Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 581-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2019 թվականի N 141-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 581-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 28-ի

N 141-Ա որոշման

 

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 581-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի N 581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ Կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեության ծրագրում որպես Կառավարության գործունեության առանցքային նպատակ արձանագրվել է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը` որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում` որպես քաղաքական մշտական իրողություն:

Կառավարության ծրագրում այս իմաստով առանցքային նշանակություն է վերապահվել.

1.1. Իշխանության ձևավորմանը` բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով

Կառավարության ծրագրի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության 73 համայնքներում, այդ թվում` Երևանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Ընտրությունները ճանաչվել են որպես ազատ, արդար և մրցակցային, ընտրությունների պաշտոնական արդյունքները դատական կարգով չեն բողոքարկվել: Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելության (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, Եվրախորհրդարան) հայտարարության համաձայն` «արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»: Այսպիսով` ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնված է:

1.2 Իրավունքի գերակայությանը, օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությանը և քաղաքացիական համերաշխությանը

Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան: Քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները պաշտպանված են և լիարժեք կիրառելի: Հետևողականորեն իրականացվել է դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դրա անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով` բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյությունը: Կառավարությունն առաջնորդվել է թափանցիկ և հաշվետու գործելաոճով` վերացնելով իշխանության և քաղաքացու միջև տարիներ շարունակ խորացած անդունդը: Քաղաքացու ձայնը լսելի է, նա ունի ազդեցության բավարար լծակներ համապետական և տեղական մակարդակներում որոշումների կայացման վրա:

1.3. Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովմանը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանը

Կառավարությանը հաջողվել է ապահովել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգությունը: Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում արձանագրվել է լարվածության աննախադեպ անկում: Կառավարությունը ջանքեր է գործադրել զինված ուժերի մարտունակության բարձրացման և Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Իրականացվել են կոնկրետ քայլեր և միջոցառումներ սպառազինության համալրման, արդիականացման և ժամանակակից ռազմական տեխնիկայի (այդ թվում` ՍՈՒ-30 ՍՄ բազմագործառույթ կործանիչների) ձեռքբերման ուղղությամբ:

Երկրում հաստատված ժողովրդավարական կայունությունը նպաստել է իրավապահ համակարգի նկատմամբ հանրային ընկալումների փոփոխմանը և վստահության ամրապնդմանը:

Հավատարիմ մնալով արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերից խուսափելու սկզբունքին` Կառավարությունը քայլեր է ձեռնարկել թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային բարձր հեղինակության կապիտալացման, ինչպես նաև տարբեր ուղղություններում ՀՀ արտաքին քաղաքականության ակտիվացման, արդյունավետության բարձրացման ուղղությամբ (այդ թվում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի անցկացում):

1.4. Կոռուպցիայի հանրային մերժմանը և կոռուպցիայից զերծ հանրությանը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատմանը

Կառավարության գործունեության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ աննախադեպ չափերի պայքար է ծավալվել: Կառավարությունը վստահորեն արձանագրում է, որ համակարգային կոռուպցիան երկրում վերացված է:

2018 թ-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1079 քրեական գործ, որոնց շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառած 66,9 մլրդ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել և փաստացի վճարվել է պետական բյուջե շուրջ 22,5 մլրդ դրամ: Բացի այդ, նշված քրեական գործերի քննության ընթացքում մասնակից առանձին անձանց կողմից պետությանը կամավոր վճարվել է շուրջ 9,5 մլրդ դրամին համարժեք գումար:

Խոշոր բիզնեսը զրկված է Կառավարության գործառույթների վրա ազդելու լծակներից: Կառավարությունում և Ազգային ժողովում գործարար պաշտոնյաների և պատգամավորների թիվը վերջին 20 տարվա համար հասել է նվազագույնի:

1.5. Մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը

Քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով իշխանության ձևավորման շնորհիվ փոխվել է քաղաքացի-իշխանություն հարաբերությունների ամբողջ փիլիսոփայությունը: Հանրային կյանքին քաղաքացու առավելագույն մասնակցությունը դրսևորվում է համապետական և տեղական մակարդակներում որոշումներ կայացնելու գործընթացում բարձր ներգրավվածությամբ, որին կառավարությունը ձևավորման օրվանից որևէ կերպ չի խոչընդոտել:

Քաղաքական արմատական փոփոխությունների շնորհիվ մասնավոր սեփականության, օրինական ձեռներեցության և կապիտալի անձեռնմխելիության խախտման որևէ դրսևորում չի արձանագրվել:

Վերջին 12 տարում առաջին անգամ արձանագրվել է ներգաղթ. 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թվին:

2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում:

«Եվրոստատի» տվյալներով 2018-ին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան երեք անգամ նվազել է: Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել էր 6805:

1.6. Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառմանը, տնտեսական մրցակցության պաշտպանությանը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությանը

Կառավարությունը, հավատարիմ մնալով հեղափոխության հռչակած նպատակներին, վերացրել է տնտեսական զարգացմանը խոչընդոտող գլխավոր պատնեշը` բիզնես-իշխանություն սերտաճումը և մենաշնորհների գերակայությունը: Կառավարությունը հետևողականորեն դիտարկել, վերհանել և չեզոքացրել է Հայաստանի տնտեսությունում եղած մենաշնորհային արհեստական դրսևորումները: Տնտեսական ազատությունների և մրցակցության բարելավման տեսանկյունից Հայաստանն աննախադեպ առաջընթաց է արձանագրել: Պատկան գերատեսչությունների հաշվետվություններով` մենաշնորհների դեմ պայքարի շնորհիվ որոշ դեպքերում նույնիսկ մի քանի անգամ նվազել են գերիշխող տնտեսավարողների շուկայի մասնաբաժինները:

Օրինակ, 2018 թ. վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78%, նախկին 95%-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը` 30%, նախկին 57%-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը` 29%, նախկին 43%-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով` 29%, նախկին 51%-ի փոխարեն: Մրցակցությունն ու հավասար հնարավորությունները տնտեսական դաշտի արդեն անվիճարկելի հենասյուներն են: Տնտեսության ոլորտում Կառավարությունը դիրքավորվել է որպես արդարության և ազնիվ մրցակցության անաչառ երաշխավոր: 2018 թ. չորրորդ եռամսյակի դրությամբ ոչ պետական աշխատատեղերի քանակն ավելացել է մոտ 37 հազարով: Սա թույլ է տալիս ենթադրել, որ նույն ժամանակահատվածում ստվերից դուրս է բերվել առնվազն 30 հազար աշխատատեղ:

1.7. Տնտեսության ներառական աճի ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության հաղթահարմանը

Կարևորելով տնտեսական զարգացման սոցիալական ազդեցությունը` Կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկել ներառական տնտեսական մոդելի ներդրման, գործարար նախաձեռնողականության և աշխատանքի խրախուսման, ինչպես նաև հասարակության առանձին խմբերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

2018 թ. արձանագրվել է մշակող արդյունաբերության, մասնավորապես, հագուստի արտադրության ծավալների 40,8% և մանածագործական արտադրատեսակների արտադրության 77,0% աճ: 2018 թ. տեքստիլ արտադրանքի արտահանման 65,4%-ի աճ է գրանցվել: Նույն ժամանակահատվածում գրանցվել է ծառայությունների ավելացված արժեքի 9,8% աճ, ինչպես նաև շինարարության ծավալի 4,5% աճ: Նշվածները նպաստել են նաև զբաղվածության աճին:

1.8. Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացմանը

Կառավարության գործունեության կրթության ոլորտի միջոցառումներն ուղղված են եղել կրթության որակի, մատչելիության և հասանելիության բարելավմանը` համակարգի բովանդակության և մեթոդների արդիականացման, կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Հետևողականորեն ապակուսակցականացվել են կրթական հաստատությունների ղեկավար մարմինները:

Գործուն քայլերի միջոցով Կառավարությանը հաջողվել է էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման, ինչպես նաև խմելու ջրի սակագնի բարձրացում թույլ չտալու միջոցով թեթևացնել սոցիալապես անապահով խմբերի ծախսային բեռը: Անապահով խավերի համար գազի 100 դրամ սակագինը նվազել է 20 դրամով, իսկ հոսանքի 40 դրամ սակագինը` 10 դրամով:

Կենսաթոշակների նվազագույն շեմի բարձրացումը կնպաստի կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության կրճատմանը, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում նոր կարգավորումների ներդրման միջոցով հաջողվել է աշխատողների լայն շրջանակի համար որոշակիորեն բարձրացնել աշխատավարձերը:

Կառավարության նախաձեռնությամբ վարկավորման պայմանների նշանակալի բարելավման միջոցով Հայաստանի հիփոթեքային ոլորտում աննախադեպ աշխուժություն է արձանագրվել: Համակարգում հիփոթեքային վարկային պորտֆելը աճել է 20%-ով, իսկ բացարձակ մեծությամբ` շուրջ 50 մլրդ դրամով:

1.9. Բռնությունից զերծ հանրության հաստատմանը և բռնության հանրային մերժմանը

Հեղափոխության արժեքների և Կառավարության հետևողական ջանքերի համադրման շնորհիվ Հայաստանում հաստատվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ բռնությունը մերժելի է: Իրավապահ կառույցներն առաջնորդվում են օրենքի գերակայությամբ և բռնության ցանկացած դրսևորման նկատմամբ անհանդուրժող գործելաոճով:

1.10. Շրջակա միջավայրի պահպանությանը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործմանը

Քաղաքացիների և տնտեսավարողների համար էականորեն բարելավվել են բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների և եզրակացությունների տրամադրման ժամկետները և ընթացակարգերը: Բարելավվել է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը, դրամաշնորհային միջոցներով գնվել են հսկման և հակահրդեհային տասնյակ մեքենաներ, տեխնիկան, տեսահսկման և կառավարման ժամանակակից սարքավորումներ, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության անձնակազմերի աշխատավարձը միջինը բարձրացվել են 40%-ով, որոշ տեղերում` մինչև 100%-ով, բնապահպանության նախարարության բոլոր կառույցները, բացառությամբ Հայանտառ ՊՈԱԿ-ի, անցել են էներգախնայող լուսավորության, նվազել են փայտանյութի ապօրինի հատման դեպքերը, օրինական հատատեղերից մթերվել է ավելի քիչ փայտ, սակայն հասույթն ավելացել է շուրջ երկու անգամ:

Էականորեն ակտիվացել է միջազգային համագործակցությունը, կնքվել կամ ստորագրվել են շուրջ 20 մլրդ դրամի դրամաշնորհային նոր պայմանագրեր, Հայաստանն ընտրվել է բնապահպանական մի շարք խորհուրդների անդամ:

Դրամաշնորհների հաշվին անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից տասնյակ համայնքներում դրամաշնորհներ են տրամադրվել բիզնես և ընտանեկան նախագծերի ֆինանսավորման համար, 30 համայնքների դրամաշնորհ է տրամադրվել առաջնային խնդիրների լուծման համար:

Քաղաքացիներին բաժանվել է ավելի քան 100 000 խորանարդ մետր անվճար վառելափայտ և բրիկետներ:

 

2. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

Կառավարությունը, հավատարիմ մնալով ընտրական օրենսգիրքը փոփոխելու մասին ծրագրային դրույթին, նախաձեռնեց, մշակեց և Ազգային ժողովին ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Խորհրդարանում նախագծի ընդունումը երկու անգամ տապալվեց խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժի կողմից:

Չնայած գործող օրենսգրքի պահպանմանը` հավատարիմ մնալով մեկ տարվա ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պարտավորությանը` Կառավարությունը ժողովրդի աջակցությամբ հասավ արտահերթ ընտրությունների անցկացմանը: Վարչապետը հրաժարական տվեց, Ազգային ժողովում երկու անգամ տեղի ունեցան վարչապետի ընտրություններ, որոնց միջոցով վարչապետ չընտրվեց, Ազգային ժողովն արձակվեց իրավունքի ուժով, և նշանակվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Կառավարությունը հավատարիմ մնալով ընտրական համակարգի բարեփոխումները շարունակելու իր նպատակին և առաջնորդվելով 2018 թ. ծրագրով ստանձնած իր պարտավորությամբ` շարունակելու է ընտրական համակարգի բարեփոխման գործընթացը:

 

3. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

3.1. Զինված ուժեր

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2019-2024 թթ. զարգացման պլանը, որը հաստատվել է Անվտանգության խորհրդի կողմից:

Առավել ցուրտ և բարձրադիր շրջաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներն ապահովվել են մորթուց կիսավերարկուներով, քուրքերով և այլ տեսակի զինվորական հանդերձանքով: Պարտադիր ժամկետային զինծառայողների համար արտադրվել են նոր նմուշի շապիկներ և կիսավարտիքներ: Փորձարկման փուլում է գտնվում զինվորի համար նախատեսված հայկական արտադրության առավել որակյալ և հարմարավետ կոշիկների որոշ խմբաքանակ:

Դրական արդյունքի դեպքում 2019 թ. հուլիսից նախատեսվում է զինված ուժերի ամբողջական անցում նոր կոշիկների:

Բարելավվել են անձնակազմի կենցաղի և հիգիենայի պայմանները: Քայլեր են ձեռնարկվել զինվորների համար նախատեսված սննդի որակի բարելավման և բազմազանության ապահովման ուղղությամբ: Զինված ուժերի պարտադիր ժամկետային զինծառայողներին թույլատրվել է ունենալ անձնական օգտագործման բջջային հեռախոս, որը նպաստել է զինվոր-ընտանիք կապի ամրապնդմանը:

Կառավարության նախաձեռնությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից կարող են օգտվել նաև 2015 և 2016 թվականների ընթացքում մարտական պայմաններում վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքները, որից հետո հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 183-ով:

Առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով հատկացվել է 5,705,000 հազ. դրամ:

2018 թ. վերջին Կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող անձնակազմին տրամադրված սպառողական վարկերի վերակառուցման հատուկ ծրագիրը, որի շնորհիվ զինծառայողները հնարավորություն են ունենալու իրենց բարձր տոկոսադրույքով և կարճ ժամկետով վարկերը վերակառուցել ավելի ցածր տոկոսադրույքով և ցանկության դեպքում` ավելի երկար ժամկետով վարկերի: Դա էականորեն կթեթևացնի զինծառայողների վարկային բեռը:

Կառավարության կողմից նախաձեռնվել է նաև զինծառայողների բնակարանային ապահովման նպատակով մատչելի հիփոթեքային վարկավորման ծրագիր, որի համապատասխան իրավական ակտն արդեն մշակված է: Այն նախատեսում է բավական մատչելի պայմաններով և Կառավարության սուբսիդավորմամբ հիփոթեքային վարկերի տրամադրում զինծառայողներին:

Զինված ուժերի մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համատեքստում ակտիվ գործընթացներ են մեկնարկել:

Կառավարությունն ապահովել է բանակի բացարձակ ապաքաղաքականացումը, որը, մասնավորապես, արտահայտվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Զինված ուժերի ուղղորդման բացառմամբ:

3.2. Արտաքին քաղաքականությունը

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ շարունակել է Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունները վերահաստատեցին հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա: Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով ընդգծվել է խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայության և կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացառման կարևորությունը: Վերահաստատվել է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է 3 հանդիպում` հուլիսի 11-ին` Բրյուսելում, սեպտեմբերի 26-ին` Նյու Յորքում, դեկտեմբերի 5-ին` Միլանում (վերջինիս արդյունքներով ընդունվել է հնգակողմ հայտարարություն): Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կայացել են երեք ոչ պաշտոնական, բաց օրակարգով հանդիպումներ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում:

2018 թ. ՀՀ դիվանագիտության առաջնահերթությունների շարքում շարունակում էր մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Եվրասիական տնտեսական միություն

2018 թ. Հայաստանը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել ԵԱՏՄ շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներին: Հոկտեմբերին Երևանում անցկացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը և «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը:

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմիններում 2019 թ. նախագահությունը:

Հայկական կողմն ակտիվ մասնակցություն է ունեցել ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի կողմից նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձևավորման ծրագրերի հաստատման գործընթացում: Հայկական կողմի առաջարկով ամսական պարբերականությամբ ԵԱՏՄ կառավարման մարմինների նիստերում քննարկվել են բիզնեսի կողմից առաջադրված խնդիրներ և սահմանվել են դրանց լուծման վերջնաժամկետներ: Հայաստանի առաջարկով մեկնարկել է անդամ երկրներում ուղեկցող էլեկտրոնային փաստաթղթերի փոխճանաչման միասնական համակարգի ձևավորման գործընթացը, որն զգալիորեն կդյուրացնի փոխադարձ առևտուրը` բացառելով առկա անհարկի ստուգումները:

ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի զարգացման համատեքստում Հայաստանն ստանձնել և իրականացնում է ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունները:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն

Հաշվետու ժամանակահատվածում քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա խորացման ու կատարելագործման ուղղությամբ, կարևորվել է կառույցի արդյունավետության բարձրացումը` ՀԱՊԿ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների անխաթար կատարումն ապահովելու նպատակով:

Օգոստոսին հայկական կողմը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որն ավարտվել է հոկտեմբերին: Հաշվի առնելով, որ գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամ դադարեցման դեպքերում կազմակերպության նորմատիվ իրավական բազան չի նախատեսում գործողությունների հստակ ընթացակարգ` հայկական կողմի նախաձեռնությամբ մեկնարկել են այդ մասով բացը լրացնելու աշխատանքները:

ՀԸԳՀ կիրարկում

ԵՄ կողմին է ներկայացվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը, որտեղ ներառված են այն միջոցառումները, որոնք ապահովում են համաձայնագրի ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկումը: Այդ ճանապարհային քարտեզը ներառում է արդարադատությանը, տրանսպորտին, էներգետիկ համագործակցությանը, շրջակա միջավայրին, սպառողական պաշտպանությանը, միգրացիային և այլ ոլորտներին առնչվող 201 միջոցառում: ԵՄ-ն գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ` որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ: Այս պահին քննարկվում են Եվրոպական միության կողմից ստացված առաջարկությունները ճանապարհային քարտեզի վերաբերյալ:

Հուլիսին վերակազմավորվել է ՀԸԳՀ և «Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող Միջգերատեսչական հանձնաժողովը, որի նպատակն է կիրարկման ճանապարհային քարտեզի կազմման գործընթացի համակարգումը: Մինչ օրս հանձնաժողովն անցկացրել է 9 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են համաձայնագրի բոլոր ոլորտներին առնչվող միջոցառումները:

ՖՄԿ գագաթնաժողով

Հոկտեմբերին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Հայաստան է ժամանել մոտ 100 պատվիրակություն, որոնցից 35-ը` նախագահի, փոխնախագահի, վարչապետի կամ փոխվարչապետի գլխավորությամբ: Հայաստանն ստանձնել է ՖՄԿ նախագահությունը երկու տարի ժամկետով` մինչև 2020 թ.:

Գագաթնաժողովի ընթացքում ընդունվել է Երևանի հռչակագիրը, որն ուղղորդելու է ՖՄԿ գործունեությունն առաջիկա երկու տարիներին, ինչպես նաև «Ապրել միասին» Երևանի Ֆրանկոֆոն կոչը` հայկական կողմի նախաձեռնությամբ:

ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին ընդունվել է նաև վեց բանաձև, այդ թվում` Ճգնաժամային իրավիճակների, ճգնաժամերից դուրս գալու և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը, որում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները վերահաստատել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը սատարելու իրենց դիրքորոշումը:

Միջազգային համագործակցության

Հաշվետու ժամանակահատվածում Կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկել միջազգային գործընկերային կապերի ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:

Պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի նախագահը, պաշտոնական այցով` Գերմանիայի կանցլերը, Կանադայի վարչապետը, աշխատանքային այցով` Ֆրանսիայի, Էստոնիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Լիբանանի, Թունիսի և մի շարք այլ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ վարչապետը պաշտոնական այց է կատարել Վրաստան, Գերմանիա, ինչպես նաև 6 աշխատանքային այց Ռուսաստանի Դաշնություն, 3 աշխատանքային այց Ֆրանսիա, ինչպես նաև Բելգիա, ԱՄՆ, Տաջիկստան, Լիբանան, Ղազախստան: Որոշ այցերի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ այդ երկրներում հայկական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ:

Բելգիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, ինչպես նաև Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը: ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հետ:

ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում 2017 թ. տարեկան գործողությունների ծրագրով Հայաստանի Հանրապետությանը տրվող աջակցության ներքո մշակված ծրագրերի նախագծերի համաձայնեցման աշխատանքներն ավարտվել են, ստորագրվել է 3 համաձայնագիր` կրթության, արդարադատության և տնտեսական հարաբերություններին առնչվող ոլորտներում 34,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Հաշվետու ժամանակահատվածում 2018 թ. տարեկան գործողությունների ծրագրով ստորագրվել է համաձայնագիր` ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, առաջիկայում կստորագրվի երկրորդը` ուղղված տարածքային զարգացմանը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 36 մլն եվրո:

Ծավալվել է համագործակցությունը միջազգային տնտեսական և ֆինանսական մասնագիտացված կազմակերպությունների և հաստատությունների հետ:

Հաշվետու ժամանակահատվածում ավարտին է հասցվել Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև 2019-2022 թթ. համագործակցության վերաբերյալ փաստաթղթի նախագիծը: Հայկական կողմը հաստատել է փաստաթղթի վերջնական տարբերակը, որը կհրապարակվի առաջիկայում Համաշխարհային բանկի խորհրդի հավանությանն արժանանալուց հետո:

Մեկնարկել են Ասիական զարգացման բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի մշակման աշխատանքները:

Իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ` կապված բժիշկներից, ականազերծողներից, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձանցից կազմված մարդասիրական առաքելություն Սիրիա ուղարկելու հետ:

3.3. Ներքին անվտանգությունը

Ոստիկանության հանդեպ ձևավորվել է հավատի ու վստահության բարձր մակարդակ: Դա փաստում է այն հանգամանքը, որ 2018 թ. մայիսից սկսած աննախադեպ ավելացել է քաղաքացիների կողմից ոստիկանություն ներկայացվող հաղորդումների թիվը. եթե 2017 թ. ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է առերևույթ հանցագործության մասին 32,321 հաղորդում, ապա 2018 թ.-ին դրանց թիվն աճել է 9,145-ով կամ 28,3%-ով` կազմելով 41,466: Ի դեպ, 807-ով կամ 27%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն` նախկինում իրենց կողմից չհայտնած դեպքերի վերաբերյալ (2,922-ից հասնելով 3,729):

Հանրության և հատկապես երիտասարդության շրջանակներից այսպես կոչված գողական, քրեածին մտածելակերպի մնացուկներն արմատախիլ անելու գործում որպես ուղենիշ որդեգրելով նշված կոնտինգենտի անպատժելիության և օրենքից վեր կանգնած լինելու մասին որոշ շրջանակներում ձևավորված կարծրատիպի վերացումը, ոստիկանությունը նշված անձանց մշտապես պահում է օպերատիվ տեսադաշտում: Ոստիկանության իրականացրած համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, որոնք լուսաբանվել են նաև ԶԼՄ-ներով երեք տասնյակից ավելի այսպես կոչված «օրենքով գողեր» և «հանցավոր հեղինակություններ» պարբերաբար բերման են ենթարկվել ոստիկանություն, խուզարկություններ են կատարվել, որոնց շնորհիվ հայտնաբերվել և առգրավվել են զգալի քանակությամբ թմրամիջոցներ, զենք և զինամթերք, հարուցվել են քրեական գործեր և մի շարք, այսպես կոչված «օրենքով գողեր» և «հանցավոր հեղինակություններ» ենթարկվել են քրեական պատասխանատվության:

Բացի այդ, անչափահասների շրջանում իրականացվել են լայնածավալ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ, ինչպիսիք են դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում անցկացված «Դասը վարում է ոստիկանը», «Անչափահասը և հանցագործությունը» իրավական թեմաներով հանդիպում-զրույցները և այլն:

Հատկանշական է, որ հանցավորության ընդհանուր աճի պարագայում 44 դեպքով նվազել է անչափահասների կատարած հանցագործությունների թիվը (403-ից հասնելով 359): 2018 թ. Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր:

2018 թ. օգոստոսի 23-ից սկսած` ոստիկանության զորքերը ներգրավվել են ՀՀ պետական սահմանների պաշտպանությանը` հերթափոխերով մեկնելով առաջնագիծ` մարտական ծառայության: Սա կարևոր քայլ է մարտունակության և սահմանների պաշտպանության արդյունավետության բարձրացման գործում:

 

4. ՊԱՅՔԱՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԵՎ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

 

2018 թ.-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1079 քրեական գործ, որոնց շրջանակներում վերականգնվել և փաստացի վճարվել է պետական բյուջե 22,5 մլրդ դրամը: Նույն հատկանիշներով ամբողջ 2017 թ.-ի ընթացքում հարուցվել է 846 քրեական գործ, որոնցից 655 քրեական գործ կարճվել է, իսկ վերականգնվել և փաստացի վճարվել է պետական բյուջե ընդամենը 6,5 մլրդ դրամը:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման նպատակով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ համագործակցության արդյունքում մշակվել, դոնորների հետ քննարկվել և 2019 թ. հունվարից մեկնարկել է համատեղ ծրագիր, որի շրջանակներում ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

4.1 Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկությունը

Մշակվել և հանրային քննարկման է դրվել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը:

Ծրագրի նպատակն է կոռուպցիայի կանխարգելման գործում իրական հանրային վերահսկողություն ապահովել պետության առաջին դեմքերի, հանրային ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության և ունեցվածքի նկատմամբ: Ծրագրով առանձնապես կարևորվում է այնպիսի համակարգի ներդրումը, որը կերաշխավորի պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվության անխոչընդոտ հասանելիությունը:

4.2. Հանրային կառավարման, ֆինանսների և գնումների թափանցիկությունը

Մեկնարկել են պետական ծախսերը կազմելու, պետական բյուջեն ձևավորելու գործընթացի ավտոմատացված համակարգ մշակելու և վերջինս պետական կառավարման համակարգում գործող ավտոմատացված այլ համակարգերի հետ ինտեգրելու` տեղեկատվության փոխանակման հնարավորություն ստեղծելու աշխատանքները:

Արմատապես վերանայվել է պետական կամ համայնքային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը` ապահովելով սահմանված դեպքերում առաջացող-հավաքագրվող դրամական միջոցների մուտքը համապատասխան բյուջե և հետագայում, ըստ անհրաժեշտության, այդ գումարների բաշխումն այդ բյուջեներից: ՀՀ 2019 թ. պետական բյուջեում ներառվել են արտաբյուջետային ծրագրերը:

Գնումների կամ բյուջետային այլ ծախսերի անարդյունավետության դեպքում պետությանը պատճառված վնասի հիմքով իրավական հետևանքների կիրառման և դրանք պետական բյուջե վերադարձնելու մեխանիզմների ստեղծման հնարավորությունը ներառվել է Կառավարության միջնաժամկետ միջոցառումների ծրագրում:

Մասնավորապես, ընդլայնվել են նոտարական էլեկտրոնային համակարգի գործառույթները, ներդրվել է ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական էլեկտրոնային համակարգ: Փորձնական գործարկվել է էլեկտրոնային հարցումների միասնական կայքը, աշխատանքներ են տարվել ՀՀ լիցենզիաների միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ներդրման ուղղությամբ: Մեկնարկել են նաև հանրագրերի էլեկտրոնային համակարգի, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի արդիականացման, սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակների ներդրման, դատարանների միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման աշխատանքները:

Արդարադատության նախարարության կողմից միջազգային փորձի ուսումնասիրության և տեխնիկական առաջադրանքների մշակման աշխատանքներ են իրականացվում` արդարադատության էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ուղղությամբ: Գործարկվել է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև օրենքով սահմանված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով փոխանցելու համակարգը:

2019 թվականի պետական բյուջեով պետական բոլոր մարմինների համար նախատեսվել են պարգևատրման ֆոնդեր միասնական տոկոսային չափով, որը կկազմի հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը: Նախորդ տարիների պարգևատրման ֆոնդերի հատկացման տարբերակված մոտեցումների փոխարեն 2019 թվականի ընթացքում այն կլինի միասնական:

4.3. Իրավաբանական անձանց գործունեության թափանցիկությունը

Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման, նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրման նպատակով մշակվել են օրենքների նախագծեր, որոնցով սահմանվել են իրական սեփականատերերին առնչվող հասկացությունները, իրական սեփականատերերի գրանցման կարգը, ժամկետները, իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Միաժամանակ սահմանվել է, որ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի իրավաբանական անձինք պարտավոր են գրանցել իրենց իրական սեփականատերերին: Միասնական պետական գրանցամատյանում պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց առկա տեղեկությունները հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմների ներդրման նպատակով շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատել օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվության միջոցներին:

 

5. ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻ

 

Քաղաքացի-իշխանություն հարաբերությունների վերաիմաստավորման և փոխվստահության մթնոլորտի հաստատման կարևորագույն քայլերից էր ԱԺ-ի և վարչապետի նստավայրի դարպասների բացումը քաղաքացիների առաջ:

Թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքին հավատարիմ մնալով` Կառավարությունը ձևավորումից հետո չեղարկել է դռնփակ ռեժիմով գործադիրի նիստերի անցկացման որոշումը:

Հայաստանում քաղբանտարկյալներ այլևս չկան:

5.1. Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը

Հայաստանում Կառավարության կողմից մարդասիրական նկատառումներով նախաձեռնվել և իրականացվել է իր ընդգրկումով աննախադեպ համաներում:

Նախաձեռնվել են օրենսդրական մակարդակով բարեփոխել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հետ կապված կարգավորումները, այդ թվում` խափանման միջոցների շարքը համալրել կալանավորմանն այլընտրանք հանդիսացող նոր` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցներով:

2018 թ.-ի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության նվազեցման ուղղությամբ իրականացված ծավալուն բարեփոխումների արդյունքում, ներկայումս գերբնակեցման խնդիր որևէ քրեակատարողական հիմնարկում առկա չէ, բոլոր դատապարտյալներն ու կալանավորված անձինք ապահովված են անհատական քնելատեղերով: 5346 մարդ լրակազմի պարագայում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց քանակը 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ընդամենը 2266 մարդ:

Բարելավվել են կալանքի ենթարկված անձանց պահման պայմանները: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել 12 քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, «Նուբարաշեն», «Սևան», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Գորիս», «Աբովյան», «Արթիկ», «Հրազդան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում:

Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող ծրագրերի շրջանակներում իրականացվել են լայն հանրային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

5.2. Աղքատության հաղթահարումը, սոցիալական աջակցությունը

Կառավարության առաջին քայլերից է եղել կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացված փոփոխությունը, որի շնորհիվ շուրջ 209 հազար քաղաքացու ծախսային բեռն էականորեն նվազել է: Կառավարության նախաձեռնած հարկային բարեփոխումներից հետո ևս շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա:

Բանակցությունների միջոցով հնարավոր է դարձել սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել առնվազն 20-ական տոկոսով, իսկ խմելու ջրի սակագինը չի բարձրացել բոլոր սպառողների համար:

Հաշվետու ժամանակահատվածում ընդունվել է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման օրինագիծ, որը վերաբերում է 2012-2017 թթ. ընթացքում կատարված երթևեկության կանոնների վարչական իրավախախտումներին: Համաներման գումարի ընդհանուր չափը կազմել է շուրջ 13,7 մլրդ դրամ, վարչական պատասխանատվությունից ազատվել է շուրջ 150 հազար քաղաքացի:

ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության շնորհիվ հաջողվեց բարելավել շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը: Համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո 2018 թվականի օգոստոսից սկսած ՀՀ առևտրային բանկերն իրականացրել են ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների ներում, որի շնորհիվ մինչ օրս ներվել են շուրջ 19,000 վարկառուների ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները` շուրջ 9,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

Կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ ՀՀ հիփոթեքային շուկայում իրականացվող վարկավորման ծրագրերում էական բարելավումներ է արել, որոնց արդյունքում ավելացել են հիփոթեքային վարկավորման ծավալները և հիփոթեքային վարկերի հասանելիության մակարդակը:

2018 թ.-ի ընթացքում «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ-ի կողմից հիփոթեքային վարկերի հասանելիության խորացման նպատակով իրականացվեցին ծրագրային վարկերի ընդհանուր պայմանների փոփոխություններ` պարզեցնելով վարկավորման ընդհանուր պայմանները: Նշված փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետներին և չամուսնացած անձանց ձեռք բերել հիփոթեքային վարկեր նորակառույց շենքերում 7,5% կանխավճարով և 35 տարի մարման ժամկետով: Մյուս կողմից, 30 տարեկանից բարձր անձանց (ամուսնացածներ և չամուսնացածներ) համար գործում է կանխավճարի 10% հնարավորություն, եթե դրվում է երկրորդ գույքը որպես գրավ կամ ձեռք է բերվում կանխավճարի ապահովագրություն:

2018 թ.-ի ընթացքում էական բարելավումներ են իրականացվել նաև «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ-ի կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» սոցիալական ծրագրի ներքո, որոնք ուղղված են եղել հիփոթեքային վարկերի մատչելիության բարձրացմանը` ստեղծելով նաև նոր հնարավորություններ նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար: Մասնավորապես, փոփոխվել է ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը` գործող 65 տարվա փոխարեն դառնալով 70 տարի, իսկ վարկավորման տարեկան տոկոսադրույքը երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակարանների դեպքում սահմանվել է առավելագույնը 9,5%` նախկին 10,5%-ի փոխարեն, ընդ որում, տոկոսագումարների սուբսիդավորումից հետո վարկառուների համար առավելագույն տարեկան տոկոսադրույքը Երևանում և ՀՀ մարզերում կազմելու է համապատասխանաբար` 7,5% և 5,5%:

Վարկառուների համար ստեղծվել է նաև նոր հնարավորություն նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար. վարկառուները կարող են ձեռք բերել մինչև 30 մլն դրամ առավելագույն արժեքով բնակարաններ 7,5% տարեկան տոկոսադրույքով (եկամտային հարկի վերադարձման հնարավորությամբ, սա ըստ էության անուղղակի սուբսիդավորում է) և մինչև 30 տարի մարման ժամկետով: Ընդ որում, ծրագրի ներքո ներդրվել է նաև նոր հնարավորություն, և վարկառուները կարող են ստանալ հիփոթեքային վարկեր 10% կանխավճարով, եթե ձեռք են բերում հիփոթեքային պարտավորության ապահովագրություն բնակարանի արժեքի մինչև 20%-ի չափով (իսկ նորակառույց շենքերում` բնակարանի արժեքի մինչև 10%-ի չափով):

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2018 թ. ընթացքում ՀՀ-ում տրամադրված ծրագրային հիփոթեքային վարկերի ծավալը 2017 թ. նկատմամբ աճել է շուրջ 20%-ով, իսկ միջին կշռված տոկոսադրույքները նվազել են` տատանվելով 10,5%-ի շուրջ, նախկին 12,5%-ի փոխարեն: Փոփոխությունների արդյունքներն ավելի ակնհայտ են դարձել 2018 թ.-ի տարեվերջին, հատկապես «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրում իրականացված փոփոխություններից հետո: Մասնավորապես, 2018 թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալն աճել է 41%-ով, դեկտեմբերին` նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ` 85%-ով, իսկ 2019 թ. հունվարին` նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ` 131%-ով: Ընդ որում, նշված ծրագրով վարկավորման միջին կշռված տոկոսադրույքները նվազել են` 2018 թվականի հունվարի 8,7%-ից դառնալով 2019 թվականի հունվարին 7,3%: Սա նշանակում է, որ ՀՀ առևտրային բանկերը փաստացի ավելի ցածր տոկոսադրույքով են տրամադրում վարկերը, որը սուբսիդավորումից հետո կարող է տատանվել 3,0-3,5%, օրինակ` ՀՀ մարզերում:

Շուրջ 20 հազար կենսաթոշակառուների ու 65 հազար նպաստառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու և կենսամակարդակը բարելավելու նպատակով Կառավարությունը 2019 թ. հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը սահմանել է 25500 դրամ (թվարկված անձանց գերակշիռ մասը նախկինում ստացել է 16,000 դրամ): Միևնույն ժամանակ Կառավարությունը նախաձեռնել է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք` նվազագույն կենսաթոշակի չափ, որը 2019 թ. համար ծայրահեղ աղքատության գծի ակնկալվող մակարդակին հավասար սահմանվել է 25500 դրամ:

Ծնելիության խրախուսման նպատակով Կառավարությունը եռապատկել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` այն սահմանելով 150 հազար դրամ:

Կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի աղետի գոտու խնդիրների իրական պատկերի ուսումնասիրությամբ և կներկայացնի համապարփակ լուծումներ:

Տարածքային համաչափ զարգացման և սոցիալական վիճակի բարելավման նպատակով Կառավարությունը 2018 թվականի ընթացքում հավանության է արժանացրել 180 սուբվենցիայի հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 6,832 մլրդ դրամ: Նշված ծրագրերն ուղղված են ասֆալտապատմանը, մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային կենտրոնների, երաժշտական դպրոցների կառուցմանն ու վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի անցկացմանը, փողոցային էներգախնայող լուսավորության անցկացմանը, զբոսայգիների, խաղահրապարակների, հրապարակների, այգիների ստեղծմանն ու բարեկարգմանը, կոմունալ և գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը:

5.3. Առողջապահությունը

Հաշվետու ժամանակահատվածում Կառավարությունը հավատարիմ է մնացել որակյալ, հասանելի և մատչելի առողջապահական ծառայություններ մատուցելու սկզբունքին:

Հարկ է նշել, որ առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտի տնտեսական ակտիվությունը 2018 թվականին 2017 թվականի համեմատ աճել է 25,7%:

Իջեցվել են սրտի ստենտավորման գներն ավելի քան 250,000 դրամով (1,100,000-ից իջել է 850,000 դրամի), ընդ որում, պետական պատվերի շրջանակներում կատարվող միջամտությունների ժամանակ ոչ դեղապատ ստենտը փոխարինվել է դեղապատ ստենտով:

Կառավարության հաստատած ծրագրով շուրջ 230 հազար քաղաքացիներ ստանում են սոցփաթեթին հավասարեցված բուժօգնություն պետպատվերի շրջանակներում, որի մեջ ներառված են նաև սրտի և գլխուղեղի թանկարժեք վիրահատությունները: Վերացվել է չարորակ նորագոյացությունների ժամանակ կատարվող վիրահատությունների համավճարը, որը կփոխհատուցվի պետական բյուջեից:

Վերանորոգվել, սարքավորումներով հագեցվել և շահագործման են հանձնվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնները: Բարձրացվել է առողջության առաջնային պահպանման օղակի շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային 30-40%-ի չափով:

5.4. Կրթությունը և գիտությունը

2018 թվականին մեկնարկել է կրթական-մշակութային «Դպրոցական աբոնեմենտային» ծրագիրը, որը բաղկացած է երեք բաղադրիչներից` այցելություն պատկերասրահ (թանգարան), համերգասրահ, թատրոն, որի նպատակն է աշակերտներին հաղորդակից դարձնել արվեստին, նոր հիմք ստեղծել արժեքային փոփոխությունների համար: Ըստ այդմ, մշակութային հաստատություններին հատկացվող գումարը տարվա կտրվածքով աճել է շուրջ 400 միլիոն դրամով: Մեկնարկել են «Քո արվեստը» դպրոցում, «Դաս Ա» նախագծերը:

2018 թ. հիմնվել է 17 նախակրթարան` շուրջ 425 երեխայի ընդգրկմամբ, այդ թվում` ՀՀ Վայոց ձորում` 3, Լոռիում` 4, Գեղարքունիքում` 1, Երևանում` 9 նախակրթարան: Մարզերում շահագործման է հանձնվել վերակառուցված 5 ավագ դպրոց:

Փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում առցանց դասավանդող ուսուցիչներով համալրման նպատակով, հանրապետության 6 գյուղական դպրոցներում ներդրվել է հեռավար ուսուցման փորձնական ծրագիր:

Ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն քաղաքացիների համար` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագիրը, համաձայն որի վաղ մանկական տարիքի երեխաների կրթության և խնամքի 40 հաստատություն կստեղծվի Հայաստանի գյուղական տարածքներում, որտեղ հնարավոր կլինի ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Շարունակվել է աշխատանքը համընդհանուր ներառման անցնելու ուղղությամբ: Հերթական մարզը, որն անցում է կատարել համընդհանուր ներառական համակարգի, Արմավիրն է: Աշխատանքներ են տարվել Երևանում և մյուս մարզերում համակարգի ներդրման համար:

Պետական բյուջեով տպագրվել և բաշխվել են հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում գործածության համար անվճար տրվող դասագրքերը: Միաժամանակ, սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքի 49 դպրոցի 1-12-րդ դասարանների բոլոր սովորողներն ապահովվել են անվճար դասագրքերով:

Համակարգվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը», և հաստատվել սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի 26 դպրոցների ցանկը: Ներկայումս շինարարություն է ընթանում թվով 6 դպրոցներում:

Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու մասին կարգի պահանջների` պետության կողմից իրականացվել է սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում` 50-100%-ի չափով: 2018 թվականին փոխհատուցում ստացած ուսանողների թիվը կազմել է մոտ 3300, ուսման վարձավճարի փոխհատուցման գումարը` մոտ 700 մլն դրամ:

Ֆինանսավորվել է մի շարք միջազգային գիտական կառույցների կամ համագործակցությունների մասնակցությունը` Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Բարձր էներգիաների ստերեոսկոպիկ համակարգի, Եվրոպական միության հետազոտությունների, գիտության և նորարարության «Հորիզոն-2020» ծրագրին անդամակցությունը:

5.5. Մշակույթ, 5.6. Սպորտ և երիտասարդություն

Կառավարության մշակութային քաղաքականությունը միտված է մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցությունն ապահովելուն, մշակութային միջոցառումների լայն քարոզչություն իրականացնելուն և մշակութային հաստատություններ քաղաքացիների հարաճուն հոսքին նպաստելուն: Իրականացվել են 30 փառատոն և մրցույթ-փառատոն, որից 24-ը` միջազգային, 7 տեսարվեստի ցուցահանդես, 2 մրցանակաբաշխություն:

Կառավարության հետևողական քաղաքականության շնորհիվ այլևս բացառվում են պատմամշակութային որևէ հուշարձան քանդելու դեպքերը:

Միջազգային պայմանագրերի առումով Հայաստանի Հանրապետությունը միացել է «Ստեղծագործ Եվրոպա» համաեվրոպական մշակութային ծրագրին, Երևանում հիմնադրվել է հայ-իտալական Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնը:

Մշակութային խոշոր միջոցառումների շարքում առանձնանում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում իրականացված մշակութային միջոցառումները և «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը:

Կազմակերպվել է «Քո արվեստը դպրոցում» նախագիծ-մրցույթը, ընտրվել է 48 արվեստագետ, որոնք պետք է այցելեն 1400 դպրոց:

Երաժշտական դպրոցների համար ձեռք են բերվել 17 անուն 93 գործիք, «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի 47 դաս-համերգներին մասնակցել է 11617 դպրոցական:

Նախորդ տարվա համեմատ, կես տարվա կտրվածքով, ավելի քան 121 հազարով ավելացել է թանգարանների այցելուների թիվը:

2018 թվականին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել:

Կառավարությունը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել առողջ ապրելակերպի, հանրային կյանքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման խնդիրները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ֆեդերացիաների գործունեությանն աջակցելու հարցերը: 2018 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին ամբողջապես ավարտվել են Վաղարշապատ քաղաքի նոր մարզադպրոցի, Սպանդարյան գյուղի համայնքային մարզադաշտի, Չարենցավանի մարզադպրոցի կառուցման աշխատանքները:

Պետական աջակցություն ստացող 34 ազգային ֆեդերացիաներ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 1 139 967 200 դրամ գումարով կազմակերպել և անցկացրել են 137 ուսումնամարզական հավաք, 96 առաջնություն, մասնակցել են տարիքային տարբեր խմբերի 185 միջազգային մրցաշարերի, այդ թվում` Եվրոպայի և աշխարհի առաջնությունների: Տարիքային տարբեր խմբերի (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) Եվրոպայի և աշխարհի առաջնություններում և Բուենոս Այրեսի երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերում 2018 թվականին Հայաստանի հավաքական թիմերի մարզիկները նվաճել են 203 մեդալ, որից 71 ոսկե, 57 արծաթե և 75 բրոնզե: Պետական բյուջեով վերոնշյալ ծրագրի համար գումարն ավելացվել է մոտ 228 միլիոն դրամով և կազմել 1 367 960 900 դրամ, ինչը պայմանավորված է 2019 թվականը նախաօլիմպիական տարի լինելու հանգամանքով:

2018 թվականի ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և պատանեկան օլիմպիական խաղերում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին և բժիշկներին ընդհանուր առմամբ 436 անվանակարգով հատկացվել է 155 750 000 դրամ գումար: Մրցանակակիր մարզիկները նվաճել են 105 մեդալ, որից 27 ոսկե, 29 արծաթե և 49 բրոնզե:

Անվանական թոշակ ծրագրի շրջանակում, որի գումարը 2018 թվականին կազմել է 197 885 000 դրամ, անվանական թոշակ են ստացել 184 հոգի, որից 112 մարզիչ և 72 մարզիկ:

Երևանում 2018 թ. սեպտեմբերի 9-14-ն անցկացվել է ուշուի Եվրոպայի գավաթի առաջնությունը, որին մասնակցել են 13 պետություններ, հոկտեմբերի 9-14-ը` գեղասահքի պատանիների «Գրան Պրի» մրցաշարը, որին մասնակցել է 31 պետություն, իսկ դեկտեմբերի 13-18-ը` Արևելաեվրոպական երկրների մինչև 15 տարեկան պատանիների վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել է 9 պետություն: Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության ոլորտում 2018 թվականին իրականացվել են թվով 12 մասսայական մարզական միջոցառումներ, որոնց մասնակցել է ավելի քան 86 հազար մարդ:

Երիտասարդական ծրագրերի շրջանակում 2018 թվականի ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, այդ թվում`

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ» ամենամյա ծրագիրը, որի նպատակն է եղել զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդների ներգրավումը ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանումը, և «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագիրը, որի նպատակն է եղել խթանել հանրային կյանքին երիտասարդների մասնակցությունը:

5.7. Շրջակա միջավայր

Շրջակա միջավայրի քաղաքականության իրականացման` կառավարության հիմնական սկզբունքներն են եղել շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը` հավասարակշռելով այն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ: Ավելի քան 6000 քաղաքացիների և տնտեսավարողների համար էականորեն բարելավվել են բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների և եզրակացությունների տրամադրման ժամկետները և ընթացակարգերը:

Առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է ընդերքօգտագործման թափոններով զբաղեցված 44 լքված/տիրազուրկ տարածքների և 5 փակված պոչամբարների տեղեկատվական բազա: Արարատ համայնքի աղբավայրում ստեղծվել են կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքներ:

2018 թ. ընթացքում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր 53 փհէկ-երում:

Վերանայվել են բնության հատուկ պահպանվող տարածքներում հողերի վարձակալության սկզբունքները, ուսումնասիրություններ են կատարվել գործող վարձակալական տարածքների վերաբերյալ:

Նախնական տվյալներով Սևան ազգային պարկի վարձակալներից 25-ը օգտագործել է 20,8 հա ավելի տարածք, 165 վարձակալներ կա՛մ չեն գրանցել իրենց պայմանագրերը, կա՛մ ունեն պետական գրանցման հետ կապված թերացումներ` 231,8 հա տարածքի համար, իսկ 205 տնտեսավարողներ վարձակալական պայմանագրեր ընդհանրապես չունեն 254,2 հա տարածքի համար: Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար:

 

6. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

2018 թ. համախառն ներքին արդյունքը գրանցել է 5,2% աճ: 2018 թ. 2-րդ կիսամյակում մշակող արդյունաբերության աճն 1-ին կիսամյակի համեմատ արագացել է` կազմելով 10,8%:

2018 թ. ներմուծումը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 866 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, դրա ավելի քան 33%-ը (288 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար) ձևավորվել է կապիտալ ապրանքների ներմուծման աճի հաշվին:

6.1. Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ

Հաշվետու ժամանակահատվածում ապրանքային մի շարք կարևոր շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսավարողների թիվը: Դրա շնորհիվ նվազել են «մենաշնորհային համարվող» ապրանքային շուկաների կենտրոնացվածության աստիճանները:

2018 թ. տարեվերջին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսավարող, բանանի շուկայինը` 28, բենզինինը` 6, ցորենինը` 84, ալյուրինը` 171 և այլն: Ընդ որում, այս ամենի շնորհիվ նվազել են այդ շուկաներում խոշոր տնտեսավարողների տեսակարար կշիռները:

2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ 5 տոնավաճառներում մինչև 20%-ով նվազեցվել են տաղավարների վարձակալության արժեքները. դրա մասին տնտեսավարողները համապատասխան հայտարարություններ են տարածել:

Ներմուծման ժամանակ գործարքի գնի մեթոդը դարձել է մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսազերծման գերակշռող մեթոդը: Վերացել է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ժամանակ մաքսային սահմանին համապատասխանության գնահատման փաստաթուղթ ներկայացնելու և լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պահանջը, որը տեղափոխվել է շուկայահանման փուլ:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2019
N 141-Ա
Որոշում