Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 581-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2019 թվականի N 141-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 581-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

6.2. Պայքար ստվերի դեմ, պետական եկամուտների ավելացում

Աշխատանքներ են տարվել հարկային բացի (tax gap), հարկային պոտենցիալի և հարկային վարչարարության արդյունավետության գնահատման, ԱԱՀ-ի և այլ հարկային եկամուտների բազայի, հարկային բազայի կառուցվածքային փոփոխությունների` Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վրա ազդեցությունը գնահատելու ուղղությամբ:

Ռիսկը բնութագրող նոր չափանիշների ներառմամբ վերանայվել են ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ կառավարման համակարգի ռիսկային չափանիշները:

2018 թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ իրականացվել է 16,2%-ով ավելի պակաս քանակությամբ համալիր ստուգում, սակայն դրա արդյունքում արձանագրվել է 32,6 մլրդ լրացուցիչ պարտավորություն, որը նախորդ տարվա նկատմամբ ավել է 87,5%-ով:

Անցկացվել են աշխատանքային 11 հանդիպումներ տարբեր ոլորտներում` կաթնամթերքի, մսամթերքի, թռչնամսի, ձվի արտադրության, հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտների շահագործման գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ, որոնց ընթացքում կարևորվել են տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը, գործարքների ամբողջական փաստաթղթավորումը, ՀԴՄ շահագործման կանոնների պահպանումը:

Առանձնապես կարևորվում է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների համատարած կիրառումը: Այն հնարավորություն է տալիս ապահովելու հարկ վճարողի յուրաքանչյուր գործարքի մանրամասն տեղեկատվության իրական ժամանակում հասանելիությունը հարկային մարմնի տեղեկատվական համակարգին, վերլուծական գործիքակազմի կիրառմամբ իրականացնելու թիրախավորված վարչարարություն: Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ հնարավորություն է ընձեռվում առանց լրացուցիչ սարքերի կիրառման վճարումներն ընդունել պլաստիկ քարտերի միջոցով, որը նպաստում է անկանխիկ շրջանառությունների ծավալի մեծացմանը և զգալիորեն նվազեցնում շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թ. հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ կիրառելը նաև պարտադիր է փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների համար, ինչպես նաև ՀԴՄ-ների ձեռքբերման առումով առկա խնդիրները, փոքր բիզնեսի համար վերանայվել է ՀԴՄ-ի իրացման գինը` 160,000 դրամի փոխարեն սահմանվել է 60,000 դրամ: Վերոնշյալ հարկ վճարողները կարող են օգտվել նաև 2 տարվա ընթացքում ամսական համամասնությամբ տարաժամկետ վճարումներ կատարելու հնարավորությունից: Սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին դրանք տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով:

6.3. Տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում

Հաշվետու ժամանակահատվածում հավանության է արժանացել 16 ծրագիր ԱԱՀ-ի հետաձգման և 34 ծրագիր մաքսատուրքի ազատման մասով: Հավանության արժանացած ծրագրերի շրջանակում նախատեսված է ստեղծել 2763 աշխատատեղեր, որոնցից 1604-ն արդեն իսկ ստեղծված է:

Փոքր և միջին բիզնեսը ներկայացնող բազմաթիվ կազմակերպությունների համար հնարավորություն է ստեղծվել ներկայանալու սննդի, գինու, հագուստի, կաշվե իրերի միջազգային խոշոր ցուցահանդեսներում (Ֆրանսիա, Ճապոնիա, Ռուսաստան), գտնել իրենց պոտենցիալ գործընկերներին և զարգացնել արտահանման շուկաներում առաջխաղացման հնարավորությունները:

Ֆորմալ ոչ պետական աշխատատեղերի քանակն ավելացել է 37 հազարով, որը համարժեք է 12 տոկոս աճին: Ֆորմալ աշխատավարձի ֆոնդը աճել է 110 մլրդ դրամով, ընդ որում, նախնական գնահատականներով, մոտ 80 մլրդ դրամը` լրացուցիչ աշխատողների հաշվին, իսկ մոտ 30 մլրդ դրամը` աշխատավարձի աճի հաշվին:

Ներդրումային համաժողովներ են եղել Լոռու և Տավուշի մարզերում, որոնց նպատակը մարզերում ներդրումները խթանելն է: Նմանատիպ համաժողովներ անցկացվելու են նաև ապագայում:

6.4. Տնտեսական զարգացման առաջնահերթություններ

6.4.1. Առաջնահերթություն N 1. Բարձր տեխնոլոգիաներ

«Ինժեներական քաղաքի» ստեղծման նպատակով Երևանում գտնվող 3 հեկտար հողատարածքի սեփականության իրավունքի փոխանցման կարգավորումն ավարտական փուլում է:

Կարևորելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում շուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման և վերապատրաստման առկա խնդիրները` համատեղ աշխատանքներ են իրականացվում Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, ANEL ինժեներական լաբորատորիայի հետ` կազմակերպելով մասնագիտական դասընթացներ դպրոցականների և ուսանողների համար:

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնների մոդելով, ՀՕՖ-ի աջակցությամբ, Իջևանում, Գավառում և Եղեգնաձորում մեկնարկել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագիրը, որի նպատակն է ձևավորել և բարձրացնել ոլորտի մասնագիտական ներուժը մարզերում:

6.4.2. Առաջնահերթություն N 2. Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով, ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, տրամադրվել են մինչև 1 մլրդ դրամ գումարով և մեկ տարի ժամկետով` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով վարկեր:

2018 թ. օգտվել են 31 տնտեսավարողներ, շուրջ 5,8 մլրդ դրամի չափով, սուբսիդավորման գումարը կազմել է 150,8 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 7553 հատ բերքի գնման պայմանագրեր:

2018 թ. մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է ընդամենը մթերման ընդհանուր արժեքի 0,7%-ը: Ի համեմատություն` 2017 թվականին` 5,9%, 2016 թվականին` 9,2%:

2018 թ. մթերվել է շուրջ 188,7 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող (28,0 մլրդ. դրամի):

2017 թ. մթերվել է շուրջ 180,7 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող (23,3 մլրդ. դրամի):

2018 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 163,7 հազար տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, ինչը 35,5%-ով գերազանցում է 2017 թվականի նույն ցուցանիշը: Ընդհանուր ագրոպարենային արտադրանքի արտահանումը 2018 թվականին աճել է մոտ 8%-ով: 2018 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է ընդամենը մթերման ընդհանուր արժեքի ընդամենը 0,7%-ը, այն դեպքում, երբ 2017 թվականին այն կազմում էր 5,9%, իսկ 2016 թվականին` 9,2%: 2018 թվականին մթերվել է շուրջ 188 հազար տոննա պտուղբանջարեղեն, ինչը մոտ 5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով տրամադրվել են սարքավորումներ, որոնց մինչև 7 տոկոսը սուբսիդավորում է պետությունը: Իրականացվել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության սուբսիդավորում. գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը տրամադրվել է տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով:

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար, որպես պետական աջակցություն, անհատույց տրամադրվել է յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 հազար դրամ:

ՀՀ պետական բյուջեի հաշվին սուբսիդավորվել են կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանն ուղղված վարկերի տոկոսադրույքները` մինչև 12 տոկոսային կետով: Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվել են ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսները: Խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տնտեսավարողներին տրամադրվել են վարկեր` տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորմամբ, որի շնորհիվ վարկը տնտեսավարողին հասել է 2% տոկոսադրույքով:

2018 թ. համար տրամադրվել է 315,5 մլն դրամի վարկ (պետության սուբսիդիան կազմել է 5,885 մլն դրամ)` 146 հա կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար:

2018 թ. ծրագրի շրջանակներում տրամադրվել է 540 մլն դրամ վարկ` ընդհանուր հաշվով 16,5 հա ինտենսիվ այգու հիմնման համար: Վերոնշյալ վարկի համար 2018 թ. տրամադրվել է 2330,1 հազ. դրամ սուբսիդիա:

Ծրագրի շրջանակներում 2018 թ. տրամադրվել է 300 մլն դրամ վարկ` ընդհանուր հաշվով 86,9 հա պտղատու այգիների վրա կարկտապաշտպան ցանց կառուցելու նպատակով: Վերոնշյալ վարկի համար 2018 թ. տրամադրվել է 1492,7 հազ. դրամ սուբսիդիա:

ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում մատակարարվել է գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը տրամադրվում է 2 տոկոս տոկոսադրույքով:

2018 թ. ծրագրի շրջանակներում տրամադրվել է ընդհանուր առմամբ 220 միավոր գյուղատնտեսական տեխնիկա` 133 լիզինգառուի (շահառուի), այդ թվում 114 միավոր տրակտոր, 1 միավոր կարտոֆիլահավաք կոմբայն և 105 միավոր այլ գյուղտեխնիկա: Լիզինգի գումարը կազմել է 881,6 մլն դրամ, սուբսիդավորված գումարը` 67,7 մլն դրամ:

Այլ ծրագրի շրջանակներում 2018 թվականին տրամադրել ենք ևս 67 միավոր գյուղտեխնիկա, որից 17 միավոր տրակտոր` շուրջ 198 մլն դրամի:

6.4.3. Առաջնահերթություն N 3. Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում 2018 թ. ընթացքում 2017 թ. համեմատ աճել է 10,5%-ով, ընդ որում` միայն 2018 թ. չորրորդ եռամսյակում Հայաստան այցելությունների թիվը կազմել է 376 573, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 16,8%-ով:

Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության ավելացման ուղղությամբ միջազգային զբոսաշրջային տարբեր ցուցահանդեսներում տեղական զբոսաշրջային կազմակերպությունների համագործակցությամբ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջային հնարավորությունները:

Տուրիստական գրավչությունը և տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով իրականացվել են մարզային մի շարք փառատոններ, իրականացվել են զբոսաշրջային տարբեր արդյունքների մշակման աշխատանքներ, ինչպիսիք են` ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տուրիստական կենտրոնի կառուցման աշխատանքները, «Գինու զբոսաշրջություն» բրոշյուրի և տեսահոլովակի պատրաստումը, «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» երթուղիների մշակումը:

Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով մեկնարկել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նշանների տարատեղման սխեմաների պատրաստումը: Տեղադրվել են 3500 ճանապարհային նշաններ:

Զբոսաշրջային վայրերի և հուշարձանների հասանելիությունը բարձրացնելու նպատակով իրականացվել են ճանապարհների վերականգնման աշխատանքներ (դեպի Գառնի, Տաթև, Կումայրի պատմական կենտրոնի տարածքում), լրացվել են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները:

Զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով աշխատանքներ են սկսվել ԱԳԼՃԿ-ներում գործող հասարակական զուգարանների վիճակի բարելավման, բարեկարգման և դրանց տեղակայման վայրերում ցուցանակների տեղադրման ուղղությամբ:

6.5. Տնտեսական այլ ուղղություններ Էներգետիկա

Հաշվետու ժամանակահատվածում ստորագրվել է Գեղարքունիքի մարզում 55 Մվտ դրվածքային հզորության արևային էլեկտրակայանի ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման աշխատանքներին Կառավարության աջակցության մասին համաձայնագիրը: Այն տարածաշրջանում կլինի ամենամեծ հզորություն ունեցող ֆոտովոլտային էլեկտրակայանը` ամենացածր սակագնով: Աշնանը «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ն (կառուցապատող) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան:

Կառավարությունը հավանություն է տվել Երևանի տարածքում 250 ՄՎտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին: Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ. նոյեմբերի 13-ին: Դրա շնորհիվ 6,02 ցենտ ԱՄՆ դոլար/Կվտժ սակագինը նվազել է մինչև 5,7 ցենտ ԱՄՆ դոլար/Կվտժ: Դրա շնորհիվ, էլեկտրաէներգետիկական համակարգում տարեկան խնայողությունը կկազմի շուրջ 6,4 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման համար ներդրումները կկազմեն շուրջ 250 մլն դոլար:

Հաշվետու տարում 6 փոքր ՀԷԿ-եր գումարային 16,5 ՄՎտ հզորությամբ սկսել են արտադրել էլեկտրաէներգիա:

Ստեղծվել են հնարավորություններ խոշոր սպառում ունեցող ինքնավար էներգաարտադրողների համար` մինչև 150 կՎտ սահմանաչափը 500 կՎտ-ի բարձրացվելու համար:

100 ՄՎտ գումարային հզորության ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ ներկայում գործող արևային ֆոտովոլտային կայանների համար սահմանվել է 23,68 դրամ/կՎտժ սակագին նախկինում գործող 42,68 դրամ/կՎտժ-ի փոխարեն, 7 կազմակերպություն, գումարային մոտ 31,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ, արդեն լիցենզավորվել է: Միևնույն ժամանակ, 10 ՄՎտ գումարային հզորության շրջանակներում մինչև 1 ՄՎտ հզորության ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով 12 կազմակերպություն լիցենզավորվել է, 9-ը գործարկվել է:

Ջրային ոլորտ

«Վեոլիա Ջուր» ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրի համաձայն` սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մատուցվող ծառայությունների սակագինը 2019 թ. հունվարի 1-ից պետք է ավելանար 22,27 դրամ/խմ-ով: Ընկերության հետ բանակցություններից հետո 2018 թ. նոյեմբերի 26-ին ստորագրվել է համաձայնագիր, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել ջրի գործող սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

2018 թ. ընթացքում կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և ոռոգման խողովակաշարեր, ջրանցքներ և ջրատարներ: ՀՀ մարզերի 11 քաղաքներում և 41 գյուղերում վերակառուցվել են շուրջ 555,0 կմ նոր ջրագծեր, 36,5 կմ կոյուղագծեր, տեղադրվել են 27400 հատ անհատական տների ջրաչափական հորեր: Երևանում իրականացվել են բաշխիչ ցանցերի տեխնիկական բարելավման աշխատանքներ` 73 կմ նոր ջրագծերի և 58 կմ մուտքագծերի կառուցում, 8558 հատ ջրաչափական հորերի տեղադրում:

Հանքարդյունաբերություն, բնական պաշարներ

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում` հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ տարեկան ազգային զեկույցը կազմվել և հրապարակվել է ԱՃԹՆ կայքում, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում հրապարակվել են նաև մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը:

Մշակվել է Հայաստանում մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտող օրենսդրական նախագծերի փաթեթը:

Ոլորտի թափանցիկությունը բարձրացնելու, տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու և ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով շարունակվել են օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների նոր կազմված անձնագրերի թվայնացման աշխատանքները: Թվայնացված տեղեկատվությունը տեղադրվել է Հանրապետական երկրաբանական ֆոնդի կայքում:

Ճանապարհներ, տրանսպորտ

«Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում բարձրացվել են շինարարական աշխատանքների որակի նկատմամբ պահանջները և վերահսկողությունը, արդյունավետ կառավարման շնորհիվ եռապատկվել են Թալին-Գյումրի հատվածի իրականացման ծավալները: Ավարտվել է Սիսիան-Քաջարան հատվածի նախագիծը, որը դիտարկվում է իրականացնել փուլային:

Ճանապարհների որակի հետևողական բարձրացման նպատակով ավարտվել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի առաջին 38 կմ հատվածի կառուցման աշխատանքները, և մեկնարկել է մնացած 51 կմ-ի շինարարությունը:

Մեկնարկել է կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգման նոր ծրագիր, որը թույլ կտա ապահովել համայնքները միջպետական ճանապարհներին և մարզկենտրոններին կապելու և բարձր որակի ճանապարհներ ունենալու` Կառավարության քաղաքականությունը:

Ճանապարհների հիմնանորոգման շրջանակներում արդար և թափանցիկ մրցույթների իրականացման շնորհիվ տնտեսվել են ֆինանսական միջոցներ, որոնց մի մասն ուղղվել է ճանապարհների հիմնանորոգմանը, ինչպես նաև պետական բյուջե է վերադարձվել շուրջ 1,7 մլրդ դրամ: Արդյունքը` հիմնանորոգվել է 126 կմ ճանապարհ` նախանշված 87 կմ-ի փոխարեն:

Ներդրվել է կապալառու կազմակերպությունների գնահատման համակարգ: Որի նպատակն է` ճանապարհաշինության ոլորտում շինարարական աշխատանքների որակի բարձրացումը, ժամկետների վերահսկումը, հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանց նվազեցումը: Գնահատվել են թե՛ ընթացիկ պահպանություն իրականացնող և թե՛ հիմնանորոգման ծրագրեր իրականացնող կազմակերպությունները: Այս համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս արդյունավետ պլանավորելու, կառավարելու և իրականացնելու տվյալ ոլորտի բյուջետային գործընթացները, որոնք հնարավորություն կտան կրճատելու ժամկետները և ծախսերը:

Ճանապարհաշինության ոլորտում վերահսկողության արդյունավետ համակարգի ներդրման միջոցով արձանագրվել են անորակ իրականացված աշխատանքներ, որոնք չեն ընդունվել և ենթակա են վերակատարման` ընդհանուր 674 մլն դրամի չափով: Դրանց մի մասն արդեն վերակատարվել է համապատասխան կապալառու կազմակերպությունների կողմից, մնացածի մասով հետևողական աշխատանքներ են տարվում պահանջված որակով ավարտին հասցնելու համար:

Հանրապետությունում սկսել է ներդրվել տրանսպորտային երթուղու միասնական ցանց, որի շրջանակներում հավաքագրվել են անհրաժեշտ ելակետային տվյալներ, քարտեզագրվել է գործող երթուղային ցանցը: Իրականացվում են միջմարզային և ներմարզային երթուղային ցանցի մոդելավորման, օպտիմալ երթուղիների մշակման և դրանց շահագործման գործընթացի վերահսկողության ծրագրային համակարգի ներդրման աշխատանքները:

Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում սպասարկման որակը, անվտանգությունը և վերահսկողության մակարդակը բարձրացնելու նպատակով ձևավորվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր ուղևորափոխադրումների 30 ավտոբուսային նոր երթուղիներ:

Ավիաընկերությունների համար դեպի ՀՀ և ՀՀ-ից չվերթերի իրականացման համար հայտեր ներկայացնելու ընթացակարգի պարզեցման, մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք ներդրման և գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ներդրվել է տեղական և օտարերկրյա ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումներ իրականացնելու թույլտվությունների ստացման առցանց համակարգ:

 

7. ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐ

 

Հաշվետու ժամանակահատվածում տարբեր ձևաչափերով Կառավարությունը սիրիահայերին ցուցաբերել է աջակցություն` բնակարանային, զբաղվածության, ուսման վարձավճարների փոխհատուցման, առողջապահական խնդիրների լուծման նպատակով:

Կառավարությունը կազմակերպել է «ՆերՈւժ» երիտասարդների ստարտափ ծրագիրը, որի նպատակն է` նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը` հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով, աջակցել Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրականացմանը, սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնել, խթանել հայրենադարձությունը:

Կառավարությունն աջակցություն է ցուցաբերել սփյուռքում գործող կրթական հաստատություններին` անհրաժեշտ ուսումնական գրականությամբ և օժանդակ նյութերով, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներով:

Կառավարությունը, միավորելով նախարարության «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, նախաձեռնել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որն իրականացվել է 4 փուլով: Ծրագրին մասնակցել է 400 սփյուռքահայ` աշխարհի 24 երկրից:

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման համար էական նշանակություն է ունեցել նաև այն փաստը, որ ՀՀ վարչապետի օտարերկրյա պետություններ այցերի օրակարգում առաջնային են եղել հայ համայնքի առավել լայն շրջանակների հետ հանդիպումները: Բազմաթիվ հանդիպումների ընթացքում մշտապես ծավալվել են սփյուռքի հարցերին վերաբերող անկաշկանդ և գործնական քննարկումներ, բացահայտվել են խնդիրներ, տրվել են լուծումներ, ձևավորվել օրակարգեր:

 

***

 

Կառավարությունը ստանձնել և հաջողությամբ իրագործել է խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցում կատարելու և նոր համակարգի հիմքերը ձևավորելու առաքելությունը: Անցումային փուլում Կառավարությունն ապահովել է պետական կառույցների բնականոն և անխափան գործունեությունը արտաքին և ներքին անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, ֆինանսատնտեսական, հարկաբյուջետային, սոցիալական և մյուս ոլորտներում: Այս գործընթացում Հայաստանը զերծ է մնացել ցնցումներից, ստեղծվել են անհրաժեշտ բոլոր նախադրյալները թռիչքաձև զարգացում ապահովելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2019
N 141-Ա
Որոշում