COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱԳԱՆԻԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 21791/12)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
5 ապրիլի 2018 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով`
Ալեշ Պեյխալ [Ales Pejchal]` Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]` դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2018 թվականի մարտի 13-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ԱՄՆ քաղաքացի պրն Հրայր Ագանիկյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2012 թվականի ապրիլի 2-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 629/11) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ղազարյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2016 թվականի նոյեմբերի 16-ին վարույթի տևողության վերաբերյալ բողոքն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի` համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուն ծնվել է 1953 թվականին և ապրում է Երևանում:
5. 2004 թվականի դեկտեմբերի 30-ին քննիչը որոշել է Քրեական օրենսգրքի (ՔՕ) 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` դիմումատուի կողմից ենթադրաբար վաշխառություն կատարելու փաստի առնչությամբ քրեական գործ հարուցել:
6. 2005 թվականի հունվարի 10-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը դիմումատուի բնակարանի խուզարկության թույլտվություն է տվել:
7. 2005 թվականի հունիսի 20-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` որպես արհեստ վաշխառություն կատարելու համար, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ: Նույն օրը, որպես խափանման միջոց, քննիչը որոշել է դիմումատուից բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրություն վերցնել:
8. 2005 թվականի հունիսի 23-ին քննիչը որոշել է որպես ապահովման միջոց բռնագրավել դիմումատուի գույքը:
9. 2005 թվականի օգոստոսի 10-ին քննիչը մեղադրական եզրակացությունը հաստատման է ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին (դատախազ), սակայն 2005 թվականի օգոստոսի 15-ին դատախազը մերժել է հաստատել այն և գործը վերադարձրել է քննիչին` լրացուցիչ նախաքննության:
10. 2005 թվականի հոկտեմբերի 15-ին քննիչը քրեական գործով այլ մեղադրանքներ է առաջադրել ՔՕ-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դիմումատուի կողմից խարդախությամբ գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու առնչությամբ: Նույն օրն այս գործը միացվել է վաշխառության վերաբերյալ գործին:
11. 2005 թվականի դեկտեմբերի 8-ին և 29-ին, համապատասխանաբար, քննիչը նշանակել է դատաձեռագրաբանական փորձաքննություններ: Այս փորձաքննությունների արդյունքներն ստացվել են համապատասխանաբար 2006 թվականի հունվարի 13-ին և 20-ին:
12. 2006 թվականի մարտի 7-ին քննիչը որոշել է փոփոխել դիմումատուին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել ՔՕ-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 349-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խոշոր և առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, որպես արհեստ վաշխառություն կատարելու մասով, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, ինչպես նաև ապացույցները կեղծելու մասով:
13. Նույն օրը քննիչը դիմումատուին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, ինչը մերժվել է Վարչական շրջանի դատարանի կողմից: Այնուամենայնիվ, դատախազի կողմից ներկայացված բողոքի հիման վրա 2006 թվականի մարտի 28-ին Վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական շրջանի դատարանի որոշումը և որոշում է կայացրել դիմումատուի նկատմամբ կիրառել կալանք` երկու ամիս ժամկետով:
14. 2006 թվականի մարտի 29-ին և 30-ին, ինչպես նաև ապրիլի 13-ին քննիչը դիմել է Վարչական շրջանի դատարան` խուզարկություն կատարելու թույլտվություն և բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու միջնորդությամբ: Այս միջնորդությունները բավարարվել են 2006 թվականի մարտի 29-ին ու 31-ին և ապրիլի 13-ին:
15. 2006 թվականի հուլիսի 14-ին հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է Վարչական շրջանի դատարան, որն այն վարույթ է ընդունել 2006 թվականի հուլիսի 24-ին:
16. Վարչական շրջանի դատարանի` 2006 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության: 2006 թվականի օգոստոսի 25-ից մինչև 2007 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում դատարանը նշանակել է տասներկու նիստ, որոնք հետաձգվել են տուժողների և (կամ) վկաների բացակայության պատճառով: Բացի այդ, տասը դեպքերում նիստերը հետաձգվել են դատախազի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, իսկ ինը դեպքերում` դիմումատուի միջնորդությունները բավարարելու արդյունքում: Դեպքերից երեքում դատարանը որոշում է կայացրել դատարան չներկայացած տուժողներին և (կամ) վկաներին բերման ենթարկելու մասին:
17. 2007 թվականի հուլիսի 9-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է դիմումատուի փաստաբանի` դիմումատուին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
18. 2007 թվականի հոկտեմբերի 15-ին դիմումատուի գործը քննող դատավորի լիազորությունները կասեցվել են: 2007 թվականի նոյեմբերի 1-ին մեկ այլ դատավոր է գործը վարույթ ընդունել, և գործի քննությունը վերսկսվել է:
19. 2007 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում դատարանը նշանակել է քառասուն նիստ, որոնք հետաձգվել են դիմումատուի կամ նրա փաստաբանի բացակայության պատճառով կամ նրանց կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա: Բացի այդ, դեպքերից երեսունհինգում նիստերը հետաձգվել են տուժողների կամ վկաների բացակայության պատճառով կամ նրանց կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա, իսկ երեսուներկուսում` դատախազի միջնորդությունները բավարարվելու պատճառով կամ այն պատճառով, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել հետաձգել գործի քննությունը: Դեպքերից հինգում դատարանը նիստին չներկայացած տուժողին և վկաներին բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել:
20. 2009 թվականի օգոստոսի 28-ին և 2010 թվականի հոկտեմբերի 12-ին, համապատասխանաբար, դատախազը որոշում է կայացրել մեղադրանքը փոփոխելու և (կամ) դիմումատուին նոր մեղադրանքներ առաջադրելու մասին:
21. 2010 թվականի մարտին և հունիսին Վարչական շրջանի դատարանը մասամբ բավարարել կամ մերժել է դիմումատուի և տուժողներից մեկի կողմից ներկայացված միջնորդությունները, որոնցով պահանջվում էր դատաբժշկական փորձաքննություն նշանակել:
22. 2011 թվականի հունվարի 31-ին Վարչական շրջանի դատարանը կայացրել է դատավճիռ` դիմումատուին մեղավոր ճանաչելով հինգ դրվագներով` Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (վաշխառություն) և 349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցները կեղծելը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտել է նրան ինը տարի ժամկետով ազատազրկման` նրա գույքի կեսի բռնագրավմամբ, և սահմանել է 400 000 ՀՀ դրամի չափով տուգանք: Պարզ է դառնում, որ վարույթի ընթացքում Վարչական շրջանի դատարանը հարցաքննել է քառասունյոթ վկաների, ուսումնասիրել է մոտավորապես երեսուն փաստաթղթային ապացույց և հինգ փորձագիտական եզրակացություն, որոնցից մեկը նշանակվել էր Վարչական շրջանի դատարանի կողմից:
23. Դիմումատուն և դատախազը բողոքարկել են այս դատավճիռը:
24. 2011 թվականի հոկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքները և Վարչական շրջանի դատարանի դատավճիռը թողել անփոփոխ:
25. Դիմումատուի փաստաբանը ներկայացրել է վճռաբեկ բողոք:
26. 2011 թվականի նոյեմբերի 21-ին Վճռաբեկ դատարանը բողոքը ճանաչել է անընդունելի` հիմքերի բացակայության պատճառով:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
27. Դիմումատուն բողոքել է, որ քրեական վարույթի տևողությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «ողջամիտ ժամկետի» պահանջին, համաձայն որի`
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում ... լսումների իրավունք...»:
28. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
Ա. Ընդունելիությունը
29. Դատարանը նշում է, որ գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
30. Դիտարկվող ժամանակահատվածի հաշվարկը սկսվում է 2004 թվականի դեկտեմբերի 30-ից, երբ քննիչը քրեական գործով վարույթ է հարուցել դիմումատուի դեմ, և ավարտվում է 2011 թվականի նոյեմբերի 21-ին, երբ Վճռաբեկ դատարանը տվյալ գործով վերջնական որոշում է կայացրել: Այսպիսով, այն տևել է գրեթե վեց տարի և տասնմեկ ամիս` երեք ատյանների մակարդակով:
31. Դատարանը կրկին նշում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի` ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից և հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները` գործի բարդությունը, դիմումատուի և համապատասխան մարմինների վարքագիծը (տե՛ս, ի թիվս այլ մի շարք վճիռների, Պելիսիեն և Սասին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Pelissier and Sassi v. France [GC]], թիվ 25444/94, § 67, ՄԻԵԴ 1999-II):
32. Կառավարությունը պնդել է, որ գործը բարդ է եղել առաջադրվող մեղադրանքների բնույթի, ինչպես նաև հարցաքննվող տուժողների և վկաների թվի պատճառով. առկա են եղել ութ տուժողներ, և որպես վկա հարցաքննվել են երեսունչորս անհատներ և՛ մինչդատական վարույթի, և՛ դատական քննության ընթացքում: Դատական քննությանը մեծ թվով տուժողների և վկաների մասնակցությունը հնարավոր է եղել միայն Վարչական շրջանի դատարանի կողմից նշանակված` հարկադրանքի միջոցներ կիրառելուց հետո: Ավելին, հարցի քննության համար պահանջվել է մի քանի դատաբժշկական փորձաքննություն, և հավաքված ապացույցների ծավալը չափազանց մեծ է եղել:
33. Կառավարությունը նշել է, որ մինչդատական վարույթի փուլը տևել է մոտավորապես տասնութ ամիս և չի եղել անգործության ժամանակահատված: Մինչդատական վարույթի և դատական քննության ընթացքում մեղադրանքները փոփոխելու հետևանքով ուշացումներ չեն եղել: Չնայած այն փաստին, որ քննության ժամկետները երկարաձգվել են հինգ անգամ, սա անհրաժեշտ է եղել, inter alia (ի թիվս այլնի), դատաբժշկական փորձաքննություններ անցկացնելու, դիմումատուին պատկանող գույքը գտնելու, բոլոր տուժողներին և վկաներին հարցաքննելու, հարցումներ և խուզարկություններ անցկացնելու համար: Ինչ վերաբերում է դատական քննությանը, Վարչական շրջանի դատարանի փուլը խլել է մոտավորապես չորս ու կես տարի, որի ընթացքում 136 դատական նիստ է տեղի ունեցել և, վերջիվերջո, հետաձգվել: Վարչական շրջանի դատարանը, ընդհանուր առմամբ, բավարարել է կողմերի տարբեր միջնորդությունները, որոնք բնականաբար երկարաձգել են վարույթի ժամկետը: Նիստերից չորսի ընթացքում բացակա են եղել և՛ դիմումատուն, և՛ իր փաստաբանը. նիստերից տասներեքի ընթացքում բացակա է եղել դիմումատուի փաստաբանը, և հետևաբար գործի քննությունը հետաձգվել է, և մեկ անգամ գործի քննությունը հետաձգվել է վարույթին մեկ այլ փաստաբան ներգրավելու նպատակով:
34. Դիմումատուն պնդել է, որ իր բոլոր միջնորդությունները ներկայացվել են բարեխղճորեն, և որ դրանց կեսն առնչվել է արդար դատաքննության իր իրավունքը երաշխավորելուն: Ի հակադրություն դրան` դատախազն առանց հիմնավոր պատճառի մի քանի անգամ չի ներկայացել դատարան, և նախագահող դատավորը նույնպես շատ անգամներ հետաձգել է գործի քննությունը` դրա հետ չկապված պատճառներով: 136 հետաձգումներից գրեթե կեսը կատարվել է այն տուժողների և վկաների հաճախակի չներկայանալու պատճառով, որոնց մեծ մասը հրավիրվել է դատախազի կողմից: Նրանց ներկայությունն ապահովելը, անկասկած, պետության պարտականությունն է եղել: Ավելին, դատական քննությունը վերսկսվել է այն սկսվելուց մեկ տարի երեք ամիս հետո, քանի որ առաջին նախագահող դատավորի լիազորությունները կասեցվել են: Մեղադրանքները փոփոխելը նույնպես ունեցել է միևնույն երկարաձգող ազդեցությունը:
35. Դատարանը նշում է, որ սույն գործով մինչդատական վարույթի փուլը, ինչպես նաև բողոքարկման փուլը միանգամայն արագ են ավարտվել, սակայն Վարչական շրջանի դատարանում դատական քննության փուլը տևել է մոտավորապես չորս ու կես տարի: Չնայած Վարչական շրջանի դատարանում դատական քննության փուլում իշխանության կողմից չեն եղել ակտիվության բացակայության հատկապես երկար ժամանակահատվածներ, խնդիրն այն է, որ գործի քննությունը հետաձգվել է 136 անգամ, մեկ տարի և երեք ամիս տևողությամբ դատական քննությունից հետո վարույթը վերսկսվել է, և մեղադրանքները փոփոխվել են կամ նորերն են առաջադրվել վարույթի այդ փուլում: Չնայած հնարավոր է այս տարրերից մի քանիսը Վարչական շրջանի դատարանի հսկողությունից դուրս են եղել, այնուամենայնիվ, երկու կողմերի կողմից ներկայացված` դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություններն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ որոշում կայացնելը և բոլոր կողմերի ներկայությունը պատշաճ կերպով ապահովելը եղել են դրա լիազորությունների շրջանակում: Պայմանավորվող պետությունները պետք է իրենց դատական համակարգը կազմակերպեն այնպես, որ դատարանները կարողանան բավարարել 6-րդ հոդվածով սահմանված «ողջամիտ ժամկետի» պահանջը (տե՛ս, օրինակ, Լուպենի Հույն Կաթոլիկ Ծխականը և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Lupeni Greek Catholic Parish and Others v. Romania [GC]], թիվ 76943/11, § 142, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)):
36. Ավելին, նույնիսկ եթե գործը որոշակիորեն բարդ է եղել չափազանց մեծ ծավալի և ներգրավված տուժողների ու վկաների թվի պատճառով, չի կարելի ասել, որ սրանով արդարացվում է վարույթի ամբողջ տևողությունը:
37. Դատարանը հաճախակի հայտնաբերել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումներ այն գործերում, որոնցում արծարծվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք` սույն գործում (տե՛ս, վերևում հիշատակված, Պելիսիեն և Սասին):
38. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, համարում է, որ սույն գործով այլ եզրակացության հանգելու համար Կառավարությունը համոզիչ փաստեր կամ փաստարկներ չի ներկայացրել: Հաշվի առնելով քննվող հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը` Դատարանը համարում է, որ տվյալ գործում վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը:
39. Հետևաբար տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
40. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
41. Դիմումատուն պահանջել է 3 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
42. Կառավարությունը համարել է, որ պահանջված գումարը չափազանց մեծ է և պետք է նվազեցվի:
43. Դատարանը համարում է, որ դիմումատուն պետք է որ կրած լինի ոչ նյութական վնաս: Առաջնորդվելով արդարության սկզբունքով` Դատարանն այդ մասով նրան շնորհում է 865 եվրո:
Բ. Ծախսերը և ծախքերը
44. Դիմումատուն նաև պահանջել է 720 000 ՀՀ դրամ (ՀՀ դրամ` մոտավորապես 1 259 եվրո)` որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:
45. Կառավարությունը նշել է, որ ներկայացված պայմանագրով նախատեսված չի եղել աշխատաժամերի և ժամավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ, և որ չկա ապացույց առ այն, որ 720 000 ՀՀ դրամը փաստացի վճարվել է: Հետևաբար սույն գործով իրականում ծախսեր և ծախքեր չեն առաջացել: Այսպիսով, Կառավարությունը համարել է, որ ծախսերի և ծախքերի մասով պահանջը պետք է մերժվի:
46. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը` Դատարանը մերժում է ծախսերի և ծախքերի մասով պահանջը` մանրամասն տեղեկությունների բացակայության պատճառով:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
47. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ`
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
ոչ նյութական վնասի դիմաց` 865 եվրո (ութ հարյուր վաթսունհինգ եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի ապրիլի 5-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Ռենատա Դեգեներ Ալեշ Պեյխալ
Քարտուղարի տեղակալ Նախագահ