Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 62356/09)

 

ՎՃԻՌ

 

(Արդարացի փոխհատուցում)

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

29 մարտի 2018 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Ալեշ Պեյխալ [Ales Pejchal],

Քրշիշտոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Թիմ Այքը [Tim Eicke],

Յովան Իլևսկի [Jovan Ilievski]` դատավորներ,

և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2018 թվականի մարտի 6-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Կարեն Պողոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2009 թվականի նոյեմբերի 18-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 62356/09) հիման վրա:

2. 2016 թվականի մարտի 31-ին կայացրած վճռով (հիմնական վճիռ) Դատարանը որոշել է, որ 2001 թվականի հունիսի 8-ի վերջնական վճռի բեկանմամբ, որի հետևանքով դիմումատուն զրկվել էր իր ունեցվածքից, այդ թվում` հողամասից, խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված երաշխիքները (տե՛ս Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Karen Poghosyan v. Armenia], թիվ 62356/09, § 45-53, 2016 թվականի մարտի 31):

3. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա` դիմումատուն պահանջել է 92 000 եվրո` որպես նյութական վնասի հատուցում, որը, ենթադրաբար, այն գույքի շուկայական արժեքն է, որից նա զրկվել էր բեկանման արդյունքում: Նա նաև պահանջել է 2 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

4. Քանի որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառման հարցը համապատասխան որոշում կայացնելու համար դեռ պատրաստ չէր, Դատարանն այն հետաձգել էր և Կառավարությանն ու դիմումատուին առաջարկել էր երեք ամսվա ընթացքում ներկայացնել այդ խնդրի վերաբերյալ իրենց գրավոր դիտարկումները և, մասնավորապես, Դատարանին տեղեկացնել իրենց միջև ձեռք բերված ցանկացած համաձայնության վերաբերյալ (նույն տեղում, § 57, և եզրափակիչ դրույթների 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր):

5. Դիմումատուն և Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրել են դիտարկումներ:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

6. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

 

7. Դիմումատուն ի սկզբանե պնդել է նյութական վնասի մասով իր պահանջը: Միևնույն ժամանակ նա պահանջել է իր գործի կրկին քննություն` հիմնական վճռի հիման վրա: 2016 թվականի սեպտեմբերի 22-ին նրա կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված` կրկին քննելու պահանջներն ընդունվել են, ինչի արդյունքում գործն ուղարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան` վերաքննության: Վերաքննությունից հետո Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է բեկանել իր` ավելի վաղ կայացված որոշումները և վերականգնել դիմումատուի իրավունքներն այն գույքի նկատմամբ, որից նա զրկվել էր: 2017 թվականի սեպտեմբերի 14-ին տվյալ գույքի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը պաշտոնապես գրանցվել է: 2017 թվականի հոկտեմբերի 28-ի` Դատարանին ուղղված գրությամբ դիմումատուն ընդունել է այն փաստը, որ իր սեփականության իրավունքը վերականգնվել է: Նա, այնուամենայնիվ, պնդել է 2 000 եվրո կազմող` ոչ նյութական վնասի մասով իր պահանջը:

8. Կառավարությունը Դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ այն որոշումները, որոնցով խախտվել են դիմումատուի իրավունքները, բեկանվել են, և նրա սեփականության իրավունքը վերականգնվել է: Այսպիսով, հաշվի առնելով դիմումատուի իրավունքների վերականգնմանն ուղղված` իշխանությունների կողմից համաչափ և ժամանակին ներդրված ջանքերը` Կառավարությունը պնդել է, որ ոչ նյութական վնասի մասով պահանջն անհիմն է, և խախտումն արձանագրելը դիմումատուի գույքային իրավունքների վերականգնման հետ միասին համարվում է համարժեք փոխհատուցում:

9. Դատարանը, նախ և առաջ, համարում է, որ սույն գործով նյութական վնասի հարցը լուծվել է: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի մասով պահանջին, ապա Դատարանը գնահատում է անվիճելի դրական զարգացումը, որ դիմումատուն կարողացել է հասնել տվյալ գույքի նկատմամբ ռեստիտուցիայի: Այնուամենայնիվ, այն չի կարող անտեսել այն փաստը, որ դիմումատուն առնվազն վեց տարի զրկված է եղել իր ունեցվածքից օգտվելու հնարավորությունից, ինչն առաջացրել է ոչ նյութական վնաս, ինչը չի հատուցվել ռեստիտուցիայով: Որոշում կայացնելով արդարության սկզբունքի հիման վրա` Դատարանը դիմումատուին շնորհում է 1 000 եվրո:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

10. Դիմումատուն նաև պահանջել է 1 410 եվրո` որպես հատուցում 2016 թվականի սեպտեմբերի 22-ին հարուցված` վերաքննության վարույթի ժամանակ իր իրավաբանական ներկայացուցչությունն ապահովելու հետ կապված ծախսերի համար: Նա ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին իր իրավաբանի հետ կնքած պայմանագրի պատճենը, որով ինքը պարտավորվել է Դատարանի` արդարացի փոխհատուցման վերաբերյալ վճռի կայացման օրվանից 15 օրվա ընթացքում վճարել վերը նշված գումարը:

11. Նախ և առաջ, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ցույց չի տվել, որ իրականում կրել է տվյալ ծախսերը` չներկայացնելով որևէ ապացույց, ինչպես օրինակ` հաշիվ- ապրանքագիր կամ բանկի վճարման հանձնարարական: Երկրորդ, ենթադրյալ ծախսերն առնչվել են հիմնական վճռի կայացումից հետո ընկնող ժամանակաշրջանին և, հետևաբար, դուրս են մնացել դիմումատուի սկզբնական բողոքի շրջանակներից: Վերջապես, եթե Դատարանը համարի, որ պետք է գումար շնորհվի, ապա դիմումատուի կողմից պահանջված գումարը չափազանց մեծ է:

12. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սա կարող է ներառել Կոնվենցիայի խախտումը կանխելու կամ խախտումների համար փոխհատուցում ստանալու նպատակով ներպետական շրջանակներում փաստացի և անհրաժեշտաբար կրած իրավաբանական ծախսերը (տե՛ս Էլեկտրաքարշերի ինժեներների և հրշեջների միավորված միությունը (ԷԻՀՄՄ) ընդդեմ Միացյալ Թագավորության [Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom], թիվ 11002/05, § 58, 2007 թվականի փետրվարի 27): Ինչ վերաբերում է Կառավարության առաջին առարկությանը, ապա Դատարանը նշում է, որ այն արդեն քննել և մերժել է ընդդեմ Հայաստանի մի շարք գործերում ներկայացված նմանատիպ փաստարկները (տե՛ս Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Saghatelyan v. Armenia], թիվ 7984/06, §§ 61-63, 2015 թվականի հոկտեմբերի 20 և Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի [Safaryan v. Armenia], թիվ 576/06, §§ 62-64, 2016 թվականի հունվարի 21): Ավելին, ինչպես նշվել է վերևում, տվյալ վարույթում դիմումատուն պահանջել և հասել է փոխհատուցման` գույքի ռեստիտուցիայի ձևով, որը հատուցում է հիմնական վճռում նշված` նրա գույքային իրավունքների խախտման համար (տե՛ս վերևում` 9-րդ պարբերությունը, տե՛ս նաև այդ համատեքստում, Պապամիխալոպուլոսը և այլք ընդդեմ Հունաստանի [Papamichalopoulos and Others v. Greece] (50-րդ հոդված), 1995 թվականի հոկտեմբերի 31, § 34 և հաջորդող պարբերությունները, շարք Ա թիվ 330Բ): Հետևաբար, Դատարանը նպատակահարմար է գտնում ամբողջովին բավարարել իրավաբանական ծախսերի մասով պահանջը:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

13. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Վճռում է, որ`

 

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց` 1 000 եվրո (հազար եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց` 1 410 եվրո (հազար չորս հարյուր տաս եվրո)` գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

 

2. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի մարտի 29-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

Ռենատա Դեգեներ                       Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս

Քարտուղարի տեղակալ                   Նախագահ

 

 

 

 

 


 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
29.03.2018
N 62356/09
Վճիռ