Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ: ԻՐԱՎԱՉԱՓ Է ԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵՄԴ/0007/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՄԴ/0007/01/17

Նախագահող դատավոր` Ն. Հովակիմյան

Դատավորներ` Ա. Մնացականյան

Կ. Մարդանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հայկ Ժորաի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 16140516 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Հայկ Ժորաի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Մուրադ Ալբերտի Տեր-Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի հունվարի 12-ին քրեական գործը` ըստ մեղադրանքի Հ.Վարդանյանի և Մ.Տեր-Ավետիսյանի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հուլիսի 19-ի դատավճռով ամբաստանյալ Հայկ Ժորաի Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` գույքի` 254.010 ՀՀ դրամի, 176 ԱՄՆ դոլարի, 500 ՌԴ ռուբլու, 50 եվրոյի բռնագրավմամբ:

Հ.Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նույն դատավճռով ամբաստանյալ Մուրադ Տեր-Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածով Մ.Տեր-Ավետիսյանի նկատմամբ նշանակվել է նաև հարկադիր բուժում թմրամոլության դեմ, իսկ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ամբաստանյալ Հ.Վարդանյանի պաշտպան Ա.Քարամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Հ.Վարդանյանի մասով բեկանել ու փոփոխել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 19-ի դատավճիռը, վերջինիս մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` դատապարտելով ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Հ.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) Իրացնելու նպատակով, գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել և իր բաճկոնի տարբեր գրպաններում ապօրինի պահել խոշոր չափի` 0,1838 գրամ ընդհանուր քաշով Բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 15 հատ ամբողջական և 17 հատ մասնատված հաբեր, 4 առանձին փաթեթներում փաթեթավորված, զգալի չափի` ընդհանուր 2,75 գրամ հաստատուն քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոց, զգալի չափի` ընդհանուր 0,35 գրամ քաշով Տրամադոլ տեսակի հոգեմետ միջոց պարունակող 7 հատ դեղահաբեր, որոնցից 0,016 գրամ քաշով բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 2 ամբողջական հաբերը 2016թ. սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքի Աերացիա թաղամասի թիվ 1/10 հասցեի շենքի մոտակայքում 80.000 ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Մուրադ Ալբերտի Տեր-Ավետիսյանին:

Նույն օրը «Կանեփ-Կակաչ» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ, ժամը 20:45-ին թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Հայկ Ժորաի Վարդանյանին Երևան քաղաքի Սվաճյան փողոցի 42 շենքի մոտակայքից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ նրա հագուստների տարբեր գրպաններից հայտնաբերվել է խոշոր չափի` 0,1678 գրամ ընդհանուր քաշով Բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 13 ամբողջական և 17 մասնատված հաբերը, 4 առանձին փաթեթներում փաթեթավորված, զգալի չափի` ընդհանուր 2,75 գրամ հաստատուն քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոցը, զգալի չափի` ընդհանուր 0,35 գրամ քաշով Տրամադոլ տեսակի հոգեմետ միջոց պարունակող 7 հատ դեղահաբերը (...)»(1):

________________________

1) տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 28-29:

 

6. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 19-ի դատավճռի համաձայն` «(...) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հայկ Ժորաի Վարդանյանի կողմից տրված (...) ցուցմունքները և ամբաստանյալ Մուրադ Ալբերտի Տեր-Ավետիսյանի կողմից թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի մասով տրված ցուցմունքներն արժանահավատ չեն, այդպիսի ցուցմունքներ տալով Հայկ Ժորաի Վարդանյանը նպատակ է հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից, իսկ Մուրադ Ալբերտի Տեր-Ավետիսյանը փորձում է օգնել նրան, այդ ցուցմունքները հերքվեցին և ամբաստանյալներ Հայկ Ժորաի Վարդանյանին ու ամբաստանյալ Մուրադ Ալբերտի Տեր-Ավետիսյանին մեղսագրվող հանցավոր արարքները հիմնավորվեցին քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով.

(...)

- Մուրադ Տեր-Ավետիսյանի մասնակցությամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսագրության զննություն կատարելու մասին 29.09.2016թ. կազմված արձանագրությամբ, որի համաձայն, միջոցառման ընթացքում Մուրադ Տեր-Ավետիսյանը հայտնում է, որ իր անձնական խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցը նույն օրը գնել է «Իմացար» մականունով հայտնի Հայկ Վարդանյանից` դրա դիմաց վճարելով 80000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր դեղահաբի համար 40000 ՀՀ դրամ /հատոր 1, գ.թ. 96-99/:

- Մուրադ Տեր-Ավետիսյանի մասնակցությամբ կատարված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսագրությունը պարունակող սկավառակով, այն իրեղեն ապացույց ճանաչելու և քրեական գործի նյութերին կցելու մասին 27.12.2016թ. որոշմամբ /հատոր 1, գ.թ. 95, հատոր 2, գ.թ. 121-122/:

(...)

Այսպիսով, դատարանը հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցությամբ, ապացուցված է համարում Հայկ Ժորաի Վարդանյանին առաջադրված մեղադրանքը»(2):

________________________

2) տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 160-165:

 

7. Վերաքննիչ դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննելով գործը, կայացրել է որոշում, համաձայն որի` «(...) Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում անդրադառնալով բողոքարկվող դատական ակտի հիմքում դրված ապացույցների` մասնավորապես իրեղեն ապացույց ճանաչված` «ներքին դիտում» ՕՀՄ-ի տեսագրության սկավառակը և այդ տեսագրությունը զննելու մասին 29.09.2016թ. կազմված արձանագրությունը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցին, Վերաքննիչ դատարանը արձանագրում է հետևյալը.

Ըստ գործի նյութերի` 27.09.2016թ. ժամը 15.05-ին Մուրադ Տեր-Ավետիսյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:

Նույն օրը` 27.09.16թ. ժամը 20.45-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել Հայկ Վարդանյանը` ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով:

Մուրադ Տեր-Ավետիսյանի և Հայկ Վարդանյանի վերաբերյալ նախապատրաստվել են նյութեր: Նախապատրաստված նյութերը նույն օրը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ուղարկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին` հետագա ընթացքը լուծելու համար:

Վերը նշված նյութերի հիման վրա 27.09.2016թ. ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՔԲ ավագ քննիչ Գ.Սաղոյանը որոշում է կայացրել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268 հոդվածի 1-ին մասով թիվ 16140516 քրեական գործը հարուցելու մասին:

Ըստ գործի նյութերի` 27.09.2016թ. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ.Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով թույլատրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ՔՀԲ-ի թիվ 307 աշխատասենյակում /Ա.Սարգսյան 22/ Մուրադ Ալբերտի Տեր-Հովհաննիսյանի նկատմամբ 3-օրյա ժամկետում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում, հայտնելով, որ 27.09.2016թ. ժամը 15.05-ին Մուրադ Տեր-Ավետիսյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին` ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ «B-8» գրառմամբ սուբոտեքս կոչվող թմրամիջոցի նմանվող դեղահաբ: Այնուհետև նշել է, որ փաստի առթիվ 27.09.2016թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 16140516 քրեական գործը:

Նաև նշել է, թե օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մ.Տեր-Ավետիսյանը հնարավոր է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերած լինի խոշոր չափերի թմրամիջոց:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նույն օրը` 27.09.2016թ. քննության առնելով վերը նշված միջնորդությունը, բավարարել է այն:

Չնայած, թե ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ.Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդության, թե Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշման մեջ ժամ արձանագրված չէ, սակայն ելնելով քրեական գործի նյութերից, մասնավորապես այն հանգամանքից, որ Հայկ Վարդանյանը 27.09.2016թ. ժամը 20.45-ին է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին` ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, պետք է եզրահանգել, որ քննիչ Գ.Սաղոյանը Հայկ Վարդանյանի և Մուրադ Տեր-Ավետիսյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցել է թիվ 16140516 քրեական գործը առնվազն 27.09.2016թ. ժամը 20.45-ից հետո:

Դրանից հետո է միայն ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ.Պողոսյանը դիմել դատարան` Մուրադ Տեր-Ավետիսյանի նկատմամբ «ներքին դիտում» կատարելու թույլտվություն ստանալու մասին` փաստելով թիվ 16140516 քրեական գործը հարուցված լինելու մասին:

Վերաքննիչ դատարանը հետազոտելով քրեական գործի նյութերն ըստ մեղադրանքի Հայկ Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Մուրադ Տեր-Ավետիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով, հետազոտելով նաև վերը նշված գործով իրեղեն ապացույց ճանաչված «ներքին դիտում» տեսագրության լազերային սկավառակը` այն համակարգչի մեջ տեղադրելու եղանակով, փաստում է, որ տեսագրությունը տեղափոխվել է լազերային սկավառակի վրա 27.09.2016թ. ժամը 17.37-ին, հետևաբար տեսագրությունը կատարվել է դրանից առաջ:

Վերաքննիչ դատարանը նաև փաստում է, որ քրեական գործի նյութերում չկա արձանագրություն այն մասին, թե ով, երբ, որտեղ, ում նկատմամբ, դատարանի որ որոշման հիման վրա է իրականացրել «ներքին դիտում» ՕՀՄ-ն, որը, սակայն, օրենքի իմպերատիվ պահանջ է:

(...)

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (...) իրավանորմերի բովանդակային վերլուծության հիման վրա անդրադառնալով սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված` «ներքին դիտում» ՕՀՄ-ի տեսագրության սկավառակը և այդ տեսագրությունը զննելու մասին 29.09.2016թ. կազմված արձանագրությունը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցին, Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ մեղադրանքի հիմքում դրված` իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակը, որը պարունակում է Մուրադ Տեր-Ավետիսյանի մասնակցությամբ կատարված «ներքին դիտում» ՕՀՄ-ի տեսագրությունը, չի կարող օգտագործվել մեղադրանքի նպատակով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի համաձայն այն անթույլատրելի ապացույց է, քանի որ վերը նշված ՕՀՄ-ը կատարվել է այդ պահին դատարանի որոշման բացակայության պայմաններում, առանց դատարանի թույլտվության:

Հետևաբար անթույլատրելի է նաև վերը նշված տեսաերիզը զննելու մասին արձանագրությունը (...)»(3):

________________________

3) տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 61-64:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 127-րդ, 382-րդ, 385-րդ հոդվածների պահանջները: Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի` Տ.Առաքելյանի, Հ.Հակոբյանի, Հ.Սահակյանի և մի շարք այլ գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ մեղադրանքի հիմքում դրված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները պետք է ճանաչել անթույլատրելի ապացույց, իրավաչափ չէ: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի այդ հետևությունը հիմնված չէ Առաջին ատյանի կամ Վերաքննիչ դատարանում այդ ապացույցի հետազոտության վրա, և Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգել է` նշված կրիչը համակարգչի մեջ տեղադրելու եղանակով ուսումնասիրելով: Վերաքննիչ դատարանն այդ սկավառակը չի հետազոտել դատաքննության ընթացքում, և դատավարության մասնակիցները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված այդ ապացույցի հետազոտմանն ու ներկայացնել իրենց դիրքորոշումը դրա թույլատրելիության վերաբերյալ:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ դատավարության մասնակիցներն ընդհանրապես զրկված են եղել Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված այդ հանգամանքի քննարկմանը մասնակցելու հնարավորությունից: Բացի այդ, անհասկանալի է, թե ի վերջո Վերաքննիչ դատարանի որոշմամբ կարևորված ամսաթվի կամ ժամի մասին նշումները որտեղ են կատարված, ինչպես է դատարանը դրանք ի հայտ բերել, արդյոք այդ հանգամանքն առհասարակ հնարավոր է պարզել առանց հատուկ գիտելիքների տիրապետող մասնագետի, և արդյոք դրանք իսկապես վերաբերում են լազերային սկավառակի վրա առկա տեսագրությանն ընդհանրապես, դրա` կրիչի վրա փոխադրմանը մասնավորապես և եթե այո, ապա արդյոք միանշանակ հաստատում են, որ տեսագրությունը հենց այդ ժամին է փոխադրվել կրիչի վրա:

Բողոքաբերը եզրահանգել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի պահպանել ապացույցների հետազոտման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները, չի ապահովել դրանց հետազոտումը արդարության բոլոր պահանջների պահպանմամբ և ապացույցի հետազոտման անհրաժեշտություն տեսնելու պայմաններում վերանայման վճռաբեկության դատավարական ձևից վերաքննության անցնելու փոխարեն` անհայտ պայմաններում անհայտ համակարգչով և անհայտ եղանակով լազերային կրիչի ուսումնասիրությամբ անհայտ տեղում արձանագրել է ամսաթվի և ժամի վերաբերյալ նշումներ:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 8-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցը կրկին հետազոտելու դատավարական կարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

 

I. Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության դատավարական կարգը պահպանելը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից պահպանվել է գործը վճռաբեկության կարգով քննելու իրավական ընթացակարգը:

i

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում` նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր նյութեր կամ միջնորդելու դատարան կանչել իրենց նշած վկային կամ փորձագետին, նշանակելու փորձաքննություն, եթե նրանք հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում շարադրված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում հետազոտվում են միայն կողմի միջնորդությամբ, և եթե դատարանը դա համարում է անհրաժեշտ»:

i

13. Վերլուծելով վերաքննիչ դատարանում գործի քննության դատավարական կանոնները` Վճռաբեկ դատարանը Գևորգ Հախնազարյանի գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կարող է իրականացվել կա՛մ վերաքննության կարգով (քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ գլխի կանոններով) կա՛մ վճռաբեկության կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կանոններով):

(...) Վերաքննիչ դատարանը կարող է գործը քննել վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով միայն այն դեպքում, երբ` (...)

բ) վերաքննիչ բողոք կամ բողոքի պատասխան ներկայացրած կողմը նոր նյութեր չի ներկայացրել և չի միջնորդել հավաքելու կամ հետազոտելու նոր ապացույցներ, կամ վերաքննիչ դատարանն այն համոզման է եկել, որ կողմը, միջնորդելով գործին կցել նոր նյութեր, կամ դատարան կանչել իր նշած վկային կամ փորձագետին կամ նշանակել փորձաքննություն, չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանում օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կատարելու վերոնշյալ գործողությունները, կամ որ դրանց կատարման վերաբերյալ միջնորդությունները առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել են անհիմն: (...) Եթե վերաքննիչ դատարանը գործը դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ չի նշել վճռաբեկության կարգով գործը քննելու իր մտադրության մասին, ապա այլևս չի կարող բողոքի քննության ժամանակ փոխել այդ որոշումը և գործը քննել վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով: Սակայն, եթե վերաքննիչ դատարանը որոշել է գործը քննել վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով, ապա գործի քննության ժամանակ կարող է փոխել որոշումը և գործը քննել վերաքննիչ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով, եթե օբյեկտիվորեն առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերը»(4):

________________________

4) տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գևորգ Հախնազարյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0219/01/08 որոշումը, կետեր 11-րդ և 19-րդ:

 

Վճռաբեկ դատարանը, զարգացնելով Գ.Հախնազարյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Լևոն Պետրոսյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է. «(...) Ի տարբերություն գործի քննության վերաքննության կարգից վճռաբեկության կարգին անցում կատարելուն` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասու է գործը դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ այն վճռաբեկության կարգով քննելու մասին նշում կատարելուց հետո փոխել այդ որոշումը և գործը քննել վերաքննության կարգով, եթե հիմնավոր է համարում կողմի այն պարզաբանումները, որ նոր նյութեր կամ նոր ապացույցներ հավաքելու կամ հետազոտելու միջնորդություններ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացնելը պայմանավորված է նրանով, որ դրանք առաջին ատյանի դատարան ներկայացնելու օբյեկտիվ հնարավորությունը բացակայել է կամ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն մերժվել է»(5):

________________________

5) տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լևոն Պետրոսյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴ/0137/01/14 որոշումը, կետ 23.1:

 

14. Զարգացնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի վերաքննության կարգով, ինչպես նաև իրավասու է գործը դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ այն վճռաբեկության կարգով քննելու մասին նշում կատարելուց հետո փոխելու այդ որոշումը և գործը քննելու վերաքննության կարգով ոչ միայն, եթե հիմնավոր է համարում կողմի այն պարզաբանումները, որ նոր նյութեր կամ նոր ապացույցներ հավաքելու կամ հետազոտելու միջնորդություններ Վերաքննիչ դատարան ներկայացնելը պայմանավորված է նրանով, որ դրանք առաջին ատյանի դատարան ներկայացնելու օբյեկտիվ հնարավորությունը բացակայել է, կամ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն մերժվել է, այլև եթե Վերաքննիչ դատարանն ինքը անհրաժեշտ է համարում հետազոտել գործում առկա որևէ ապացույց: Վերաքննիչ և վճռաբեկ վերանայման ռեժիմների որակական տարբերությունն այն է, որ ի տարբերության վճռաբեկության կարգի, որը ենթադրում է բացառապես իրավունքի հիմքով վերանայում, վերաքննության ռեժիմը ենթադրում է գործի փաստական կողմը վերանայելու, ապացույցները հետազոտելու հնարավորություն: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գործում եղած կամ նոր ներկայացված ապացույց (ապացույցներ) հետազոտելու անհրաժեշտության դեպքում Վերաքննիչ դատարանում գործի քննությունը պետք է իրականացվի վերաքննության, այլ ոչ թե վճռաբեկության կարգով:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, վճռաբեկության կարգով քննության առնելով քրեական գործը, միևնույն ժամանակ իր դատական ակտում ուղղակիորեն նշել է, որ «Վերաքննիչ դատարանը հետազոտելով (...) վերը նշված գործով իրեղեն ապացույց ճանաչված «ներքին դիտում» տեսագրության լազերային սկավառակը` այն համակարգչի մեջ տեղադրելու եղանակով, փաստում է, որ տեսագրությունը տեղափոխվել է լազերային սկավառակի վրա 27.09.2016թ. ժամը 17.37-ին, հետևաբար տեսագրությունը կատարվել է դրանից առաջ»(6):

________________________

6) տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

16. Սույն որոշման 14-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քրեական գործում առկա ապացույցներից «ներքին դիտում» տեսագրության լազերային սկավառակը հետազոտելու անհրաժեշտության պարագայում Վերաքննիչ դատարանը, թեև որոշում էր կայացրել վճռաբեկության կարգով գործի քննություն անցկացնելու մասին, պետք է անցներ գործի քննության վերաքննության կարգի:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից գործը վճռաբեկության կարգով քննելու իրավական ընթացակարգը չի պահպանվել:

 

II. Վերաքննիչ դատարանի կողմից ապացույցների հետազոտման կարգը պահպանելը.

17. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսագրության սկավառակն անթույլատրելի ապացույց ճանաչելն այն պայմաններում, երբ այն չի հետազոտվել դատական նիստում` կողմերի մասնակցությամբ:

18. ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով»:

i

19. Տիգրան Առաքելյանի և մյուսների գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Դատական ակտի իրավաչափությունն ավելի բարձր դատական ատյանում վիճարկելու անձի իրավունքն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է փաստելու, որ պետությունն իրականացրել է իր պոզիտիվ պարտականությունը` ուղղված անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի վերանայման քրեադատավարական մեխանիզմը կարող է իրապես արդյունավետ ճանաչվել և ապահովել անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը միայն այն դեպքում, երբ օժտված լինի արդար դատական քննության հիմնարար երաշխիքներով: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կախված դատական ակտի վերանայման նպատակով հարուցված վարույթի քրեադատավարական ձևից (վերաքննություն, վճռաբեկություն), արդար դատական քննության սկզբունքի որոշ բաղադրատարրերի կիրառելիությունը կարող է ենթարկվել սահմանափակումների, ինչը սակայն, չի կարող լինել այնպիսին, որ իմաստազրկի նշված հիմնարար իրավական արժեքի բուն էությունը: (...) Այս դիրքորոշումը հիմնված է Դելկուրն ընդդեմ Բելգիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշման վրա, որի համաձայն` եթե պետության ազգային օրենսդրությամբ նախատեսված է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, ապա պետությունը պետք է երաշխավորի, որպեսզի այդ դատարաններում իրականացվող վարույթի ընթացքում անձինք օժտված լինեն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված հիմնարար երաշխիքներով (տե՛ս Delcourt v. Belgium գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1970 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 2689/65, կետ 25)»(7):

________________________

7) տե՛ս Վճռաբեկ դատարանի` Տիգրան Առաքելյանի և մյուսների գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0225/01/11 որոշումը, կետեր 19-20:

 

20. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

21. Արդար դատական քննության իրավունքն ամրագրող վերոգրյալ միջազգային և մի շարք այլ ներպետական իրավանորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(...) Արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման անկյունաքարը, ի թիվս քրեական դատավարության այլ կարևորագույն սկզբունքների, մրցակցության սկզբունքն է:

Մրցակցության սկզբունքը կարող է երաշխավորվել երեք բաղադրատարրերի միաժամանակյա պահպանման դեպքում: Դրանք են`

ա) կողմերի դատավարական իրավահավասարություն` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար,

բ) կողմերի միջև մեղադրանքի և պաշտպանության գործառույթների տարանջատում և դրանց սահմանազատում գործի լուծման գործառույթից,

գ) անկախ և անկողմնակալ դատարանի առկայություն:

Մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը: Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար պետք է ստեղծի գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ` դրանով իսկ ապահովելով մրցակցության սկզբունքի կենսագործումը և հասնելով քրեական դատավարության առջև դրված խնդիրների իրագործմանը: (...)»(8):

________________________

8) տե՛ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշումը, կետ 13:

 

22. ՀՀ քրեական դատավարության` մրցակցության սկզբունքն ամրագրող` 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ (...)»:

23. Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները և մրցակցության սկզբունքի վերաբերյալ քրեադատավարական կարգավորումները` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ. «(...) Մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է: Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին: (...) ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ (...)(9)»:

________________________

9) տե՛ս, mutatis mutandis, Ամալյա Ղարիբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ Մուսայելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԿԴ1/0007/06/12, Հակոբ Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14, Ռաֆայել Քոթանջյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշումները:

 

24. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատաքննության իրավունքը և դրա տարրերից մրցակցության սկզբունքը պահանջում են, որ ապացույցների հետազոտումն իրականացվի դատաքննության պայմաններում` երաշխավորելով կողմերի համար այդ գործընթացին մասնակցելու հնարավորությունը: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ վարույթի ընթացքում ապացույցներ հետազոտելու հնարավորությունը կանոնակարգող քրեադատավարական իրավանորմերը մեկնաբանելիս և դրանցով սահմանված իրավական մեխանիզմները գործադրելիս հարկ է նկատի առնել, որ դրանք չեն կարող հանգեցնել արդար դատական քննության, մրցակցության հիմնարար դատավարական սկզբունքների չեզոքացմանը: Վերաքննիչ վարույթում մրցակցության սկզբունքն ապահովված կլինի միայն այն դեպքում, երբ թեԲ արդեն առաջին ատյանի դատարանում հետազոտված և թեԲ Վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցների հետազոտումն իրականացվի դատական նիստում կողմերի մասնակցությամբ: Վերաքննիչ վերանայման կառուցակարգի տարրերից` դատական նիստին կողմերի պարտադիր մասնակցության պահանջը և ապացույցների հետազոտման հնարավորությունը սերտորեն փոխկապակցված են և ենթադրում են վերաքննության կարգով գործի քննության ժամանակ կողմերի պարտադիր մասնակցությամբ ապացույցների հետազոտման ընթացակարգ: Գործի քննության վերաքննության կարգն ապացույցների հետազոտման այլ մեխանիզմ չի նախատեսում. դատական նիստից դուրս կողմերի բացակայությամբ ապացույցների հետազոտումն անհամատեղելի է արդար դատաքննության և դրա տարրերից մրցակցության պահանջի հետ, որոնց երաշխավորման պարտականությունը վերաքննիչ վերանայման կառուցակարգի շրջանակում կրում է Վերաքննիչ դատարանը:

24.1. Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը պայմանավորված է նաև այն իրողությամբ, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի` դատավճռի բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները (օրինականություն, հիմնավորվածություն, պատճառաբանվածություն) վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի` վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանի դատական ակտերին ներկայացվում են նույն բովանդակային պահանջները, ինչ դատավճռին(10):

________________________

10) տե՛ս Գեղամ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշումը, կետ 19:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի դատավճիռը, ի թիվս այլ պահանջների, հիմնավորված է, եթե դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, և եթե դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին: Հետևաբար վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում հետազոտելու արդյունքում դրանք իր որոշման հիմքում դնելու կամ ապացուցողական զանգվածից հանելու մասին դատական ակտում տեղ գտած հետևությունները պետք է լինեն դատաքննության ժամանակ ապացույցների հետազոտման արդյունք, և այս առնչությամբ Վերաքննիչ դատարանում գործում առկա ապացույցների հետազոտման կարգի վրա վերաբերելի մասով տարածվում են առաջին ատյանի դատարանում համապատասխան ապացույցի հետազոտման կանոնները:

25. Սույն գործի նյութերից երևում է, որ Հ.Վարդանյանը Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար: Առաջին ատյանի դատարանը դատավճռի հիմքում, ի թիվս այլոց, դրել է Մուրադ Տեր-Ավետիսյանի մասնակցությամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսագրության զննություն կատարելու մասին 2016 թվականի սեպտեմբերի 29-ին կազմված արձանագրությունը(11):

________________________

11) տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Հ.Վարդանյանի պաշտպան Ա.Քարամյանի բողոքի հիման վրա բեկանելով Առաջին ատյանի դատարանի` 2017 հուլիսի 19-ի դատավճիռը, պատճառաբանել է, որ Առաջին ատյանի դատարանում հետազոտված իրեղեն ապացույց ճանաչված` ամբաստանյալ Մուրադ Տեր-Ավետիսյանի մասնակցությամբ կատարված «ներքին դիտում» ՕՀՄ-ի տեսագրության սկավառակը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն, անթույլատրելի ապացույց է, այն չի կարող օգտագործվել մեղադրանքի նպատակով, քանի որ նշված ՕՀՄ-ը կատարվել է այդ պահին դատարանի որոշման բացակայության պայմաններում` առանց դատարանի թույլտվության:

Վերաքննիչ դատարանը, հետազոտելով գործով իրեղեն ապացույց ճանաչված «ներքին դիտում» տեսագրության լազերային սկավառակը համակարգչի մեջ տեղադրելու եղանակով, փաստել է, որ տեսագրությունը տեղափոխվել է լազերային սկավառակի վրա 2016 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 17:37-ին, իսկ Հ.Վարդանյանը նույն օրը` ժամը 20:45-ին է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, որից հետո նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործը: Նշվածից Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ տեսագրությունը կատարվել է դատարանի թույլտվությունը ստանալուց առաջ(12):

________________________

12) տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

26. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 23-24.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական նիստից դուրս կողմերի բացակայությամբ հետազոտելով Առաջին ատյանի դատարանում հետազոտված և դատավճռի հիմքում դրված իրեղեն ապացույց ճանաչված` ամբաստանյալ Մուրադ Տեր-Ավետիսյանի մասնակցությամբ կատարված «ներքին դիտում» ՕՀՄ-ի տեսագրության սկավառակը, խախտել է քրեական դատավարության մրցակցության սկզբունքը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ իրեղեն ապացույցների զննության կարգը սահմանող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն սահմանում է կողմերի մասնակցությամբ համապատասխան առարկան հետազոտելու պահանջ: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական նիստից դուրս քրեական գործում առկա սկավառակը համակարգչում տեղադրելու եղանակով հետազոտելը չի համապատասխանում իրեղեն ապացույցի զննության օրենսդրական կարգին:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը խախտել է արդար դատաքննության հիմնարար իրավունքը, քանի որ չի ապահովել կողմերի հավասար մասնակցությամբ ապացույցները հետազոտելու դատավարական պահանջը, ինչի արդյունքում կողմերը զրկված են եղել կոնկրետ ապացույցի առնչությամբ սեփական դիրքորոշումը ներկայացնելու դատավարական հնարավորությունից:

27. Հետևաբար իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսագրության սկավառակն անթույլատրելի ապացույց ճանաչելն այն պայմաններում, երբ այն չի հետազոտվել դատական նիստում` կողմերի մասնակցությամբ:

28. Ամփոփելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործը քննելով վճռաբեկության կարգով և իրեղեն ապացույց ճանաչված ամբաստանյալ Մուրադ Տեր-Ավետիսյանի մասնակցությամբ կատարված «ներքին դիտում» ՕՀՄ-ի տեսագրության սկավառակը դատական նիստից դուրս կողմերի բացակայությամբ հետազոտելով և այն անթույլատրելի ապացույց ճանաչելով, թույլ է տվել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված արդար դատական քննության, մրցակցության հիմնարար սկզբունքների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

29. Վճռաբեկ դատարանն արձանագրում է որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը հիշյալ ապացույցի թույլատրելիության վերաբերյալ կողմերի և մասնավորապես բողոքաբերի փաստարկները (այդ թվում` անհրաժեշտության դեպքում համապատասխան բնագավառի մասնագետի ներգրավման վերաբերյալ) պետք է պատշաճ քննության առնի դատական նիստում համապատասխան ապացույցի հետազոտման շրջանակում` ապահովելով կողմերի մրցակցության իրավունքը և կայացնի հիմնավորված ու պատճառաբանված որոշում:

30. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ` հաշվի առնելով, որ այդ խափանման միջոցի կիրառման հիմքերն ու պայմանները չեն վերացել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 19-ի դատավճիռն ամբաստանյալ Հայկ Ժորաի Վարդանյանի մասով փոփոխելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Հայկ Ժորաի Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԵՄԴ/0007/01/17
Որոշում