ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
6 ապրիլի 2000 թվական N 13
24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 1999 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը`
ա) միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման համար նախատեսված միջոցները ժամանակին հատկացնելու սորտաթարմացման (3 մլն դրամ), հակահեղեղային (12 մլն դրամ), գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի (4,2 մլն դրամ), ոռոգման համակարգերը ոռոգման շրջանին նախապատրաստելու (12 մլն դրամ) և ջրամբարների նորոգման (2 մլն դրամ) աշխատանքները ժամանակին ապահովելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ապահովել ոռոգման համակարգերը, մելիորատիվ նշանակություն ունեցող ջրամբարները ոռոգման շրջանին նախապատրաստելու և հակահեղեղային միջոցառումների իրականացումը` 2000 թվականի մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի անցկացրած սելեկտորային խորհրդակցության N 8-51 արձանագրության NN 1, 2 և 4 հավելվածներին համապատասխան.
գ) Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք գարնանացան գարու սուպերէլիտային սերմերից հատկացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սերմնաբուծական տնտեսություններին.
դ) ուսումնասիրել Քարահունջ - Կոռնիձոր մայր ջրանցքի և դյուկերային համակարգի վերականգնման, Արծվանիկ գյուղի ոռոգման 7 կմ երկարությամբ ինքնահոս ջրագծի և ներքին ցանցերի, «Սադղի լիճ» ջրամբարի դոտացիոն ջրանցքի 4 կմ, Ծավ-Շիկահող 7 կմ երկարությամբ ոռոգման ինքնահոս ջրագծի կառուցման աշխատանքների իրականացման հարցերը և դրանք ընդգրկել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի վերականգնման և գյուղատնտեսության զարգացման ծրագրերում.
ե) ուսումնասիրել Ագարակ քաղաքի ոռոգման մեխանիկական համակարգի հիմնանորոգման և ցանցի խմբավորման աշխատանքների իրականացման հարցը.
զ) աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը գյուղատնտեսության փոխօգնության բանկի վարկավորման գործընթացում ընդգրկելու համար.
է) քննարկել տեղական գյուղատնտեսական հումքը վերամշակող արտադրությունների կազմակերպման հնարավորությունների հարցը.
ը) քննարկել Կապանի նախկին վարչական շրջանի անտառային տարածքները Կապանի անտառատնտեսության տնօրինությանը վերադարձնելու հարցը.
թ) ՀՍՆՀ-ի տնօրեն Ա. Կիրակոսյանի հետ համատեղ քննարկել Ալդարայի ջրհան կայանի առաջին աստիճանի տակ գտնվող լրացուցիչ 27 հա այգիների ոռոգումն ապահովելու հնարավորությունը և մեկամսյա ժամկետում արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վ. Մովսիսյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության հետ համատեղ քննարկել Նորավանի պետական սերմնաբուծական տնտեսության հողերի օգտագործման վիճահարույց հարցը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հարցի լուծման տարբերակներ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարզային ենթակայության կազմակերպությունների ու մարզի տարածքում պետական պատվերով կատարված աշխատանքների գծով նախորդ տարիներում կուտակված պարտքերի մարման ժամանակացույց, այդ թվում` առաջնահերթ կարգով մարել առողջապահական կազմակերպություններին ունեցած պարտքերը.
բ) քննարկել զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար ֆինանսական միջոցների տրամադրման հարցը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Սիսիանում զինվորականների համար կառուցվող բնակելի շենքի շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Մեղրի քաղաքի կոմունալ տնտեսությունում, զինծառայողների, ուսուցիչների և երեխաների փոխադրման ծախսերի նախորդ տարիներում առաջացած պարտքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մարելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ պետական կարիքների համար անհրաժեշտ գյուղատնտեսական մթերքների և սննդամթերքի գնումներն իրականացնելիս նախապատվությունը տալ տեղական արտադրանքին:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը`
ա) 20-օրյա ժամկետում նախապատրաստել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի հիմնախնդիրների հայեցակարգային ծրագրից բխող 2000 թվականի միջոցառումները ներառելով ականապատված հողատարածքների ականազերծման աշխատանքները.
բ) քննարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ջրմուղ-կոյուղու ամբողջ համակարգը համապատասխան համայնքների տնօրինությանը հանձնելու հարցը.
գ) հանձնաժողովի միջոցով ուսումնասիրել Գորիսի և Կապանի քաղաքապետների որոշումների հիման վրա կրթական և մշակութային մի շարք կազմակերպությունների ղեկավարներին աշխատանքից ազատելու հիմնավորվածությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից նշված քաղաքապետներին անվստահություն հայտնելու հարցը և 10-օրյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` համապատասխան նախարարությունների հետ համատեղ քննության առնել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում չսեփականաշնորհված «փոքր» օբյեկտները համայնքների սեփականությանը հանձնելու խնդիրը:
8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ ուսումնասիրել Մեղրու տարածաշրջանում սահմանամերձ առևտրի կազմակերպման հարցը.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1994-1999 թվականներին կուտակված հողի հարկի ապառքների մարման վերաբերյալ առաջարկություններ.
գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել համայնքների կողմից հողի հարկի, գույքահարկի գանձումները:
9. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ա. Եղիազարյանին`
ա) ուսումնասիրել Գորիսի տրիկոտաժի ֆաբրիկայի գործունեությունը և քննարկել ֆաբրիկային 150 հազ. ԱՄՆ-ի դոլարի չափով վարկավորման հնարավորությունը: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն.
բ) կազմել Կապանի լեռնամետալուրգիական կոմբինատի պարտքերի մարման ժամանակացույց` այն համաձայնեցնելով Հայարդշինբանկի հետ:
10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ կազմել Կապանի լեռնամետալուրգիական կոմբինատի էլեկտրաէներգիայի պարտքի մարման ժամանակացույց` պարտքի մարումն սկսելով 2003 թվականից, նոր ընթացիկ պարտքեր չգոյացնելու պայմանով:
11. Մեղրու տարածաշրջանի կարևոր հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Մարտիրոսյան (հավաք) - ՀՀ վարչապետի խորհրդական
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Ս. Այվազյան - ՀՀ պետական եկամուտների նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Զադոյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ա. Եղիազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Մովսիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Ռ. Նավասարդյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ա. Խուդավերդյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Հանձնաժողովին`
ա) ուսումնասիրել Ագարակի լեռնամետալուրգիական կոմբինատի ներկայիս տնտեսական վիճակը, զարգացման ծրագրերի իրատեսությունը և 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կոմբինատի հետագա աշխատանքն ապահովելու վերաբերյալ.
բ) 15-օրյա ժամկետում ուսումնասիրել Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրները և մշակել տարածաշրջանի զարգացմանն ու բնակչությանը տեղում ամրապնդելու միջոցառումների ծրագիր:
12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համատեղ քննարկել Մեղրու պահածոների ու գինու գործարանների գործունեությունը և դրանց կողմից` տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններում արտադրվող գյուղատնտեսական մթերքների մթերման ու վերամշակման ծավալների ավելացման հնարավորությունները:
13. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ա. Եղիազարյանին Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու համապատասխան վարկատու կազմակերպությունների հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Մեղրու տարածաշրջանի փոքր ու միջին ձեռնարկությունների և տնտեսությունների վարկավորման ծրագիր:
14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` 10-օրյա ժամկետում լուծել Մեղրու բնակչությանը պատկանող` ոռոգման նպատակով օգտագործվող խորքային հորերի պոմպերի կողմից ծախսվող էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու հարցը:
15. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը` քննարկել`
ա) 10-օրյա ժամկետում` Մեղրու տարածաշրջանի առողջապահական համակարգի հիմնախնդիրները, մասնավորապես, բժշկական կադրերով ապահովվածությունը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահական համակարգում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու հարցը` հիվանդանոցային և պոլիկլինիկական բազայի խոշորացման միջոցով:
16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում քննարկել`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցները (հատկապես բարձր լեռնային և սահմանամերձ համայնքների) մանկավարժական կադրերով համալրելու նպատակով Գորիսի կրթահամալիրի մանկավարժական ֆակուլտետում «Պատմություն և իրավագիտություն», «Աշխարհագրություն» մասնագիտությունների գծով բաժինների բացման հարցը.
բ) Գորիսի համայնքային կառավարմանը հանձնված դպրոցները Սյունիքի մարզային կառավարմանը հանձնելու հարցը դրանք թողնելով փորձարկվող դպրոցների ցանկում:
17. Ընդունել ի գիտություն`
ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Է. Ղազարյանի հայտարարությունն այն մասին, որ համակարգի գրադարանային ֆոնդի հնարավորություններից օգնություն ցույց կտրվի Մեղրու գրադարանին վերջինիս գրքային ֆոնդն ավելացնելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վ. Հարությունյանի հայտարարությունը Կապանի երաժշտական ուսումնարանի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու մասին:
18. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում նախապատրաստել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերում Հայաստանի Հանրապետության ազգային հեռուստատեսության հաղորդումների ընդունման ծրագիր:
19. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ քննարկել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ազգային հեռուստատեսության ալիքով որոշակի ժամանակահատվածում տեղական հեռուստածրագրերի անվճար հեռարձակման հնարավորության հարցը:
20. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն համայնքների սահմաններում և դրանցից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալական վճարների, կոմունալ - կենցաղային ծառայությունների դիմաց վճարումների, 2000 թվականին համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման ապահովման միջոցառումների մասին: