Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՅՆ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ, ՈՐ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԷԴ/0090/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0090/01/17

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   

                   մասնակցությամբ` պաշտպան    Դ. Գյուրջյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 11-ի որոշման դեմ ամբաստանյալ Վարդան Յոսիֆի Գերավետյանի պաշտպան Դ.Գյուրջյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Վ.Գերավետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել է հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ` զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով` 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին` ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին(1):

_______________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 13-16:

 

2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հունիսի 23-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ, ի թիվս այլոց, Վ.Գերավետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ թիվ ԵԷԴ/0050/01/17 քրեական գործից անջատվել է Վ.Գերավետյանի, Ա.Մանուկյանի, Հ.Հարությունյանի, Թ.Թամրազյանի, Ա.Հակոբյանի, Տ.Մանուկյանի, Մ.Հակոբյանի, Ա.Հակոբյանի, Ս.Կյուրեղյանի, Գ.Իրիցյանի, Թ.Թորոսյանի վերաբերյալ մասը և առանձնացվել է առանձին վարույթում:

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ, ի թիվս այլոց, Վ.Գերավետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

3. 2017 թվականի նոյեմբերի 28-ին ամբաստանյալ Վ.Գերավետյանի պաշտպան Դ.Գյուրջյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով կալանքից անհապաղ ազատ արձակել ամբաստանյալ Վ.Գերավետյանին կամ խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում այն վերացնել կամ փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Գերավետյանի պաշտպան Դ.Գյուրջյանի միջնորդությունը մերժել է և այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի:

4. Ամբաստանյալ Վ.Գերավետյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 11-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը:

5. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Գերավետյանի պաշտպան Դ.Գյուրջյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունիսի 23-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշման եզրափակիչ մասում նշել է. «(...) Վ.Գերավետյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը հիմնավոր է, հետևաբար այն վերացնելու կամ փոփոխելու հիմքեր չկան»(2):

_______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 72:

 

6.1. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 16-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշման եզրափակիչ մասում նշել է. «(...) Վ.Գերավետյանի նկատմամբ խափանման միջոց թողնել նշանակված կալանավորումը»(3):

_______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 80:

 

7. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի նոյեմբերի 28-ի` «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ արձանագրել է. «(...)Գործը դատարանի վարույթ ընդունվելու պահից և այնտեղ քննության ողջ ընթացքում անձին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ օրենսդրորեն չսահմանելու դրույթը ցույց է տալիս, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու ընթացակարգը դատաքննության ընթացքում կիրառելի չէ: Գործը դատարանում քննության ընթացքում դատարանի իրավասության շրջանակը սահմանվել է` խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցերը լուծելով: Ընդ որում` ընտրելու կամ չընտրելու հարցը քննելու գործառույթը կիրառելի է խափանման միջոց ընտրված չլինելու, իսկ հիմնավոր լինելը կամ չլինելը` ընտրված լինելու պայմաններում:

(...)

Այսպիսով, Դատարանը գտնում է, որ Վ.Գերավետյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ առկա են Դատարանների կողմից կայացված որոշումներ, ուստի վերջինս կալանքի տակ է գտնվում իրավական հիմքով, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ պաշտպան Դավիթ Գյուրջյանի միջնորդությունն այդ մասով անհիմն է և այն պետք է մերժել:

(...)

Դատարանը գտնում է, որ սույն գործով դեռևս բավարար հիմքեր կան ենթադրելու, նաև առկա է հիմնավոր կասկածն առ այն, որ ամբաստանյալ Վ.Գերավետյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով կամ այլ ճանապարհով խոչընդոտել դատարանում գործի քննությանը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարել, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց:(...) Բացի այդ ներկա պահին բացակայում են նաև Վ.Գերավետյանի նկատմամբ ընտրված` կալանավորում խափանման միջոցը փոխելու հիմքերը:

(...)

Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի սահմանվում, որ դատարանը պարտավոր է յուրաքանչյուր կալանավորվածի տրամադրել որոշակի երաշխիքով ազատ արձակվելու հնարավորություն, դատարանը միայն պարտավոր է քննարկել և լուծել այն հարցը, թե արդյոք հնարավոր է անձին ազատ արձակել, այդ թվում` որոշակի այլընտրանքային երաշխիք ստանալով: ՈՒստի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա անձի երաշխիքով ազատ արձակելն առանձին դեպքերում կարող է ճանաչվել անթույլատրելի, երբ կոնկրետ փաստերով հիմնավորվում է, որ այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել անձի ոչ իրավաչափ վարքագիծը նրա ազատ արձակելու դեպքում:

Վերոգրյալների հիման վրա, Դատարանը գտնում է, որ կալանավորման այլընտրանքային երաշխիք գրավն ի զորու չէ կանխելու Վ.Գերավետյանի ոչ իրավաչափ վարքագիծը և չի կարող զսպիչ նշանակություն ունենալ և երաշխավորել դատաքննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը:

Այսպիսով, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Գերավետյանի պաշտպան Դ.Գյուրջյանի միջնորդությունը` Վ.Գերավետյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու կամ կալանավորումը հիմնավոր գտնելու դեպքում այն վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին պետք է մերժել և ամբաստանյալ Վ.Գերավետյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի»(4):

_______________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 97-98:

 

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Քրեական գործը դատական քննության նախապատրաստելու ընթացքում իրականացվող դատավարական գործողությունները կարգավորող 40-րդ գլխի դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ այդ փուլում բոլոր հարցերը քննարկվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են դատավորի կողմից` առանց դատավարության մասնակիցների ներկայության և առանց դատական նիստ հրավիրելու: Նշված գլխում սահմանված չէ որևէ ընթացակարգ, որը դատարանին հնարավորություն կտար մեղադրյալին և (կամ) պաշտպանին մասնակից դարձնելու նույն գլխում ներառված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկի կայացմանը, այդ թվում նաև` խափանման միջոցի հարցի քննարկմանը:

(...) Հիմք ընդունելով նախորդ կետում մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ անփոփոխ թողնելն ինքնին չի հակասում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթներին, ոչ իրավաչափ չէ և հիմք չի տալիս մեղադրյալի (ամբաստանյալի) ազատության իրավունքի հետագա սահմանափակումն առանց դատարանի որոշման և ապօրինի որակելու համար:

(...)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալ Վ.Գերավետյանի պաշտպան Դ.Գյուրջյանի միջնորդությունը մերժելու մասին 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը բավարար չափով պատճառաբանված ու հիմնավորված է ինչպես կալանքի, այնպես էլ գրավի կիրառման անթույլատրելիության մասով, և դրանց հիման վրա Առաջին ատյանի դատարանի կողմից արված եզրահանգումների հետ չհամաձայնելու իրավաչափ հիմքեր չկան: Այլ կերպ` ամբաստանյալ Վ.Գերավետյանի պաշտպան Դ.Գյուրջյանի միջնորդությունը մերժելու մասին 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան»(5):

_______________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 147-149:

 

9. ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր(6):

_______________________

6) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշումը:

 

9.1. 2018 թվականի հունիսի 13-ին ամբաստանյալ Վ.Գերավետյանի պաշտպաններ Դ.Գյուրջյանը և Ա.Ֆանյանը միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցով կամ թույլատրելի ճանաչել 500.000 ՀՀ դրամի չափով գրավի կիրառումը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է վերջիններիս ներկայացրած միջնորդությունը, ամբաստանյալ Վ.Գերավետյանի նկատմամբ թույլատրելի է համարել գրավի կիրառումը` գրավի գումար սահմանելով նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` մեկ միլիոն ՀՀ դրամի չափով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանները թույլ են տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ և 293-րդ հոդվածների խախտումներ, միաժամանակ կայացված որոշումները հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 16-ին «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշում կայացնելիս, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, չի կայացրել օրենսդրությամբ սահմանված որոշումներից մեկը, այն է` ամբաստանյալ Վ.Գերավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, փոխելու կամ խափանման միջոց ընտրելու մասին, այլ սոսկ արձանագրել է, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավորված է:

10.1. Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 23-ի և 2017 թվականի հոկտեմբերի 16-ի «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշումները, որոնցով անդրադարձել են նաև ամբաստանյալ Վ.Գերավետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հարցին, չունեն որևէ փաստական և իրավական վերլուծություն, առկա չէ որևէ հիմնավորում կալանքի կիրառման հիմքերի և պայմանների մասին, բացի այդ, որոշումները չեն համապատասխանում օրենսդրությամբ դրանց ներկայացվող պահանջներին: Ավելին` Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ այն պարագայում, երբ այն իր ժամկետը սպառած է եղել դեռևս 2017 թվականի օգոստոսի 1-ին:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատական նիստն անցկացվել է առանց ամբաստանյալներին և նրանց պաշտպաններին պատշաճ կերպով ծանուցելու, իսկ խափանման միջոց կալանքի հարցի քննարկման ժամանակ չի քննարկվել այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցը: Արդյունքում խախտվել է իր պաշտպանյալի անձնական ազատության, լսված լինելու, խափանման միջոցի կիրառման դեմ առարկություններ ներկայացնելու իրավունքները:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 11-ի որոշումը, անհապաղ ազատ արձակել Վ.Գերավետյանին կամ վերացնել ընտրված խափանման միջոց կալանավորումը կամ այն փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ դատական քննությանը նախապատրաստվելիս խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կայացվում է առանց դատավարության մասնակիցների ներկայության և առանց դատական նիստ հրավիրելու:

13. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննելու ժամանակ, մասնավորապես, անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքներ նախատեսված չեն:

(...)

Սահմանադրական դատարանը, կարևորելով անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, միաժամանակ գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ընթացքում պետք է ապահովել ինչպես պաշտպանության, այնպես էլ` մեղադրանքի կողմի մասնակցությունը` ելնելով քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից:

(...)

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանն իր նախաձեռնությամբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը որոշելիս չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և կողմերը չեն կարող զրկված լինել իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում` այն կարող է պարունակել վտանգ, որ դատարանն իր վրա է վերցնում մեղադրանքի կամ պաշտպանության գործառույթներ: Բացի դրանից, դատարանը զրկվում է հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու փաստացի հնարավորությունից, որի երաշխավորման կարևոր նախապայման է նաև կողմերի կարծիքները, փաստարկները, դիրքորոշումները լսելը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում` դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում` մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի` իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, չի ապահովում անձի` դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը` օրենքով սահմանված կարգով: Հետևաբար այն չի համապատասխանում նաև արդար դատաքննության չափանիշներին:

(...)

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որը չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, համահունչ չէ ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի շրջանակներում ձևավորված անձնական ազատության իրավունքի սահմանափակման չափորոշիչներին (...):

(...)

Ելնելով մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև դատարանի կողմից կալանքի` որպես խափանման միջոցի, ընտրության և հիմնավորվածության հարցի քննության քրեադատավարական ընթացակարգերի օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը պետք է ապահովվի, մասնավորապես, մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը (ինչպես նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, մասնավորապես, 285-րդ և 312-րդ հոդվածներով)` առաջնորդվելով անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ»(7):

_______________________

7) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.1-4.4-րդ կետերը:

 

13.1. Ամփոփելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պայմաններում, երբ գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննարկվում է առանց մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության, չեն ապահովվում անձի անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքները:

Հետևաբար, ելնելով ազատության, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից, քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը պետք է ապահովվի(8):

_______________________

8) Տե՛ս mutatis mutandis Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԷԴ/0063/01/17, Արմեն Սողոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 1 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0250/01/17 որոշումները:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 16-ի գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ անդրադարձել է նաև Վ.Գերավետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր լինելու կամ չլինելու հարցին և, գտնելով, որ այն հիմնավոր է, կայացրել է ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշում(9):

_______________________

9) Տե՛ս սույն որոշման 2-րդ և 6.1-րդ կետերը:

 

Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Գերավետյանի պաշտպան Դ.Գյուրջյանի միջնորդությունը` Վ.Գերավետյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու կամ կալանավորումը հիմնավոր գտնելու դեպքում այն գրավով փոխարինելու մասին, մերժել է և ամբաստանյալ Վ.Գերավետյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի(10):

_______________________

10) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն իր հերթին մերժել է ամբաստանյալի պաշտպանի վերաքննիչ բողոքը` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի` պաշտպան Դ.Գյուրջյանի միջնորդությունը մերժելու մասին 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշումն ինչպես կալանքի, այնպես էլ գրավի կիրառման անթույլատրելիության մասով բավարար չափով պատճառաբանված ու հիմնավորված է: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու ընթացքում բոլոր հարցերը քննարկվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են դատավորի կողմից` առանց դատավարության մասնակիցների ներկայության և առանց դատական նիստ հրավիրելու, և որ նման ընթացակարգ օրենսդրորեն սահմանված չէ(11):

_______________________

11) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ, խախտում է անձի ազատության իրավունքը` անհապաղ դատարանի առջև կանգնելու և իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքների տեսանկյունից:

Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումն առ այն, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում` դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում` մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի` իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վիճարկվող իրավակարգավորումը չի ապահովում նաև անձի` դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը: Հետևաբար նման պայմաններում ստորադաս դատարանների հետևությունները չեն բխում անձի` Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից:

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ դատական քննությանը նախապատրաստվելիս խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կայացվում է առանց դատավարության մասնակիցների ներկայության և առանց դատական նիստ հրավիրելու, հիմնավոր չէ:

17. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման` վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորության հարցին(12)` կաշկանդված լինելով վճռաբեկ բողոքի սահմաններով:

_______________________

12) Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Լևոն Սողոմոնյանի վերաբերյալ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0274/01/15 որոշումը:

 

18. Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից բարձրացված այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 16-ի «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, չի կայացրել օրենքով սահմանված որոշումներից որևէ մեկը, այն է` ամբաստանյալ Վ.Գերավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, փոխելու կամ խափանման միջոց ընտրելու մասին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է: Այսպես` գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով իրավասու է ինչպես ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու խափանման միջոցը, այնպես էլ ընտրված խափանման միջոցը համարելու հիմնավոր և թողնելու անփոփոխ:

19. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն փաստում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել սույն որոշման 15-րդ կետում արձանագրված դատավարական իրավունքի խախտումներ: Թեև թույլ տրված համապատասխան խախտումներին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշման 9.1-րդ կետում մատնանշված փաստական հանգամանքների պայմաններում, ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավաբանական նշանակությունը), ուստիև վճռաբեկ բողոքը պետք է մերժել:

Վերոնշյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի` սույն որոշման 10.1-րդ կետում մեջբերված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Վարդան Յոսիֆի Գերավետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 11-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԵԷԴ/0090/01/17
Որոշում