Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 380-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ՍԴ1/0004/15/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ1/0004/15/17

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

Դատավորներ` Ա. Դանիելյան

Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2018 թվականի օգոստոսի 1-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ալիկ Զարզանդի Ղանդիլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի դատավճռով Ալիկ Զարզանդի Ղանդիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել զինվորական ծառայության մեջ սահմանափակում` 1 (մեկ) տարի ժամկետով` դրամական բավարարման գումարից 5 (հինգ) տոկոս պահումով:

Հիշյալ դատավճռի պատճենը թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում ստացվել է 2017 թվականի հուլիսի 7-ին:

2. 2017 թվականի հուլիսի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի դատավճռի դեմ թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Ն.Սահակյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազ Ն.Սահակյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով հարգելի համարել 2017 թվականի հունիսի 22-ի դատավճռի բողոքարկման համար սահմանված բաց թողնված ժամկետը և այն վերականգնել, որն Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ մերժվել է:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը:

4. Վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը: Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի դատավճռի դեմ դատախազ Ն.Սահակյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Ըստ մեղադրողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2017թ. դատավճռի պատճենը թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում ստացվել է 07.07.2017թ.:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2017թ. դատավճռի դեմ մեղադրող Ն.Սահակյանի վերաքննիչ բողոքը փոստին հանձնելու միջոցով Վերաքննիչ դատարան է ներկայացվել 28.07.2017թ.` դատավճռի հրապարակվելու օրվանից 1 ամիս 6 օր, ինչպես նաև այն ստանալու օրվանից` 21 օր հետո:

Վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրող Ն.Սահակյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380 հոդվածով սահմանված կարգով չի ներկայացրել միջնորդություն` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, հետևաբար վերջինիս վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (...)»1:

______________________

1 Տե՛ս նյութեր, թերթ 21:

 

5.1. Առաջին ատյանի դատարանը, մերժելով դատախազի` վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, իր դատական ակտում արձանագրել է. «(...) Չնայած այն հանգամանքին, որ մեղադրող դատախազը (...) քրեական գործով կայացված Դատավճիռը ստանալու օրվանից 21 օրվա ընթացքում, այն է` հարգելի ժամկետներում, փոստին է հանձնել վերաքննիչ բողոքը, սակայն ժամանակին, այն է` վերաքննիչ բողոք ներկայացնելիս` տեղեկացված լինելով, որ Դատավճռի հրապարակման օրվանից մինչև իր կողմից բողոք ներկայացնելու օրը անցել է մեկ ամսից ավելի ժամանակ, չի միջնորդել` ոչ Վերաքննիչ դատարանին, ոչ էլ դատական ակտը կայացրած դատարանին բողոքը ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու կամ վերականգնելու մասին:

Դատարանը գտնում է, որ ժամանակին համապատասխան միջնորդություն չներկայացնելու պայմաններում, ավելին` Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելուց հետո, Դատարանը, հարգելի համարելով վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը, կխախտի ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը, ինչը կհանգեցնի նաև Ալիկ Ղանդիլյանի` իր վերաբերյալ գործի ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքի խախտման (...)» 2:

______________________

2 Տե՛ս նյութեր, թերթեր 28-29:

 

5.2. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, մերժելով բողոքը, արձանագրել է. «(...) Դատարանը, օբյեկտիվորեն ուսումնասիրության և գնահատման ենթարկելով նյութերում առկա փաստական հանգամանքները, իրավացիորեն հանգել է հետևության, որ դատախազ Ն.Սահակյանի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման, ներկայացնելով (...) պատճառաբանություններն ու դրանց վրա հիմնված եզրահանգումը, որոնք ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար»3:

______________________

3 Տե՛ս նյութեր, թերթ 71:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

6. Բողոքի հեղինակը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052, 2016 թվականի ապրիլի 26-ի թիվ ՍԴՈ-1268 և 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի դատական ակտը հասանելի է դարձվել դատախազին փոստի միջոցով հրապարակման պահից միայն 15 օր անց` 2017 թվականի հուլիսի 7-ին: Դատավճռի ստացման պահից 21 օր անց` 2017 թվականի հուլիսի 28-ին, փոստի միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացվել, իսկ այդ պայմաններում ժամկետի վերականգնումը մերժելու ստորադաս դատարանների պատճառաբանությունը չի բխում Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումներից:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք բաց թողնված ժամկետի վերականգնումը մերժելու մասին ստորադաս դատարանների հետևություններն այն պայմաններում, երբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի դատական ակտը դատախազին ուշ էր հասու դարձել իր կամքից անկախ հանգամանքներով:

i

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի համաձայն`

«1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքներ կայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը (...):

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները

(...)»:

i

10. ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով այն դեպքերին, երբ բողոքարկվող դատական ակտը շահագրգիռ անձին օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դառնում վերջինիս կամքից անկախ պատճառներով, փաստել է. «(...) Որպես ընդհանուր կանոն, այն պարագայում, երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջներառված խնդրանքը: Միևնույն ժամանակ, որպես հատուկ կանոն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը բաց թողնելը պայմանավորված չէ անձի կամքով, առաջացել է անձից անկախ պատճառներով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշյալ դեպքերում ներկայացված միջնորդությունը բավարարելը համապատասխան դատական ատյանի պարտականությունն է հանդիսանում 4:

______________________

i

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշման 8-րդ կետը:

 

i

11. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշմամբ, ելնելով մարդու իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման ու իրավակիրառական պրակտիկայում առկա հակասական մոտեցումների հաղթահարման անհրաժեշտությունից, արձանագրել է. «ա) բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա վերադաս դատական ատյան բողոք բերելու համար հիմք պետք է ընդունել օրենքով նախատեսված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով (այդ թվում` էլեկտրոնային) հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման,

բ) Երբ բողոքաբերի կողմից հստակ փաստարկված ու հիմնավորված է, որ դատական ակտը դատարանի թերացման արդյունքում օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի` առանց միջնորդության ձևական պահանջի ու դրա հայեցողական քննարկումների (...)»5:

______________________

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշման 12-րդ կետը:

 

i

12. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ բողոք ներկայացնելու անձի իրավունքին ուղիղ համեմատական է լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն ապահովելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը: Ուստիև արդար դատաքննության իրավունքի մասնավոր տարրը համարվող դատարանի մատչելիության իրավունքի ապահովման տեսանկյունից կարևորվում է, որ օրենքով սահմանված ժամկետների խախտման դեպքերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով նախատեսված` բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու պահանջը չպայմանավորվի այն դեպքերով, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետները բաց են թողնվում շահագրգիռ անձի կամքից անկախ հանգամանքներով: Այսպես` այն դեպքում, երբ անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ծանոթանալու բողոքարկվող դատական ակտին, ինչը, սակայն, պայմանավորված չի եղել իր պարտականությունների թերացման կամ իրավունքների չարաշահման հետ, այլ եղել է վարույթն իրականացնող մարմնի գործողության կամ անգործության արդյունք, ապա բողոքարկման ժամկետի բացթողումը պետք է իրավունքի ուժով (ex jure) համարվի հարգելի, և դատական պաշտպանություն հայցող անձի վրա չպետք է դրվի ձևական պահանջների կատարման պարտականություն 6:

____________________

6 Տե՛ս Սևակ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 18-ի որոշման 14-րդ կետը:

 

13. Սույն գործի փաստական տվյալներից երևում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտը հրապարակվել է 2017 թվականի հունիսի 22-ին, իսկ դատախազությունում ստացվել է 2017 թվականի հուլիսի 7-ին: Նշյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը դատախազ Ն.Սահակյանը ներկայացրել է 2017 թվականի հուլիսի 28-ին7:

____________________

7 Տե՛ս սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

Վերաքննիչ դատարանը, ընդունելով, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը դատախազությանը հասու է դարձել 2017 թվականի հուլիսի 7-ին, ներկայացրած բողոքը ժամկետանց լինելու հիմքով թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ բողոքաբերը համապատասխան միջնորդություն չի ներկայացրել 8:

____________________

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը մերժել է դատախազի` վերաքննիչ բողոքը բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը` արձանագրելով, որ ժամանակին, այն է` վերաքննիչ բողոք ներկայացնելիս` ո՛չ Վերաքննիչ դատարանին, ո՛չ էլ դատական ակտը կայացրած դատարանին բողոքը ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդություն չի ներկայացվել 9:

____________________

9 Տե՛ս սույն որոշման 5.1.-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ10:

____________________

10 Տե՛ս սույն որոշման 5.2.-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-12-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բաց թողնված ժամկետի վերականգնումը մերժելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն այն պայմաններում, երբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի դատական ակտը դատախազին ուշ էր հասու դարձել իր կամքից անկախ հանգամանքներով:

15. Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողումն իրավունքի ուժով համարի հարգելի և վերականգնի:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ալիկ Զարզանդի Ղանդիլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2018
N ՍԴ1/0004/15/17
Որոշում