Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՊՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՊՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
 EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

 ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 ՊԱՊՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 (Գանգատ թիվ 7205/11)

 

 ՎՃԻՌ

 

 ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

 11 հունվարի 2018թ.

 

 Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

 Պապոյանն ընդդեմ Հայաստանի գործով,

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով`

 Ալեշ Պեյխալ [Ales Pejchal]` Նախագահ,

 Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

 Յովան Իլևսկի [Jovan Ilievski]` դատավորներ,

 և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

 2017 թվականի դեկտեմբերի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

 կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

 ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

 1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Մարգարիտա Պապոյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2010 թվականի դեկտեմբերի 29-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 7205/11) հիման վրա:

 2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ա. Բեգլարյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

 3. 2016 թվականի հուլիսի 11-ին վերջնական վճռի չկատարման վերաբերյալ բողոքն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի` համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի:

 

 ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

 4. Դիմումատուն ծնվել է 1949 թվականին և ապրում է Երևանում:

 5. 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունել է թիվ 1151-Ն որոշումը, որով հաստատել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները` 345 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:

 6. Ըստ երևույթին, դիմումատուն օտարման ենթակա տարածքում գտնվող հողակտորի վրա փոքր կրպակ է ունեցել: Նաև պարզվում է, որ իշխանությունները քանդել են այդ կրպակը` թիվ 1151-Ն որոշման շրջանակներում այդ տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար:

 7. 2002 թվականի հոկտեմբերի 10-ին, որպես դիմումատուի կրպակի համար փոխհատուցում, Երևանի քաղաքապետն ընդունել է թիվ 1785-Ա որոշումը` նրան շնորհելով Երևանի Կենտրոն վարչական շրջանի նշված հասցեում գտնվող 5 քառ. մետր հանրային օգտագործման հողակտորը յոթ տարով վարձակալելու և այդ հողակտորի վրա իր կրպակը կառուցելու ու աշխատեցնելու իրավունք: Նույն որոշմամբ քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի տեղական իշխանություններին լիազորել է դիմումատուի հետ կնքել վարձակալության պայմանագիրը:

 8. 2002 թվականի դեկտեմբերի 17-ին դիմումատուն ստացել է թիվ 1785-Ա որոշմամբ նշված հողակտորի շինարարության թույլտվությունը:

 9. 2006 թվականի դեկտեմբերի 26-ին և 2007 թվականի օգոստոսի 24-ին` թիվ 1785-Ա որոշման կատարման վերաբերյալ դիմումատուի կողմից հարցումներ կատարելուց հետո, Կենտրոն վարչական շրջանի իշխանություններն առաջարկել են, որ դիմումատուն իր հարցումներն ուղղի Երևանի քաղաքապետին, մինչդեռ 2007 թվականի մայիսի 1-ին և սեպտեմբերի 6-ին վերջինս առաջարկել է, որ դիմումատուն իր հարցումներն ուղղի Կենտրոն վարչական շրջանի իշխանություններին:

 10. 2008 թվականի փետրվարի 26-ին դիմումատուն քաղաքապետի և Կենտրոն վարչական շրջանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով կատարել թիվ 1785-Ա որոշումը:

 11. 2008 թվականի հուլիսի 30-ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի պահանջը և պարտավորեցրել Երևանի քաղաքապետին դիմումատուի հետ կնքել 1785-Ա որոշման մեջ նշված պայմանագիրը: Որևէ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և այդ վճիռը 2008 թվականի օգոստոսի 30-ին դարձել է վերջնական:

 12. 2008 թվականի սեպտեմբերի 9-ին Վարչական դատարանը 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կապակցությամբ տվել է կատարողական թերթ:

 13. 2008 թվականի սեպտեմբերի 24-ին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿ) կատարողական վարույթ է հարուցել Երևան քաղաքի (իշխանությունների) դեմ` պարտավորեցնելով տասն օրվա ընթացքում դիմումատուի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիրը:

 14. 2009 թվականի հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է բանակցություններ սկսել: Այնուամենայնիվ, դիմումատուն իր` 2009 թվականի հունիսի 30-ի նամակով հրաժարվել է Քաղաքապետարանի հետ բանակցելուց:

 15. 2009 թվականի մարտի 2-ին, ապրիլի 23-ին, հուլիսի 3-ին և 31-ին, նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 23-ին, 2010 թվականի մարտի 17-ին, 18-ին և ապրիլի 7-ին դիմումատուի` 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կատարման վերաբերյալ հարցումների հիման վրա հարկադիր կատարողները տեղեկացրել են դիմումատուին, որ 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կատարումն ընթացքի մեջ է, և որ նրան կտեղեկացնեն արդյունքների մասին:

 16. 2010 թվականի հունիսի 16-ին դիմումատուն ԴԱՀԿ-ի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով, որ Դատարանը Ծառայությանը պարտավորեցնի կատարել 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը:

 17. 2010 թվականի հունիսի 22-ին Վարչական դատարանը դիմումատուի պահանջի ընդունումը մերժել է` դիմումատուի` դատավարական իրավունակություն չունենալու հիմքով: Վարչական դատարանը պատճառաբանել է, որ դիմումատուն չի ապացուցել, որ իր իրավունքները խախտվել են ԴԱՀԿ-ի վարչարարության արդյունքում: Վարչական դատարանը նշել է, որ ԴԱՀԿ-ն որոշակի գործողություններ է իրականացրել 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կատարումն ապահովելու նպատակով, և որ կատարողական վարույթը դեռ ընթացքի մեջ է: Վարչական դատարանի 2010 թվականի հունիսի 22-ի որոշումը 2010 թվականի օգոստոսի 25-ին անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի` Վճռաբեկ դատարանի կողմից:

 18. 2010 թվականի հոկտեմբերի 21-ին և նոյեմբերի 4-ին` դիմումատուի կողմից հարցում կատարելուց հետո, հարկադիր կատարողը պատասխանել է, որ կատարումն ընթացքի մեջ է, և որ դիմումատուին կտեղեկացնեն արդյունքների մասին:

 19. 2011 թվականի հունվարի 24-ին, թիվ 1785-Ա որոշման կատարման վերաբերյալ դիմումատուի հարցումների համաձայն, Երևանի քաղաքապետը նրան տեղեկացրել է հողային օրենսդրության փոփոխության մասին և հիշեցրել դիմումատուին, որ վերջինս պետք է հողի վարձակալության պայմանագիր կնքի Կենտրոն վարչական շրջանի հետ:

 20. 2011 թվականի մայիսի 3-ին Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է քաղաքաշինության տեսանկյունից ընդունելի երեք տարբեր հողակտորներ: Այնուամենայնիվ, Քաղաքապետարանին ուղղված նամակով դիմումատուն հրաժարվել է հողակտորներից որևէ մեկն ընդունելուց:

 21. 2011 թվականի օգոստոսի 4-ին ԴԱՀԿ-ն, հիմնվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վրա, վարույթն ավարտելու մասին որոշում է կայացրել այն հիմքով, որ 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կատարումն անհնարին էր դարձել: Այն հիմնավորել է, որ Երևանի քաղաքապետը դիմումատուին ուղղված` 2009 թվականի հունիսի 17-ի գրությամբ առաջարկել է, որ 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կատարման համար դիմումատուն ներկայանա Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչություն, սակայն դիմումատուն դա չի արել:

 22. 2012 թվականի փետրվարի 27-ին դիմումատուն ԴԱՀԿ-ի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով 2011 թվականի օգոստոսի 4-ի որոշումն անվավեր ճանաչել, ինչպես նաև ԴԱՀԿ-ին պարտավորեցնել կատարել 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը:

 23. 2013 թվականի փետրվարի 15-ին Վարչական դատարանը մերժել է դիմումատուի առաջին պահանջը` հիմնավորելով, որ ԴԱՀԿ-ի 2011 թվականի օգոստոսի 4-ի որոշումն անվավեր ճանաչելու համար բավարար հիմքեր չկան: Այն մերժել է դիմումատուի երկրորդ պահանջի քննությունը:

 24. 2012 թվականի մայիսի 14-ին դիմումատուն ԴԱՀԿ-ի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ԴԱՀԿ-ին կատարել 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը:

 25. 2013 թվականի հունիսի 12-ին Վարչական դատարանը կարճել է վարույթը` իրավազորության բացակայության հիմքով: Որոշումն անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի` Վճռաբեկ դատարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 18-ին:

 26. 2013 թվականի հուլիսի 18-ին դիմումատուն հայց է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով, inter alia (ի թիվս այլնի), որ ԴԱՀԿ-ն վերսկսի 2011 թվականի օգոստոսի 4-ին ավարտված վարույթը: 2013 թվականի դեկտեմբերի 4-ին Վարչական դատարանը մերժել է դիմումատուի պահանջը` պատճառաբանելով, որ անհնարինության հիմքով ավարտված վարույթը վերսկսելու համար որևէ իրավական հիմք չկա:

 27. 2014 թվականի մարտի 3-ին դիմումատուն ԴԱՀԿ-ի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով, որ ԴԱՀԿ-ի` նոր կատարողական վարույթ հարուցելը մերժելու մասին 2014 թվականի փետրվարի 10-ի որոշումն անվավեր ճանաչվի, և որ ԴԱՀԿ-ն պարտավորեցվի նոր վարույթ սկսել:

 28. 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի առաջին պահանջը` ԴԱՀԿ-ի 2014 թվականի փետրվարի 10-ի որոշումն անվավեր ճանաչելով: Ինչ վերաբերում է դիմումատուի երկրորդ պահանջին, Վարչական դատարանն այդ մասով վարույթը կարճել է` իրավազորության բացակայության հիմքով:

 29. 2016 թվականի սեպտեմբերի 28-ի վճռին վերաբերող գործը դեռևս քննվում է Վերաքննիչ վարչական դատարանի կողմից:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 30. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածով սահմանվում են հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթն ավարտելու հիմքերը: 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:

 

 ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ  1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

 31. Դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով բողոքել է Վարչական դատարանի 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը չկատարելու մասով: Այդ դրույթներն այնքանով, որքանով վերաբերելի են, շարադրված են հետևյալ բովանդակությամբ`

 

 ՀՈԴՎԱԾ 6

 

 «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»:

 

 Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված

 

 «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

 Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:

 32. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:

 

 Ա. Ընդունելիությունը

 

 33. Դատարանը նշում է, որ այս գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

 Բ. Ըստ էության քննությունը

 

 1. Կողմերի փաստարկները

 

 ա) Դիմումատուն

 

 34. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը չկատարելը համարվում է իր` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտում: Վարչական դատարանն իր` 2008 թվականի հուլիսի 30-ի վճռով պարտավորեցրել է Քաղաքապետարանին դիմումատուի հետ կնքել 2002 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1785-Ա որոշման մեջ նշված պայմանագիրը: Ներպետական իշխանություններն իրավունք չունեին շեղվելու այդ հստակ վճռից: Դիմումատուին առաջարկվող մյուս հողակտորներն անընդունելի են եղել, քանի որ դրանք գտնվել են վճռում նշված համապատասխան հասցեից տարբերվող վայրում և այնպիսի տարածքում, որտեղ ձեռնարկատիրությամբ զբաղվելը պակաս շահութաբեր կլիներ, քան վճռում նշված հասցեում: Դիմումատուն առաջարկել է ինը տարբեր ընդունելի նոր տեղանքներ, սակայն Քաղաքապետարանը դրանք բոլորը մերժել է: Չնայած դիմումատուն ձեռնարկել է վճռի կատարմանն ուղղված բոլոր հնարավոր քայլերը, վճիռն ավելի, քան ութ տարի մնացել է չկատարված: Կատարողական վարույթն ավարտելով` ներպետական իշխանությունները խախտել են դիմումատուի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված իրավունքը:

 35. Իր օգտին կայացված վճիռն ավելի, քան ութ տարի կատարելու անհնարինությունը նաև համարվում է դիմումատուի գույքային իրավունքներին միջամտություն: Նա պարբերաբար դիմել է տարբեր պետական մարմիններ` պահանջելով վճռի կատարումը, բայց ապարդյուն: Հետևաբար, դիմումատուի` Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքները նույնպես խախտվել են:

 

 բ) Կառավարությունը

 

 36. Կառավարությունը պնդել է, որ ներպետական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները` պարտադիր ուժ ունեցող վճիռը կատարելու համար: 2008 թվականի հուլիսի 30-ին Վարչական դատարանը դիմումատուի օգտին վճիռ է կայացրել և պարտավորեցրել Քաղաքապետարանին կատարել թիվ 1785-Ա որոշումը: 2008 թվականի սեպտեմբերի 9-ի կատարողական թերթը ԴԱՀԿ` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու լիազորություն ունեցող միակ պետական մարմին ներկայացնելուց հետո հարկադիր կատարողն անմիջապես կատարողական վարույթ է հարուցել և պահանջել, որ Քաղաքապետարանը կատարի 2008 թվականի հուլիսի 30-ի վճռով նախատեսված պահանջները: 2009 թվականի հունիսի 17-ին Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է բանակցություններ սկսել, բայց դիմումատուն մերժել է այդ առաջարկը: 2011 թվականի մայիսի 3-ին Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է քաղաքաշինության տեսանկյունից ընդունելի երեք տարբեր հողակտորներ, սակայն դիմումատուն հրաժարվել է հողակտորներից որևէ մեկն ընդունելուց: Քանի որ վճիռը կատարելն անհնար էր դարձել, ԴԱՀԿ-ն 2011 թվականի օգոստոսի 4-ին կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում է կայացրել:

 37. Կառավարությունը պնդել է, որ ինքը դիմումատուն է խոչընդոտներ ստեղծել 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կատարման համար` անտեսելով իշխանությունների` նրան մեկ այլ հողակտոր տրամադրելուն ուղղված ջանքերը: 2009 թվականից ի վեր կրպակների` տվյալ տարածքում չգտնվելը և 2011 թվականից ի վեր Երևանի քաղաքային փողոցներում, հատկապես մայթերին գտնվող կրպակները քանդելը եղել է քաղաքային քաղաքականության մասը: Քաղաքականության այդպիսի փոփոխության արդյունքում դիմումատուին վճռում նշված տարածքում հողակտոր առաջարկելն անհնար էր դարձել: Առաջարկված երեք հողակտորները գտնվել են Երևանի նմանատիպ, շահութաբեր տարածքներում: Այսպիսով, վճռի կատարման ձգձգումը պայմանավորված է եղել դիմումատուի` իշխանությունների հետ համագործակցելու ցանկության բացակայությամբ: ՈՒստի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում տեղի չի ունեցել:

 

 2. Դատարանի գնահատականը

 

 38. Դատարանի` 6-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը մնար չգործող` ի վնաս կողմերից մեկի (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II): Դատարանի արդյունավետ մատչելիությունը ներառում է դատարանի որոշման` առանց անհարկի ձգձգումների կատարման իրավունքը:

 39. Նույն համատեքստում դիմումատուի` իր օգտին կայացված վճռի կատարմանը ողջամիտ ժամկետում հասնելու անհնարինությունը համարվում է միջամտություն ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը, ինչպես սահմանված է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վոյտենկոն ընդդեմ Ուկրաինայի [Voytenko v. Ukraine], թիվ 18966/02, § 53, 2004 թվականի հունիսի 29): Հետևաբար, պարտադիր ուժ ունեցող վճռի կատարումն անհիմն երկար ձգձգելը կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, ՄԻԵԴ 2002-III. Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Burdov v. Russia (no. 2)], թիվ 33509/04, § 65, ՄԻԵԴ 2009 թվական և Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 50-53, 2009 թվականի հոկտեմբերի 15):

 40. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նկատում է, որ 2008 թվականի հուլիսի 30-ի վճռով, որը վերջնական է դարձել 2008 թվականի օգոստոսի 30-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել դիմումատուի օգտին: 2008 թվականի սեպտեմբերի 9-ին Վարչական դատարանն այդ վճռի կապակցությամբ տվել է կատարողական թերթ: 2008 թվականի սեպտեմբերի 24-ին ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ է հարուցել Երևան քաղաքի [իշխանությունների] դեմ` պարտավորեցնելով տասն օրվա ընթացքում դիմումատուի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիրը: 2009 թվականի հունիսի 17-ին Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է բանակցություններ սկսել: 2011 թվականի մայիսի 3-ին Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է քաղաքաշինության տեսանկյունից ընդունելի երեք տարբեր հողակտորներ, սակայն դիմումատուն հրաժարվել է հողակտորներից որևէ մեկն ընդունելուց: Հետևաբար, 2011 թվականի օգոստոսի 4-ին ԴԱՀԿ-ն վարույթն ավարտելու մասին որոշում է կայացրել այն հիմքով, որ 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կատարումն անհնարին էր դարձել (տե՛ս վերևում 14-րդ և 20-21-րդ պարբերությունները): Դիմումատուն մի քանի անգամ փորձել է Վարչական դատարանում վիճարկել այդ որոշումը, սակայն ապարդյուն (տե՛ս վերևում 22-29-րդ պարբերությունները):

 41. Դատարանը նշում է, որ կողմերը կարծես համաձայն են, որ Վարչական դատարանի 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը մի քանի տարի մնացել է և դեռևս մնում է չկատարված: Դիմումատուին հողի վարձակալության վերաբերյալ բանակցելու հնարավորություն է տրվել, և նրան առաջարկվել են երեք տարբեր հողակտորներ պակաս շահավետ տարածքներում, սակայն մինչ օրս դիմումատուի և Երևան քաղաքի (իշխանությունների) միջև տվյալ վճռում նշված տարածքի վերաբերյալ վարձակալության պայմանագիր չի կնքվել:

 42. 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը, որը կայացվել էր ի օգուտ դիմումատուի, մնացել է չկատարված 2008 թվականի հոկտեմբերից մինչ օրս, այսինքն` ավելի, քան ութ տարի և տասնմեկ ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ այդ ուշացումը հիմնավորելու համար: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ` վերջնական վճիռը կատարելու համար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները զրկել են սույն գործով իրենց արդյունավետ ողջ ուժից:

 43. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

 44. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

 

 «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

 Ա. Վնասը

 

 45. Դիմումատուն պահանջել է 140 000 եվրո` որպես նյութական վնասի հատուցում, և 125 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 46. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի` նյութական վնասի մասով պահանջը հիպոթետիկ է, քանի որ գործի նյութերում այդպիսի կորուստների մասով որևէ ապացույց չկա: Դիմումատուն ցույց չի տվել եկամտի կորստի և ենթադրյալ խախտումների միջև պատճառահետևանքային կապը: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Կառավարությունը համարել է, որ դիմումատուի պահանջած գումարը չափազանցված է և պետք է նվազեցվի:

 47. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, հետևաբար, այն մերժում է այս պահանջը: Մյուս կողմից, Դատարանը գտնում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն որոշակի չափով ոչ նյութական վնաս է կրել: Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3 600 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

 Բ. Ծախսերը և ծախքերը

 

 48. Դիմումատուն նաև պահանջել է 996 եվրո` որպես հատուցում ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:

 49. Կառավարությունը համարել է, որ աշխատանքային ժամերի վերաբերյալ հստակեցում չի արվել` ինչպես պահանջվում է Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնով: Եվ ոչ էլ որևէ կերպ հիմնավորվել են փորձագետների, ֆաքսային, փոստային, պատճենահանման և տեղափոխման ծառայությունների մասով ծախսերը: Ամեն դեպքում, ծախսերի և ծախքերի համար պահանջվող գումարը չափազանցված է եղել և պետք է նվազեցվի:

 50. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը, մերժում է ներպետական վարույթում, ինչպես նաև Դատարանի վարույթում կրած ծախսերի և ծախքերի մասով պահանջը:

 

 Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

 51. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

 1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

 2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

 3. Վճռում է, որ`

 ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

 բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

 4. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

 Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի հունվարի 11-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

 Ռենատա Դեգեներ                       Ալեշ Պեյխալ

 Քարտուղարի տեղակալ                     Նախագահ

 

  

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
11.01.2018
N 7205/11
Վճիռ