Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (2-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(2-րդ մաս)

 

(Գանգատ թիվ 27524/09)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

16 նոյեմբերի 2017թ.

 

 

71. Դատարանը նշում է, որ Ա.Գ.-ն Շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության կողմից ստացել է նկատողություն` որպես շտապօգնության բժիշկ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար (տե՛ս վերևում` 23-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ Ա.Գ.-ի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը կապված է եղել ներքին աշխատանքային կանոնակարգերը և բժշկական էթիկան խախտելու հետ և դրանով, որպես այդպիսին, ենթադրյալ բժշկական անփութության համար նրա պատասխանատվությունը չի հաստատվել: Այդուհանդերձ, պարզ չէ և Կառավարության կողմից նույնպես չի վիճարկվել այն, որ Ա.Գ.-ի նկատմամբ նրա գործատուի, այլ ոչ թե բժշկական անփութության հետ կապված դեպքերը քննելու համապատասխան լիազորություն ունեցող մասնագիտական մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելով, դիմումատուին տրամադրվել է բավարար փոխհատուցում` նրան տալով իր դստեր կորստի համար ցանկացած տեսակի հատուցում պահանջելու իրավունք:

72. Դատարանը նկատում է, որ տվյալ ժամանակահատվածում դիմումատուն հնարավորություն չի ունեցել պետության դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու` իր դստեր մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջով, քանի որ նյութական վնասը չի համարվել վնասի այնպիսի տեսակ, որի դիմաց կարող էր հատուցում պահանջվել քաղաքացիական գործով վարույթի շրջանակներում (տե՛ս վերևում` 39-րդ և 42-րդ պարբերությունները)` մինչև Քաղաքացիական օրենսգրքում 2014 թվականին կատարված փոփոխությունները: Ինչ վերաբերում է նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորությանը, ապա Կառավարությունը պնդել է, որ այդ հնարավորությունը կախված է քրեական գործով վարույթի արդյունքից (տե՛ս վերևում` 60-րդ պարբերությունը):

73. Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթները համարվող 2-րդ և 3-րդ հոդվածների խախտում պարունակող գործերում խախտման հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցումը պետք է, մասնավորապես, հասանելի լինի` որպես փոխհատուցման շրջանակի մի մաս (տե՛ս, Փոուլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 46477/99, ў 97, ՄԻԵԴ 2002 II և Զ-ն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Z and Others v. the United Kingdom [GC]], թիվ 29392/95, ў 109, ՄԻԵԴ 2001 V):

74. Այն հանգամանքներում, երբ դիմումատուն ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու որևէ հնարավորություն չի ունեցել, մինչդեռ նյութական վնասի դիմաց հատուցում ստանալու հնարավորությունը, ինչպես պնդել է Կառավարությունը, կախված է եղել քրեական վարույթի արդյունքներից (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Բիրժիկովսկու գործը` վերևում հիշատակված, ўў 112-116), Դատարանը համարում է, որ պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցներով հնարավոր չէր լինի հասնել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված արդյունքին, այն է` պարզել դիմումատուի դստեր մահվան հետ կապված հանգամանքները և պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության:

75. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորության խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

76. Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածների վրա` բողոք ներկայացնելու համար, որ ինքը զրկվել է Վճռաբեկ դատարանի մատչելիությունից, քանի որ իր վճռաբեկ բողոքը մերժվել է այն հիմքով, որ այն չի ներկայացվել Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի կողմից, որի ծառայություններից օգտվելու հնարավորություն ինքը չի ունեցել:

77. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, և այնքանով, որքանով նշված բողոքների քննությունն իր իրավասության սահմաններում է, գտնում է, որ դրանք չեն պարունակում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Հետևաբար, գանգատի այդ մասը պետք է մերժվի` ակնհայտ անհիմն լինելու հիմքով` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

78. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

 

79. Դիմումատուն պահանջել է 8 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում` ներառյալ հուղարկավորության ծառայությունների և գերեզմանաքարի տեղադրման հետ կապված ծախսերը: Նա նաև պահանջել է 15 000-20 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում, որն ինքը և իր կինը կրել են իրենց դստեր կորստի հետևանքով:

80. Կառավարությունը վիճարկել է, որ որպես նյութական վնասի դիմաց պահանջվող գումարը որևէ ապացույցով չի հիմնավորվել, իսկ որպես ոչ նյութական վնասի հատուցում պահանջվող գումարը չափազանց մեծ է: Կառավարությունն այնուհետև նշել է, որ դիմումատուն պահանջել է նաև իր կնոջ կողմից ենթադրաբար կրած ոչ նյութական վնասի հատուցում, ով Դատարանում վարույթի կողմ չի եղել:

81. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. ուստի, այն մերժում է այս պահանջը: Մյուս կողմից, արդարացիության սկզբունքի հիման վրա որոշում կայացնելով, Դատարանը դիմումատուին շնորհում է 12 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

82. Դիմումատուն ծախսերի և ծախքերի մասով պահանջ չի ներկայացրել:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

83. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ

 

1. Հայտարարում է, մեծամասնության կողմից, դիմումատուի` իր դստեր մահվան առնչությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ բողոքն ընդունելի.

2. Միաձայն հայտարարում է գանգատի մնացած մասն անընդունելի.

3. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում.

4. Ձայների` վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, վճռում է, որ`

ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի 12 000 եվրո (տասներկու հազար եվրո)` որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է փոխարկվի Հայաստանի Հանրապետության դրամով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

5. Միաձայն մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի նոյեմբերի 16-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

Աբել Կամպոս                          Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս

Քարտուղար                              Նախագահ

 

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան` սույն վճռին կից ներկայացվում է դատավորներ Վոյտիչեկի և Այքըի առանձին կարծիքը:

 

Լ.-Ա.Ս.
Ա.Կ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՎՈՅՏԻՉԵԿԻ ԵՎ ԱՅՔԸԻ`
ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՐԾԻՔԸ

 

1. Ներկայիս գործում մենք համաձայնում ենք մեծամասնության հետ այն մասով, որ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված իր ընթացակարգային պարտավորությունները. այդուհանդերձ, մենք չենք կիսում այն կարծիքը, որ գանգատն ընդունելի է:

2. Կարծում ենք, որ հակասություն կա իրավական պաշտպանության միջոցները սպառելու հետ կապված պատճառաբանությունների մեջ: Մի կողմից, 55-րդ պարբերության մեջ` որպես եզրահանգում, մեծամասնության կողմից նշվում է հետևյալը. «Այսպիսով, պարզ է դառնում, որ Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոք ներկայացնելը տվյալ ժամանակահատվածում իրավական պաշտպանության մատչելի միջոց չի եղել:» Մյուս կողմից, 56-րդ պարբերության մեջ մեծամասնության կողմից նշվում է հետևյալը. «թվում է, թե Վճռաբեկ դատարանն այս կանոնը [որը դատարաններին թույլ է տալիս կասեցնել վարույթը, եթե դրանք գտնում են, որ կիրառվող դրույթը չի համապատասխանում Սահմանադրությանը] չկիրառելով և փոխարենը դիմումատուի վճռաբեկ բողոքի քննությունը մերժելու որոշում կայացնելով, ցուցաբերել է ավելորդ ձևականություն»: Երկրորդ ենթադրությամբ անհրաժեշտորեն ենթադրվում է, որ իրավական պաշտպանության միջոցը չի եղել ոչ արդյունավետ և պատշաճորեն կիրառվելու դեպքում այն կլիներ արդյունավետ:

3. Եթե առաջին ենթադրությունը ճիշտ է, և գանգատը ներկայացնելու ժամանակահատվածում վճռաբեկ բողոքը իրավական պաշտպանության մատչելի միջոց չի եղել (ինչպես, մեծամասնության կարծիքով, Դատարանը եզրակացրել է Շամոյանն ընդդեմ Հայաստանի գործում, թիվ 18499/08, ў 33, 2015 թվականի հուլիսի 7), ապա դիմումատուն չպետք է պահանջեր իրավական պաշտպանության ոչ արդյունավետ միջոց (տե՛ս, օրինակ, Գլինսկին ընդդեմ Լեհաստանի [Glinski v. Poland], թիվ 21062/05, և Ֆերնին ընդդեմ Միացյալ Թագավորության [Fernie v. the United Kingdom], թիվ 14881/04 գործերով` անընդունելիության վերաբերյալ որոշումները): Արդյունքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու վերջնաժամկետը հաշվարկվում է այն օրվանից սկսած, երբ դիմումատուին հանձնվում է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

2008 թվականի սեպտեմբերի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը, և 2008 թվականի սեպտեմբերի 30-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Ենթադրելով, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը դիմումատուին հանձնվել է ամենաուշը սեպտեմբերի 30-ին, դիմումատուն գանգատը պետք է ներկայացներ ամենաուշը 2009 թվականի մարտի 30-ին: Հետևաբար, քանի որ գանգատը չի ներկայացվել մինչև 2009 թվականի ապրիլի 22-ը, այն պետք է ժամկետը բաց թողնելու հիմքով հայտարարվեր անընդունելի:

4. Դրան հակառակ` եթե երկրորդ ենթադրությունը ճիշտ է, և Վճռաբեկ դատարանը կարող էր քննել վճռաբեկ բողոքը` անկախ այն փաստից, որ այն չէր ներկայացվել հավատարմագրված փաստաբանի կողմից, ապա մենք կարծում ենք, որ առկա ապացույցներով դիմումատուն արդյունավետորեն չի սպառել իրավական պաշտպանության այդ միջոցը: Ի վերջո, անկախ վերոնշյալ կանոնի առկայությունից, որը հաստատվել է Սահմանադրական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ, որի համաձայն` Քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածը հակասում են Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին, այն մասով, որ դրանք անհամաչափորեն սահմանափակել են Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը (տե՛ս սույն վճռի 49-րդ պարբերությունը), պարզ է դառնում, որ դիմումատուն, հաշվի առնելով Սահմանադրության հետ մասնակի անհամապատասխանությունը, ոչ միայն չի դիմել Վճռաբեկ դատարան իր գործով վարույթը կասեցնելու համար այնքան ժամանակ, մինչև անհամապատասխանությունը վերացվելը կամ Սահմանադրական դատարանի կողմից սահմանված վերջնաժամկետը (2008 թվականի դեկտեմբերի 31) լրանալը, այլ նաև, ընդհանուր առմամբ, չի դիմել Վճռաբեկ դատարան` իր ֆինանսական դրությունը հաշվի առնելու համար: Այս համատեքստում մենք նշում ենք, որ Վճռաբեկ դատարանը դիմումատուի գործով որոշում չի կայացրել մինչև 2008 թվականի հոկտեմբերի 30-ը, այսինքն` Սահմանադրական դատարանի որոշումից երեք շաբաթ հետո և Սահմանադրական դատարանի կողմից սահմանված վերջնաժամկետը լրանալուց երկու ամիս առաջ:

5. Ամեն դեպքում, տվյալ իրավական պաշտպանության (առկայության դեպքում) անարդյունավետությունը, ինչպես սահմանվել է մեծամասնության կողմից, եղել է հարաբերական, այլ ոչ թե բացարձակ` հաշվի առնելով այն փաստը, որ դրա մատչելիությունը կախված է եղել դիմումատուի` հավատարմագրված փաստաբանի կողմից պահանջվող ծախսերը կրելու հնարավորությունից: Դիմումատուն պնդում է, որ ինքը ի վիճակի չի եղել վճարելու այն գումարը, որը հավանաբար կպահանջեր հավատարմագրված փաստաբանը: Այս փաստարկը մեզ համար շատ կարևոր է: Դատարանի մատչելիությունը երբևէ չպետք է խոչընդոտվի չափազանց մեծ ֆինանսական բեռով, և ցանկացած այդպիսի պնդում արժանի է Դատարանի պատշաճ ուշադրությանը:

Ներկայիս գործում, այնուամենայնիվ, դիմումատուի պնդումն այն մասին, որ իր վրա չափազանց մեծ ֆինանսական բեռ է դրվել, բավարար ձևով չի հիմնավորվել: Այս առնչությամբ, պատճառաբանումը շարունակում է մնալ ոչ համոզիչ, քանի որ պարզ է, որ մեծամասնությունն ընդունել է դիմումատուի` փաստաբանի ծառայությունների հետ կապված ծախսերի դիմաց վճարելու հնարավորություն չունենալու վերաբերյալ պնդումները` չփորձելով գնահատել նրա իրական վիճակը: Ի վերջո, մենք որևէ տեղեկություն չունենք ո՛չ դիմումատուի ֆինանսական վիճակի և ո՛չ էլ այն ծախսերի վերաբերյալ, որոնք նա կկրեր` իր վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարան ներկայացնելու համար: Ավելին, չկա որևէ ապացույց` բացի ակնհայտ հստակ օրենսդրական պահանջից, որ դիմումատուն երբևէ դիմել է հավատարմագրված փաստաբանի` նման բողոք ներկայացնելու հնարավոր ծախսերի վերաբերյալ հետաքրքրվելու համար:

6. Ինչ վերաբերում է փոխհատուցման հարցին, ապա դատավոր Վոյտիչեկը դեմ է քվեարկել դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց 14 000 եվրոյի չափով գումար շնորհելուն: Հաշվի առնելով նմանատիպ գործերով շնորհված փոխհատուցման չափը` նա գտել է, որ դիմումատուին շնորհված գումարը չափազանց մեծ է: Դատավոր Այքըն այս հարցի շուրջ համաձայնել է մեծամասնության հետ:

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
16.11.2017
N 27524/09
Վճիռ