, ապա Դատարանը պետք է կատարի հատուկ մանրակրկիտ ուսումնասիրություն, նույնիսկ եթե ներպետական մակարդակով արդեն անցկացվել են վարույթներ և քննություններ (տե՛ս Aktas-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 24351/94, § 271, ՄԻԵԴ 2003-V (քաղվածքներ), և Ramsahai-ը և այլք ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 52391/99, § 357, 2005 թվականի նոյեմբերի 10):

89. Ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացույցի չափորոշիչը: Այնուամենայնիվ, այդպիսի ապացույցը կարող է բխել համատեղ գոյություն ունեցող` խորապես հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումներից կամ նմանատիպ փաստերի անհերքելիության կանխավարկածից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ramsahai-ը և այլք [ՄՊ]` վերևում հիշատակված, § 273):

90. Սույն գործով, հարկ է ի սկզբանե նշել, որ ներպետական դատարանները, որոնք քննել են ոստիկանության ծառայողներին չհետապնդելու մասին որոշման դեմ բերված բողոքը, ոչ թե իրականացրել են փաստերի անկախ հաստատում, այլ փոխարենը հիմնվել են քննությամբ պարզված` մահացու կրակոցի հանգամանքների վրա: Դատարանը, այնուամենայնիվ, մտահոգված է վերը նշված իր այն եզրահանգմամբ, որ համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված քննությունը, այդ թվում` տվյալ փաստերի հաստատման եղանակը, պատշաճ և արդյունավետ չի եղել: Քննությամբ պարզված մահացու կրակոցի հանգամանքները, հետևաբար, չեն կարող համարվել բավականաչափ վստահելի և օբյեկտիվ:

91. Մյուս կողմից, Դատարանի մոտ ակնհայտորեն առկա չեն բավականաչափ նյութեր` եզրակացնելու համար, որ իրականում Սեյրան Այվազյանին դիմումատուի պնդմամբ կյանքից զրկել են ոստիկանության ծառայողները: Այստեղից հետևում է, որ Դատարանը քննության ձախողումների պատճառով այն դիրքում չէ, որպեսզի հավաստի գնահատական տա այն հարցին, թե արդյոք ոստիկանության ծառայողների գործողությունները համապատասխանել են 2-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին (տե՛ս, mutatis mutandis, Օnkol-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 24359/10, § 83, 2017 թվականի հունվարի 17):

92. Դատարանը, հետևաբար, չի կարող չեզրակացնել, որ այդ մասով չի եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` նյութաիրավական տեսանկյունից:

b) Գործողությունների պլանավորումը և վերահսկումը

93. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի տեսանկյունից գործողությունների պլանավորման և վերահսկման փուլի գնահատումը կատարելիս Դատարանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այն համատեքստին, որում պատահարը տեղի է ունեցել, ինչպես նաև այն հանգամանքին, թե ինչպես է զարգացել իրավիճակը: Դատարանի միակ խնդիրը պետք է լինի գնահատել, թե արդյոք ստեղծված հանգամանքներում, Սեյրան Այվազյանի տանն իրականացված գործողությունների պլանավորումը և վերահսկումը վկայում են այն մասին, որ համապատասխան մարմինները պատշաճ ջանքեր են գործադրել` ապահովելու համար, որ նրա կյանքին սպառնացող ցանկացած վտանգ հասցվի նվազագույնի, և որ նրանք անզգույշ չեն գտնվել իրենց գործողությունների ընտրության հարցում (տե՛ս Andronicou-ն և Constantinou-ն` վերևում հիշատակված § 181, և Bubbins-ը` վերևում հիշատակված, «141):

94. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ քննարկվող գործողությունների պլանավորման և վերահսկման հանգամանքների մասով կողմերի միջև առկա չի եղել վեճ: Այն նշում է, որ ոստիկանության գործողությունները նախաձեռնվել են ի պատասխան` հոգեկան հիվանդությամբ տառապող Սեյրան Այվազյանի կողմից այդ օրը ավելի վաղ ցուցաբերված բռնի վարքագծի, ինչի հետևանքով վիրավորվել է երեք անձ, այդ թվում` երկու քաղաքացի և մեկ ոստիկան: ՈՒստի, ոստիկանության ծառայողները հայտնվել են այնպիսի տագնապային իրավիճակում, որի պայմաններում ստիպված են եղել վնասազերծել ու ձերբակալել հոգեկան հիվանդությամբ և բռնության հակված անձին, որի գործողությունները եղել են անկանխատեսելի:

95. Դատարանն, այնուամենայնիվ, նշում է, որ այն ժամանակ, երբ ոստիկանական խումբը ժամանել է դեպքի վայր, Սեյրան Այվազյանն արդեն իսկ գտնվել է իր տանը, և ոստիկանության ծառայողների կողմից տարածքը շրջափակելուց հետո նա չէր կարող անմիջական և լուրջ վտանգ ներկայացնել որևէ այլ երրորդ անձի համար: Չնայած պատուհաններից սպառնալիքներ հնչեցնելուն և սպառնալից ժեստեր կատարելուն, նա, այնուամենայնիվ, փախուստի դիմելու կամ հարձակում իրականացնելու փորձ չի կատարել: Իրավիճակը այդպես շարունակվել է մի քանի ժամ: Այսպիսով, կարելի է ասել, որ ոստիկանության ծառայողները ձերբակալման գործընթացը պլանավորելու համար իրենց տրամադրության տակ որոշակի ժամանակ են ունեցել` հակառակ պատահական գործողության հետ առնչվելու այնպիսի դեպքի, որը կարող էր հանգեցնել անկանխատեսելի զարգացումների, և որին ոստիկանությունը ստիպված կլիներ արձագանքել առանց նախապես պատրաստվելու (տե՛ս Rehbock-ն ընդդեմ Սլովենիայի, թիվ 29462/95, §§ 71-72, CEDH 2000-XII, և Celniku-ն ընդդեմ Հունաստանի, թիվ 21449/04, §§ 56, 2007 թվականի հուլիսի 5):

96. Պարզվում է, որ ձերբակալման գործընթացը վերահսկվել է Թումանյանի ոստիկանության բաժնի պետի կողմից: Այնուհետև, պարզ է դառնում, որ ոստիկանության ծառայողները սկզբում փորձել են համոզել Սեյրան Այվազյանին հանձնվել: Պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեթոդներ են կիրառվել, սակայն չի հասկացվում նաև, որ այս գործընթացում ներգրավված է եղել որևէ բժիշկ կամ նման այլ մասնագետ: Այն պնդումը, որ այդպիսի մասնագետ ներգրավելն այլ արդյունքի կհանգեցներ, միանշանակ չէ, բայց քանի որ Սեյրան Այվազյանի բռնի վարքագիծը պայմանավորված է եղել նրա առողջական վիճակով, ոստիկանության ծառայողներն, առնվազն, պետք է փորձեին այդ տարբերակը:

97. Դատարանը, այնուհետև, նշում է, որ առկա չի եղել իրավիճակը կարգավորելու համար մոբիլիզացված հատուկ պատրաստված կամ հատուկ նշանակության խումբ. գործընթացն ավելի շատ վստահվել է մոտակա ոստիկանության բաժնի ծառայողներին և նրանց պետին (տե՛ս, ի հակադրություն դրա,Andronicou-ն և and Constantinou-ն` վերևում հիշատակված, § 185): Չնայած «Ոստիկանության մասին» օրենքով ոստիկանության ծառայողներից պահանջվում է «հատուկ պատրաստություն» անցնել, այնուամենայնիվ, Կառավարությունը պատրաստվածության (առկայության դեպքում) մասին որևէ մանրամասներ չի ներկայացրել` այն է, որ տվյալ ոստիկանության ծառայողներն անցել են պատրաստություն, և արդյոք այդպիսի պատրաստությունը ներառել է համանման իրավիճակներ տիրապետելու համար նախատեսված տեխնիկա: Պարզվել է, որ ոստիկանության ծառայողները նույնպես ապահովված չեն եղել որևէ հատուկ պաշտպանիչ համազգեստով կամ պաշտպանիչ սարքերով: ՈՒստի, նրանք ստիպված են եղել գործել իրենց տրամադրության տակ առկա միջոցներով` դրանով իսկ հնարավոր հարձակման դեպքում էապես ավելացնելով մահացու զենք գործադրելու վտանգը: Դատելով իրադարձությունների հետագա զարգացման եղանակից` չի երևում, որ ոստիկանության ծառայողները ստեղծված հանգամանքներում ձերբակալում իրականացնելու հստակ պլան են ունեցել:

98. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները` Դատարանը գտնում է, որ համապատասխան մարմինները չեն կատարել կյանքի կորստի ռիսկը նվազագույնի հասցնելու իրենց պարտավորությունը: Չի կարելի ասել, որ գործողությունների պլանավորման և վերահսկման եղանակի կիրառմամբ բավարար չափով հաշվի է առնվել կյանքի իրավունքի գերակայությունը:

99. Համապատասխանաբար, գործողությունների պլանավորման և վերահսկման մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի էական խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

100. Դիմումատուն, թիվ 13 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն, նաև բողոքել է, որ Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքները հանգեցրել են դիտավորյալ կյանքից զրկելուն` մահապատժի նման:

101. Հաշվի առնելով իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերը, և այնքանով, որքանով այդ բողոքների վրա տարածվում է իր իրավասությունը` Դատարանը գտնում է, որ դրանցով չի հայտնաբերվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Դրանից հետևում է, որ գանգատի այդ մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու հիմքով` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

102. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

 

103. Դիմումատուն նյութական վնասի, մասնավորապես` Սեյրան Այվազյանի հուղարկավորության ծախսերի դիմաց պահանջել է 2,000 եվրո` չնայած խոստովանել է, որ այդ ծախսերը հիմնավորող որևէ ապացույց չի պահպանվել: Նա լրացուցիչ պահանջել է 80,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

104. Կառավարությունը պնդել է, որ պահանջվող 2,000 եվրո գումարը, փաստորեն, ծախսվել է դիմումատուի և իր քույրերի կողմից համատեղ: Նա չէր կարող պահանջ ներկայացնել իր քույրերի կողմից կատարված ծախսերի մասով, որոնք սույն գործով դիմումատու չեն, իսկ ինքնին նրա չափաբաժինը հստակ չէ: Ամեն դեպքում, դիմումատուն որևէ ապացույցով չի հիմնավորել այդ պահանջը: Նա նաև չի ներկայացրել ոչ նյութական վնասի մասով պահանջի վերաբերյալ ապացույցներ, ինչը, ամեն դեպքում, չափազանցված է:

105. Դատարանը նշում է, որ նյութական վնասի մասով դիմումատուի պահանջը որևէ ապացույցով հիմնավորված չէ, հետևաբար, այն մերժում է այդ պահանջը: Մյուս կողմից, այն դիմումատուին շնորհում է 15.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

106. Դիմումատուն պահանջել է նաև 3,970 եվրո` ծախսերի և ծախքերի համար: Այս գումարից 1,470 եվրոն նրա քույրը` Ան.Ա.-ն, իր մահից առաջ ծախսել է ներպետական դատարաններում, իսկ գումարի մնացած մասը` 2,500 եվրո, որը դեռ չի վճարվել, պետք է պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն` դիմումատուի կողմից վճարվեր փոստային ծախսերի և Դատարանում ներկայացուցչության համար:

107. Կառավարությունը պնդել է, որ Ան.Ա.-ն սույն գործով դիմումատու չէ, և որ նրա կողմից կատարված ծախսերը չէին կարող պահանջի առարկա լինել: Ամեն դեպքում, դիմումատուն այս ծախսերի համար չի ներկայացրել որևէ ապացույց, ինչպես օրինակ` հաշիվներ և հաշիվ-ապրանքագրեր: Ինչ վերաբերում է դիմումատուի սեփական ծախսերին, ապա նրա և նրա ներկայացուցչի միջև պայմանագրում` որպես վճարման վերջնաժամկետ, նշվել է 2010 թվականի հունիսի 20-ը: Դրանից հետո մի քանի տարի է անցել, սակայն դիմումատուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, և այդ ամսաթվից հետո նրա պարտավորությունների շրջանակը պարզ չէ: Ավելին, գումարը նաև ներառել է փոստային ծախսերը, որը չի հիմնավորվել փաստաթղթային ապացույցներով: Վերջապես, դիմումատուի բողոքների միայն մի մասն է ուղարկվել, և պահանջվող ծախսերը, հետևաբար, պետք է կրճատվեն:

108. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ նա դրանք իրականում կրել է և ըստ անհրաժեշտության, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Օժանդակ փաստաթղթերի բացակայության դեպքում Դատարանը որոշում է մերժել դիմումատուի` ծախսերի և ծախքերի մասով պահանջը:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

109. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է Սեյրան Այվազյանի մահվան և արդյունավետ քննության ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքներն ընդունելի` համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, իսկ գանգատը` մնացած մասով` անընդունելի:

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում այն առումով, որ համապատասխան մարմինները Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ քննություն չեն իրականացրել:

3. Վճռում է, որ ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների գործողություններին, ապա Սեյրան Այվազյանի մահվան մասով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի էական խախտում:

4. Վճռում է, որ ինչ վերաբերում է գործողությունների պլանավորմանը և վերահսկմանը, ապա Սեյրան Այվազյանի մահվան մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի էական խախտում:

5. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 15,000 եվրո (տասնհինգ հազար եվրո)` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

6. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի հունիսի 1-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

    Աբել Կամպոս                          Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս

    Քարտուղար                              Նախագահ

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
01.06.2017
N 56717/08
Վճիռ