Սեղմել Esc փակելու համար:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱ ԿՈՒԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱ ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

        ք. Երևան                                ԲԴԽ-5-Ո-Կ-02

        07.02.2019 թ,                             

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱ ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.

 

       Նախագահությամբ`                  Գ. Հարությունյանի,

 

       մասնակցությամբ` անդամներ         Ա. Բեկթաշյանի,

                                        Գ. Դանիելյանի,

                                        Ա. Խաչատրյանի,

                                        Հ. Հովհաննիսյանի,

                                        Լ. Մելիքջանյանի,

                                        Ս. Մեղրյանի,

                                        Ա. Մխիթարյանի,

                                        Ս. Չիչոյանի,

 

       դատավոր                          Ա. Կուբանյանի,

 

Դատավորների ընդհանուր ժողովի

կարգապահական հարցերի

       հանձնաժողովի նախագահ             Մ. Պապոյանի,

 

Դատավորների ընդհանուր ժողովի

կարգապահական հարցերի

       հանձնաժողովի անդամ               Ա. Ավագյանի,

 

       քարտուղարությամբ                 Շ. Վարդանյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2018 թվականի նոյեմբերի 26-ի N-Կ-10/2018 որոշմամբ ներկայացված միջնորդությունը` մինչև 2018 թվականի օգոստոսի 10-ը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, այնուհետև` սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին (այսուհետ` Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Շուշանիկ Թադևոսյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի հաղորդումը` հասցեագրված Հանձնաժողովին:

i

Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ թիվ ԵԴ/13722/02/18 քաղաքացիական գործով նախագահող դատավոր Արա Կուբանյանը 2018 թվականի հուլիսի 16-ի, օգոստոսի 31-ի և հոկտեմբերի 5-ի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումներում չի նշել հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը, ինչի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 26-ի N-Կ-10/2018 որոշմամբ փաստաբան Շուշանիկ Թադևոսյանի հաղորդման հիման վրա Դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն:

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված թիվ ԵԴ/13722/02/18 քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրման արդյունքում Հանձնաժողովը պարզել է հետևյալը.

2018 թվականի հուլիսի 9-ին Հովհաննես Չամսարյանի ներկայացուցիչ Շ. Թադևոսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, երրորդ անձինք` «Նաիրի ինշուրանս» ԱՍՊ ընկերության, «Մուլտի Ֆուդ» ՍՊ ընկերության` ՃՏՊ արդյունքում պատճառված վնասի չափի և պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ կրկնակի փորձաքննություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Արա Կուբանյանին:

i

2018 թվականի հուլիսի 16-ին Դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել, համաձայն որի` հայցվորի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները, այն է` չեն ներկայացվել հայցադիմումին կից ներկայացված էլեկտրոնային կրիչի համապատասխան թվով օրինակները:

2018 թվականի օգոստոսի 22-ին հայցվորի ներկայացուցիչ Շ. Թադևոսյանը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:

i

2018 թվականի օգոստոսի 31-ին դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել, համաձայն որի` հայցվորի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի (որոշման պատճառաբանական մասում նշվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դրույթները) պահանջները, այն է` պատասխանողի անվանումը թերի է նշվել:

2018 թվականի սեպտեմբերի 26-ին հայցվորի ներկայացուցիչ Շ. Թադևոսյանը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:

2018 թվականի հոկտեմբերի 5-ին դատարանը դարձյալ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել` պատճառաբանելով, որ հայցվորի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջները, այն է` չի նշվել հայցվորի ծանուցման հասցեն կամ այն հայցվորի հաշվառման հասցեի հետ համընկնելու հանգամանքը:

2018 թվականի հոկտեմբերի 25-ին հայցվորի ներկայացուցիչ Շ. Թադևոսյանը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան, որն այս անգամ արդեն մակագրվել է դատարանի մեկ այլ դատավոր Ա.Ստեփանյանին:

i

Ուսումնասիրելով ներկայացված նյութերը` Հանձնաժողովը փաստել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, մասնավորապես նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը:

Թիվ ԵԴ/13722/02/18 քաղաքացիական գործով դատավոր Ա.Կուբանյանի կողմից 2018 թվականի հուլիսի 16-ին, օգոստոսի 31-ին և հոկտեմբերի 5-ին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին թվով երեք որոշում, մինչդեռ 2018 թվականի հուլիսի 16-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս արդեն իսկ ակնհայտ էին հայցադիմումի բոլոր թերությունները, այն է` հայցվորի կողմից չեն ներկայացվել հայցադիմումին կից էլեկտրոնային կրիչի համապատասխան թվով օրինակները, պատասխանողի անվանումը թերի է նշվել, ինչպես նաև չի նշվել հայցվորի ծանուցման հասցեն կամ այն հայցվորի հաշվառման հասցեի հետ համընկնելու հանգամանքը:

Այդուհանդերձ, Դատավորը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, այն է` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը, 2018 թվականի հուլիսի 16-ի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ չի նշել հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը, որոնք առկա են եղել դեռևս հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումն առաջին անգամ ներկայացնելու ժամանակ, փոխարենը դրանք արձանագրվել են արդեն հաջորդող երկու` 2018 թվականի օգոստոսի 31-ին և հոկտեմբերի 5-ին կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումներով: Դատավորը մեկ որոշման շրջանակներում չի անդրադարձել հայցադիմումում իրեն ակնհայտ բոլոր թերություններին, որպիսի հանգամանքը Հանձնաժողովին հիմք է տվել եզրակացնելու, որ դատավոր Ա.Կուբանյանի կողմից թույլ է տրվել քաղաքացիադատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

i

Վերոգրյալ իրավական նորմերի և թիվ ԵԴ/13722/02/18 քաղաքացիական գործի նյութերի համադրման արդյունքում, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ և 3-րդ մասերի, 147-րդ հոդվածի 5-ին մասի, 148-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Արա Կուբանյանի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, որն էլ հեղինակազրկում է դատական իշխանությունը և կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության: Ընդ որում` Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Արա Կուբանյանի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտումը կրել է պարբերաբար բնույթ, քանի որ այն կատարվել է մեկից ավելի անգամ:

Հանձնաժողովի գնահատմամբ առկա է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ դատավոր Արա Կուբանյանը ներկայացրել է հետևյալ դիրքորոշումը.

1. Հանձնաժողովի որոշումը որևէ կերպ պատճառաբանված չէ, որոշմամբ արտահայտված դիրքորոշումը խիստ սուբյեկտիվ է, չփաստարկված և չափազանցված:

Որոշման մեջ Հանձնաժողովը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործողություններին տվել է սուբյեկտիվ գնահատականներ ԵԴ/13722/02/18 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումներում առկա թերությունների ակնհայտության, ՀՀ քաղաքացիադատավարական նորմերի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ:

Հանձնաժողովն օբյեկտիվորեն չի գնահատել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին 26.11.2018թ. կայացված N-Կ-10/2018 որոշման վերաբերյալ 20.12.2018թ. տրված բացատրությունները, որոնք հիմնավորում են դատավորին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված կարգապահական պատասխանատվության ենթարկելու համապատասխան հիմքերի բացակայությունը:

2. Դատավորը վերահաստատել է Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին 26.11.2018թ. կայացված N-Կ-10/2018 որոշման վերաբերյալ 20.12.2018թ. տրված բացատրություններով ներկայացված հիմնավորումները, որոնք հանգում են հետևյալին.

ԵԴ/13722/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16.07.2018թ., 31.08.2018թ. և 05.10.2018թ. կայացված` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները որևէ կերպ չեն խախտում ինչպես հայցվորի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այնպես էլ անկախ և անաչառ Դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները: Ավելին` նշված որոշումների կայացումը նպատակ է հետապնդել քաղաքացիական գործի վարույթն իրականացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված նորմերի խստագույն և ճշգրիտ պահպանմամբ:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են արդարադատություն կամ որպես Դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:

i

Սույն քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից թույլ չեն տրվել դատավարական նորմերի պարբերաբար, էական, ակնհայտ և կոպիտ խախտումներ, քանի որ հայցվորը և նրա ներկայացուցիչը, լինելով փաստաբաններ, Դատարան են ներկայացրել հայցադիմումներ` չպահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով սահմանված պահանջները:

i

Դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումների կայացման համար հիմք են հանդիսացել Դատարան ներկայացված փաստաթղթերի հետազոտումը և դրանց ոչ պատշաճ լինելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եզրահանգումը: Հայցադիմումներում առկա թերություններն ակնհայտ չեն եղել, քանի որ պատասխանող կազմակերպության անվանումը սխալ նշելը հայտնի է դարձել Դատարանին հայցադիմումը կրկին ներկայացնելու ժամանակ: Այսինքն, ըստ էության, իր լիազորություններն իրականացնելիս դատավորը մեկնաբանել է քաղաքացիադատավարական օրենքը, ներքին համոզմամբ գնահատել է ներկայացված փաստերը և ապացույցները, որպիսի գործողությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

Ավելին` հայցվորի ներկայացուցչի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին 29.10.2018թ. տրված հաղորդման 3.4 կետում (էջ 6) հայցվոր կողմը Դատարանի կողմից 16.07.2018թ. և 31.08.2018թ. կայացված որոշումներն իրավական առումով հիմնավոր է համարել, այսինքն` դրանց իրավաչափությունը որևէ կերպ չի վիճարկել:

i

Ինչ վերաբերում է հայցադիմումը վերադարձնելու մասին Դատարանի 05.10.2018թ. որոշումը քաղաքացիադատավարական նորմերի խախտմամբ կայացված լինելու` հայցվորի եզրահանգմանը, ապա հայցվորի ներկայացուցչի նման պնդումը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթներից, այն է` հայցադիմումում պարտադիր նշվում են հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից)...:

Վերոգրյալ նորմի վերլուծությունից բխում է, որ Օրենսդիրը պարտադիր է համարել հայցադիմումում նշել հայցվորի և՛ հաշվառման, և՛ ծանուցման հասցեները, եթե ծանուցման հասցեն տարբերվում է հաշվառման հասցեից, ընդ որում` սույն դեպքում Դատարանը պետք է իրապես տեղեկացված լիներ` արդյոք հայցվորի ծանուցման և հաշվառման հասցեները տարբերվում են, թե ոչ: Նշված իրավակարգավորումը չի կարող ձևական բնույթ կրել, քանի որ առավելապես կապված է հայցվորի արդար դատաքննության իրավունքի իրացման հետ: Այսպես` ծանուցման հասցեի վերաբերյալ հստակ տեղեկատվության առկայությունը երաշխավորում է հայցվորի կողմից դատական ծանուցագրերի և դատավարական փաստաթղթերի ժամանակին ստացման հնարավորությունը, որպիսի պայմաններում վերջինս հնարավորություն է ստանում լիարժեք իրացնելու իր դատավարական իրավունքները:

Սույն գործով Դատարան ներկայացված հայցադիմումներում նշվել է միայն հայցվորի հաշվառման հասցեն` դատարանին չներկայացնելով որևէ տեղեկություն այն ծանուցման հասցեի հետ համընկնելու վերաբերյալ: Ավելին` հայցադիմումը վերադարձնելու մասին Դատարանի 16.07.2018թ. և 31.08.2018թ. որոշումները հայցվոր կողմն ստացել է առձեռն, որպիսի հանգամանքը հայցվորի հաշվառման և ծանուցման հասցեները տարբեր լինելու հիմնավոր կասկածի տեղիք է տվել:

Դատարանը, 05.10.2018թ. հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելով, հետապնդել է բացառապես հայցվորի ծանուցման հասցեն բացահայտելու քաղաքացիադատավարական օրենսդրությամբ ամրագրված նպատակ, որը, նախևառաջ, բխում է հենց հայցվորի շահերից և վերջինիս կողմից արդար դատաքննության իրավունքը լիարժեք իրացնելու համար բավարար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից:

Ինչ վերաբերում է հաղորդման մեջ հայցվորի ներկայացուցչի կողմից նշված այն պնդմանը, որ Դատարանի 05.10.2018թ. որոշման հիմքում դրված է «հնարված», օրենսդրական պահանջների շրջանակից դուրս ներկայացված հիմք, որը գործից «ազատվելու» նպատակ է հետապնդել, ապա նշված փաստարկները մտացածին են, հայցվորի անհիմն ենթադրությունների արդյունք, իսկ վկայակոչված հիմքը հստակ սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում:

i

Ավելին` հայցվոր կողմը հաղորդման 1.9. կետում նշել է, որ հայցադիմումը վերադարձնելու բոլոր երեք դեպքերի կապակցությամբ վերաքննիչ բողոք չի ներկայացրել, քանի որ չի ցանկացել գործի քննության ժամկետը երկարաձգել վերաքննիչ դատարանում գործի քննության համար պահանջվող ժամկետով, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ՀՀ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

Բացի դրանից, հայցվոր կողմի վերաքննիչ բողոք չներկայացնելու նման պատճառաբանությունը հիմնավորված չէ, քանզի «ակնհայտ և կոպիտ դատավարական նորմերի խախտմամբ» կայացված որոշումները վերաքննության կարգով չբողոքարկելու և «օրինական ուժի մեջ թողնելու» վարքագիծը հարիր չէ փաստաբանների իրավապաշտպան գործունեությանը: Այս առումով, հայցվոր կողմի պասիվ վարքագիծը ցույց է տալիս, որ հայցվոր կողմը Դատարանի որոշումները համարել է իրավաչափ:

i

Անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն պնդմանը, որ սույն քաղաքացիական գործը հայցվորի համար ունի առանձնակի կարևորություն, հայցադիմումին կից ներկայացված հայցի ապահովում կիրառելու, ինչպես նաև ապացույցի ապահովման միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները ենթակա էին անհապաղ քննության, և հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները դատավարական նորմերի խախտմամբ կայացնելու պայմաններում հայցվորին պատճառվել է անմիջական վնաս, պետք է փաստել, որ նախ` հայցվորն օբյեկտիվորեն չէր կարող ունենալ համոզմունք առ այն, որ ներկայացված միջնորդությունները Դատարանի կողմից կբավարարվեին: Բացի դրանից, հայցվորը և նրա ներկայացուցիչը, հանդիսանալով փաստաբաններ և քաջատեղյակ լինելով ՀՀ օրենսդրական իրավակարգավորումներին, զրկված չէին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137 հոդվածով սահմանված կարգով հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու իրական հնարավորությունից, սակայն կրկին գերադասել են պասիվ վարքագիծ դրսևորել, որը վկայում է սույն քաղաքացիական գործի կարևորության վերաբերյալ չափազանցված դիրքորոշում ստեղծելու մտադրության մասին:

Սույն գործով իր լիազորություններն իրականացնելիս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը պահպանել է քաղաքացիադատավարական նորմերի պահանջները, իսկ հայցվորի կողմից քաղաքացիադատավարական նորմի մեկնաբանման և կիրառման հետ առկա անհամաձայնությունը որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով հիմնավորված չէ, կրում է զուտ էմոց բնույթ:

Դատավորը նաև ընդգծում է, որ Դատարանի կողմից կայացված որոշումները որևէ կերպ չեն հեղինակազրկում դատական իշխանությունը, միտված են քաղաքացիադատավարական նորմերի պահպանմանը, այդ թվում` փաստաբանների կողմից, որոնք իրականացնում են քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրելու բարձր առաքելություն:

Դատավորը եզրակացնում է, որ ԵԴ/13722/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից 16.07.2018թ., 31.08.2018թ. և 05.10.2018թ. կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները կայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված նորմերի պահանջներին համապատասխան (16.07.2018թ. և 31.08.2018թ. կայացված որոշումների իրավաչափությունը հայցվորի կողմից ընդունվել է), որպիսի պայմաններում բացակայում է դատավարական իրավունքի նորմի պարբերաբար, էական, ակնհայտ և կոպիտ խախտումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումներն ինքնին չեն կարող որևէ կերպ խախտել անձի արդար դատաքննության իրավունքը, քանի որ նման որոշման առկայության պայմաններում անձը զրկված չէ Դատարան դիմելու իրավունքից, ինչը և հայցվորի կողմից փաստացի իրացվել է: Բացի դրանից, հայցադիմումը Դատարան կրկին ներկայացնելու և այն, ի վերջո, վարույթ ընդունվելու դեպքում համարվում է դատարան ներկայացված սկզբնապես ներկայացնելու օրը:

Ավելին` սույն քաղաքացիական գործով հայցվորի իրավունքները չեն ոտնահարվել, իսկ գործի քննության ձգձգումը պայմանավորված է եղել հենց հայցվորի վարքագծով (փաստաբաններ լինելով հանդերձ` դատավարական նորմերի պահանջների խախտմամբ հայցադիմում ներկայացնելը, որպիսի հանգամանքն ընդունել է նաև հայցվոր կողմը):

i

3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե`

i

1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147 հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները:

Հանրապետության նախագահի 2018թ. օգոստոսի 10-ի հրամանագրով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արա Կուբանյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:

Բարձրագույն դատական խորհրդի 26.12.2018թ. արձանագրային որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արա Կուբանյանի լիազորությունները սնանկության դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են օրենքի ուժով:

Այս դեպքում` թեև արդարադատություն իրականացնելիս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործողություններում իսպառ բացակայում է դատավարական նորմերի պարբերաբար, էական, ակնհայտ և կոպիտ խախտումը, և առկա չեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված կարգապահական պատասխանատվության ենթարկելու համապատասխան հիմքերը, այնուամենայնիվ, սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ վերջինիս` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են:

2) Վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու և կարճելու որոշումները կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է վարույթ հարուցող մյուս մարմնին, ինչպես նաև հաղորդում ներկայացրած անձին և համապատասխան դատավորին:

Այս դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին N-Կ-10/2018 որոշումը կայացվել է 2018թ. նոյեմբերի 26-ին, մինչդեռ տվյալ որոշումը վարույթ հարուցող մարմինը դատավոր Կուբանյանին, համապատասխան հաղորդում ներկայացրած անձին և Արդարադատության նախարարի պաշտոնակատարին ուղարկել է 2018թ. դեկտեմբերի 13-ին, այսինքն` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված եռօրյա ժամկետի խախտմամբ:

Նման պայմաններում կարգապահական վարույթ հարուցած մարմինը խախտել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետը, որպիսի հանգամանքը ներկայացված միջնորդությունը մերժելու (կարճելու) հիմք է:

4. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

Բարձրագույն դատական խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ հանգամանքները.

1. 2018 թվականի հուլիսի 9-ին Հովհաննես Չամսարյանի ներկայացուցիչ Շ.Թադևոսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, երրորդ անձինք` «Նաիրի ինշուրանս» ԱՍՊ ընկերության, «Մուլտի Ֆուդ» ՍՊ ընկերության` ՃՏՊ արդյունքում պատճառված վնասի չափի և պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ կրկնակի փորձաքննություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է Դատարանի դատավոր Արա Կուբանյանին:

i

2. 2018 թվականի հուլիսի 16-ին Դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել, համաձայն որի` հայցվորի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները, այն է` չեն ներկայացվել հայցադիմումին կից ներկայացված էլեկտրոնային կրիչի համապատասխան թվով օրինակները:

3. 2018 թվականի օգոստոսի 22-ին հայցվորի ներկայացուցիչ Շ.Թադևոսյանը կրկին հայցադիմում է ներկայացրել Դատարան:

4. 2018 թվականի օգոստոսի 31-ին Դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել, համաձայն որի` հայցվորի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի (որոշման պատճառաբանական մասում նշվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դրույթները)պահանջները, այն է` պատասխանողի անվանումը թերի է նշվել:

5. 2018 թվականի սեպտեմբերի 26-ին հայցվորի ներկայացուցիչ Շ. Թադևոսյանը հայցադիմումը կրկին ներկայացրել է Դատարան:

i

6. 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Դատարանը դարձյալ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել` պատճառաբանելով, որ հայցվորի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջները, այն է` չի նշվել հայցվորի ծանուցման հասցեն կամ այն հայցվորի հաշվառման հասցեի հետ համընկնելու հանգամանքը:

7. Հանրապետության նախագահի 2018 թ. օգոստոսի 10-ի հրամանագրով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արա Կուբանյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր, և Բարձրագույն դատական խորհրդի 26.12.2018թ. արձանագրային որոշմամբ արձանագրվել է, որ սնանկության դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ Արա Կուբանյանի լիազորությունները` որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, դադարել են օրենքի ուժով:

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանություններն ու եզրահանգումները

Քննարկելով դատավոր Արա Կուբանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ:

i

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) և Սահմանադրական դատարանի որոշումներում:

Այսպես` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը:

Եվրոպական դատարանը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր հայց դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», այսինքն` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը քննություն սկսելու իրավունքի միայն մի մասն է, ինչի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով կառաջացնի իրավունքի խախտում, և անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար` քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում տեղի չի ունենա դատավարություն, և առհասարակ կարժեզրկվեն այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ իրավունքների գործնական և արդյունավետ երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացվում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով ՄԻԵԴ 19.06.2001 թվականի վճիռը, պարբ. 52, 53-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 4451/70 գանգատով ՄԻԵԴ 21.02.1975 թվականի վճիռը, պարբ. 34):

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրահանգել է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում են «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքները, բացարձակ չեն և կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով ՄԻԵԴ 21.11.2001 թվականի վճիռը, պարբ. 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.12.1999 թվականի վճիռը, պարբ. 35, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով ՄԻԵԴ 25.07.2002 թվականի վճիռը, պարբ. 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով ՄԻԵԴ 20.12.2007 թվականի վճիռը, պարբ. 44):

i

Անդրադառնալով անձի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները և իրավակիրառ պրակտիկան պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Վճռաբեկ դատարանը, իր հերթին, անդրադառնալով հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու, հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու ինստիտուտներին, իր մի շարք որոշումներում վկայակոչելով Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերոհիշյալ դիրքորոշումները, բազմիցս ընդգծել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքը չի կարող սահմանափակվել այն կերպ կամ այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1020/02/14 քաղաքացիական գործով 24.09.2014 թ., թիվ ԵԿԴ/5797/02/15 քաղաքացիական գործով 01.08.2016 թ., թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով 03.08.2016 թ., թիվ ԵԱՆԴ/3828/02/15 քաղաքացիական գործով 22.07.2016 թ., թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով 07.06.2017 թ., թիվ ԵԷԴ/3578/02/16 քաղաքացիական գործով 23.08.2017 թ. որոշումները):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե` (...) չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` հայցադիմումում պարտադիր նշվում են` (...) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից) (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայցադիմումում պարտադիր նշվում են` (...) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակվելու վայրի հասցեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` հայցադիմումին կցվում են` (...) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները` գործին մասնակցող անձանց թվին համապատասխան (...):

Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասի, 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԴ/13722/02/18 քաղաքացիական գործով դատավոր Արա Կուբանյանի կողմից 2018 թվականի հուլիսի 16-ին, օգոստոսի 31-ին և հոկտեմբերի 5-ին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին թվով երեք որոշում, այն դեպքում, երբ 2018 թվականի հուլիսի 16-ին Դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս արդեն իսկ առկա էին հայցադիմումի բոլոր թերությունները, որոնք հիմք ընդունելով` հայցադիմումը երեք անգամ վերադարձվել է:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատավոր Արա Կուբանյանի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, այն է` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ չեն նշվել բոլոր հիմքերը, որոնք առկա են եղել դեռևս հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումն առաջին անգամ ներկայացնելու ժամանակ, այլ դրանք արձանագրվել են արդեն հաջորդող երկու` 2018 թվականի օգոստոսի 31-ին և հոկտեմբերի 5-ին կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումներով: Օրենքի պահանջի նման խախտումը և դատարանի մատչելիության իրավունքի իրացման տևական (շուրջ չորս ամիս) չերաշխավորելն անհամատեղելի են իրավաչափ ակնկալիքների և իրավունքի գերակայության երաշխավորման սկզբունքների հետ: Դատավոր Արա Կուբանյանի կողմից թույլ է տրվել քաղաքացիադատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում, որով էլ խախտվել է անձի` անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը:

i

Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում դատավորի պնդումն առ այն, որ իր լիազորություններն իրականացնելիս դատավորը մեկնաբանել է դատավարական օրենքը, ներքին համոզմամբ գնահատել է ներկայացված փաստերը և ապացույցները, որպիսի գործողությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

i

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները չպահպանելը չի կարող գնահատվել որպես դատավարական օրենքի մեկնաբանություն, փաստերի և ապացույցների գնահատում: Բացի դրանից, ելնելով Սահմանադրական դատարանի` այս հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներից (մասնավորապես` 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշումը)` կարելի է եզրահանգել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանն օրենսդրորեն նախատեսված պետաիշխանական ցանկացած բնույթի լիազորություն (այդ թվում` հայեցողական) իրականացնելիս, անհրաժեշտ նպատակ հետապնդելու հետ մեկտեղ, պետք է առաջնորդվի վերջինիս հասնելու հասարակական հարաբերությունների կոնկրետ առանձնահատկություններով պայմանավորված իրավական, չափավոր միջոցներով, տվյալ դեպքում` պարտադիր հաշվի առնելով նաև քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս կարևոր նշանակություն ունի այդ որոշման պատճառաբանվածությունը, ինչը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար:

Բացի դրանից, ելնելով Եվրոպական դատարանի արտահայտած վերոնշյալ դիրքորոշումից` կարելի է արձանագրել, որ տվյալ պարագայում անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումները կրել են պարբերական բնույթ, ինչի արդյունքում խաթարվել է այդ իրավունքի բուն էությունը, ինչպես նաև խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված` դատարանի մատչելիության սկզբունքը:

Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում նաև դատավորի պնդումն առ այն, որ հայցվորի ներկայացուցչի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին 30.10.2018թ. տրված հաղորդման 3.4. կետում (էջ 6) հայցվոր կողմը Դատարանի կողմից 16.07.2018թ. և 31.08.2018թ. կայացված որոշումներն իրավական առումով հիմնավոր է համարել, այսինքն` դրանց իրավաչափությունը որևէ կերպ չի վիճարկել:

Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ թեև հայցվորի կողմից վերոնշյալ երկու որոշումները չեն վիճարկվել, այնուամենայնիվ, նշվածից չի բխում, որ հիմնավոր է այն հանգամանքը, որ ամեն վերադարձի հիմքին Դատարանն անդրադարձել է առանձին որոշմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր չի համարում նաև Դատավորի փաստարկն առ այն, որ հայցադիմումի մեջ պետք է նշվեր հայցվորի ծանուցման հասցեն կամ հաշվառման և ծանուցման հասցեների համընկնելու հանգամանքը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պարզ ընթերցման արդյունքում անգամ ակնհայտ է դառնում, որ հայցվորի հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն նշելը պարտադիր պայման է, մինչդեռ ծանուցման հասցե նշելը հայցվորի իրավունքն է, որը կարող է իրացվել այն դեպքում, երբ վերջինս ցանկանում է դատական ծանուցումները և այլ դատավարական փաստաթղթերն ստանալ իր հաշվառման վայրից տարբերվող հասցեում: Նշվածն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի բովանդակությունից, որի 1-ին մասն ամրագրում է. «Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե), իսկ 5-րդ մասում սահմանվում է. «Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան (...), ապա դատարանը դատական ծանուցագիրն ուղարկում է` 1) ֆիզիկական անձի դեպքում այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով (...)»: Նշված նորմերի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համադրված վերլուծությունից ակնհայտորեն բխում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու պահի դրությամբ դատարանը որպես հայցվորի ծանուցման հասցե պետք է դիտարկի նրա կողմից հայցադիմումում նշված հաշվառման վայրի հասցեն, իսկ հաշվառման վայրի հասցեից տարբերվող այլ հասցե հայցադիմումում նշելու պարագայում` այդ հասցեն: Ընդ որում, եթե հաշվառման վայրի հասցեից տարբերվող այլ հասցեով ուղարկված դատական ծանուցագիրը վերադարձվում է դատարան, ապա այդ հասցեով ծանուցումն ստանալու հայցվորի իրավունքը և դատարանի` դրան համապատասխանող պարտականությունը, ըստ էության, դադարում են, իսկ դատական ծանուցագիրը, ի թիվս այլ հասցեների, ուղարկվում է նաև հայցվորի հաշվառման վայրի հասցեով` ապահովելով դատավարական համապատասխան գործողության վերաբերյալ կողմի պատշաճ ծանուցումը:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ, ծանուցման հասցե նշելու իրավունքի հետ մեկտեղ, օրենսդիրն ամրագրել է հայցվորի հաշվառման վայրի հասցեն հայցադիմումում նշելու իմպերատիվ պահանջ` նպատակ հետապնդելով կանխելու հայցադիմումի մեջ հաշվառման վայրից տարբերվող այլ ծանուցման հասցե նշելու` կողմի իրավունքի հնարավոր չարաշահումները:

Ինչ վերաբերում է հաշվառման և ծանուցման հասցեների համընկնելու հանգամանքը հայցադիմումում նշված չլինելու վերաբերյալ Դատավորի պատճառաբանություններին, ապա Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում փաստել, որ նման օրենսդրական պահանջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ընդհանրապես նախատեսված չէ: Բացի դրանից, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ քաղաքացիադատավարական օրենսդրությունը դատարանի առջև չի դնում հայցվորի ծանուցման հասցեն նման եղանակով բացահայտելու խնդիր. դատավարության մասնակիցների ծանուցման հասցեն բացահայտելու միակ միջոցը հայցադիմումում նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեների մասին տեղեկություններ նշելու իմպերատիվ պահանջն է: Դատական ծանուցումները և այլ դատավարական փաստաթղթերն իր հաշվառման վայրից տարբերվող հասցեում ստանալու իրավունքից չօգտվելու պարագայում հայցվորի վրա չի կարող դրվել այդ իրավունքից չօգտվելու հանգամանքը նշելու կամ դրա շարժառիթները ներկայացնելու լրացուցիչ բեռ, քանի որ այն որևէ կերպ չի կարող խոչընդոտել վարույթի կանոնավոր ընթացքը:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

i

Ելնելով վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից` կարելի է եզրահանգել, որ Դատավորը վերոնշյալ, այն է` ծանուցման հասցեն նշված չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու որոշումը կայացնելիս թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի որևէ ողջամիտ իրավական փաստարկով չհիմնավորվող մեկնաբանություն` հաշվի չի առել այն ընդունող մարմնի նպատակը, նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` դատական ծանուցումների ինստիտուտին նվիրված 9-րդ գլխի կարգավորման ընդհանուր համատեքստը, ինչի արդյունքում հայցվորի մոտ իրավաչափորեն ձևավորվել է տպավորություն, որ դատարանը հայցադիմումը վերադարձնելու որոշման հիմքում դրել է «հնարված և օրենսդրական պահանջների շրջանակից դուրս ներկայացված» հիմք` «հետապնդելով գործից «ազատվելու» նպատակ»:

i

Ինչ վերաբերում է 2018 թվականի հուլիսի 16-ի հայցադիմումը վերադարձնելու որոշմանը, որի հիմքում դրվել է հայցադիմումին կից էլեկտրոնային կրիչի համապատասխան թվով օրինակները չներկայացնելու փաստը, և 2018 թվականի օգոստոսի 31-ի հայցադիմումը վերադարձնելու որոշմանը, համաձայն որի` պատասխանողի անվանումը թերի է նշվել, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը պարտավոր էր դրանցով արձանագրված թերություններին անդրադառնալ մեկ որոշման շրջանակներում, ինչն սկզբնապես` հայցադիմումը դեռ առաջին անգամ վերադարձնելու մասին որոշմամբ, հայտնի է եղել Դատարանին: Ընդ որում, Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Դատավորի պնդումն այն մասին, որ հայցադիմումներում առկա թերություններն ակնհայտ չեն եղել, քանի որ պատասխանող կազմակերպության անվանումը սխալ նշելը հայտնի է դարձել Դատարանին հայցադիմումը կրկին ներկայացնելու ժամանակ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի, 125-րդ հոդվածի 1-ին մասի և 127-րդ հոդվածի 3-րդ մասի համադրված վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պարտավոր է ստուգել հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերի առկայությունը, իսկ այդպիսիք բացահայտելու պարագայում` կայացնել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում` դրանում նշելով հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը: Այն իրողությունը, որ պատասխանող կազմակերպության անվանումը սխալ նշելու փաստը հայտնի է դարձել Դատարանին հայցադիմումը կրկին ներկայացնելու ժամանակ, ընդամենը թույլ է տալիս եզրակացնել, որ 2018 թվականի հուլիսի 16-ի հայցադիմումը վերադարձնելու որոշումը կայացնելիս Դատարանն անհրաժեշտ ծավալով չի ուսումնասիրել ներկայացված հայցադիմումը` այն վերադարձնելու մասին որոշում կայացնելու համար բավարարվելով բացահայտված ընդամենը մեկ թերությամբ, այն պարագայում, երբ հայցադիմումը պարունակում էր նաև այլ թերություն:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: ՈՒստի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված նորմի պայմանների, այն է` խախտումը պետք է լինի ակնհայտ և կոպիտ, միաժամանակյա առկայությունը պարտադիր է:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը` Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանի դատավոր Արա Կուբանյանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներն ակնհայտ են, քանի որ դրանց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանի դատավոր Արա Կուբանյանի կողմից թույլ տրված խախտումները համարվում են նաև կոպիտ, քանի որ չեն բխել իրավունքի գերակայության սկզբունքի էությունից, հանգեցրել են անձի` վերոնշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, ոչ իրավաչափ որոշման կայացմանը և որպես հետևանք` դատական իշխանության հեղինակազրկմանը: Մասնավորապես, Դատավորի կողմից թույլ տրված խախտումների արդյունքում խախտվել է անձի` Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը, 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը: Արդյունքում` չի երաշխավորվել Սահմանադրության 80-րդ հոդվածով ամրագրված` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը:

Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Արա Կուբանյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչն էլ հիմք է հանդիսանում վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Դատավորի դիրքորոշումն առ այն, որ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ վերջինիս` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի (...) 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք:

Նույն օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները:

i

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` դատավոր է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարաններում դատավորի պաշտոնում Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված անձը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արա Կուբանյանը Հանրապետության նախագահի 2018 թ. օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի դատավոր: Բարձրագույն դատական խորհրդի 26.12.2018թ. որոշմամբ արձանագրվել է, որ սնանկության դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ Արա Կուբանյանի լիազորություններն օրենքի ուժով դադարել են որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

i

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի` որպես պետաիշխանական լիազորություններով օժտված պաշտոնատար անձի` լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերն սպառիչ թվարկված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխանաբար 159-րդ հոդվածի 2-րդ և 160-րդ հոդվածի 1-ին մասերում, որոնցից և ոչ մեկը տվյալ դեպքում կիրառելի չէ դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ: Հետևաբար, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատավոր Արա Կուբանյանի` որպես դատավորի լիազորությունները չեն կարող համարվել դադարեցված կամ դադարած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետի իմաստով, քանի որ 2018 թ. օգոստոսի 10-ին սնանկության դատարանի դատավոր նշանակվելու փաստի ուժով նրա պետաիշխանական գործառույթի բնույթը չի փոխվել, նա շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր, քննել իր վարույթում գտնվող սնանկության և դրանց հետ կապված քաղաքացիական գործերը, նրա վրա տարածվում են դատավորի վարքագծի կանոնները, ինչպես նաև դատավորի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները:

Խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը կիրառելի է դատավորի լիազորություններն ընդհանրապես դադարելու կամ դադարեցվելու դեպքում, իսկ մեկ դատարանի դատավորի պաշտոնից մեկ այլ դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելը դատավորի լիազորությունները դադարեցված կամ դադարած համարելու հիմք չէ:

i

Ինչ վերաբերում է դատավոր Արա Կուբանյանի դիրքորոշմանն առ այն, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում իրեն չուղարկելու փաստը հանդիսանում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու հիմք, Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում վերահաստատել նախկինում արտահայտած իր դիրքորոշումը, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետը չի կարող գնահատվել որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սահմանված ժամկետ, քանի որ այն չի վերաբերում կարգապահական վարույթը հարուցող մարմնի կողմից վարույթ հարուցելուն և հարուցված վարույթի տևողությանը (տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 11.01.2019 թ. թիվ ԲԴԽ-60-Ո-Կ-01 որոշումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ): Ավելին` տվյալ դեպքում կարգապահական վարույթ հարուցելու որոշումն ուղարկելու եռօրյա ժամկետի խախտումը որևէ բացասական հետևանք չի առաջացրել ինչպես հաղորդում ներկայացրած անձի և դատավորի, այնպես էլ կարգապահական վարույթի ընթացքի համար սահմանված ժամկետների պահպանման համար: Հետևաբար, վարույթ հարուցած մարմնի կողմից նշված ժամկետի խախտումը չի կարող դիտարկվել որպես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու հիմք:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին հայտարարել խիստ նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Խորհրդի նախագահ` Գ. Հարությունյան

Անդամներ` Ա. Բեկթաշյան

Գ. Դանիելյան

Հ. Հովհաննիսյան

Ա. Խաչատրյան

Լ. Մելիքջանյան

Ս. Մեղրյան

Ա. Մխիթարյան

Ս. Չիչոյան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
07.02.2019
N ԲԴԽ-5-Ո-Կ-02
Որոշում