Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐ ...

 

 

600.0374.121213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013476

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2013 թվականի N 374-Ն

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 2

Էներգետիկայի բնագավառում

գործունեության

լիցենզավորման կարգի

 

ՑԱՆԿ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Կայանի կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) գործարար ծրագիր` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի,

2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը: Հողամասի (շենք, շինության) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում` նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը: Այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիա ստանալու հայտով հայցվող ժամկետից ոչ պակաս,

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.08.2019 թիվ 318-Ն որոշում)

4) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի,

5) երաշխիք` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

6) ջրօգտագործման թույլտվություն` հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,

7) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն` միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,

8) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ` էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով` էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում:

(1-ին կետը փոփ. 28.08.2019 թիվ 318-Ն որոշում)

2. Կայանի կառուցման ժամանակահատված չներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

2) կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք` դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով` կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,

3) ջրօգտագործման թույլտվություն` հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,

4) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն` միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,

5) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ` էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով` էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում:

3. Էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի փոխադրման, բնական գազի փոխադրման, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի բաշխման, էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիաների ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) գործարար ծրագիր,

2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր, բացառությամբ Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների հայտերի,

3) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի:

4. Բնական գազի ներկրման, արտահանման լիցենզիաների ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) գազամատակարարման համակարգի օպերատորի եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ,

2) բնական գազի ներկրման գործունեություն իրականացնելու համար` օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման պայմանագիր,

3) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար` բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի փոխադրման պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի փոխադրման լիցենզիա,

4) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար` բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա, ինչպես նաև օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման պայմանագիր:

 

Հավելված N 3

Էներգետիկայի բնագավառում

գործունեության

լիցենզավորման կարգի

 

ԿԱՐԳ

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա (այսուհետ` արտադրության լիցենզիա) ստանալու, կամ արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, ինչպես նաև նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով հայտատուն Հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի կողմից տրամադրված երաշխիք, որով բանկը գրավոր պարտավորություն է ստանձնում հայտատուի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգի 3-րդ կետի համաձայն հաշվարկված գումարը, Հանձնաժողովի որոշման կամ գրության հիման վրա, Հանձնաժողովի սահմանած ժամկետում, անվիճելի և անառարկելի կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

2. Հայտատուն պարտավոր է երաշխիքը ներկայացնել արտադրության լիցենզիայի կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար իր կողմից հայցվող, իսկ ժամանակահատվածի երկարաձգման դեպքում` երկարաձգման ժամկետից առնվազն քառասունհինգ օր ավելի գործողության ժամկետով:

3. Երաշխիքով սահմանված գումարի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի չափը: Երաշխիքով սահմանված գումարի մեծությունը պետք է հավասար լինի կառուցվող կայանի հաշվարկային (տեղակայվող) հզորության (արտահայտված կիլովատտերով) և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը: Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի դեպքում կայանի հաշվարկային հզորությունը հաշվարկվում է որպես էլեկտրական և ջերմային հաշվարկային հզորությունների գումար:

4. Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե հայտատուն Հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:

5. Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում Հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, համապատասխան որոշմամբ կամ գրությամբ երաշխիք տված անձին ազատում է երաշխիքային պարտավորություններից:

 

2. ԵՐԱՇԽԻՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

6. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

1) Հանձնաժողովը որոշում է ընդունել արտադրության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին,

2) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,

3) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

7. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

1) Հանձնաժողովը որոշում է ընդունել արտադրության լիցենզիայով սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգելու մասին,

2) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Նախագիծը Հանձնաժողով ներկայացնելու` լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետը Հանձնաժողովի հաստատած էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն 2-րդ անգամ երկարաձգվել է:

8. Սույն կարգի 7-րդ կետում սահմանված դեպքերում` Հանձնաժողովի որոշմամբ կամ գրությամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետին համապատասխան հաշվարկված երաշխիք:

9. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում, երբ լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, սույն կարգի 6-րդ կետով նախատեսված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը կրում է լիցենզավորված անձը:

 

3. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

10. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքով սահմանված գումարը սույն կարգով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է ֆորս մաժորի: Սույն կարգի իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) լիցենզավորված անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին`

1) չի գտնվում լիցենզավորված անձի վերահսկողության ներքո.

2) լիցենզավորված անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում` նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.

3) լիցենզավորված անձը տեղեկացրել է Հանձնաժողովին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սույն կարգի իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են`

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները.

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել սույն լիցենզիայով ամրագրված պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ լիցենզավորված անձը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

12. Սույն կարգի 11-րդ կետը չի սահմանափակում լիցենզավորված անձի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` սույն գլխի պահանջներին բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:

 

Հավելված N 4

Էներգետիկայի բնագավառում

գործունեության

լիցենզավորման կարգի

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(կառուցման ժամանակահատվածի համար)

 

(փաստաթղթի կազմը և բովանդակությունը)

_______________________________________

                       Կառուցվող օբյեկտի անվանումը

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Կառուցման նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:

2. Կառուցվող օբյեկտի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:

3. Տեղեկություններ շինմոնտաժային ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:

4. Տեղեկություններ տեղադրվող գեներատորների, տուրբինների և սարքավորումների մակնիշների և հզորության վերաբերյալ:

 

2. ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

 

5. Արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները:

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

6. Արտադրության (ծառայության) տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:

7. Ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով օբյեկտի տեխնիկատնտեսական ցուցանիշների համալիր վերլուծության արդյունքներով օպտիմալ տարբերակի ընտրության հիմնավորումը:

 

4. ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱԾՔԸ

 

8. Օբյեկտի տեղաբաշխման հիմնավորումը:

9. Քարտեզագրական և այլ նյութեր, այդ թվում` կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը:

 

5. ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

10. Օբյեկտի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:

11. Կառուցման ժամանակացույցը` ըստ փուլերի (ներառյալ` կայանի կառուցման նախագծի կազմման և փորձաքննությունների անցկացման ժամկետները):

(11-րդ կետը փոփ. 28.08.2019 թիվ 318-Ն որոշում)

12. Նախնական լուծումներ օբյեկտի էներգամատակարարման (սնման), ջրամատակարարման, կոյուղու և այլնի վերաբերյալ:

 

6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

13. Օբյեկտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

14. Նախնական բնապահպանական լուծումներ:

 

7. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Կառուցման աշխատանքների արժեքը բացված տեսքով:

16. Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները:

17. Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը:

18. Օբյեկտի նախագծման, կառուցման և նախագծային հզորությամբ գործարկման ժամկետները:

19. Ներդրումների արդյունավետության գնահատման ցուցանիշների (շահութաբերության ներքին նորմա, մաքուր բերված արժեք, հետգնման ժամկետ և այլն) հիման վրա կառուցվող օբյեկտի համար լավագույն տեխնիկատնտեսական ցուցանիշների ընտրություն:

20. Անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

 

Հավելված N 5

Էներգետիկայի բնագավառում

գործունեության

լիցենզավորման կարգի

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 

___________________________________________________________________

           (Լիցենզավորվող անձի անվանումը (անունը, ազգանունը))

մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`

___________________________________________________________________

              (գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը)

___________________________________________________________________

                  (լիցենզավորվող գործունեության տեսակը)

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

 

___________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսը,

էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Հավելված N 6

Էներգետիկայի բնագավառում

գործունեության

լիցենզավորման կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20__ թվականի __________ «___»-ի N____ -Ա որոշում

2. Լիցենզավորված գործունեության տեսակը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

3. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը «___»_____________20 __ թվական

4. Լիցենզիայի համարը ԼԷ N_________

5. Ստացված էջերի քանակը` ________________

6. Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

7. Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

8. Լիցենզիան ստացվել է` «____»________________20__ թվական

9. Լիցենզիա ստացողի ստորագրությունը _____________________________:

 

(հավելվածը խմբ. 21.11.2018 թիվ 429-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
01.11.2013
N 374-Ն
Որոշում