Սեղմել Esc փակելու համար:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՐ ՎՆԱՍ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՐ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՒՅՔԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔ Տ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԱՔԴ/0170/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0170/01/16

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Ա. Ազարյան

Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

մասնակցությամբ`

                   ամբաստանյալ                Ա. Բերակչյանի

 

2018 թվականի օգոստոսի 1-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերգեյ Գուրգենի Բերակչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Բերակչյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հուլիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 09119616 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ Սերգեյ Բերակչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի սեպտեմբերի 9-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճռով ամբաստանյալ Սերգեյ Բերակչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է տուգանքի` 100.000 ՀՀ դրամի չափով: Ս.Բերակչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ամբաստանյալ Ս.Բերակչյանի և նրա պաշտպան Հ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Բերակչյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ամբաստանյալի բողոքը վերադարձվել է, և սահմանվել է 3-օրյա ժամկետ` բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

Ամբաստանյալ Ս.Բերակչյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս.Բերակչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) 2016 թվականի հուլիսի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իրենց երեխային խնամելու հարցի շուրջ Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցի 78 տան բակում վիճաբանել է նախկին կնոջ` Գայանե Հրանտի Քալաշյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած խոհանոցային դանակով Գայանե Քալաշյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ:

Այսինքն, Ա.Բերակչյանին մեղսագրվում է արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով»(1):

_______________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 180-187:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Սերգեյ Գուրգենի Բերակչյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, հետևաբար նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի (...)»(2):

_______________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 366-368:

 

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) Վերլուծության ու գնահատման ենթարկելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտած յուրաքանչյուր ապացույց` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ սույն գործով հաստատված է հետևյալը` Սերգեյ Բերակչյանը 2016 թվականի հուլիսի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իրենց երեխային խնամելու հարցի շուրջ Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցի 78 տան բակում վիճաբանել է նախկին կնոջ` Գայանե Հրանտի Քալաշյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած խոհանոցային դանակով Գ.Քալաշյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ»(3):

_______________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 46-59:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 18-րդ, 23-րդ հոդվածների պահանջները:

i

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը, վերլուծելով ապացույցների գնահատման և դրանց բավարարության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0252/01/13 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, համադրել է դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ և եզրահանգել, որ ստորադաս դատարաններն ապացույցների գնահատման ընթացքում չեն պահպանել ինչպես քրեադատավարական օրենսդրությամբ, այնպես էլ հիշյալ նախադեպային որոշմամբ սահմանված չափանիշները` իր մեղավորության վերաբերյալ գալով սխալ եզրահանգման:

Բացի այդ, բողոքի հեղինակը շեշտել է, որ ստորադաս դատարաններն առավել նշանակություն են տվել տուժող Գ.Քալաշյանի, վերջինիս հետ բարեկամական կապերի մեջ գտնվող, սույն գործով վկա Ն.Խլղաթյանի ու անչափահաս վկա Հ.Քալաշյանի ցուցմունքներին և անտեսել են իր և վկա Պ.Աբրահամյանի ցուցմունքները` դրանք համարելով ոչ արժանահավատ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, ինչպես նաև վերացնել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալ Ս.Բերակչյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բարձրացված հարցին պատասխանելու նպատակով անհրաժեշտ է վերլուծության ենթարկել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մաս) հանցակազմի առանձնահատկությունները, ինչպես նաև նշված հոդվածով առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը ներկայացվող քրեադատավարական պահանջները:

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Նշված հանցակազմի առանձնահատկությունների առնչությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է ակտիվ գործողություններով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքով: Սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, առաջացնել տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում: (...) Հանցակազմի պարտադիր հատկանիշներից են սպառնալիքի կոնկրետությունը և իրական լինելը: Տվյալ դեպքում կոնկրետությունը ենթադրում է այն հանգամանքի հստակեցում, թե ինչպիսի վնաս է սպառնում պատճառել հանցավորը` սպանել, առողջությանը ծանր վնաս պատճառել, թե խոշոր չափի գույքային վնաս հասցնել, իսկ իրական լինելը` երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից: (...) Թեև սպառնալիքի իրական լինելը հավաստելու համար տուժողի սուբյեկտիվ ընկալման գնահատումը կարևոր է, սակայն արարքի որակման համար այն ածանցյալ նշանակություն ունի, առաջնայինն օբյեկտիվ իրադրության գնահատումն է: (...) Օբյեկտիվ իրադրության գնահատումը ենթադրում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, հանցավորի և տուժողի միջև հարաբերությունների բնույթը, հանցավորի անձը և այլն: (...)»(4):

_______________________

4) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի` Վլադիկ Խաչատրյանի գործով թիվ ԿԴ1/0025/01/01 որոշման 17-20-րդ կետերը:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն` մեղադրանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է` որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը:»

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Մեղադրանքը հանցակազմը կոնկրետ հանցագործության հանգամանքների և այն կատարած անձի հետ կապող դատավարական միջոցն է, և այդ պատճառով էլ մեղադրանքը կարելի է դիտարկել որպես հանցակազմի հատկանիշների դատավարական արտահայտություն, որից ածանցյալ է նաև քրեական արդարադատության իրականացման գործառույթը (...)»(5):

_______________________

5) Տե՛ս Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 15-րդ կետը:

 

Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ մեղադրանքի ձևակերպումը դիտարկելով որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման, ինչպես նաև հանցակիցների քրեաիրավական պատասխանատվության անհատականացման միջոց` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Մեղադրանքի ձևակերպման մեջ, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու դեպքում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտա մեղադրյալին պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովվի կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Նշված սկզբունքներից ցանկացած շեղում կհանգեցնի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման (...)»(6):

_______________________

6) Տե՛ս նույն որոշման 21-րդ կետը:

 

13. Վերահաստատելով Գ.Ճաղարյանի և այլոց գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների (անգործության) մանրակրկիտ նկարագրությունը, այդ թվում` հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, որի դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պաշտպանության իրավունքի իրականացումը:

14. Հիմք ընդունելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի ձևակերպումը պետք է ներառի նշված քրեաիրավական նորմով նախատեսված, հանրորեն վտանգավոր և քրեորեն պատժելի արարքի բոլոր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Այլ խոսքով` արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքներով պետք է հաստատվի ոչ միայն սպառնալիքի առկայության փաստը, այլև բացահայտվի սպառնալիքի բովանդակությունը, մասնավորապես` թե հանցանք կատարած անձն ինչպես է իրականացրել տուժողի մոտ տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում ձևավորելու իր հանցավոր մտադրությունը, ինչը հնարավորություն կտա գնահատելու քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի, այն է` սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց նշված փաստական հանգամանքները պարզելու և մեղադրանքի ձևակերպման մեջ արտացոլելու, հնարավոր չէ արարքը որակել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք տալու հանցակազմով:

14. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սերգեյ Բերակչյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, և առաջադրված մեղադրանքը շարադրվել է հետևյալ կերպ. «2016 թվականի հուլիսի 18-ին` ժամը 22.30-ի սահմաններում, իրենց երեխային խնամելու հարցի շուրջ Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցի 78 տան բակում վիճաբանել է նախկին կնոջ` Գայանե Հրանտի Քալաշյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած խոհանոցային դանակով Գայանե Քալաշյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ»(7):

_______________________

7) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ քրեական հետապնդումն իրականացնող մարմինը, ամբաստանյալ Ս.Բերակչյանին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանքի ձևակերպման մեջ չի ներառել կատարված արարքի քրեաիրավական որակման համար անհրաժեշտ այն փաստական տվյալները, որոնք պետք է բնութագրեին հանցակազմի տարրերից օբյեկտիվ կողմի բոլոր պարտադիր հատկանիշները և հնարավորություն տային փաստելու դրանց առկայությունը: Մեղադրանքի կողմը սահմանափակվել է կատարած արարքի ընդհանրական նկարագրությամբ, այն է` «խոհանոցային դանակով Գ.Քալաշյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ»:

Մեղադրանքի վերոշարադրյալ ձևակերպումը չի բացահայտում սպանության սպառնալիքի բովանդակությունը, մասնավորապես` չի կոնկրետացվել մեղսագրված հանցավոր արարքի կատարման ժամանակ ամբաստանյալի գործողությունների շրջանակը, ինչը բացառում է հանցակազմի մյուս պարտադիր հատկանիշի` սպառնալիքի իրական լինելու վերաբերյալ պատշաճ իրավական գնահատական տալու հնարավորությունը:

Մինչդեռ թե՛ Առաջին ատյանի դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերով արձանագրել են, որ ամբաստանյալ Ս.Բերակչյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի(8):

_______________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ս.Բերակչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ մեղավոր ճանաչելիս պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ ամբաստանյալ Ս.Բերակչյանին առաջադրված մեղադրանքում չեն ներառվել հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները:

Այսպես` ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ սույն գործով առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե մեղսագրված արարքն ինչումն է արտահայտվել, պարզ չէ, թե ինչպես է ամբաստանյալն իրականացրել իր հանցավոր մտադրությունը, այսինքն` ինչպիսի ձև և բովանդակություն է ունեցել մեղսագրված արարքի պարտադիր հատկանիշ հանդիսացող` սպանության սպառնալիքը, հետևաբար հանցակազմի մյուս պարտադիր հատկանիշի` սպառնալիքի իրական լինելու վերաբերյալ պատշաճ իրավական գնահատական տալու հնարավորությունը բացակայում է: Մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում խախտվել է քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձի իրավունքը` տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, որպիսի պայմաններում չի ապահովվել ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն էլ, իր հերթին, անհնար է դարձրել արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջները բավարարող դատաքննության անցկացումը:

16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերգեյ Բերակչյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սպանության սպառնալիքի հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքի սահմաններում ամբաստանյալ Ս.Բերակչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն անփոփոխ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանն առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը ներկայացվող քրեադատավարական պահանջների համատեքստում համարժեք իրավական գնահատական չեն տվել մեղադրանքում ձևակերպված` հանրորեն վտանգավոր և հակաիրավական արարքի կատարման հանգամանքների ամբողջությանը: Արդյունքում ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է:

17. Նախորդ կետում նշված խախտումները, որոնք ազդել են ամբաստանյալ Ս.Բերակչյանի մեղավորության հարցը որոշելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Ս.Բերակչյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ս.Բերակչյանի նկատմամբ կիրառված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն անհրաժեշտ է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սերգեյ Գուրգենի Բերակչյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սերգեյ Գուրգենի Բերակչյանին ճանաչել անմեղ և արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. Ամբաստանյալ Սերգեյ Գուրգենի Բերակչյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

ԻՐՏԵԿ  Սույն որոշման բնօրինակում կա 2 հատ «14» և «17» կետ, բացակայում են «11» և «12» կետերը: 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2018
N ԵԱՔԴ/0170/01/16
Որոշում