ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԱՎԴ1/0018/01/17
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԱՎԴ1/0018/01/17
Նախագահող դատավոր` Մ. Պապոյան
Դատավորներ` Ա. Դանիելյան
Ռ. Բարսեղյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ`
դատախազ` Հ. Սաֆարյանի
2018 թվականի հունիսի 15-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ պաշտպան Ա. Ապրեսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի ապրիլի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 91161616 քրեական գործը:
Նախաքննության մարմնի կողմից 2016 թվականի մայիսի 25-ին Հովսեփ Արամայիսի Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով ու նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ Հ.Պապիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2016 թվականի հունիսի 9-ին քրեական գործի վարույթը կասեցվել է Հ.Պապիկյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով:
2016 թվականի հունիսի 29-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է, իսկ 2016 թվականի հուլիսի 28-ին Հ. Պապիկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի հուլիսի 28-ին քրեական գործի վարույթը կրկին կասեցվել է Հ. Պապիկյանի կողմից քննությունից թաքնվելու պատճառաբանությամբ:
2016 թվականի նոյեմբերի 2-ին Հ.Պապիկյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքում:
2016 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը` Հ. Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նրա հանձնումը մերժվել է:
2017 թվականի մարտի 7-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է ու Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ Հ. Պապիկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է:
2017 թվականի ապրիլի 20-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Պապիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով Հ.Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով ու 362-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Հ. Պապիկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
3. Ամբաստանյալ Հ. Պապիկյանի և պաշտպան Ա. Ապրեսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Հ. Պապիկյանի պաշտպան Ա. Ապրեսյանը: Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
4.1. 2018 թվականի ապրիլի 11-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Հ. Պապիկյանի պաշտպան Ա. Ապրեսյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ լրացել են ամբաստանյալ Հ. Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Հ. Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա, «(...) հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 58831 զորամասի պայմանագրային զինծառայող, զբաղեցնելով 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 1-ին դասակի 3-րդ ջոկի հրամանատարի պաշտոնը, կոչումով` սերժանտ, ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով, առանց հարգելի պատճառների ժամանակին` 2016 թվականի մարտի 24-ին, ծառայության չի ներկայացել և 2016 թվականի մարտի 29-ին` ժամը 13:00-ին, ներկայացել է զորամաս` բացակայելով 3 օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ: Բացի այդ, Հովսեփ Պապիկյանը ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, առանց հարգելի պատճառների ժամանակին` 2016 թվականի ապրիլի 12-ից ծառայության չի ներկայացել» (տե՛ս քրեական գործ» հատոր 1-ին, թերթ 111):
5.1. 2016 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը` Հովսեփ Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նրա հանձնումը մերժվել է (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 220):
5.2. 2017 թվականի ապրիլի 20-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Պապիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 186):
6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ` «(...) ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները:
(...) Հովսեփ Արամայիսի Պապիկյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով որակված են ճիշտ:
(...) Այդ արարքները Հովսեփ Արամայիսի Պապիկյանի կողմից կատարվել է մեղավորությամբ և կատարածի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի:
(...)
(...) Դատարանը, ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:
Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ` Դատարանն արձանագրում է, որ նա երիտասարդ է, ստացել է միջնակարգ կրթություն, ամուսնացած չէ, նախկինում դատված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է բացասական, իսկ դպրոցի տնօրենի կողմից` դրական:
(...)
(...) Դատարանը հանգում է այն հետևության, որ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով (...):
(...) Դատարանը հանգում է այն հետևության, որ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով (...):
(...)
(...) Դատարանը հաշվի առնելով (...) անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության փաստը, ինչպես նաև հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործության կատարման եղանակը, հանցավորի անձը` գտնում է, որ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ նպատակահարմար չէ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այն է` պատիժը պայմանականորեն չկիրառելը, հետևաբար` նշանակված 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժի ռեալ (իրական) կիրառման միջոցով միայն հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացվելիությունը:
(...)
Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դատական ծախսի հարցին` Դատարանն արձանագրում է, որ այդ ծախսը տվյալ դեպքում բաղկացած է սույն դատավճռի 17-րդ կետում նշված հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից Հովսեփ Արամայիսի Պապիկյանին էքստրադիցիայի ենթարկելու համար ծախսված 1.207.612 ՀՀ դրամ ընդհանուր գումարից, որի հատուցման պարտավորությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետք է դնել ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի վրա (...)» (տե՛ս քրեական գործ» հատոր 3-րդ, թերթեր 203-207):
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու և դասալքության հանցակազմերն իրենց մեջ պարունակում են նաև խրախուսական բնույթի նորմեր, որով օրենսդիրը հնարավորություն է տալիս արդեն ավարտված հանցագործություն կատարած անձին ազատվել քրեական պատասխանատվությունից:
Միաժամանակ, հարկ է նկատել, որ (...) նշված հոդվածներով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով: Ծանր հանգամանքներ ասելով` պետք է հասկանալ զինծառայողի կամ նրա մերձավորների այնպիսի հիվանդությունը, որն օբյեկտիվորեն զրկել էր նրան ներկայանալու հնարավորությունից, զինծառայողի մերձավորի մահը, զինծառայողի նկատմամբ այլ զինծառայողների կողմից սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի գործադրումը:
(...) Սույն քրեական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերը նշված պարտադիր պայմանը, այն է` ծանր հանգամանքների զուգորդման հետևանքը, սույն քրեական գործով առկա չէ, որպիսի պայմաններում հնարավոր չէ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 8-րդ մասով և 362-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հովսեփ Պապիկյանին ազատել քրեական պատասխանատվությունից:
Վերաքննիչ դատարանը (...) նշել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այլև նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Առաջին ատյանի դատարանը (...) եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որը նա պետք է կրի:
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում իրավացիորեն վերջինի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, ինչը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը և ուղղել պատժի ենթարկված անձին:
(...) Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, (...) գտնում է, որ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ նրա կատարած արարքների համար չի կարող նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 362-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաներով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն` նրա նկատմամբ կիրառելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, ինչպես նաև ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանի ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու, այսինքն` նրա նկատմամբ կիրառելի չէ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:
(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ հիմնավոր են Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 1.207.612 (մեկ միլիոն երկու հարյուր յոթ հազար վեց հարյուր տասներկու) ՀՀ դրամ` որպես հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումար, քանի որ ՀՀ ՊՆ 2017 թվականի փետրվարի 27-ի թիվ 161 գործուղման հրամանի ամփոփագրի համաձայն` Հովսեփ Պապիկյանի էքստրադիցիայի համար վճարվել է 1.207.612 (մեկ միլիոն երկու հարյուր յոթ հազար վեց հարյուր տասներկու) ՀՀ դրամ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 29-34):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է, որ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի համաձայն` ՌԴ գլխավոր դատախազությունը համաձայնություն է տվել Հ. Պապիկյանին հանձնելու ՀՀ իրավապահ մարմիններին` ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը մերժել է: Մինչդեռ տվյալ դեպքում, Հ.Պապիկյանը, առանց ՌԴ համապատասխան մարմինների համաձայնության, ենթարկվել է քրեական պատասխանատվության և պատժի նաև մինչև հանձնելը կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար, այսինքն, ըստ բողոքաբերի, տեղի է ունեցել միջազգային պայմանագրի և ներպետական օրենսդրության նորմերի խախտում, որը դատական ակտերը բեկանելու և փոփոխելու հիմք է:
Բողոքաբերը գտել է, որ դատական ակտը հակասում է նաև հանձնված անձի քրեական հետապնդման սահմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
8.1. Ըստ բողոքի հեղինակի` Հ.Պապիկյանը հանցավոր արարքները կատարել է ընտանեկան ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով: Իսկ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտում նշված ծանր հանգամանքների ցանկը չի կարող սպառիչ համարվել, ուստի, ըստ բողոքաբերի, ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 8-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանման և կիրառման առումով առկա է իրավունքի զարգացման խնդիր:
8.2. Բողոքի հեղինակը գտել է նաև, որ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայությունը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը վկայում են, որ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ հնարավոր է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 64-րդ հոդվածների պահանջները:
8.3. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները, անուշադրության մատնելով Հովսեփ Պապիկյանի նյութական վիճակը` այն, որ նա անվճարունակ է, դատական ծախսի գանձումը կարող է էապես ազդել բազմանդամ ընտանիքի անդամների նյութական վիճակի վրա, դատական ծախսի գանձումը դրել են ամբաստանյալի վրա: Ավելին` ըստ բողոքաբերի` այդ դատական ծախսերի չափը հիմնավորված և արդարացված չէ, դրանք հիմնավորող որևէ ապացույց դատարան չի ներկայացվել:
8.4. Բացի այդ, բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի կողմից դատական ծախսերը կարող են դրվել դատապարտյալի վրա, իսկ Հովսեփ Պապիկյանը դատապարտյալի կարգավիճակ չունի, քանի որ նրա նկատմամբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
9. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել ու փոփոխել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի որոշումը, Հովսեփ Պապիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և ազատել քրեական պատասխանատվությունից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության դեպքում` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ սահմանափակվել կրած պատժաչափով կամ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան:
9.1. Բողոք բերած անձը խնդրել է նաև Հովսեփ Արամայիսի Պապիկյանին ազատել որպես պետական եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Հ. Պապիկյանին մինչև հանձնելը կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար, առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության, քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու մասին ստորադաս դատարանների դատական ակտերը:
11. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները, այն է` առանց հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկել մինչև հանձնելը նրա կատարած այն հանցագործության համար, որի կապակցությամբ նա չի հանձնվել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն`
«Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 480-րդ հոդվածի համաձայն`
«1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած և օտարերկրյա պետության տարածքում գտնվող անձինք` Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած հանցանքների համար նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:
(...)
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները` համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի համաձայն`
«1. Եթե սույն գլխի նորմերով սահմանված կարգով անձը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասությանն է հանձնվել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար, ապա առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` այդ անձը չի կարող քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել (...)»:
12. Սույն գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Հ. Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2016 թվականի նոյեմբերի 2-ին Հ.Պապիկյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքում: 2016 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը` Հ. Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նրա հանձնումը մերժվել է: Մինչդեռ 2017 թվականի ապրիլի 20-ին քրեական գործը, ըստ մեղադրանքի Հ. Պապիկյանի, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան: Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը Հ. Պապիկյանին մեղավոր են ճանաչել և դատապարտել են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով:
Արդյունքում Հ. Պապիկյանը քրեական պատասխանատվության և պատժի է ենթարկվել մինչև հանձնելը նրա կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել, այսինքն` տեղի է ունեցել միջազգային պայմանագրի և ներպետական օրենսդրության նորմերի խախտում:
13. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հ. Պապիկյանին մինչև հանձնելը կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար, առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության, քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու մասին ստորադաս դատարանների դատական ակտերն իրավաչափ չեն:
13. Հիմք ընդունելով վերը շարադրված եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից խախտվել են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ, 480-րդ և 499-րդ հոդվածների պահանջները: Նշված հանգամանքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, հիմք է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով Հ. Պապիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
14. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում բարձրացված մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 8.1-րդ, 8.3-8.4-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են և բխում են սույն գործի փաստական տվյալներից և գործող օրենսդրության պահանջներից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր են նաև ամբաստանյալ Հ. Պապիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ կամ 70-րդ հոդվածները կիրառելու հիմքերի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները:
14.1. Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված դիմումի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 4.1-րդ կետը), ապա հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Հ. Պապիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում դրան անդրադառնալը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
2. Հանցանքների համակցությամբ ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ սահմանված 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված և գումարված 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը` վերջնական թողնելով կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով:
3. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան