ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-12-Ո-45
2019 թ.
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներկայումս գործող դատավորների թեկնածուների ցուցակում, ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների` քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժիններում թեկնածուներ չկան, իսկ վարչական մասնագիտացման բաժնում առկա է 1 թեկնածու: 2019 թվականին` փետրվար ամսից, և 2020 թվականին պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են քաղաքացիական գործեր քննող 7, քրեական գործեր քննող 7 և վարչական գործեր քննող 1 դատավորի լիազորությունները: Բացի այդ, ներկա պահին դատական համակարգում առկա է դատավորի 8 թափուր հաստիք, որից 7-ը` քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը` քրեական մասնագիտացմամբ:
Վերոգրյալի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինն արտահերթ համալրել քսաներեք (23) թեկնածուով, քրեական մասնագիտացմամբ բաժինը` տասնյոթ (17) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժինը` երկու (2) թեկնածուով` հիմքում ունենալով հետևյալ հաշվարկը.
- քաղաքացիական մասնագիտացման բաժին` քսաներեք (23) թեկնածու - (ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 7 + 2019թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 2 + 2020 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 5 + 2021 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 2 + Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` 7 - ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը` 0 = 23),
- քրեական մասնագիտացման բաժին` տասնյոթ (17) թեկնածու - (ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 1 + 2019 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 3 + 2020 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 4 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 2 + Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` 7 - ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը` 0 = 17),
- վարչական մասնագիտացման բաժին` երկու (2) թեկնածու - (ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 0 + 2019 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2020 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 1 + 2021 թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` 2 - ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը` 1 = 2):
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 6-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`
- քաղաքացիական մասնագիտացմամբ բաժին` քսաներեք (23) թեկնածու,
- քրեական մասնագիտացմամբ բաժին` տասնյոթ (17) թեկնածու,
- վարչական մասնագիտացմամբ բաժին` երկու (2) թեկնածու:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019 թ. փետրվարի 21
ք. Երևան