Սեղմել Esc փակելու համար:
ԴՆԳԻԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՆԳԻԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԴՆԳԻԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 66328/12)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

15 հունիսի 2017թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով`

Ալեշ Պեյհալ [Ales Pejchal]` Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Յովան Իլիևսկի [Jovan Ilievski]` դատավորներ

և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2017 թվականի մայիսի 23-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացի պրն Գևորգ Դնգիկյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 66328/12) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Աթանեսյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2014 թվականի ապրիլի 17-ին դիմումատուի օգտին կայացված վճիռները չկատարելու մասով բողոքն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի` համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1951 թվականին և բնակվում է Լոս Անջելեսում:

 

Ա. Գործի նախապատմությունը

 

5. Դիմումատուն ծնվել է Հայաստանում և մեծացել Երևանում գտնվող տանը, որը նրա պապը կառուցել էր 1940-ականներին: Պապի մահվանից հետո դիմումատուի հորեղբայրն իր ընտանիքի հետ բնակվել է տան առաջին հարկում, իսկ դիմումատուի ընտանիքը բնակվել է երկրորդ հարկում: Տան մուտքն ընդհանուր է առաջին և երկրորդ հարկում բնակվողների համար, ինչպես նաև առկա է դրան կից ընդհանուր հողամաս:

6. 1970-ականներին դիմումատուի հորեղբայրը տան առաջին հարկը վաճառել է Մ. Գ.-ին:

7. Հետագայում դիմումատուն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ հոր հետ, որը մահացել է 1993 թվականին` իր ամբողջ գույքը թողնելով դիմումատուին:

8. 1997 թվականին դիմումատուն իր հոր կտակը ներկայացրել է Հայաստանում գործող նոտարին: Այնուհետև նոտարը նրան ժառանգության վկայական է տրամադրել, իսկ Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեն] գրանցել է նրա իրավունքը տան երկրորդ հարկի նկատմամբ:

9. 2003 թվականին Մ. Գ.-ն վաճառել է տան առաջին հարկը Է. Թ.-ին, որը գրանցել է իր իրավունքն առաջին հարկի նկատմամբ: Նա նաև ընդհանուր սեփականության իրավունք է ձեռք բերել դրան կից հողամասի նկատմամբ:

10. Պարզվում է, որ Է. Թ.-ն և նրա ընտանիքն իրականացրել են շինարարական աշխատանքներ տանը և դրան կից հողամասի վրա` ձևափոխելով ինչպես տունը, այնպես էլ դրա շրջակա տարածքը: Նրանց կողմից այնտեղ կառուցվել և շահագործվում է ռեստորան:

 

Բ. Առաջին փուլի քաղաքացիական գործով վարույթները

 

11. Չպարզված օրը դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Է. Թ.-ի, Մ. Գ.-ի և Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] դեմ` առաջին հարկի և դրան կից հողամասի նկատմամբ Է. Թ.-ի համապատասխան իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու և Է. Թ.-ին` առանց իրավասու մարմինների թույլտվության կառուցված շենքերը քանդելուն պարտավորեցնելու, ինչպես նաև նրա կողմից ոչնչացված քարե պատը վերականգնելու պահանջի մասին: Իր հերթին Է. Թ.-ն հակընդդեմ հայց է ներկայացրել դիմումատուի դեմ` կտակը և տան կից հողամասի նկատմամբ դիմումատուի իրավունքի հետագա գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

12. 2003 թվականի հուլիսի 1-ի վճռով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (Առաջին ատյանի դատարանը) մասամբ բավարարել է դիմումատուի հայցը և մերժել է Է. Թ.-ի հակընդդեմ հայցը:

13. 2003 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իրականացրել է գործի` ըստ էության վերաքննություն: Դատարանն ամբողջությամբ բավարարել է դիմումատուի հայցը և մերժել Է. Թ.-ի հակընդդեմ հայցը:

14. Է. Թ.-ն հետագայում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել:

15. 2003 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը մերժել է Է. Թ.-ի վճռաբեկ բողոքը և անփոփոխ է թողել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը: Այսպիսով, 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռն ուժի մեջ է մտել և դարձել է կատարման համար պարտադիր, ու այդ մասով տրվել է կատարողական թերթ:

16. 2003 թվականի դեկտեմբերի 4-ին Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը կատարողական վարույթ է հարուցել:

17. Այնուհետև Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավարը պահանջել է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը պարզաբանի 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռը:

18. 2004 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վերոնշյալ վճռի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել: Դրանում, մասնավորապես, նշվել է, որ տան կից հողամասի նկատմամբ իրավունքը պետք է գրանցվի դիմումատուի անունով: Այդ որոշումն ուժի մեջ է մտել և նույնպես ներկայացվել է կատարման:

 

Գ. Երկրորդ փուլի քաղաքացիական գործով վարույթները

 

19. 2006 թվականի ապրիլի 11-ին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանման, ԴԱՀԿ-ի և Է. Թ.-ի դեմ` Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռի և դրա կողմից ներկայացված` 2004 թվականի հոկտեմբերի 22-ի պարզաբանման վերաբերյալ որոշման պահանջները կատարել պարտավորեցնելու, Է. Թ.-ին և իր գույքն ապօրինի զբաղեցրած այլ անձանց վտարելու, ինչպես նաև այնտեղ գտնվող ռեստորանի գործունեությունը դադարեցնելու պահանջի մասին:

20. 2006 թվականի օգոստոսի 28-ի վճռով Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ բավարարել է դիմումատուի հայցը: Դրանում, մասնավորապես, նշվել է, որ տան կից հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ պետք է գրանցվի դիմումատուի իրավունքը, որ Է. Թ.-ն և դիմումատուի գույքը զբաղեցրած այլ անձինք պետք է վտարվեն, և որ այդ անձինք պետք է դադարեցնեն ռեստորանի գործունեությունը:

21. Է. Թ.-ի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 22-ին ներկայացված վերաքննիչ բողոքից հետո ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննել է գործը և բավարարել դիմումատուի հայցը: Այդպիսով, այն նշել է, որ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռը և 2004 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը դեռևս չեն կատարվել, քանի որ դիմումատուի իրավունքը չի գրանցվել, և շինությունները չեն քանդվել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն այնուհետև նշել է, որ վերոնշյալ դատական ակտերը չկատարելը համարվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում այնքանով, որ դիմումատուի` իր ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքը խախտվել է` Է. Թ.-ի կողմից դիմումատուի գույքն առանց վերջինիս թույլտվության ապօրինի զբաղեցնելու հիմքով: Այդ վճիռն ուժի մեջ է մտել և դարձել է կատարման համար պարտադիր այն կայացնելու օրը, իսկ 2007 թվականի հունվարի 26-ին դրա մասով հարուցվել է կատարողական վարույթ:

 

Դ. Կատարողական վարույթը

 

22. 2003 թվականից ի վեր Է. Թ.-ին` դիմումատուի օգտին կայացված վճռի պահանջները որոշակի ժամկետներում կատարելուն պարտավորեցնելու մասով հարկադիր կատարողների կողմից մի շարք որոշումներ են կայացվել: Այնուամենայնիվ, Է. Թ.-ն ամեն անգամ չի կատարել այդ որոշումները, ինչի համար հարկադիր կատարողներն ամեն անգամ տուգանք են նշանակել: Պարզվում է, որ նա նաև չի վճարել տուգանքները:

23. 2005 թվականին կատարողական գործողությունները հետաձգվել են այն հիմքով, որ Է. Թ.-ի նկատմամբ կիրառված տարբեր միջոցները եղել են անարդյունավետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԴԱՀԿ-ն պետք է կասեցներ վարույթը շինարարական ընկերության հետ պայմանագիր կնքելու նպատակով` պարտադիր շինարարական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների բացակայության պայմաններում: Պարզվում է, որ վարույթն ինչ-որ պահի վերսկսվել է:

24. Արդարադատության նախարարը 2008 թվականի դեկտեմբերի 25-ի գրությամբ տեղեկացրել է դիմումատուին ներկայացնող իրավաբանին, որ Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանումը գույքի նկատմամբ դիմումատուի իրավունքը չգրանցելը հիմնավորել է այն հանգամանքով, որ այնտեղ գտնվող շինությունները չեն քանդվել, քանի որ ԴԱՀԿ-ն իր տրամադրության տակ համապատասխան տեխնիկական սարքավորումներ և աշխատուժ չի ունեցել:

25. Պարզվում է, որ մինչև 2010 թվականը ԴԱՀԿ-ի կողմից ձեռնարկվել են այլ միջոցներ, ինչպիսիք են` Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը դիմումատուի իրավունքը գրանցելուն պարտավորեցնելը` դիմումատուի օգտին կայացված վճիռներին համապատասխան, և Է. Թ.-ի համար նոր ժամկետներ սահմանելը` սեփական պարտավորությունը կատարելու նպատակով: Այնուամենայնիվ, պարզվում է, որ այդ միջոցները չեն հանգեցրել տվյալ դատական ակտերի լիարժեք կատարմանը:

 

Ե. Քրեական գործով վարույթը

 

26. Չպարզված օրը դիմումատուն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` նշված դատական ակտերը չկատարելու համար պատասխանատու անձանց նկատմամբ քրեական գործով վարույթ հարուցելու պահանջով: Նրա պահանջը մերժվել է:

27. Դիմումատուի կողմից 2007 թվականի հուլիսի 3-ին ներկայացված բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ գլխավոր դատախազության` քրեական գործով վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումն այն հիմքով, որ քննիչը պատշաճ գործողություններ չի կատարել պարզելու, թե արդյոք հարկադիր կատարողները պատշաճ ձևով են իրականացրել` դիմումատուի օգտին կայացված վերոնշյալ դատական ակտերի կատարումն ապահովելուն ուղղված իրենց պարտավորությունները: Արդյունքում, հարկադիր կատարողների և Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի] Կենտրոն տարածքային ստորաբաժանման ծառայողների նկատմամբ քրեական գործով վարույթ է հարուցվել:

28. 2007 թվականի դեկտեմբերի 26-ին քննիչը վարույթը դադարեցրել է այն հիմքով, որ տվյալ դատական ակտերը չեն կատարվել օբյեկտիվորեն հարգելի պատճառներով:

29. 2008 թվականի փետրվարի 25-ին Առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել քննիչի` 2007 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը, որում նշվել է, inter alia (ի թիվս այլնի), որ քննիչը չի սահմանել, թե ինչու ավելի քան չորս տարի Է. Թ.-ն և մյուսները չեն վտարվել, դիմումատուի գույքի վրա առկա շինությունները չեն քանդվել, և ռեստորանի գործունեությունը չի դադարեցվել անգամ տվյալ դատական ակտերի պահանջները չկատարելու համար Է. Թ.-ի նկատմամբ տուգանք նշանակելուց հետո:

30. Դատախազը բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի` վերը նշված որոշումը:

31. 2008 թվականի ապրիլի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի փետրվարի 25-ի որոշումն անփոփոխ է թողել: Արդյունքում, 2008 թվականի մայիսի 14-ին քրեական գործով վարույթը վերսկսվել է:

32. Այնուհետև, քրեական գործով վարույթը դադարեցվել է երեք անգամ, մասնավորապես` 2008 թվականի հունիսի 14-ին, 2009 թվականի հուլիսի 17-ին և 2010 թվականի ապրիլի 23-ին: Դիմումատուն դատական երկու ատյանների մակարդակով հաջողությամբ վիճարկել է վարույթը դադարեցնելու մասին առաջին երկու որոշումները, որից հետո քրեական գործով վարույթը վերսկսվել է այդ դատարանների որոշմամբ: Ինչ վերաբերում է այն ուժի մեջ մտած որոշմանը, որով վարույթը ևս մեկ անգամ դադարեցվել է, ապա դիմումատուն բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն նրա բողոքը մերժվել է` վերահսկողության կարգով վերանայման մասին դիմումը ներկայացնելու ժամկետները չպահպանելու համար: Ըստ դիմումատուի, ինքն իր վերջին բողոքին այլևս հետամուտ չի եղել:

33. Ըստ դիմումատուի կողմից ստացված վերջին տեղեկատվության` կատարողական վարույթը 2016 թվականի սեպտեմբերի 5-ին ավարտվել է վճիռների կատարման անհնարինության պատճառով: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2003 թվականի օգոստոսի 22-ի և 2006 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռները, ինչպես նաև 2004 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը, ներկայումս մնում են չկատարված:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (գործում է 1999 թվականից)

34. 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

Բ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենք (գործում է 1999 թվականի հունվարի 1-ից)

35. 62-րդ հոդվածի համաձայն` պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ:

36. Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը` իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

37. Դիմումատուն 2003 թվականի օգոստոսի 22-ի և 2006 թվականի դեկտեմբերի 22-ի` ուժի մեջ մտած վճիռները շարունակաբար չկատարելու մասով բողոք է ներկայացրել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վրա, որոնք, որքանով վերաբերելի են գործին, շարադրված են հետևյալ կերպ`

 

ՀՈԴՎԱԾ 6

 

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»:

 

Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված

 

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:

38. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:

 

Ա. Ընդունելիությունը

 

39. Դատարանը նշում է, որ այս գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, վերջինս պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Դիմումատուն

 

40. Դիմումատուն վիճարկել է Կառավարության հայտարարությունն այն մասին, որ կատարմանն ուղղված միջոցներն իրականացվել են մասամբ` նշելով, որ Է. Թ.-ն երբևէ չի հեռացվել համապատասխան շինությունից և որ տվյալ ռեստորանը դեռ գործում է: Նրանց կողմից աշխատուժի և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների բացակայության մասին արված հիշատակումները միայն չկատարման համար արդարացումներ են: Նա նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն` դատարանի` կատարման մասին որոշումը պետք է կատարվի պարտապանի հաշվին: Դիմումատուն ԴԱՀԿ-ին արդեն իսկ 17 000 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար) է վճարել: Նա ԴԱՀԿ-ին աշխատուժով և (կամ) անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ապահովելու կամ ԴԱՀԿ-ի կատարման պարտավորություններն իր կողմից ստանձնելու իրավական պարտականություն չի ունեցել:

41. Դիմումատուն պնդել է, որ Հայաստանի օրենսդրությամբ ինքնակամ կառույցը քանդել չի պահանջվում` նախքան գույքի նկատմամբ համապատասխան իրավունքի պատշաճ կարգով գրանցումը. ամեն դեպքում, ինքնակամ կառույց ներառող հողամասերը միևնույն է, կարող են որպես հողամաս գրանցվել: Այնքանով, որքանով հողամասի գրանցումը վերաբերելի է գործին, դիմումատուի մասով երբևէ անփութություն թույլ չի տրվել: Գրանցման պարտավորությունը պատկանում է ԴԱՀԿ-ին: Դիմումատուն մի քանի անգամ պահանջ է ներկայացրել, որպեսզի քրեական գործով վարույթ հարուցվի համապատասխան քաղաքացիական ծառայողների նկատմամբ, սակայն քննչական մարմինները չորս անգամ դադարեցրել են քրեական հետապնդումը, դատարաններն անվավեր են ճանաչել դադարեցնելու մասին այդ որոշումներից երեքը:

 

բ) Կառավարությունը

 

42. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի օգտին կայացված վճիռները մասամբ են կատարվել. Է. Թ.-ի սեփականության իրավունքի, ինչպես նաև սեփականության վկայականի գրանցումն անվավեր են ճանաչվել, դիմումատուից բռնագանձվել է 17 000 ԱՄՆ դոլար և փոխանցվել ԴԱՀԿ-ի բանկային հաշվին, Է. Թ.-ն վտարվել է հողամասից, և ռեստորանի գործունեությունը դադարեցվել է: Կատարողական վարույթի ամբողջ ընթացքում ԴԱՀԿ-ն Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռները կատարելու համար ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը, սակայն օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով դրանց կատարումը եղել է անհնարին:

43. Տվյալ հողամասի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը կարող էր գրանցվել միայն առկա շինությունները քանդելուց և նրա կողմից` այդպիսի գրանցման փաստացի պահանջ ներկայացնելուց հետո: ԴԱՀԿ-ն պարտադիր քանդման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանից պահանջել է տրամադրել տեխնիկական սարքավորումներ, ընդ որում համանման պահանջ է ներկայացվել նաև մասնավոր շինարարական ընկերությունների, սակայն` ապարդյուն: Դիմումատուից նույնիսկ պահանջել են քանդման աշխատանքների համար տրամադրել աշխատուժ և տեխնիկական սարքավորումներ կամ, որպես այլընտրանք` նախավճար տրամադրել ԴԱՀԿ-ին քանդման ամբողջ ծախսերի համար, սակայն նա հրաժարվել է: Ավելին, հարկադիր կատարողները մի քանի անգամ տուգանք են նշանակել Է. Թ.-ի նկատմամբ: Այսպիսով, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները` փորձելու համար ապահովել ուժի մեջ մտած վճիռների կատարումը: Հետևաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

 

2. Դատարանի գնահատականը

 

44. 6-րդ հոդվածով պաշտպանված` դատարանի իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգով թույլատրվեր, որ ուժի մեջ մտած, պարտադիր դատական որոշումը շարունակեր լինել չգործող` ի վնաս մի կողմի (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II): Դատարանի արդյունավետ մատչելիության իրավունքը ներառում է նաև դատարանի որոշման` առանց չհիմնավորված ձգձգելու կատարումը:

45. Նույն համատեքստում դիմումատուի` իր օգտին կայացված վճռի կատարմանը ողջամիտ ժամկետում հասնելու անհնարինությունը համարվում է միջամտություն` ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը, ինչպես սահմանված է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին կետի առաջին նախադասությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վոյտենկոն ընդդեմ ՈՒկրաինայի [Voytenko v. Ukraine], թիվ 18966/02, § 53, 2004 թվականի հունիսի 29): ՈՒստի պարտադիր ուժ ունեցող վճռի կատարումը ոչ ողջամտորեն երկար ժամանակահատվածով ձգձգելը կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, ՄԻԵԴ 2002/III, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Burdov v. Russia (no. 2)], թիվ 33509/04, § 65, ՄԻԵԴ 2009 և Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ ՈՒկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 50-53, 2009 թվականի հոկտեմբերի 15):

46. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նկատում է, որ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռով Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է դիմումատուի պահանջները: Այն նաև նկատում է, որ 2003 թվականի հոկտեմբերի 24-ին 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռն ուժի մեջ է մտել, և դրա առնչությամբ տրվել է կատարողական թերթ, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 4-ին ԴԱՀԿ-ի կողմից հարուցվել է կատարողական վարույթ: 2004 թվականի հոկտեմբերի 22-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը դիմումատուի օգտին կայացված` 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռի վերաբերյալ ներկայացրել է պարզաբանում, և այդ որոշումը նույնպես ներկայացվել է կատարման համար:

47. Քանի որ նշված կատարման համար որևէ արդյունավետ միջոց ձեռնարկված չի եղել, 2006 թվականի ապրիլին դիմումատուն Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի], ԴԱՀԿ-ի և Է. Թ.-ի դեմ նոր փուլով քաղաքացիական վարույթներ է հարուցել` պահանջելով. i) պարտավորեցնել Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեին] կատարելու Վերաքննիչ դատարանի 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռով սահմանված պահանջները, ii) վտարել Է. Թ.-ին, և iii) դադարեցնել համապատասխան գույքի վրա տեղակայված ռեստորանի գործունեությունը: Նրա պահանջն ամբողջությամբ բավարարվել է Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից` իր 2006 թվականի դեկտեմբերի 22-ի վճռով, որն այնուհետև ուժի մեջ է մտել: Դատարանը հաստատել է, որ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռը դեռ չի կատարվել` գտնելով, որ այդ չկատարումը համարվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տե՛ս վերևում` 19-րդ և 21-րդ պարբերությունները):

48. 2003 թվականի դեկտեմբերից սկսած ԴԱՀԿ-ի կողմից ձեռնարկվել են հարկադիր կատարման մի շարք միջոցներ, որոնք բոլորն էլ եղել են անարդյունավետ: 2016 թվականի սեպտեմբերի 5-ին կատարողական վարույթն ավարտվել է, քանի որ ուժի մեջ մտած վճռի կատարումը շարունակել է լինել անհնարին (տե՛ս վերևում` 22-րդ և 33-րդ պարբերությունները):

49. Հետևաբար, 2003 թվականի օգոստոսի 22-ի և 2006 թվականի դեկտեմբերի 22-ի ուժի մեջ մտած վճիռները, ինչպես նաև 2004 թվականի հոկտեմբերի 22-ի ուժի մեջ մտած որոշումը` բոլորը կայացված հօգուտ դիմումատուի, ներկայումս մնում են չկատարված: ՈՒստի այդ ներպետական վճիռները չկատարելը տևել է շուրջ տասներեք տարի և չորս ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ` այդ ձգձգումը հիմնավորելու համար: ՈՒստի Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ` ուժի մեջ մտած վճիռները կատարելու համար, չեն թույլատրել 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների` սույն գործով իրենց ողջ արդյունավետ գործողությունը, և, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ դիմումատուի գույքային պահանջը չհիմնավորված երկար ժամանակահատվածով մնացել է չբավարարված, նրանք չեն հարգել նրա` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքները (տե՛ս Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ ՈՒկրաինայի, թիվ 40450/04, §§ 56-57, 2009 թվականի հոկտեմբերի 15, և Մեմիշայն ընդդեմ Ալբանիայի [Memishaj v. Albania], թիվ 40430/08, § 33, 2014 թվականի մարտի 25):

50. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

51. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

 

52. Դիմումատուն պահանջել է 107 000 եվրո` որպես նյութական վնասի հատուցում, և 150 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

53. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն իր կրած նյութական վնասի չափը հաստատող որևէ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և, հետևաբար, նրա պահանջը պետք է մերժվեր: Ամեն դեպքում, ենթադրյալ խախտման և նյութական վնասի հետ կապված պահանջի միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չի եղել: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Կառավարությունը համարել է, որ այդ պահանջը չի հիմնավորվել որևէ համապատասխան փաստաթղթով: Ամեն դեպքում, ոչ նյութական վնասի դիմաց պահանջվող գումարը եղել է չափազանց մեծ և պետք է մերժվեր:

54. Դատարանը համաձայնում է Կառավարության հետ այն մասով, որ դիմումատուն չի ներկայացրել նյութական վնասի հետ կապված պահանջը հիմնավորող որևէ փաստաթուղթ: ՈՒստի այն մերժում է տվյալ պահանջը: Մյուս կողմից, այն գտնում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն որոշակի գումարի չափով ոչ նյութական վնաս է կրել: Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3 600 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

55. Դիմումատուն նաև պահանջել է 26 000 եվրո` ներպետական դատարաններում, ինչպես նաև Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:

56. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել` փաստաբանի ծառայությունների դիմաց իր կատարած վճարումները հաստատող և իր պահանջը հիմնավորող որևէ համապատասխան փաստաթուղթ` Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնին համապատասխան: Հետևաբար, ծախսերի և ծախքերի մասով նրա պահանջը պետք է մերժվեր:

57. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և համապատասխան նախադեպային իրավունքը` Դատարանը մերժում է դիմումատուի` ծախսերի և ծախքերի մասով պահանջը` հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

58. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`

ոչ նյութական վնասի դիմաց` 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի հունիսի 15-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

    Ռենատա Դեգեներ                      Ալեշ Պեյհալ

    Քարտուղարի տեղակալ                  Նախագահ

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
15.06.2017
N 66328/12
Վճիռ