Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԼԴ/0024/11/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0024/11/17

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2018 թվականի օգոստոսի 1-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մարտի 31-ին Սուսաննա Անտոնյանը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թվականի փետրվարի 10-ին Արման Գինոսյանը փաստաբանական ծառայություններ մատուցելու նպատակով իր դստեր` Քնարիկ Անտոնյանի վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ և տարբեր պատճառաբանություններով խուսափում է կատարել պայմանագրով նախատեսված փաստաբանի իր պարտականությունները կամ վերադարձնել գումարն ու փաստաթղթերը:

2017 թվականի ապրիլի 10-ին Ս.Անտոնյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 711546117 քրեական գործը և ըստ ենթակայության ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:

2017 թվականի մայիսի 4-ին Արման Գինոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Բ.Մուրադյանի (այսուհետ` նաև Քննիչ)` 2017 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Ա.Գինոսյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը` կարճվել:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ք.Անտոնյանի բողոքը Լոռու մարզի դատախազի` 2017 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ մերժվել է:

2. Դիմող Ք.Անտոնյանի բողոքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է:

3. Դիմող Ք.Անտոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել դիմողի իրավունքների խախտումները:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցներից վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դիմող Ք.Անտոնյանը` խնդրելով մերժել այն` պատճառաբանելով, որ ստորադաս դատարանի որոշումն օրինական է և հիմնավոր:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Քննիչի որոշման համաձայն` «(...) Համադրելով գործով ձեռքբերված ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, անհրաժեշտ է արձանագրել, որ իրավաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ Քնարիկ Անտոնյանի և Արման Գինոսյանի միջև ծագել են գույքային պարտավորություններ և դրանք կրում են բացառապես քաղաքացիաիրավական բնույթ»1:

________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 10-22:

 

5.1. Ք.Անտոնյանի կողմից Ա.Գինոսյանին տրված 2017 թվականի մարտի 1-ի լիազորագրի համաձայն` լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով` վերալիազորման իրավունքով2:

________________________

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 21:

 

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել օրենքով նախատեսված և տվյալ դեպքում ողջամտորեն հնարավոր բոլոր ողջամիտ ջանքերն ու միջոցները գործի հանգամանքները պարզելու, քննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար:

(...) Դատարանը գտնում է, որ նախաքննության մարմինը կատարել է անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, որից հետո միայն որոշում է կայացրել Ա.Գինոսյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և նրա նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

(...)

Ամփոփելով վերոգրյալը` Դատարանը հանգում է հետևության, որ վիճարկվող որոշումները բխում են պատշաճ քննության արդյունքում ձեռքբերված փաստական հանգամանքների համակցությունից, դիմող Ք.Անտոնյանի իրավունքների խախտման փաստը տվյալ դեպքում բացակայում է, ուստի դիմող Ք.Անտոնյանի բողոքը ենթակա է մերժման (...)»3:

________________________

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 64-71:

 

7. Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված դատական ակտի շրջանակներում արձանագրել է. «(...) Անդրադառնալով սույն գործով վարույթն իրականացնող մարմնի և Առաջին ատյանի դատարանի որոշումներում արված հետևությունների հիմնավորվածությանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք չեն բխում (...) փաստական տվյալների բովանդակությունից, իսկ վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության արդյունքում պատշաճ ջանասիրություն չցուցաբերելը, դեպքի հանգամանքները մանրամասն չհստակեցնելը և նոր ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ քննության հետագա ընթացքը չիրականացնելն անխուսափելիորեն զրկել է դիմող Քնարիկ Անտոնյանին իր իրավունքների և ազատությունների պատշաճ իրականացման հնարավորությունից:

(...)

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործով առկա տվյալների համաձայն` Արման Գինոսյանը չի հանդիսանում ՀՀ փաստաբանական պալատի անդամ, հետևաբար` նաև որպես փաստաբան և նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզեր, թե ինչ եղանակով էր վերջինս պատրաստվում իրականացնել տուժող Քնարիկ Անտոնյանի շահերի պաշտպանությունը: (...)

Ինչպես երևում է (...) Ք.Անտոնյանի և Ա.Գինոսյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրից 3.1 ենթակետը վերաբերում է դրա արժեքին, իսկ 3.2 ենթակետը պայմանագրի արժեքի որոշակի մասն որպես կանխավճար վճարելուն: Վերաքննիչ դատարանն այս հարցի վերաբերյալ կողմերի տված հակասական ցուցմունքների կապակցությամբ անհրաժեշտ է համարում նշել, որ, եթե հիմնավոր համարենք Արման Գինոսյանի ցուցմունքներն, ապա այս պարագայում հարց է առաջանում ինչու՞ է վերջինս 50.000 ՀՀ դրամ վճարած լինելու վերաբերյալ նշում կատարել պայմանագրի 3.1 ենթակետում, այլ ոչ թե կանխավճարի համար սահմանված 3.2 ենթակետում: Վերաքննիչ դատարանը միևնույն ժամանակ փաստում է, որ այս հանգամանքը ևս պատշաճ քննության առարկա չի դարձվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, ավելին` նման պարագայում, երբ հերքվում են Արման Գինոսյանի ցուցմունքները, արժանահավատ պետք է համարվի Քնարիկ Անտոնյանի ցուցմունքներն այն մասին, որ Արման Գինոսյանը պայմանագրի գինը (արժեքը) նշել է 50.000 ՀՀ դրամ գումարը, սակայն իրականում իրենից վերցրել է 300.000 ՀՀ դրամ գումար, որպիսի հանգամանքն էլ պատճառաբանել է հարկային պարտավորություններից որոշակիորեն խուսափելով:

(...)

(...) Ինչպես երևում է (...) լիազորագրի բովանդակությունից Արման Գինոսյանը լիազորված չի եղել վերալիազորման իրավունքով, քանի որ այդ մասին ուղղակի նշում լիազորագրում չկա: Այս պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինն անտեսել է նաև այս հանգամանքը: Ինչ վերաբերում է Արման Գինոսյանի ցուցմունքներին, այն մասին, որ ինքը մտադիր է եղել Քնարիկ Անտոնյանի երեխայի ալիմենտի հետ կապված հարցերը լուծել իրեն տրված լիազորագրի հիման վրա մեկ այլ անձի (փաստաբանի) վերալիազորելու միջոցով, քանի որ չի հանդիսանում փաստաբան, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այդ պատճառաբանություններն ինքնին հերքվում են, քանի որ ինչպես արդեն նշվեց Արման Գինոսյանը վերոնշյալ լիազորագրով այդպիսի իրավասություն չի ունեցել` հետևաբար չէր կարող այլ փաստաբան ներգրավել գործին, որպեսզի ապահովեր պայմանագրի առարկա կազմող ծառայությունների պատշաճ մատուցումը:

(...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսվել է նաև այն, որ Բելա Աբրահամյանի և Արման Գինոսյանի ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ (...): Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է կատարեր առերեսում նշված անձանց ցուցմունքներում հակասությունները պարզելու համար, ինչն էլ հնարավորություն կտար պարզելու արդյո՞ք Արման Գինոսյանը իր պարտավորությունները կատարելու կապակցությամբ կատարել է որոշակի գործողություններ, թե ոչ:

(...) Անդրադառնալով տուժող Քնարիկ Անտոնյանի ցուցմունքներին այն մասով, որ ինքն 300.000 ՀՀ դրամ գումարը տվել է Արման Գինոսյանին, իսկ այդ գումարը ստացել է, մոր` Սուսաննա Անտոնյանի, կողմից ոսկյա զարդերի գրավադրմամբ «ԱԿԲԱ» բանկի Վանաձորի մասնաճյուղից ստացված 600.000 ՀՀ դրամ վարկի գումարի կեսը վերցնելու արդյունքում, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինն այդ մասով ևս անգործություն է ցուցաբերել և պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 226-228-րդ հոդվածներով սահմանված կարգով կատարեր վերը նշված բանկում առկա բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավում` հավաստելու համար տուժողի կողմից Արման Գինոսյանին տրված գումարների ստացման աղբյուրը, այլ կերպ տուժողի ցուցմունքների ճշմարտացի լինելը կամ հակառակը:

(...) Ինչ վերաբերում է տուժողի կողմից Արման Գինոսյանին 300.000 ՀՀ դրամ տալու հանգամանքին, ապա վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս կապակցությամբ գործում առկա են բավարար ապացույցներ, որոնք կամ անտեսվել են նախաքննական մարմնի կողմից կամ դրանց թույլատրելիության վերաբերյալ նախաքննական մարմինը հանգել է ոչ իրավաչափ հետևության:

1) Այսպես` վարույթն իրականացնող մարմինը որևէ գնահատական չի տվել տուժողի հեռախոսում առկա Արման Գինոսյանին ուղարկված կամ նրանից ստացված SMS հաղորդագրությունները զննելու մասին արձանագրությանն, որով հավաստվում է, որ տուժողը Արման Գինոսյանի է տվել 300.000 ՀՀ դրամ գումար, իսկ վերջինս պայմանագրում նշել է 50.000 իրեն տրված գումարի չափը նշելու փոխարեն:

2) Գործում առկա է նաև տուժող Քնարիկ Անտոնյանի և Արման Գինոսյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք զննվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ ձայնագրությունը զննելու արձանագրությամբ նույնպես հաստատվում է տուժողի կողմից նշված չափով գումարը Արման Գինոսյանին տալու հանգամանքը:

Վարույթն իրականացնող մարմինը նշված ձայնագրության կապակցությամբ մեջբերելով Վճռաբեկ դատարանի Մ.Մարգարյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0081/01/11 գործով որոշումը գտել է, որ այդ ձայնագրությունը չի կարող համարվել թույլատրելի ապացույց, քանի որ ձեռք է բերել դրանք կատարելու իրավասությունը չունեցող անձի կողմից:

Նշվածի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ըստ սույն գործի տվյալների այդ ձայնագրությունն իրականացվել էր տուժողի կողմից այնպիսի պայմաններում, որոնք զրուցակցին` Արման Գինոսյանին, չեն զրկել իր անձնական և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունից:

(...)

Վերաքննիչ դատարանը (...) գտնում է (...) որ (...) չի իրականացվել գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության պետության պոզիտիվ պարտականությունը, ինչն էլ զրկել է դիմող Քնարիկ Անտոնյանին ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական, ինչպես նաև պետական այլ իրավասու մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից»4:

________________________

4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 68-88:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի էական խախտում, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով Ռ.Բալասանյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, միջոցներ է ձեռնարկել քրեական դատավարության կարգով լուծելու քաղաքացիական դատավարության կարգով հաստատման ենթակա փաստական հանգամանքներ` այդ կերպ դուրս գալով իր իրավասության սահմաններից:

8.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, թե կողմերի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրում նշված չի եղել դատական ներկայացուցչության իրականացումը, որպիսի պայմաններում նախաքննական մարմինը չի պարզել, թե ինչ եղանակով էր Ա.Գինոսյանը պատրաստվում իրականացնել Ք.Անտոնյանի շահերի պաշտպանությունը` բողոք բերած անձը նշել է, որ այդ հանգամանքը պարզվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Ա.Գինոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ք.Անտոնյանի երեխայի ալիմենտի հետ կապված հարցերը մտադիր է եղել լուծելու 2017 թվականի մարտի 1-ին Վանաձորի նոտարական գրասենյակում Ք.Անտոնյանի կողմից իրեն վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի հիման վրա` որևէ փաստաբանի վերալիազորելու միջոցով:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, թե Ա.Գինոսյանին տրված լիազորագիրը չի տրվել վերալիազորման իրավունքով, ապա բողոք բերած անձը փաստել է, որ քրեական գործում առկա լիազորագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լիազորագրի մեջ հատուկ նախատեսված է ներկայացուցչի վերալիազորելու հնարավորությունը:

8.2. Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ձայնագրությունը զննելու արձանագրությամբ հաստատվում է տուժողի կողմից 300.000 ՀՀ դրամի չափով գումարը Ա.Գինոսյանին տալու հանգամանքը, կայացրել է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին հակասող դատական ակտ:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք դիմող Ք.Անտոնյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (...)»:

12. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեական գործերի քննության շրջանակներում դատարանն իրավասու չէ քրեական դատավարության կարգով քննություն իրականացնելու քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու ուղղությամբ և հաստատելու այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստեր: Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների` քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ, և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ: Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից: ՈՒստի ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական հարաբերություններում5:

________________________

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լ.Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փետրվարի 24-ի որոշման 30-րդ կետը, Վ.Մաթևոսյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 գործով 2012 թվականի հունիսի 8-ի որոշման 25-27-րդ կետերը, Ռ.Բալասանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0199/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման 17-րդ կետը:

 

12.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տ.Բելյավցևայի և Շ.Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում: Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ6:

________________________

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Տ.Բելյավցևայի և Շ.Գևորգյանի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 որոշման 12.1-րդ կետը:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Անտոնյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով Ա.Գինոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով և քրեական գործի վարույթը կարճվել է, քանի որ իրավաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ Ք.Անտոնյանի և Ա.Գինոսյանի միջև ծագած գույքային պարտավորությունները կրել են բացառապես քաղաքացիաիրավական բնույթ7:

________________________

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, իր որոշմամբ մերժելով դիմող Ք.Անտոնյանի բողոքը, նշել է, որ վիճարկվող որոշումները բխում են պատշաճ քննության արդյունքում ձեռքբերված փաստական հանգամանքների համակցությունից, դիմող Ք.Անտոնյանի իրավունքների խախտման փաստը տվյալ դեպքում բացակայում է, ուստի բողոքը ենթակա է մերժման8:

________________________

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գտել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը պետք է բեկանել` որպես եզրահանգում նշելով, որ չի իրականացվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության` պետության պոզիտիվ պարտականությունը, ինչն էլ զրկել է դիմող Ք.Անտոնյանին` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական, ինչպես նաև պետական այլ իրավասու մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից9:

________________________

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

14. Նախորդ, ինչպես նաև սույն որոշման 5-7-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12.1.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դիմողի բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել նրա իրավունքների ենթադրյալ խախտումները` առանց պատշաճ գնահատականի արժանացնելու այն, որ Ք.Անտոնյանի կողմից հայցվող իրավական պաշտպանության առարկան կազմում են քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր:

Այսպես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ք.Անտոնյանի և Ա.Գինոսյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրն ու դրանից բխող իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիաիրավական են: Մասնավորապես, դրանք վերաբերում են Ք.Անտոնյանի առաջադրանքով Ա.Գինոսյանի կողմից իրավաբանական ծառայություններ մատուցելուն և դրանց դիմաց վճար ստանալուն, որոնց կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման քաղաքացիաիրավական հարթությունում:

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել վերոնշյալ հանգամանքը, ավելին` նշելով, թե Ա.Գինոսյանը փաստաբան չէ, և նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզեր, թե ինչ եղանակով էր վերջինս պատրաստվում իրականացնել տուժող Ք.Անտոնյանի շահերի պաշտպանությունն այն դեպքում, երբ Ա.Գինոսյանին լիազորագիրը չէր տրվել վերալիազորման իրավունքով, Վերաքննիչ դատարանն ուշադրության չի արժանացրել այն, որ Ա.Գինոսյանին տրված լիազորագրում ուղղակիորեն նշված է այն վերալիազորման իրավունքով տրամադրված լինելու մասին10:

________________________

10 Տե՛ս սույն որոշման 5.1.-րդ կետը:

 

Ինչ վերաբերում է գումարի հետ կապված ապացույցների արժանահավատության և թույլատրելիության, ինչպես նաև առանձին քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության կապակցությամբ Վերաքննիչ դատարանի դատողություններին11, բողոքաբերի` սույն որոշման 8.2.-րդ բարձրացրած փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց անդրադառնալը տվյալ դեպքում առարկայազուրկ է, քանի որ այն պայմաններում, երբ Ք.Անտոնյանի և Ա.Գինոսյանի միջև ձևավորված իրավահարաբերությունները կրել են զուտ քաղաքացիաիրավական բնույթ, այդ հարցերն այլևս չունեն իրավական նշանակություն սույն գործի լուծման տեսանկյունից:

________________________

11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվել է պատշաճ քննություն, և կայացված որոշմամբ չեն խախտվել դիմող Ք.Անտոնյանի իրավունքներն ու օրինական շահերը:

ՈՒստի Վճռաբեկ դատարանի համոզմամբ` դիմող Ք.Անտոնյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: ՈՒստի պետք է օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Քնարիկ Սամվելի Անտոնյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2018
N ԼԴ/0024/11/17
Որոշում