Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

        ք. Երևան                                ԲԴԽ-5-Ո-Կ-03

        07.02.2019 թ,                             

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.

 

       Նախագահությամբ`                  Գ. Հարությունյանի,

 

       մասնակցությամբ` անդամներ         Ա. Բեկթաշյանի,

                                        Գ. Դանիելյանի,

                                        Ա. Խաչատրյանի,

                                        Հ. Հովհաննիսյանի,

                                        Լ. Մելիքջանյանի,

                                        Ս. Մեղրյանի,

                                        Ա. Մխիթարյանի,

                                        Ս. Չիչոյանի,

 

       դատավոր                          Ռ. Ափինյանի,  

 

Դատավորների ընդհանուր ժողովի

կարգապահական հարցերի

       հանձնաժողովի նախագահ             Մ. Պապոյանի,

 

Դատավորների ընդհանուր ժողովի

կարգապահական հարցերի

       հանձնաժողովի անդամ               Ա. Ավագյանի,

 

       քարտուղարությամբ                 Շ. Վարդանյանի,

 

դռնփակ նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ Կ-9/2018 որոշմամբ ներկայացված միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ռուբեն Ափինյանին (այսուհետ` Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը փաստաբան Լուսինե Սահակյանի 2018 թվականի նոյեմբերի 13-ի հաղորդումն է` հասցեագրված Հանձնաժողովին:

Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ստեղծել կողմնակալ և խտրական վերաբերմունքի տպավորություն, կասկածի տակ են դնում Դատավորի անաչառությունը, հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ և 12-րդ կետերով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների կոպիտ խախտման:

Հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ Կ-9/2018 որոշմամբ Դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն:

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործի նյութերի, ինչպես նաև Դատավորի ներկայացրած բացատրությունների ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը հաստատված է համարել, որ դատավոր Ռուբեն Ափինյանն իր վարքագծով դրսևորել է կողմնակալ և խտրական մոտեցում, կասկածի տակ է դրել դատարանի անկախությունն ու անաչառությունը, որի արդյունքում նաև հեղինակազրկվել է դատական իշխանությունը: Մասնավորապես, Դատավորը կատարել է նշագրում 2018 թվականի սեպտեմբերի 14-ի վճռի` հոկտեմբերի 15-ին օրինական ուժի մեջ մտնելու մասին, մինչդեռ հոկտեմբերի 15-ին` մինչև ժամը 24:00-ն առաջին ատյանի դատարանի վճիռը չէր կարող ստանալ օրինական ուժ, և, հետևապես, այդ օրը մինչև կեսգիշեր եղել է վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորություն, ընդ որում, բողոքը ներկայացվել է այդ ժամկետում:

i

2018 թվականի հոկտեմբերի 18-ին, առանց դատական նիստ հրավիրելու, Դատարանի որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոցները վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, ինչն ուղղակիորեն հակասում է տվյալ գործի նկատմամբ կիրառելի ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին: Վերջինիս հետևանքով խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջները, այն է` քաղաքացիական դատավարության իրականացումը կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: Նշված որոշումից հետո անհապաղ տրվել է կատարողական թերթ:

Նույն օրը` հոկտեմբերի 18-ին, հոկտեմբերի 15-ին վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված և հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացված վերաքննիչ բողոքի պատճենը հանձնվել է դատավոր Ռուբեն Ափինյանի կազմին` վերջինիս պնդմամբ նույն օրվա երեկոյան` հայցի ապահովման միջոցները վերացնելու վերաբերյալ միջնորդության բավարարման մասին որոշման կայացումից և դրա հիման վրա կատարողական թերթ տալուց հետո: Սակայն հանձնաժողովն արձանագրել է, որ բողոքի պատճենն ստանալուց հետո դատավոր Ռուբեն Ափինյանը չի ձեռնարկել որևէ գործողություն վճռի կատարումը կասեցնելու նպատակով:

Ի թիվս վերոշարադրյալի` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կայացված «Վրիպակն ուղղելու մասին» որոշումը կողմին առաքելու նպատակով փոստին է հանձնվել 2018 թվականի հոկտեմբերի 31-ին:

Նշվածից, ըստ Հանձնաժողովի, հետևում է, որ դատավոր Ռուբեն Ափինյանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի իրավակարգավորումների պահանջը, ժամկետից շուտ կատարել է վճռի օրինական ուժի մեջ մտնելու վերաբերյալ մակագրություն, առանց դատական նիստ հրավիրելու կայացրել է հայցի ապահովումը վերացնելու մասին որոշում, ինչպես նաև Դատարանի որոշումը կողմին է ուղարկվել սահմանված ժամկետի խախտմամբ` այդպիսով թույլ տալով դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք դատավարության մասնակցի մոտ ստեղծել են կողմնակալ և խտրական վերաբերմունքի տպավորություն, ինչպես նաև կասկածի տակ են դրել դատարանի անկողմնակալությունն ու անաչառությունը:

i

Հանձնաժողովը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը, 147-րդ հոդվածի 5-րդ մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը, գտել է, որ դատավոր Ռուբեն Ափինյանը կողմնակալ, խտրական և դատարանի անկողմնակալությունն ու անաչառությունը կասկածի տակ դնող վարքագծով կոպիտ խախտել է դատավորի վարքագծի կանոնները` այդպիսով հեղինակազրկելով դատական իշխանությունը, ինչը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության, որպիսի պայմաններում, Հանձնաժողովի գնահատմամբ, առկա է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ դատավոր Ռուբեն Ափինյանը 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Հանձնաժողովին ներկայացրել է գրավոր բացատրություն, իսկ 2018 թվականի հունվարի 21-ին` պարզաբանում Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդին:

Գրավոր բացատրության մեջ Ռուբեն Ափինյանը նշել է, որ դատարանի կողմից վաղօրոք նշանակված դատական նիստերից մեկը վերանշանակվել է ավելի շուտ ժամկետում` հայցվոր Արսեն Չիչյանի միջնորդության հիման վրա` հիմքում դնելով գործի քննությունը ողջամիտ ժամկետներում քննելու սկզբունքը: Հայցվորը պատրաստակամություն է հայտնել պատասխանողին ուղարկվելիք դատական ծանուցումները մասնավոր սուրհանդակային ընկերության միջոցով ուղարկելու և դրա վերաբերյալ պատշաճ ապացույց Դատարանին ներկայացնելու կապակցությամբ: Ելնելով նույն գործի քննությունը ողջամիտ ժամկետներում քննելու սկզբունքից` Դատարանը հայցվորին է տրամադրել պատասխանողի վերաբերյալ ծանուցումները, իսկ նշված հասցեով պատասխանողին առաքելու վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են դատարանին: Դատավոր Ռ. Ափինյանը շեշտում է նաև, որ դատավարական ծանուցումները գործին մասնակցող անձանց ուղարկելու եղանակի սահմանափակում որևէ նորմով կարգավորված չէ: Իսկ ինչ վերաբերում է Արսեն Չիչյանին ուղարկված ծանուցումների Դատարան վերադարձին և վերջինիս դատական նիստերին մասնակցելուն, ապա, ըստ Դատավորի` յուրաքանչյուր գործով datalex.am կայքում տեղադրվում է հաջորդ դատական նիստի անցկացման ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվություն: Այսինքն` բացի դատարանի կողմից ծանուցում ուղարկելուց, գործին մասնակցող անձինք զրկված չեն գործով նշանակված դատական նիստերի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ datalex.am կայքից տեղեկանալու հնարավորությունից:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ փաստաբան Լուսինե Սահակյանը հրապարակումից մոտ 20 օր հետո է ծանոթացել գործի նյութերին, Դատավորը հայտնել է, որ գործով վճռի հրապարակումից հետո` նույն օրը, դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի մասնակցությամբ Լուսինե Սահակյանը ծանոթացել է գործի նյութերին: Ընդ որում, այդ պահին վերջինիս մոտ առկա չի եղել համապատասխան լիազորագիր: Այնուհետև Լուսինե Սահակյանը դիմել է, ներկայացել դատարան և կրկին անգամ ծանոթացել է գործի նյութերին: Իսկ ինչ վերաբերում է վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին որոշմանը, ապա Դատարանի կողմից այն կայացվել և ուղարկվել է գործին մասնակցող անձանց:

Դատավորն անդրադարձել է նաև փաստաբանի կողմից նշված այն հանգամանքին, որ դատավոր Ռուբեն Ափինյանը, 14.09.2018թ. կայացնելով նշված վճիռը, իբր թույլ տալով «վրիպակ», վճռի եզրափակիչ մասում նշել է, թե այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ «վրիպակը» հիմք ընդունելով` Արսեն Չիչյանը, 18.09.2018թ. և 20.09.2018թ. կոտրելով կայացված վճռով իր սեփականությունը ճանաչված Նալբանդյան 7 շենքի 1 և 1ա բնակարանների մուտքի փականները, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք է գործել այդ հասցեներում տեղակայված «Բագին» փաստաբանական գրասենյակ, որտեղից հափշտակել են դրամական միջոցներ և գույք: Փաստի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում քննվում է քրեական գործ: Այս փաստարկի կապակցությամբ դատավորը հայտնել է, որ դատարանը վճռի հրապարակումից հետո հայցվոր կողմին վճիռը տրամադրել է երկրորդ կնիքով չվավերացված վիճակում, որպիսի պայմաններում վճիռը չի կարող համարվել օրինական ուժի մեջ մտած:

Դատավորն իր բացատրությամբ անդրադարձել է նաև վճռի կայացումից հետո վրիպակն ուղղելու պահանջով 27.09.2018թ. մուտքագրված դիմումի քննարկման առնչությամբ դիմումատուի փաստարկներին և հայտնել, որ դատավարական փաստաթղթերը փոստով առաքելու ժամկետների վերաբերյալ դատավորը որևէ առնչություն չունի, այնուամենայնիվ, նշվածը կարող է հանդիսանալ դատավորի աշխատակազմի գերծանրաբեռնվածության հետևանք:

Օրենքով սահմանված ժամկետում կայացված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո դատավոր Ռուբեն Ափինյանը 14.09.2018թ. կայացված վճռի վրա կատարել է մակագրություն` իբր դրա օրինական ուժի մեջ մտնելու մասին և դատական ակտն անհապաղ, առձեռն տրամադրել է Արսեն Չիչյանին` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դատական ակտը բողոքարկված է, հետևաբար և չի ստացել օրինական ուժ: Այդ գրառումը Ռ.Ափինյանը կատարել է 15.10.2018թ. (երկուշաբթի), այն պարագայում, երբ կողմն այդ օրը մինչև կեսգիշեր դեռ ժամկետ է ունեցել ներկայացնելու վերաքննիչ բողոք:

Վերոգրյալի կապակցությամբ Դատավորը հայտնել է, որ թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը Դատարանի կազմին հանձնվել է 18.10.2018 թվականին` ժամը 17:00-ի սահմաններում: Datalex.am կայքում արտացոլված է վերաքննիչ բողոքի ներկայացման ժամկետը` 17.10.2018 թվականին, և, նկատի ունենալով, որ իր նստավայրը հանդիսանում է Քանաքեռ նստավայրը, նշված բողոքն իր կազմին հանձնվել է 18.10.2018 թվականին` ժամը 17:00-ի սահմաններում` դատարանի ցրիչների միջոցով: Մինչ այդ Արսեն Չիչյանի կողմից ներկայացված է եղել վճիռը երկրորդ կնիքով հաստատելու վերաբերյալ միջնորդություն, ուստի հիմք ընդունելով այն, որ վճիռը կայացվել է 14.09.2018 թվականին, 15.09.2018 թվականին Դատարանի կողմից կատարվել է նշում վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին:

Հայցի ապահովման միջոցների վերացման առնչությամբ Դատավորը հայտնել է, որ հայցի ապահովման միջոցները վերացվել են հայցվորի համապատասխան միջնորդության հիման վրա, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործով հայցի ապահովման միջոց կիրառվել էր հենց հայցվորի միջնորդությամբ, վճիռը 15.10.2018 թվականին մտել էր օրինական ուժի մեջ, և դատարանի կազմին դեռևս վերաքննիչ բողոքը չէր հանձնվել, դատարանն առանց դատական նիստ հրավիրելու կայացրել է որոշում հայցի ապահովման միջոցները վերացնելու վերաբերյալ: Ընդ որում, վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատավորի կազմին հայտնվել է որոշման կայացման օրը` երեկոյան, իսկ որոշումն Արսեն Չիչյանն առձեռն ստացել է օրվա առաջին կեսին:

Դատավորը նշել է նաև, որ դատարաններում առկա էր ձևավորված պրակտիկա, որ հայցի ապահովման միջոցները վերացվում էին առանց դատական նիստ հրավիրելու միայն այն դեպքում, երբ դատարանի կողմից հայցի ապահովման միջոցը կիրառելու վերաբերյալ որոշման համար հենց նույն միջնորդող կողմից ներկայացվում էր հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն, և հատկանշական է, որ 09.04.2018 թվականի գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նշված պրակտիկան ստացել է իրավական կարգավորում:

Ամփոփելով վերոգրյալը` դատավոր Ռուբեն Ափինյանը հայտնել է, որ փաստաբան Լուսինե Սահակյանի դիմումը գտնում է անհիմն, և դրանում հիմքեր չկան եզրահանգելու, որ դատավոր Ռ.Ափինյանն իրականացրել է գործողություններ, դրսևորել է վարքագիծ, որոնք վկայում են կողմնակալության, խտրականության դրսևորման մասին և կասկածի տակ են դնում դատավորի անաչառությունը, նպաստում են դատական իշխանության վարկաբեկմանը:

2019 թվականի հունվարի 21-ին Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված պարզաբանման մեջ Դատավորը վերահաստատել է Հանձնաժողովին ներկայացված գրավոր բացատրության մեջ արտահայտված իր դիրքորոշումները: Նաև անդրադառնալով վճռի կատարումը կասեցնելու նպատակով որևէ գործողություն չիրականացնելու փաստարկին` Դատավորը նշել է, որ վճռի կատարումը կասեցնելու նպատակով որևէ գործողություն կատարելու գործառույթ, իրավունք կամ պարտականություն դատավորը չունի:

Խորհրդի նիստում Դատավորն ընդունեց թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով վարույթի ընթացքում թույլ տրված բացթողումները և դատավարական ժամկետների խախտումները` դրանք պատճառաբանելով իր և իր աշխատակազմի գերծանրաբեռնվածությամբ:

4. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

Բարձրագույն դատական խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ հանգամանքները.

1. Արսեն Բենիկի Չիչյանի (այսուհետ նաև` Հայցվոր) լիազորված անձ Վահե Արմենակյանը 28.02.2014 թվականին դիմել է դատարան ընդդեմ Սերոփ Գորիոն Դեր-Բողոսյանի` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, այն է` Հայցվորի հետ կնքել նվիրատվության պայմանագիր և նրան նվիրել Երևանի Նալբանդյան փողոցի 7-րդ շենքի թիվ 1 և թիվ 1ա հասցեներում գտնվող անշարժ գույքերը:

2. Թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործը 18.01.2018 թվականին մակագրվել և 19.01.2018 թվականին հանձնվել է դատավոր Ռուբեն Ափինյանին:

3. Թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով վճիռը կայացվել է 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, որի եզրափակիչ մասում նշվել է, որ այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

4. 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կայացվել է «Վրիպակն ուղղելու մասին» որոշում:

5. Վերոնշյալ որոշումը կողմին առաքելու նպատակով փոստին է հանձնվել 2018 թվականի հոկտեմբերի 31-ին:

6. Դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից կատարվել է նշագրում 2018 թվականի սեպտեմբերի 14-ի վճռի` հոկտեմբերի 15-ին օրինական ուժի մեջ մտնելու մասին:

7. 2018 թվականի հոկտեմբերի 15-ին պատասխանողի անունից վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացվել վերաքննիչ բողոք:

8. 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված վերաքննիչ բողոքի պատճենն ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

9. Նույն օրը դատարան է ստացվել հայցվոր Արսեն Չիչյանի դիմումը` հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ:

10. 2018 թվականի հոկտեմբերի 18-ին, առանց դատական նիստ հրավիրելու, Դատարանի որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոցները վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, և դրա հիման վրա նույն օրը տրվել է կատարողական թերթ:

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանություններն ու եզրահանգումները

Քննարկելով դատավոր Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի անդամ Ա. Ավագյանի զեկույցը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...):

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատավոր Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով պահպանվել է հայցի ապահովման միջոցը վերացնելու դատավարական կարգը,

2. արդյո՞ք թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի անկախությունը և անաչառությունը կամ ողջամիտ անկողմնակալ դիտորդի մոտ կողմնակալ կամ խտրական վարքագծի տպավորություն է ստեղծում` հանգեցնելով դատավորի վարքագծի կանոնների խախտման:

i

2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերն առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում քննվել է մինչև 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ուստի այն պետք է քննվեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Հետևաբար` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով արձանագրված և դատավոր Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումները, որոնք կողմի մոտ ստեղծել են կողմնակալ վարքագծի տպավորություն, պետք է գնահատվեն` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) դրույթները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով Վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

i

Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով կանխելու հնարավոր բացասական հետևանքները և պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի նպատակը` օրենսդիրը սահմանել է, որ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, ինչը դատական ակտի կատարման կարևորագույն երաշխիք է, իսկ հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում` մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը (տե՛ս «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Իզաբելլա Վանլյանի թիվ ՎԴ/2127/05/11 գործով Վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատարանը պարտավոր է հայցի ապահովման վերացման հարցը լուծել միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում, մինչդեռ սույն գործով դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից հայցի ապահովման վերացման վերաբերյալ միջնորդությունը քննվել և որոշում է կայացվել առանց դատական նիստ հրավիրելու:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

i

Համաձայն նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի` դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

Վարույթի նյութերի, Դատավորի բացատրությունների և պարզաբանումների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հաստատված է համարում, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին առանց դատական նիստ հրավիրելու դատարանի որոշմամբ բավարարվել է հայցվոր Արսեն Չիչյանի հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ 15.10.2018թ. միջնորդությունը, որի հիման վրա նույն օրը տրվել է կատարողական թերթ:

2018 թվականի հոկտեմբերի 15-ին վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված և հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացված վերաքննիչ բողոքի պատճենը հոկտեմբերի 18-ին հանձնվել է դատավոր Ռուբեն Ափինյանի կազմին:

Բարձրագույն դատական խորհուրդը հաստատված է համարում, որ դատավորը հայցի ապահովման միջոցը վերացնելու որոշումը կայացրել է առանց դատական նիստ հրավիրելու, ինչպես նաև նրա կողմից «Վրիպակը ուղղելու մասին» որոշումը կողմերին հանձնվել է դատավարական ժամկետների խախտմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում դատավոր Ռուբեն Ափինյանի պատճառաբանություններն առ այն, որ կատարված խախտումները պայմանավորված են եղել դատարանի գերծանրաբեռնվածությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ երկրորդ կնիքով ու ստորագրությամբ դատական ակտը վավերացնելիս դատավորի կողմից հաշվի չի առնվել նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2007թ. դեկտեմբերի 21-ի թիվ 231 որոշման մեջ 2011թ. հուլիսի 21-ի ԴՆԽ թիվ 08Լ որոշմամբ կատարված լրացմամբ սահմանված կարգը` գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվելուց և այն օրինական ուժի մեջ մտնելու համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց 3 օր հետո բողոք չստացվելու դեպքում դատական ակտի վրա համապատասխան նշում կատարելու և ստորագրությամբ ու կնիքով վավերացնելու մասին:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց:

Ըստ էության, դատավորի կողմից վերոհիշյալ կանոնների խախտումները կատարվել են խախտված կանոնների օրենսդրական հիմքերի մասին իրազեկվածության պայմաններում, սակայն խախտումը պատճառաբանվել է ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև, իր գնահատմամբ, պրակտիկայում ձևավորված, սակայն օրենքին հակասող ընթացակարգերով, որը կարող է գնահատվել որպես կոպիտ անփութություն:

Ընդ որում, խախտման հետևանքն այն է, որ կասկածի տակ է դրվել դատավորի անկախությունն ու անաչառությունը, ինչպես նաև տեղի են ունեցել արտադատական գործընթացներ, որոնք հանգեցրել են կողմերի սեփականության իրավունքի խաթարմանը:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներն ակնհայտ են, քանի որ դրանց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ նման խախտումները վտանգում են դատավորի և դատարանի անկախությունը և անաչառությունը, ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ստեղծել դատավորի կողմնակալ կամ խտրական վերաբերմունքի տպավորություն, ուստի դրանք անթույլատրելի են:

Բարձրագույն դատական խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ դատավոր Ռուբեն Ափինյանը խախտումը կատարելու պահին չի ունեցել կարգապահական տույժ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Խորհրդի նախագահ` Գ. Հարությունյան

Անդամներ` Ա. Բեկթաշյան

Գ. Դանիելյան

Հ. Հովհաննիսյան

Ա. Խաչատրյան

Լ. Մելիքջանյան

Ս. Մեղրյան

Ա. Մխիթարյան

Ս. Չիչոյան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
07.02.2019
N ԲԴԽ-5-Ո-Կ-03
Որոշում