Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0056/11/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0056/11/17

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ դիմող Քաջիկ Համայակի Մանուկյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. Դիմողներ Քաջիկ և Սուսաննա Մանուկյանների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62226216 քրեական գործը:

i

Քննիչ Ս.Մինասյանի (այսուհետ` նաև Քննիչ)` 2016 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, և քրեական գործի վարույթը կարճվել է մի շարք անձանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ, 149-րդ, 154.6-րդ, 308-րդ, 333-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ք.Մանուկյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի (այսուհետ` նաև Դատախազ)` 2017 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ մերժվել է:

2. Քննիչի և Դատախազի որոշումների դեմ դիմողներ Քաջիկ և Սուսաննա Մանուկյանների բողոքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ըստ ընդդատության ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարան բողոք է ներկայացրել նաև դիմողների ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանը:

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 28-ի որոշմամբ դիմողների և նրանց ներկայացուցչի բողոքները մերժվել են:

3. Ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ք.Մանուկյանը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը 2018 թվականի մարտի 20-ին որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան) դիմելու մասին:

i

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի` «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, (...), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապատասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող` միևնույն ժամանակ հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի դեկտեմբերի 1-ը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ կասեցված գործի վարույթը վերսկսվել է:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

i

5. Վերաքննիչ դատարանը, 2017 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ առանց քննության թողնելով դիմողների ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանի վերաքննիչ բողոքը, հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և 2-րդ մասին` նշելով, որ. «(...) Դիմողներ Քաջիկ և Սուսաննա Մանուկյանների ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքում առկա չէ բողոք ներկայացնող անձի ստորագրությունը, հետևաբար այն չի համապատասխանում վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պահանջներին, ուստի այն պետք է թողնվի առանց քննության»1:

________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 124-125:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

6. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի էական խախտում, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հանգեցրել է սխալ դատական ակտի կայացմանը: Բողոքի հեղինակը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը ստորագրված չլինելու ձևական սխալի պատճառով առանց քննության թողնելը հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության, դատական մատչելիության իրավունքների, ինչպես նաև դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու իրավունքի խախտման:

7. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորագրված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն արդյո՞ք հանգեցրել է դիմող Ք.Մանուկյանի դատական մատչելիության իրավունքի խախտման:

i

9. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

(...)

8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը»:

10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատական մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով2,

________________________

2 Տե՛ս Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

 

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը3,

________________________

3 Տե՛ս նույն տեղում:

 

- դատական մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն4,

________________________

4 Տե՛ս Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

 

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա5:

________________________

5 Տե՛ս Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

 

Դատական մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի6:

________________________

6 Տե՛ս Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

 

i

11. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատական մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»7:

________________________

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

 

i

12. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման8:

________________________

8 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետ:

 

i

12.1. Վկայակոչելով վերաքննիչ բողոք բերելու հետ կապված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված կարգավորումները, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Դրանք իրենց ընդհանուր բովանդակությամբ միտված են նախատեսելու իրավական միջոցներ, ընթացակարգեր` քրեական վարույթի շրջանակներում վերաքննության կարգով դատական բողոքարկման` անձանց սահմանադրական իրավունքի իրացման համար: Հետևաբար, իրավական այդ նպատակին ընդհանուր միտվածությունը հետապնդում է Սահմանադրությամբ նախանշված նպատակ, քանի որ այդ կարգավորումներն օբյեկտիվորեն կոչված են ապահովելու Սահմանադրության նորմերի կիրառումը:

Միաժամանակ վերոհիշյալ իրավակարգավորման ամբողջական վերլուծությունից հետևում է, որ այն պարունակում է նաև վերաքննիչ բողոքին ներկայացվող զուտ բովանդակային պահանջներ: Այսպես` բողոք բերող անձը պարտավոր է շարադրել «բողոքի հիմքերը և պահանջը», «վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ` որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը», «առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները»:

Նման պայմաններում ակնհայտ է, որ վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել»9:

________________________

9 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.3-րդ կետ:

 

i

12.2. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Սահմանադրական դատարանը փաստել է. «(...) Քրեական վարույթի շրջանակներում դատարանի կողմից վերաքննիչ բողոքը քննության ընդունելու նախապայմանների որևէ խախտման դեպքում (օրինակ` դատարանի անվանումը և բողոքին կցվող նյութերի ցանկը չնշելը, բողոք ներկայացնող անձի ստորագրության բացակայությունը և այլն) վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության: Գրեթե նույնաբովանդակ նորմ է պարունակում նաև Օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասը` համաձայն որի` «(...) բողոքը կարող է թողնվել առանց քննության և վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին»: Արդյունքում` բողոք բերած անձը զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով վերադաս դատական ատյանի (տվյալ դեպքում` վերաքննիչ դատարանի) կողմից վերանայման` Սահմանադրության 69-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքի իրացման հնարավորությունից: (...) Անձի` դատական բողոքարկման իրավունքի իրացման վերոհիշյալ նախապայմանները նախատեսելիս օրենսդիրն ըստ էության տարբերակված մոտեցում չի դրսևորել այս կամ այն նախապայմանի խախտման և դրան հաջորդող հնարավոր իրավական հետևանքների առումով` կապված, մասնավորապես, բողոքի ներկայացման շրջանակներում ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող այս կամ այն վրիպումը (սխալը) շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորության նախատեսման հետ, ինչն առկա է քաղաքացիական և վարչական գործերով արդարադատական գործող ընթացակարգերում: Սակայն, տարբերակված մոտեցում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում` վճռաբեկ բողոքարկման ընթացակարգում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածն ըստ էության սահմանազատել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու և այն առանց քննության թողնելու դեպքերը:

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ: Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով, սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը: Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին: (...)

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը` վերաքննիչ բողոքի ներկայացման շրջանակներում չի կարող ընկալվել և կիրառվել որպես բողոքը դատարանի կողմից վերադարձնելու իրավական հիմք, եթե առկա է հիշյալ նորմում մատնանշված սխալները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու ողջամիտ հնարավորություն (...)»10:

________________________

10 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.5-րդ կետ:

 

12.3. Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի` «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, (...), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապատասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին:

i

12.4. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև փաստել, որ թեև Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող դրույթը ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը հակասող, դրա ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ պետք է հաշվի առնվի իր կողմից կայացված որոշման հրապարակման դրությամբ և մինչև համապատասխան օրենսդրական կարգավորումն ընկած ժամանակահատվածում անձանց` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման իրենց իրավունքի իրացման երաշխավորման անհրաժեշտությունը11:

________________________

11 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետը:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ դիմողներ Քաջիկ և Սուսաննա Մանուկյանների ներկայացուցիչ Ա.Սաղաթելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջներից` բողոքը ներկայացրած անձի ստորագրության բացակայության հիմքով12:

________________________

12 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-12.4-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը չստորագրելու ձևական պահանջի չպահպանման հիմքով Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակել է բողոքաբերի դատական մատչելիության իրավունքը:

Մասնավորապես, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող` բողոքի ստորագրման` իր բնույթով ձևական պահանջը շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում բողոքն առանց քննության թողնելը դիմողին զրկել է դատական բողոքարկման իր իրավունքից` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով կայացվել է վերջնական որոշում, որը բացառել է գործով վարույթը Վերաքննիչ դատարանում սկսելու հնարավորությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորագրված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հանգեցրել է դիմող Ք.Մանուկյանի դատական մատչելիության իրավունքի խախտման:

15. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմողներ Քաջիկ Համայակի Մանուկյանի և Սուսաննա Արամայիսի Մանուկյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԵԿԴ/0056/11/17
Որոշում