Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ, 426.2-ՐԴ, 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0184/01/14

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0184/01/14

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

դատավորներ` Կ. Ղազարյան

Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   

2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում 2011 թվականի հունվարի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 17100411 քրեական գործը:

2011 թվականի մարտի 26-ին Ռուբիկ Ռուբիկի Մկրտչյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննական մարմնի նույն օրվա այլ որոշումներով Ռ.Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին, և հայտարարվել է հետախուզում:

1.1 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում 2013 թվականի ապրիլի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58204213 քրեական գործը:

2013 թվականի նոյեմբերի 6-ին Ռ.Մկրտչյանը բերման է ենթարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:

2013 թվականի նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել թիվ 58204213 քրեական գործը թիվ 17100411 քրեական գործին միացնելու և մեկ վարույթում շարունակելու մասին:

2014 թվականի հոկտեմբերի 4-ին Ռ.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի հոկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 24-ի դատավճռով Ռ.Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նույն դատավճռով Ռ.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի մարտի 18-ի դատավճռով նշանակված պատիժը` որպես պատիժ նշանակելով ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Նույն դատավճռով Ռ.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է պատիժների համակցությամբ նշանակված պատժի չկրած մասից` 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս 12 (տասներկու) օրից, 1 (մեկ) տարին և որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. Մեղադրող Գ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման վերանայման վարույթ, և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Մեղադրողի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Առաջին ատյանի դատարանի` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Գ.Սարգսյանին հասցեագրված 2017 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ ԴԴ1746921 գրության պատճենը, որի համաձայն` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԿԴ/0184/01/14 դատավճռի օրինակը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին(1):

________________________

1) Տե՛ս նյութեր, թերթ 10:

 

6. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Սույն քրեական գործի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2017թ. դատավճռի պատճենը գործով մեղադրող, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Գ.Սարգսյանը ստացել է 05.09.2017 թ.:

(...) Մեղադրող (...) Գ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2017 թվականի հոկտեմբերի 05-ին` դատավճռի հրապարակվելու օրվանից 1 (մեկ) ամիս 11 (տասնմեկ) օր, ինչպես նաև այն ստանալու օրվանից 1 (մեկ) ամիս հետո:

Վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ գործով մեղադրող (...) Գ.Սարգսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված կարգով չի ներկայացրել միջնորդություն` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, հետևաբար վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ»(2):

________________________

2) Տե՛ս նյութեր, թերթեր 13-14:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի կարծիքով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից` 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ արված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի` թիվ ՍԴՈ-1394 որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը, ինչն ազդել է Վերաքննիչ դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության վրա:

Բողոքաբերը նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը նոր հանգամանք է Վերաքննիչ քրեական դատարանի` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը բեկանելու համար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա` Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ (2017 թվականի դեկտեմբերի 8) բողոքաբերն ունեցել է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավունքը իրացնելու հնարավորություն:

8. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը` սահմանելով վերաքննիչ բողոքը քննության առնելու Վերաքննիչ դատարանի պարտականությունը:

 

i

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը հիմք է Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը վերանայելու և բեկանելու համար:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «1. Վերաքննիչ բողոք բերվում են` 1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում.

(...)»:

11. ՀՀ սահմանադրական դատարանը, 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշմամբ քննության առնելով վերոնշյալ դրույթի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, արձանագրել է, որ «(...) ա) բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա վերադաս դատական ատյան բողոք բերելու համար հիմք պետք է ընդունել օրենքով նախատեսված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով (այդ թվում` էլեկտրոնային) հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման,

բ) նման պարագայում, երբ բողոքաբերի կողմից հստակ փաստարկված ու հիմնավորված է, որ դատական ակտը դատարանի թերացման արդյունքում օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի` առանց միջնորդության ձևական պահանջի ու դրա հայեցողական քննարկումների,

(...)»:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է նաև, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորում է դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով (այդ թվում` էլեկտրոնային) հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման (...)»(3):

________________________

3) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշման 12-րդ կետը:

 

i

12. Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշմամբ արտահայտած դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Սևակ Սարգսյանի գործով որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «(...) օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ բողոք ներկայացնելու անձի իրավունքին ուղիղ համեմատական է լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն ապահովելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը: ՈՒստիև արդար դատաքննության իրավունքի մասնավոր տարրը համարվող դատարանի մատչելիության իրավունքի ապահովման տեսանկյունից կարևորվում է, որ օրենքով սահմանված ժամկետների խախտման դեպքերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով նախատեսված` բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու պահանջը չպայմանավորվի այն դեպքերով, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետները բաց են թողնվում շահագրգիռ անձի կամքից անկախ հանգամանքներով: Այսպես` այն դեպքերում, երբ անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ծանոթանալու բողոքարկվող դատական ակտին, ինչը, սակայն, պայմանավորված չի եղել իր պարտականությունների թերացման կամ իրավունքների չարաշահման հետ, այլ եղել է վարույթն իրականացնող մարմնի գործողության կամ անգործության արդյունք, ապա տվյալ դեպքերում բողոքարկման ժամկետի բացթողումը պետք է իրավունքի ուժով (ex jure) համարվի հարգելի, և նման դեպքերում չպետք է դատական պաշտպանություն հայցող անձի վրա դրվեն ձևական պահանջների կատարման պարտականություններ(4) (...)»:

________________________

4) Տե՛ս Սևակ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԿԴ/0089/12/17 որոշման 14-րդ կետը:

 

i

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի համաձայն` «(...) Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

(...)

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերի ուժով զրկված են եղել Սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից. (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

(...)»:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

ա) Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 24-ի դատավճռի պատճենը դատավարության մասնակիցներին ուղարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին,

բ) ՀՀ գլխավոր դատախազությունում դատավճռի պատճենը ստացվել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին(5),

________________________

5) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

գ) վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2017 թվականի հոկտեմբերի 5-ին(6),

________________________

6) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

դ) Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է դատավճիռը հրապարակվելու օրվանից 1 (մեկ) ամիս 11 (տասնմեկ) օր ուշացումով, ինչպես նաև այն ստանալու օրվանից 1 (մեկ) ամիս հետո, և չի ներկայացվել միջնորդություն բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ(7):

________________________

7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

15. Սույն որոշման 14-րդ կետում վկայակոչված քրեադատավարական դրույթների, ինչպես նաև սույն որոշման 11-րդ կետում մեջբերված` ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 13-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սույն գործով կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշման եզրափակիչ մասում բացահայտված բովանդակությունից տարբեր մեկնաբանությամբ:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումը հիմք է Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը վերանայելու և բեկանելու համար` գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ռուբիկ Ռուբիկի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը վերանայել և բեկանել` գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԵԿԴ/0184/01/14
Որոշում