Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 325-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 325-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 329-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԴ/0129/06/18  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0129/06/18

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ մեղադրյալ Մաքսիմ Արկադիի Բայդակի պաշտպաններ Ա.Զալյանի և Ա.Չատինյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի մարտի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 61202318 քրեական գործը, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

Նույն օրը Մաքսիմ Արկադիի Բայդակը ձերբակալվել է:

Նախաքննական մարմնի 2018 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Մաքսիմ Բայդակը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Մ.Բայդակի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է Մ.Բայդակի նկատմամբ կալանքն այլընտրանքային խափանման միջոցով` գրավով, փոխարինելու մասին պաշտպան Ա.Ղազարյանի միջնորդությունը:

3. Վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Զալյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 1-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել պաշտպաններ Ա.Զալյանը և Ա.Չատինյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Մ.Բայդակը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքների համար, որ «(...) նա իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործմամբ առանց պատշաճ փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

ՌԴ իրավապահ մարմինների կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր կամ ահաբեկչության հանրային արդարացում, որոնք կատարվել են մասսայական տեղեկատվության միջոցների օգտագործմամբ) հետախուզվող Մաքսիմ Բայդակը օգտագործելով իրավունք վերապահող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող Բոգդան Կալյուսսկիի տվյալներով անձի անվամբ լրացված, Ուկրաինայի քաղաքացու թիվ Fl 241514` ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող անձնագիրը, 2018 թվականի մարտի 27-ին` ժամը 14:39-ին թիվ 613 չվերթով ժամանել է Հայաստանի Հանրապետություն և առանց սահմանված փաստաթղթերի ու առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն»1:

________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 27-28:

 

7. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 1-ի որոշման համաձայն` «(...) Դատարանը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալ Մաքսիմ Արկադիի Բայդակը կատարել է մեղսագրվող իրավախախտումները (...):

Տվյալ դեպքում դատարանը գտնում է, որ մեղադրյալ Մաքսիմ Արկադիի Բայդակը մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կատարել քրեական օրենքով արգելված արարք և խոչընդոտել գործի քննությանը, ուստի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ առկա են բավարար ապացույցներ և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ռ.Ավագյանի միջնորդությունը ենթակա է բավարարման: (...)»2:

________________________

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 40-46:

 

8. 2018 թվականի ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության դեսպանատան կողմից Վերաքննիչ դատարան է ներկայացվել Ուկրաինայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ղեկավարի` 2017 թվականի սեպտեմբերի 1-ին տրված «Անվան փոփոխման վկայական»-ը (Սերիա I-ԺՍ թիվ 008892), համաձայն որի` «Մաքսիմ Բայդակ Արկադիյովիչը` ծնված 1986 թվականի սեպտեմբերի 14-ին, Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, փոխել է իր անունը, որի մասին ակտերի գրանցման գրքում 2017 թվականի դեկտեմբերի 21-ին կատարվել է թիվ 51 գրանցումը: Ազգանունը, անունը, հայրանունը փոխելուց և պետական գրանցումից հետո` Կալյուսսկիյ Բոքդան Արկադիյովիչ»3:

________________________

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 76:

 

9. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանին ներկայացված նյութերով առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Մաքսիմ Բայդակն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին, որոնք ըստ բնույթի ու վտանգավորության աստիճանի` դասվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար ՀՀ քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով, ուստի բարձր է հավանականությունն առ այն, որ վերջինս, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, և կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք:

Ինչ վերաբերում է գործով ձեռքբերված ապացույցների գնահատման և դրանց հիման վրա հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի բացակայության, ինչպես նաև Մաքսիմ Բայդակին առաջադրված մեղադրանքն ապացուցված չլինելուն, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող վերաքննիչ բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմք հանդիսանալ, նկատի ունենալով, որ սույն դատական ստուգման ընթացքում դատարանի կողմից չեն գնահատվում գործով ձեռքբերված ապացույցները, այլ քննարկվում է այն հարցը, թե արդյոք առկա են գործի նյութերից բխող հիմնավոր ու ողջամիտ կասկածներ, որ մեղադրյալն առնչվում է իրեն վերագրվող արարքին, և առկա են նրան վերագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ»4:

________________________

4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 91-102:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերները նշել են, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պատճառաբանված և հիմնավորված չեն, նշյալ դատական ակտերով խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածների, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 107-րդ և 135-րդ հոդվածների պահանջները:

Մասնավորապես, բողոքի հեղինակները, հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի` Վ.Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշմանը, նշել են, որ ստորադաս դատարաններ ներկայացված չեն եղել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին Մ.Բայդակի առնչությունն իրեն մեղսագրվող արարքների կատարման մեջ: Բողոքաբերները հայտնել են, որ գործի քննության ընթացքում դատարանը որպես ապացույց չի գնահատել Մ.Բայդակի անվան փոփոխության մասին փաստաթղթերը, որոնք ձեռք էր բերել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը և պատշաճ թարգմանությամբ ներկայացրել դատարան: Այնինչ, դրանք ունեն կարևոր նշանակություն, քանի որ դրանցով ապացուցվում է, որ Մ.Բայդակի անձնագիրը կեղծ չէ և նա ՀՀ սահմանն ապօրինի չի հատել, ինչը բացառում է հիմնավոր կասկածն առ այն, որ Մ.Բայդակը կատարել է իրեն մեղսագրվող արարքները:

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են հիմնավոր կասկածի մասով բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը` ճանաչելով Մ.Բայդակի իրավունքների և ազատություններ խախտման փաստը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ առկա է հիմնավոր կասկած, որ Մ.Բայդակն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդվածներով նախատեսված արարքներին, և որ համապատասխան դեպքը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է:

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

(...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

(...)»:

14. Վճռաբեկ դատարանը «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կապակցությամբ Վ.Գևորգյանի գործով փաստել է. «(...) Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (...): Կասկածը հիմնավոր կհամարվի (...) ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: (...)

(...) Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում: Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված5:

________________________

5 Տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-23-րդ կետերը:

 

Վճռաբեկ դատարանը, զարգացնելով «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» վերաբերյալ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, Է.Եղիազարյանի գործով ընդգծել է հետևյալ հանգամանքները.

«(...) -հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող` հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

(...)

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից (տե՛ս, mutatis mutandis, Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը), ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործը ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ` արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել (այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06), կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)6»:

________________________

6 Տե՛ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշման 15-րդ կետ:

 

15. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը պնդում է իր այն դիրքորոշումը, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Սակայն կալանավորման առանցքային պայմաններից մեկի` հիմնավոր կասկածի առկայությունը պարզելու համար դատարանը պարտավոր է գնահատման ենթարկել մեղսագրվող արարքին անձի առնչությանը վերաբերող փաստական տվյալները: Մասնավորապես, դատարանը, իրավական գնահատականի արժանացնելով և կոնկրետ մատնանշելով իր տրամադրության տակ գտնվող նյութերը, պետք է եզրակացնի, թե արդյոք անձն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքին, թե ոչ:

15.1 Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է արձանագրել, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս վերադաս դատական ատյանը համապատասխան բողոքի պայմաններում նույնպես պետք է պատշաճ գնահատման ենթարկի անձի կողմից իրեն մեղսագրվող հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածը: Ընդ որում, վերադաս դատարանը պետք է գնահատման ենթարկի նաև բողոքաբերի կողմից նոր ներկայացված նյութերը` ենթադրյալ հանցանքի հետ անձի օբյեկտիվ կապի առկայությունը պարզելու համար:

Այս առնչությամբ, անդրադառնալով Գոռ Դուրյանի գործով արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, որ. «(...) վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման դատական վերանայման սահմանները կանխորոշվում են առաջին ատյանի դատարանում քննության առարկա դարձած կալանավորման հիմքերի, դրանք հաստատող փաստական տվյալների շրջանակներով, որոնց հիման վրա էլ վերաքննիչ դատարանը ստուգում է վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը (...):

(...) իսկ բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքներ, վարույթն իրականացնող մարմինը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով դիմել առաջին ատյանի դատարան, այլ ոչ թե վերաքննիչ բողոք ներկայացնել»7, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քրեական հետապնդման մարմնի կողմից ներկայացված նոր նյութերը կամ փաստական տվյալները վերաքննիչ դատարանում քննարկելու արգելքը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներով:

________________________

7 Տե՛ս Գ.Դուրյանի գործով 2015 թվականի հուլիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշման 20-րդ և 20.1-րդ կետերը:

 

Այսպիսով, եթե քրեական հետապնդման մարմինը նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հնարավորություն ունի նոր միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան, ապա, պաշտպանության կողմը կալանավորման միջնորդության մեջ նշված պայմանների և հիմքերի առկայությունը կասկածի տակ դնող նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, այդպիսիք ներկայացնելու համար առաջին ատյանի դատարանում նոր վարույթ նախաձեռնելու և կալանավորման մասին որոշումը վիճարկելու հնարավորություն չունի: Եվ այս առումով, պաշտպանության կողմի թերևս միակ հնարավորությունը նոր նյութերը կամ փաստական տվյալները վերաքննիչ դատարան ներկայացնելն է: Վերոնշյալ կարգավորումը միանգամայն համահունչ է կողմերի հավասարության հիմնարար պահանջին, ինչի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) բազմիցս նշել է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով ևս պահանջվում է, որպեսզի կալանքի դեմ բերված բողոքը քննելիս դատարանն ապահովի դատական քննության երաշխիքները, մասնավորապես, որ քննությունը պետք է լինի մրցակցային, և միշտ պետք է ապահովվի «կողմերի հավասարությունը» մեղադրանքի կողմի և կալանավորված անձի միջև: Դեռ ավելին` Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ քանի որ իրավախախտում կատարած լինելու ողջամիտ կասկածը կալանավորման օրինականության sine qua non պայման է, ենթադրյալ հանցանք կատարած անձը պետք է իր դեմ ներկայացված պնդումները վիճարկելու արդյունավետ հնարավորություն ունենա8:

________________________

8 Տե՛ս Becciev v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ, կետեր 68-72:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Բայդակը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ վերջինս, օգտագործելով իրավունք վերապահող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող Բոգդան Կալյուսսկիի տվյալներով անձի անվամբ լրացված, Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող անձնագիրը, առանց սահմանված փաստաթղթերի ու առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն9:

________________________

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Մ.Բայդակի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալ Մաքսիմ Արկադիի Բայդակը կատարել է մեղսագրվող իրավախախտումները10:

________________________

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, որին ներկայացված է եղել Ուկրաինայի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ղեկավարի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Բայդակին տրված «Անվան փոփոխման վկայականը», որի համաձայն` Մաքսիմ Բայդակ Արկադիյովիչն իր ազգանունը, անունը, հայրանունը փոխելուց և պետական գրանցումից հետո անվանափոխվել է Կալյուսսկիյ Բոքդան Արկադիյովիչ11, ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը` գտել է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Մաքսիմ Բայդակն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին:

________________________

11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Միևնույն ժամանակ, անդրադառնալով ներկայացված ապացույցներին և դրանց հիման վրա հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի պնդմանը` Վերաքննիչ դատարանը նշել է, որ դրանք չեն կարող վերաքննիչ բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմք հանդիսանալ, նկատի ունենալով, որ սույն դատական ստուգման ընթացքում դատարանի կողմից չեն գնահատվում գործով ձեռքբերված ապացույցները, այլ քննարկվում է այն հարցը, թե արդյոք առկա են գործի նյութերից բխող հիմնավոր ու ողջամիտ կասկածներ, որ մեղադրյալն առնչվում է իրեն վերագրվող արարքին, և առկա են նրան վերագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ12:

________________________

12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-15.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը, իր տրամադրության տակ ունենալով Մ.Բայդակին տրված «Անվան փոփոխման վկայականը», այն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել, ինչը պարտավոր էր անել: Արդյունքում Վերաքննիչ դատարանը չհիմնավորված եզրահանգում է արել Մ.Բայդակի` իրեն մեղսագրված արարքներին առնչվելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել Մ.Բայդակի առնչությունն իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործմամբ առանց պատշաճ փաստաթղթերի և թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու` քրեական օրենքով արգելված արարքներին այն դեպքում, երբ Ուկրաինայի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ղեկավարի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Բայդակին տրված «Անվան փոփոխման վկայականը» վերտառությամբ փաստաթղթով պաշտոնապես հաստատվում է, որ Մաքսիմ Բայդակ Արկադիյովիչն իր ազգանունը, անունը, հայրանունը փոխելուց և պետական գրանցումից հետո անվանափոխվել է Կալյուսսկիյ Բոքդան Արկադիյովիչ: «Անվան փոփոխման վկայականը» հենց այն փաստական տվյալն էր, որը պետք է գնահատման ենթարկվեր Մ.Բայդակի առնչությունն իրեն մեղսագրվող արարքներին պարզելու համար, քանի որ դրանով հերքվում է Մ.Բայդակի` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդվածներով նախատեսված արարքներին առնչվելու հիմնավոր կասկածը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ուկրաինայի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ղեկավարի` 2017 թվականի սեպտեմբերի 1-ին տրված «Անվան փոփոխման վկայական»-ը բավարար էր ողջամիտ ենթադրություն անելու, որ հիմնավոր կասկածն առ այն, որ Մ.Բայդակն այլ անձի անվամբ անձնագրով հատել է ՀՀ պետական սահմանը չի հաստատվում, և որ դեպքի հանգամանքներն էլ չեն համընկնում այն հանցանքների հատկանիշների հետ, որոնց ենթադրյալ կատարման համար Մ.Բայդակը ներգրավվել էր որպես մեղադրյալ:

Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ առկա է հիմնավոր կասկած, որ Մ.Բայդակն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդվածներով նախատեսված արարքներին, և որ համապատասխան դեպքը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է, հիմնավոր չեն:

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ այլ մեղադրանքով Մ.Բայդակը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 24-ի որոշմամբ գրավի կիրառմամբ ազատ է արձակվել, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր, կորցրել է իր իրավական նշանակությունը և սույն որոշումը կայացնելու պահին դադարել իրավաբանորեն գոյություն ունենալուց:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Մաքսիմ Արկադիի Բայդակի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԵԴ/0129/06/18
Որոշում